
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՏԱՂԻ ՓԱՅԼԸ
Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համանուն ցուցանիշներով իրապես հավակնում են մրցանակային տեղերի։
Երեկ կայացած 8-րդ տուրում մեր գրոսմայստերական քառյակը ոչ-ոքի (2։2) ավարտեց մրցամարտը Ադրբեջանի հավաքականի հետ։ Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լեւոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը, որոնց մրցակիցներն էին համապատասխանաբար Շախրիյար Մամեդյարովը եւ Ռաուֆ Մամեդովը։ Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Թեմուր Ռաջաբովին, իսկ Գաբրիել Սարգսյանը հաղթեց Վուգար Գաշիմովին։
Ուրախացրին հայուհիները՝ 2,5։1,5 հաշվով առավելության հասնելով լեհ շախմատիստուհիների նկատմամբ։ Մեր թիմին հաղթանակ բերեց Լիլիթ Մկրտչյանը, որը պարտության մատնեց Իվետա Ռաջլիչին։ Ոչ-ոքի գրանցվեց Մոնիկա Սոկո-Էլինա Դանիելյան, Ջոլանտա Զավադսկա-Նելլի Աղինյան, Ջոաննա Դվորակովսկա-Սիրանույշ Անդրեասյան հանդիպումներում։
Այսպիսով 8 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը՝ առաջ թողնելով Իսրայելին (12 միավոր) եւ Ռուսաստանին (15)։ Նմանապես 12 միավոր ունի եւ երրորդ տեղում է մեր կանանց թիմը, որին ցուցանիշով հավասար է 2-րդ տեղը զբաղեցնող Լեհաստանը եւ աղյուսակը 14 միավորով գլխավորող Ռուսաստանի թիմը։
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

