
ԽԱՉԱԳՈՂ
Աղջիկը զզվանքից սեղմվել էր պատուհանին, բայց հետաքրքրությամբ հետեւում էր: Այնուամենայնիվ զբաղմունք էր, գիշերային ճամփորդությունը կարճելու հնարավորություն: Գնչուհին այլանդակ էր, բայց դատել եւ կռահել կարողանում էր, գուցե եւ հոգին տեսնել:
- Հրաշալի տարիք է,- շարունակեց գնչուհին,- քսանհինգ էլ չկաս, այդ ներքին կռիվը դժվար թե սպառնա քեզ… Թեեւ խելացի ես… Խելացի մարդիկ սիրում են հոգեկան պայքար, իրենք իրենց տանջել… հիմարաբար: Խելացի մարդը միշտ տանջանք կգտնի: Ձեռքերդ եւ գլուխդ իրար չեն համապատասխանում… Ագռավները աշնանը վերադառնում են: Հարավ գնալու համար հյուսիս ենք գնում: Հակասությունները շատ են, դեռ պատանի ես, բայց ինքնավստահ եւ ուժեղ, անհոգ… Չքնեցիր: Կա՛մ զգուշավոր ես, կա՛մ մտքերդ չեն թողնում…
- Երրորդ տարբերակ,- ընդհատեցի:
Աղջիկը հայացքը լարեց… Նրան մեկ Ինային էի նմանեցնում, մեկ՝ Նինային:
Գնչուհին բարձրացրեց գլուխը:
- Անսովորությունից է, երկրորդ անգամ եմ գնացք նստում:
- Մի ժամը բավական է գնացքին հարմարվելու համար… Բայց դու շախմատիստ ես, ճիշտ է, բոլոր տարբերակները պետք է հաշվես… Այստեղ էլ հակասություն, շախմատային գիրք եւ բանաստեղծություններ, հաշվարկ եւ զգացմունք…
- Առաջին նշանները երբեմն սխալ են լինում,- նորից ընդհատեցի,- ուղեւորվելիս վեպ չէի վերցնի հետս…
- Մի շտապիր ամեն ինչի բացատրություն գտնել եւ տալ, կարիք չկա, բացատրությունները նույնքան սխալ են լինում, որքան ենթադրությունները:
- Կամ հակառակը:
- Այս դեպքում՝ այո, որովհետեւ էական չէ: Դու կարծում ես, թե խանգարո՞ւմ ես ինձ, իրականում քո ընդհատումներն օգնում են ինձ:
- Այո, զգացի սխալս, ինֆորմացիա եմ մատակարարում:
- Ոչ միայն: Բնավորությունդ ես բացում, իսկ բնավորությունը հոգու դուռն է:
- Եթե ապակողմնորոշո՞ւմ եմ:
- Ինչո՞ւ ապակողմնորոշես, թաքցնելու բա՞ն ունես:
- Հետաքրքրության համար:
- Մի՞թե չի հետաքրքում ճշմարտությունը… քո մասին:
- Եթե ճշմարտությունն ասեք:
- Դու կասկածո՞ւմ ես:
- Առայժմ հակառակը չի ապացուցվել:
- Ազատվիր գաղտնիքից:
- Ի՞նչ:
- Ազատվիր մտատանջությունից եւ կքնես:
- Չքնելը մանկուց իմ երազանքներից է եղել:
- Հարցի կեսին պատասխանելը խուսափելու նշան է՝ հաստատելով մյուս կեսը:
Գնչուհին կարծես այնքան էլ տգեղ չէր, աչքերը որ գեղեցիկ էին, եթե ուղիղ էր նայում:
- Առայժմ միայն անցյալդ եմ տեսնում,- չսպասեց պատասխանիս, երեւի արդեն նշանակություն չուներ նրա համար,- կյանքդ հարուստ չէ, բնական է, շատ բան չկա… նորից հակասություն,- հորանջեց, սկսեց ձանձրանա՞լ,- ազատվիր գաղտնիքից, քանի չես մոռացել, հետո կխեղդի քեզ… Ճամփադ չի երեւում… Ոտքերդ կտաքանան շուտով…
Ցուրտ եղանակի համար ամեն ինչ ունեի, բացի ձմեռային կոշիկներից: Ինան ինձ համար տաք կոշիկ չգտավ…
- Շարունակությունը խառն է, չեմ տեսնում, չի երեւում… Դու ապագա չունես…
- Օ՛յ,- ակամա ձայն հանեց աղջիկը,- սարսափելի է…
- Այս պահին չունես,- շարունակեց գնչուհին,- ձեւավորումը դեռ չի ավարտվել, ջուրը շատ է… միայն տարիքային չէ… տարիքը չէ պատճառը… հոգնեցի,- գնչուհին նորից գարշելի էր դարձել,- անցյալդ աղքատ էր, բայց այստեղ ինչ-որ հզորություն կա, չեմ կարող հաղթահարել… Դա ինձ ճնշում է, բայց ուժ է տալիս, զարմանալի է… Քեզ խաբողը կանկեղծանա, եթե կին է, եթե տղամարդ է, կսպանի… Ինչ որ շատ ունես, տուր… թեթեւացիր… քամու պես…
Դու իմ ազատ քամի… Ասում էր Ինան սիրով…
- Ի՞նչ պատահեց,- փաղաքշաբար հարցրեց ծուռժպիտ գնչուհին,- խնայիր աչքերդ, շատ խոսուն են…
- Երեւի սկսեմ մուգ ակնոց դնել,- կարողացա հանգիստ խոսել, նույնիսկ ժպիտով,- գնամ ծխեմ, քնել չի հաջողվի,- կանգնեցի եւ ձեռքս տարա պիջակիս վերեւի գրպանը, որտեղ ծախսի փողն էի դնում,- քո բախտից, սիրուն գնչուհի, ինչ որ դուրս եկավ…
- Բախտս այսպես երբեք չէր բերել,- ուրախացավ գնչուհին քսանհինգանոցը տեսնելով,- շռայլ երիտասարդ… Կուզեի քեզ տեսնել մի քանի տարի հետո:
Գնացքը շարժվում էր լուսաբացին ընդառաջ: Հավանաբար դեռ շատ կար մինչեւ Նովոսիբիրսկ: Ուզբեկը չէր երեւում, որ հարցնեի: Ծխելուց հաճույք չէի զգում, պարզապես փոփոխություն էր, զբաղմունք:
Ինչ-որ կայարանի էինք մոտենում, աղջիկը եկավ, իջնելու էր:
- Ի՞նչ տեղ է,- հարցրեցի:
- Չերեպանովո,- պատասխանեց եւ իսկույն սկսեց նախատել,- ինչո՞ւ այդքան փող տվեցիք այդ զզվելի կնոջը…
Ապշած մնացել էի, երեւի երրորդ քույրն էր, չէի իմացել…
- Սկզբում կարծեցի, թե Դուք էլ եք նրանցից,- շարունակեց աղջիկը պատասխանիս չսպասելով: Դա Ինային էր հատուկ, Նինան ճշգրիտ էր եւ պահպանում էր քայլերի հերթականությունը:- Տղամարդն արթնացել էր, ուզում էր Ձեր պայուսակը բացել, չհասկացա՝ ինչ էին խոսում, կինը չթողեց: Նրա անունը Շուգա է… Գնացեք, գուցե հիմա կողոպտում են Ձեզ:
Շատ արագ էր խոսում, մի քանի վայրկյանում հասցրեց այդքանը շարել: Բայց բառերը հստակ էր ասում եւ դուրեկան էր:
Իսկ ես որոշել էի գնչուհուն ստուգել, եւ իմ տպավորությունը: Ինձ թվում էր, թե նա վերջում բարյացակամությամբ լցվեց: Սակայն ճամպրուկիս մեջ առնվազն երկու բան թանկ էր ինձ համար, կորուստը ցավ կպատճառեր: Մորս վերարկուն եւ չինուհու արձանիկը: Շուգան խելացի կին էր, աղջկա ներկայությամբ չէր թողել, որ իրերս քրքրեին, առանց վկայի միգուցե հենց ինքը մի բան թռցներ:
Աղջկան հաջողություն մաղթեցի եւ վերադարձա:
Նրանց վերեւում շարժում չէր զգացվում, Շուգան իր տեղում էր, ոտքերն էր ներս տարել: Ճամպրուկս բանալիով էր փակվում, չէին կարող հապճեպորեն բացել եւ փակել: Պայուսակս իջեցրի, լայն բացեցի, որ Շուգան տեսնի պարունակությունը, երկու տուփ սիգարետ հանեցի եւ պայուսակը դրեցի տեղը:
- Տեղեկացրե՞ց,- քմծիծաղեց գնչուհին:
- Ոչ, Շուգա,- պատասխանեցի ուշադիր նրան նայելով,- ես քո խոսքը հիշեցի. «Քեզ խաբողը կանկեղծանա»: Չէ՞ որ դա քեզ էր վերաբերում:
- Չկա գուշակություն, կա հարմարեցում,- ասաց Շուգան,- եւ դու այդ գործում լավ ես: Մենք միասին կարող էինք աշխատել:
Եվս մի աշխատանքի առաջարկ, գուցե ամենալավը… եթե Շուգան կինոնկարների գնչուհիների պես գեղեցկուհի լիներ: Շուգան տեղափոխվեց դիմացս եւ... աչքերիս առաջ կերպարանափոխվեց, բերանն ուղղվեց, եւ դեմքը: Լեզվով մաքրեց ատամները, ամեն ինչ իր տեղն ընկավ: Շրթներկը մնաց, որ բերանի աջ անկյունը կարծես ճեղքի էր վերածում: Գալինա Իվանովնայի վայելուչ գեղեցկությունը չէր, բայց նրա հագուստով եւ մաքրությամբ շատերին կգերազանցեր: Համենայն դեպս դեմքն արժանի էր աչքերին:
Սա արդեն լուրջ առաջարկ էր:
- Գիշերային թարմություն,- շշնջացի:
Շուգան շոյված ժպտաց:
- Բայց ինչո՞ւ, մի՞թե այս տեսքով ավելի հաջողակ չես լինի:
- Ե՛վ այսպես, եւ՛ այնպես,- Շուգան ցույց տվեց, որ ժպիտը աչքերից պակաս հմայիչ չէ:- Այլանդակությունը ձգում է: Կանանց դա հաճույք ու ինքնագոհություն է պարգեւում, եւ տղամարդիկ են հանգիստ թողնում:
- Ափսոս է գեղեցկությունդ, թաքցնում ես…
- Ես ուրիշ կյանք էլ ունեմ, ոչ միայն մեկը… Եթե գաս, ամեն ինչ կիմանաս:
- Իսկ նրա՞նք,- գլխով ցույց տվեցի ձախ կողմը:
- Նրանք ժամանակավոր են: Ես նրանց Նովոսիբիրսկ եմ տանում:
Անշուշտ, մերժելու էի, բայց հետաքրքրում էր, թե այդ ինչ կյանք է, շարունակեցի հարցուփորձը: Շուգան միամիտ չէր իհարկե, կտրեց խոսքս:
- Ամեն ինչ կիմանաս որոշելուց հետո:
- Ինձ ուրիշ կյանք է սպասում,- ասացի անկեղծորեն,- ես զբաղմունք ունեմ եւ ամբողջովին նվիրված եմ դրան:
- Ի՞նչ գործ ես անում… Գրաչի նման չես, թեեւ նրանց տուն դառնալու ժամանակն է:
- Գրաչներն ովքե՞ր են:
- Ուկրաինայում հայ շինարարներին էին գրաչներ անվանում:
- Հենց նրանցից եմ, բայց միայն այս տարի: Իմ գործն ուրիշ է, ես մարդկանց ճակատագրերն են տնօրինում:
- Դատավո՞ր ես,- հարցրեց ծիծաղով,- շատ ջահել ես…
- Ես գրող եմ… Եվ դու էլ կմտնես իմ գրքերի մեջ:
- Զգում էի, որ դու էլ ինձ պես ճակատագրերի հետ գործ ունես… Կոլեգաներ ենք ինչ-որ չափով… Քո իշխանությունն ավելի ուժեղ է, անսահմանափակ է…
Արանքով մի կին էր գալիս՝ ակնհայտորեն Շուգայի տեղը աչքի առաջ ունենալով:
- Այստեղ կարո՞ղ եմ նստել,- հարցրեց նա:
Շուգայի իրական տարիքի՝ երիտասարդ կին էր, վերարկուն գրեթե ամեն ինչ ծածկում էր, համենայն դեպս հաստ չէր: Չէր տեսել, թե ինչ միջավայր է մտնում:
- Հո՜,- միանգամից բոռաց գարշելի գնչուհին,- դա իմ տեղն է… Դու այստեղ նստիր, բայց տե՜ս, աչք չգցես մեր ջահելին…
- Ձեր ջահելին պահեք ձեզ,- սառեց կինը հայացքով ուրիշ տեղ փնտրելով:
- Չեմ կարողանում,- քրքջաց Շուգան,- շատ կատաղած է:
Կինը գրեթե սարսափահար էր երեւում:
- Նստեք, խնդրում եմ,- շտապեցի հանգստացնել նրան:
- Այ թե ինչ,- Շուգայի գարշելի դեմքը ցասումով ողողվեց, մինչդեռ աչքերի մեջ կայծեր էին խաղում: Ինայի պես աշխույժ աչքեր ուներ, սակայն սեւ:- Գեղեցիկ կի՞ն տեսար…
- Հանգիստ մնա, իմ այլանդակ գնչուհի (Ինան էր ասում՝ այլանդակ եմ, չէ՞, ես),- ձեռքս մեկնեցի, դրեցի ուսին, փորձեցի շոյել այտը:
Շուգան իրոք կատաղեց, խփելով հետ մղեց ձեռքս:
- Դուք չանհանգստանաք,- դիմեցի կնոջը, որը մի կերպ տեղավորվել էր իր անկյունում,- նա չար չէ, արտակարգ բարի էակ է, հրեշտակ, քնքուշ հոգի… Սարսափելի խանդոտ է, դրա համար է չարացել: Հենց հանգստանում է, ուրիշ մարդ է դառնում: Իսկ եթե Ձեր բախտը գուշակի, արդեն կսիրեք նրան…
- Ես փող չունեմ,- միանգամից հայտարարեց կինը, որպեսզի հանգիստ թողնենք իրեն:
- Փողը պարտադիր չէ, նա իր հաճույքի համար է գուշակում, դա նրա համար ստեղծագործական լիցքաթափում է…
- Ինքդ դատարկվիր,- չարախնդաց Շուգան,- ի՞նչ ես ուրիշի հաշվին լավություն անում, լկտի դավաճան…
- Ինձ պետք չէ,- նորից անհանգստացավ կինը հայացքը շարունակ պտտելով, ազատ տեղ էր փնտրում:
- Ուշադրություն մի դարձրեք, նստեք, ես խնդրում եմ,- անախորժ տպավորությունը ցրելու համար սկսեցի խոսել,- Ձեզ ոչ ոք տհաճություն չի պատճառի: Կարող եք չլսել, ինչպես չեք լսում գնացքի ձայնը, հարեւանների խոսակցությունը, այս քնածների խռմփոցը, խանդոտ կնոջ ցասումնալի հառաչանքը… Ինչո՞ւ հենց այս տեղն էր ազատ, ինչո՞ւ հենց այս կայարանում աղջիկն իջավ եւ Դուք նստեցիք: Ուրեմն Դուք պատասխաններ ունեք ստանալու: Իհարկե, չեք հավատում գուշակությանը կամ պայծառատեսությանը: Դուք ողջամիտ կին եք, երիտասարդ եւ հրապուրիչ: Դուք հավատում եք հաջողությանը, թեեւ գուցե ուրիշ բառ կգերադասեիք…
Ամենակարեւորն արված էր, կինը զարմանքից լռել էր եւ անշարժ նստել: Հետաքրքրությամբ էր նայում ինձ, թեթեւ, անորոշ ժպիտով, թերեւս տրամադրվել էր լսելու: Կարող էի բարի գիշեր մաղթել նրան եւ Շուգայի հետ գնալ ծխելու: Ուզում էի նորից տեսնել գնչուհու իսկական դեմքը: Սակայն Շուգայի հայացքը դրդեց շարունակել:
- Գուցե Ձեր բախտը բերեց, որ ընկերուհիս չզբաղվեց Ձեզնով, քանի որ նա ոչ միայն գուշակում է եւ տեսնում, այլեւ ազդում է ճակատագրի վրա: Դա միայն նրանից չի կախված, հազար ու մի մանրուքի համադրում է անհրաժեշտ, մեկը պահի տրամադրությունն է, երկուսի տրամադրությունը… Ձեր երկուսինն էլ բացասական էր այդ պահին: Նրանը՝ չարություն, Ձերը՝ վախվորած զգուշություն, կասկած, անհանգստություն… Հիմա լավ է, երկուսդ էլ հանգիստ եք, բայց թույլ եք, այժմ ձեր միջեւ կապ հնարավոր չէ: Գրգիռների բացակայությունը սպանում է միտքը, բայց հաճախ փրկում է ամենասարսափելի վտանգից: Չկա կապ՝ չկա վտանգ: Դուք կարող եք անվրդով քնել օձի կամ մոլագար մարդասպանի հետ նույն սենյակում: Մեռած հոգին է հաղթանակը, ո՛չ տանջանք, ո՛չ հիշողություն, ո՛չ ցանկություն ու երազանք: Միայն այդպես կարելի է անցնել սահմանը, որն իրական է եւ ոչ թե կախարդական հայելի կամ օդի շերտ: Անցնել ու տեսնել ամեն ինչ, նույնիսկ սեփական մահը եւ դրանից հետո… Ահա մումիայի երջանկությունը: Եվ որը սարսափելի է՝ անցյալի խուսափումները, թե ինչից ես փրկվել կամ զրկվել ակնթարթի շեղվելու պատճառով…
Ցածր էի խոսում, գրեթե շշնջալով, առանց դադարի, պարզ ու դանդաղ, կարծես թելադրելով ու հապաղելով, որ հասցնեն գրել:
Խոսելու շնորհը կամ հիվանդությունը բացահայտվել էր Ինայի շնորհիվ, եւ ես ստուգում էի, թե առանց նրա կարո՞ղ եմ նույն ազատությամբ խոսել, ինչպես Նեմիսն էի կտրել-անցել նրան առջեւում չտեսնելով: Կինը ապշած լսում էր, ձեռքերը վերարկուի գրպաններում, գլուխը առաջ բերած: Այդպես ես ու Նինան էինք նստել իրար դիմաց, մտովի շախմատ խաղալիս: Սա էլ էր շախմատային պարտիա, հանգիստ քայլերն էի անում առանց ինքնամոռացության կամ ոգեւորության: Պարզապես պետք էր բառերը շարել իրար հետեւից, անընդհատ: Քանի որ պարտիա էր, շատ լավ էի զգում դրությունը, գիտեի, թե ինչպես է զարգանալու, եւ շարժվում էի այդ ուղղությամբ: Անկապ խոսքից հասնել մոտավոր իմաստի եւ վերջացնել անհեթեթությամբ… Դա է բախտագուշակի գաղտնիքը: Ում ինչ հետաքրքրում է կամ տանջում, կգտնի դրա մեջ:
Նայում էի դիմացս՝ կնոջը, աչքս որսում էր Շուգային, նրա համար էի խոսում: Անշարժ նստել էր ձեռքերը կրծքին խաչած, գլուխը թեքած ուշադիր լսում էր չմոռանալով, որ բերանը պիտի ծուռ պահի եւ երբեմն ատելությոան ու արհամարհանքի ձայներ հանի:
- Մումիան անխռով է, նա վեր է ժամանակի չափից եւ տեսնում է ամեն ինչ: Տեսնում է, բայց չի միջամտում, որովհետեւ դա կնշանակի հույզ եւ զգացմունք… Եվ չի հայտնում: Ահա ամենադժվարը՝ իմանալ նրանից տեսածը: Նրան պետք է հուզել անցյալով: Գալիքը նրա համար նշանակություն չունի բացարձակապես: Անցյալը նրան կխոսեցնի, բայց դեռ շատ շուտ է գաղտնիքին հասնելու համար: Ստացվում է բարդությունների շղթա, ամեն մի քայլը առաջշարժում է կամ փոփոխություն, պարզություն չկա, խարխափանք է, ափսոսանք սկսելու համար… Ցավ, որովհետեւ հասել ես ներքին պատնեշին: Մումիան խորասուզվեց իր դարավոր անշարժության մեջ, բացահայտումը միայն քեզնից է կախված, եթե համարձակություն ունենաս խոստովանության՝ ինքդ քեզ, քանի դեռ չես գտել մեկին՝ կյանքի մասնագետին, որը կհասկանա, թող չմխիթարի, մխիթարողն ուրիշ է լինելու, բայց բացատրի կատարվածը: Այնուամենայնիվ ինքնախոստովանությունն է սկիզբը: Նախ՝ ուշադրություն, սեւեռում, խորացում, հրաժարվել ինքնապաշտպանությունից, մենակ եւ մերկ: Ոչ մի դատապարտում եւ արդարացում: Դրանք անօգուտ են, ավելորդ եւ ճղճիմ: Մաքրություն չկա, լոկ թուլացման համար հսկայական ժամանակ է պետք: Նույնիսկ ներումը վերականգնում չէ: Երբեք ոչինչ չի վերականգնվում լիովին: Ահա մումիայի սարսափը…
Թեթեւակի դադար էի տվել, կինը միջամտեց, կարելի էր դրանից օգտվելով չշարունակել:
- Դուք չե՞ք վախենում մումիաներից, նրանց մասին չի կարելի խոսել: Ես կարդացել եմ: Հայտնվում են եւ դաժանորեն պատժում:
- Նա մումիաներից չի վախենում,- բառերը գլորեց Շուգան,- ավելի հզոր ուժեր կան:
- Օրինա՞կ,- կինը շրջվեց նրա կողմը, թեեւ դեմքին նայելուց խուսափում էր՛:
- Օրինակ՝ սերը,- պատասխանեցի ես արդեն բարեկիրթ երիտասարդի ժպիտով,- իսկական սերը:
- Կա՞ այդպիսի սեր,- նա թերահավատությամբ նայեց ինձ: Քիչ առաջվա սարսափահար կինը չէր, աչքերն այլեւս չէր պտտում աջ ու ձախ եւ դեմ չէր խոսակցության:
- Այդ հարցին ուրիշը չի կարող պատասխանել,- ճռճռան ձայնով ծիծաղեց Շուգան:
Կինը չէր ուզում խոսել նրա հետ, նորից ինձ դիմեց:
- Դուք թատերականո՞ւմ եք սովորում:
- Ես ուսանող չեմ:
- Բայց դերասա՞ն եք… Եթե հաշվենք, որ քիչ առաջ դեր էիք ասում:
- Դե՞ր… Եթե իմ ասածների մեջ Ձեզ վերաբերող որեւէ բան չգտաք, շատ լավ է:
- Ես մումիայի կարիք չեմ զգում,- ժպտաց:
- Զգուշացեք,- հիշեցրի նրա իսկ նախազգուշացումը, ապա Շուգային ասացի,- չգնա՞նք ծխելու, իմ սիրելի այլանդակ…
Ամեն մի խոսք Ինային էր հիշեցնում, ինչպես էինք «ծխում»…
- Հիմա ծխելու համար ամենատհաճ ժամն է,- անսպասելիորեն մերժեց Շուգան,- դու գնա, ծխիր, որ հանգստանաս…
Ծխելու ցանկություն չէի զգում, նույնիսկ տհաճ էր թվում, Շուգայի հետ էի ուզում մնալ, որ դեմքը տեսնեի: Այնուամենայնիվ դուրս եկա: Նախորդ գիշերվա փորձից գիտեի, որ ամենադժվար ժամերն են սկսվում: Երկար մնացի սառը հարթակում: Սրընթաց գնացքը մութ ապակու անդրադարձով հիշողության ալբոմ էր դառնում…
Երբ վերադարձա, կինը խաչբառ էր լուծում, Շուգան ասաց.
- Շատ ուշացար, քանի՞ հատ ծխեցիր:
Ընդամենը մի սիգարետ էի ծխել:
Լուսանում էր:
Կնոջ ճանապարհը կարճ էր, իջավ երկրորդ կայարանում: Կանգնեց, ուղղեց վերարկուն, թեթեւակի շարժեց ձեռքը եւ գնաց:
Դիմացի տեղում ուղեւորները փոխարինում էին իրար եւ անհետանում: Այդպես իմ կյանքում հայտնվեցին եւ անհետացան Ինան, Նինան, Գալինա Իվանովնան… Ոչ, ես հայտնվեցի նրանց կյանքում եւ անհետացա…
Շուգան կողքի երեխային բերեց իր տեղը, նստեց դիմացս:
- Դեմքդ ցույց տուր,- խնդրեցի անհապաղ:
Գուցե հենց դրա համար էր տեղափոխվել: Ձեռքը հենեց քունքին, դեմքը կողքից ծածկելով, եւ ժպտաց… անկեղծ հմայքով…
- Մենք միմյանց համար ենք ստեղծված,- ասաց նա եւ ավելացրեց ժպիտով,- աշխատանքը նկատի ունեմ:
- Միայն աշխատա՞նքը:
- Դա ամենակարեւորն է:
Եթե ուզբեկը կուպեն տրամադրեր, Շուգան համաձայներ, կգնայի՞ նրա հետ… Դեմքը տեսնելու պահանջը զգում էի, բայց շարունակությունը… Վերջին մղիչը չէր գործում:
- Ուզո՞ւմ ես ասեմ, թե ինչ ես մտածում,- հարցրեց Շուգան:
- Իհարկե… Թեեւ ես գիտեմ, թե ինչ ես ասելու…
Իրար էինք նայում, գնչուհու սեւ աչքերն անհատակ էին: Կարծես մտովի շախմատ էինք խաղում, ինչպես ես ու Նինան: Համոզված էի, որ հասկանում ենք միմյանց: Լուռ երկխոսությունն այսպիսին էր, իմ կարծիքով:
- Դու մտածում էիր ուզբեկի կուպեի մասին,- ասում է Շուգան:
- Ես գիտեի, որ դա ես ասելու:
- Դու կուզեի՞ր:
- Իհարկե:
- Անկեղծորե՞ն:
- Դու գեղեցիկ ես:
- Իսկ ինչո՞ւ չես անում:
- Ուզբեկը չկա:
- Նա քնած է, բայց հանուն քսանհինգ ռուբլու հաճույքով կզրկվի քնից… Ես էլ չեմ ուզում:
- Գիտեմ:
- Ինչո՞ւ չեմ ուզում:
- Չես ուզում այսպիսի տեսքով եւ վիճակով:
- Հնարավոր է: Իսկ դու ինչո՞ւ չես ուզում:
- Ես սիրո փորձություն եմ անցել, ինձ ժամանակ է հարկավոր… Գուցե շատ երկար ժամանակ:
- Զգացի քո պատմածից, իսկ այն ապուշը ոչինչ չհասկացավ…
Չհասցրեցի շարունակությունը կարդալ նրա աչքերի մեջ, վերեւի աղջիկը գանգրահեր գլուխը կախեց եւ պլշած ինձ էր նայում: Շուգան նորից մտավ տգեղության մեջ: Գնչուներն արթնանում էին, վագոնում էր շարժում երեւում:
- Շուտով կհասնենք,- ասաց Շուգան:
- Դու Նովոսիբիրսկո՞ւմ ես ապրում:
- Գնչուհուն նման հարց չեն տալիս,- արդեն դերի մեջ էր:
Քիչ անց, երբ աղջիկն անհետացել էր, դեմքը մոտեցրեց եւ ցածրաձայն ասաց.
- Նովոսիբիրսկում գնչուները շատ չեն, բայց կայարանում միշտ կտեսնես նրանց: Եթե երբեւէ լինես այնտեղ, հարցրու որեւէ մեկին…
Անհապաղ օգտվեցի նրա խորհրդից.
- Էյ, գնչուհի, դու գիտե՞ս որտեղ կարող եմ գտնել Շուգային…
- Ոչ հիմա,- ծիծաղեց նա,- հետո… Եթե հանդիպելու ենք, կհանդիպենք…
Հանդիպման հույս առանց պայմանավորվելու:
Մյուս գնչուհին ուռած աչքերը տրորելով հորանջեց, ձեռքերով հարդարեց մազերը եւ գնաց: Երեխաներն իրար արթնացնելով ուղղվեցին: Իմ վերեւի աղջիկը կախվեց, իջավ, վագոնն անմիջապես ղժղժոցով լցվեց: Մի տղամարդ իջավ, ցածրահասակ ու լայն, մազոտ, տհաճ դեմքով, ուշադրություն չդարձրեց ինձ, գնաց անցումով: Ըստ երեւույթին Շուգայի ուղեկիցները ընտանիք էին, ամուսիններ եւ հինգ երեխա: Վերեւում մեկն էլ կար, ծածկված պառկել էր:
Շուգայի ասած «շուտովը» չէր հասել: Գնացքը դեռ բաց տարածության մեջ էր սլանում: Աչքերս փակվում էին, կարող էի վերեւում պառկել, բայց քնելն անիմաստ էր թվում:
Ուզբեկը հայտնվեց, թեյ էր առաջարկում: Ամուսինները խմեցին, երեխաներին թխվածք տվեցին:
Ֆռշտոցներից փախչելու համար կարելի էր գնալ ծխելու, բայց ուզում էի վերջին րոպեները Շուգայի հետ անցկացնել: Արդեն տգեղ դիմակով նույնիսկ գեղեցիկ էր:
- Նովոսիբիրսկը լա՞վ քաղաք է,- հարցրեցի նրան:
- Ոչ, չեմ սիրում:
- Ինչո՞ւ ես այդտեղ ապրում:
- Չէ՞ որ դու ամեն ինչ տեսնում ես եւ գիտես,- ծուռ ժպտաց Շուգան,- ինչո՞ւ ես հարցեր տալիս:
Երկուսս էլ շշուկով էինք խոսում, հազիվ էինք լսում իրար: Նա աչքը հաճախ վերեւ էր գցում: Ի վերջո այնտեղից մի աղջիկ իջավ, երկար, անորոշ զգեստով փաթաթված, ոչ խալաթ էր, ոչ վերարկու, երկար, սեւ մազերը ծածկել էին դեմքը երկու կողմից: Նստեց Շուգայի նախկին տեղը, մազերը ձեռքերով հետ տարավ՝ գեղեցկափայլ դեմքը բացելով, եւ ժպիտով նայեց Շուգային: Եթե Շուգան գիշերային թարմություն էր, աղջիկն առավոտյան փայլատակում էր: Աներեւակայելի գեղեցկություն էր: Կարող էի համոզված ասել, որ այդպիսի գեղեցիկ դեմք չէի տեսել: Ճերմակամորթ գնչուհի՝ արտակարգ սեւ մազերով, տասնչորս-տասնհինգ տարեկան հավանաբար: Նմանությունն ակնհայտ էր, Շուգայի աղջիկն էր:
- Սա քո ամենամեծ կախարդությունն է,- ասացի նրան:
Շուգան ժպտաց, իսկական ժպիտով:
- Դե, կարո՞ղ ես գուշակել նրա բախտը,- ասաց ինձ:
- Իհարկե չեմ կարող… որովհետեւ նա շլացնում է,- պատասխանեցի՝ զգուշությամբ աղջկան նայելով, իսկ նա անմիջականորեն ժպտաց, երեւի զգացել էր մոր համակրական վերաբերմունքը:
Գնչուներն սկսեցին իրերը հավաքել, տեղավորել: Գնացքը մտնում էր Նովոսիբիրսկ, մեծ եւ սառը քաղաք, անհրապույր: 50
Երեք հրաժեշտ մեկ օրում, Գալինա Իվանովնային, Ինային, գնչուհի Շուգային: Խոպանային կյանքի ամենաերկար եւ գերհագեցած օրն էր, երեք կին, երեք հրաժեշտ: Ինան իմ սերն էր, ես անընդհատ զգում էի նրան, բայց այս երկուսն էլ մտան կյանքիս մեջ, եւ նրանց համար տեղ գտնվեց… Երեւի իրոք հիվանդ եմ եւ շեղված… Եվ Ինան դրա համար էր փախչում ինձնից:
Կայարանում Շուգայենց գնչու տղաներ դիմավորեցին: Մարդկանց հորձանքի մեջ անցա աստիճաններով, թունելներով, խառը ճանապարհներով եւ կորցրեցի նրանց:
Գարնանն այս կայարանի մեծությունը չէի տեսել: Մի կերպ դուրս եկա բազմամարդ սրահներով: Օդանավակայան գնացող ավտոբուսներն իրար հետեւից կանգնում էին, մի քանիսը բաց թողեցի Շուգային տեսնելու հույսով: Անիմաստ էր, գնչուհին ինձ հրաժեշտ տվել էր: Վերջին պահին անունս հարցրեց:
- Արամ,- կրկնեց,- ոնց որ գնչուի անուն լինի:
- Համարյա գնչուի,- ասացի:
Ծիծաղեց Շուգան եւ գնաց չնաշխարհիկ դստեր ու մյուս գնչուների հետ:
Վերջապես նստեցի ավտոբուս, սկսվեց Երեւանի ճանապարհը, կարծես թե ամեն ինչ մնաց հետեւում:
Շտապել էի, Սիբիրն ինձ դեռ տուն չէր ուղարկում: Ինձնից հետո տոմսարկղին մոտեցողները, լսելով, որ Երեւան կարելի է թռչել միայն չորս օր հետո, Թբիլիսիի տոմս գնեցին: Չէի ափսոսում, որ այդ հնարավորությունը մտքովս չէր անցել: Ես զբաղմունք կգտնեի անծանոթ ու մեծ քաղաքում:
Օդանավակայանը գերծանրաբեռնված էր… հայերով: Ամեն քայլափոխի հայերի էի տեսնում եւ հայերենը լսում: Խոպանիստներ էին, «գրաչները» տուն էին վերադառնում: Հոկետմբեր-նոյեմբերը վերադարձի ամիսներ էին: «Զվարթնոց» օդանավակայանում այդքան հայեր չէին լինի, որքան «Տոլմաչովոյում» կային:
Ճամպրուկս եւ պայուսակս տասնհինգ կոպեկանոց պահախցիկում դնելուց հետո դուրս եկա օդանավակայանից զբոսանքի եւ հյուրանոցում տեղավորվելու մտադրությամբ:
Օդանավակայանի հյուրանոցում տեղ չկար, չէի էլ ուզում այնտեղ մնալ: Ավտոբուսը վերադարձրեց ինձ կենտրոն, երկու հյուրանոցներից հետ մղվեցի: Մի խմբի խոսակցությունից «Սիբիր» անունը լսեցի, հետեւեցի: «Սիբիրում» խորհուրդ տվեցին գնալ «Հյուսիսային» հյուրանոց եւ նույնիսկ ավտոբուսի համարն ասացին: Այնտեղից ուղարկեցին մոտիկ հանրակացարանը: Խորհուրդների շղթան երկու ժամից ավելի տեւեց եւ նորից ինձ կենտրոն բերեց, կայարանի մոտ գտնվող շուկայի հյուրանոցը: Այստեղ նույնիսկ աստիճաններին մարդիկ էին պառկած:
Վերջապես հանգեցի միակ մտքին՝ գիշերել կայարանում:
Օրն անցել էր հյուրանոցի փնտրտուքով՝ զբոսանքի փոխարեն:
Գիշեր-ցերեկը Նովոսիբիրսկի մեծ կայարանի համար նշանակություն չուներ: Այստեղ միշտ բազմամարդ էր, գիշերը նաեւ բոմժերն էին կուտակվում: Նրանք հավաքվում էին մուտքերի մոտ, ներքնահարկի անկյուններում, սպասասրահներ չէին թողնում, կամ իրենք չէին համարձակվում բարձրանալ: Շատ էին, մենակ եւ խմբերով, հազվադեպ՝ ընտանիքներով, հարբած կամ խմիչքի փող մուրալիս:
Կայարանի սրահները անմաքուր տպավորություն էին թողնում, թեեւ հավաքարարներն անընդհատ մաքրում էին: Մարդիկ էին չափազանց շատ, հոգնած, քնատ, չսափրված… Ինչեւէ, փողոցից լավ էր, բոմժերն էլ էին այդ կարծիքին երեւի:
Մոտ կես ժամ հերթ կանգնեցի կարկանդակի համար, ձկով էր, դուր չեկավ, չկերա: Հետո նստելու տեղ գտա սրահներից մեկում: Շախմատային էտյուդների գիրքը մոտս էր, անբաժան ուղեկից էր դարձել, քիչ էի օգտվում, բայց պետք է ձեռքերիս մեջ լիներ: Ալբոմը չէի հանում գրպանից, չէի համարձակվում կարծես, եւ մտքիս պատկերները չէի բացում...
Քնել չհաջողվեց: Երբեմն գլուխս գցում էի կրծքիս, աչքերս փակվում էին մի քանի րոպեով, բայց ինչ-որ ձայնից կամ շարժումից վեր էի թռչում… կամ գեղեցիկ դեմք էր գրավում ուշադրությունս: Նույն տեղում երկար չէի մնում, թարմանում էի բուտերբրոդով կամ հյութով, շրջում սրահներով:
Վերջապես լույսն այնքան բացվեց, որ կարող էի դուրս գալ: Գնեցի քաղաքի ուղեցույց-քարտեզը, որի վրա եւս երկու հյուրանոց գտա: Ապարդյուն փորձ էր, միայն ժամանակ անցկացրի: Ուր գնում էի, վերադառնում էի կայարան եւ նոր ուղղություն ընտրում: Քնելու տեղ ճարելուց ձեռ էի քաշել, գնացի կենտրոնական հանրախանութ, որը, ինչպես պարզվեց քարտեզից, մոտ էր:
Աստիճաններով հերթ էր բարձրանում մինչեւ երրորդ հարկ: Հասա վերեւ եւ գլխապատառ վերադարձա: Տաք, երկարաճիտ կոշիկներ էին վաճառում, արտասահմանյան ըստ երեւույթին: Չնայած ահռելի հերթին, մարդիկ հանգիստ, անշտապ փորձում էին, տնտղում, ընտրում: Երեք տեսակ էր, յուրաքանչյուրին մեկ զույգ էին տալիս: Երկու ժամից ավելի տեւեց կրիայի ալպինիզմը, երբեմն ընդմիջում էի հանրախանութի բաժինները ուսումնասիրելով, մի քանի զույգ գուլպա գնեցի, նոր կոշիկները՝ նոր գուլպաներով: Արժեր այդքան հերթ կանգնել: Շատ լավ կոշիկներ էին, առնվազն երկու համար մեծ էին ոտքերիս, սակայն այդպես ավելի հարմար էր նույնիսկ:
Շուգայի մի գուշակությունն իրականացավ:
Այգու պես մի տեղ գտա: Ծառեր կային եւ նստարան: Հին, մաշված կոշիկներս եւ գուլպաներս գցեցի աղբամանը, թարմացած ոտքերով շարունակեցի շրջագայությունը քաղաքում, այսօր՝ կայարանի մերձակայքում:
Այդ գիշերը նույնպես կայարանում անցկացրի եւ չքնեցի:
Եթե Շուգային գտնեի, ինձ գոնե քնելու տեղ կտար: Կայարանում գնչուի նման բազմաթիվ մարդկանց էի տեսնում, որոնք հավանաբար գնչու չէին: Եթե գնչուներին չէի տարբերում, ուրեմն նրանց չէի տեսնում:
Առավոտյան սկսվեց հերթական պտույտը Նովոսիբիրսկի փողոցներով: Կենդանաբանական այգի մտա, եկեղեցի, կինո, «Գրքերի աշխարհ» հսկայական խանութը:
Մի հասարակ գարեջրատուն կամ սրճարան չգտա, ճաշարաններ էին, թթվասերով բորշչով եւ նման ճաշերով: Նովոսիբիրսկը կարծես մի մեծ շրջկենտրոն լիներ, քաղաքային հետաքրքրություն չկար: Գուցե եղանակից էր, գուցե կային գրավիչ անկյուններ… Օրինակ՝ գնչուների բնակավայրը, եթե գտնեի: Այստեղ էլ չգործեց վերջին մղիչը: Շուգան ինձ երկու օր առաջ էր հրաժեշտ տվել եւ չէր հրավիրել, ուրեմն այդպես էր պետք: Հրավիրել էր, ես էի մերժել:
Երեկոյան տեղափոխվեցի օդանավակայան: Կայարանի չոր նստարաններից հետո այստեղի փափուկ աթոռները հարմարավետություն էին խոստանում, բայց տեղ ճարելն ավելի դժվար էր, հատկապես գիշերային ժամերին: Ով աթոռ էր զբաղեցնում, չէր ազատում մինչեւ թռիչքը: Աչքիս առաջ մոտ հիսուն տարեկան մի հայ տղամարդ վերարկուն փռեց հատակին եւ պառկեց: Ընկերները ծիծաղեցին, բայց հետեւեցին նրա օրինակին:
Ես դեռ առույգ էի: Որոշ ժամանակ մի տեղ նստելուց հետո աթոռը գրաված չէի պահում, շրջում էի օդանավակայանում, ուսումնասիրում բոլոր անկյունները:
Մի հայ կին լաց էր լինում: Անծանոթ հայ տղամարդիկ էին մոտեցել նրան, հարցուփորձ էին անում: Կինը հանկարծակի մենակ էր մնացել օդանավակայանում, չգիտեր ինչ անել, ինչպես շարունակեր թռիչքը: Տղամարդիկ օգնեցին նրան, ուղեկցեցին: Հազարավոր մենակ կանայք էին անցնում օդանավակայանով, ուղեբեռի մի քանի կտորով, ամեն ձեռքին երկու իր, ուսից գցած, երբեմն երեխան էլ հետեւից: Ոչ մեկն այդպես չէր խեղճանա, անճարանա:
Առաջին հարկում միշտ ժխոր էր, երկու հակադիր կողմերից անընդհատ մարդկանց հոսանքներ էին մտնում եւ դուրս գալիս: Կենտրոնում, ուղեբեռի բլրակի մոտ հայկական մի մեծ բրիգադ էր հավաքվել: Տասներկու հոգի էին, թռիչքի էին սպասում: Ամենափոքրը դպրոցը նոր ավարտածի տեսք ուներ, երկուսն առնվազն Փայլակի տարիքին էին, մնացածներն այդ սահմաններն էին լցնում: Զարմանալի էր, որ բրիգադը այդպիսի մեծ կազմով էր սեզոնն ավարտել, կամ կռիվ չէր եղել, կամ ավելի մեծ քանակով էին սկսել: Բարձր ձայնով մագնիտոֆոն էին միացրել, տխրահռչակ «Արա վայ-վայ»-ն էր, զզվելի:
Անկյունում մարդիկ էին հավաքվել: Մեջտեղում երեք տղա էին հսկա շան հետ ու միլիցիայի լեյտենանտը: Երեքն էլ հայի նման էին եւ վիճում էին լեյտենանտի հետ, որը նրանց նախատում էր առանց դնչկալի շուն տանելու համար:
- Ինչ անշնորհքություն են անում,- հայերեն ասաց մի հոգի,- հա՞յ են…
- Բա ով են,- պատասխանեց ընկերը,- հայի անուն են խայտառակում:
- Ա դե հիմի,- մեջ ընկավ մեկ ուրիշը,- շուն, էլի, ի՞նչ է անում իրենց…
Լեյտենանտի գործը դրանով չավարտվեց: Դրսում, ապակե դռների մոտ երկու խմած հայ տղաներ էին աղմուկ գցել:
- Արա, տի պանիմայե՞շ,- գոռում էր մեկը, վերարկուի կոճակներն արձակ, ճոճվելով եւ ձեռքերը թափահարելով լեյտենանտի քթի տակ,- մենյա Կավկազ ժդյոտ…
Վերեւում հայերը գրավել էին հեռուստացույցները: «Արարատն» էր խաղում «Սպարտակի» հետ Մոսկվայում: Հեռուստացույցներից մեկը փչացել էր, մի կարճահասակ տղա կանգնեց ընկերոջ ուսերին, ձգվեց, մի ձեռքով կախվեց ձողից, մյուսով հանեց կափարիչը, քչփորեց, բզբզեց, ներքեւից խորհուրդներ էին տալիս, «Գագո ջան» էին ասում, եւ սարքեց:
Ռեստորան մտա, զբաղվելու համար: Համապատասխան տեսք չունեի, երեսս էլ մազակալած էր, բայց երեւի օդանավակայանում կարելի էր: Ռեստորանում համեմատաբար հաճելի մթնոլորտ էր, թեեւ այստեղ նույնպես հայ խոպանիստներ կային: Համենայն դեպս կողքի սեղանը տպավորիչ էր՝ ծովային սպա երկու շիկահեր գեղեցկուհիների հետ: Նրանց սեղանին սուրճի գավաթներ կային:
Մատուցողուհին շուտ չմոտեցավ: Վերջապես եկավ, ներկված եւ անորոշ տարիքի՝ քսանհինգից քառասուն տարեկան: Կրե-Մարյանի աֆորիզմներից մեկը սա էր. եթե կնոջը ինչ-որ տարիք ես հատկացնում, ասենք, քսանից երեսուն, ընտրիր վերջինը եւ չես սխալվի:
- Դուք մենա՞կ եք,- հարցրեց մատուցողուհին,- խնդրում եմ տեղափոխվեք ահա այն երկուսի մոտ:
Այն երկուսը սեւամազ էին, բայց դա նշանակություն չուներ:
- Ես մենակ եմ ուզում նստել,- ասացի,- եթե ազատ սեղան չունեք, կարող եմ հեռանալ:
- Լավ,- համակերպվեց նա,- ի՞նչ կպատվիրեք:
- Գարեջուր, եթե կարելի է:
- Գարեջուր բուֆետներում է լինում, մենք չունենք:
- Երեւի սեւ սուրճ էլ չունեք:
- Սեւ սուրճ կարող եմ բերել, ուրի՞շ:
- Սուրճի գավաթով,- ճշտեցի:
Բուֆետում ինձ սուրճ էին տվել թեյի բաժակով:
Կինը վերեւից նայեց,- ուրի՞շ,- կրկնեց նա սպասողաբար:
Միայն խորհրդային խմիչքների անուններ էի կարդացել, բայց ասացի՝ վիսկի:
- Չունենք… Դուք չե՞ք նայել:
- Լավ, օղի… մի շիշ:
- Միայն հարյուր գրամ: Ուտելիք ի՞նչ կվերցնեք:
Ծանոթ անուններից բիֆշտեքսը հարմար թվաց, եւ էլի մի բան, ենթադրեցի, որ ձուկ պիտի լիներ:
Պարզվեց, որ ծխել չի կարելի: Երբ սիգարետը վառեցի, մատուցողուհին հեռվից ինձ նայելով գլուխն օրորեց, իսկ ես դեմքս շրջեցի հարեւան սեղանի կողմը, ծովայինի շիկահերները լավ էլ բքում էին:
Մատուցողուհին շուտ համոզվող էր երեւում:
Ձուկն անհամ էր, բիֆշտեքսն էլ բանի նման չէր, օղին էր լավ: Բուֆետներում ավելի ախորժելի ուտելիքներ էին եւ ամեն ինչ աչքի առաջ էր, ինչ հավանում էի, վերցնում էի եւ երբեք սոված չէի մնա:
Մատուցողուհին սուրճը բերեց եւ հարեւան սեղանի հաշիվը ստանալուց հետո ինձ հարցրեց.
- Սուրճի նմա՞ն է… Ես գիտեմ հայերն ինչ են ուզում, պատվիրում եմ, որ ճիշտ սարքեն:
- Իսկականն է, շնորհակալություն,- թեեւ դեռ չէի հասկացել, թե ինչ եմ խմում:
Նրա ուշադրությունը պետք է գնահատեի, ի դեպ, գոգնոցի գրպանը շատ ներքեւում էր կարված, բայց ինձ այնտեղ քաշելու համար հարյուր գրամը քիչ էր…
- Օղի բերե՞մ էլի,- ցածրաձայն հարցրեց մատուցողուհին:
Կրե-Մարյանն ասում էր. «Եթե կինը այնքան էլ գեղեցիկ չէ, տղամարդուն գրավում է նրա ցանկությունները կռահելով»: Մեծ մասնագետ էր: Երկրորդ հարյուր գրամից հետո չէի ասի, թե մատուցողուհին «այնքան էլ գեղեցիկ չէ», ներկն էր մի քիչ շատ: Եվ տարիքային տատանումն էր նեղացել՝ երեսունից երեսունհինգ: Կարծես իմ նախընտրած տարիքին էր դառնում…
- Կարելի՞ է, ապե ջան,- մի բարձրահասակ, նիհար, տարեց մարդ հարցրեց հայերեն եւ անմիջապես նստեց,- հայ ես, չէ՞,- ապա պարծեցավ,- մի հայացքով հայերին կճանաչեմ: Ուզո՞ւմ ես ասեմ՝ որ սեղանի մոտ են հայեր նստած:
- Ոչ, չեմ ուզում,- ասացի հանգիստ,- որովհետեւ պիտի գնամ…
- Իյա՛… Էդ ինչի՞ գնացիր,- մարդը զարմացած էր:
- Սպասող կա,- ջանացի մեղմել տպավորությունը,- հաճելի ժամանց եմ ցանկանում,- եւ ընդառաջ գնացի մատուցողուհուն:
- Տասնինը ռուբլի քսան կոպեկ,- ասաց թերթիկը ցույց տալով եւ ավելացրեց,- երեկոն փչացա՞վ:
Նա հայերին լավ էր ճանաչում:
- Միգուցե դա փրկություն էր,- ասացի, ապա քսանհինգանոցը ծայրից բռնած, որ մատներս չդիպչեն մարմնին, դրեցի գոգնոցի գրպանը:
Եթե տասնվեց ռուբլի ասեր, էլի քսանհինգանոց էի տալու, այնպես որ երեք ռուբլի խնայեցի:
Վարսավիրանոց էի ուզում մտնել, միշտ հերթ էր լինում: Բուֆետում առատ ուտելիք վերցրեցի: Ծխելուց հետո ազատ աթոռ գտա, բացեցի էտյուդների գիրքը եւ պատրաստվեցի քնելու, վերջապես պիտի քնեի…
- Ներեցեք…
Կողքիս նստած տղամարդն էր, կարճ, սեւ մորուքով:
- Դուք կարծես… ըը… հետաքրքրվում եք շախմատով, միգուցե կխաղայի՞նք…
- Խնդրեմ,- ասացի,- հաճույքով:
Մորուքավորի ընկերուհին՝ նկատելի երիտասարդ նրանից, գոհ ժպտաց եւ պայուսակից գիրք հանելով առանձնացավ:
Խաղում էինք գրպանի շախմատով, կենտրոնանալը դժվար էր, գերադասելի էր մտովի խաղալ երբեմն խաղատախտակին աչք գցելով: Կիրթ մարդ էր անկասկած, թերեւս պրոֆեսոր կամ ակադեմիկոս, խոսելիս դանդաղում էր եւ ֆիգուրներն էր զգուշությամբ շարժում: Ենթադրում էի, որ լավ կխաղա: Իսպանական պարտիա խաղացինք:
Երբ երրորդ քայլում փիղը փոխեցի ձիու հետ, տարակուսանքով հարցրեց.
- Այստեղ փոխո՞ւմ են…
- Ֆիշերը փոխում էր,- ասացի:
- Ա՜,- չգիտես համոզված, թե հեգնանքով ձգեց նա:
Հեշտությամբ հաղթեցի:
- Չէ՞ որ փոխելը սխալ է,- ասաց դեռեւս ոչ վստահ, որ իր տարվելը պատահականություն չէ:
- Ինչո՞ւ է սխալ, Ֆիշերը այդ տարբերակով հաղթել է Ռեշեւսկուն, Պորտիշին, Գլիգորիչին…
- Ինչպես Դուք ինձ… Դուք կարգ ունե՞ք:
- Նախկին վարպետ եմ,- ասացի, որպեսզի հանգստացնեմ նրա ինքնասիրությունը:
Իսկապես նշանակություն ունեցավ: Բարեբախտաբար չխորացավ, թե ինչ է նշանակում նախկին վարպետ: Շախմատային հիվանդ չէր, որ ձգտեր ռեւանշի, քաղաքակիրթ անձնավորություն էր, ընդունեց համապատասխան չափաբաժինն ու կողքի քաշվեց: Կինը խոսակցություն սկսեց, փսփսում էր, ծխելու ժամանակն էր:
Ծխողները ներքնահարկում էին հավաքվում, զուգարանների բաժնում: Ես դուրս էի գալիս: Ցրտից պաշտպանված էի հուսալիորեն… Ինայի, թերեւս նաեւ Շուգայի շնորհիվ… Ինչո՞ւ սիրեցի տարբեր կանանց… Ինային իրոք խելագարի պես էի սիրում, նա իմ մշտական տենչանքն էր, թեկուզ ամբողջ գիշերը միասին անցկացնեինք: Երեւի այդ սերը միայն տարիները կթուլացնեին, երկարատեւ կապը… եթե հնարավոր է ձանձրանալը… կամ հիասթափվելը: Նա ամբողջովին իմ մեջ էր, հարազատ եւ սիրելի: Այդպիսի խելահեղ սիրով բռնված ես գնացի Գալինա Իվանովնայի՝ միանգամայն անծանոթ կնոջ մոտ: Նա՞ ինձ գայթակղեց, քաշեց տարավ, ի՞նքս գնացի, ճանապարհին արդեն ձգտելով, տարբերություն չկար… Երկուսս էլ ուզում էինք, երկուսս էլ ձգտում էինք… Ինչո՞ւ ինձ մղեցիր ուրիշ կնոջ մոտ, Ինա… Վերջին մղիչ ուրիշ կնոջ համար...
Ափսոս, ամառ չէր, կարելի էր ամբողջ ժամանակը դրսում անցկացնել: Սառը քամին խփում էր ճակատիս, բացի դրանից, միլիցիոներները դրսում մնացողներին կասկածանքով էին նայում, գիտեին, որ հարբածներն են սիրտ հովացնում:
Կայարանի չոր նստարաններից դժգոհ էի, բայց այնտեղ կարելի էր պառկել, որը ես չէի անում, կամ գոնե թեք ընկնել, եթե տեղ լիներ: Օդանավակայանի աթոռները միայն նստելու համար էին: Աթոռի վրա էլ կարելի էր հարմարվել: Սահում էի առաջ, բաճկոնը ծալած դնում էի ուսիս՝ որպես բարձ: Յոթ-ութ րոպե եթե քնեի, արդեն հաջողություն էր:
Մորուքավորի մոտ չվերադարձա, ձանձրալի խաղընկեր էր:
Մի ամբողջ շարք ազատվել էր, արագորեն եզրի աթոռը գրավեցի, որ գոնե մի կողմից ազատ լինեմ: Դա տարածքային զգալի առավելություն էր տալիս: Հարեւաններս աղջիկներ էին այս անգամ, լավ էր, շախմատ խաղացող չէր լինի: Նրանք նորեկներ էին, այսինքն թարմ էին եւ քնելու մասին չէին մտածում: Եթե ուղղակի չդիմեին ինձ, աղմուկը չէր խանգարի, կարող էի բաց գիրքը ձեռքերիս մեջ կամ բաճկոնն ուսիս առանձնանալ եւ խորասուզվել…
Այս օրերին Նովոսիբիրսկում թրեւելու եւ հոգնատանջ գիշերներ անցկացնելու փոխարեն կարող էի գնալ Դիվինո եւ վերադառնալ: Գնացքով ուղեւորությունը լավագույն զբաղմունքը կլիներ:
Ինային տեսնեի եւ վերադառնայի: Շուգան ասաց՝ եթե խոստովանես, կհանգստանաս: Գրեթե խոստովանել էի Ինային, եւ նրա համար պարզ էր: Բայց գրեթեն կասկածի կամ հույսի տեղ թողնում է… Երեւի այդ գրեթեի պատճառով չէի հանգստանում: Շուգան այդպես չասաց: Ճշգրտորեն հիշեցի նրա բառերը. «Ազատվիր գաղտնիքից, քանի չես մոռացել, հետո կխեղդի քեզ»: Իրոք, մենք լավ գործընկերներ կլինեինք: Մինչեւ հիմա միայն Ինայի հետ էր հաջողվել միմյանց հոգի կարդալ: Շուգայի ասածով, ոչ թե խոստովանությունը հանգստացնելու էր ինձ, այլ չխոստովանելու դեպքում հետագան էր սարսափելի դառնալու: Ավելի սարսափելի, քան հիմա՞: Շուգայի գուշակություններին հարկավոր էր լրջորեն վերաբերվել, ոտքերս տաքացան, չէ՞… Ափսոս, չհաջողվեց նրա հետ երկար խոսել: Նա Բելովից ավելի խորագիտակ մասնագետ էր անշուշտ, հոգու մասնագետ: Գուցե պիտի ընդունեի նրա առաջարկը, միայն թե ազնվորեն, խաբելու փորձ չանելով, գնչուհին խաղ չէր հանդուրժի: Շուգան հանելուկ էր, խորհրդավոր գնչուհի, կախարդ, Գալինա Իվանովնան նույնպես բարդ կին էր, նա թերեւս լրիվ անկեղծացավ միայն բազմոցի վրա… Ինչպե՜ս էր ծիծաղում. «Աստված իմ, կարծես քսան տարեկան լինեմ»: Կամ գուցե ոչ մի բարդություն չկար, ես էի ստեղծում… Ինան էր ամենապարզը եւ հասարակը: Բաց հոգի, իր հակասականությամբ, երկվությամբ ու անբացատրելի, հանկարծահաս տատանումներով հանդերձ…
Քաշեց նրա դեմքի կարոտը, ցավագին ցանկությունը համակեց՝ տեսնել աչքերը, շուրթերը, մազերը, ուսերը… Տեսնում էի այդ պահին պարզորոշ, ձայնն էի լսում… եւ լացը… Վերադառնար հուլիսը, ամենալավ ամիսը… Կարծես արգելում էր մեր սերը, վախենում, խուսափում եւ հասնում նույնիսկ տարօրինակ ջղաձգումների… Ինչ-որ սոսկալի տաբո՞ւ էր հաղթահարում, թե՞ զգում էր վիշտն ու դառնությունը, որ պիտի պատճառեի նրան: Հրաշալի եւ տարօրինակ սեր…
Բարձրաձայն եւ տաքացած խոսելով հայեր անցան: Ֆուտբոլի խաղն էին քննարկում, ոչ-ոքի էր ավարտվել: Մեկը հայհոյեց մրցավարին: Նա, իհարկե, գիտեր, որ ամբողջ երկիրը լավ հասկանում է այդ հայկական հայհոյանքը: Աղջիկները գուցե եւ չգիտեին, դեռատի էին: Նրանք իրենց բուտերբրոդներն էին ուտում: Ինչ նստել էին, ուտում էին եւ ծիծաղում:
Ճակատագրական մի բան կար: Ես Ինային ժամացույց նվիրեցի, Գալինա Իվանովնան՝ ինձ: Եթե տեսներ ժամացույցը թեւիս, կկռահեր անկասկած: Օծանելիքի հոտից արդեն գժվել էր, ժամացույցը կասկածի տեղ չէր թողնի…
Ժամանակը չհերիքեց մեզ, ինչպես սիրելու, բացատրվելու, խոսելու, այնպես էլ ներելու եւ ներվելու համար… Ամառն անցավ ցայտնոտի մեջ, տենդագին աշխատանքի եւ բուռն սիրո հերթագայությամբ… Այնուամենայնիվ հասցնում էինք հաշտվել, բավական էր մի քանի րոպե մնալ իրար հետ… Եթե վերջին հանդիպումը չլիներ, գուցե էլի հաշտվեինք… հեռակա… Այդ օրն էինք հաշտվում, արդեն համբուրվում էինք, չարաբաստիկ օծանելիքը ամեն ինչ փչացրեց…
Դիմացս նոր մարդիկ էին տեղավորվել: Նրանցից երիտասարդը դժգոհությամբ ինձ էր նայում, տարեցը զսպում էր նրան: Չհասկացա, թե ինչու էին դժգոհ:
- Դու գիտես նա մենա՞կ է,- ասաց տարեցը,- քսան հոգի կհայտնվի…
Շրջեցի գրքի թերթը եւ աչքերս հառեցի հաջորդ էտյուդին: Սակայն թարմանալ էր պետք: Ծխել եւ տեղափոխվել, սուրճ խմել:
Ռեստորանի կողմը գնալիս տեսա, որ վարսավիրներն ազատ են, երկու երիտասարդ կանայք էին այս հերթում, նույնիսկ երեսուն-երեսունհինգից երիտասարդ, պարապ նստած ծխում էին:
Առաջին անգամ էի վարսավիրանոցում սափրվելու եւ որոշակի տհաճություն էի զգում: Նոր սայր հանեց, թե չէ զգուշացնելու էի: Լավ էր աշխատում աղջիկը, թեթեւ եւ վստահ, ազդրերով հաճախակի դիպչում էր արմունկներիս:
Ես ուսումնասիրում էի մեծադիր հայելու մեջ հայտնված անծանոթին, որը նմանվում էր վեց ամիս առաջ այս օդանավակայանում իջած երիտասարդին, այն ժամանակ թմբլիկ, այժմ մաշված այտերով, անքնությունի՞ց սառած ու անարտահայտիչ հայացքով, ամենեւին էլ ոչ պատանեկան տեսքով:
Աղջիկը մաքրում էր դեմքս՝ նկատելիորեն ինքն էլ հաճույք զգալով իր աշխատանքի արդյունքից: Շոյելու պես շոշափեց կզակիս տակը եւ կոկորդս:
- Խնդրում եմ, առանց որեւէ անուշահոտության,- հասցրեցի կանխել նրան:
- Բացարձակապե՞ս,- զարմացավ վարսավիրուհին:
- Այո:
- Իսկ մազերը չե՞ք ուզում կարգի բերել:
- Եթե տեսնում եք, որ կարիք կա, կտրեք, խնդրեմ:
Հաճելի էր այդպես նստել հանգիստ, մեծ, հարմ
- ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄՈՌԱՑՎԱԾ ՀՈԼՈՔՈՍԹԸ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸԱյսպես է ներկայացնում «Ինդիփենդենթ» անգլիական թերթն իր Միջին Արեւելքի երկարամյա թղթակից, քաղաքագիտության դոկտոր Ռոբերտ Ֆիսքի ծավալուն հոդվածը, որը տպագրվել է թերթի օգոստոսի 28-ի համարում: Ի դեպ, նրա հոդվածը ...ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿԼԻՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սեպտեմբերի 3-ին Բրյուսելում Եվրոպական միության եւ ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման առնչությամբ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հրավիրած ասուլիսում կարեւորեց ...«ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) երեկ հրավիրել էր կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որին մասնակցում էին քաղխորհրդի 35 անդամները, ԲՀԿ-ական պատգամավորները, նախարարները, մարզպետը եւ կուսակցության ...ՀՅԴ-Ն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻՑ ՇԱՏ ՉԻ ՀՈՒԶՎՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ընտրությունները նրա համար չեն, որ ի վերջո մեկ նպատակի համար գնացողները, մեկ դաշտում գործողներն իրար տրորեն, իրար ոչնչացնեն` կլինի մրցակցություն, բայց դրանից հետո էլի կշարունակենք համագործակցել»: ՀՅԴ ...ԴՈՒԲԱՅԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑԵԼԸ ԻՐՈՔ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
«Քըրքը հարստանում է» վերնագրի ներքո «Ազգը» սեպտեմբերի 6-ի համարում արդեն նշել է, որ Պարսից ծոցում գործող ամենախոշոր ներդրումային ընկերություններից մեկը՝ «Դուբայ ուորլդը» (Dubai World) պատրաստվում է 5 ...ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի բանկային համակարգում Կենտրոնական բանկի նոր քաղաքականությունն ուղղված է բանկային վերահսկողության մեղմացմանը, որը կնպաստի բանկերի վարկավորման ծավալների ավելացմանը եւ բանկային ծառայությունների ...«ՄԵՐ ԱԶԳԻՆ ՕԳՆԵԼԸ ՈՉ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Վիվասելի» հերթական բարեգործության վայրը երեկ Արմավիրի մարզն էր: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ընկերության ներկայացուցիչները եղան մարզի երեք գյուղերում եւ Արմավիր քաղաքում: ...ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ԴԵՄ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԿԱՐԱՆՏԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ կառավարության նիստը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը եւ քննարկված բազմաթիվ հարցերից բացի հաստատել է «Անասնաբուժության մասին» օրենքին համապատասխան ՀՀ-ում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության վերացման ...«ՄԱՐԴԱՍՊԱՆ ՄՈԾԱԿ» ՎԻՐՈՒՍԸ ՀԱՍԵԼ Է ԵՎՐՈՊԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱրեւադարձային վիրուսը, որը ծանր հիվանդության եւ խուճապի պատճառ է դարձել Հնդկական օվկիանոսի կղզիներում, առաջին անգամ հայտնաբերվել է Եվրոպայում: Եվրոպական լրատվամիջոցների տեղեկացմամբ, վիրուսը տարածողը մոծակի ...ԳԵՈՐԳԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Շախմատի Ստամբուլի մրցաշարի 7-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը: Միմյանց հետ մրցեցին մրցաշարի առաջատարներ Գեորգի Արզումանյանն եւ Էլդար Հասանովը, որոնք մինչ այդ հաղթել էին բոլոր 6 պարտիաներում: ...ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ԴԻՐԻԺՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՀՈԳԻՆ»
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր 2
Վաղը լրանում է ականավոր մաեստրո, ամենանշանավոր հայ դիրիժոր Օհան Դուրյանի 85 տարին: Նա իրավամբ գլխավորում է անցյալի ու ներկայի հիանալի հայ դիրիժորների համաստեղությունը, գործունեության ընդգրկմամբ եւ միջազգային ...65-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԸ ԿԲԱՑԵՆ ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ լրագրողների հետ հանդիպեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը եւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 7-ին թատրոնը իր դռները կբացի թատերասերների ...ՀՈՎՀ. ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԹԵՈԴՈՍԻԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ` ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀովհ. Այվազովսկին կտակում Թեոդոսիայի իր պատկերասրահը` կտավներով, քանդակներով եւ արվեստի մնացած բոլոր գործերով նվիրել է ծննդավայր Թեոդոսիա քաղաքին: Դա 1900 թվականն էր. այդ կտավները Այվազովսկու վերջին շրջանի ...«ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆԵՐԻՑ ԼՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԵՐԳԵՐԸ, ԻՆՉ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՈՒՄ, ՃԱՇԱՐԱՆՆԵՐՈՒՄ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Իմ նպատակն է, որ Շուշին դառնա գիտական ու մշակութային կենտրոն, որ երեք տարի անց կարողանանք այնտեղ անցկացնել արվեստի միջազգային փառատոն: Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ մեր համերգային նոր շրջանը ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Ընթերցողին ենք ներկայացնում համաշխարհային օպերային արվեստի ամենահռչակավոր արտիստուհուն, բեմի աստվածուհուն՝ Մարիա Կալլասին ամերիկացի մեկնաբան Էդուարդ Դաունզի հարցազրույցի միջոցով, առաջին անգամ հնչած «Մետրոպոլիտեն» ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի սեպտեմբերի 1-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Եփրեմ աբեղա Սարգսյանը՝ դրսեւորված անհնազանդ ընթացքի համար: Կարգալույծ հոգեւորականը դասվում ...ԿԱՎԱՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 6 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՇիրակի մարզի 1-ին ատյանի դատարանում ավարտվեց թրաֆիկինգի գործով դատավարությունը: Մեղադրվող երեւանցի Նազելի Նիկոլյանը սեռական շահագործման նպատակով կանանց ու աղջիկների է տեղափոխել Թուրքիա: Տուժածներից մեկը, ...ԼՈՒՐԵՐ
1Ընդդեմ Սարկոզիի. Մեծ Բրիտանիայի 42-ամյա արտաքին գործերի նախարար Դեվիդ Միլիբենդը Անկարային խոստացել է «համատեղ պայքար մղել» Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ: Միլիբենդը լրագրողներին ասել է, որ «թուրք-բրիտանական ...ՇՈԳԸ ԴԵՌ ՏԱՆՋԵԼՈՒ Է
Ա.Վ.
Հայաստանցիներս դեռ շոգին հրաժեշտ չենք տալու, որովհետեւ բնությունը չի ուզում ոչինչ զիջել իրեն հասանելիքից եւ հուլիսի սկզբին մեզ պարգեւած մի քանի զով օրերի փոխարեն որոշել է դեռ մի լավ շոգ անել: Ըստ հիդրոօդերեւութաբանների` ...ԽԱՉԱԳՈՂ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԱղջիկը զզվանքից սեղմվել էր պատուհանին, բայց հետաքրքրությամբ հետեւում էր: Այնուամենայնիվ զբաղմունք էր, գիշերային ճամփորդությունը կարճելու հնարավորություն: Գնչուհին այլանդակ էր, բայց դատել եւ կռահել կարողանում ...
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԺՎԱՐ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԻՄ ՀՈՒՇԵՐՈՒՄ
ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԸ ԿՈՒՆԵՆԱ 12 ԱՆՈՒՆ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՎ 2 ՆՈՐ ԱՌԱՐԿԱ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՔԱՐԱԾՈՒԽԸ ՈՐՊԵՍ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՄՔ
ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՍԵՎԱԿԸ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԽՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՀԱՅԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՔՐԴԱՑԵԼ ԵՆ ԿԱՄ ԱԼԱՎԻ ԴԱՐՁԵԼ, ԱՅԼԵՎ ԱՐԱԲԱՑԵԼ ԵՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 68 Թ-Ի ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ Է»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Գորիս-ԵրեւանԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ«ԼԱՎ, Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ՄԻ՞ԹԵ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 493 Մահացավ Ամենայն Հայոց կաթողիկոս Ս. Սահակ Պարթևը: Նա ծնվել է նույն օրը 80 տարի առաջ:
- 1878 Բեռլինի պայմանագրի համաձայն Կարինը (Էրզրում) վերադարձվում է Թուրքիային:
- 1925 Ծնվեց արձակագիր, կինոսցենարիստ Աղասի Այվազյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

