
Հրատարակված է Հուլիս 03, 2009
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱԴԵՊ. ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
- Հունիսի երկրորդ տասնօրյակը նշանավորվեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման համատեքստում կարեւորագույն, կարելի է ասել, նույնիսկ դարակազմիկ իրադարձությամբ, որը, ինչքան էլ տարօրինակ լինի, գործնականում չնկատված մնաց մեր վերլուծական ու քաղաքագիտական շրջանների կողմից։ Աշխարհի խոշորագույն կղզին՝ Գրենլանդիան, որը գտնվում է Արկտիկայում, ինքնակառավարում ստացավ, ինչը հերթական քայլ է հանդիսանում անկախության ճանապարհին։ Նախքան քաղաքական-իրավական ասպեկտներին անցնելը, հակիրճ կերպով դիտարկենք այդ կղզու պատմությունը։ Գրենլանդիայի տարածությունը համարյա 2,2 մլն քառակուսի կիլոմետր է։ Եվրոպացիներից առաջինը իսլանդացի ծովագնաց Գունբյոռնն է կղզին հայտնաբերել, մոտավորապես 875 թվականին։ 982 թվականին նորվեգական ծագումով իսլանդացի Էյրիկ Ռաուդան (Շիկակարմիր) կատարել է կղզու առաջին հետազոտությունը եւ այն անվանել Գրենլանդիա, որը նշանակում է՝ կանաչ երկիր (այն ժամանակ կղզու մի մասը ծածկված էր խիտ բուսականությամբ)։ 983 թվականին Գրենլանդիայի հարավում հիմնադրվել են նորմանական (իսլանդական) գաղութներ, որոնք գոյություն են ունեցել մինչեւ 15-րդ դարը։ 11-րդ դարում Գրենլանդիայի բնակչությունը, այդ թվում եւ բնիկները՝ էսկիմոսները, քրիստոնեություն է ընդունել (1126 թվականին Գրենլանդիայում հիմնվել է առաջին եպիսկոպոսությունը)։ 1962 թվականից մինչեւ 1536 թվականը Գրենլանդիան փաստորեն պատկանել է Նորվեգիային, ինչից հետո այն սկսել է աստիճանաբար անցնել Դանիային։ 1721 թվականին Դանիան սկսել է կղզու լիամասշտաբ գաղութացումը։ 1744 թվականին նա պետական մենաշնորհ է սահմանել Գրենլանդիայի հետ առեւտրի վրա, որը գոյություն է ունեցել մինչեւ 1950 զթվականը։ 1953 թվականին Գրենլանդիան Դանիայի գաղութից վերածվել է Դանիական թագավորության բաղկացուցիչ մասի։ Գրենլանդիան ունի կարեւորագույն ռազմավարական նշանակություն, որը նրան առանցքային բաղադրիչ է դարձնում Արկտիկայի աշխարհաքաղաքականության մեջ, եւ պատահական չէ, որ շատ երկրներ են ձգտել տիրել նրան։ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ը եւ Կանադան հայտարարել են կղզու մի քանի մասերի նկատմամբ իրենց իրավունքների մասին։ 1930 թվականին Նորվեգիան պահանջներ է ներկայացրել Գրենլանդիայի արեւելյան մի շարք մարզերի նկատմամբ, բայց Ազգերի լիգային կից միջազգային դատարանը վեճը լուծել է հօգուտ Դանիայի։ 1940թ. ապրիլին՝ Գերմանիայի կողմից Դանիայի օկուպացումից հետո, ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Մոնրոյի վարդապետությունը (դոկտրինը) Գրենլանդիայի վրա տարածելու մասին։ 1941թ. ապրիլի 9-ին Վաշինգտոնում Դանիայի դեսպանորդը ամերիկյան կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել Գրենլանդիայի պաշտպանության մասին։ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Գրենլանդիայում ռազմակայանների ստեղծմանը։ Հետաքրքիր է, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվելուց հետո ԱՄՆ-ը Դանիային առաջարկել է ամբողջ Գրենլանդիան 100 մլն դոլարով վաճառել իրեն, բայց դանիացիները հրաժարվել են։ Դանիան ՆԱՏՕ-ի մեջ մտնելուց հետո (1949 թվականի ապրիլ)՝ 1951 թվականի ապրիլի 27-ին, նոր համաձայնագիր է ստորագրվել դանիական եւ ամերիկյան կառավարությունների միջեւ, ըստ որի՝ Դանիան եւ ԱՄՆ-ը իրականացնում են կղզու համատեղ պաշտպանությունը։ 2004թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ-ը եւ Դանիան ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին 1951թ. պայմանագիրն արդիականացնող համաձայնագիր։ Կղզու բնակչությունն այսօր կազմում է 56,7 հազար մարդ։ Նրանցից շուրջ 50 հազարը ծնվել է կղզում։ Բնակչության մեծ մասը (շուրջ 47 հազ. մարդ) ապրում է քաղաքներում, որոնցից խոշորագույնը կղզու մայրաքաղաքն է՝ Նուկը։ Նրա բնակչությունը կազմում է 15 հազ. մարդ։ Կղզու բնակչության 80%-ը ինուիտներ են (ըստ թվաքանակի՝ Գրենլանդիայի էսկիմոսների խոշորագույն խումբը), 12%-ը՝ դանիացիներ։ Կղզում նաեւ տեղաբաշխված են ԱՄՆ-ի մինչեւ 4 հազ. զինծառայողներ։ Կղզում պաշտոնական լեզուներ են հանդիսանում գրենլանդերենը (էսկիմոսական բարբառը) եւ դանիերենը։ Հիմնական կրոնը քրիստոնեությունն է։ Կղզու տնտեսական կյանքը կենտրոնացված է մայրցամաքային սառույցից ազատ առափնյա նեղ շերտում, որն զբաղեցնում է Գրենլանդիայի ընդհանուր տարածության մոտավորապես 15%-ը (շուրջ 340 հազ. քառ. կմ)։ Աշխատունակ բնակչության մոտավորապես քառորդ մասը զբաղվում է ձկնորսությամբ։ Բայց կղզին արտահանում է նաեւ հանքեր։ Այնուամենայնիվ, Գրենլանդիայի տնտեսությունն զգալի չափով կախված է դանիական դրամական նպաստներից. դրանք կազմում են կղզու ներքին համախառն արդյունքի 30%-ը։ Գրենլանդիայի կողմից ինքնորոշման իր իրավունքի իրականացման գործընթացն սկսվել է 1970-ական թվականներին։ 1979թ. դանիական խորհրդարանը լայն ինքնավարություն տրամադրեց Գրենլանդիային։ Այդ ինքնավարությունը կեղծ չէր, կղզին չափազանց լայն իրավունքներ ստացավ։ Օրինակ, 1985-ին Գրենլանդիան դուրս եկավ Եվրոպական ընկերակցության (Եվրոպական միության նախորդ կազմակերպության) կազմից այն դեպքում, երբ Դանիան մնաց նրա կազմում։ 2006թ. Գրենլանդիայի եւ Եվրոպական միության միջեւ համաձայնագիր ստորագրվեց համապարփակ գործընկերության մասին, որն ուղղված էր կղզու զարգացմանը։ Այդ համաձայնագիրը յուրատեսակ քաղաքական հռչակագիր դարձավ, որում կողմերը՝ Գրենլանդիան (առանց Դանիայի) եւ ԵՄ-ը պարտավորվեցին ըստ ամենայնի զարգացնել երկկողմանի հարաբերությունները ամենատարբեր ոլորտներում։ Իհարկե, որոշակի աստիճանով դա նշանակում էր, որ Գրենլանդիան նաեւ արտաքինքաղաքական գործունեություն է իրականացնում, ինչը Դանիայի առանձնաշնորհն է։ Այնուամենայնիվ, նույնիսկ արտաքինքաղաքական գործունեության վերահսկողություն իրականացնելում Դանիայի մոտեցումը չափազանց լիբերալ էր։ Օրինակ, արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողության մեխանիզմներից մեկը հանդիսանում է Գրենլանդիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի գործունեության նկատմամբ վերահսկողությունը։ Դրա համար պատասխանատվությունը դրված է Դանիայի խորհրդարանի երկու պատգամավորի վրա։ Բայց այդ պատգամավորներն իրենք Գրենլանդիայից են եւ հանդիսանում են բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ, Գրենլանդիան մտադիր չի եղել բավարարվել ինքնավարության այն աստիճանով, որն ուներ, եւ սկսել է ակտիվորեն աշխատել իր պետական կարգավիճակի ընդլայնման ուղղությամբ։ 2008թ. նոյեմբերի 25-ին Գրենլանդիայում հանրաքվե անցկացվեց ինքնավարության ընդլայնման հարցով։ Ինքնակառավարման ընդլայնման օգտին արտահայտվեց քվեարկությանը մասնակցածների 75,54%-ը, դեմ՝ 23,57%-ը։ Կղզու՝ ձայնի իրավունք ունեցող 39 հազար բնակիչների 71,96%-ը ներկայացել էր քվեարկությանը։ Հանրաքվեն տեղի է ունեցել 2004թ. ստեղծված դանիական-գրենլանդական համատեղ հանձնաժողովի երաշխավորանքով։ 2009թ. մայիսի 20-ին Դանիայի խորհրդարանն օրենք ընդունեց Գրենլանդիայի ինքնավարության ընդլայնման մասին, ինչը կղզու իշխանություններին թույլ է տալիս ինքնուրույն կերպով տնօրինել բնական պաշարները եւ ուղղակի իրենց ենթարկեցնել դատական համակարգն ու իրավակարգի մարմինները, ինչպես նաեւ ընդլայնել իրենց ազդեցությունը Դանիայի՝ Գրենլանդիային վերաբերող արտաքին քաղաքականության վրա։ Մինչեւ ինքնավարության ընդլայնումը տեղական իշխանություններն ուղղակի կերպով կառավարում էին միայն առողջապահության, դպրոցական կրթության եւ բնակչության սոցիալական սպասարկման համակարգերը։ 2009թ. հունիսի 21-ին հռչակվեց Գրենլանդիայի ընդլայնված ինքնավարությունը։ Կղզում պաշտոնական լեզու է դառնում գրենլանդերենը։ Բացի այդ, տեղական վարչակազմն իր վրա է վերցնում պատասխանատվությունը կղզու ոստիկանության եւ դատական համակարգի համար։ Դանիայի իրավասությանն է մնում վերահսկողությունը նրա պաշտպանական, արտաքին եւ դրամական քաղաքականության նկատմամբ։ Դրամական միավոր կմնա դանիական կրոնան։ Առայժմ պետության ձեւական ղեկավար է մնում դանիական Մարգրետե 2-րդ թագուհին։ Հետաքրքիր է, որ Գրենլանդիայի ինքնակառավարման առթիվ հանդիսություններին մասնակցեցին Մարգրետե 2-րդ թագուհին, երկրի վարչապետ Ռասմուսենը, օտարերկրյա պետությունների 17 դեսպաններ։ Խորհրդարանի խոսնակ Յոզեֆ Մոտցֆելդտը դիմեց բոլոր ներկաներին եւ նրանց շնորհավորեց Գրենլանդիայի պատմության մեջ այդ մեծ օրվա առթիվ։ Այնուհետեւ Մարգրետե 2-րդ թագուհին խոսնակին փոխանցեց «Գրենլանդական օրենքը»՝ կղզուն ընդլայնված լիազորություններ տրամադրվելու մասին ակտը։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Գրենլանդիայի վարչապետ Կուուպիկ Քլեյսթի ճառը հանդիսություններում։ Նա հայտարարեց, որ Գրենլանդիայի պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել, գրենլանդացիներն արդեն դարձել են ճանաչված ժողովուրդ՝ մյուս ժողովուրդներին հավասար։ Քլեյսթի խոսքերով, շատ ժողովուրդներ են մեծ զրկանքների միջով անցել իրենց ճանաչմանը հասնելու համար։ Իսկ Գրենլանդիայի ճանաչումը, նրա խոսքերով, ձեռք է բերվել բանակցությունների, փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի շնորհիվ։ Հարկ է նշել, որ Կ. Քլեյսթը գլխավորում է «Ինուիտների եղբայրությունը»՝ ձախ սոցիալիստական կողմնորոշման կուսակցություն, որը 1977թ. իր ստեղծման պահից հանդես է գալիս Գրենլանդիայի լրիվ անկախության օգտին։ Կարելի է լիովին համաձայնել գրենլանդական վարչապետի կարծիքին։ Իրոք, Դանիան, լինելով համաշխարհային ժողովրդավարության ավանգարդում, արել է ամեն հնարավորը, որպեսզի գրենլանդացիներն իրենց ընտրությունը կատարեն։ Գրենլանդիայի համար բոլոր պայմանները ստեղծված են լրիվ անկախության հասնելու համար։ Օրինակ, դանիական խորհրդարանի կազմում ստեղծվել եւ մինչ օրս գործում է «Հյուսիսատլանտյան խումբ» անվանումով մի կառույց, որի հիմնական նպատակն է աշխատել Ֆարերյան կղզիների եւ Գրենլանդիայի լրիվ անկախության հասնելու ուղղությամբ։ Որոշ երկրներում դա պարզապես չեն հասկանա։ Արդյո՞ք կարելի է պատկերացնել, օրինակ, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսում գործի մի այդպիսի խումբ, որն աշխատի լեզգիների, թալիշների, ավարների կամ թաթերի կողմից պետական անկախության ձեռքբերման ուղղությամբ։ Պատասխանն, իհարկե, ակնհայտ է։ Գրենլանդիայի ինքնակառավարությունը չափազանց կարեւոր ասպեկտ է ներկայացնում ժողովուրդների կողմից իրենց ինքնորոշման իրավունքի իրականացման համատեքստում։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Դանիայի եւ Գրենլանդիայի բնակչության թվաքանակի հարաբերակցությունը։ Դանիայի տարածքը 43,1 հազ. քառ կմ է, բնակչությունը՝ համարյա 5,5 մլն մարդ։ Գրենլանդիայի տարածքը՝ 2,2 մլն քառ. կմ, բնակչությունը՝ 56,7 հազար մարդ։ Ստացվում է, որ Դանիան կամավոր կերպով պատրաստ է անկախություն տրամադրել իր քաղաքացիներին, որոնց թվաքանակը փոքր-ինչ անցնում է երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի 1%-ից (իսկ եթե հաշվի առնենք այն մարդկանց մասնակցությունը հանրաքվեին, որոնք դեմ են քվեարկել, ապա դրանից էլ քիչ է ստացվում՝ 0,38%), այդպիսով, իրական հիմք ստեղծելով այն բանի համար, որպեսզի զրկվի սեփական տարածքի 99,99%-ից։ Ըստ որում, Դանիան պայման չի դրել հանրաքվեն անցկացնել ամբողջ երկրի տարածքում։ Այս փաստի հետնապատկերի վրա դանիական-գրենլանդական հարաբերությունները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որեւէ կերպ համեմատելու փորձերն անգամ ապարդյուն են դառնում։ Դե, ի՞նչ կարելի է ասել այն բանից հետո, երբ տառացիորեն օրերս Ադրբեջանի նախագահը, մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Ադրբեջանի զինծառայողներին, հայտարարեց, թե պատերազմը դեռ չի ավարտված, եւ բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի հետ նվաճել օկուպացված հողերը։ Ապա նա հայտարարել է, թե Ադրբեջանն իրավունք ունի հայերի զավթած հողերը հետ վերադարձնել ամեն գնով, եւ նրա այդ իրավունքն, ըստ որում, ինքնիշխանական է։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ մենք ժամանակի յուրատեսակ աղճատման վկաներն ենք դառնում եւ ընկնում նախապատմական ժամանակաշրջան։ Դանիա-գրենլանդական հարաբերությունների լուծման փիլիսոփայությունն, իրոք, եզակի է։ Մարդկության ամբողջ պատմության մեջ այդպիսի բան, իրոք, չի եղել։ Դա աննախադեպ նախադեպ է։ Այնուամենայնիվ, դա մի նախադեպ է, որը, բնականաբար, իր ներգործությունը կունենա այն հարցերի լուծման վրա, որոնք կապված են ինքնորոշման իրենց անկապտելի իրավունքը ժողովուրդների կողմից իրականացման վրա՝ վառ կերպով ցուցադրելով քաղաքակիրթ մոտեցումները այդ տիպի հարցերի լուծմանը։

- Դավիթ ԲԱԲԱՅԱՆ,Քաղաքագետ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2009
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՊԱՀՈՎԵԼ...
.
...Ստեփանակերտի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար ...ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
. 13
ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին Այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԵՐԱՍԱՆԸ
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Առաջին բնութագրությունները, որ տարեց հանդիսականները տալիս են վաստակաշատ դերասան Գուրգեն Գրիգորյանին, հետեւյալն են՝ համով, հոտով, կոլորիտային դերասան էր... Իսկ գործընկերներն ավելացնում են, որ նա դերասանական ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՆ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ ՉԻ ԼԻՆԻ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀուլիսի 4-ից սկսվում են հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր ...ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հունիսի 24-ին տեղի ունեցած՝ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԼՂՀ Սահմանադրությունից բխող դատաիրավական բարեփոխումները սկիզբ առան վերաքննիչ դատարանի ստեղծմամբ, որը կարեւոր քայլ էր իրավական պետություն կառուցելու ճանապարհին։ Այս օրերին վերաքննիչ դատարանը նշում է ստեղծման ...ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ՄԵՆՔ ՆՈՐԻՑ ԿԱՊՐեՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ, ԿՈՂՔ ԿՈՂՔԻ Հուլիսի 3-ին Ստեփանակերտում գտնվող՝ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանին եւ ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱԴԵՊ. ԳՐԵՆԼԱՆԴԻԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ,Քաղաքագետ 1
Հունիսի երկրորդ տասնօրյակը նշանավորվեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման համատեքստում կարեւորագույն, կարելի է ասել, նույնիսկ դարակազմիկ իրադարձությամբ, ...32 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԲՆԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆՔաշաթաղի շրջանային խորհրդի` հուլիսի 2-ին կայացած ընդլայնված նիստի օրակարգի գլխավոր հարցը 2009 թվականի առաջին կիսամյակում շրջվարչակազմի իրականացրած աշխատանքների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ, ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐՆ` ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
.
ԱՅՑՈՎ ԼՂՀ-ՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ...
.
A(H1 N1) ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՐԻՊԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.
.
ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ ԲՅՈՒԼ ՕՂԼԻ.
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՍՐԱՅԵԼԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
PanARMENIAN.Net
ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆՎԻ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ
.ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՕՐՎԱՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

