
ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
Այս գիրքը լրացնում է հեղինակի` դեռեւս 1990 թվականին լույս ընծայած առաջին հատորի նյութը: Եթե առաջինն ընդգրկում էր 1921-ի հոկտեմբերին հիմնված ՌԱԿ-ի հիմնադրության նախապատմությունը, պատմությունը եւ առաջին մեկուկես տասնամյակի պատմությունը, ապա 2005-ի աշնանը գրված երկրորդ գիրքն ընդգրկում է 1930-ականների վերջերից մինչեւ 1991 թվականի վերջը, երբ Հայաստանի Հանրապետության վերանկախացմամբ եւ Խորհրդային Միության փլուզմամբ նոր իրադրություն ստեղծվեց հայկական կյանքում եւ աշխարհում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված այս գիրքը նվիրված է «լույս հիշատակին» հեղինակի վաղամեռիկ որդու` Վարդանի, «որ հատորիս հրատարակման տարում պիտի բոլորեր իր 46-րդ գարունը»: Հրատարակությանը ֆինանսապես անձամբ օժանդակել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտ. Զավեն Եկավյանը, որին եւս հեղինակը հայտնել է իր շնորհակալիքը հատորի վերջի «Հուսկ բանքում»:
Կառուցվածքային առումով` գիրքը բաղկացած է ընդարձակ ներածականից, 9 գլուխներից, «Հուսկ բանք» վերնագրված շնորհակալական խոսքից եւ ծանոթագրությունների բաժնից:
«Ներածականում» (էջ 5-40) հեղինակը նախ գրում է այս գրքի հիմք հանդիսացած արխիվի մասին: ՌԱԿ-ի կենտրոնական արխիվը գտնվում է Բեյրութի Թեքեյան կենտրոնում` մի մասը կիսատ-պռատ դասավորված, մի մասն էլ` ամբողջովին անմշակ վիճակում (հեղինակը այդ արխիվին կատարած իր հղումները նշել է ԲԹԿԱ-Բեյրութի Թեքեյան կենտրոնի արխիվ - հապավումով): Հասկանալի է, որ նման պայմաններում, որեւէ հեղինակի համար շատ դժվար էր լինելու այդ նյութերից օգտվելը եւ ազդելու էր ուսումնասիրողի աշխատանքի արդյունքի որակի վրա: Կ. Դալլաքյանն ինք եւս դա է նկատել տալիս ոչ միայն ներածականում, այլեւ այս գրքի տարբեր էջերում (էջ 314-316, 319-320 եւ այլն): Օրինակ, նա հայտնում է, թե հնարավոր չի եղել գտնել ՌԱԿ կենտրոնական վարչության նիստերի ամբողջական ատենագրությունը, եւ այդ «մեծ պակասի պատճառով Կենտրոնական վարչության ամենօրյա գործունեության շարադրանքը, ցավոք, շատ ավելի թերի կլինի, քան առաջին գրքի պարունակածն էր» (էջ 6-7): Այդ արխիվում բազմաթիվ են ամսաթվերից ու տարեթվերից զուրկ տարբեր գրությունները (էջ 314), ինչը «դարձել էր կուսակցության մի տեսակ հիվանդությունը Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր» (էջ 315): Դալլաքյանի համոզմամբ` «Կենտրոնական վարչության գործավարությունը սիրողականից ցածր մակարդակով» է արվել (էջ 468):
ԲԹԿԱ-ում նոր նյութեր հայտնաբերած լինելով, հեղինակը հարմար է գտել ներածականի հաջորդ էջերում ներկայացնել ՌԱԿ-ի գործունեությունը մինչեւ 1930-ականների վերջը, այսինքն` նոր տվյալներով նորովի լույս սփռել ՌԱԿ-ի այդ շրջանի պատմության վրա, որը մանրամասնորեն ներկայացվել է առաջին գրքում: Այս լրացումներն առավելաբար վերաբերում են 1930-ականների երկրորդ կեսին Ալեքսանդրեթի սանջակի թուրքական յուրացմանը եւ տեղի հայության իրավունքների պաշտպանությանն ուղղված ՌԱԿ-ի գործունեությանը, որում կենտրոնական դեր է խաղացել Արշակ Չոպանյանը: Ուշագրավ է, որ 1915 թ. Մուսալերան ինքնապաշտպանության գլխավոր դեմք Եսայի Յաղուբյանը առաջարկել է զինյալ պաշտպանությամբ դիմադրել երկրամասի Թուրքիային կցմանը, որին ՌԱԿ-ի ղեկավարությունը չի համաձայնվել` սանջակի հայության կյանքի անվտանգության մտահոգություններից ելնելով: Չոպանյանի եւ Յաղուբյանի` ՌԱԿ ղեկավարներին ուղղած այդ նամակները գրքում բերվել են գրեթե ամբողջությամբ: Դրանք Ալեքսանդրետի սանջակի հարցն ուսումնասիրողների համար ունեն պատմական-սկզբնաղբյուրային մեծ նշանակություն: «Ներածականի» մնացյալ էջերում հեղինակը հավելյալ լույս է սփռում ՌԱԿ-ի նախաձեռնությամբ 1942-ին Կահիրեում հիմնված Հայ ազգային հիմնադրամի եւ ՌԱԿ - Արեւմտահայ ազատագրական ուխտ (ղեկավար` Շահան Նաթալի) համագործակցության փորձի վրա` միշտ նորահայտ փաստաթղթերի շարադրանքի գրեթե ամբողջական հրատարակությամբ:
Կ. Դալլաքյանն իր այս գրքի գլուխները, ինչպես նախորդ գրքում, շարադրել է ՌԱԿ ընդհանուր պատգամավորական ժողովների հաջորդականության սկզբունքով: Այդ սկզբունքից շեղվում է միայն առաջին գլուխը, որը վերնագրված է` «Կենտրոնը եւ մամուլը: Վերաբերմունք ՀԲԸՄ-ին» (էջ 41-81): Կարծում ենք, որ այս վերնագիրը պայմանական է, քանի որ ՌԱԿ գրեթե բոլոր ընդհանուր պատգամավորական ժողովները (այսուհետ` ԸՊԺ) եւ Կենտրոնական վարչությունները (այսուհետ` ԿՎ) հաճախ անդրադարձել են ՌԱԿ-ի մամուլի ամենատարբեր հարցերին: Մյուս կողմից, ոչ միայն այս գլխում դիտարկված 1940-ական թվականների առաջին կեսին, այլեւ մինչեւ հատորի ընդգրկած ժամանակաշրջանի ավարտը, ՌԱԿ-ի հարաբերությունները ՀԲԸՄ-ի ու վերջինիս ղեկավարության հետ` միշտ հեզասահ չեն եղել ու վայրիվերումներ, նույնիսկ լարված պահեր են ունեցել: Առաջին գլխում պարզապես տվյալ հարցը ներկայացվել է ՌԱԿ անդամ եւ ՀԲԸՄ վարիչ-պատվիրակ Վահան Մալեզյանի միջեւ փոխանակված նամակների համատեքստում: ՌԱԿ-ը ՀԲԸՄ-ին մեղադրել է, թե պատշաճ օժանդակություն չի մատուցում իրեն` հայկական միջավայրում ՀԲԸՄ շահերի հիմնական պաշտպան կազմակերպությանը, իսկ ՀԲԸՄ-ի ղեկավարությունն էլ, իր հերթին, ՌԱԿ-ի ղեկավարությանը մեղադրում էր ՀԲԸՄ-ն հօգուտ կուսակցությանը ծառայեցնելու նկրտումների մեջ, որը հակասում է որպես ապաքաղաքական կառույց ՀԲԸՄ-ի կանոնադրությանն ու առաքելությանը:
Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին, հասկանալի պատճառներով, կաղաց կուսակցության գործունեությունը: Միայն ԱՄՆ-ի շրջանակն է, որ հեռու լինելով պատերազմի անմիջական գոտուց, կարողացավ ոչ միայն գործել, այլեւ զգալիորեն աշխուժացնել իր գործունեությունը: Նույնիսկ փորձեր եղան իգական սեռին լայնորեն ընդգրկելու կուսակցական աշխատանքներում: Այս բոլորը ներկայացվել ու քննարկվել են «Երկրորդ աշխարհամարտի տարիներին» վերնագրված երկրորդ գլխում (էջ 83-129): ՌԱԿ-ի ամերիկյան շրջանակը «կուսակցության էական թերությունն» էր համարում նախաձեռնության պակասը (էջ 93), ինչը ամերիկյան բարեկեցության հիմնական շարժիչ ուժերից է: Ահա թե ինչու, օգտվելով պատերազմական իրավիճակի հետեւանքով կուսակցական ղեկավարության վերահսկողության գրեթե բացակայությունից, ԱՄՆ ռամկավարները հանդես եկան մի քանի ուշագրավ նախաձեռնություններով` Ամերիկյան կարմիր խաչի միջոցով օգնություն գերմանական գերության մեջ գտնվող հայ զինվորներին, «Սասունցի Դավիթ» տանկային զորասյան հանգանակություն եւ այլն: Ավելին, «Ամերիկայի Շրջանային Վարչությունը հաճախ իր վրա վերցրեց ընդհանուր կուսակցության անունից հանդես գալու առաքելությունը` հատկապես մի քանի քաղաքական կարեւոր ակտեր ձեռնարկելով» (էջ 95), այդ թվում` ԱՄՆ, ԽՍՀՄ Կենտգործկոմի եւ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահներին դիմումներ հղելով: Գլխի մյուս էջերում Դալլաքյանը գրում է Սիրիա-Լիբանան շրջանակի գործունեության մասին: Սիրիան ու Լիբանանը անկախություն հռչակած լինելով 1943 թ. վերջին, ՌԱԿ-ը, հայկական ավանդական մյուս երկու կուսակցությունների հետ, ավելի լայն հնարավորություն էր ունենում մասնակցելու այդ երկրների քաղաքական կյանքին, թեեւ ՌԱԿ-ը մինչեւ 1990-ականների սկիզբը վերապահ է եղել այդ երկրների ներքաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն ունենալու հարցում: Իսկ այդ գաղթօջախների ներհայկական կյանքում ՌԱԿ-ի գործունեությունը միտված էր հակակշռելու ՀՅԴ-ի մենատիրական ձգտումները: Դրա արտահայտություններից մեկն էլ Կիլիկիո Աթոռի ապաքաղաքական վիճակի շարունակության ապահովումն էր, որը հակադաշնակցական ճակատը կարողացավ իրականացնել ընդամենը եւս մեկ տասնամյակ` Գարեգին արք. Հովսեփյանցի կաթողիկոս ընտրությամբ: Հաջորդ տասնամյակի կեսերին, օգտվելով սառը պատերազմի շնորհիվ իր հնարավորությունների անհամեմատ մեծացումից, ՀՅԴ-ն հաջողեցավ իր հակակշռի տակ առնել այդ Աթոռը, որով Հայ եկեղեցին պառակտվեց, մի անբնական վիճակ, որը շարունակվում է առ այսօր` սառը պատերազմի ավարտից շուրջ երկու տասնամյակ հետո իսկ: 1944-ի վերջին արդեն ուրվագծվում էր պատերազմի ավարտը` դաշնակիցների հաղթանակով, եւ աշխարհի նոր կարգը հայությանը եւ կուսակցությանը թելադրելու էր նոր մոտեցումներ: Այդ իմաստով, չափազանց ուշագրավ է ՌԱԿ Կենտրոնական վարչության նախագահ Միհրան Տամատյանի հատուկ ուղերձը, որը շրջաբերականի ձեւով հասցեագրվեց ՌԱԿ շրջանային վարչություններին: Կ. Դալլաքյանը բերում է այդ կարեւոր փաստաթղթի գրեթե ամբողջական շարադրանքը (էջ 108-113): Տամատյանի բարձրացրած հարցերի շարքում էր Հայ դատի, ավելի ճիշտ` հայրենի հողերի թուրքական բռնագրավումից ազատելու հարցը: Նույն ժամանակաշրջանում, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ղեկավարությունները եւս սկսել էին արծարծել հայկական հողերի մի մասի` Թուրքիայից Խորհրդային Հայաստանին վերադարձնելու խնդիրը: Նոյն հարցի շուրջ եռանդուն գործունեություն ծավալեցին ՌԱԿ-ի հիմնած Հայ ազգային խորհուրդները, որոնք հարցի ոչ հայանպաստ լուծումից, ավելի ճիշտ` անլույծ մնալուց հետո` շուտով լուծարվեցին: Հետադարձ հայացք գցելով այս փաստի վրա, Կ. Դալլաքյանը նման քայլը համարում է «հայ քաղաքական մտքի պատահեպաշտության» դրսեւորում (էջ 123), իր այս գնահատականը հիմնավորելով, թե Խորհրդային Հայաստանը եթե ինչ-ինչ պատճառներով չէր կարող մոտակա ժամանակներում շարունակել հայկական գրավյալ հողերի վերադարձի հարցի հետապնդումը, ապա «Սփյուռքի քաղաքական միտքը պետք է հոգ տաներ, որ հարցը գեթ դուրս չմնար ոչ միայն միջազգային, այլեւ ներազգային օրակարգից» (էջ 123): Փաստորեն, այս հարցը մոտ երկու տասնամյակ (մինչեւ Մեծ եղեռնի 50-ամյակը` 1965 թվականը) թաղվեց եւ փոխարինվեց միջկուսակցական լարվածությամբ եւ բախումներով, որոնք Լիբանանում հասան մինչեւ եղբայրասպանության` 1958 թվականին:
Երկրորդ գլխի վերջին էջում Կ. Դալլաքյանը անդրադառնում է մի կարեւոր հարցի, թեեւ այնքան էլ չի ընդգծում դրա վտանգավորությունը հայության համար: Խոսքը նավթային մագնատ Աբրահամ Ղուկասովի` «հայկական պատմական տարածքների վրա անկախ Հայաստան ստեղծելու» ծրագրին է վերաբերում: «Հայտնի չէ, թե իրականում ո՞ւմ գաղափարն էր դա»- հարց է տալիս հեղինակը: Նա մեջբերում է Ա. Չոպանյանի մի նամակից, ուր վերջինս հայտնում է, թե ոչ միայն մերժել է մասնակցել այդ ծրագրին, այլեւ ջանացել է Ղուկասովին համոզել, որ «ետ կենայ հետապնդելէ այնպիսի վտանգաւոր ծրագիր մը, որ հակառակ է ամբողջ հայերու այսօր ընդգրկած ուղեգծին» (էջ 129): Հետաքրքրական է, որ նման ծրագիրը վերակենդանացավ ... կես դար հետո, իսկ վերջին տարիներին մեծ իմպուլս է ստացել հատկապես Կարեն Միքայելյանի ջանքերով, որը նախաձեռնել է այսպես կոչված «Արեւմտյան Հայաստանի կառավարություն» կազմելու աշխատանքը, կարծես մեզ հերիք չէին հայկական երկու պետություններն ու նրանց կառավարությունները...):
Երկրորդ աշխարհամարտից հետո ՌԱԿ-ի ընտրած «Հայրենիքին հետ եւ Հայրենիքին համար» կարգախոսը Կ. Դալլաքյաննն ընտրել է իր գրքի երրորդ գլխի (էջ 131-176) վերնագիր: Այս ժամանակաշրջանում, հայկական հողերի ազատագրության կողքին, «հայկական իրականության մյուս գլխավոր մտասեւեռումը զանգվածային հայրենադարձության խնդիրն էր» (էջ 134): Հեղինակն անդրադառնում է այս համազգային հարցի նկատմամբ ՌԱԿ դիրքորոշմանն ու գործնական քայլերին: Այնուհետեւ գրում է Կահիրեում 1946-ի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը գումարված Ը. ԸՊԺ-ում քննարկված հարցերին եւ դրանց առնչությամբ ընդունված բանաձեւերին, որոնցից մեկն էլ կուսակցության համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումն էր, մի հարց, որը գրեթե միշտ քննարկվել է նաեւ մյուս ԸՊԺ-երում եւ կուսակցական այլ հավաքներում, բայց ինչպես շատ այլ հարցեր (կուսակցության երիտասարդական կազմակերպություն, կուսակցական դպրոց, կուսակցության պատմագիրք, արխիվի դասավորում եւն.), մինչեւ այսօր այդպես էլ կուսակցության կողմից լուծում չի ստացել... Այս ժամանակաշրջանին ՌԱԿ-ի «ամենակարեւոր ձեռնարկումներից մեկն» եղավ Թեքեյան մշակութային միության հիմնադրումը 1947 թվականին: Սակայն ՌԱԿ ԿՎ-ԹՄՄ ղեկավար մարմիններ հարաբերությունների կանոնադրական անհստակությունը հետագա տարիներին որոշակի լարվածություններ առաջացրեց: Հեղինակը գրում է Ը. ԸՊԺ-ի եւ մեկ տարի անց գումարված նրա լրացուցիչ ԸՊԺ-ի քննարկած հարցերից «Արշակ Չոպանյանի հարցի» մասին: Արդարեւ, Արեւմտյան Եվրոպայի Շրջանային վարչության անդամները Չոպանյանին ամբաստանում էին բազմաթիվ մեղքերում, այդ թվում` վիշիական իշխանություններին համակրելու եւ դաշնակցակամետության մեջ: Այս տեսակետից, չափազանց հետաքրքրական է Չոպանյանի ընդարձակ նամակը ՌԱԿ ԿՎ ատենապետին ու ատենադպրին (էջ 155-176), ուր նա հիմնովին ջրում է այդ մեղադրանքները: Այս նամակում Չոպանյանը երկու անգամ անդրադառնում է Ա. Ղուկասովի վերոհիշյալ «ցնորական» ծրագրին (էջ 166 եւ 174): ՌԱԿ ԸՊԺ-ը այս հարցին շուրջ իր ընդունած բանաձեւում «յոյս կը յայտնէ, թէ ընկ. Ա. Չօպանեան ասկէ ետք իր հանրային աշխատութիւններուն ու հրապարակային արտայայտութիւններուն մէջ, գրաւոր թէ բերանացի, միշտ ուշադիր պիտի ըլլայ»... (էջ 176: Այս կապակցությամբ հավելենք, թե Չոպանյանը մի ժամանակ եղել է կուսակցության առաջին դեմքը` ՌԱԿ ԿՎ ատենապետ. նախորդ տասնամյակներին է՛լ ավելի ծանր վերաբերմունք է եղել նույն պաշտոնը վարած Վահան Թեքեյանի, իսկ 1995-2007-ականներին նույնը եղավ Երվանդ Ազատյանի նկատմամբ: (Ի դեպ, Թեքեյանը 1945-ին մահացավ վշտացած իր` որպես «Արեւ» պաշտոնաթերթի խմբագրի հանդեպ ներկուսակցական վերահսկողություն-գրաքննություն հաստատելու վերաբերմունքից):
«Սառը պատերազմի պայմաններում» է վերնագրված չորրորդ գլուխը (էջ 177-225): Այս ժամանակահատվածում, Եգիպտոսում 1952 թ. հեղափոխության պատճառով, տեղի հայության վիճակը զգալիորեն վատացավ, ինչն էլ ՌԱԿ ղեկավարությանն ստիպեց Կենտրոնական վարչության կենտրոնավայրը այլուր տեղափոխելու մասին մտորել: Հաշվի առնելով զանազան գործոններ` ընտրվեց Լիբանանը: Նկատի ունենալով Պաղեստինի հարցի վերաճումը արաբ-իսրայելական պատերազմի, ՌԱԿ ղեկավարությունը շրջանակներին խորհուրդ էր տալիս խոհեմ եւ զգույշ լինել: Այս տեսակետից ուշագրավ է ՌԱԿ ԿՎ 1957-1961 թթ. տեղեկագրի հետեւյալ հատվածը. «1958-ի վերջերը շրջանիս գաղտնի սպասարկութիւններէն մին պաշտօն տուած էր հայ «մարտիկ»ի մը ահաբեկելու դրացի երկրի մը վեհապետը: Բարեբախտաբար իմացանք ժամանակին եւ արգիլեցինք նման վտանգաւոր արարք մը: Կասկած չկայ, որ եթէ աչալուրջ չըլլայինք, եւ եթէ ահաբեկչական փորձը կատարուէր` յիշեալ վեհապետին երկրին հայ գաղութը կրնար իսկապէս աղիտալի կացութեան մը մատնուիլ» (էջ 189): Փաստաթուղթն ու հեղինակը թեեւ չեն հայտնում այդ երկրին ու վեհապետին անունները, սակայն բոլոր հիմքերը կան ենթադրելու, թե նա Սիրիայի եւ Եգիպտոսի միավորմամբ 1958-1961 թթ. գոյառած Արաբական Միացյալ Հանրապետության նախագահ Գամալ Աբդել Նասերն էր: Այնուհետեւ հեղինակը գրում է եգիպտական հարափոփոխ իրադարձությունների հետեւանքով Հայ ազգային հիմնադրամի դիմագրաված դժվարությունների, կուսակցության ծրագիր-կանոնագրում Թ. ԸՊԺ-ի կատարած փոփոխությունների եւ կուսակցական ընթացիկ հարցերի մասին: Դալլաքյանն ապա գրում է Կիլիկիո կաթողիկոսության դաշնակցական գրավման ու այդ «պատերազմում» եւ 1958-ին Լիբանանի քաղաքացիական պատերազմում ՌԱԿ-ի եւ ոչ դաշնակցական մյուս շրջանակների համառ պայքարի մասին: Այստեղ եւ ծանոթագրություններում Կ. Դալլաքյանն անում է այսօր եւս այժմեական կարեւոր դիտարկումներ ու վերլուծություններ, տալիս հետաքրքրական տեղեկություններ: Այսպես, նա իրավամբ գրում է, թե «Հայ եկեղեցու պառակտումը, որի հիմքում միայն քաղաքական շարժառիթներ էին ընկած, կուսակցության համար համազոր էր հայ ժողովրդի ճակատագրական պառակտման» (էջ 205), ՌԱԿ Ամերիկայի շրջանակը Ժ. ԸՊԺ-ին ուղարկած տեղեկագրում առաջարկել է «կազմակերպել կուսակցութեան համար գաղտնի սպասարկութեան գրասենեակ» (էջ 207): Հայտնենք, որ ՀՅԴ-ն ուներ ԴԳՍ-ն (Դագիմսե)` Դաշնակցության գաղտնի սպասարկությունը - Գ. Յ.):
Այս առաջարկը տարիներ ետք կրկնելու է նաեւ ՌԱԿ ղեկավարներից Համբարձում Գումրույանը` տալով նույնիսկ այդ կառույցի անունը` «Ռամկավար Մասնաւոր Սպասարկութիւն», հապավված` «Ռամենսէ» (էջ 384): Սույնը, ինչպես նաեւ 1952-ին մի նախագծով նախատեսված «Պաշտպանութեան դիւանը», ուր «տեղ էին գտել նաեւ հետախուզական եւ հակահետախուզական հետաքրքրություններին վերաբերող կետեր» (էջ 209), մնացին թղթի վրա, իսկ նույն ԸՊԺ-ում որոշված «Մամլոյ դիւանը», նախատեսված հետեւելու համաշխարհային մամուլին, երեւան եկավ տասնամյակներ ետք` սակայն հիմնական նպատակ ունենալով ուղղորդել ՌԱԿ մամուլը: Թե՛ այս եւ թե՛ այլ մի քանի ԸՊԺ-ներում ընտրված Կենտրոնական վարչության վայրն ու կազմը գաղտնագրվեցին: Հեղինակը եթե երկրորդ փաստը բացատրում է «տարածաշրջանի ընդհանուր անկայուն վիճակով», սակայն «անբացատրելի է» գտնում առաջինը (էջ 215), մանավանդ որ այնքան էլ դժվար չէր այդ վայրի Բեյրութ լինելը գաղտնազերծելը: Այնուհետեւ Դալլաքյանը անդրադառնում է ՌԱԿ ԺԱ. ԸՊԺ-ին ԿՎ-ի ներկայացրած տեղեկագրին` լայն հատվածներ մեջբերելով նրանից: Տեղեկագիրը հաստատում էր (գրախոսին հասանելի եղած տարբեր փաստաթղթեր եւս դա են հաստատում - Գ. Յ.), որ «ամերիկացիներու թելադրութեամբ իրանեան Սըզըման Ամնիաթի (Ապահովական սպասարկություն - Գ. Յ.) պետ զօր. Պախթիար վճռեց Իրանի էջմիածնական թեմերը անջատել Մայր Աթոռէն եւ կցել Անթիլիասին» (էջ 219):
Հինգերորդ գլխում (էջ 227-289), Կ. Դալլաքյանը գրում է 1960-ական թվականների եւ ՌԱԿ ԺԱ., ԺԲ. եւ ԺԳ. ԸՊԺ-ների մասին: Այս գլխում եւս բավական գրվել է եկեղեցական տագնապի մասին: Այս կապակցությամբ մեջբերվում է ԺԱ. ԸՊԺ-ի ընտրած ԿՎ-ի մեկ շրջաբերականը, ուր Վազգեն եւ Խորեն կաթողիկոսների հանդիպումը 1963-ի հոկտեմբերի 26-ին,- որը պատմության մեջ մտավ իբրեւ «Երուսաղեմի ողջագուրում»,- «դժբախտաբար, առանց պայմանի անձնատուութիւն էր» (էջ 234): ՌԱԿ-ի ղեկավարությունը մինչեւ 1980-ականների վերջը Վազգեն վեհափառին խորհուրդ էր տալիս ավելի կոշտ քաղաքականություն վարել Կիլիկիո Խորեն Ա. ու Գարեգին Բ. կաթողիկոսների հետ հարաբերություններում եւ չվստահել նրանց «եղբայրական» հավաստիացումներին. դեպքերը եկան ապացուցելու ՌԱԿ-ի ճշմարտացիությունն այս հարցում: Հիշյալ երեք ԸՊԺ-ների նյութերի հիման վրա, Դալլաքյանը գրում է 1960-ականներին ՀԲԸՄ-ի ներսում եւրոպական «ապստամբական խմբակի», Բեյրութում Վահան Թեքեյան վարժարանի շենքի կառուցման, Մեծ եղեռնի 50-ամյակը մյուս կուսակցությունների հետ միասնաբար նշելու, միջազգային ատյաններին հայոց պահանջատիրությամբ համատեղ հանդես գալու եւ այլ աշխատանքների մասին: Ուշագրավ է ՌԱԿ ղեկավարներից, «Զարթօնք» օրաթերթի խմբագրապետ Գերսամ Ահարոնյանին Շահան Նաթալիի ուղղած 27 դեկտ. 1966 թվականակիր նամակը (էջ 251-253), որը հայոց Նեմեսիսը գրել է Գ. Ահարոնյանի հեղինակած «Խոհեր Յիսնամեակի Աւարտին» գիրքն ընթերցելուց հետո: Շ. Նաթալին հայտնում է, թե այդ հատորը «փաստերով ցոյց կու տայ, թէ սնանկացած է օտարին վրայ յոյս դնելով արդարութիւն սպասելը» (էջ 252. սա հայության համար միշտ էլ այժմեական պատգամ է, որը պետք է ականջի օղ անել, քանի որ միշտ էլ հայտնվում են օտարին վրա հույսը դնելու մունետիկներ, որոնք կռում են մեր պարտությունները, որոնց հաջորդում են «օտարները մեզ դավաճանեցին» սմսեղուկ լացուկոծերը...): Այս գլխում հեղինակը երկարորեն գրում է մի շարք երկրներում ՌԱԿ ղեկավարության ձեռնարկած կուսակցական շինարարության խնդիրների մասին: Կուսակցության ամենաթույլ օղակը հանդիսացել է Ֆրանսիան, որի ՌԱԿ շրջանակը երկար տասնամյակներ (1950-ականների կեսերից մինչեւ 1980-ականների կեսերը) անդամալուծության է մատնվել: Հեղինակը բացատրում է այս անցանկալի վիճակի առարկայական եւ ենթակայական պատճառները (էջ 261-263):
Մեծ եղեռնի 50-ամյակի համահայկական հիշատակումն ու հայկական պահանջատիրական պայքարում Մերձավոր Արեւելքի հայկական գաղթօջախների աշխուժությունը մեծապես մտահոգել էին թուրքական իշխանություններին, որոնք անցան հակագրոհի: Դրա դրսեւորումներից են Բեյրութի ՀՅԴ «Ազդակ» եւ ՌԱԿ «Զարթօնք» օրաթերթերի դեմ Լիբանանում Թուրքիայի դեսպանության հարուցած դատական հայցը 1970 թ. (որն ավարտվեց թուրքերի խայտառակությամբ. այս խնդրին Դալլաքյանն անդրադարձել է նաեւ էջ 286-288-ում) եւ Սիրիայի պետության մոտ Թուրքիայի հետեւողական ջանքերը` հայությունն այդ երկրից հեռացնելու ուղղությամբ: Հեղինակը ՌԱԿ արխիվում հայտնաբերել եւ այս հատորով (էջ 271-282) առաջին անգամ հանրությանն է ներկայացնում հինգ հույժ կարեւոր փաստաթղթերի հայերեն թարգմանությունները (Էջ 484-ում նա ծանոթագրել է. «Հայտնի չէ, թե ով է այդ նյութերի թարգմանիչը, եւ թե ինչպես են դրանք հայտնվել ՌԱԿ-ի արխիվում»: Գրախոսը գիտի այդ անունն ու ՌԱԿ արխիվում դրանց հայտնվելու հանգամանքները, սակայն թարգմանչի-ՌԱԿ-ի ղեկավարությանը փոխանցողի այսօր եւս ողջ լինելը նկատի ունենալով եւ այլ հասկանալի պատճառներով` չի կարող դրանք հրապարակել): Ի գիտություն հայությունը պառակտող հայազգի արարածների, թուրքական իշխանություններն այդ փաստաթղթերում գոհունակություն են հայտնում, որ «հայերը երկու մաս են ամէն տեղ»` «մանաւանդ Սուրիոյ եւ Լիբանանի մէջ» (էջ 275), փորձում են սիրիացի արաբներին հրապուրել հայերի` խորհրդային, ամերիկյան ու հատկապես սիոնական գործակալներ եւ իսլամության թշնամիներ լինելու շինծու խայծերով (օրինակ` «Հայաստանի մէջ հայկական պետութիւն մը հիմնելու գաղափարը հայերը առին սիոնականութենէն»,- էջ 272. նույն միտքը` նաեւ էջ 277-ում. «ծովէ ծով Մեծ Հայաստան»ը «յար եւ նման է «Նեղոսէն մինչեւ Եփրատ Մեծ Իսրայէլի երազին», էջ 279): Սիրիական իշխանությունները, մասնավորաբար` այդ օրերին պաշտպանության նախարար, իսկ 1971 թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 2002-ի հունիսի ա. կեսը երկրի նախագահ Հաֆեզ Ասադը չեն ենթարկվում թուրքական սադրանքներին: Փաստաթղթերից մեկում հայտնվում է, թե Թուրքիայի գաղտնի սպասարկություն ՄԻԹ-ը դեռեւս 1970-ականների սկզբին,- երբ դեռ չէին ծավալվել հակաթուրքական հայկական զինյալ գործողությունները,- ունեցել է «արտասահմանի հայերուն վրայ հսկող գաղտնի գրասենեակ»` իր պետով (էջ 277): Վավերագրերից երրորդի (15 / 7 / 1971) 5-րդ կետում, թուրքերը սիրիացիներին «հիշեցնում են», թե «Սուրիոյ մէջ զօրաւոր գաղութի մը գոյութիւնը ... Թուրքիոյ ապահովութեան եւ հողային ամբողջականութեան վտանգ մը կը կազմէ» (էջ 276-277): Սրանից հետո պե՞տք է կասկածել, թե Մերձավոր Արեւելքի հայագաղութների արտագաղթը ո՞ւմ շահերին է(ր) ծառայում...): Նույնը երկրորդ անգամ դիտել է տրվում հինգերորդ վավերագրում (21 / 12 / 1971, էջ 281): Ինչպես իրավացիորեն գնահատում է Կ. Դալլաքյանը, հարցը հասնում է նույնիսկ վերջնագրի: Այս վերջին վավերագրի ավարտին թուրքերը պահանջում են. «Որպէսզի մեր բարի դրացնութիւնը մնայ եւ շարունակենք մեր փոխյարաբերութիւնները, անհրաժեշտ է որ վերջ տրուի Հալէպի, Դամասկոսի եւ միւս քաղաքներու մէջ Թուրքիոյ դէմ կատարուած քարոզչական արարքներուն եւ հրատարակութիւններուն» (էջ 282): Թուրքերը սիրիացիներից, իմիջիայլոց, պահանջում էին սանձել «Գերսամ Ահարոնեան կոչեցեալ մոլեռանդ հայ ազգայնականին» (էջ 278 եւ էջ 288): Մի անգամ եւս հիշեցնենք, որ թուրքական այս վերջնագրերը ներկայացվում էին, երբ հայկական պայքարը դեռեւս խաղաղ բնույթ էր կրում եւ չէին ստեղծվել թուրքերի հանգիստը մեծապես վրդոված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) եւ զինյալ պայքարի հայկական մյուս կազմակերպությունները:
Վերջիններիս երեւան գալը խթանած Գուրգեն Յանիկյանի 1973-ի հունվարի 27-ի արարքի նկատմամբ ՌԱԿ դիրքորոշումներն ընդգրկվել են հաջորդ` 6-րդ գլխում (էջ 291-335), ուր հեղինակը գրում է 1970-ականների «ծանրագույն ժամանակաշրջանին» (գլխի վերնագրում, էջ 291) ՌԱԿ գործունեության մասին: ՌԱԿ ԿՎ-ի մի փաստաթղթում նշվում է, որ Յանիկյանի դատը պետք է «առաւելագոյն չափով օգտագործուի մեր Ազգային դատին ու բրոբականտին տեսակէտէն» (էջ 296):
Այս ժամանակաշրջանի հիմնական մտահոգություններից էր Լիբանանում 1975 թ. ապրիլին ծայր առած քաղաքացիական երկարատեւ պատերազմում հայ գաղթօջախի դիրքորոշման խնդիրը: Մեծ եղեռնի 60-ամյակի ոգեկոչման առթիվ հայ երեք կուսակցությունների` մինչ պատերազմի բռնկումը կայացած հանդիպումները նպաստեցին, որ այդ ճգնաժամի նկատմամբ հայկական միասնական դիրքորոշում որդեգրվի, որը ծանոթ դարձավ «դրական չէզոքություն» անվամբ, ինչի շնորհիվ «լիբանանահայությունը կարողացավ վերապրել պատերազմը նվազ կորուստներով, քան կարող էր պատահել ուրիշ պարագաներում» (էջ 304): «Կողմնակի արդյունքը, որ ձեռք բերվեց 60-ամյակի առիթով, պակաս կարեւոր չէր»` «դա համասփյուռքյան միասնության փաստն էր, այնքան ըղձալի, տասնյակ տարիներ շարունակ ապարդյուն հետապնդված միասնություն` ազգային բոլոր ուժերի միջեւ», գրում է Դալլաքյանը (էջ 300): Հեղինակը լայն մեջբերումներ է կատարում այդ պատերազմի խորքային դրդապատճառներին նվիրված` Պարույր Աղպաշյանի «Տագնապին արմատները» վերնագրված` «ՌԱԿ-ին պատիվ բերող» (էջ 305) հոդվածից, որը լույս էր տեսել «Զարթօնքի» 1975-ի դեկտեմբերի 2-ի համարում: Այնուհետեւ հեղինակը գրում է հայկական ինքնապաշտպանության գործում ՌԱԿ-ի մասնակցության մասին: Կուսակցությունն ու հեղինակը իրավամբ արժանին են մատուցել ՌԱԿ-ի մարտական պատասխանատու Զոհրապ Քեշիշյանին, որը 1978-ի հուլիսի սկիզբը զոհվեց իր պարտականությունը կատարելիս: Սակայն ՌԱԿ-ի հասցեին պարզապես ամոթալի է կարդալ Դալլաքյանի` ցավով արձանագրած այն փաստը, թե ինք «2005 թվականի գարնանը ապարդյուն փորձեց որեւէ հետք գտնել Զոհրապ Քեշիշյանի հիշատակի մասին` Բեյրութում» (էջ 320. այս առնչությամբ ի՞նչ է մտածում Զոհրապի որդին` վերջին տարիներին ՌԱԿ ԿՎ-ի անդամ, իմ երբեմնի դասընկեր Փանիկը... - Գ. Յ.): Դալլաքյանը լռելյայն քննադատում է ՌԱԿ-ին` իր ղեկավարների գործունեությունը շարքայիններին պատշաճ ձեւով չներկայացնելու եւ այդ վաստակավորների հիշատակը արժանավորապես չհարգելու համար. «...հազիվ թե մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել Տամատյանի կյանքի եւ գործունեության գիտակներին», նկատել է տալիս Դալլաքյանը (էջ 321): (Այս աններելի բացթողումը, մեր կարծիքով, մտորելու եւ ... գործելու պետք է մղի ՌԱԿ-ի, նաեւ ուրիշ կազմակերպությունների ղեկավարներին): Հաջորդ էջերում Դալլաքյանը գրում է մի քանի գաղթոօջախներում ՌԱԿ կուսակցական շինարարության, «Արմինեըն Էսեմպլի օֆ Ամերիկա» համախմբան նկատմամբ ՌԱԿ-ի դիրքորոշման, ներկուսակցական եւ այլ խնդիրների մասին: Հեղինակը դիպուկ նկատում է. «Բ. Թովմասյանի թիմի երկարակեցությունը կուսակցության ղեկի մոտ մեծապես պայմանավորված էր Գ. Ահարոնյանի մասնակցությամբ» (էջ 335): Իսկապես` կուսակցական շրջանակներում «պրոֆեսոր-Գերսամ-մեթր» անունով ծանոթ Բարունակ Թովմասյան - Գերսամ Ահարոնյան - Հրաչյա Սեդրակյան եռյակը կուսակցության փաստական եռապետությունն էր 1950-1970-ական թվականներին):
Յոթներորդ գլուխը (էջ 337-386) նվիրված է կուսակցության գործունեությանը 1977-ից մինչեւ 1982-ի գարունը: Այստեղ Դալլաքյանը գրում է Գարեգին սրբազան Սարգիսյանին Կիլիկիո աթոռակից կաթողիկոս ընտրության հանգամանքների, Մայր աթոռի իրավունքները հարգելու` ՀՅԴ ղեկավարության տված «ջենտլմենական» հավաստիքների եւ դրանք հերթական անգամ չկատարելու մասին (էջ 337-343): Այնուհետեւ նա ներկայացնում է 1977-ի աշնանը Բեյրութում գումարված ՌԱԿ ԺԵ. ԸՊԺ-ի ընդունած բանաձեւերը, հայկական տարբեր կողմերի եւն. նկատմամբ ՌԱԿ-ի վերաբերմունքը եւ քննարկում դրանք: Օրինակ, ԸՊԺ-ի ատենագրության մեջ արձանագրվել է, թե ՌԱԿ-ը ԱՍԱԼԱ-ի գործունեությունը «կը գտնէ վտանգաւոր եւ արկածախնդրական» (էջ 347), շրջանավարտ ԿՎ-ն էլ իր տեղեկագրում նշում էր, թե այդ «ահաբեկչական» արարքները կատարվում են «փոքրամասնութիւն կազմող տաքգլուխ տարրերու կողմէ» եւ յանձնարարում ՌԱԿ մամուլին` «ՀԱՀԳ Բանակի գործունէութեան շուրջ պէտք է բաւականանալ` տալով միջազգային մամուլին մէջ լոյս տեսնող լուրերը միայն» (էջ 348), իսկ միաժամանակ ՌԱԿ-ի եւ ՀԲԸՄ-ի անդամներից պահանջվում էր «իրենց կուսակցական պատկանելիութեանը տալ առաջնութիւն» (էջ 352): Գլխի հաջորդ էջերում Դալլաքյանը գրում է ՌԱԿ-ի ԱՄՆ եւ Կանադայի շրջանակների գործունեության աշխուժացման մասին: Գրելով «Դի Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագրի ու նրա տեղակալի պաշտոնում Բարբարա Մերգերյանի եւ Հելեն Սարգիսյանի նշանակման մասին, Դալլաքյանը քննադատաբար նշում է. «Ընդհանուր թվաբանությամբ` ավելի քան հարյուր մարդ է եղել Կենտրոնական վարչությունների անդամ: Եվ` ոչ մի կին»: Այլ վարչություններում եւս «կանանց թիվը կարելի է համրել մեկ ձեռքերի մատների վրա» (էջ 362): Հեղինակն այնուհետեւ գրում է ՌԱԿ մամուլի նյութերի նկատմամբ կուսակցական վերահսկողությունն ուժեղացնելու միտված միջոցառումների մասին: Այնուհետեւ, ՌԱԿ մի փաստաթղթից լայն մեջբերումներ է անում 1977-ի վերջին Շվեյցարիայում Թուրքիայի արտգործնախարարի (Իհսան Սաբրի Չաղլայանգիլ - Գ. Յ.) հետ հայկական երեք ավանդական կուսակցությունների պատվիրակությունների գաղտնի հանդիպման մասին: Փաստաթղթում ուշագրավ են հետեւյալ գրառումները. «...իրենք (երեք կուսակցությունները,- Գ. Յ.) դեմ են կատարուող սպանութիւններուն եւ մասնակից չեն անոնց, յայտնելով նաեւ թէ ապացուցուած ալ չէ որ հայերու գործ են անոնք», «Նախարարը ընդունած է ցեղասպանության պարագան: Ան ըսած է, թէ կրնան մտածել հատուցումի մասին, սակայն հողային հարցին առնչութեամբ յայտնած է, թէ ոչ ինք եւ ոչ մէկ թուրք կրնայ որեւէ բան ըսել», «Ատենին, այս հանդիպումի մասին տեղեակ պահուեցան հայրենի պետութեան պատասխանատուները» (էջ 370-371): Առաջին մեջբերման առնչությամբ հարց է ծագում, թե այս կուսակցական պատասխանատուները ինչո՞ւ էին ստում, թե այդ արարքների հեղինակները հայեր չեն եղել, մինչդեռ ով-ով, գոնե ՀՅԴ-ն, որ հովանավորում էր «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներին» եւ լավ էլ գիտեր այդ երիտասարդների կամ, առնվազն, նրանց մեծագույն մասի ազգային պատկանելությունը): Այնուհետեւ, Դալլաքյանը գրում է 1981-ի սեպտեմբերի 13-ին Մոնրեալում գումարված ՌԱԿ խորհրդակցական ժողովի մասին, մեծ տեղ հատկացնում ՌԱԿ ԿՎ փոխատենապետ Համբարձում Գումրույանի` կուսակցության փաստական իրավիճակի եւ առկա թերությունների վերացման վերաբերյալ ԿՎ-ին ներկայացրած ծավալուն նախագծին, որում նշված առաջարկությունների ջախջախիչ մեծամասնությունը, ՌԱԿ-ում ընկալյալ սովորության համաձայն, մնաց թղթի վրա: Կուսակցության բյուջեի խրոնիկական հիվանդությունը թեկուզ մասամբ բուժելու նպատակով` ՌԱԿ-ի ղեկավարությունը նույնիսկ դիմում է ՀԲԸՄ-ի ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանին, որը «թէեւ անմիջականօրէն չընդառաջեց յուշագրին, զանազան առիթներով կատարեց կարեւոր յատկացումներ», կարդում ենք կուսակցական մի փաստաթղթում (էջ 386):
Ութերորդ գլուխը ներկայացնում է Լառնակայում 1982-ի ապրիլին գումարված ՌԱԿ ԺԶ. ԸՊԺ-ում քննարկված եւ առնչակից խնդիրները: Նորից անդրադարձ է լինում ԱՍԱԼԱ-ի գործունեությանը, եւ «հաստատուեցաւ թէ մեր կուսակցութիւնը ... չի կրնար ահաբեկչութեան մաս կազմել, սակայն չի կրնար զայն դատապարտել» (էջ 389): Հետաքրքրական է, որ նույն կուսակցության` «վտանգավոր եւ արկածախնդրական» հայտարարած գործունեությունը ինչպե՞ս կարելի էր ... չդատապարտել): Նույնիսկ որոշվում է շփումներ հաստատել «զինեալ պայքարի կազմակերպութեանց հետ» (էջ 289): ԸՊԺ-ում մի անգամ եւս վերահաստատվում է ՌԱԿ-ի ուղեգծի այն կետը, թե հայկական ազատագրելի հողերը պետք է միացվեն Խորհրդային Հայաստանին (էջ 289): Այնուհետեւ գրվում է տարբեր գաղթօջախներում ՌԱԿ-ի շրջանակների գործունեության, մասնավորաբար Ֆրանսիայի շրջանակի վերակենդանացմանն ուղղված աշխատանքների, Լիբանանյան պատերազմի եւ Մեծ եղեռնի 80-ամյակի նշման առնչությամբ միջկուսակցական միջոցառումների եւն. մասին: Ուշագրավ է լիբանանահայ ոչ դաշնակցական մտավորականների համատեղ ուժերով «Մերձաւոր Արեւելքի վաւերագրական եւ քարոզչական կեդրոնի» ստեղծումը (նրա բազմաթիվ «խորհուրդների» խնդիրները շարադրվել են էջ 410-415-ում մեջբերված փաստաթղթում), որը, Դալլաքյանի գնահատմամբ, թեեւ «մտածված ու կշռադատված ջանքերի արդյունք էր», բայց «վերջին հաշվով չկարողացավ լուրջ գործունեություն ծավալել եւ իջավ հրապարակից» (էջ 410): Ծրագրե~ր, թղթե~ր, որոնք նախատեսված են համալրելու կուսակցական չդասավորված արխիվների դեզերը... Այնուհետեւ գրվում է Հարավային Ամերիկայի երկրներում եւ Ավստրալիայում ՌԱԿ կառույցների վիճակի եւ ՌԱԿ ԿՎ- ԹՄՄ Հիմնադիր մարմին հարաբերություններում լարվածության օջախների եւ դրանց վերացմանն ուղղված քայլերի մասին:
Վերջին` իններորդ գլուխը վերնագրված է «Երկու ընդհանուր պատգամավորական ժողովներ Մոնրեալում» (էջ 427-459): Այստեղ առավելաբար շեշտվել են ՌԱԿ դիրքորոշումները Արցախյան հարցի նկատմամբ եւ կուսակցության գործնական քայլերն այս ուղղությամբ:
Հեղինակը հատուկ շեշտել է 1988-ի ամառը գումարված ԺԷ. ԸՊԺ-ի բանաձեւերից այն հատվածը, որ կուսակցությունը մի անգամ եւս համոզմունք է հայտնում, թե «քաղաքական-դիւանագիտական միջոցներով կարելի ու պէտք է հետապնդել Հայ դատը» (էջ 433-434): Նույն բանաձեւում առկա մի պահանջի կապակցությամբ, Դալլաքյանը նկատել է տալիս, թե «իշխանությունից (տվյալ դեպքում` ԽՍՀՄ - Գ. Յ.) պահանջել սրբագրել պատմագիտական ոտնձգությունը հազվադեպ է կուսակցական համաժողովի մակարդակով հնչել» (էջ 434): Այս գլխում եւս գրվել է, նոր իրավիճակին համապատասխան, Հայ եկեղեցու պառակտումը` Մայր աթոռի գերագահության պայմանով վերացնելու ՌԱԿ-ի դիրքորոշումների մասին: Ուշագրավ է այն փաստը, որ ԺԷ. ԸՊԺ-ը «որոշած է արտօնել ներկայութիւնը (Անթիլիասում - Գ. Յ.) ծիսակատարութեանց` հարսանիք, մկրտութիւն, թաղում եւ այլն: Բայց կուսակցականները իրաւունք չունին ծէս կատարելու այնտեղ»: Անսաստողներին պատիժ էր սպառնում (էջ 447): Եկեղեցու միասնականության խնդիրը «կենտրոնական հարցն» էր (էջ 451) նաեւ 1991 թ. ապրիլին գումարված ԺԸ. ԸՊԺ-ում: Ծերունազարդ Վազգեն Ա. կաթողիկոսի` Գարեգին Բ.-ի հետ մերձեցումից վրդոված ՌԱԿ ղեկավարությունը, հանձին ՌԱԿ ԿՎ ատենապետ Արշավիր Գեոնջյանի, տարօրինակ հաստատում էր անում. «Այլեւս պէտք չէ նոյնացնել Վեհափառն ու Մայր Աթոռը» (էջ 452): ԸՊԺ-ն անդրադարձել է նաեւ Երուսաղեմի պատրիարք Եղիշե արք. Տերտերյանի հերթական անվայել արարքներին: Կ. Դալլաքյանն իրավացի է, երբ գրում է, թե այդ շահատակություններից վրդոված Ալեք Մանուկյանի նկատմամբ Եղիշեն, հատկապես պատրիարքարանի «Սիոն» պաշտոնական ամսագրի էջերում, «իրոք անվայելուչ, ավելին` փողոցային ստահակի ձեւով էր իրեն պահել» (էջ 455): Հետաքրքրական է ՌԱԿ ղեկավարություն - Ալեք Մանուկյան ըստ երեւույթին բանավոր պայմանավորությունը. ՌԱԿ-ը Վազգեն Ա-ի վրա ճնշելով հասնելու էր Տերտերյանի կարգալուծմանը, իսկ Ա. Մանուկյանն էլ ֆինանսապես օգնելու էր ՌԱԿ-ին (էջ 457):
Հեղինակը հատորի վերջին տպագրել է «Հուսկ բանք» (էջ 461), ուր անուն առ անուն թվարկում է ՌԱԿ-ի պատմության երկրորդ գրքի աշխատանքների ընթացքում իրեն քիչ թե շատ նպաստած բոլոր անձերին` ՀՀ-ում, Լիբանանում, ԱՄՆ-ում թե այլուր, այդ թվում դասական ուղղագրությամբ շարադրանքների սրբագրությունը կատարած` «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ հայրենահայությանն ու սփյուռքահայությանը քաջածանոթ Ռոմեն Կոզմոյանը:
Գիրքն ավարտվում է «Ծանոթագրություններ» բաժնով (էջ 465-501), ուր տեղ են գտել ոչ միայն աղբյուրների հղումները, այլեւ` հեղինակի այլ դիտարկումներ եւ ի պաշտոնե (Կ. Դալլաքյանը, ի շարս այլ պաշտոնների, եղել է Հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար` գաղափարախոսության գծով, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ) իմացած տեղեկություններ, որոնցից մի քանիսն ունեն կարեւոր նշանակություն: Օրինակ, նա հավաստում է, որ «Էջմիածինը, իսկապես, Ռամկավար Ազատական կուսակցությանը համարում էր հավատարիմ, Սփյուռքի Էջմիածնական համախմբումի հիմնական ուժը: Միաժամանակ, սակայն, թերահավատ էր այդ կուսակցության զորության եւ հնարավորությունների նկատմամբ: Հավանաբար հենց այս էր կուսակցության կարծիքի հետ երբեմն հաշվի չնստելու բացատրությունը» (էջ 479): Նա հայտնում է, որ Մայր Աթոռի աշխատակազմում՝ անթիլիասական դաշնակցականամետ եպիսկոպոսներ Ղեւոնդ Չեպեյանին, Զարեհ Փայասլյանին եւ Խորեն Բարոյանին կպցրել էին Ղեւոնդ Ողորմելի, Զարեհ Փայասիրյան եւ Խորեն Անբարոյան մականունները, ինչից խիստ դժգոհել է Վազգեն վեհափառը` պահանջելով «վերջ տալ այդ սովորությանը» (էջ 480): Հեղինակը շեշտում է, թե «ներկայումս Կիլիկիայի կաթողիկոսական աթոռի պաշտոնական եւ օրինական թեմերն են Կիպրոսի, Հալեպի (ավելի ճշգրիտ` Բերիայի - Գ. Յ.), Լիբանանի եւ Դամասկոսի թեմերը: Այսքանն էլ կազմում է նրա իրավասությունների իրողական եւ իրավական սահմանը» (էջ 491):
Կարլեն Դալլաքյանը Խորհրդային Հայաստանում իր զբաղեցրած պատասխանատու պաշտոնների բերմամբ մոտիկից շփված լինելով սփյուռքահայերի, այդ թվում` ռամկավարների հետ, նաեւ չոպանյանագետ ու հայկական առաջիմական մամուլն ուսումնասիրած լինելով, լավագույնս կարող էր գրել ՌԱԿ-ի պատմությունը, ինչը նա հիանալիորեն արել է իր զույգ մենագրություններով: Մինչ այդ, ՌԱԿ-ի պատմությունը տարբեր հեղինակներ գրել են բարալիկ գրքույկների տեսքով` առանց գիտական, լուրջ եւ խոր հետազոտության: Այսպիսով, շնորհիվ Դալլաքյանի զույգ հատորների, ամբողջանում է մեր գիտելիքը ՌԱԿ-ի պատմության վերաբերյալ, որն անտարակույս, հայ ժողովրդի նորագույն պատմության անբաժանելի մասն է: Այսպիսով, լրացվում է մեր ժողովրդի պատմության եւս մեկ սպիտակ, բայց չափազանց ընդարձակ մի էջ:
Այս առթիվ կուզենայինք ներկայացնել մի շարք առաջարկներ եւ դիտողություններ:
- Նյութը ավելի ընկալելի դարձնելու եւ այլ` մասնավորաբար գեղագիտական տեսքի մղումներով, կարելի էր հատորում հրատարակել ՌԱԿ ղեկավարների, ԸՊԺ-ների եւ այլն լուսանկարներ (ըստ երեւույթին` սա իրագործելուն խոչընդոտել է ֆինանսական միջոցների սահմանափակությունը):
- Փափաքելի պիտի լիներ, որ հեղինակը չբավարարվեր հիմնականում ՌԱԿ արխիվի նյութերով, այլեւ լայնորեն օգտագործեր ՌԱԿ եւ այլ հայկական մամուլը, ինչպես նաեւ Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերը, որոնցից երկրորդ գրքում օգտվել է շատ քիչ դեպքերում: Դրանց օգտագործման պարագային, կարող էին համալրվել տեղեկությունները, նաեւ ճշգրտվել որոշ թվականներ, որոնք ՌԱԿ-ի արխիվի փաստաթղթերի հեղինակների` կարելի է ասել` հանցավոր անփութության պատճառով մնացել են առանց թվականի եւ որեւէ փաստաթղթի համար պարտադիր այլ նշումների (հերթական թիվ, մուտքի եւ ելքի նշումներ, մակագրություններ եւն.): Նաեւ կարելի էր ավելի լայնորեն օգտագործել ՌԱԿ գործիչների անձնական արխիվների նյութերը (միակը որից օգտվել է Դալլաքյանը, կանադաբնակ ՌԱԿ երեւելի դեմք, դոկտ. Հարություն Արզումանյանի անձնական արխիվն է), ինչպես նաեւ ՌԱԿ եւ այլ գործիչների հեղինակած կամ նրանց մասին գրված եւ լույս տեսած հուշագրքերն (Միհրան Տամատյան, Վահան Թեքեյան, Բարունակ Թովմասյան, Հայկ Նագգաշյան...) ու այլ հրատարակությունները: Օրինակ, Նագգաշյանի «Բերքահավաք» գրքի եւ ՍԴՀԿ ղեկավար Ավետիս Տեմիրճյանի` «Արարատ» թերթում տպած հուշերի շնորհիվ կարելի էր հավելյալ լույս սփռել Թուրքիայի արտգործնախարարի հետ 1977-ի գաղտնի հանդիպման վրա:
Մեր կարծիքով, բավարար չափով չի լուսաբանվել ՌԱԿ-ի դերը Մեծ հայրենադարձության կազմակերպման եւ իրականացման գործում: Սա շատ կարեւոր հանգամանք է, մանավանդ որ այս մեծագույն իրադարձության 60-ամյակն անցավ գրեթե ամբողջովին աննկատ, կարծեք հայրենադարձությունը Հայ դատի մաս չի կազմում... Բացթողում է այն, որ հեղինակը նույնիսկ հեռավոր ակնարկով չի անդրադարձել Երեւանում` սփյուռքահայ ուսանողների շրջանակում գործած ՌԱԿ ուսանողական կառույցին, մինչդեռ իր պաշտոնների իսկ բերումով պետք է լավատեղյակ լիներ այդ կառույցից եւ նրա, թեկուզ շատ սահմանափակ գործունեությունից:
Արխիվային փաստաթղթերի անկանոնության, հաճախ էլ` թվականների բացակայության պայմաններում պատմություն գրելը, մեր կարծիքով, պարզապես սխրանք է, եթե ոչ հերոսություն: Կարկատաններն ի մի բերելը եւ դրանցով հագուստ կարելը ամեն դերձակի խելքի ու ձեռքի բանը չէ: Խոստովանենք, Կարլեն Դալլաքյանին հաջողվել է այս գերդժվար գործը գլուխ հանել, այն էլ` բարձր որակով, թեեւ նկատվող որոշ կաղացումներ կան, որոնք եւս հիմնականում պայմանավորված են կուսակցական արխիվի փնթիությամբ (հույսով ենք, որ ոչ միայն ՌԱԿ, այլեւ ՍԴՀԿ, ՀՅԴ եւ մյուս կազմակերպությունները խելքի կգան եւ կարգի կբերեն իրենց արխիվները` թեկուզ նախնական ձեւով. առանց այդ կարգավորման պատմություն գրելը գրեթե անհնար է: Պատմաբանի աշխատանքի գործիքներն են փաստերն ու փաստաթղթերը եւ ոչ թե սուրճի բաժակներով կամ գրբացների թղթերով կռահումները...):
ՌԱԿ անմշակ արխիվի լաբիրինթոսում Կ. Դալլաքյանի տքնության եւ այս գրքի շնորհիվ, ՌԱԿ եւ այլ բազմատասնյակ փաստաթղթեր առաջին անգամ դրվում են գիտական շրջանառության մեջ: Միայն այս իրողությունը բավարար պիտի լիներ խոր շնորհակալություն հայտնելու պր. Դալլաքյանին:
Գիտական լրջությամբ եւ բարեխղճությամբ գրված այս հատորի հիմնական թերությունը օգտագործված աղբյուրների եւ անվանացանկերի բացակայությունն է, ինչը մեծապես դժվարացնելու է ուսումնասիրողների աշխատանքը: Ավելի լավ է ուշացնել նման ծանրակշիռ հատորների հրատարակությունը` կազմելու համար այդ, մասնավորաբար անձնանունների ցանկերը:
Գրքում տեղ են են գտել որոշ սխալներ ու թերիներ, որոնք ամփոփում ենք հետեւյալում.
Թվականների սխալներ.- Հեղինակը գրում է, թե «1939-ի տարեվերջին թուրքական բանակը մուտք գործեց Ալեքսանդրեթի սանջակ» (էջ 10). իրականում, թուրքական բանակը շրջան մուտք է գործել 1938-ի սեպտեմբերին: 1950 թվականին վերաբերող շարադրանքում, հեղինակը գրում է, թե «Թուրքիան ներառվեց եւ դարձավ Ատլանտյան Ուխտի (ՆԱՏՕ) լիիրավ անդամ» (էջ 183). Թուրքիան այդ կառույցին միացել է 1952-ին: ԱՄՆ-ում անթիլիասական անջատ թեմի ստեղծումը հեղինակը վերագրում է «60-ական թվականներին» (էջ 222), մինչդեռ ԱՄՆ-ում անթիլիասական թեմ ստեղծվեց 1957-ի հոկտեմբերին, որն «ավետելու» համար Խորեն սրբազան Բարոյանը ժամանել էր ԱՄՆ: Հենց այս ժամանակ էլ սույն անձը ելույթ ունեցավ ԱՄՆ սենատում, մինչդեռ Դալլաքյանը սխալմամբ նշում է «Խորեն կաթողիկոս» (Խորենը կաթողիկոսական գահ է բարձրացել 1963-ի մայիսին), «կոնգրես» (մինչդեռ ավելի ճիշտ է նշել Սենատը, քանի որ Սենատը Ներկայացուցիչների տան հետ միասնաբար կազմում է ԱՄՆ կոնգրեսը) եւ այդ ելույթը տեղադրում 1960-ականների առաջին կեսին` Մարսելում հիմք գցելու Անթիլիասի նկրտումների ժամանակ (էջ 235). նույն սխալը կրկնվել է 5-րդ գլխի 9-րդ ծանոթագրության մեջ (էջ 480): Հինգերորդ գլուխն սկսում է «1960-ական թվականների սկզբներին Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ընտրվեց Յակով Զարոբյանը» (էջ 227) նախադասությամբ: Այս շարադրանքը կաղում է երկու առումներով. առաջին` ճիշտ ձեւակերպումն է «Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար», երկրորդ` ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարների «ընտրությունը» (իրականում` Մոսկվայից նշանակումը) կատարվում էր որոշակի թվականում. հեղինակին համար երբեք դժվար չէր պարզել, թե Զարոբյանը այդ պաշտոնին ընտրվել է 1960 թվականին: Դալլաքյանը ակադ. Մկրտիչ Ներսիսյանի խմբագրած «Գենոցիդ» ռուսերեն ժողովածուի» լույս ընծայումը նույն էջում վերագրում է 1960-ական թթ.: Այստեղ եւս կա կրկնակի ճշտման կարիք. առաջին` ժողովածուի ռուսերեն լրիվ անունն է «Գենոցիդ արմյան վ Օսմանսկոյ իմպերիի», որը լույս է տեսել 1982 թ., մինչդեռ նրա հայերեն նախօրինակն էր լույս տեսել 1966 թվականին` «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով: Ժամանակագրական խախտում է 1964 թ. հիմնված Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը տեղադրել նույն կոմիտեի` 1965-ին հրատարակվել սկսած «Հայրենիքի ձայն» պաշտոնաթերթից հետո (էջ 229) եւ ոչ թե ընդհակառակը: Ալեք Մանուկյանին հասցեագրված ՌԱԿ մի դիմում-խնդրագրի թվական է նշվել «1989 թվականի գարունը» (էջ 385), մինչդեռ թե՛ շարադրանքից եւ թե՛ 7-րդ գլխի 49-րդ ծանոթագրությունից պարզվում է, որ այդ փաստաթղթի ճիշտ թվականն է 1984-ի մայիսի 3-ը (էջ 495. ենթադրում ենք, որ սա մուտքագրման սխալ է):
Հատուկ անունների անճշտություններ.- Հատկապես ՀՀ-ում տարածված սխալ ձեւ է «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» անվան ներկայացումը «Հայ բարեգործական ...» տեսքով, ինչին տուրք է տվել նաեւ Կ. Դալլաքյանը (էջ 12): ՀՅԴ համահավաքները պաշտոնապես կոչվում են «ընդհանուր ժողովներ» եւ ոչ թե «համագումարներ» (էջ 178, 203): Ենթադրում ենք, որ մուտքագրման անուշադրության արդյունք է Երվանդ Ազատյանի բուն անվան` Էդմոնդ Կոտալազյանի ազգանվան «Կոտազյան» ձեւով տպագրումը (էջ 224): Լիբանանի քաղաքական դեմքերից նախկին վարչապետ Սաեպ Սալամի ազգանունը ներկայացվել է «Սալեմ» սխալ ձեւով (էջ 304): Մոնրեալի այն հյուրանոցը, որտեղ կայացել է ՌԱԿ 1981-ի սեպտեմբերի 13-ի խորհրդակցական ժողովը, նշվել է «Ուեզըր» (էջ 377) կամ «Ուինզըր» անուններով (էջ 494, ծան. 42), մինչդեռ պետք է լինի «Ուինստսըր»` Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անունով:
Իմաստային անճշտություններ.- Գտնում ենք, որ հեղինակը, որ իր վարած պաշտոններով բազմահմուտ է հայկական հարանվանությունների հարցերում, պետք է ավելի ճշգրիտ ձեւակերպեր իր հետեւյալ միտքը. «... Սիրիայում ... պաշտոնական կառույցների համար հայ ազգային փոքրամասնություն չկար, այլ կար միայն հայ հավատքին պատկանող հավաքականություն, որն ընդունվում էր իբրեւ սիրիացի, բայց հայկական կրոնի հետեւորդ» (էջ 187): Այս նախադասությունը պետք էր շարադրել այսպես. «... Սիրիայում ... պաշտոնական կառույցների համար հայ ազգային փոքրամասնություն չկար, այլ կային Հայ առաքելական եւ Հայ կաթոլիկ դավանանքներին (կարելի է գրել նաեւ` «եկեղեցիներին» - Գ. Յ.) պատկանող հավաքականություններ, որոնք ընդունվում էին իբրեւ սիրիացի, բայց քրիստոնեական կրոնի հետեւորդ»: Հեղինակը գրում է, թե 1960-ականներին «պատմության դարակներին հանձնվեց սփյուռքահայության նկատմամբ դասակարգային մոտեցման, դասակարգային շերտավորման քաղաքականությունը» (էջ 229), մինչդեռ տարբեր փաստաթղթեր ապացուցում են, որ այդ մոտեցումը, թեեւ նախորդ ժամանակաշրջանից էապես թույլ դրսեւորումներով, պահպանվեց մինչեւ ՀԿԿ իշխանազրկությունը1990-1991 թվականներին:
- Տեղեկությունների շփոթներ.- Հայ երիտասարդաց ընկերակցության «Զարեհ Նուպար» ակումբը նշվել է իբրեւ «սրահ» (էջ 101), Բեյրութից 20 կմ հյուսիս գտնվող Ջեիտայի նշանավոր քարանձավը Կ. Դալլաքյանը տեղադրել է Բեյրութում (էջ 463):
- Գնահատման սխալներ կամ չափազանցություններ.- Հեղինակը գրում է, թե Խորհրդային Հայաստանում «շարքից հանվում էին» ՌԱԿ «Զարթօնք» եւ «Երկիր» թերթերի այն համարները, որոնք «կրոնական պրոպագանդ եւ ազգայնամոլական կրքեր հարուցող նյութեր» էին պարունակում (էջ 230): Մեր կարծիքով, «ազգայնամոլություն» եզրն այստեղ հիմնովին անհարիր է, քանի որ չի համապատասխանում իրականությանը. կարելի էր այդ բառը փոխարինել «ազգայնականություն» բառով` շարադրանքից զեղչելով «կրքեր» անիմաստ հավելումը: Դալլաքյանը չափազանց խիստ է գրել, թե «80-ական թվականների վերջերին ՌԱ կուսակցության ղեկավարությունը նույնիսկ իր վստահությունից զրկեց Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին» (էջ 231). ավելի ճիշտ կլիներ գրել, թե ՌԱԿ-ը «մեծ վերապահություններ» ունեցավ Վեհափառի նկատմամբ: Մեր անձնական փորձի վրա հիմնված համոզումով` ՌԱԿ-ն իր փաստաթղթերում (էջ 310, 319-320) գերագնահատել է Լիբանանի 1975-1991 թթ. քաղաքացիական պատերազմում իր մարտական կարողությունները, ինչին տուրք է տվել նաեւ հեղինակը` «ՌԱԿ մարտական ջոկատին» վերագրելով «սխրանքներ» ու «հերոսական գործեր» (էջ 318), մինչդեռ այդ մասնակցությունն ու կատարած գործերը շատ ավելի համեստ են եղել իրականում: Այս բոլորով հանդերձ, Դալլաքյանը ճիշտ որակավորում է տալիս 1975-ին սկսած հայկական պայքարի բիրտ ձեւին` դա հայտարարելով ոչ թե «ահաբեկչություն», այլ` «անհատական զինյալ գործողություններ թուրքական (ճիշտը` թուրք - Գ. Յ.) պաշտոնյաների դեմ» (էջ 346):
- Լեզվական սխալներ: Այդ թվում`
- Դասական ուղղագրության սխալներ.- Սրանք հայաստանյան այլ հրատարակություններից թեեւ հարաբերաբար քիչ են, սակայն, կարծում ենք, կարելի էր շատ ավելի նվազ քանակով թույլ տալ (օրինակ` Եսայի Յաղուբյանը բազմաթիվ էջերում դասական ուղղագրութեամբ ներկայացվել է «Յաղուպեան» ձեւով փոխան «Եաղուպեանի»): Այս երեւույթը մի անգամ եւս ստիպում է մեզ բարձրաձայնել ուղղագրական միասնականության հարցի մասին, որն այսօր եւս «թաբու» է համարվում...
- Զարմանալի է, որ 1980-ի մայիսին Լոնդոնում գումարված ՌԱԿ միջգաղությաին խորհրդակցական հանդիպման փաստաթղթերից մեկի լեզուն արեւելահայերեն է, այն էլ` աբեղյանական ուղղագրությամբ (էջ 351-352), մինչդեռ ՌԱԿ-ի բոլոր փաստաթղթերը արեւմտահայերեն եւ դասական ուղղագրությամբ են: Լավ կլիներ. եթե հեղինակը իր տեսակետն հայտներ ընդունված կարգից այս շեղման պատճառները` եթե, իհարկե, այդ հանգամանքները հասու են եղել իրեն (մի գուցե փաստաթղթի լեզուն անգլերե՞ն է եղել, որից էլ արեւելահայերենի է թարգմանվել):
- Ռուսաբանություններ.- Հայաստանյան ուրիշ հրատարակությունների հետ համեմատած` սրանք անհամեմատ քիչ են, բայց, այդուհանդերձ, կան: Օրինակ` «խոսքը գնում է» (էջ 138), ճիշտը` «խոսքը ... մասին է», «թուրքական հյուպատոս» (էջ 295), ճիշտը` «Թուրքիայի հյուպատոս», նույնպես` «հայկական մարտիկներ» (էջ 318)` «հայ մարտիկների» փոխարեն, «հայտնում էր Սահակ Բ կաթողիկոսին այն մասին, որ...» (էջ 491). այստեղ «այն մասին» բառակապակցությունն ավելորդ է:
Մուտքագրման սխալները եւս գտնվում են տրամաբանականի սահմաններում:
Այս թերիները, բացթողումներն ու սխալները չեն նսեմացնում կատարված հսկայական աշխատանքի կարեւորությունն ու պատմագիտական արժեքը:
Համոզված ենք, որ «ՌԱԿ պատմություն» երկու գրքերը շուտով կունենան այլալեզու հրատարակություններ, ինչո՞ւ չէ` նաեւ հայերեն վերահրատարակություններ:
Վերջում, որպես հայ անհատ եւ պատմաբան, պարզապես պահանջում ենք ՌԱԿ ղեկավարությունից եւ հայկական բոլոր կառույցների ղեկավարներից, անհապաղ կարգի բերել սեփական արխիվները (շատ ավելի ճիշտ կլիներ դրանց գիտական դասավորումը` Հայաստանի ազգային արխիվի մասնագետների օժանդակությամբ), որպեսզի մեզանից առաջ հենց իրենք հնարավորություն ունենան իմանալու իրենց անցյալը` ներկան կարգավորելու եւ ապագան ծրագրավորելու համար: 21-րդ դարում անհնար է շարունակել նախնադարյան խելապատիկով եւ միջնադարյան մոտեցումներով...:
- ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հունվարի 31-ի հոդվածում գրում է, որ հայերն իրենց հույսը միշտ կարող են դնել թուրք առաջնորդների վրա, որոնք իրենց հապշտապ, զգացմունքային ...ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆՎերջին տասնամյակի հարավկովկասյան զարգացումները ձեւավորել են ռազմաքաղաքական եւ միջազգային-իրավական խնդիրների այնպիսի ոլորտներ, որոնք արտացոլում են ոչ միայն ներտարածաշրջանային սուբյեկտների շահերը, այլեւ ...ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱԿ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ` ԲԱՔՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Ա. Հ.Բաքվի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավար Էմիլ Սուլեյմանովին կասկածում են ռուսական ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե, որ ավելի հայտնի է որպես ԿԳԲ) հետ համագործակցության մեջ: Ինչպես ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՐ ԲԱԺԻՆ ՎՐԱՑ ԱԳՆ-ՈՒՄ
Ա. Հ.Ռուս-վրացական հարաբերություններն իսկապե՞ս կարող են շարժվել տեղից, թե՞ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն անհրաժեշտ է հերթական անգամ բարիդրացիության ցույցեր անել, բայց` անհետեւանք, դեռ պարզ չէ: Երեկ ...ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՈրքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան դյուրագրգիռ են դառնում Թուրքիայի կառավարական, քաղաքական եւ գիտական շրջանակները, իսկ դա նրանց ստիպում է դիմել անհավասարակշիռ քայլերի: Այդ քայլերից թերեւս անհավասարակշիռը ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԵՐԵՎԱՆԻՑ ՄԵԿՆԵՑ ԵՎՐՈՊԱ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդագրություն է տարածվել, որ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել եւ եվրոպական երկրներից մեկն է ուղարկվել ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
Ըստ ռուսաստանյան «Սովա» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, 2007-ին Ռուսաստանում ռասիզմի զոհ է դարձել 67 մարդ, մոտ 550-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա ...«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը քայքայվեց սխալ կադրային քաղաքականության պատճառով: Նույնը շարունակվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Չճանաչելով Հայաստանի իրականությունը, նա էլ սկսեց սխալ կադրային քաղաքականություն ...Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Թեկնածուն ընտրարշավի 13 օրերը գնահատեց «թերեւս բավական կոռեկտ»: Պրն Մելիքյանը նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հայցադիմումը ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«Ազգն» արդեն անդրադարձել է Հայաստանի նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների նախընտրական հիմնադրամներում հավաքվող դրամագլխին: Կարող ենք ասել, որ անցած օրերի ընթացքում այդ հիմնադրամները հարստացել են: ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԻ ԱՆՑՈՒՄՆ ՈՒ «ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ» GALLUP-Ը
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկ հրավիրած ասուլիսի սկիզբը կարծես զուտ քարոզչական ու նախընտրական էր: Արզումանյանը հայտարարեց, ...ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ՀԱՂԹԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿՐՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1ՀՀ նախագահի ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի ընտրական գաղափարախոսության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն չկա, բայց այդ անհրաժեշտությունը բացառված չէ գործողությունների առումով՝ հանդիպումները պետք ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՇՏԱԲՆԵՐԻ ՎՐԱ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ս. Ալեքսանյանից փետրվարի 1-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահ՝ Մ. ԱՎԱԳՅԱՆ«Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միավորման վարչության ընդլայնված նիստը, կարեւորելով 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները, արձանագրում է, որ դրանց ազատ, արդար եւ թափանցիկ ...«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԱՃ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄեր հացազրույցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ ծավալվեց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի, արձանագրված ցուցանիշների, քաղաքական եւ մասնավորապես ընտրական ...ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԱյս գիրքը լրացնում է հեղինակի` դեռեւս 1990 թվականին լույս ընծայած առաջին հատորի նյութը: Եթե առաջինն ընդգրկում էր 1921-ի հոկտեմբերին հիմնված ՌԱԿ-ի հիմնադրության նախապատմությունը, պատմությունը եւ առաջին ...ԳԻՐՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԵՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԱշխարհը առաջ է ընթանում ինքնուսների ուսերին հենված: Այդ նրանք են լուն պայտել եւ հայտնաբերել Տրոյան, առաջինը նրանք են նախագծել թռչող սարքեր, ստեղծել տպագրական եւ հազար ու մի մեքենա: Այդ ամենը նրանք արել ...ՓԱՐԻԶՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱԳՈՒՄԸ» ԳԻՐՔԸ
Պ. Ք.Ֆրանսահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Նորվան արք. Զաքարյանը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին Փարիզի Ժան Գուժոն փողոցում գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարի «Նուրհան Ֆրենգյան» սրահում տեղի կունենա դասախոսություն, ...ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ՝ փետրվարի 1-ին իրանական հեղափոխության սկիզբը ազդարարող օրը, Երեւանի ժողարվեստի թանգարանում բացվեց տասնօրյակի միջոցառումների շարքը: Թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը բարձր գնահատեց երկու ժողովուրդների ...«ԱԶԳԻԿ»-ՆԵՐԻ ԵՎ «ԱԶԳ»-ԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿՈՒՀԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ,ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱՆԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԳՅՈԶԱԼՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԲարեւ ձեզ: Այս անգամ մենք «Ազգ»-իկներս, ձեզ ողջունում ենք ոչ թե մանկապատանեկան, այլ մեծահասակների «Ազգում»: Երեկ` դասընթացի մեր վերջին օրը հագեցած էր բուռն իրադարձություններով` UNICEF-ի մեր հարազատ սենյակում ...ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԺամանակին բասկետբոլը Հայաստանում լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւ էր: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բասկետբոլն էլ մյուս մարզաձեւերի նման հետընթաց ապրեց: Ճիշտ է, վերջին շրջանում բասկետբոլի ֆեդերացիայի ...ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋիբրալթարում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 201 շախմատիստներ: Վերջնագիծն աչքի ընկավ համառ մրցապայքարով եւ հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմելու նույնիսկ լրացուցիչ մրցախաղի: ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՓետրվարի 2-10-ը Մոսկվայում կանցկացվի շախմատի «Աերոֆլոտի» 4-րդ բաց առաջնությունը: Այս անգամ չորս խմբով անցկացվող շախմատային փառատոնին ընդհանուր առմամբ կմասնակցեն 1000-ից ավելի շախմատիստներ, որոնց թվում ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆԱԽԸՆՏՐԵԻ ԳՆԱԼ ԲԱՔՈՒ»
Հ. Չ.ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ՞
ԹԱՂԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԱՅՐԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒ Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՏԱԲԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ ՀԱՐՑԻՑ ԴՈՒՐՍ Է
Թարգմ. Հ. Ծ.
Ո՞Վ ՇԱՀԵՑ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՆԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ.«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»
Հ. Չ.
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ

ՆԱԽ ԻՆՔՆԱԹԻՌ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ

«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

