
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
Դա եղել է քսան տարի առաջ: ԽՍՀՄ-ում՝ մի երկրում, որտեղ օրը ցերեկով կատարված Ցեղասպանության, ջարդերի, զանգվածային կոտորածների մասին տեղյակ էին միայն պատմության դասերից կամ հպանցիկ խոսակցություններից, հանկարծ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Սումգայիթ ոչ մեծ քաղաքում գազազած վայրենիները ներխուժել են հայերի տները (նախապես ունենալով ոչ միայն հասցեները, այլեւ վաղօրոք նախապատրաստած մետաղե մահակներ) եւ անպատիժ հրկիզել են, սպանել, բռնաբարել: Դա սկսվել էր փետրվարի 26-ի երեկոյան, շարունակվել 27-ի, 28-ի ողջ գիշերն ու ցերեկը եւ ավարտվել փետրվարի 29-ին, մութն ընկնելուն պես: Եվ այդ ամենը՝ միլիցիայի գիտությամբ, քաղաքի բնակիչների աչքի առջեւ:
Խորհրդային Միության համար դա իրոք անսպասելի էր: Ակադեմիկոս Սախարովը հետո պետք է խոստովաներ. «Տեղեկանալով այդ մասին, մենք ա՜խ քաշեցինք»: Անդրեյ Դմիտրիեւիչը թերեւս առաջինն էր, որ կանխատեսեց ու մարգարեաբար գնահատեց իրավիճակի ողջ վտանգավորությունը, որը կարող էր ահռելի երկրում սկիզբ դնել հրդեհների ու ջարդերի շղթայական հակազդեցության: Նա առաջինը դատապարտեց «սումգայիթը» կենտրոնական մամուլում՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթում: Առաջինը հայտնեց այն տեսակետը, որ եթե Կրեմլը ոչ միայն իրավաբանական, այլեւ քաղաքական գնահատական չտա «սումգայիթին», ապա համընդհանուր դժբախտության փոխված այդ անկասելի աղետն անպատճառ կհանգեցնի ԽՍՀՄ-ի փլուզմանը:
Ավա՜ղ, Անդրեյ Դմիտրիեւիչի խոսքերն իրոք մարգարեական դուրս եկան: Աճում էր մի սերունդ, որը գործնականում ոչինչ չգիտեր անպատիժ կերպով մարդկության դեմ գործված հանցագործության մասին: Չէ՞ որ «սումգայիթյան» անպատժելիությունը երկու տարի անց բերեց ավելի հրեշավոր հանցագործության, այս անգամ արդեն Բաքվում, եւ հետո էլ դաժան, լայնածավալ պատերազմի Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ: Մեզանից յուրաքանչյուրի սրտում մնացին միայն անմեղ զոհերի հիշատակը եւ հայ ժողովրդի անամոք ողբերգությունը:
Ի լրումն ամենի, ադրբեջանցիները՝ Սումգայիթի եւ Բաքվի դահիճներին դասելով սրբերի շարքը, այսօր գլխիվայր շրջելով պատմական փաստերը, ազգային հերոսի աստիճանին են բարձրացել այն երիտասարդ սպային, որը Բուդապեշտում, կացինը ձեռքին գիշերով ներխուժեց իր քնած գործընկերոջ սենյակ եւ կտրեց նրա գլուխը միայն այն պատճառով, որ վերջինս հայ էր: Հոգեբանների կարծիքով` կացինը մարդասպանի ձեռքն էր դրել անպատիժ մնացած Սումգայիթը: Եվ նույնը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գործուն կերպով չենք գիտակցել, որ զոհերը ոչ թե վրիժառության են ծարավ, այլ օրենքի հաղթանակի: Ճիշտ էր Սախարովը, երբ 88 թվականին այցելելով Ղարաբաղ, ասաց. «Դեռ հայտնի չէ, թե ավելի շատ ով է զոհը. նրանք, ում սպանեցին, թե՞ նրանք, ովքեր սպանում էին»:
Սումգայիթում հայկական ջարդերի անսքող կոչեր սկսեցին հնչել 1988 թվականի փետրվարի 26-ի երեկոյան: Օրն ուրբաթ էր: Միայն հետագայում էինք իմանալու, որ Ադրբեջանում հայերի դեմ բոլոր արյունալի գործողությունները ծրագրվում էին բացառապես շաբաթվա վերջին օրերին: Դա արվում էր նրա համար, որ մեր զանգերը չհասնեին երկրի ղեկավարներին, որոնք, որպես կանոն, արդեն ուրբաթ երեկոյան մեկնում էին իրենց ամառանոցներ: Ի դեպ, հետագայում բոլոր խոշորածավալ գործողությունները, ելնելով «սումգայիթյան» փորձից, Ադրբեջանի ղեկավարությունը ծրագրում եւ իրագործում էր միմիայն կուսակցական եւ խորհրդային իշխանությունների գիտությամբ: Հենց ողբերգական իրադարձությունների նախօրեին էր, որ նոր ցեղասպանության կազմակերպիչներն ու գաղափարախոսները, բացի այլ, զուտ ազգայնամոլական կարգախոսներից, բարձրաձայն գոռում էին. «Հայե՛ր, հեռացեք ձեր խղճուկ Հայաստան», «Մաքրե՛նք Սումգայիթը հայերից»: Հռետորները հայտարարում էին, թե ադրբեջանցիները քաղաքը կառուցել են ադրբեջանցիների համար, իսկ այսօր այդ շինարարներն ապրում են ողորմելի բարաքներում: Այո, արդեն կարող էին ազատվել նրանցից, ովքեր 40-ականների վերջին եւ 50-ականների սկզբին ղարաբաղյան գյուղերից եկել էին այն փոքրիկ բնակավայրը, որը գտնվում էր Բաքվից երեսուն կիլոմետր հեռու, Սումգայիթ գետի գետաբերանի մոտ:
Մինչեւ Հայրենական մեծ պատերազմը Սումգայիթում ապրում էր հինգ հազար մարդ: Եվ դժվար թե այն ժամանակ որեւէ մեկն իմանար, որ տասը տարի անց այդ բնակավայրն ընդգրկվելու էր «կոմունիզմի մեծ կառույցների» ցանկում: Մինչ այն, երբ Արցախում առաջին անգամ լսեցինք Սումգայիթի մասին, ամենահայտնի «մեծ կառույցը» Մինգեչաուրի ՀԷԿ-ն էր: Պատերազմից անմիջապես հետո Բաքվից սկսեցին հաճախ Արցախ գալ անձինք, որոնց առաքելությունն էր երիտասարդությանը հրապուրել դեպի նոր աշխատանքային ճակատ, կոչ անելով «մարտական մեդալներին» ավելացնել նաեւ «աշխատանքի մեդալներ»: Հայկական ինքնավար մարզի 150 հազար կազմող բնակչությունից 45 հազար մարդ էր մեկնել ռազմաճակատ, որոնց կեսն ընկել էր քաջի մահով: Ղարաբաղյան գյուղերում փեսացուների անհավատալի պակաս կար: Ժողովրդագրական այդ ողբերգական խորապատկերի վրա, հետպատերազմյան սովի պայմաններում շատ տղամարդիկ, այդ թվում՝ զորացրված ռազմաճակատայիններ ու անմորուս պատանիներ, սկսեցին ապրուստ վաստակելու համար մեկնել Մինգեչաուր եւ հետո էլ՝ Սումգայիթ:
Բնակչության հերթական մարդահամարը, որ տեղի ունեցավ 1959 թվականին, ցույց տվեց, որ գյուղը վերաճել է քաղաքի, որտեղ բնակվում էր արդեն 50 հազար մարդ, իսկ 1970 թվականի հաջորդ մարդահամարի տվյալներով՝ 125 հազար: Թերթերը գրում էին, թե «Սումգայիթի շինարարների աշխատանքային լեզուն հայերենն է»: Հանրապետական «Օրվա նորություններով» մշտապես ցուցադրում էին սյուժեներ հայկական ընտանիքների ուրախ ու աղմկոտ բնակարանամուտների մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարները երկու նպատակ էին հետապնդում՝ կառուցել բուռն զարգացող քաղաք, որը շատ շուտով Բաքվից հետո երկրորդ տեղն էր գրավելու արդյունաբերական համալիրում, եւ աննկատ իրագործել Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնավար մարզի բնիկ բնակչության ամենաիսկական էթնիկ զտում:
1988 թվականի փետրվարի դրությամբ Սումգայիթում ապրում էր ավելի քան 20 հազար հայ: Ըստ էության նրանք բոլորն էլ ծնունդով Արցախից էին: Հավատալով շռայլ խոստումներին եւ հեքիաթներին, թե իրենց համար «արեւի քաղաք» են կառուցելու, հայերն իրենց նվիրաբերեցին Սումգայիթին: Իսկ 1988 թվականի փետրվարի 26-ին իրենց աչքերին ու ականջներին չէին հավատում, թե հայկական ջարդերն իրագործվում են պետական քաղաքականության մակարդակով, քանզի ցույցերի մասնակիցների մեջ էին նաեւ քաղաքի ղեկավարները: Եվ իհարկե, նրանց մտքով էլ չէր անցնի, որ սկիզբ առնող կոտորածի մասին, սթափ դատելով, տեղյակ էր նաեւ ինքը՝ Գորբաչովը:
Հենց փետրվարի 26-ին էր, որ Մոսկվայում, առավոտյան ժամը 10-ին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովը Հին հրապարակի իր առանձնասենյակում ընդունեց Սիլվա Կապուտիկյանին եւ ինձ՝ ղարաբաղյան իրադարձությունների կապակցությամբ: Միութենական հանրապետությունից եկած գրողների ընդունելությունն այդքան բարձր մակարդակով արդեն ինքնին աննախադեպ երեւույթ էր: Եվ տեղի ունեցավ այն հիմքով, որ դրա պատճառն ու առիթը նույնպես աննախադեպ էին: Կատակ բան չէ, արդեն երկու շաբաթ անընդմեջ բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում ԼՂԻՄ-ում եւ Հայաստանում: Իսկ Երեւանում ցուցարարների թիվը հասել էր կես միլիոնի: Թվում էր, թե աշխարհի հզորագույն տերություններից մեկի ղեկավարը պետք է մեզ լսելուց հետո հարց տար ինքն իրեն, թե ինչ անել, որպեսզի չճնշեն հուսահատության հասցված հայերին: Բայց դրա փոխարեն նա արտաբերեց. «Իսկ դուք մտածե՞լ եք Բաքվում ապրող 207 հազար հայերի ճակատագրի մասին»: Ես հասկացա, որ աշխատասենյակի տերը բոլորովին էլ պատահաբար չտվեց այդ կոնկրետ թիվը, չկլորացրեց, ասենք՝ «200 հազար»-ի: Ո՛չ, նշեց հենց 207 հազարը: Նման թիվն ամուր մտապահվում է, եթե ինքդ ես կարդում: Անկասկած, Բաքվից ստացված զրպարտագրերում, բացի ամենայնից, ընդգծված էր եղել նաեւ շանտաժող միտքը, որ իրենց մայրաքաղաքում ապրում են 207 հազար հայեր, որոնց ադրբեջանցիները կկոտորեն:
1988 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան Հայաստանի կոմկուսի կենտկոմ հրավիրվեցին «մտավորականության մի քանի ներկայացուցիչներ»: Հեռախոսով հայտնել էին, թե մեզ հետ ցանկանում են հանդիպել հենց իր՝ Գորբաչովի կողմից գործուղված կուսակցական բարձրագույն աշխատողներ Դոլգիխը եւ Լուկյանովը: Հանդիպումը տեղի ունեցավ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանի աշխատասենյակում: Առույգ, առանց նախաբանի իր խոսքն սկսեց քաղբյուրոյի անդամության թեկնածու, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Դոլգիխը. «Դե ի՞նչ, հասա՞ք ձեր նպատակին: Երեկ չէ առաջին օրը Սումգայիթում սկսվել են անկարգություններ, որոնց հետեւանքով կան մարդկային զոհեր: Մոտ քսան մարդ սպանված են, տասներկուսը՝ բռնաբարված: Հրկիզվել, թալանվել ու կողոպտվել են ավելի քան երկու հարյուր բնակարաններ: Վառվել են հարյուրավոր ավտոմեքենաներ, խանութներ, կրպակներ»:
Հանդիպմանը ներկա, ղարաբաղյան շարժման ամենահեղինակավոր եւ ակտիվ գործիչներից մեկը՝ Իգոր Մուրադյանը ասաց. «Մեր ասածն էլ դա է: Չի կարելի ժողովրդի ճակատագիրը հանձնել անսանձ ու վայրի գազանների իշխանությանը, որոնք ունակ են միայն կոտորածների ու ցեղասպանության եւ ոչ թե խաղաղ ցույցերի՝ Գորբաչովի դիմանկարներով ու վերակառուցման կարգախոսներով: Ստեղծված իրավիճակում ստիպված եք լինելու Ղարաբաղը վերցնել Մոսկվայի պաշտպանության տակ»:
Նույն օրն իսկ սկսեցին Երեւան հասնել Սումգայիթի փախստականները: Երեկոյան մենք իմացանք 20-րդ դարի հերթական ցեղասպանության բազմաթիվ մանրամասներ: 72 ժամ անընդմեջ, երեք օր ու գիշեր իրագործվել էր հայերի մի այնպիսի ցեղասպանություն, ինչպես 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում: Ոչնչացրել, ողջ-ողջ այրել, բռնաբարել ու թալանել էին բացառապես էթնիկական հատկանիշներից ելնելով: Իսկ ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը 1988 թվականի հուլիսի 18-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում ողջ երկրով մեկ հայտարարեց, թե «Սումգայիթի ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե զորքերը չուշանային երեք ժամով»:
Ինչի՞ վրա էր հույսը դրել Գորբաչովը, երբ այդքան բացորոշ ու անամոթաբար ստում էր: Իմ տրամադրության տակ է մի փաստաթղթի պատճենը՝ «Հույժ գաղտնի» վերտառությամբ: Այն վերնագրված է ՝«ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի 1988 թվականի փետրվարի 29-ի նիստի ելույթների աշխատանքային արձանագրություն: Մեկ օրինակից»: Այդ նիստում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդիրը: Միաժամանակ, այսպես ասած՝ հընթացս, խոսակցություն է գնում Սումգայիթի մասին, որտեղ արդեն երրորդ օրը շարունակվում են ջարդերը: Բայց, դատելով ռեպլիկներից, քաղբյուրոյի անդամները, անդամության թեկնածուները, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարները, որոնք իհարկե, լսել են սումգայիթյան սպանդի մասին, դեռեւս իրավիճակի տերը չեն: Եվ այնժամ գլխավոր քարտուղար Գորբաչովը, իրեն դնելով պրոֆեսիոնալ իրավաբանի տեղ, որը լավ գիտե, որ «Աստված մանրուքներում է», դիմում է մարշալ Յազովին. «Պատմի՛ր, Դմիտրի Տիմոֆեեւիչ, թե ինչպես են սպանում»: «Երկու կանանց կուրծքն են կտրել, մեկի գլուխը: Մի աղջկա մաշկահան են արել: Ահա այդպիսի վայրենություն: Որոշ կուրսանտներ, այդ բաները տեսնելով, ուշաթափվում էին»:
Ես պատկերացրի, թե ինչպես են հանգիստ ու հարմարավետ տեղավորված փափուկ բազկաթոռներին, արծաթե գավաթակալների մեջ դրված բյուրեղապակե բաժակներով թեյ խմում այն մարդիկ, որոնց ռետուշված դիմանկարները՝ առանց աչքատակի պարկերի ու խոր կնճիռների, կախված էին ահռելի երկրի հրապարակներում ու շենքերի պատերին, աշխատասենյակներում ու ակումբներում: Եվ իմանալով, որ կուրսանտները տեսածից ուշագնաց են լինում, թոթվում են ուսերը: Ասել կուզի՝ այս ի՜նչ թույլ սերունդ է աճում: Համենայն դեպս նրանցից ոչ ոք զայրույթ չարտահայտեց: Իսկ արձանագրությունը դեռեւս սղագրված, «աշխատանքային» օրինակն է: Այսինքն, դեռ ոչ ոք չի հասցրել մաքրել, խմբագրել, ինչ-որ մեկի ռեպլիկը հանել:
Այնինչ կարող էին մարշալ Յազովին գոնե հարցնել, թե ո՞վ էր այն կինը, որի կուրծքն են կտրել, ո՞ւմ գլուխն են կտրել, ո՞ւմ մաշկն են հանել: Չէ՞ որ դրանք կոնկրետ մարդիկ էին, իրենց երկրի քաղաքացիները: Ես համոզված եմ, որ դեռ այն ժամանակ պաշտպանության նախարարի ձեռքի տակ էին տվյալներ, որ 27-ամյա Լոլա Պավելի Ավագյանը բնակվել է Սումգայիթի 45-րդ թաղամասի 10/13 շենքի 37-րդ բնակարանում: Նրա վրայից հանել են ամբողջ հագուստը, ստիպել են պարել, բռնաբարել են, հարվածել դանակներով, կտրել կուրծքը: Նույն նիստի ընթացքում քաղբյուրոյի անդամները կարող էին տեղեկանալ, որ մաշկահան էին արվել մի քանի մարդիկ, այդ թվում եւ 86-ամյա Երսիլիա Բախշիի Մովսիսյանը, որ 27-ամյա Իրինա Սողոմոնի Մելքումյանի մարմինը գլխատված ու ածխացած էր:
Սումգայիթի ողբերգության մասին հրատարակվել են մի քանի գրքեր, բրոշյուրներ, փաստաթղթերի ժողովածուներ, հարյուրավոր հոդվածներ: Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններում» պատկառելի երկհատորյակում ցավալիորեն քիչ բան կա Մելքումյանների ընտանիքի մասին: Եվ դա հեղինակի մեղքը չէ: ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը սումգայիթյան ջարդերի մասին տեղեկություններն ստանում էր փետրվարի 27-ից: Եվ չնայած դրան, բարձր ամբիոններից հայտարարեց, թե զորքերը երեք ժամով են ուշացել, այնինչ Մելքումյանների ընտանիքը կոտորվել է փետրվարի 29-ին:
Մեկ այլ հետազոտող՝ Հրայր Ուլուբաբյանը հրապարակել է երեսուն փաստաթղթեր մահվան մասին: Դրանց մի մասը լրացված են ռուսերեն տեքստով՝ մահվան բժշկական վկայականների բլանկների վրա, մի մասն էլ՝ ռուսերեն եւ ադրբեջաներեն: Բոլոր ախտորոշումները գործնականում նույնն են. «Գանգոսկրերի բեկորային ջարդվածքներ, որովայնի կտրված-ծակված վերքեր, այրվածքներ»: Այդպիսի ախտորոշումներ են տրված բոլոր հինգ Մելքումյաններին, որոնք բնակվել են Սումգայիթի 42ա թաղամասի 26-րդ շենքի 21-րդ բնակարանում: Հայրը՝ Սողոմոն Մարգարի Մելքումյանը, ծնված 1931 թվականին, մայրը՝ Ռայիսան, ծնված 1934 թվականին, որդին՝ Իգորը (1957 թ.), որդին՝ Էդուարդը (1960 թ.), դուստրը՝ Իրինան (1961 թ.): Սումգայիթում, Վորոնեժում, Մոսկվայում անցած դատալսումների ընթացքում վկաները ցուցմունքներ են տվել, որոնց համաձայն բոլոր հինգ Մելքումյաններին էլ, ծեծից ու ծանակումներից հետո, ողջ-ողջ այրել են ուղղակի փողոցում:
Նրանք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ջիլան փոքրիկ գյուղից էին: Մերձավոր ազգականներ չունեին ոչ հայրենի Արցախում, ոչ էլ Սումգայիթում: Այդպես 1988 թվականի փետրվարի 29-ին անհետացավ մի ողջ տոհմ: Նրանք վերջին զոհվածներից էին: Գուցե իրոք յուրովի ճիշտ էր Գորբաչովը. եթե զորքը երեք ժամ շուտ գար, կփրկվեին եղբայրներ Վալերի եւ Ալբերտ Ավանեսյանները, հայր ու որդի Արմո եւ Արթուր Արամյանները եւ շատ ուրիշներ: Ի դեպ, Արամյանները, որ ծնունդով արցախյան Քյաթուկ գյուղից էին, իմ ազգականներն էին մորս գծով: Մեզ այն ժամանակ հաջողվեց նրանց մարմինները տեղափոխել Արցախ եւ թաղել Քյաթուկի գերեզմանոցում, պապիս կողքին:
Ականատեսները պատմում են, որ անպատժելիությունը մարդասպաններին ժամ առ ժամ ավելի լպիրշ ու համարձակ էր դարձնում: Պատահական չէ, որ զոհերի ու ջարդերի մեծ մասը բաժին ընկավ չորրորդ օրվան՝ փետրվարի 29-ին: Եթե Տուլայի օդադեսանտային դիվիզիայի Ռյազանի 137-րդ գունդը վերջապես չհասներ Սումգայիթ, ապա զոհերի թիվն անհամար կաճեր: Գնդապետ Ալեքսանդր Լեբեդը, որը մարտին ընդունեց դիվիզիայի հրամանատարությունը, Սումգայիթ ժամանեց այն ժամանակ, երբ դեռ օդում կանգնած էր խանձահոտը:
Իր «За державу обидно» գրքում Լեբեդը գրում է. «Այն ժամանակ՝ 1988 թվականի փետրվար-մարտ ամիսներին սկսվեց գրվել անկանխատեսելի, անսպասելի, վայրի, տեղ-տեղ՝ արյունոտ, տեղ-տեղ էլ ծայրահեղ ստոր մի էջ թե՛ ՕԴԶ-ի պատմության, թե՛ հայրենիքի պատմության եւ թե՛ իմ անձնական կենսագրության մեջ: Ամենացավալին այն էր, որ պետության մեջ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանցից էին գալիս ստորությունը, անմաքրությունը, միջոցների միջեւ խտրականություն չդնելը: Նրանք այնտեղ, վերեւում հետապնդում էին սեփական ինչ-որ ռազմավարական նպատակներ, խարդավանքների դիմում, կնքում գործարքներ, այդ թվում նաեւ սատանայի հետ, իսկ ներքեւում նրանց կամքով ու գիտությամբ, նրանց ակտիվ մասնակցությամբ կամ կանխամտածված պասսիվությամբ կատարվում էր ժողովուրդների հրահրում, ծավալվում ու աճում էր արյունոտ անօրենությունը, հիմքեր էին դրվում (եթե կարելի է դրանք հիմքեր անվանել) մեծ պետության փլուզման ու կործանման համար... Աֆղանստանից հետո առաջին անգամ Սումգայիթում, իմ հարազատ հողում (այն ժամանակ այդպես էի ընդունում) ես տեսա հրկիզված բեռնատարներ ու ավտոբուսներ, այրվող տներ, ինչ-որ ժամանակ բնականից սեւ, բայց մարդկանց վերապրած սարսափից ճերմակած մազեր եւ աչքե՜ր, աչքե՜ր... Եվ այդ ժամանակ էլ առա միջնադարյան սադիզմի, գազանային, անմարդկային դաժանության հոտը, խիտ միահյուսված հիմարության հետ...»:
Թվում էր, թե Սումգայիթն իր ողջ էությամբ պետք է բացեր վերակառուցման նախաձեռնող Գորբաչովի աչքերը, որի ձեռքին էին ե՛ւ իրական իշխանությունը (եթե չասենք՝ անսահմանափակ), ե՛ւ դրա կիրառման կոնկրետ մեխանիզմները՝ ոչ միայն վճռականորեն պատժելու չարիքը, այլեւ այն ժամանակվա համար լավագույն լուծումը տալու ղարաբաղյան եւ նախիջեւանյան խնդիրներին: Հանուն արդարության պետք է ասել, որ փետրվարի 29-ի քաղբյուրոյի վերը հիշատակված նիստում Միխայիլ Գորբաչովը բավական հանգամանորեն խոսեց Նախիջեւանի Հայկական Ինքնավար Հանրապետության ծայրագույնս սրված խնդրի մասին. «Ես հարցրեցի Վիկտոր Միխայլովիչին (Չեբրիկով, ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ-Զ.Բ.), ի՞նչ ես արել այնտեղ սահմանային գծի հետ: Իսկ նա պատասխանեց, թե Նախիջեւանում, որտեղով անցնում է սահմանը, սահմանապահներն ունեն իրենց գիծը, որտեղ տեղադրված են ուղեկալները: Իսկ սահմանային գոտու ողջ խորությունը սահմանում են տեղական մարմինները, տվյալ դեպքում՝ հանրապետական (ադրբեջանական-Զ.Բ.)»: Եվ ի՞նչ որոշում ընդունվեց: Ողջ Նախիջեւանը մտցվեց սահմանամեձ գոտու տակ: Ազատ մուտքն այնտեղ արգելվեց: Իսկ չէ՞ որ այնտեղ էին թաղված ցեղասպանության զոհեր: Այնտեղ էին գտնվում նրանց գերեզմանները: Այնտեղ էին գտնվում հայկական մշակույթի 90 հուշարձաններ, որոնցից մեկը մնաց: Եվ վերջ: Ոչ մեկին չեն թողնում այն պատրվակով, թե դա սահմանային գոտի է:
Սումգայիթյան ջարդերին հաջորդած առաջին օրերին Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունը շոկի մեջ էր: Տրամաբանորեն սպասում էին գոնե ինչ-որ քաղաքական գնահատականի՝ կազմակերպական եւ իրավաբանական եզրահանգումներով: Սակայն բառացիորեն մեկ օր անց, կենտրոնական թերթերը, ասես պայմանավորված, սկսեցին գրել բացառապես «Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ իրադարձությունների մասին»: Ավելի շատ գրում էին ժողովուրդների բարեկամության մասին: Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրեցին մի ուրախ հարսանիք, որտեղ փեսան ադրբեջանցի էր, հարսը՝ հայուհի: «Նորապսակ» դերասանները խցիկի առջեւ բոցաշունչ, ինտերնացիոնալիստական ճառեր արտասանեցին: Հանցագործության հետքերը ջնջելու գործում առանձնակի եռանդ հանդես բերեց ԽՍՀՄ դատախազությունը: Ավելի ու ավելի հաճախ էին կրկնում. «Զոհերը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին»: Զանգվածային սպանությունների օրը «Կոմունիստ Սումգայիտա» թերթի (1988 թ. փետրվարի 28-ի համարի) առաջնորդող հոդվածում գրում էին. «Սումգայիթցիների, ինչպեսեւ մեր հանրապետության ողջ աշխատավորության շրջանում ջերմ արձագանք գտավ ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Գորբաչովի դիմումը Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին: Միխայիլ Գորբաչովի դիմումը հաղորդելուց բառացիորեն մի քանի ժամ անց խմբագրություն սկսեցին այցելել տարբեր ազգերի ներկայացուցիչներ...»: Այս փարիսեցիությունն ու ցինիզմը շարունակվեցին հաջորդող բոլոր օրերի ընթացքում: Իսկ 1988 թվականի մարտի 4-ին նույն թերթը տեղեկատվություն տպագրեց, որ «ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Սեիդովի գլխավորությամբ: Լուծվում են բոլոր հարցերը, կապված... բնակելի եւ հասարակական շենքերի վերանորոգման հետ: Ահա թե ինչպիսի «բոլոր հարցեր» էին լուծվում այն ժամանակ, երբ քաղաքի ասֆալտի վրա դեռ չէր չորացել անմեղ զոհերի արյունը:
Բաքվի կուսակցական եւ կոմերիտական թերթերում տպագրվում էին հոդվածներ, որոնցում ստեղծվում էր հայի կերպարը՝ որպես Ադրբեջանի ոխերիմ թշնամու: Իսկ սպանդը կազմակերպողներին վերագրվում էր այն մեղքը, թե «Սումգայիթը փոխվել էր էկոլոգիական դժոխքի»: Եվ արդեն ամբողջովին սանձազերծվեցին, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում Գորբաչովը, հաստատակամորեն մերժելով «ցեղասպանություն» տերմինի կիրառումը Սումգայիթի նկատմամբ, ողջ երկրով մեկ հայտարարեց. «Ցեղասպանությունը կազմակերպված հանցագործություն է: Իսկ Սումգայիթում գործել են ընդամենը հասարակության թափթփուկներ»: Եվ սա ասում է այն պետության ղեկավարը, որը ստորագրել է ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատիժ կրելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած համաձայնագիրը: Բայց չէ՞ որ համաձայնագրում ընդգծված է. «Ցեղասպանության տակ հասկացվում են հետեւյալ գործողությունները, որոնք կատարվում են որեւէ ազգային, ռասայական կամ կրոնական խումբ որպես այդպիսին լիովին կամ մասամբ ոչնչացնելու նպատակով. նման խմբերի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր խանգարումներ պատճառելը»:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահը որպես փաստարկ բերեց նաեւ զոհերի թիվը: Մինչդեռ, համաձայն Գլխավոր ասամբլեայի հայտարարության, «քանակական բնութագիրը որոշիչ չէ ցեղասպանություն հանցագործության պարագայում: Ցեղասպանություն է համարվում ազգային խմբի մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե սպանությունը կատարված է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով»:
Պատահական չէր, որ կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության այդ տխրահռչակ նիստից հետո սկսեցին հայտնվել հրապարակումներ, որոնցում բոլոր մահացու մեղքերը վերագրվում էին հենց զոհերին: Սումգայիթի փախստականներին շպրտում էին փողոց: Հայերի հասցեին վիրավորանքներ էին հնչում ոչ միայն խորհրդային մամուլում, այլեւ արտասահմանից: Ադրբեջանցի բանաստեղծը «Ֆիգարո»-ի 1988 թվականի հոկտեմբերի 24-ի համարում գրում էր. «Եթե նույնիսկ Սումգայիթը չլիներ, միեւնույն է, հայերը այն կհորինեին: Հայ ժողովուրդը մազոխիստ է: Նրան անհրաժեշտ է հավերժ պայքարել, ըմբոշխնել մահն ու դժբախտությունը»: Եվ պատահական չէր, որ 1989 թվականի փետրվարին, ողբերգության մեկ տարին լրանալու օրը Բաքվի ցույցերում սումգայիթյան մարդասպանները հայտարարվեցին հերոսներ, որոնց պատվում էին Տյուտչեւի նկարագրած խնջույքներով. «Եվ դարձյալ ճիշտը խրախճող դահիճն է, եւ նզովվում են դարձյալ զոհերը»:
Անպատիժ մնացած կազմակերպված հանցագործությունը, որ համատարած կեղծիքի, բռնության միջոցով ազգային հարցերը լուծելու հետեւանքն էր, նախապատճառ դարձավ, որ ահռելի երկրում սկիզբ առնի «սումգայիթների» շղթայական ռեակցիան: Հենց որ պարզվեց, որ Կրեմլի մտքով չի էլ անցնում ցավակցություն հայտնել Սումգայիթի զոհերի հարազատներին ու մերձավորներին, Երեւանի համալսարանի պրոֆեսոր Սուրեն Զոլյանն առաջիններից մեկը թվարկեց ապագա «սումգայիթների» աշխարհագրական անունները. Շուշի, Կիրովաբադ, Օշ, Թուրքմենիա, Ֆերգանա, Հյուսիսային Կովկաս:
Ավաղ, վերակառուցման նախաձեռնողն այդպես էլ չհասկացավ, որ այլընտրանք չունի «սումգայիթի» քաղաքական գնահատականը տալու հարցում: Որպես խորհրդային վերջին պառլամենտի ժողովրդական պատգամավոր բազմիցս հանդիպել եմ Գորբաչովի, Յակովլեւի, Լուկյանովի եւ պետության այլ ղեկավարների հետ: Եվ ամեն անգամ զուր եմ փորձել համոզել նրանց, որ Սումգայիթի ու «սումգայիթների» անպատժելիության ամենաահավոր ու վտանգավոր հետեւանքներից մեկն այն է, որ ժողովուրդն արդեն միեւնույն նժարի վրա է դնում «խորհրդային» եւ «ռուսական» հասկացությունները: Հակառուսական տրամադրությունները կամ դրանց նույնիսկ եզակի փայլատակումները երեւանյան բազմահազարանոց ցույցերի ժամանակ չլսված երեւույթ էին, եթե չասենք՝ անհեթեթություն: Իսկ սադրող հրապարակումներից, հեռուստահաղորդումներից կամ պետական այրերի անմտածված ելույթներից եւ մանավանդ՝ սումգայիթյան դահիճների նկատմամբ դատական զավեշտախաղերից հետո արդեն սկսեցին հնչել թեկուզ թույլ, բայց հակառուսական նոտաներ:
Միեւնույն ժամանակ, դժվար չէր հասկանալ, որ երկրում «սումգայիթների» տարածումը հանգեցնելու է նրան, որ ե՛ւ դժբախտությունը, ե՛ւ մեղքը, ե՛ւ նույնիսկ արյունահեղության պատասխանատվությունը գցելու են ռուսների վրա, թեկուզ բռնեն էլ բանդիտների ձեռքը, ինչպես արեցին (ճիշտ է, դարձյալ մեծ ուշացումով) Բաքվում, 1990 թվականի հունվարին, որտեղ իրականացավ Գորբաչովի «մարգարեությունը». կազմակերպված ցեղասպանության զոհ դարձան Բաքվի բոլոր 207 հազար հայերը: Իսկ խորհրդային (ռուս) զինվորները, որոնք փրկում էին հրաշքով ողջ մնացած մարդկանց, օգնելով նրանց հասնելու Կրասնովոդսկ, Մոսկվա եւ Երեւան, ամեն տարի հունվարի 20-ին հեռուստաէկրաններից հայտարարվում են «ժողովրդավարությունն Ադրբեջանում սպանողներ»: Ցավոք, շուտով հենց այդպիսի «հակառուսական» մոտեցումը թեժ կետերում կատարվող իրադարձությունների գնահատանքներում քաղաքական շատ գործիչների եւ լրագրողների համար մոդայիկ դարձավ, եթե չասենք՝ քաջության դրսեւորում:
1988-89 թվականներին Բաքվի հակահայկական ցույցերում կոչ էր արվում. «Պետք է ողջ Ադրբեջանը, Նախիջեւանը, Ղարաբաղը մաքրել հայերից, որպեսզի նրանց զրկենք վրեժ լուծելու հնարավորությունից»: Ահա այսպես միաձայնեցին Սումգայիթի կազմակերպիչները երիտթուրքական գաղափարախոսության ջահակիրներից մեկի՝ Բահաէդդին Շաքիրի հետ, որը հայերի ցեղասպանության հրեշավոր ծրագրի քննարկման ժամանակ, 1915 թվականին նախազգուշացրել էր. «Մենք ստանձնել ենք շատ կարեւոր, ծանր պարտավորություն: Եվ եթե չիրագործենք մինչեւ վերջ, ապա վստահ եղեք՝ չենք խուսափի հայերի վրիժառությունից»: Ինչպես հայտնի է, հենց այս միտքը ուսումնական ձեռնարկ դարձավ Հոլոքոսթը կազմակերպած հիտլերականների համար:
Գիտակցելով հայտնի ճշմարտությունը, որ դահիճների հանդեպ խղճահարությունը վերաճում է դաժանության՝ զոհի նկատմամբ, հայերը սակայն չդիմեցին վրիժառության: Ժողովուրդը, որն աշխարհում առաջինն է քրիստոնեություն ընդունել որպես պետական կրոն, չէր կարող չիմանալ, որ ինքնանպատակ թշնամանքը ինքնաոչնչացման ուղիղ ճանապարհն է: Իսկ զենք վերցրեցին միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղին պատերազմ պարտադրվեց: Շատ բան արվեց, որ ժողովուրդը ո՛չ «Սումգայիթին», ո՛չ «Բաքվին» կրոնական ենթատեքստ չտա: Այդ հակամարտությունն իրոք կրոնական չէ, եւ նույնիսկ տարածքային էլ չէ, քանզի խոսքը ոչ թե տարածքի մասին է՝ որպես այդպիսին, այլ հայերի պատմական հայրենիքի:
Օրենքի գերխնդիրը պատժի անկասելիությունն է: Իսկ վաղեմության ժամկետի սկզբունքը կիրառելի չէ ցեղասպանության նկատմամբ: Ահա արդեն 20 տարի սումգայիթյան ցեղասպանության զոհերը՝ ողջ թե մեռած, սպասում են դատաստանի՝ մարդկության հանդեպ գործած այդ ծանրագույն հանցագործության իրական կազմակերպիչների նկատմամբ: Ապագայի համար չկա առավել վտանգավոր բան, քան ներկայի կարճ հիշողությունը: Հիշենք, թե Հիտլերն ինչպես 1939 թվականի օգոստոսին, երբ Լեհաստանի վրա էր ուղարկում իր մարդասպաններին, գոչեց նրանց հետեւից. «Մի՛ վախեցեք պատմության դատից: Այսօր ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության մասին»: Եվ մոլորակի 60 միլիոն բնակիչներ դարձան անպատիժ մնացած չարիքի շղթայական ռեակցիայի զոհեր:
Համաձայն ՄԱԿ-ին Գլխավոր ասամբլեայի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ այն իրագործելու համար պատիժ կրելու մասին» համաձայնագրի առաջին հոդվածի, այն ընդունող պետությունները պարտավորություն են կրում այդ հրեշավոր չարիքը ե՛ւ կանխելու, ե՛ւ պատժելու գործում: Միաժամանակ գիտակցել է պետք, որ մեծագույն հաստատամտությունը հենց ամենամեծ գթությունն է: Եվ միայն արժանի պատիժ չստացած չարիքն է չարիք ծնում:
- ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 1Ավելի վատ խորհուրդ՝ քան նախորդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք կազմակերպելը, երեւի ոչ ոք չէր տվել Սերժ Սարգսյանին: Վատ՝ ոչ միայն նրա համար, որ ի պաշտպանություն նորընտիր նախագահի հավաքված բազմության ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐԴԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱզգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը երեկ սպասված էր լրագրողների համար, որովհետեւ նրանք հետընտրական իրավիճակի հետ կապված բազմաթիվ հարցեր ունեին գործող վարչապետին-նոր ընտրված նախագահին` ԱԺ նիստից ...ՄԻ՞ԹԵ ԱՐԴԵՆ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՐԿՂԸ ՆԵՏՎԵԼՈՒ …
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Ուզենք, թե չուզենք, հետընտրական Հայաստանն արդեն իսկ տարբերվում է մի քանի ամիս առաջ եղած Հայաստանից: Մենք այսօր ունենք պառակտված եւ միմյանց դեմ տրամադրված ժողովուրդ, որն այլ բան, քան պետականության կորստի, ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) իր շարքերում այսօր միավորում է տասնյակ երկրներում գործող բազմաթիվ հայկական երիտասարդական կազմակերպություններ, որոնք ...ԼՐԱԳՐՈՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԷ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՏպագիր մամուլի համար ծանր, չափազանց ծանր է նախագահական ընտրությունների նախընտրական ու հետընտրական շրջանը՝ հոդվածների տարափ, կարծիքների հակադրություն, հայհոյախառն նամակներ, գովեստի ու բողոքի հեռախոսազանգեր: ...«ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱ Է ԲՈԼՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՒՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Այսօր խորին համոզմունք ունեմ, որ մենք բոլորս ունենք մեկ թշնամի`անհանդուրժողականությունը եւ բեւեռացումը. բոլորս պետք է դրա դեմ պայքարենք, որպեսզի այս բոլոր երեւույթները մեր քաղաքական մշակույթից արմատախիլ ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 25 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Այսօրվա դրությամբ հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 12-ը հարուցվել է նախընտրական քարոզչության շրջանում արձանագրված միջադեպերի վերաբերյալ, երկու դեպքերը խուլիգանական են, մեկը՝ Արտաշատի, մյուսը՝ Թալինի ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ Է
Սահմանադրական դատարանի ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Տիգրան Կարապետյանը դիմել է Հայաստանի Սահմանադրական դատարան: Հաղորդվում է, որ նախագահի նախկին թեկնածուն վիճարկում է ԿԸՀ-ի ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻնչպես տեղեկացանք «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանից, փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի մարզի Կոթի գյուղում ձերբակալվել է Սերյոժա Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբայրը): Վերջինիս ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ «արդեն յոթ օր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը: ...ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ ՀԱՍՏԱՏԵՑ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Հ. Չ.Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է «Համայնքային կալվածքների» մասին օրենքը, որն էլ ուժի մեջ է մտել: Այս օրենքը թուրքական պետությանը պարտավորեցնում է առաջիկա 18 ամիսների ընթացքում ...ՍԵՐԲԻԱՆ ԴԱՏԻ ԿՏԱ ԿՈՍՈՎՈՆ ՃԱՆԱՉԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Սերբիայի կառավարությունը կազմելու է իրավաբանների թիմ, որը միջազգային դատական ատյաններում հայցեր կհարուցի Կոսովոյի անկախությունը ճանաչած պետությունների նկատմամբ: Տանյուգ գործակալությունը հաղորդում է, որ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՕԴԱՅԻՆ ԿԱՊԸ
Ռուսաստանը պատրաստ է մարտի 30-ին վերականգնել օդային կապը Վրաստանի հետ: Ռուսական կողմը այդ կապի վերականգնման համար պահանջում է, որ պաշտոնական Թբիլիսին մարի «Ռոսէներգոնավիգացիային» իր ունեցած 2 մլն դոլարի ...ԹՈՒՐՔԻԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԻ
Բաղդադում Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Իրաքի հյուսիսային շրջաններից իր զորքերի դուրսբերման կոնկրետ ժամկետներ չի սահմանի, քանի դեռ չի վերացվել սպառնալիքը քուրդ ...ՌԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում ՌԴ դեսպանությունից հայտնում են, որ մարտի 2-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են իրենց ընտրական իրավունքը իրացնել Գյումրիի ...ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1Դա եղել է քսան տարի առաջ: ԽՍՀՄ-ում՝ մի երկրում, որտեղ օրը ցերեկով կատարված Ցեղասպանության, ջարդերի, զանգվածային կոտորածների մասին տեղյակ էին միայն պատմության դասերից կամ հպանցիկ խոսակցություններից, հանկարծ ...«ՊԱՏԵՐԱԶՄՈՂՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Փետրվարի 25-ին, ժամը 23.15-00.30 գերմանական WDR-ը վերոհիշյալ վերնագրով մի ֆիլմ ցուցադրեց՝ Ղարաբաղյան պատերազմի մասին: Ռեժիսորը Վարդան Հովհաննիսյանն է, խմբագիրը՝ Ֆելիքս Կուբալլանը: Հիշյալ փաստավավերագրությունը, ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵՑ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լրատվական ծառայությունից, երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, հանձնաժողովը, արձանագրելով որոշ ապրանքատեսակների թանկացումներ, նախազգուշացրեց ...ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ. «ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՄ ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵԼՈՒ»
Դերասանուհի, գեղեցկուհի, մոդել Լուսինե Թովմասյանը չափազանց լավատես է, փորձում է մթության մեջ էլ փնտրել լույսի շողը: Այժմ Լուսինեն վարում է ակտիվ հասարակական ու գործարարի կյանք: Շատերը նրան անվանում են ...ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ»
Մարտի 5-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան: Ներկայացման բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է, պիեսի հեղինակը՝ Կարինե Խոդիկյանը: Ներկայացման գլխավոր ...ԱՆԻ ՔՐԻՍՏԻ. «ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ»
«Հիասթափվել եմ, կա նաեւ վիրավորվածության զգացում: Ցավոք, ես արդեն սովորել եմ, որ իմ հանդեպ միշտ անարդար են վարվում: Ես հասկացել եմ, որ ունեմ չսիրողների մեծաթիվ բանակ: Սակայն նաեւ գիտեմ, որ կա իմ արվեստը ...«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ՊԵՏՔ Է ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Շուտով կվերջանան չորրորդ ձայնասկավառակիս ձայնագրման աշխատանքները: Նախատեսել էինք ձայնասկավառակն ավելի շուտ հանձնել ունկնդիրների դատին, սակայն «Երկու աստղում» զբաղվածության պատճառով չհասցրեցինք: Ձայնասկավառակը ...«32 ԱՏԱՄՆ» ԱՄՆ-ՈՒՄ
Վերջին շրջանում բավականին շատ լուրեր են պտտվում «32 ատամ» ակումբի ամերիկյան հյուրախաղերի շուրջ: Ըստ տարածված ասեկոսեների ակումբի, համերգային ծրագիրը, որ պետք է տեղի ունենար ԱՄՆ-ում, ձախողվել է: Իբր ամերիկահայ ...ՍԻԼՎԱՅԻՑ ՍՊԱՍԵՔ ԲԱԶՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
2007-ը Սիլվա Հակոբյանի համար բեղմնավոր տարի էր: Նրա «I like» եւ «Վերջ» երգերը դարձել էին հիթեր եւ երկար ժամանակ չէին իջնում տարբեր հեռուստա եւ ռադիո երաժշտական շքերթների բարձունքից: Երգչուհին բազմաթիվ ...ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Հ. Չ.Մարտի 1-ին Ստամբուլի պատմության եւ հասարակագիտության ինստիտուտում կկատարվի «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գրքի շնորհանդեսը, որի հիմքն են կազմել փոստային այն բացիկները, որոնք «Սիրելի եղբայրս» շրջիկ ...ՀԱՅ Է, ՉԷ՞...
Բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ ավտոմեքենան վաղուց արդեն ոչ թե փոխադրամիջոց է, այլ կարգավիճակի ցուցիչ: Հանուն եզակի ու թանկարժեք մեքենաների ձեռքբերման շոու-բիզնեսի շնաձկները հրաժարվում են Մալդիվյան ...ՎԵՐԱՕԾՎԵՑ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Գ. Գ.Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո դիվանից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին վերաօծվել է Թեթրիծղարոյի շրջանի Սամշուլդա գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին` ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՄԱՐԶՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը երրորդ անգամ ընդգրկվել է «Գերմանիայի գեղեցկուհի» մրցույթի ժյուրիի կազմում: Այս օրերին հայ բռնցքամարտիկը մարզում է գեղեցկության մրցույթի ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲուենոս Այրեսի մրցաշարում գլխավոր մրցանակին արժանանալուց հետո Դավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում ընթացող մրցաշարում: Նրա առաջին մրցակիցը սերբ Պաշանսկին էր, որին հաղթելու ...ԳԻԺԼԱՐՅԱՆՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻտալիայում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մրցումների երկրորդ օրը ռինգ դուրս եկան չորս հայ բռնցքամարտիկներ: Նրանցից երկուսը հաջողության հասան եւ կշարունակեն պայքարը օլիմպիական ուղեգրերի համար: ...ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտզալի Հայաստանի հավաքականը այսօր Ադրբեջանի ֆուտբոլիստների հետ հանդիպումով կսկսի իր մրցելույթներն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր հավաքականն ընդգրկվել է ընտրական 6-րդ խմբում, որտեղ նրա ...ՍԿՍՎՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր իսպանական Լինարես քաղաքում կսկսվի շախմատի գերմրցաշարի 2-րդ շրջանը: Լեւոն Արոնյանը 8-րդ տուրում սպիտակներով կմրցի Վեսելին Թոփալովի հետ: Հիշեցնենք, որ մեքսիկական Մորելիա քաղաքում Արոնյանը սեւերով ...ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ազատ ոճի ըմբիշները շարունակում են նախապատրաստությունը Պեկինի օլիմպիական խաղերին: Այս առումով մեր ըմբիշների համար ուժերի լավ ստուգատես էր Կիեւում անցկացված մրցաշարը: Հայաստանի հավաքականի կազմում ...ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐ ՉԵՄՊԻՈՆԸ՝ ՅՈՒՐԻ ԲԱՐԱՇՅԱՆ
ԱՆ. Հ., ԳերմանիաՓետրվարի 23-ի ուշ երեկոյան գերմանական ZDF-ը ուղիղ եթերով հեռարձակում էր բռնցքամարտի կիսածանրքաշայինների Եվրոպայի առաջնությունը՝ Հալլե-Զալլե քաղաքից: Բրանդբերգե մարզադահլիճում 3500 երկրպագու էր հետեւում ...
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

ՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԵՎ... ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԴԱԳԱՆԱԿ» ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Ա.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Մ. Մ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է ՆԱԵՎ ԻՆՔԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐ՝ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՆՀԱՅՏԻՆ «ՄԻԱՑՈՂ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ, ԼՌԱԿՅԱՑ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

