
Հրատարակված է Հուլիս 17, 2008
ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ - ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ
- Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Հուլիսի 6-14-ը Հայաստանում եւ Արցախում կազմակերպված՝ գրողների համահայկական 4-րդ համաժողովը՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նշանաբանով, վերածվեց համահայկական փայլուն փառատոնի։ Համաժողովը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի գրողների միությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ԼՂՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ։ Աշխարհի 17 երկրներից համաժողովին մասնակցել են 100-ից ավելի հայ գրողներ, գրականագետներ, մշակութաբաններ։ Համաժողովի բացումը տեղի է ունեցալ հուլիսի 7-ին, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ ՀՀ պետական հիմնի հնչյունների տակ։ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի ողջույնի խոսքից հետո ելույթներ ունեցան Կ. Պոլսի, ԱՄՆ, Իրանի, ԼՂՀ, Վրաստանի պատվիրակների ղեկավարները, որոնք կարեւորեցին նման միջոցառման նշանակությունը գրականության եւ արվեստի, եկեղեցու, լեզվի, դպրոցի, մշակույթի պահպանման, զարգացման եւ հարստացման բնագավառներում։ Ուշագրավ երեւույթ էր հենց այդ նույն օրը գրքի համահայկական տոնավաճառի բացումը Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Այնտեղ ներկայացված էին հայկական տասնյակ հրատարակչությունների տպագրության բարձրորակ գրքեր, ալբոմներ, ժողովածուներ, որոնց մեծ մասն արժանացավ գնորդների ուշադրությանը։ Տոնավաճառը կրկին ապացուցեց մեր ժողովրդի ներաշխարհի ոգեղեն հարստությունն ու մաշտոցյան խորհրդի հավերժախոս իմաստությունը։ Համաժողովի կազմակերպիչները ներկայացրել էին հետաքրքիր ծրագիր։ Պատվիրակները գոհ մնացին օրվա ընթացքում ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանի, Վեհափառ Հայրապետի հետ ունեցած հանդիպումներից։ Սրտառուչ էր այցելությունը Ծիծեռնակաբերդ։ Հուլիսի 8-ին եւ 9-ին համաժողովի աշխատանքները շարունակվեցին Ծաղկաձորում, գրողների ստեղծագործության տանը։ Քննարկվեցին երկու կարեւորագույն թեմաներ. «Հայը եւ Հայաստանը արդի գրականության տեսադաշտում» եւ «Գրական նոր սերունդը եւ 21-րդ դարի մարտահրավերները»։ Հուլիսի 8-ին լիագումար նիստը բացվեց Լ.Անանյանի խոսքով։ Այնուհետեւ ելույթներ ունեցան գրականագետներ Ժ. Քալանթարյանը (Երեւան), Ե. Ազատյանը (ԱՄՆ), Պ. Սնապյանը (Լիբանան), Ա. Նիկողոսյանը (Երեւան), Ս. Դանիելյանը (Երեւան), Ռ. Հատտեճյանը (Թուրքիա), Ս. Խանյանը (Արցախ)։ Ելույթների առանցքում «Հայը եւ Հայաստանը» թեմայի բազմաշերտ բացահայտումն էր։ Կարեւորվում էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հասկացությունը, շեշտվում էր սփյուռքահայության եւ արտերկրում ստեղծվող գրականության ճակատագրի հարցը։ Ընդգծվում էին գրական նոր սերնդի ձեւավորման եւ արեւմտահայերենի գոյատեւման ու հարստացման հարցերը։ Նույն հիմնախնդիրների շուրջ քննարկումները ծավալվեցին նաեւ հուլիսի 9-ի նիստերում։ Սփյուռքահայությանը հուզող խնդիրները չէին սքողվում։ Այսպես, Պ. Հաճյանը (Արգենտինա) ներկայացրեց տագնապահարույց երեւույթներ.«Գրական նոր սերունդը,- ասաց նա,- գրում է օտար լեզվով, ուծացվում է հայությունը, քչանում է հայկական դպրոցների թիվը, որոշ ընտանիքների կարծես չի հուզում է այս երեւույթը, որոնք խնդիրներ են, որ պետք է հայանպաստ լուծում ստանան բոլորիս կողմից։ Պակաս կարեւոր չէ հայ գրքի շուկայի կազմակերպումը, որ կարող է մեծապես նպաստել ազգային հոգեւոր միասնության զորացմանը»։ Աշխարհասփյուռ հայությանը մշտապես հուզող հարցերին էին նվիրված Իրանի հայ գրողների միության ներկայացուցիչներ Ա. Մաթյանի (Սպահան), Թ. Տեր-Հակոբյանի (Իրանի հայ գրողների միության նախագահ), Վարանդայի, Խ. Խաչերի ելույթները։ Նրանք նշեցին, որ Իրանում հայկական գրական կյանքը բարվոք վիճակում է։ Տպագրվում են տարբեր թերթեր, եռամսյա հանդեսներ, ուշադրության կենտրոնում է գտնվում մեր մայրենին՝ մեր ազգային դիմագիծը։ Մենք պետք է կարդանք միմյանց։ Սակայն նշվեց նաեւ, որ միասնականությունն ապահովելու համար պետք է հանդուրժողականություն սերմանենք թ՛ե՛ տարբեր գաղթօջախներում եւ թե՛ առանձնապես մայր Հայաստանի քաղաքական դաշտում։ Հաճելի էր լսել, որ այսօր Իրանի հայ գրողների միությունն ունի 60 անդամ, որոնք իրենց նպաստն են բերում պոեզիայի, արձակի, ինչպես նաեւ թարգմանության ասպարեզներում։ Առաջ քաշվեց նաեւ հայկական գաղթօջախների գրական կապերի սերտացման խնդիրը, որ կարող է օգնել գրքերի առաքմանը տարբեր երկրների հայ ընթերցողներին։ Հ. Պերպերյանը (Կանադա) խորհուրդ տվեց կայքի միջոցով կարդալ միմյանց։ Ե.Ազատյանը (ԱՄՆ) շեշտեց գրական դաշտում տարբեր քաղաքական կուսակցությունների համերաշխությունը։ Նա շոշափեց նաեւ «հայկականություն» հասկացությունը գրականության մեջ։ Մեր գրականությունը պետք է շոշափի տարբեր թեմաներ, զարգանա հոգեկան բազմաշերտ երանգներով, հայը պետք է կերպավորվի ներաշխարհի հարստությամբ։ ԱՄՆ-ում ստեղծվող հայ գրականությանը վերաբերող կարեւորագույն հարցերը քննարկեցին Գ. Դավթյանը, Խ. Արամունին, Ա. Ալագյազը, Հ. Նալբանդյանը, Պ. Գուբելյանը։ Նրանք կարեւորեցին մայրենի լեզուն պահպանելու դժվարին խնդիրը, գրքի հրատարակման եւ վաճառքի կազմակերպումը, Սփյուռք-Հայաստան-Արցախ կապի ամրապնդումն ու համագործակցությունը։ Կարեւորվեց սփյուռքահայ երիտասարդ գրողների համար ամենամյա դասընթացների կազմակերպումը Հայաստանում՝ Համահայկական հիմնադրամի միջոցներով։ Արեւմտահայերենի պահպանման հարցը պետք է հուզի ամբողջ սփյուռքին, որովհետեւ սփյուռքահայ գրականությունը հիմնականում ստեղծվում է արեւմտահայերենով։ Բանաստեղծ Հ. Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծեց. «Մենք կորցրել ենք Արեւմտյան Հայաստանը, կարո՞ղ ենք կորցնել արեւմտահայերենը... Չենք կորցնի, եթե ունենանք հայախոս ընտանիք, մեսրոպաշունչ դպրոց, մեր մանուկների շուրթերին՝ հայոց լեզու»։ Որպես Համահայկական հիմնադրամի ղեկավարներից մեկը՝ Հ. Մարտիրոսյանը ցավով նշեց, որ որոշ ծնողներ հնարավորություն չունեն մուծել երեխաների ուսման վարձը։ Ահա այս ուղղությամբ եւս անելիքները շատ են։ Սիրիայի գրական ընտանիքի պատվիրակ Շողերը ներքին գոհունակությամբ նշեց, որ Սիրիայում շնչում է հայ գրականությունը, աշխույժ է հայ մշակույթը, նոր սերունդն ապրում է հայկական ոգով։ «Արեւմտահայերենը փրկելու գործոններից մեկը սփյուռքում հատուկ դպրոց բացելն է»,- իր ելույթում ընդգծեց հայտնի արձակագիր, «Մարմարա» թերթի խմբագիր Ռ. Հատտեճյանը, իսկ անվանի բանաստեղծուհի Ալիսա Հովհաննիսյանն առաջարկեց նոր շունչ պարգեւել «Մելքոնյան» վարժարանին։ Մտահոգության արտահայտություն էր բուլղարահայ օջախի ներկայացուցիչ Հ. Օրմանջյանի ելույթը։ «Բուլղարիայի հայ գրական օջախի վիճակը մխիթարական չէ,- ասաց նա,- բացել ենք հայագիտական կենտրոն, սակայն մասնակցում է միայն մեկ հայ, մյուսները բուլղարներ են։ Երկրի 20 հազար հայերի մեկ տոկոսն է խոսում մայրենի լեզվով։ Առաջարկում եմ օտարագիր հայ գրողների լավագույն երկերը թարգմանել հայերեն, դրանով իսկ նրանց հայացքները սեւեռել դեպի Հայաստան»։ Համաժողովի մասնակիցների ուշադրությանն արժանացան Ժ. Սնղչյանի, Գ. Շահնազարի (Վրաստան), Լ. Օսիպյանի (Ռուսաստան), Ա. Սարգսյանի (Ուկրաինա) ելույթները։ Համաժողովի նիստերին մի առանձին շուք էին հաղորդում Հայաստանի ականավոր գրականագետներ Ս. Դանիելյանը, Վ. Գաբրիելյանը, Ավ. Իսահակյանը, Ժ. Քալանթարյանը, Դ. Գասպարյանը, Լ. Արզումանյանը, Դ. Մուրադյանը՝ իրենց բովանդակալից զեկուցումներով։ «Երիտասարդական գրականությունը Հայաստանում եւ Սփյուռքում» թեմայի քննարկումը տեղի է ունեցել ստեղծագործական տան Կլոր սրահում։ Երկու օրվա ընթացքում այդտեղ զեկուցումներով հանդես են եկել Ա. Նիկողոսյանը (Հայաստան), Դ. Մելիքյանը (Վրաստան), Մ. Դանիելյանը (Հայաստան), Դ. Գալստյանը (Իրան), Հ. Համբարձումյանը (Հայաստան), Ս. Քյուրքչյանը (Լիբանան)։ Նշվել են երիտասարդ գրողների ձեռքբերումները, քննարկվել թերությունները։ Ընդգծվել է, որ նորարարությունը Ե. Չարենցի խորհրդով պետք է բխի ժամանակի հրամայականից։ Հաստատված է, որ իսկական նորարարությունը ծաղկում է դասական գրականության հարուստ ավանդների հիման վրա։ Համաժողովի մասնակիցները հուլիսի 10-ին ժամանեցին Արցախ։ Դա սովորական այց չէր, այլ՝ ոգու մի նոր ճառագայթում, որ ջերմացրեց Արցախ ժամանած սփյուռքի մեր հարազատ քույրերի եւ եղբայրների, դուստրերի եւ ուստրերի սրտերը։ Գրողների համահայկական 4-րդ համաժողովն ընթանում էր նաեւ հոբելյանական միջոցառումներով։ Այն մշակութային տոնի վերածվեց գրականագետ, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանի ծննդյան 80, գրական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանով։ Վաստակաշատ գիտնականը պարգեւատրվեց ՀԳՄ եւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե ու «Թեքեյան» մշակութային կենտրոնի ադամանդակուռ մեդալներով։ Հուլիսի 9-ի եզրափակիչ երեկոյին ներկա էին համաժողովի բոլոր ներկայացուցիչները։ Գրչի եւ զինվորական ուժերի միասնության փառատոնի փոխվեց երեկոն՝ Ս .Օհանյանի մասնակցության շնորհիվ։ Հնչում էին Հայաստանին եւ Արցախին նվիրված բանաստեղծություններ եւ երգեր։ Սրտառուչ էր հուլիսի 12-ին Ստեփանակերտի Սպայի տանը գրողների հանդիպումը ԼՂՀ ՊԲ հրամանատարության հետ։ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը հյուրերին պատմեց մեր բանակի անցած փառավոր ուղու եւ այսօրվա մարտունակության մասին։ Ելույթներ ունեցան Արցախի ազգային հերոս Զ. Բալայանը, հայտնի բանաստեղծ Ս. Կիրակոսյանը (Լիբանան)։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Գրողների համահայկական 4-րդ համաժողովի ամփոփիչ նիստը տեղի ունեցավ հուլիսի 13-ին, ԳՄ Ծաղկաձորի ստեղծգործական տան մեծ դահլիճում։ Համաժողովը, որ անցավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նշանաբանով, կրկին վկայակոչեց Մեծն Չարենցի մարգարեական խորհուրդը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

- ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ
Վերջին լուրերը, Հուլիս 17, 2008
«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
. 3
«Ռոսիյսկիե վեստի»
N 25, 10.07.2008Թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Ադրբեջան կատարած առաջին այցի արդյունքները ոչ միանշանակ արձագանք են առաջ բերել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ ...ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ - ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ
ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ
Հուլիսի 6-14-ը Հայաստանում եւ Արցախում կազմակերպված՝ գրողների համահայկական 4-րդ համաժողովը՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նշանաբանով, ...ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԱԶԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՍԵՐՆԴԵ-ՍԵՐՈՒՆԴ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 2Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը հուլիսի առաջին տասնօրյակում հանդիսատեսի դատին ներկայացվեց «Ես ատում եմ շներին» վավերագրական ֆիլմը, որի հեղինակը սփյուռքահայ Սյուզան Խարդալյանն է։ Ֆիլմի թեման ...ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
2008թ. հունիսի կեսերից սկսվեցին Տիգրանակերտի հերթական պեղումները, որոնք իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՂՆԵԼ ԲԱՐԻ ՀԵՏՔ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
ԿՈՎԿԱՍԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՏԵՍ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է «ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ»
Սերգեյ ՄարկեդոնովԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

