
Հրատարակված է Փետրվար 04, 2010
ԱՐՑԱԽԸ` ԹՂԹԱԿՑԻ ԱՉՔԵՐՈՎ
- Նախնական կադրերը մնացել են, նյութը պահպանվել է Ֆիլմը, որ կոչվում է «Արցախը՝ թղթակցի աչքերով», կորել է, սակայն սկզբնական կադրերը պահպանվել են»,- «ԳԱ»-ին պատմել է Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի (ԿՐԻԿ) անդամ Կիրիլ ԱԼԵՔՍԵԵՎՍԿԻՆ։ -Մենք նշում ենք ողբերգական տարելից` 1990թ. հունվարին Բաքվում հայերի ջարդերի 20-րդ տարելիցը։ Ցավոք, նորագույն պատմության մեջ քիչ է խոսվում այն մասին, թե խորհրդային բանակն ինչպիսի դեր է խաղացել հայկական ջարդերի կազմակերպման գործում` Բաքվում, իսկ հետագայում` Շահումյանի շրջանում։ Իսկ այդ դերը չափազանց անվայելուչ էր. ես նկատի ունեմ խորհրդային բանակի փոխներգործությունը Բաքվի օմօնի հետ։ Ամենուր գրվում է այն մասին, թե իբր խորհրդային բանակը միայն իրարից բաժանել է հայերին եւ ադրբեջանցիներին, սակայն դա այդպես չէ։ Մենք գիտենք. երբ Շահումյանի պաշարումն ավարտվել էր, գնդապետ Բուդեյկինի 23-րդ դիվիզիան իր տանկերը մեկ շաբաթով տրամադրել էր ադրբեջանցիներին, եւ այդ տանկերը պարզապես ճնշել էին Շահումյանի շրջանի պարտիզանական պաշտպանությունը։ Նրանք ներխուժել էին ավանները (իմ հիշողության մեջ լավ է մնացել Վերին շենը, որի հետ սերտ կապեր ունեի), իսկ բաց մտոցներից դուրս էին նայում սլավոնական դեմքեր ու հորդորում հայերին. արագ փախեք, մեր հետեւից գալիս են մարդասպաններ, եւ եթե չփախչեք, բոլորիդ կմորթեն։ Մարդիկ վերցնում էին իրենց երեխաներին, առաջին անհրաժեշտության փաստաթղթերն ու փախչում՝ սկզբում Գյուլիստան։ «Բուդեյկինցիներն» այդ գործում ինչ-ինչ գումար էին վաստակել, հետո` տանկային զինանոցը դուրս հանել... Հայերի համար շատ ավելի հեշտ էր դիմակայել օմօնականներին ու ադրբեջանցիներին։ Եվ նրանց հաջողվեց ազատագրել Շահումյանի շրջանի մի մասը, չնայած` շատ փոքր մասը։ Եվ հաջողվել էր մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր, բայց, ավա՜ղ, ոչ բոլորին... Պատմում են, որ մի կին` երկու երեխան գրկին, փախչում էր Գյուլիստան եւ տեսնելով, թե ինչպես են տանկերը, դրանց հետեւից էլ` մարդասպանները, կրնկակոխ հետեւում իրեն, ուժասպառ էր եղել եւ, այլեւս չկարողանալով վազել (դեպի Գյուլիստան տանող ճանապարհը ծանր էր ու խորդուբորդ), երկու աղջնակի հետ նետվել էր անդունդը՝ ազերիների ձեռքը չընկնելու համար։ Խորհրդային բանակի ստորաբաժանումները ենթարկվում էին գերագույն հրամանատարությանը, եւ հրամանները գալիս էին վերեւից։ Դրանք չէին սահմանափակվում հայերին եւ ադրբեջանցիներին հանգստացնելու եւ իրարից բաժանելու «առաքելությամբ»։ Ի դեպ, կենցաղային մակարդակով, մարդկային փոխհարաբերություններում հաճախ դրա կարիքը ոչ էլ կար։ Այդ մասին կարելի է շատ բան պատմել... Այսպես, երբ Բաքվի օմօնականները գերի էին վերցրել հայազգի մի ծերունու եւ փորձում էին նրան կենդանի այրել, ադրբեջանցի Սարիբը պայմանավորվեց օմօնական երիտասարդների հետ, որ ինքը փրկագնով կազատի չեզոք գոտի մտած ծերունուն։ Պայմանավորվեցին գնի մասին՝ մեկ կով։ Ադրբեջանցին անցել էր հայերի մոտ, կովը բերել եւ ծերունուն հետ վերցրել ու վերադարձրել: Կարող եմ պատմել մեկ այլ հատկանշական դեպք։ Հայերը փակել էին ադրբեջանցիների ջրամատակարարումը, իսկ վերջիններս դիմել էին այն բացելու խնդրանքով, որովհետեւ առանց ջրի դատապարտված են մահվան։ Եվ հայերը ջուրը բաց էին թողել։ ԵՍ ԻՆՔՍ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՄ ԵՂԵԼ ԱՅՆ ԲԱՆԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԵՐԸ ՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՐԱԿ ՉԷԻՆ ԲԱՑԵԼ ՆՐԱՆՑ ՎՐԱ, ՈՎՔԵՐ ԶԵՆՔԸ ՑԱԾ ԷԻՆ ԴՐԵԼ ԵՎ ՓԱԽԵԼ։ Ես հարցրել էի տղաներին, թե ինչու են ընտրությամբ կրակում:«Մենք կրակում ենք միայն նրանց վրա, ովքեր մեր դեմ դուրս են եկել զենքով։ Իսկ անզեն փախչողների վրա չենք կրակում»։ Նման դեպքերը բնութագրական են եւ շատ բանի մասին են խոսում։ Իսկ այն, որ հայերի հանդեպ ատելությունը վերեւից սերմանվում էր խիստ նպատակաուղղված եւ ճկուն ձեւով, ես միանգամայն համոզված եմ դրանում... -Պարոն Ալեքսեեւսկի, հայտնի է, որ դուք ունեք հսկայական քանակի վավերագրական նյութեր պատերազմական ժամանակներից. չէ՞ որ դուք շատ նկարահանումեր եք կատարել Արցախում։ Ի՞նչ վիճակում են այդ ժապավենները։ -Թվագրված պատճենների առյուծի բաժինը մենք հանձնել ենք Հյուսիսային Արցախի եւ այդ երկրամասից հայերի վտարման պատմության գծով ուսումնասիրությունների հեղինակ, պրոֆեսոր Կիմ Ղահրամանյանին, եւ դրանք պահպանվում են նրա մոտ։ Ժամանակին այդ նյութերի հիման վրա ստեղծվել էր «Արցախը՝ թղթակցի աչքերով» ֆիլմը։ Ցավոք, մեր հնարավորությունները բավական չէին դրա կրկնօրինակը հանելու համար, եւ ես ժապավենը փոխանցել եմ Ելենա Բոններին (Անդրեյ Սախարովի տիկնոջը), երբ նա պատրաստվում էր մեկնել ԱՄՆ։ Նա խոստացել էր ժապավենն այնտեղ բազմացնել եւ նպաստել ֆիլմի տարածմանը։ Դա 1996-97թվականներին էր, եթե, իհարկե, հիշողությունս ինձ չի դավաճանում։ Ելենային չէր հաջողվել անմիջապես հասնել Նահանգներ. հիվանդության պատճառով նա հիվանդանոց էր ընկել, իսկ հետո` մեկնել։ Մոտ երկու տարի անց ես նրան հանդիպեցի Մոսկվայում եւ հարցրեցի, թե ֆիլմն ինչ եղավ։ Պարզվեց, որ նա ժապավենի մասին մոռացել էր, բայց խոստացավ պարզել։ Դրանից հետո ես նրան այլեւս չտեսա, իսկ ֆիլմի մասին ոչ մի տեղեկություն չունեմ եւ չգիտեմ` ինչ է կատարվել դրա հետ։ Թվում է` ֆիլմը կորել է։ Իհարկե, ափսոս, բայց մյուս կողմից` նախնական կադրերը պահպանվել են, նյութը հում տեսքով կա... Զրույցը վարեց Զարա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «Գոլոս Արմենիի» 26 հունվարի 2010թ.

- .
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
You must set the ad network .txt file to be writable (or file is not within path).

