
ՄԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ՄԵՆՔ ԼՍՈՒՄ
- Անկախ փորձագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ համոզված է, որ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուները պետք է հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Ավելին, փորձագետի համոզմամբ, «կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները պետք է գրավոր հարցաթերթիկ ուղարկեն բոլոր թեկնածուներին եւ գրավոր պատասխաններ ստանան իրենց հետաքրքրող հարցերի շուրջ, որպեսզի վաղը, եթե այս կամ այն թեկնածուն նախագահ ընտրվեց, ասեն՝ դու այսինչ բանը խոստացել ես, բարի եղիր տեր կանգնել խոստումներիդ։
Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ տվյալ թեկնածուն կամ կուսակցության ղեկավարը ինչ է մտածում այդ հարցի մասին։ Թե չէ մեզանում մոդա է դարձել՝ ընտրություններից առաջ ինչ ասես ասել ու խոստանալ, ընտրություններից հետո՝ մոռանալ կամ, ասվածը ձեւախեղելով, խուսանավել նախընտրական հանձնառություններից։ Կամ պարզապես լպրծուն ձեւակերպումներով հարցը փակել»։
Ինչպե՞ս է գնահատում Ա.Պապյանը Եվրամիության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի ելույթը, որը կողմերին հորդորեց միմյանց ընդառաջ քայլեր անել եւ «փոխզիջումային» հենքի վրա կարգավորել հայ-թուրքական հարաբերությունների թնջուկները։ Մեր զրուցակցի կարծիքով՝ «եթե պրն Սեմնեբին եկել էր այս լսումներին, ոչ թե պիտի իր կարծիքը ասեր ու գնար (մենք առանց այն էլ գիտեինք՝ ինչ է ասելու, եւ կարիք չկար 10-րդ անգամ նույնը կրկնել), այլ բարի լիներ նստել ու լսել, թե հայ հասարակայնության ներկայացուցիչներն ինչ են ասում։ Այլապես անիմաստ էր նրա գալը։ Երկու օրում 65 ելույթ էր լինելու. ի վերջո, այդ մարդիկ հասարակությունն են ներկայացնում, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ են։ Եթե մենք ասենք՝ մենք լսենք, ոչ մի արդյունք էլ չենք ունենա»։
Արա Պապյանն ի՞նչ կարծիքի է Հայաստանում, իմա՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Ադրբեջանի օրեր» անցկացնելու «բլեյամանական» նախաձեռնության մասին։ «Խիստ բացասական վերաբերմունք ունեմ. ոչ թե այն պատճառով, որ ինքնին երեւույթն եմ անընդունելի համարում, այլ որովհետեւ դա պետք է լիներ փոխադարձության սկզբունքով։ Միջպետական, միջազգային հարաբերություններում ամեն ինչ փոխադարձության հիմքի վրա է արվում։
Այո՛, Ադրբեջանի օրեր Հայաստանում թող լինեն, պայմանով, որ Բաքվում էլ լինեն Հայաստանի օրեր։ Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում. մենք աշխարհին ներկայանում ենք որպես անհանդուրժողական հասարակություն, որին պետք է «վերադաստիարակել», մինչդեռ ադրբեջանցիները, պարզվում է, դրա հետ կապված խնդիր չունե՞ն։
Սա՛ է խնդիրը, որովհետեւ միակողմանի կարգով «Ադրբեջանի օրեր» կազմակերպելով՝ ինքնին հայտնվում ենք բացասական լույսի ներքո։ Թող անեին, բայց երկուսը միասին»,- մեր հարցին ի պատասխան՝ արձանագրեց փորձագետը։
Ոչ պակաս անհասկանալի է, ըստ նրա, որ սույն տարաշխարհիկ միջոցառումն անցկացվում է պետական բյուջեից «սնվող» կրթահամալիրի տարածքում. «Դպրոցը պետական է եւ ֆինանսավորվում է հարկատուների փողերով։ Այդ հարկատուների մեջ կան մարդիկ, ովքեր համաձայն են, կան նաեւ այնպիսիք, ովքեր անընդունելի են համարում այդ մոտեցումը։ Հետեւաբար՝ չհամաձայնողների կարծիքն էլ պետք է հաշվի առնել»։
- Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

