
ԳԻՏԵՄ ՈՉ՝ ՈՐԴԻԱՆՑ ՈՐԴԻ
- Կյանքը չի հոգնում ապացուցելուց, որ «բախտի բերմամբ, թե պատահմամբ» առակային սկզբունքով կամ Թումանյանի ասած՝ «գիտեմ ոչ՝ որդիանց որդի» տարբերակով ում պատահի նախարար, նաեւ փոխնախարար ու մարզպետ նշանակելը չի արդարացնում իրեն։ Կյանքը չի հոգնում ապացուցելուց, սակայն սովորեցնողին էլ սովորող է պետք, խրատ տվողին՝ խրատվող։

Ահավասիկ մի թարմ օրինակ, որ դրսեւորվեց Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանի» ներկայացմամբ հազիվ մի կես տարի առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակված Գեւորգ Պետրոսյանի պաշտոնանկությամբ։ Զուտ ձեւական առումով նախարարը, որ արդեն հրաժեշտ է տվել այդ պաշտոնին, հարգելի պատճառ բերեց՝ առողջական խնդիրներ։ Ինչով, բնականաբար, առաջացրեց բոլորիս ծիծաղը։
Լավ, պետության կառավարման առանցքային պաշտոններից մեկն զբաղեցնող մարդը հրաժարական է տալիս։ Իրավունք ունի՞ հասարակությունը, գոնե ընդհանուր գծերով տեղեկանալու եւ պատկերացում կազմելու, թե այդ ի՞նչ խնդիրներ էին, որ խնդիրներ հարուցեցին պաշտոնյայի հետագա պաշտոնավարման համար։
Սակայն ո՞վ է բացատրողը։ Այդ էր պակաս, որ մեզանում որեւէ պաշտոնյա կամ կուսակցապետ բարեհաճի ինչ-որ բան բացատրել։
Դրեցին ինչ-որ մեկին ինչ-որ տեղում։ Հետո հանեցին։ Ընդ որում, այդ «հետոն» ընդամենը մի քանի ամիս անց էր։ Կարեւորը՝ մեկ ուրիշին շատ արագ բերին-դրին։ Մի քանի ամիս անց էլ, երեւի նրան կհանեն։ Եւ այդպես շարունակ։ Կարեւորը՝ ի սկզբանե որոշված է, թե որ տեղը ում տան։ Դա այդպիսի համաձայնագիր է կոչվում՝ «կոալիցիոն», որով էլ նախարարական պորտֆելները բաժանվում են։
Գուցե այդ մեխանիզմն աշխատում է, ասենք, Գերմանիայում, որտեղ կառավարության կազմը գրեթե մշտապես կոալիցիոն է։ Հնարավոր է, որ Հոլանդիայում եւ Բելգիայում էլ վատ չեն ստացվում նման կուսակցական նշանակումները։ Բայց Հայաստանում այդ «կոալիցիոն» համաձայնության կառավարությունները չեն ստացվում։ Ու հատկապես չեն ստացվում նախարարների նշանակման տեսանկյունից։ Օրինակները բազմաթիվ են։
Եթե ավելի խիստ մոտենանք ու իրերն իրենց անուններով կոչենք, ապա տպավորությունն այն է, թե այդ մարդիկ երեխա ժամանակ «տունտունիկ» խաղից հավեսները չեն հանել։ Ու հիմա հավեսի են ընկել. այսօր դրեցինք, վաղը հանեցինք։ Մինչեւ մեկին գտնում-բերում նախարար են կարգում, մինչեւ նա հարմարվում է իր սոցիալական նոր դիրքին ու նախարարական նիստուկացին, մինչեւ կամաց-կամաց սկսում է հասկանալ, թե ուր է ընկել եւ մոտավորապես ինչ պետք է անի, հո՛պ, ասում են՝ ժամանակն է, թող մի քիչ էլ մեկ ուրիշը խաղա։
Մի շարք հանգամանքներ կարելի է նշել, փորձերով գտնել այն հարցի պատասխանը, թե ինչի՞ց է գալիս այսօրինակ անլուրջ մոտեցումը։ Բայց առաջինների շարքում այն հանգամանքն է, որ տարակերպ նախարարների թեկնածուներ ընտրելիս կամ որեւէ մեկին նախարարացու կարգելիս նրանց ներկայացնող ուժերը դրսեւորում են մեծագույն անպատասխանատվություն եւ նվազագույն պետական մտածողություն։
Մյուս էական հանգամանքն այն է, որ իշխանության մեջ լուրջ պաշտոնների հավակնություններ դրսեւորող ուժերի մեծ մասը պարզապես չունի բավարար կադրային ռեսուրս։ Այսինքն՝ կուսակցությունները, որպես կանոն, չունեն իրենց տրամադրության տակ բավարար թվով պատրաստված, մասնագիտական ու մարդկային ընդունելի հատկանիշների տեր կադրեր։ Ուստիեւ առաջադրում են ում պատահի։ Եւ ստացվում է համարյա Պարույր Սեւակի գրածի նման՝ պատահաբար են հանդիպում կյանքում, հրաժեշտ տալիս անհրաժեշտաբար։
Ի դեպ, էլի երիտասարդ նախարարների մասին։ Այս անգամ կրթության եւ գիտության։ Չէ, Արմեն Աշոտյանը հրաժարական չի տվել։ Բայց նկատվել եւ լուսանկարվել է թանկարժեք ավտոմեքենայից իջնելիս։ Ասում են՝ այդ կարգի մեքենաները մի 70 հազար դոլար արժեն։
Կրթության նախարարն այդ առնչությամբ հայտարարել է. «Մեքենան ձեռք է բերվել ոչ պետական միջոցների, ոչ պետբյուջեի հաշվին. այն ձեռք է բերել Կրթության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն, որի գործերն ընթանում են այնքան հաջողությամբ ու այնքան լավ, որ ունի շահույթ, եւ իր շահույթից գնել է այդ մեքենան եւ նվիրել կրթության եւ գիտության նախարարությանը. դա ոչ մեկի սեփականությունը չէ, դա պետական է: Մնացած շահարկումներն ուղղակի քաղաքական են»։ Ավելին՝ Աշոտյանը համոզված է, որ ինչ-որ մարդիկ իր դեմ պատվիրել են այդ մեքենայի հետ կապված հրապարակումները եւ այլն։
Ես չգիտեմ, թե ով ում ի՞նչ է պատվիրել, բայց այդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ Կրթության ազգային ինստիտուտը, որ այս ճգնաժամային ժամանակներում, Հայաստանի 15-18 տոկոսանոց տնտեսական անկման պայմաններում այդքան հզոր շահույթ է ստանում, ինչո՞ւ է որոշել հենց թանկանոց մեքենա ձեռք բերել, այն էլ հենց նախարարին սպասարկելու համար։
Ամենակարեւորը, այդ ի՞նչ սրտով են Կրթության ազգային ինստիտուտի ղեկավարներն իրենց շահույթն ուղղում թանկանոց ավտո գնելուն, փաստորեն բարեգործություն անելուն (պարոն Աշոտյանի խոսքով՝ այդպես է ստացվում), երբ բազմաթիվ դպրոցներ վերանորոգման, գույքի, գրքի, համակարգիչների եւ հազար ու մի անհրաժեշտ բաների կարիք ունեն։
Ես սա հարցնում եմ որպես օրինապահ քաղաքացի եւ բարեխիղճ հարկատու՝ դուք ի՞նչ սրտով ու խղճով եք թանկանոց նվերներ անում կամ թանկանոց նվերներ ընդունում, երբ հենց Երեւանի կենտրոնում ունեք լավ կրթօջախ, որի շենքը սակայն լուրջ վերանորոգման կարիք է զգում։ Հետո՞ ինչ, որ այդ դպրոցում օլիգարխների զավակներ չեն սովորում, ուրեմն պիտի անտեսե՞ք։
Կարծում ենք, կրթության նախարարը լավ կանի ուղղի Կրթության ազգային ինստիտուտի սխալը, իսկ մեքենայի վաճառքից ստացած միջոցները հրապարակավ ուղղի որեւէ ազնիվ նպատակի, այսինքն՝ կրթության ոլորտում որեւէ նպատակային ծրագրի։
- ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

