
ԼԵՎՈՆ ԷՖԵՆԴՈՒ ՓՈՐԱՑԱՎԸ
- Եւ այսպես, Տեր-Պետրոսյանը հերթական քարոզչական պղպջակը բաց թողեց, հայտարարելով, թե շատ բան չի ուզում. ընդամենը 3 տարի՝ «ավգյան աթոռները մաքրելու» համար, որից հետո պատրաստ է «ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից»։

Մի կողմ թողնենք, որ նախկին նախագահն այս դեպքում էլ, ըստ էության, նոր բան չասաց. սոսկ վերաձեւակերպեց Վազգեն Մանուկյանի հայտնի թեզը միասնական ուժերով իշխանությունը տապալելուց հետո «ժամանակավոր կառավարություն» ստեղծելու, 2-3 տարի անց՝ նախագահական եւ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Նաեւ չխորանանք, որ հանրահավաքային գեներալները 90-ականների թավշյա հեղափոխությունից հետո՛ էլ հայտարարում էին, թե «Ղարաբաղ» կոմիտեի անդամները պատրաստ են հրաժարվել պորտֆելներից։
Պատկերացնենք, թե տեղի է ունեցել անհնարինը՝ ժողովուրդը եւս մեկ անգամ իր ուսերի վրա բերել ու ՀՀՇ «վոժդին» նախագահ է դարձրել։
Երեք տարում ի՞նչ է կարող է անել, համակարգի «ավգյան ախոռներն» ինչպե՞ս կարող է մաքրել համակարգային արատների հիմնադիր «այլընտրանքային», այսինքն՝ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը չունեցող նախագահը, եթե գործող սահմանադրությամբ դե յուրե եւ դե ֆակտո հնարավորություն չունի ազդելու երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության վրա։
Ավելին։ Հիմնական օրենքը հստակ սահմանում է նախագահի իրավասությունների տիրույթը՝ արտաքին հարաբերություններ, պաշտպանություն եւ ազգային անվտանգություն։
Հետեւաբար Լեւոն էֆենդին լավագույն դեպքում կարող է փորձել պետության արտաքին ուղեգիծը վերադարձնել 98-ի ակունքներին։ Այն է՝ Ղարաբաղը հանձնել ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից։ Թուրք-ադրբեջանական այս մեծ երազանքին ընդառաջ՝ Լեւոն էֆենդին արդեն իսկ քանիցս բարձրաձայնել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները ցանկացած գնով կարգավորելու եւ Թուրքիային ու Ադրբեջանին ապավինելու դրույթը։
Ի հավելումն՝ իր հանդիպումներում ու հանրահավաքներում դարձյալ մի քանի անգամ կրկնել է ադրբեջանական հայտնի թեզը, ըստ որի՝ վերջին 10 տարիներին հայկական կողմն է իր «անզիջում կեցվածքով» հետեւողականորեն խոչընդոտել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, կառուցողական «ձեւանալով»՝ վիժեցրել հարցի լուծումը։
Վերջին հանրահավաքում Լեւոն էֆենդին ինքն իրեն գերազանցեց՝ առանց այլեւայլության արձանագրելով, որ «արցախյան պատերազմը» (նկատի ունեցեք՝ ո՛չ ազատամարտը) սկսվել է 1992 թվականի մայիսի 9-ին՝ «Շուշիի գրավմամբ»։ Ասել է թե՝ հայերն են նախահարձակ եղել՝ «օկուպացնելով» ադրբեջանցիների սրբության սրբոց Շուշին։ Եւ, իհարկե, ոչ մի խոսք Շուշիի բարձունքից Ստեփանակերտի եւ հայկական մյուս բնակավայրերի վրա թափվող «կրակի» մասին։
Մինչ այդ, երիտասարդներին լուսավորելով, Լեւոն էֆենդին, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել էր. «Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները (ո՛չ հաղթանակը) մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից էլչիբեյին, Էլչիբեյից Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով»։
Այդպիսով նախկին նախագահը ոչ միայն նսեմացնում է Արցախյան ազատամարտում զոհված ու հաշմանդամ դարձած բազմաթիվ հայորդիների արյան, մեր ժողովրդի բազում զրկանքների գնով ձեռք բերված հաղթանակը, այլեւ Թուրքիային ու Ադրբեջանին «իշմար է տալիս». ակնարկում է, որ իսկը ժամանակն է օգտագործել պատեհ առիթը եւ մեկընդմիշտ «լուծել» Ղարաբաղի թնջուկը։ Ընդսմին՝ չի էլ փորձում թաքցնել «համաժողովրդական շարժման» ալիք բարձրացնելու միջոցով երկրում քաոսային իրավիճակ ու «գրեթե անիշխանական վիճակ» ստեղծելու մտադրությունը։
Ավելին՝ ստեպ-ստեպ սպառնում է իրավապահներին, հարկայինի աշխատակիցներին եւ պետական մյուս օղակների ներկայացուցիչներին՝ «վարչախմբի անօրինական հրամաններին ենթարկվելու» պարագայում սեւ ցուցակի մեջ մտցնել ու իշխանության գալուց հետո բոլորին «քրեական պատասխանատվության ենթարկել»։
Այսպիսով օղակը փակվում է։ Լեւոն էֆենդին «վերադառնում է»՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու, որ Ադրբեջանը ուժի դիրքերից մեկընդմիշտ «լուծի» Ղարաբաղի հարցը։
Իսկ եթե, բան է, պատահեց, ու սրանք չկարողացան առիթից օգտվել, 3 տարին, ինչպես օրերս փաստեց վարչապետ Սերժ Սարգսյանը, լիուլի բավական է՝ բանակցությունները հասցնելու «անհուսալի» հանգրվանի, որից հետո Արցախը հանձնելը ընդամենը տեխնիկայի խնդիր է։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

