
«ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ Է»
- Տոն, ցնծություն, հաղթանակած ժողովրդի աննկարագրելի ոգեւորություն եւ հզոր էներգետիկա... Այս մթնոլորտն էր երեկ թեւածում Մատենադարանի բազմահազարանոց հրապարակում: Մեկ տարի եւ չորս ամիս պայքարած հասարակությունը վերադարձրեց բանտերում պահվող քաղբանտարկյալներին, եւ երեկ կրկին անգամ ապացուցվեց, որ այս պայքարը հասնելու է իր առջեւ դրած բոլոր նպատակներին, եւ որ այս պայքարում որեւէ մեկը չի կասկածում հաղթանակին:

Հայ Ազգային Կոնգրեսի երեկ հրավիրված բազմահազարանոց հանրահավաքը ինչպես եւ վաղօրոք էր հայտարարված` ազատ արձակված քաղբանտարկյալներինն էր, ովքեր իրենց ելույթներում միաբերան կրկնում էին` անելու են ամեն հնարավորը իրենց քաղբանտարկյալ ընկերներին օր առաջ ազատության մեջ տեսնելու համար: Աշոտ Զաքարյանը ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով «ազատատենչ ժողովրդին»` ասաց. «Թող ոչ մեկը չկասկածի` սա իսկապես ազգային-ազատագրական պայքար է, որովհետեւ միայն այս պայքարի արդյունքում է, որ մենք ազատագրվելու ենք մի այնպիսի ստրկությունից, ինչպիսին մեր ժողովուրդը չի տեսել իր ողջ պատմության ընթացքում: Մեր պայքարը ոչ թե հանուն իշխանության է, այլ հանուն քաղաքացու, հանուն մեր ազատությունների, հանուն ՀՀ անվտանգության, հանուն մեր պետականության»: Նա վստահեցրեց, որ համաներումը ոչ իշխանությունների բարի կամքի դրսեւորման, ոչ էլ Եվրոպայի ճնշման արդյունքն էր. «Համաներումը միմիայն մեր ժողովրդի հետեւողական պայքարի արդյունքն էր: Սա մեր հաղթանակն է, համաժողովրդական պայքարի հաղթանակն է»: Պետրոս Մակեյանը իր ելույթում քաղբանտարկյալների ազատությունը պայմանավորեց միմիայն հասարակության հետեւողական պայքարով. «Ով կարող է հավատալ, որ ընտրությունները կեղծելով, Երեւանի կենտրոնում մարդկանց գնդակահարելով, հազարավոր մարդկանց հալածելով, հարյուրավոր մարդկանց բանտերում փակելով, առանց որեւէ հիմնավորման եւ որեւէ ապացույցի բանտերում պահելուց հետո համաներում հայտարարել, այնուհետեւ դա բարի կամքի դրսեւորում հայտարարել: Սա սովորական տեռորիստական բանդայի գործելաոճ է», - ասաց նա: «Դուք հավատո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մարդասիրական քայլ կատարեն, երբ նրանց իշխանության օրոք եղել է հոկտեմբերի 27, մարտի 1-ի սպանդ, մի քանի տասնյակ պետական եւ քաղաքական գործիչների սպանություն, երբ այս իշխանությունը մինչեւ կոկորդը թաղված է մարդկային արյան մեջ: Ի՞նչ մարդասիրական քայլ կարող են կատարել սրանք...»: Դավիթ Մաթեւոսյանն իր ելույթում նախեւառաջ շնորհակալություն հայտնեց ժողովրդին ամիսներ շարունակ ամենօրյա պայքարի համար, ապա նշեց. «Ռեժիմի կողմից ձեզ պատճառած զրկանքները, մեզ պատանդի կարգավիճակում պահելը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ` ձանձրացնել բոլորիս եւ հեռու պահել Շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Սխալվում են, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն եզակի գործիչն է, որը մշտապես ձեւակերպել է մեր ժողովրդի մտավոր եւ ֆիզիկական բարօրության տանող, ճանապարհ ցույց տվող հստակ մտքեր ու գաղափարներ եւ հետամուտ է եղել դրանց իրականացմանը: Այդ մտքերի ու գաղափարների ընկալումն էլ հենց հանդիսանում է մեզ կապակցող ուժը, որին ոչ մի անազատություն, ոչ մի զրկանք չի կարող խզել»: Դ.Մաթեւոսյանը ողջունեց Նիկոլ Փաշինյանի վերադարձը, իսկ Մատենադարանը մի քանի րոպե վանկարկում էր` «Նիկոլ, Նիկոլ...»: «Թեեւ նա անազատության մեջ է, բայց ավելի ապահով է եւ պայքարին ավելի մոտ, քան ընդհատակում: Վստահեցնում եմ ձեզ, որ բանտից ազատված եւ դեռեւս պահվող քաղբանտարկյալները ոչ միայն չեն կոտրվել, ոչ միայն չեն ընկրկել, այլեւ ավելի են լցվել մի վճռականությամբ, որով հաղթանակի ենք հասցնելու այս պայքարը: Հավատացած եղեք` այս պայքարի մասնակիցները հանդիսանալու են պատմության կերտողներ, իսկ խոչընդոտողները` հայտնվելու են պատմության աղբանոցում»: Մյասնիկ Մալխասյանը ելույթը այսպես սկսեց. «Ողջույն ազատատենչ հայ ժողովրդին: Ես ինձ հետ բերել եմ այսօր դեռ բանտերում պահվող իմ եւ մեր բոլորի սիրված ընկերների շունչն ու ողջույնները: Սասուն Միքայելյանի ողջույնները ձեզ, Մուշեղ Սաղաթելյանի, Սափեյան եղբայրների, Ուռուտյան Հարութի, Աշոտ Մանուկյանի եւ մեր բոլոր մնացած ընկերների ողջույնները ձեզ: Եվ նրանց բոլոր ողջույններին միանում են նաեւ Նիկոլ Փաշինյանի ողջույնները: Սիրելի ժողովուրդ, բանտ նստեցնելով` ոչ ոք չի կարող ընկճել մեր ժողովրդի ոգին: Այն ժողովուրդը, որը ելել է պայքարի հանուն իր ազատության, հանուն ժողովրդավարության, հանուն արժանապատիվ ապրելու, նա անպայման հասնելու է իր նպատակին», - ասաց Մ.Մալխասյանը, ում ելույթը պարբերաբար ընդհատվում էր տեւական ծափերով եւ վանկարկումներով: Նա համոզված է, որ պայքարի շնորհիվ շուտով ազատության մեջ կհայտնվեն մնացած բոլոր քաղբանտարկյալները, իսկ իշխանությունների բիրտ վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ խայտառակ ու ամոթալի դրսեւորումներ ունեցավ. «Անգամ մեր հակառակորդ ադրբեջանցիները կերազեին, որ մի օր բանտարկված տեսնեին արցախյան ազատամարտի մասնակիցներին, արցախյան ազատամարտի լեգենդար մարտիկներին, որը կատարվեց մեր իշխանությունների ձեռքով: Սա ամենա, ամենաամոթալի արարքն էր, որ մեր պատմության էջերից չի ջնջվելու», - ասաց Մ.Մալխասյանը: Բայց ամենախայտառակ եւ ամենաամոթալի պատմությունը, ըստ Մ.Մալխասյանի, դա այն էր, երբ սեփական ժողովրդին գնդակահարելով Երեւանի փողոցներում մարտի 1-ին` իշխանությունները անամոթաբար դրանով չբավարարվեցին. «Գնացին ավելի հեռու, ավելի ստոր արարքի` փորձելով այդ ոճրագործությունը բարդել մեր ժողովրդի լավագույն զավակների վրա»: Սմբատ Այվազյանը իր ելույթում նշեց. «Այսօրվա մեր թշնամին, որ ամոթ էլ ա դրանց թշնամի ասել, որովհետեւ մանրուք են դրանք, որ այնքան փոքր են, որ ես իրենց թշնամի էլ չեմ համարում, հանցագործ ռեժիմի կամակատարները չկարողացան տարիուկեսում մեզ կոտրել, ձեռք են բարձրացնում մեր երեխաների վրա: Ամնիստիայի մասին` իմացեք, մեզ ազատ արձակելով հարցը ոչ թե փակվեց, այլ ընդհակառակը` նոր բացվեց: Ես սպասում եմ պատասխանի ձեր արարքների դիմաց եւ հաստատ ստանալու եմ այդ պատասխանները` եւ որպես ազատամարտիկ, եւ որպես քաղաքական այր, եւ որպես քաղաքացի», - հայտարարեց Ս.Այվազյանը: Նա նշեց, որ դա ոչ թե անձնական վիրավորանքների կամ վրեժխնդրության դրսեւորում է, այլ միայն արդարության հաստատման ձգտում: «Այսօր ես առավել քան վստահ եմ, որ թիկունքում այսպիսի ժողովուրդ ունենալով` կարելի է սարեր շրջել, եւ այս ժողովրդի ազատության պայքարը պարտավոր ենք հասցնել հաղթական ավարտի: Բանտային մեկուկես տարին նաեւ արժեքների վերագնահատման ժամանակ էր, եւ վերագնահատված արժեքների ցանկում ինձ համար` ազատությունը, մարդու ազատությունը, կամքի ազատության դրսեւորումը, ժողովրդի ազատությունը բարձրագույն արժեքներ են», - ասաց Ս.Այվազյանը: Սուրեն Սիրունյանը իր ելույթում եւս շնորհակալություն հայտնեց հասարակությանը տեւական պայքարի համար. «Ոչ մի համաներում չէր կարող ինձ եւ իմ ընկերներին պարգեւել ազատություն, եթե չլինեիք դուք: Ես ձեզ խոսք եմ տալիս, որ ես` իմ ընկերների հետ միասին, փետրվարի ընտրություններում հաղթած հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին, ձեզ հետ միասին Հայաստանում վերականգնելու ենք սահմանադրական կարգուկանոնը, եւ մեր ընկերները, ովքեր գտնվում են անազատության մեջ հայտնվելու են այս հարթակում»: 2008թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նախ նշեց, որ հանրահավաքի մասնակիցներից յուրաքանչյուրին առանձին-առանձին շնորհակալություն է հայտնում այն ամենի համար, որ հասարակությունը արել է` արագացնելու համար քաղբանտարկյալների ազատագրումը. «Այսօր մենք պետք է որ ուրախանայինք, քանի որ նորից միասին ենք եւ շարունակելու ենք մեր պայքարը, բայց այս ուրախությունը չի կարող լիարժեք լինել երկու պատճառով, նախ, որ մեզ ազատել են, այսպես կոչված, համաներում շնորհելով: Մարդկանց, որոնք ուղղակի պայքարի են ելել իրենց իրավունքների համար` հանցագործ ռեժիմը պարգեւել է համաներում: Մենք պայքարելու ենք մեր բոլոր իրավունքների վերականգնման եւ արդարացման համար: Եվ երկրորդը, որ մթագնում է մեր այսօրվա ուրախությունը, դա այն է, որ մեր եղբայրները շարունակում են մնալ բանտերում: Եվ գիտեք, միշտ ասվում է այս օրերին, որ մեր դուրս գալով նոր լիցք կհաղորդվի մեր պայքարին, եւ հաղթանակն անխուսափելի է` դրանում որեւէ մեկը չի կասկածում, եւ որպես այդ հաղթանակի հետեւանք Հայաստանում չի լինելու եւ ոչ մի քաղբանտարկյալ: Սակայն, ինչպես ասում են, սկզբունքների համար պայքարելը շատ ավելի հեշտ է, քան այդ սկզբունքներին համապատասխան եւ այդ սկզբունքներին համաձայն ապրելն ու գործելը: Դրա համար ես խոստանում եմ բոլոր ազատագրված քաղբանտարկյալների անունից, որ մենք պայքարելու ենք այս ընդհանուր պայքարի մեջ մեր կարեւորագույն, լոկալ հաղթանակի համար, մեր մյուս ընկերներին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ազատ արձակելու համար, օր առաջ», - հայտարարեց Ա.Արզումանյանը: Նա այսպես ամփոփեց իր ելույթը. «Մենք պայքարում ենք մեր ազատության համար, եւ ազատությունը մեր սրտերում է: Ոչ մի Սահմանադրություն, ոչ մի օրենք, ոչ մի դատարան չի կարող սպանել այդ ազատությունը, քանի դա ողջ է մեր սրտերում: Դրա համար մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր սրտերը լի են այդ ազատությամբ: Եվ որեւէ բան չի կարող կասեցնել մեր ազատության պայքարի այդ տենչը: Ազատություն...», - ասաց Ա.Արզումանյանը, իսկ բազմահազարանոց հրապարակը շարունակեց վանկարկել: Գագիկ Ջհանգիրյանին հրապարակը դիմավորեց աննկարագրելի ոգեւորությամբ եւ ցնծությամբ: Նրա ելույթը ծավալուն էր, որը նա սկսեց հետեւյալ բառերով. «Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ: Մենք ազատության մեջ ենք հայտնվել ոչ թե ժողովրդի քվեն ու իշխանությունը բռնազավթած վարչախմբի մեծահոգության կամ մարդասիրության, այլ ձեր` Համաժողովրդական շարժման աննախադեպ ճնշումների ու միջազգային կառույցների գործադրած ջանքերի արդյունքում: Դուք, որ արդեն տարի ու կես, ցրտին ու տապին, անձրեւին ու ձյանը, գիշեր թե ցերեկ, զոհաբերելով ձեր քունն ու հանգիստը, վտանգելով ձեզ ու ձեր հարազատներին, ոչ մի օր, ոչ մի վայրկյան չդադարեցրիք պայքարը հանուն ազատ Հայաստանի, հանուն արդարության ու օրինականության հաղթանակի, մեր խորին շնորհակալությունն ու խոնարհումը ձեզ` մեր համախոհ եղբայրներ, մայրեր ու քույրեր»: Գ.Ջհանգիրյանը խոստացավ. «Չենք ունենա քուն ու դադար, քանի դեռ Հայաստանում կլինի թեկուզ մեկ քաղբանտարկյալ: Չենք վերադառնա մեր առօրյային ու հանգստին, քանի դեռ Հայաստանում չենք վերահաստատել ազատությունն ու արդարությունը, ժողովրդին չենք վերադարձրել իշխանություն ձեւավորելու նրա սահմանադրական, հիմնական առաքելությունն ու իրավունքը: Ունենք հաղթանակի հասնելու բոլոր նախադրյալները. այլեւս անկասելի ու ձեւավորված համաժողովրդական շարժում, այն ղեկավարող քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կուռ դաշինք, համաժողովրդական շարժումն ու Հայ Ազգային Կոնգրեսը առաջնորդող Լեւոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործիչ, որի փորձառությանն ու քաղաքական հեռատեսությանը, քաղաքացիական վճռականությանն ու կամքին անվերապահորեն վստահում ու հավատում ենք»: Նա հիշեցրեց, որ քաղբանտարկյալներն ի սկզբանե դեմ են եղել ներմանն ու համաներմանը. «Ոչ այն պատճառով, որ մեկուսարաններում ու քրեակատարողական հիմնարկներում պատանդված լինելը մեզ դուրեկան ու հաճելի է եղել: Մենք սկզբունքորեն չենք ընդունել այդ ինստիտուտների կիրառումը քաղբանտարկյալներիս նկատմամբ` բացառապես մեկ հիմնավորմամբ. ներումն ու համաներումը կիրառվում են հանցանքներ գործած անձանց նկատմամբ, իսկ մեզ, անկախ կոնկրետ մեղադրանքներից, դատել ու դատապարտել են մեր քաղաքական հայացքների ու համոզմունքների համար, ինչը այժմ արդեն նաեւ միջազգային հանրության ու կառույցների կողմից ընդունված հանրաճանաչ փաստ ու իրողություն է: Ուստի ոչ ես, ոչ իմ քաղբանտարկյալ ընկերներից որեւէ մեկը չի հաշտվելու ոչ միայն մեզ ապօրինի ազատությունից զրկելու, այլեւ ապօրինի ազատություն վերադարձնելու վարչախմբի որոշումների հետ: Դրանք բողոքարկելու ենք բոլոր ատյաններում` վստահ, որ հասնելու ենք մեր անվերապահ արդարացմանը, մեզ պատճառված նյութական ու բարոյական վնասի լիակատար հատուցմանը»: Ապա նա նշեց. «Համաժողովրդական շարժումը վարել ու վարում է քաղաքակիրթ, հրապարակային, սահմանադրական ու օրինական պայքար: Մինչդեռ այդ ընթացքում շարժման անդամներն ու համակիրները ենթարկվել են աննախադեպ բռնաճնշումների ու հալածանքների, անհիմն վարչական, ոստիկանական ու քրեական հետապնդումների, ազատությունից ապօրինի զրկումների: Առնվազն 10 անմեղ մարդ է սպանվել: Ունեցել ենք հարյուրավոր խեղվածներ ու հաշմվածներ, մոտ տաս տասնյակ քաղբանտարկյալներ, ընդհատակում գտնվող հարյուրավոր ակտիվ քաղաքացիներ: Մեզանից ոմանք անձնական անդառնալի կորուստներ ունեցան: Բայց մենք չընկրկեցինք, չթեքվեցինք ու չկոտրվեցինք, չհրաժարվեցինք մեր համոզմունքներից ու գաղափարներից: Վարչախմբի հետ չգնացինք որեւէ քողարկված կամ բացահայտ գործարքի, քանզի մեր թիկունքին մշտապես զգացել ենք Համաժողովրդական շարժման շունչը, մեր սրտերում կրել հաղթանակի անկոտրում կամքն ու ոգին»: Ամփոփելով ելույթը` Գ.Ջհանգիրյանը հայտարարեց. «Վտանգված է հազարավոր հայորդիների կյանքի ու առողջության զոհաբերությամբ ձեռք բերված Հայաստան պետության անկախությունն ու ինքնիշխանությունը անգամ: Մի՞թե մենք հանդուրժելու ու համակերպվելու ենք այս ամենի հետ: Մի՞թե մեր երեխաներին ու թոռներին նման երկիր ենք ժառանգելու: Մենք կամավոր զինվորագրվել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատության ու արժանապատվության, Սահմանադրական կարգի վերահաստատման պայքարին, իսկ կամավորականը հիասթափվելու, հոգնելու, տրտնջալու ու նահանջելու իրավունք չունի: Մենք մեր ընտրած ճանապարհից խոտորվողը, շեղվողը չենք: Մեզ բանտարկելով ու հալածանքներով չեն վախեցնի, մեզ հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ ու անօգուտ է: Սեփական ժողովրդին հաղթելն` անհնար: Հաղթանակը մերն է»: Երեկվա հանրահավաքին հետեւեց բազմահազարանոց հուժկու երթ` Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, Թումանյան փողոցով, որն ավարտվեց Հյուսիսային պողոտայում:
- Էմմա Գաբրիելյան
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

