
ԿԱՐՍԸ ՏԵՍՆԵԼ ՈՒ ՀԵՏ ԴԱՌՆԱԼ - 2
- Առաջին մասը lragir.am-ում հրապարակվել է օգոստոսի 13-ին Թողած Կարսում, գետի ափին, տունս` շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով… Եղիշե Չարենց, Տաղ անձնական, 1919 թ. …Մազմանովը լսեց Ղարսի վտանգը, տեսավ կքայքայվի ամբողջ բանակը: Իր կողքից քաշեց ատրճանակը, իզուր զոհ տվեց իր ջահել կյանքը: Մազմանովի դիակը բերին ըստանցին, էս անիրավ հայերը թողին գնացին: Տո անաստված հայեր, բոլորդ կոտորվեք, Մազմանովի դիակը գերի մի¯ թողեք: Հայեր խառնված լցվին վագոնը` Մազմանովի դիակը թողին բալկոնը… Աշուղ Արտաշ, Մազմանովի երգը, 1960-ականներ …Ուստա Օնես, ֆայտոնդ բեր, քշե էրթանք հասնինք Ղարս, Խռովել եմ ես էս քաղքեն` Ղարսեն պտի բերեմ հարս: Կայարանի Օնիկի երգը, Լենինական, 1960-70-ականներ …Ղարս, Ղարս, Ղարս, Հայաստանի հարս, Երբ պիտի դու էլի նորից տուն վերադառնաս: Ծագումն անհայտ է: 1970-80-կաններին կարելի էր լսել ռեստորաններում, հարսանիքներում և ավտոկայաններում «ԱՆԽՈՐՈՎԱԾ» ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ, ԿԱՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՂԱՐՍԵՑԻ ԳՐԻԳՈՐԻ ... Իմ սերնդի մանկությունն ու դպրոցական տարիները ճիշտ ու ճիշտ համընկան ԽՍՀՄ–ում Նիկիտա Խրուշչովի կառավարման, կամ, ինչպես հետո բնութագրվեց պատմական կարևոր այդ ժամանակահատվածը՝ խրուշչովյան ձնհալի տարիների հետ։ Մտովի վերադառնալով այն օրերը, առանց կեղծելու կասկածի կարելի է ասել, որ կոմունիստական գաղափարախոսությամբ ժողովրդին այնքան էլ չէին «բթում» ու ճնշում։ Պաշտոնական հաղորդագրություններում, օրինակ, բացառությամբ, ասենք, կուսակցական համագումարների կամ պլենումների, երկրի առաջին դեմքի կուսակցական պաշտոնը չէր շեշտվում, այլ միայն՝ «ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ Ն.Ս.Խրուշչովը»։ Դիսիդենտներ-այլախոհները դեռ նոր պետք է ի հայտ գային՝ հանդիսանալով հենց այդ «վաթսունականների ծնունդը»։ Կուսակցության ու կուսակցականների հասցեին, մեղմ ասած, ոչ այնքան հարգալից ձևով, այդ թվերին արտահայտվում էին «է՜ն» սերնդի մարդիկ, որոնք դեռ «է՜ն գլխից» երբևիցե չէին էլ ընդունել բոլշևիզմը և համարվում էին «հակա»։ Հիմա էլ, օգտվելով ազատ խոսելու և արտահայտվելու որոշակի հնարավորությունից, չէին թաքցնում իրենց վերաբերմունքը։ Առավել համարձակները կուսակցական տոմսը որակում էին նույնիսկ որպես «հացի քարտ»։ Պաշտոնական-քաղաքական կուռքեր, կամ այդ բնույթի այլ անհերքելի «առաջնորդներ» ասպարեզում ոնց որ թե չկային։ Ստալինը պսակազերծված էր և մեկ–մեկ էլ, ինչպես ցանկացած «տրորվող» անձ, ոնց որ թե, նույնիսկ ինչ որ տեղ կարեկցանքի կարիք ունենար։ Իսկ հսկա և հզոր երկրի այդ ժամանակվա առաջին դեմքը, մեծերի բնորոշմամբ՝ «թեթևսոլիկ» մի անձնավորություն էր, որն «աջ ու ձախ ընկած աշխարհն է չրխում» ու տարբեր «խուժան» պետությունների հետ ընկերություն անում։ «Խուժաններ»-ի տակ ենթադրվում էին հատկապես այդ թվերին անկախություն ստացող Ասիայում և Աֆրիկայում գտնվող մեծաթիվ նախկին գաղութները՝ հաճախակի չափազանց էկզոտիկ տեսքով ու անվամբ, իրենց ղեկավարներով հանդերձ։ Լենինը, ճիշտ է, դեռ «օրակարգում» մնում էր, բայց մեզ համար շա՜տ հեռու էր և անհասկանալի։ Լիներ դա աղջնակատես երկարավարս մանուկը՝ «հոկտեմբերիկի» նշանի վրայից, թե արձանը՝ «կեպկեն» ձեռքին, կամ վերարկուն թևի տակ։ Քարոզչական մեքենան, իհարկե, քնած չէր, գործում էր, բայց, նշենք կրկին, անտանելիության աստիճանի հասնող ճնշում և ձանձրույթ ոնց որ թե չկար։ Իսկ «կենդանի ագիտացիան» մեկ–մեկ նույնիսկ հետաքրքիր էլ էր լինում։ Հիշում եմ, թե ինչպես քաղաքի մուտքից մինչև հրապարակ, Մուրադենց Գրիշի ֆայտոնը նստած, մեզ հյուր եկավ Նիկոլաև-Տերեշկովա «տիեզերական նորապսակների» զույգը, իսկ մի անգամ էլ դպրոցականների հետ հանդիպման էր եկել Լենինի նախկին թիկնապահներից մեկը՝ Կելլեր ազգանունով։ Ոչինչ, հետաքրքիր էր։ Պարզվեց, որ Լենինն էլ ոչ միայն մեր մասին է մտածել, այլ նաև խոսել է, քայլել է, վախեցել ու տխրել է։ Առավել հետաքրքրական էր այդ «կենդանի ագիտացիայի» ազգային՝ «հայկական բաղադրիչը»։ Օրինակ, մի անգամ մեր դպրոց եկավ այն օրերի համար բառացի կենդանի լեգենդ հանդիսացող ողջ մնացած «երիտասարդգվարդիական» Ժորա Հարությունյանցը՝ գնդապետի ուսադիրներով, իսկ մի անգամ էլ՝ Հովհաննես Բաղրամյանը՝ Արտեմ Միկոյանի հետ միասին։ Ամբողջ քաղաքը այդ օրերին կրկնում էր մարշալի կատակը, արած իր ելույթի ժամանակ. «Լենինականցիք, ես ձեզի ղուրբան՝ դուք ինձի՝ հեչ»։ Գիտությունն ու արվեստը շատ «հարգի» էին և խորհրդահայ զորավարների հետ մեկտեղ, ժողովրդի մեջ մեծագույն համբավ ունեին Վիկտոր Համբարձումյանն ու Սերգեյ Մերգելյանը, Ալիխանյան և Օրբելի եղբայրների աստղաբույլը, Արամ Խաչատրյանն ու Տիգրան Պետրոսյանը։ Բայց դրանք բոլորը, իրենց չափազանց հաճելի գոյությամբ հանդերձ, մեզ համար, համենայնդեպս, մի տեսակ սիմվոլ էին՝ թեև չափազանց հզոր, բայց և չափազանց հեռու և անհասանելի։ Այսօրվա տեսանկյունից մեկնած՝ որոշակի կուռքեր, ի դեմս, ասենք, կինոյի կամ էլ էստրադայի աստղերի, մենք նույնպես չունեինք։ Նրանց լույսը մեզ չէր էլ հասնում։ Զուտ իրատեսական, գոնե մտովի մեզ համար հասանելի լինելու առումով, այդ թվերին մեզ համար պաշտելի անձեր էին, ասենք, Ալբերտ Ազարյանն ու Իգոր Նովիկովը, Վլադիմիր Ենգիբարյանն ու Սարգիս Հովիվյանը։ Շատ հրաշալի էր, իհարկե, որ նման անձինք կային, որ սիրելի և ընդօրինակելի էին մեզ համար, բայց անմիջական շփման անհնարին լինելը նաև անհնարին էր դարձնում, որ այդ մարդիկ զուտ իրենց գոյությամբ՝ «տարածության վրա» կարողանային իրական կայծ գցել մեր հոգիներում։ Մեզ համար տեսանելի և, ամենակարևորը, հասանելի հեղինակություն, մենք փնտրում ու փորձում էինք գտնել այդ թվերին մեր անմիջական մեծերի՝ մեր հայրերի ու պապերի շրջանում։ Եվ հարցը ամենևին էլ կարծրացած-կաղապարակալված պրիմիտիվ ավանդապաշտության մեջ չէր։ Այդ փնտրտուքի իրական հիմքերն ու պատճառները լրիվ այլ էին։ Հարցն այն էր, որ գրեթե բոլորիս հայրերը անցել էին երկրորդ աշխարհամարտի բովով, իսկ պապերից շատերն էլ՝ ոչ միայն հասցրել էին մասնակցել երկու աշխարհամարտերին էլ, այլ ժամանակին նույնիսկ «կռվել էին թուրքի դեմ»։ Գրեթե բոլորս էլ ունեինք բարեկամներ, որ ընդամենը վերջերս էին վերադարձել «Սիբիրից»։ Այնպես որ թե՛ բուն հերոսների, թե՛ այլ բնույթի պերսոնաժների նմանակները, այդ թվերին բոլ-բոլ տպագրվող ու լավ կարդացվող պատերազմական եվ «հակապաշտամունքային» գրքերից, աչքիդ առաջ իրենք իրենց էին հայտնվում։ Մեծերի այդ շրջանում, մեզ՝ անցած դարի 50-60-ականների Լենինականի թաղերից մեկի երեխեքիս համար, կար անհերքելի և անսասան մի հեղինակություն, որը մեզ համար բավականին հասանելի էր և բավականին «բաց»՝ անմիջական շփման համար։ Դա հյուսն և փայտագործ, կամ ինչպես այն ժամանակ էին ասում՝ «դուրգյար» Գրիգորն էր։ Մեր պատկերացումներում վարպետ Գրիգորը այն անձնավորությունն էր, որ գիտեր ամեն բան այս աշխարհում՝ ամեն ինչի, և ամեն մեկի մասին։ Մեր համար ինքը «Գրիգոր պապ» էր, իսկ մեծերը, նրա մասին իրար մեջ խոսելիս, ասում էին «ղարսեցի Գրիգորը»։ Ի դեպ, այդ թվերին դեռ գործածման մեջ էր «գաղթական» բառը, որով «միասնաբար», և պետք է ասել, ոչ այնքան հարգալից, բնութագրվում էին Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր վայրերից եկածները։ Չհավան լենինականցիները «արտոնություն էին վերապահում» միայն Պոլսից և Կարսից եկածների համար, հատուկ նշելով. «պոլիսեցի էս-ինչը», «ղարսեցի էն-ինչը»։ Կարսից գաղթածների մասին Լենինականում կար նաև կայուն և տարածված կարծիք, որ «ղարսեցիք լավ մարդ են»։ Այնպես որ, զուտ անձնական հատկանիշների հետ մեկտեղ, սոսկ պաշտոնական տեսանկյունից նույնպես, վարպետ Գրիգորի կարգավիճակն ու վարկանիշը չափազանց բարձր էին։ Ծնունդով, բնականաբար, «ղարսեցի Գրիգորը» Կարսից էր, 1908 թվի ծնված։ Երբ նրան հարցնում էին տարիքի մասին, նա նշում էր իր ծննդյան տարեթիվը և պարտադիր ավելացնում. «Վիկտոր Համբարձումյանի հետ նույն թիվն ենք»։ Մեզ համար այդ հանգամանքը վարպետ Գրիգորի և մեծ գիտնականի միջև մի ինչ-որ անտեսանելի, բայց հաստատ գոյություն ունեցող մի ինչ-որ կապի վկայություն էր։ Վարպետ Գրիգորի ցածրիկ, հաստ պատերը կոպտատաշ քարերով շարված, մի քանի «աչքի բաժնած» երկար արհեստանոցը, որը նախկինում զինապահեստ էր եղել, մեզ համար նույնքան առեղծվածային էր և նույնքան դող առաջ բերող, որքան որ մոտագայքում գտնվող հիվանդանոցի հերձարանը։ Արտաքուստ, մի մեծ գաղտնիք կարծես թե չկար էլ։ Մենք տեսնում էինք, որ արհեստանոց են բերում գերաններ ու տախտակներ, հետ են տանում՝ դուռ-լուսամուտ, էշավոտնուկ ու թաղթ։ Բայց միևնույնն է, մեզ միշտ ձգում էր արտաքինից անհրապույր այդ շինության ներսը՝ խզարների միապաղաղ երգով, ուրագների թրխկոցով, թարմ տաշեղի ու թեփի հաճելի հոտով, փայտի փոշու նստելուց սպիտակած բեղ ու հոնքով վարպետներով։ Այս ամենը իրոք որ չափազանց գրավիչ էր ու հետաքրքիր, սակայն ամենակարևորը չէր։ Ամենակաևորն ու ամենագրավիչը մեզ համար արհեստանոցի ներսում, դա ինքը՝ ղարսեցի Գրիգորն էր, իրեն մշտապես այցելության եկող իր ընկերներով՝ «տղեքով», ինչպես ինքն էր ասում։ Իսկ ավելի ճշգրիտ՝ «տղեքի» անվերջանալի զրույցներն ու վեճերը «փախե-փախի», «թուրքի կռիվների», «հողերը տալու» և նման հազարավոր հարցերի վերաբերյալ, որոնց մասին ուրիշ ոչ մի տեղ և ոչ մի բան չես կարող իմանալ։ Եթե չհաշվենք արհեստանոցի աշխատողներին, իր արհեստանոցում վարպետ Գրիգորը երբևիցե մենակ չէր լինում։ Իր ընկերներին՝ «տղեքին», մենք գիտեինք արդեն «անգիր»՝ թե՛ դեմքով, թե՛ իրենց «դոսյեներով»։ Ահա եկավ Արամը Բուլանուղից, իսկ ներսում վաղուց արդեն Խնուսա Շահենն է՝ Դերջանցի «ջուխտ» Սարգիսների հետ, ծիծաղելով ներս մտան Վաղոն ու «ղոռղոռ» Օնեսը Էրզրումից, հլա «ընտեղից՝ Կարսից» մոտիկ ընկերներ Մուշեղն ու Մնոն... Ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ պարզվում է այդպիսի Հայաստան էլ կա, իր բարբառով, սովորույթներով, տեղանքներով և ամենի մասին ամենամանրամասն հիշատակումներով։ Իսկ օրվա վերջում՝ «շաբաշից» հետո, հայտնվում էր նաև ԽՍՀՄ տարածքում միակ «բացահայտված» և լեգալ գործելու իրավունք ունեցող դաշնակցականը՝ պոլիսեցի քարտաշ Գևորգ Ղափլանյանը, կամ, ամբողջ Լենինականով մեկ հայտնի, նույն ինքը՝ «դաշնակ Գևորը»։ Բոլորն էլ «թիք ու ձիգ», «ճիլ ու ղվան», մի քիչ էլ «հեռսոտ ու ջղային» 60-65 տարեկան բիձեք։ Նրանք ինչ-որ բաներ են պատմում, ծիծաղում են, հետո նեղվում, վիճում գոռգոռալով, մեկ-մեկ էլ թունդ ու կծու հայհոյում։ Հայհոյում են ում ասես, անգամ... ռուսին, Սովետին։ Եվ նույնիսկ...Լենինին։ Էլ չհաշված Ստալինին, ինչը այդ թվերին այլևս վտանգավոր չէր։ Իսկ մենք՝ մուտքի «աբոնեմենտ» ունեցող ընտրյալներս, չամի ու քյոքնառի հաճելի բույրով թարմ թեփակույտի վրա տեղավորված, բերաններս բաց՝սուս-փուս լսում ենք։ Ինչի՞ մասին է թեժացող բանավեճը, ո՞րն է հերթական «ֆակուլտատիվի» թեման, որի ունկընդիրն ենք մենք։ Նույնը, ինչը որ գրեթե ամեն օր. «ինչպես կորցրինք մեր հողերը»։ Սկզբից խոսակցությունը ոնց որ թե հանդարտ է ընթանում, բայց ինչքան մոտենում են է՜ն «անիծյալ» հարցերին, թե ինչու՞ կորցրինք, ի՞նչ պատճառով կորցրինք, ու՞մ մեղքով կորցրինք, այնքան բանավեճը թեժանում է։ Սկսում են բախվել «տարբեր քաղաքական կողմնորոշումներն ու հայացքները», ինչը, որպես կանոն,սկսում է զուգագցվել գոռգոռոցներով ու հայհոյանքներով։ Մեկը ինչ-որ բան մոռացել է, մյուսը՝ դեպքերն ու թվերն է շփոթել-խառնել, էն մեկը փորձում է վիճողներին բերել «ելման դիրքի»... - Տո դե հե՜րիք է գլխեդ դուս խոսաս։ Որ չիդես, գոնե սուս մնա։ - Ի, չե՞ս հավատա, տիյա, արի Գրիգորին հարցնենք։ Վարպետ Գրիգորը այն վերջին ատյանն էր, որի ասածը բեկման և առհասարակ, գանգատարկման կամ բողոքարկման որևէ ձևի այլևս ենթակա չէր։ Մի քիչ հանդարտվելուց հետո նորից շարունակում են. - Տո հեեչ մարդ էլ մեղավոր չէ։ Մեղավորը հենց քու դաշնակներդ են։ Հողերը բիրադի տվին, փողերն էլ առան ու փախան։ - Դաշնակներուն բան միք ըսե, Գևորը կընեղենա։ Վարպետ Գրիգորն ու «դաշնակ» Գևորը հակադարձում են. - Տո, խելքի պուտուկ, դաշնակներն որ չէղնեին, էսօր է՜ս թիզմ հողի կտորն էլ մեր ձեռը չէր էղնի, էս էլ կիսկսած կեղնեին Ադրբեջանի ու Վրաստանի մեջ։ Չ...խ Ստալինը հենց ըդպես էլ պլանավորել էր։ Հունաստանից եկած ախպար Նշանը փորձում է հաշտեցնել կողմերին. - Խեղճ թաշնակ ի՞նչ գրնար էներ, երբ հենց Քյամալ-փաշան Լենինին խաբեց, թե ես ալ պոլշևիկ եմ ու գարմիր թրոշներով կուգար հայերուն վրա։ Թեև Նշանը կրկնակի տուժած է. փախե-փախից հետո հայտնվել է Հունաստանում, Հայրենիք ներգաղթելուց հետո էլ՝ «Ալտայսկի կրայ» և նոր-նոր է ուշքի գալիս, միևնույնն է, նրան էլ չեն խնայում։ - Տո դու՞ էդ ինչ սորվըցըրած բաներ կսես։ Ինչ խաբել, ինչ բան։ Էդ Լենինը չէ՞ր, որ վագոններով օսկին ու զենքը տվավ Քյամալին, թե դու էդ կողմից ջարդելով արի, մենք էլ էս կողմից կմտնինք։ - Սխալ եք, տղեք։ Ռուսն որ չէղնիր, էսօր գետնի երեսին մեկ հատ հայ էլ սաղ մնացած չէր էղնի։ Համ էլ Լենինը էդ հողերը քսան տարով էր տվել։ - Տո վերջ տուր, դուն էլ մարդ գտար. ռուս, Լենին, բոլշևիկ։ Ըշտը ռուսները սկսին մեր գործերուն խառնվել, որ էդ օրն ընկանք։ Ռուսը չէ՞ր, որ քառսուն տարվա պրիպասն ու զենքը թողեց թուրքին, փեշերը թափ տվեց ու ելավ գնաց։ Էն ձևի հավատարիմ, որ մենք ռուսին ծառայեցինք, որ թուրքին ծառայեինք, մեր գլխից մազմ էլ չէր ընկնի։ - Հըլը մե կրնա՞ք ընձի հասկըցընեք, էդ ընչի՞ պտի պարտադիր մեկիմ ծառայենք որ։ Ա՜զգ ես, մարդ ես, կրցի դու էլ քու գլուխդ պահել։ Թե չէ «քսան տարով տվին, հարյուր տարով տվին, հիմի էլ ետ չբերին...»։ Երեկ մեկի տակը մտնելով, էգուց՝ մյուսի տակը մտնելով, ի՞նչ դուրս կուգա, ու՞ր կհասնինք։ Գիտեմ-չիտեմ, հա՜ հող կուտանք ու ճանճի պես կջարդվինք... Ամեն ինչ խառնվում ու խճճվում է գլխիդ մեջ. կոտորած, փախուստ, վրեժ, հաղթանակ, խաբեություն, պարտություն, դավաճանություն... Թուրք, ռուս, ֆրանսիացի, ամերիկացի... Ու ամենի վերջում՝ կորուստներ, կորուստներ, կորուստներ... Աշխարհագրական բոլոր ուղղություններով։ Հյութեղ հայհոյանքներով «շուլուլված» ինչ–որ վրացիների անուններ են տալիս. Չխենկելի, Ռամիշվիլի, Ժորդանիա... Այս վերջինը հատկապես լավ է տպավորվել՝ այդ թվերին այդպիսի ազգանունով հայտնի մի ֆուտբոլիստ կար։ Վրացիներին մեղադրում են մեր հողերի հաշվին թուրքի հետ լավանալու մեջ, հետո էլ սկսում պատմել, թե ինչպես են վրացական «պոստերը» դուրս քշել մեր երկաթուղու Լոռվա հատվածից։ - Ի՞նչ «բոյ», ի՞նչ կրակոց։ Ղոնդաղով, քացով, մռթներին մուշտի տալով վռնդինք։ Իթանց «կամանդիրսկի բռանեպոյեզդն» էլ՝ էրկու քարերը գլորինք, ճամփեն փակինք, ձեռներից առանք։ Էդոնց քշելով հասանք համարյա Թիֆլիս։ Դրոն «պուշկեքը» դրել էր արդեն Կոջոռի վերևները։ Վրացիք ոտներն էին ընկել, ֆրանսիացիք խառնվան... Բայց Թիֆլիս մեր քեֆին մե օրմ լաավ ման եկանք։ Ու նորից գլխիդ մեջ մի նոր քաոս, նոր խառնաշփոթ. ռուսի պսակազերծումը քիչ էր, հիմա էլ պարզվում է, մեր եղբայր վրացիք հարմար պահին մեզ լավ էլ «ոտք են պահել»։ Վերջը «էս ամենը» մի օր պարզվելու՞ է , թե ոչ... ...Էս անգամ էլ խոսքն ու զրույցը ծավալվում է զորահրամանատարների շուրջ, նրանց տարած հաղթանակների, և ավաղ... ի վերջո՝ կրած պարտությունների մասին։ Նազարբեկով, Արարատով, Արեշով... Միայն այդպես՝ խիստ ընդգծված ռուսականացված տարբերակով. Սիլիկով, Բեկ–Փիրումով, Կորգանով, Դոլուխանով... Լսում ենք շնչներս պահած ու մեջներս փոթորկող ու խելագար մի ալիք է բարձրանում. «Էս ի՞նչ բան է։ Ուրեմն հնարավոր է, որ բացի Սովետական բանակից, բացի ռուսական բանակից հայերը ունեցած լինեն նաև «սեփական»՝ առանց ռուսների «զուտ հայկական» բանակ՝ ոչ միայն զուտ հայ զինվորներով, այլ նաև զուտ հայ սպաներով և, ինչն արդեն չափազանց անպատկերացնելի է, զուտ հայ գեներալներով։ Ու էս «տղեքն» էլ , այդ թվում նաև իրենց հասակակից մարշալ Բաղրամյանը, «էդ» բանակի զինվորներն են եղել, ծառայել հայ գեներալների հրամանատարության տակ»։ Հետո անցնում են այլ մարդկանց, որոնց մենք մտովի նմանացնում ենք գրքերից մեզ հայտնի խորհրդային վրիժառու պարտիզանների հերոս հրամանատարներին։ Սրանց հիշատակում են արդեն միայն անուններով. Սմբատ, Համազասպ, Անդրանիկ, Սեպուհ, Նժդեհ... Հատուկ շեշտվում է նրանց անխտիր բոլորին հատուկ քաջությունը, բնավորության կարծրությունը, անձնուրացությունը։ Բայց, չնայած այդ ամենի,միևնույնն է, արդյունքում՝ կրկին ու կրկին պարտություն ու կորուստ... ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հատվածներ գրքից, շարունակելի

Քննարկում
2*2 գրել է:- HAKOB 50
փայտփորիկին................................Նուբար կարցեմ որ ասումա «ղարս, ղարս, ղարս, հայրենիքիս
հարս, երբ պիտի դու էլի նորից տուն վերադառնաս» երգի մեջ «էլի»-ն
չկար, իւնդրում էմ ճçտիր:
Ղարսը ցավոք վոտքերչունի վոր հայրենիք վերադառնա,այլ մենք պիտի գնանք Ղարս- HAKOB 50
Դավիթ Մեծահոգի գրել է:
Հարգարժան ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ և մեր պատմությամբ հետաքրքրվողներին.
Ահա Ձեզ մի հրաշալի աղբյուր՝ անհայտ գրողի օրագիրը, 1920 թվականի հունիսի 13-ից մինչև նոյեմբերի 5-ի դեպքերի նկարագրությամբ.
.
http://armenianhouse.org/armenia-diary/index.html
© Լրագիր
Վերջին լուրերը, Օգոստոս 18, 2008ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԱՎՐՈՎԻՆ
Օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոտ երկու ժամ ու կես տեւած հանդիպման ընթացքում ...ԿԱՐՍԸ ՏԵՍՆԵԼ ՈՒ ՀԵՏ ԴԱՌՆԱԼ - 2
3
Առաջին մասը lragir.am-ում հրապարակվել է օգոստոսի 13-ին Թողած Կարսում, գետի ափին, տունս` շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով… Եղիշե Չարենց, Տաղ անձնական, 1919 թ. …Մազմանովը ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՐԱԳ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԱՄՈՒՐՋԸ
Օգոստոսի 16-ի երեկոյան տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազրույցը Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Միխաիլ Սահակաշվիլիի միջեւ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: Քննարկվել է Հայաստանի ...ԵՐԵՎԱՆԻՑ ԹԲԻԼԻՍԻ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՑՔ
3Գրուզիա-omline կայքը հաղորդում է, թե այսօր առավոտյան Երեւանից Թբիլիսի է մեկնել 5 բեռնատար վագոններով հատուկ գնացք բեռնված շինանյութով: Սա Հայաստանի կառավարության օգնությունն է Վրաստանին, որ օգտագործվելու ...ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՆՀԱՄԱՐԺԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1
Վրաց-ռուսական հակամարտությունն ակնհայտորեն նոր իրավիճակ է ստեղծել աշխարհում, մասնավորապես Հարավային Կովկասում: Այդ իրողության ֆոնին բավական հետաքրքրական է դառնում, թե արդյոք, ի վերջո, ինչն էր պատճառը, ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Այսօր, օգոստոսի 18-ին Ռուսաստանը պետք է սկսի իր զորքը հանել Վրաստանից: Այդ մասին ՌԴ նախագահ Մեդվեդեւը կիրակի, օգոստոսի 17-ին հաղորդել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին: Սակայն միջազգային հանրությունը խիստ ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Օգոստոսի 15-ին Մտավորականների ֆորումի ավագանու խորհրդին է դիմել “Սպայի պատիվ” հասարակական կազմակերպությունը, թեմա առաջարկելով ֆորումի արտահերթ նիստի համար: “Եթե որևէ ժողովրդի մոտ բացակայում է առաքելության ...ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը օգոստոսի 18-ին ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել է իր հրաժարականի մասին: Մուշարաֆը ասել է, թե հրաժարական է տալիս “ճնշումների ուժգնացման”, ոչ թե երկրի տնտեսության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԽԱՎԱՐԸ` ԼՈՒՅՍԻ, ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱ ԻՆՉ ԱՆԻ

ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆԵԼՈՒ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ՕՐԸ ԵՎ ՎԱՅՐՈՒՄ

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

ԵՐԲ ԽՆԴԻՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄՆԱՑՅԱԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

ՆՈՐ ԵՎՐՈՊԱ ՕՍԻԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԻՆ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. ԻՆՁ ԼԱՎ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

160 ՎԱԳՈՆ ԲԵՌ ՓՈԹԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻՑ ԹԲԻԼԻՍԻ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՑՔ

ԿԱՐՍԸ ՏԵՍՆԵԼ ՈՒ ՀԵՏ ԴԱՌՆԱԼ - 2

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Հրդեհի զոհ գնաց Կ. Պոլսի Գում-գափու թաղամասում գտնվող հայոց մայր եկեղեցին, ոչնչացան նաև շատ արժեքավոր ձեռագրեր ու փաստաթղթեր:
- 1876 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Վախճ. 1927 թ.-ին):
- 1910 Ծնվեց հայ նկարիչ Հարություն Կալենցը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1917 Շուշիում լույս տեսավ «Նեցուկ» թերթը՝ ՌՍԴԲԿ տեղական կազմակերպության օրգանը, Աշ. Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1954 Մահացավ Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Ծնվ. 1904 թ.):
- 1993 Ռմբակոծության ենթարկվեց Ղափան քաղաքը:
- 1994 Երևանում վախճանվեց ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

