
Ս.ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՌԴ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»
- Ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան, Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը օրերս հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ, որտեղ անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների թեմային: Նա փաստում է, որ 2009թ. հունիսի վերջին «հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները կրկին ամրության ստուգարք հանձնեցին»:

«Մի կողմից այդ ստուգարքը պայմանավորված էր արտաքին գործոններով: Խոսքը արձագանքների մասին է. Մոսկվայում` Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցելության արձագանքը, եւ Երեւանում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան կատարած այցելությանը հետեւած արձագանքը: Մյուս կողմից` այդ գործոններն ի հայտ բերեցին երկրների միջեւ առկա երկկողմ խնդիրներ, որոնք հաճախ թաքցվում են քաղաքական նրբանկատության ու հայ եւ ռուս ժողովուրդների «դարավոր բարեկամության» մասին վստահեցումների ներքո», - գրում է Մարկեդոնովը: Հիշեցնելով, որ Հայաստանում գտնվելու ժամանակ Սահակաշվիլին պարգեւատրվեց Հայաստանի բարձրագույն` Պատվո շքանշանով, նա միաժամանակ փաստում է, որ նման պարգեւատրման դրդապատճառն ավանդական է բարձրաստիճան պաշտոնյաների դիվանագիտական այցելությունների պարագայում: «Վրաստանի նախագահը նման պատվի է արժանացել «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ծավալած գործունեության համար»: Այս իրադարձությունը ռուս քաղաքական գործիչների կողմից կոշտ քննադատության ենթարկվեց: Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Տատյանա Մոսկալկովայի խոսքով` «Հայաստանը Սահակաշվիլուն Պատվո շքանշան տալով` անտեսեց օգոստոսյան զինված հակամարտության վերաբերյալ Վրաստանի քաղաքականության հանդեպ սեփական նախաձեռնություններն ու դատապարտումները»: Ավելին` պատգամավորը, ով ի պաշտոնե կոչված է դիվանագիտական հակասությունները հարթելուն, հեռուն է գնացել` հայտարարելով, որ Սահակաշվիլու պարգեւատրումն «ինչ-որ տեղ մարտահրավեր է Ռուսաստանին»: «Այդպիսով` մարտահրավերի հավասարեցվեց դիվանագիտության մեջ ավանդական նշանակություն ունեցող բարձրաստիճան հյուրերին պարգեւատրելու արարողությունը: Ընդգծենք` հյուրերին, որոնց հարցում տանտերերը (տվյալ դեպքում` Երեւանը) խիստ շահագրգռված է», - պարզաբանում է քաղաքագետը: Նա նաեւ հիշեցնում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցելության ընթացքում նա նույնպես արժանացել էր վրացական պետական պարգեւի (կրկին` Պատվո շքանշան), այդպիսով «Երեւանը պարզապես իրականացրել է դիվանագիտական պարիտետի սկզբունքը (ինչի մասին միջազգայնագետները պետք է որ իմանան), ինչը երկկողմ միջպետական հարաբերություններում ընդունված նորմ է»: «Սակայն պաշտոնական Երեւանի հասցեին առավել կոշտ քննադատությունը հնչեց այլ պատգամավոր-միջազգայնագետի` «Միասնական Ռուսաստան» կառավարող կուսակցության ներկայացուցիչ Վալերի Բոգոմոլովի շուրթերից: Խոսքի հնարավորություն տանք նրան. «Աշխարհի յուրաքանչյուր երկիր ազատ է պարգեւատրել` ում ցանկանա եւ ինչով ցանկանա, ինչպես նաեւ ազատ է` գովաբանել ու դատապարտել: Սակայն կարեւոր է հիշել, որ չի կարելի թքել այն ջրհորի մեջ, որից դեռ ոչ մեկ անգամ ջուր ես խմելու»: Հենց այս ելակետից պետք է գնահատական տալ ամենեւին էլ ոչ միանշանակ այն իրադարձությանը, որ տեղի ունեցավ Վրաստանի նախագահին պարգեւատրելիս», - մատնացույց է անում ՌԴ-ում հնչած գնահատականները Մարկեդոնովը, ապա փաստում. «Ինչեւէ, կարելի է միայն ուրախանալ մեր դումայականների` իրենց թեզերը հիմնավորելու համար լեզվական դարձվածքների կիրառման ունակություններով: Միայն թե ստիպված ենք տխրել ու արձանագրել. Ռուսաստանի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները կրկին ձեւակերպվում են անձնական էմոցիոնալ գնահատականներով: Կրկին Սահակաշվիլու անձը մթագնում է ընկալումն այն հնարավորությունների միջանցքի, որ առկա են Հարավային Կովկասում` հանրապետություններից յուրաքանչյուրի դեպքում: Իր հոգեբանական էության մեջ մանկամիտ ցանկությունը` որ մեր գործընկերն ընկերություն անի միայն մեր եւ ոչ մի դեպքում ուրիշի հետ, կրկին ներկայացվում է որպես դիվանագիտական միտք: Եվ այս կապակցությամբ անհրաժեշտ է հասկանալ մեկ կարեւոր սկզբունքային բան: Այն, ինչ մեզ Մոսկվայում թվում է ոչ այնքան կարեւոր (եղածն ինչ է որ` ելույթ է ունեցել ինչ-որ մի պատգամավոր, դրանցից 450 հոգի կան, եւ բոլորն էլ ամեն օր ելույթ են ունենում), Երեւանում ցավագին է ընկալվում, քանի որ գոյություն ունի մեծ եւ փոքր երկրներում ասվածն ընկալելու ասիմետրիա: Սա հասկանալու համար անհրաժեշտ է գոնե մեկ-երկու անգամ` կուսակցական ֆորումներին մասնակցելու փոխարեն, այցելել ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրը: Եվ ոչ թե պաշտոնական այցելությամբ, այլ` մասնավոր: Այստեղից էլ` օրինաչափ հարց: Ի՞նչ է գտել Հայաստանը Սահակաշվիլու մեջ: Նախագահ, ով ոչ մեկ անգամ աներես կերպով գնահատականներ է տվել այդ երկրի արտաքին քաղաքականության ու տնտեսական զարգացման վերաբերյալ, քննադատել է նրան Մոսկվայի հետ ունեցած կապերի համար: Երեւանի եւ Թբիլիսիի մերձեցումը թելադրված է Հայաստանի պրագմատիկ ազգային շահերով եւ` ոչ ավելին», - բացատրում է ռուս քաղաքագետը, - «Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման պայմաններում Վրաստանն Իրանի հետ միասին Հայաստանի միակ ելքն է արտաքին աշխարհ: Վրաստանի տարածքով է անցնում հայկական արտահանումների 2/3-րդը` այն դեպքում, որ ՌԴ-ի ու Հայաստանի միջեւ ցամաքային սահմաններ չկան: Իհարկե, Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերը մեծ է: Գյումրիի ռազմական բազան եւ ռուս սահմանապահները մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ սառեցրել են Անկարայի «տաք գլուխներին»: Հայ-ռուսական գործընկերության հաջորդ կողմը բիզնեսն է: Հայաստանում գործում է 1000-ից ավելի ռուսական ձեռնարկություն: Այդ երկրի հետ համագործակցում են ռուսական 70-ից ավելի մարզեր ու հանրապետություններ, իսկ առեւտրաշրջանառությունը միայն վերջին ամիսներին աճել է շուրջ 20%-ով: Միեւնույն ժամանակ, սակայն, առանց Վրաստանի Հայաստանը զարգանալ չի կարող: Հարեւան երկրի հետ նորմալ հարաբերություններ ունենալու հետաքրքրությունը թելադրված է նաեւ այն հանգամանքով, որ Վրաստանում ապրում է մեծ հայկական համայնք, որի համար նույնպես Երեւանը պատասխանատվություն է զգում եւ Ադրբեջանի հետ արդեն գոյություն ունեցող հակամարտության պայմաններում չի կարող իրեն նման «ճոխություն» թույլ տալ եւ Ջավախքի համար պատերազմ սկսել: Ընդ որում` նկատենք, որ եւ Հայաստանի ԶԼՄ-ները, եւ այդ երկրի խորհրդարանում բազմիցս քննադատել ու դատապարտել են վրացական էթնոնացիոնալիզմը: Բոլոր դեպքերում` հարեւանին Մոսկվայի աչքերով նայել Երեւանը չի կարող: Նա իր սեփական դիտակետն ունի: Գուցե դա շատերին հասկանալի չէ: Հատկապես` էմոցիոնալ տեսանկյունից: Բայց չէ՞ որ խոշոր տերության քաղաքականությունը հենց դրանով է տարբերվում փոքրիկ, ամբիցիոզ եվրասիական երկրից` հիմնվում է հիմնարար վերլուծության ու լուրջ եզրահանգումների, այլ ոչ` կենցաղային ընկալումների վրա»: Ս.Մարկեդոնովն այնուհետեւ անդրադառնում է Միացյալ Նահանգների գործելակերպին. «ԱՄՆ-ն, օրինակ, փայլուն տեղեկացված է Երեւանի ու Թեհրանի միջեւ համագործակցության մասին: Նկատենք, որ վերջին շրջանում այդ համագործակցությունը թափ է հավաքում (եւ գազի մատակարարումն է, եւ նավթամուղն է, եւ երկաթգիծը): Այդ ամենը, սակայն, ամերիկյան իսթեբլիշմենթին չի կատաղեցնում: Հայաստանին տրվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը կարող է կրճատվել, կարող է ավելանալ, սակայն այն ամենեւին էլ չի ձեւավորվում «իրանական» գործոնի ազդեցության տակ: Եվ ընդհակառակը` Թեհրանը փայլուն կերպով տեղեկացված է «Մեծ սատանա» երկրում հայերի լոբբիստական կառույցների գործունեության մասին, նաեւ` Երեւանի ու ՆԱՏՕ-ի գործընկերության մասին, ինչը սակայն չի խանգարում Իսլամական Հանրապետության եւ իրեն աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը համարող երկրի համագործակցությանը: Եվ այդ ամենն այն պատճառով, որ թե Վաշինգտոնը, թե Թեհրանը հասկանում են, որ աշխարհագրությունից փախչել հնարավոր չէ, իսկ ցանկացած դիվանագիտական գործողություն սահմանափակված է հնարավորությունների միջանցքով»: Ասվածից Մարկեդոնովը բխեցնում է. «Նույն Ռուսաստանը հնարավորություն չունի ՆԱՏՕ-ի հետ ճակատային դիմակայության մեջ մտնելու համար, հետեւաբար դատապարտված է համագործակցել Կրեմլում շատերի կողմից չընդունվող կառույցի հետ: Նույնը` նաեւ ԱՄՆ-ի հետ: Ռազմավարական իրողությունները Մոսկվային ստիպում են ժամն ու սլաքն ուղղել Վաշինգտոնի հետ համաձայնեցնելով: Եվ դա հենց նույնպիսի պրագմատիկ անհրաժեշտություն է, ինչպիսին Հայաստանի գործողություններն են վրացական ուղղությամբ: Սակայն, այդ ամենը հասկանալով գլոբալ մակարդակով, Մոսկվան հաճախ հրաժարվում է ուշադրության արժանացնել եվրասիական իրողությունները: Այստեղից էլ մեր ճնշումն Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա` Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելու հարցում: Կարծես թե նրա դրական որոշումն ու դրա ենթադրվող հետեւանք ԱՄՆ-ի ու ԵՄ-ի Մինսկին ուղղված կոշտ հայտարարությունները կարող են ինչ-որ բան տալ Մոսկվային կամ թեկուզ աբխազներին ու օսերին»: Ապա անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին` Մարկեդոնովը նշում է. «Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա հայկական իսթեբլիշմենթի մեջ առկա է առանձին դժգոհություն (կամ` թյուրընկալում) Ռուսաստանի որոշ գործողությունների վերաբերյալ: Խոսքը ՌԴ եւ Ադրբեջանի դինամիկ զարգացող գործընկերության մասին է: Այդ առումով Դմիտրի Մեդվեդեւի այցը Բաքու (2009թ. հունիսի 29-ին) գրեթե ընկալվում է Հայաստանի հանդեպ թշնամական քայլ: Բարձր օղակի ռուս քաղաքական գործչի ցանկացած այցելություն, սովորաբար, մեկնաբանվում է ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայի` դեպի Ադրբեջան կողմնորոշվելու համատեքստում: Երեւանում շատերը (հնարավոր է` դա էլ է իռացիոնալ ու չափազանցված) «հնգօրյա պատերազմի» ժամանակ «Ադրբեջանի լռությունը» դիտարկում են որպես խաղաղ կարգավորման ընթացքում Բաքվի օգտին ինչ-որ զիջումներին Մոսկվայի համաձայնության նշան: Մինչդեռ, Ղարաբաղի հարցում «Մոսկվայի ձեռքի» գերագնահատումը հազիվ թե գործնական իմաստ ունենա: Այսօր 1988 թվականը չէ, Կրեմլի հետաքրքրություններն այդ տարածաշրջանում նույնպես պրագմատիկ հիմքեր ունեն: Եվ այդ հիմքերը դժվար թե դուրս գան այն ստատուս քվոյի սահմաններից, որը խտացված արտացոլվեց 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրված Մոսկվայի հռչակագրում եւ այն բանակցություններում, որոնք ընթանում են Ղարաբաղի կարգավորման շուրջ` ՌԴ մասնակցությամբ: Բացի Ղարաբաղից, Ռուսաստանն Ադրբեջանում այլ կարեւոր շահեր ունի (էներգետիկայից սկսած մինչեւ ցամաքային սահմանների ընդհանուր անվտանգություն): Ադրբեջանի դեպքում եւս Ռուսաստանն աշխարհագրությունից փախչել չի կարող: Մերձկասպյան հանրապետությունը մեր հարեւանն է, որն ընդհանուր սահման ունի բարդ` դաղստանյան հատվածում: Այս առումով իսլամական արմատականությունը հաջողությամբ ճնշած աշխարհիկ վարչակարգի հետ համագործակցությունը Ռուսաստանի համար չափազանց շահավետ է»: Ամփոփելով թեման` Ս.Մարկեդոնովը նկատում է. «Մեծ Կովկասում նոր ստատուս քվոյի ձեւավորման պայմանների վերաբերյալ թե Մոսկվայում, թե Երեւանում պետք է միմյանց դրդապատճառները գնահատելու հարցում առավել իրատես լինեն եւ հրաժարվեն ուռճացված սպասումներից (որպեսզի խուսափեն խոր հիասթափությունից): Այսօր պետք է ընդունել, որ ոչ Մոսկվան է ճանաչում ԼՂՀ անկախությունը, ոչ Երեւանն է ճանաչում վրացական նախկին ինքնավարությունների անկախությունը: Կրեմլը չի հրաժարվելու Բաքվի հետ համագործակցությունից, վերջնական ընտրություն չի կատարելու Հայաստանի կամ Ադրբեջանի միջեւ: Բայց եւ Երեւանը չի հրաժարվելու Վրաստանի եւ նրա նախագահի հետ (Սահակաշվիլու անձն այս պարագայում առաջնային նշանակություն չունի, Երեւանն աշխատում է Վրաստանի գործող նախագահի հետ) փոխգործակցությունից: Այսպիսով, երկու երկրների դիվանագետների, խորհրդարանականների ու փորձագետների համար պետք է գերխնդիր դառնա փոխադարձ կասկածամտության, անվստահության, վախի դրեւորումների պարզաբանումը: Այդ գործողությունների ողջ բույլը կարելի է սահմանել որպես հոգեբանական լարվածության թոթափում: Այն հաճախ կարեւոր է այնքան, որքան քաղաքականը»:
- Է. Գաբրիելյան
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

