
ԻՆՉՈՒ ԷՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԸ ՀԱՆԵԼ ԱՍՊԱՐԵԶԻՑ
- Այն բանից հետո, երբ անակնկալ պարզվեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին առնչվող քրեական գործը ոչ թե գլխավոր դատախազության, այլ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի անձնական արխիվում է, առաջացան մի շարք հարցեր։ Դրանցից մեկն էլ այն է, թե նա ինչո՞ւ էր իր անձնական արխիվում պահում բազմահատորանոց այդ քրեական գործը։

Այս կապակցությամբ նախկին նախագահի տված բացատրությունը, որն արդեն մամուլում հրապարակվել է, եւ ավելորդ ենք համարում մեջբերել, պարզապես անհեթեթ է, բացարձակապես զուրկ հավաստիությունից։
Իսկ գուցե ա՞յլ տեղ է պետք փնտրել բացատրությունը։ Հիշյալ քր.գործում եղած բազմաթիվ փաստաթղթերը բավականաչափ հետաքրքրական են։ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամներից գրեթե բոլորը, չնչին բացառությամբ, ցուցմունքներ են տվել ռուս քննիչներին՝ նկարագրելով կոմիտեի գործունեության բոլոր փուլերը, ուղղություններն ու ձեռնարկված գործողությունները։ Ավելին՝ հաստատել կամ սեփական նախաձեռնությամբ պատմել են այնպիսի հանգամանքների մասին, որոնք նախաքննության մարմնին հիմք են տալիս Արցախյան շարժումը, որ համաժողովրդական արդարացի ընդվզման արտահայտություն էր, քրեականացնել։ Նրանց ցուցմունքները քննչական խմբին եւ ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությանը մասնավորապես հիմք էին տալիս շարժումը ներկայացնել որպես զանգվածային անկարգություններով եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններով զուգորդված շարժում։
Ծանոթանալով այդ ցուցմունքներին, նաեւ այն տպավորությունն է առաջանում, որ ոմանք շարժման կազմկոմիտե մուտք են գործել ոչ թե համաժողովրդական շարժումն ու բողոքի ալիքն ավելի կազմակերպված դարձնելու, այլ այն հստակ մի ուղղությամբ ուղղորդելու, վարկաբեկելու, շատ ավելի նեղ շրջանակների համար կառավարելի դարձնելու նպատակով։ Լ.Տեր-Պետրոսյանը, իհարկե, չէր ցանկանա, որ այս ամենի մասին, բացի իրենից եւ անձանց մի նեղ շրջանակից, իմանան նաեւ ուրիշները։
Իր 27.12.1988թ. ցուցմունքում Վ.Սիրադեղյանը նշել է, որ մինչեւ 1988թ. փետրվարը Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ կապված հարցերով չի զբաղվել, այնտեղ գոյություն ունեցող սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրների մասին իմացել է այստեղից-այնտեղից, բայց չի խորացել այդ հիմնախնդիրների մեջ։
Այնուհետեւ նա մանրամասն ցուցմունքներ է տվել կոմիտեի այլ անդամների եւ կազմակերպված հավաքների, գործողությունների մասին։ Հայտնել է, թե որտեղ են եղել հավաքները, ինչ խնդիրներ են քննարկվել, «Ղարաբաղ» կոմիտեն ինչ գործունեություն է ծավալել, ինչ որոշումներ ընդունել, ինչ նպատակներ են ունեցել, ինքն անձամբ ինչ է արել եւ այլն։
«1988թ. մայիսի վերջին «Ղարաբաղ» կազմկոմիտեում առաջացավ պառակտում,- տեղեկացրել է Վանո Սիրադեղյանը իր ցուցմունքում։ -Դրա պատճառ հանդիսացան մյուս անդամների կարծիքով չմտածված ելույթները։ 1988թ. մայիսի վերջի իր մի քանի ելույթներում Իգոր Մուրադյանը բացասաբար արտահայտվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ոմանց նկատմամբ՝ հայտարարելով, որ «նրանք դավաճանեցին մեզ» եւ սխալ են պատկերացնում Լեռնային Ղարաբաղի պրոբլեմների լուծման ճանապարհները։ Բառացիորեն չեմ հիշում նրա արտահայտությունները, բայց նրա ասածի միտքը հանրահավաքներից մեկում այդպիսին էր։ Ինչպես ես հասկացա նրա ելույթից, նախատինքը նետված էր Աշոտ Մանուչարյանի, Համբարձում Գալստյանի եւ իմ հասցեին։
Բացի դրանից, իր ելույթներից մեկում Իգոր Մուրադյանը դիմելով Թատերական հրապարակում ներկաներին, ասաց, որ հաջորդ հանրահավաքին անհրաժեշտ է, որ իրենց հետ բերեն մետաղաձողի կտորներ։ Ինչ նպատակով՝ նա չճշտեց»։
Ընկերոջը մատնելը կամ, ժողովրդախոսակցականով ասած, «ծախելն» էլ ինչպե՞ս է լինում... Ո՞ւմ պարզ չէ, որ հանրահավաք հրավիրելը կամ հանրահավաքին մասնակցելը այլ է, բայց ներկաներին մետաղաձողի կտորներով զինված ներկայանալու կոչ անելը՝ բոլորովին այլ բան։ Նկատի ունենալով Ի.Մուրադյանի վերոհիշյալ ելույթը, Վ.Սիրադեղյանը շարունակել է իր ցուցմունքը.
«Տվյալ ելույթը ես, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Վազգեն Մանուկյանը, Սամսոն Ղազարյանը գնահատեցինք որպես էժանագին հեղինակություն ձեռք բերելու փորձ երիտասարդների շրջանում, որոնք, մանավանդ Սումգայիթի իրադարձություններից հետո, շատ տաքացած էին։ Բացի դրանից, Իգոր Մուրադյանը գործադուլներ կազմակերպելուն եւ անցկացնելուն դեմ էր, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ էին վերջնական նպատակին հասնելու համար։
Այդ դիրքորոշման հետ կապված, որոշում ընդունվեց Իգոր Մուրադյանին հեռացնել «Ղարաբաղ» կոմիտեի կազմից։ Այդպիսի որոշումն ընդունվեց խորհրդակցության ժամանակ, որին ներկա էինք ես, Վազգեն Մանուկյանը, Սամսոն Ղազարյանը եւ մյուսները, որոնց հիմա չեմ հիշում։ Այդ նպատակով պատրաստված էր թերթիկ, որի տակ ստորագրեցին տվյալ խորհրդակցությանը ներկաները։ Ինձ հանձնարարեցին հանրահավաքներից մեկում «Ղարաբաղ»-ի մնացած անդամների անունից ելույթ ունենալ՝ դատապարտելով Իգոր Մուրադյանի դիրքորոշումը։ 1988թ. մայիսի վերջի հանրահավաքներից մեկում ես ելույթ ունեցա այն հայտարարությամբ, որ Իգոր Մուրադյանն այլեւս կոմիտեի անդամ չի հանդիսանում։
Դրանից հետո «Ղարաբաղ» կոմիտեի կազմում էին Մանուչարյան Աշոտը, Մանուկյան Վազգենը, Գեւորգյան Սամվելը, Գալստյան Համբարձումը, Ղազարյան Սամսոնը, ես՝ Սիրադեղյան Վանոն, Հակոբյան Ալեքսանը։ 1988թ. հունիսին «Ղարաբաղ» կոմիտեի կազմի մեջ մտան Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը եւ Վարդանյան Դավիթը։ «Ղարաբաղ» կոմիտեի կազմում էր նաեւ Ղազարյան Ռաֆայելը, բայց երբ է նա դարձել կոմիտեի անդամ, ես չգիտեմ»։
Իր ցուցմունքի վերջում Վ.Սիրադեղյանը ճշտել է, որ «1988թ. մայիս ամսվա վերջում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների կարծիքը գործադուլ անցկացնելու հարցերի վերաբերյալ միասնական չի եղել՝ այն առումով, որ, մասնավորապես, Աշոտ Մանուչարյանը այդ ժամանակ գործադուլը համարում էր ոչ պետքական»։
Շարունակելի
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

