
Հրատարակված է Հունիս 26, 2009
ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
- Ժամանակն է, հավանաբար, ծանոթանալ «Արմենիայի» հետ։ Գրելով այս մեկնարկային նախադասությունը՝ վերհիշեցի, թե ինչպես բոլորովին վերջերս «Դելովոյ վտորնիկ»-ից, որը տպագրվում է Ռուսաստանի Դաշնության գրեթե բոլոր տարածաշրջաններում, զանգահարեցին ինձ եւ մի ծանրակշիռ հարց տվեցին. «Պատմեցեք, խնդրեմ, գոնե մի երկու բառով ձեր Արմենիայի մասին»։ Ես ձեռաց բացեցի իմ սեղանին դրված (եթե, իհարկե, իմ թախտի առաջ ամրացված փոքրիկ տախտակը կարելի է սեղան անվանել) հին Հայաստանի պատմության մասին հիմնավոր մենագրությունը, բացեցի հենց առաջին էջը եւ սկսեցի բարձր-բարձր կարդալ. «Հայերը հնագույն առաջավորասիական ազգություն են, որը կազմավորվել է մեր թվարկությունից առաջ երկրորդ- երրորդ հազարամյակներում։ Բազում դարեր ի վեր հայերի բնակության տարածքը համընկել է Հայկական լեռնաշխարհի եւ պատմական Հայաստանի տարածքի հետ... Մեր թվարկությունից առաջ երրորդ դարից այդ տարածքը ծայրամասային մարզերի ընդգրկմամբ հայտնի է եղել «Մեծ Հայք» անվամբ՝ ի տարբերություն հայկական մյուս տարածքի՝ «Փոքր Հայքի», որը գտնվում էր Եփրատի եւ Անտիտավրոսի արանքում...»։ (Տեղեկանքի համար ճշգրտում եմ։ Իմ սեղանի վրա ամենեւին էլ պատահական չէր վերոնշյալ գրքի հենց այդ էջը բացելը։ Նախորդ օրը Արիկն Ինտերնետում որսացել էր Բաքվի մի թերթում հրապարակված հերթական պասկվիլը, որում դարձյալ այն տխմար միտքն էր կրկնվում, թե, իբր, հայերը գիշեր ու զոր Մեծ Հայաստան ստեղծելու զառանցական պլաններ են նյութում։ Այս միտքն արդեն իսկ տխմար է այն պատճառով, որ գոնե պետք է գրել Մեծ Հայաստանի ոչ թե ստեղծման, այլ վերածնման մասին։ Ոչ մի կերպ չենք կարողանում մեր ընդդիմախոսների գլուխները մտցնել, որ «Փոքր Հայք» եւ «Մեծ Հայք» տերմինները դարերից ի վեր օգտագործվել են ոչ միայն պատմագիրների ու պատմաբանների մոտ, այլեւ բոլոր հանրագիտարանային բառարաններում, այդ թվում եւ, բոլոր խորհրդային հանրագիտարաններում, ինչպես նաեւ օտարերկրյա աղբյուրներում։ Դե լավ, սա հենց այնպես, իմիջիայլոց)։ Հենց այս տողում հեռախոսի ընկալուչի մեջ քրքջոց լսվեց։ Հեռախոսագծի մյուս ծայրում (թեպետ հիմա արդեն այդպիսի ոչ մի հեռախոսագիծ էլ չկա) իմ զրուցակիցը շատ լավ հասկացավ, թե ինչ է կատարվում, երբ բանավոր խոսքում չակերտները չեն ընդգծվում։ Բայց ձեռք առնելն, այնուամենայնիվ, նա հասկացավ եւ ծիծաղում էր սրտանց։ Դա բավական չէր, եւ ավելացրեց. «Ի դեպ, միանգամից էլ գերազանց տեղեկություններ ստացա առանց չակերտների Արմենիայի պատմության մասին»։ Դե, այնուհետեւ «մի երկու խոսքով» պատմեցի « Արմենիա» առագաստանավի մասին։ Ես այնպես էի ջանադիր պատմում՝ կարծելով, թե նա ցանկանում է խմբագրության կողմից ինչ-որ բան կցել իմ ներկայացրած նյութին։ Պարզվեց, որ իմ հոդվածն արդեն տպագրվել է։ Իսկ թղթակիցը, որն իրեն չներկայացրեց, առագաստանավային սպորտի վարպետ է եւ ահա սկսել է հետաքրքրվել մեր առագաստանավի ելակետային տվյալներով։ Ես էլ նորից սկսեցի կարդալ արդեն «Արմենիայի» պաշտոնական անձնագրի տվյալները. Երկարությունը՝ 19 մետր 73 սանտիմետր։ Լայնությունը ուղիղ կենտրոնում (տախտակամածը դեպի ցռուկը (նավաքիթը) եւ նավախելը կտրուկ նեղանում է )՝ 6 մետր եւ 2 սանտիմետր։ Նավակողի բարձրությունը 1 մետր 20 սանտիմետր է։ Նավի թաղվածքը՝ 2,47 մետր։ Ջրատարողությունը՝ 44 տոննա։ Հեռախոսազրույցն այստեղ վերջացավ, բայց ահա թեման համակեց ինձ։ Մեր «Արմենիան» շատ պարամետրերով հետ է մնում մեր «Կիլիկիայից»։ «Արմենիան» միակայմ շլյուպ է։ Շլյուպները տարբեր են լինում։ Այդ թվում եւ եռակայմ՝ ուղիղ առագաստներով։ Նույնիսկ դանդաղընթաց պահականավ։ Բայց ահա միակայմ շլյուպը փոքր չափսի մարզական նավերի առավել տարածված տիպն է։ «Արմենիայի» կայմի բարձրությունը շուրջ երեսուն մետր է։ Այդ պատճառով մենք նրան «Երկարաքիթ պստլիկ» մականունն ենք տվել։ Ճիշտ է, պատանի Վահանը նրան վերակնքել է՝ «Մեջքի վրա պառկած խիստ երկարաքիթ Բուրատինո»։ Մենք ամենեւին չենք կասկածել, որ մեր շուրջերկրյան, ուզած-չուզած, առնվազն հասարակածի մեկուկես պտույտի երկարություն է ունենալու ։ Այնպես որ, արագությունը մեզ համար առանձնակի արգումենտ է։ Բայց արագությանն այսօր օգնում են ոչ միայն ցունամիներից կամ պասսատներից ծնվող քամիները։ Խոսքն ինչ-որ անսպասելի ու անակնկալ քամու մասին չէ, այլ՝ օվկիանոսների տրոպիկական լայնություններում ամբողջ տարին օդի կայուն տեղափոխությունների մասին։ Խոսքը մեր առագաստանավի բուն կառուցվածքի մասին է։ Նրա մակերեւույթն ամբողջովին ձվաձեւ է։ Ընդամենը երեք քառակուսի մետրանոց հարթություն կա. դա կոկ-սնունդ տաղավարն է՝ իր նեղլիկ, ինչպես ժապավեն, անհովար «գդակով»՝ երեք կողմերից նստարաններով շրջանակված սեղանիկով։ Մնացածը թեքություններ են, որպեսզի ոչինչ չարգելակի նավի ընթացքը։ Արագության համար, ինչպես որ դա եղել է «Կիլիկիայի» վրա, խթանիչ է հանդիսանում նաեւ տիեզերական նավարկորդը, որը նավի վրա հերթապահողին (աշխարհի բոլոր նավերի վրա) օգնում է չշեղվել ուղղույթից։ Օգնում է նավախելում սարքավորված նավի կառավարման ամբողջ համակարգը։ Դա ներսում ութաթեւ աստղ ունեցող՝ համարյա երկու մետրանոց ղեկանիվն է։ Այդ աստղը նրան ցանցկեն ու նրբակերտ է դարձնում։ Ղեկանիվը հեռվից բարակ ու թեթեւ խողովակներից հյուսված սարդոստայնի մեծ օղակ է հիշեցնում։ Այդպիսի չափսերը ղեկակալին օգնում են նավը կառավարել ե՛ւ կենտրունում նստած, ե՛ւ կողքից նստած դիրքում, ե՛ւ նավախելային կոկ-սննդի վերին հարթակը ելնելով։ Եվ, իհարկե, մեր տախտակամածի վրա մի գեղեցիկ փչովի նավակ կա՝ կախովի շարժիչով։ Ընդհանուր նավասենյակը՝ մեծ ու փոքր սեղաններով. այս վերջինի մակերեսը կես քառակուսի մետրից էլ փո քր է։ Նավացռուկում, նավախելում, նավասենյակներում, ամենուրեք հատակն ուղիղ ու հարթ է։ Բայց, ավելի շուտ, դա հիմնականում նավամբարների բազմաթիվ ուղղանկյուն կափարիչներն են, որոնցում նավախելից մինչեւ ցռուկը տեղադրված են մեր հանդերձանքը, իրերը, շարժիչը, պարանասարքերը, նավահանդերձանքը, սննդամթերքները, խմելու ջրի բաքերը, գրքերի կապոցներ։ Բոլոր ծավալները զբաղեցված են։ Եվ, իհարկե, «Արմենիան» չի կարելի պատկերացնել առանց իր կենվորների։ Բնակչությունը յոթ մարդ է։ Մեզ հետ են մեր մայրերի դիմանկարները։ Մեզ հետ է Մեսրոպ Մաշտոցը։ Մեր գլխավերեւում են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայ Առաքելական եկեղեցու, «Արմենիայի» գրանցման «նավահանգստի»՝ Երեւանի դրոշները։ Ամեն ինչ տրամաբանական ու բնական է։ Վերջ ի վերջո, չակերտների մեջ «Արմենիան» նույնպես Արմենիա է։ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԹ ԵՆ ՈՒ ՀԱՐԳԱԼԻՑ Թերեւս ժամանակն է Ատլանտյան օվկիանոսի մասին խոսել ավելի խոր ու ավելի լայն ընդգրկումով։ Հատկապես որ մեծ են նրա ե՛ւ լայնությունը, ե՛ւ խորությունը։ Համենայն դեպս, այն իր հիմնական պարամետրերով Խաղաղ օվկիանոսից հետո գրավում է երկրորդ տեղը։ Մեզ՝ «Արմենիա»-ի անձնակազմի համար այն հատկապես թանկ է նաեւ այն պատճառով, որ մենք բոլորս լայն առումով սերել ենք «Կիլիկիա»-ից, որն անցել է յոթ ծովերով, եւ դրանք բոլորը Բիսկայան ծոցի ու Միջերկրածովյան ավազանի լեգենդար ծովերի հետ միասին օվկիանոսների «կենսագրության» ցանկացած գիտական նկարագրության մեջ անպայման հիշատակվում են որպես Ատլանտիկայի բաղադրիչ մաս։ Այդ ցուցակում ընգրկված են նաեւ Կարիբյան ծովը, Մեքսիկական մեծ ծոցը, որոնք կան «Արմենիա»-ի երթուղում։ Այնպես որ, Ատլանտիկայի հետ մեզ մոտ ձեւավորվել են հատուկ, ես կասեի, բարի, հաջող ու հարգալից հարաբերություններ։ Կարծում եմ՝ երկրագնդի վրա ոչ բոլոր ծովագնացները կարող են պարծենալ օվկիանոսի հետ նման, բառիս բուն իմաստով սերտ բարեկամությամբ, օվկիանոս, որն իր անունը ստացել է դիցաբանական Ատլանտ մեծ հսկայից, որն ամբողջ երկնակամարը պահում էր իր ուսերի վրա։ Այստեղ տեղին է հիշել Հին աշխարհի պատմության դասը եւ հիշողության մեջ թարմացնել այն առասպելը, որ այդ նույն Ատլանտ հսկան հենց այնպես հիմարաբար չէ իր թիկունքը դեմ տվել երկնակամարին։ Այն պատիժ էր՝ օլիմպիական աստվածների պայքարին մասնակցելու համար։ Այնպես որ, ընդդիմություն գոյություն ուներ դեռ այն ժամանակներում։ Եվ այսպես, մենք, հիրավի, յուրահատուկ հարաբերություններ ունենք Ատլանտիկայի հետ։ Անձամբ, իմ բախտը կյանքում միշտ էլ բերել է։ 50-ականների սկզբներին չորս տարի ծառայել եմ Բալթիկայում։ Ընկերոջս՝ ճանապարհորդ Անատոլի Գավրիլինի հետ 1970 թվականին Խաղաղ օվկիանոսից բերած ջուրը լցրել ենք Բալթյան ծովը, իսկ 2005թ.Կարեն Բալայանի հետ միասին «Կիլիկիա»-ից Ատլանտիկա ենք լցրել ջուր, որ բերել ենք Սեւանից եւ Ստեփանակերտի Վարարակն աղբյուրից։ Իսկ հիմա «Արմենիա»-ի կենտրոնական քոկպիտում (տախտակամածի փոսորակ՝ մարդկանց համար) նստած գրում եմ այս տողերը՝ ժամանակ առ ժամանակ կանչելով Հայկին։ Հայկ Բադալյանը, որին անձնակազմը դիմում է առագաստանավի արագության, գտնվելու վայրի եւ շա՜տ-շատ ուրիշ հարցերով ու այն մասին, թե ինչքան ենք անցել, մինչեւ հերթական կետը որքան է մնացել եւ այլն, եւ այլն։ Տվյալ դեպքում՝ որքան է մնացել մինչեւ Բարբադոս կղզին։ Եվ Հայկը, չանցած մեկ րոպե, տվեց «Արմենիայի» կոորդինատները. հյուսիսային լայնության 25 աստիճան 47, 950 րոպե եւ արեւմտյան երկայնության 23 աստիճան 51,283 րոպե։ Սակայն դա ինձ չէր գոհացնում։ Հայկի հետ իջանք նավախցիկը՝ իմանալու, թե ինչ հեռավորության վրա ենք գտնվում մեր հայրենիքից։ Թեքվելով նավավարական համակարգի ոչ մեծ էկրանի վրա՝ խնամքով արտագրեցի Հայկի մատնանշած տվյալները։ «Արմենիան» 15 աստիճանով ցածր է, ավելի ճիշտ, Հայաստանից գտնվում է դեպի հարավ։ Տարածությունն ավելի լավ է չափել ժամանակի տարբերությամբ։ Հիմա (2009թ. հունիսի 21-ին) Երեւանում ժամը 21-ն անց է 25 րոպե, մեզ մոտ՝ 16-ն անց է 35 րոպե։ Նավակողերից օվկիանոսի կոհակավոր մակերեւույթին տեսնում ենք լողացող խոշոր կրիաների, իսկ Հայաստանում, երեւի, «Հայլուր» են նայում։ Աֆրիկա մայրցամաքից, ավելի ճիշտ, Սահարայից, այնքան էլ հեռու չենք՝ ընդամենը 1000կմ։ Չնայած մեկնակետից արդեն ավելի քան երեք անգամ հեռացել ենք։ Բանն այն է, որ ամբողջ այդ ընթացքում մենք հարավից հյուսիս էինք ընթանում, եւ այդ պատճառով նավախելը չափազանց դանդաղ էր հեռանում տոթ մայրցամաքից։ Մենք դեռ չենք հատել Ատլանտյան օվկիանոսի կեսը. նկատի ունեմ մեր երթուղագիծը։ Կհատենք, եւ հնարավոր է, այդ մասին տեղեկատվությունն ընթերցողին ավելի շուտ կհասնի, քան՝ լույս կտեսնի այս ռեպորտաժը։ Աշխարհագրական կանոնների համաձայն՝ դա կլինի Ջիբրալթարի Հերկուլեսյան դարպասների եւ Բարբադոս կղզու արեւելյան ափի միջեւ ճանապարհի կեսին։ Ի դեպ, այդ կղզու մասին մենք երեք տարի շարունակ խոսում էինք, երբ հավաքվում էինք Երեւանի իմ բունկերում։ Բանն այն է, որ բազմաթիվ ծովագնացներ, իրենց առջեւ խնդիր դնելով հատել Ատլանտիկան, լեգենդար այդ կղզին, այսպես թե այնպես, մտցնում էին իրենց երթուղին։ Ինչպես հայտնի է, հենց այդտեղ, այդ «մորուքավոր» կղզու մոտ է սկսել խորտակվել Տուր Խեյերդալի «PA» պապիրուսանավը։ Այդ ողբերգությունը լավ են հիշում նրանք, ովքեր 1969թ. ուշի ուշով հետեւում էին նորվեգացի գիտնական-ճանապարհորդի հերթական սխրագործությանը։ Սակայն դառնանք մեր հիմնական թեմային՝ Ատլանտիկային։ Առայժմ նավում գործերն այնքան շատ են, որ չի հաջողվել գեթ մեկ անգամ լողանալ օվկիանոսում։ Ճիշտն ասած, եղանակն էլ դա թույլ չի տալիս. անընդհատ սառը քամիներ, որոնք, բարեբախտաբար, հիմնականում համընթաց են։ Շարունակվում է կանարյան՝ առայժմ սառը հոսանքի ազդեցությունը։ Օվկիանոսում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում ջուրը ոչ մի օր, ոչ մի ակնթարթ հանգիստ չի եղել։ Ոչ գիշերը, ոչ՝ ցերեկը։ Մենք արդեն սովորել ենք դրան։ Սովորել ենք, որ «Արմենիա»-ն միշտ պետք է օրորվի։ Չնայած անգամ սառն արեւից բոլորս սեւացել ենք՝ ինչպես սատանա։ Դեռ ինչե՜ր են սպասվում... Գիտենք նաեւ, որ բոլոր օվկիանոսներից հեշտ է ամենաերկարը մնալ Ատլանտիկայի մակերեւույթին, որի ջուրը համարվում է ամենաաղին։ Սակայն դա չի խանգարում նրան՝ քաղցրահամ հոսանքներով ամենահարուստը լինել։ Բավական է միայն քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրը («քաղցրահամ ջրերի պատուհան»), որը գտնվում է Ֆլորիդա թերակղզուց դեպի արեւելք։ Մենք երկար ժամանակ դատում-գուշակում էինք, թե, այնուամենայնիվ, արեւմուտքից արեւելք անցնելիս ինչպես պարզենք օվկիանոսի կենտրոնը, որի մասին այստեղ խոսվել է։ Հայտնի է նաեւ, որ կա այդպիսի՝ ոչ պայմանական, այլ իրական գիծ, որն Ատլանտիկան կիսում է հյուսիսից հարավ՝ ուղիղ մեջտեղից։ Օվկիանոսի հատակով անցնում է Միջօրեագծային կենտրոնաատլանտյան լեռնաշղթան, որն օվկիանոսը բաժանում է արեւմտյան եւ արեւելյան մասերի։ Սակայն մեզ ավելի շատ հարմար է մեր երթուղու՝ Ջիբրալթարի նեղուցից մինչեւ Պանամայի ջրանցքն անցնող գիծը։ Մեր երթուղու մեջ է մտնում նաեւ Կարիբյան ծովը։ Մեր առաջին օվկիանոսից դեռ երկար ժամանակ չենք բաժանվի։ Իսկ բաժանումն էլ երկար չի տեւի, կրկին կհանդիպենք։ Նույնը կարելի կլինի ասել Խաղաղ օվկիանոսի մասին։ Իսկ հասարակածն առաջին անգամ, մեր երթուղու համաձայն, «Արմենիա»-ն հյուսիսից հարավ պետք է անցնի Ատլանտյան օվկիանոսով, հարավից հյուսիս՝ արդեն Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսների ջրերի միախառնման տեղով։ Եվս մեկ հանգամանք. 50 երկրներ անմիջականորեն ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Դրանցից իննում կան հայկական գաղութներ. Արգենտինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Կանադա, Մարոկկո, Պորտուգալիա, ԱՄՆ, Ուրուգվայ, Ֆրանսիա։ Եվ նրանցից շատերում այսօր «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ծրագրով աշխատանքներ են իրականացվում։

- Զորի ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Հունիս 26, 2009
ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ
Մարտիկ
ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ 1993 թվականը վճռորոշ էր Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության ռազմական փուլի համար։ Այն առավել եւս կարեւոր էր Արցախի ինքնապաշտպանության ...ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
ԼՂՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանն օրերս վերադարձավ Շվեդիա կատարած աշխատանքային այցից։ Այն կազմակերպվել ...ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Ժամանակն է, հավանաբար, ծանոթանալ «Արմենիայի» հետ։ Գրելով այս մեկնարկային նախադասությունը՝ վերհիշեցի, թե ինչպես բոլորովին վերջերս «Դելովոյ վտորնիկ»-ից, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.Հունիսի 25-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում մարոկկոյան մորեխների դեմ պայքարի մի խումբ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Հունիսի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է մի մեծ խումբ երիտասարդների՝ Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից — Արցախից, որոնք Շուշիի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ԲՈԼՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
«ԱՐՄԵՆԻԱՆ» ՍԿԶԲՈՒՄ ԱՅԼ ԵՐԹՈՒՂԻ ՈՒՆԵՐ
Զորի ԲԱԼԱՅԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ՄԱՀՄՈՒԴ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ
.
ԱՎՈՆ՝ ՓՐԿԻՉ, ԱՎՈՆ՝ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀՈՎԱԶԸ՝ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՆԱՀԱՊԵՏԸ
Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԵՐԵՒԱՆՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ
PanARMENIAN.NetՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐԱԿԱՆ ՇԵՄԸ 6 ՄԻԱՎՈՐՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՄԵՆԻԱ Է
Զորի ԲԱԼԱՅԱՆՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ...
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

