
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀԱՎԱՔՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
- «Հայելի» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ

-Դեռ մայիսին ասացի, որ Հայաստանում նախագահը կփոխվի, իշխանությունից չի լինի,- ասաց նա։ -Պարզապես հույս ունեմ եւ մեծ երազանք, որ Քոչարյանի իշխանությունը շարունակություն չգտնի։
Ըստ Հ.Բագրատյանի, տնտեսությունում շատ բարդ վիճակ է, իրական տնտեսություն չկա, մի խոսքով, վատ է, երկրում ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ վատ է, վատ է, վատ է։
-Ինձ ձեռք չի տալիս մի երկիր, որտեղ հարստության կենտրոնացումն արդեն ամեն տեսակի սահմանն անցել է, որտեղ երկու հոգի տնօրինում են արդեն ՀՆԱ-ի 17 տոկոսը,- ասաց Բագրատյանը։
Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե այդ տեղեկություններն իրեն որտեղի՞ց, նախկին վարչապետը կարճ ու հատու պատասխանեց. «Ես եմ ասում, շատ մարդիկ են ասում»։
Հ.Բագրատյանի ասելով, մեր երկիրն այս տարի տնտեսական որեւէ ձեռքբերում չունի։
-Ոչինչ չունենք ձեռքբերում, մենք չունենք որեւէ տնտեսություն, որեւէ արտադրանք, որը դուրս է եկել, ոչինչ չունենք, մենք էլ ավելի ներմուծող ենք դարձել, էլ ավելի պակասել է սեփական արտադրությունը, արժեքային արտահայտությամբ աճ ենք ցույց տվել, ֆիզիկական արտահայտությամբ մենք աճեր չունենք,- ասաց նա եւ աճի առումով բացառություն համարեց միայն ծառայությունների ոլորտը եւ ներմուծումները, նաեւ դրսից եկող փողը։
Վայրկյաններ անց զգալով թույլ տված սխալը այն առումով, որ ինչ-ինչ, բայց օրեցօր ծավալվող շինարարությունը բոլորի աչքերի առջեւ է, գոնե դա հնարավոր չէ ժխտել, ասաց.
-Շինարարությունը, օրինակ, անժխտելի բան է, Երեւանում կատարվում է շինարարություն։ Այս տարի, օրինակ, ինձ ուրախացրեց ճանապարհային շինարարությունը...
Նախկին վարչապետը միաժամանակ հղում կատարելով «Ռոբերտ Քոչարյանի վիճակագրությանը», որին ինքը կտրականապես համաձայն չէ, ասաց, որ 2006թ. կառուցվել է 365000 քառակուսի մետր, «դա անում է 2000 բնակարան», մինչդեռ 1993թ. կառուցվել է 358000 քմ, որը նույնպես անում է 2000 բնակարան։ Այսպիսով նա անտեսեց, որ 1993թ. Գյումրիում եւ Վանաձորում այն ժամանակվա իշխանությունները հիմնականում ավարտին հասցրին ռուսների եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններից օգնության եկածների ուժերով այս կամ այն չափով արդեն կառուցված շենքերը, իհարկե, մինչ այդ խռիկ տալով նրանց, իսկ հետո թույլ տալով, լռելյայն հովանավորելով (մի՞թե առանց շահի) այնքան կարեւոր շինտեխնիկայի դուրսբերումը աղետյալ քաղաքներից, թալանի նմանվող վաճառքը։
Մինչդեռ, փաստն այն է, որ 2006թ. շահագործման հանձնված բնակմակերեսը կառուցվել է հիմքից, հետեւաբար ազնիվ չէ անհամեմատելիներն իրար հետ համեմատելը։
Ի դեպ, երեկ Բագրատյանը ուշագրավ մի բան բերանից գցեց.
-Տո ամոթ է, խանութի եղածն ինչ է,- ասաց նա։ -Այսօր ես որ նայում եմ, էն օրը հավաքում եմ տղաներին կառավարության, ասում եմ՝ մի հատ խանութ էլ չունեք։
Թերեւս մնում է ամբողջ ժողովրդով կարեկցել եւ համահայկական օգնություն հանգանակել բագրատյանական երբեմնի կառավարության անդամների համար, բայց եթե լուրջ, ապա կառավարության նախկին անդամների (թերեւս նրանց մի մասի) հավաքը՝ Հ.Բագրատյանի գլխավորությամբ, բավականաչափ խոսուն փաստ է։
Ի դեպ, 1998թ. հուլիսին Խաչատուր Սուքիասյանը Հ.Բագրատյանի մասին ասել է հետեւյալը. «Պրն Բագրատյանն իրոք խանգարում էր մեզ աշխատել։ Նախկին վարչապետի աշխատանքային հարաբերությունները եւ ոճը խիստ անձնավորված էր։ Նրա շատ նշանակումներ՝ գործարանների տնօրեններ եւ այլք՝ զուտ անձնական մոտեցումներով էին պայմանավորված։ Օրենքներն էր ըստ այդ չափանիշների փոխում եւ այլն։ Շուկայական հարաբերությունների ջատագով էր համարվում, բայց այդ դերում հանդես չէր գալիս։ Եթե իր թիմից չէիր՝ գործունեություն ծավալելու իրավունք չունեիր, այլապես խնդիրներ կունենայիր։
Եթե նախկին վարչապետը կարող է՝ թող նշի, թե Հայաստանի տնտեսությունը 4 տարի իր ղեկավարելու ընթացքում եղե՞լ է Հայաստանում մի կազմակերպություն, որը նախապես չի գործել, բայց հետո սկսել է ողջ հզորությամբ աշխատել եւ հասել միջազգային նմանատիպ կազմակերպության մակարդակին»։
Անդրադառնալով ավտոմոբիլային բիզնեսին` գործարարն ասել է.
«Ամենաշատ ներմուծումները մենք էինք անում։ Կորեական, հետո ճապոնական ավտոմեքենաներ էինք բերում։ Ես մինչեւ անգամ գիտեմ, թե երբ են նրանք զրուցել իրենց թիմով, որոշել, թե ինչպիսի խոչընդոտներ ստեղծեն, որ մենք «չաճենք»։ Եւ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարեցին, որ ավտոմոբիլային բիզնեսով չկարողանանք ծավալվել։ Մենք էլ հասկացանք, որ ավտոմեքենաներով պետք չի զբաղվել կամ ուղղակի «թույլ» է պետք զբաղվել։ Դրական էր, այլ տնտեսական գործունեություն ծավալեցինք եւ ավելի հզորացանք։
Բայց տասնյակ գործարարներ են զբաղվում ավտոմոբիլների ներմուծմամբ, եւ բոլորը բողոքում էին այդ մաքսավճարներից։ Բագրատյանի պատճառով մի քանի միլիոն դոլարի վճարումներ Վրաստանի բյուջե հոսեցին, քանի որ ձեւակերպումներն այնտեղ էին արվում։ Այ, այս սխալի համար թող պատասխան տան. այդ միլիոնները կարող էին մեր բյուջեում լինել»։
Դե ինչ, մեզ մնում է միայն երկրորդել Խաչատուր Սուքիասյանին։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

