
Հրատարակված է Մայիս 06, 2008
ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
- Դժվար է գրել մի մարդու մասին, որը դեռ պատանի, գայթակղվել էր նժդեհյան գաղափարներով, որն ազգի շահը միանգամից սահմանազատել էր անձնական բոլոր կարգի ձգտումներից եւ կյանքի նպատակը տեսնում էր միայն Հայրենիքին, ազգին անմնացորդ ծառայելու մեջ։ Այդ պատանին Հասրաթյանների տոհմի ճյուղն է, որի արմատները Գորիսի շրջանի Կոռնիձորից են, ծննդավայրը՝ Մարտակերտի շրջանի Կարմիրավանը, իսկ կրթօջախը՝ ԱրՊՀ-ն։ Այդ պատանին ազգի նվիրյալ Իգոր Ալեքսանդրի Հասրաթյանն է։ Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 7-ին, ուսուցչի ընտանիքում։ Դեռ դպրոց չէր հաճախում, երբ նկատվում էին Իգորի մտքի սրությունը, տարբեր երեւույթների նկատմամբ նրա վերաբերմունքը, հարցասիրությունը։ Ուսումնառության տարիներին բոլոր առարկաներից ցուցաբերել էր գերազանց գիտելիքներ։ Երբ ավարտեց Կարմիրավանի միջնակարգի 8-րդ դասարանը, Արցախյան շարժման ալիքներն արդեն իրենց տարածումն էին գտել նախ՝ մարզկենտրոնում, հետո՝ շրջկենտրոններում ու գյուղերում։ Իսկ պատանի Իգորը արդեն տեղյակ էր շատ բաների։ Նա ցանկություն հայտնեց կրթությունը շարունակել Մարտակերտի N 1 միջնակարգում։ Այսպես էլ եղավ. ավարտեց միջնակարգը ոսկե մեդալով։ Համոզված լինելով Իգորի փայլուն գիտելիքների մեջ, ուսուցիչները խորհուրդ տվեցին ուսումը շարունակել Մոսկվայում կամ Երեւանում։ Խելացի, շրջահայաց երիտասարդն արդեն ընդգրկված էր Արցախյան ազգային-ազատագրական շարժման մեջ։ Կոչեր էր տարածում, ստորագրություններ հավաքում, զրույցներ կազմակերպում խաղողայգիներում։ Ընտանիքն առանց այլանդակի չի լինում. լուրը հասնում է անվտանգության մարմիններին։ Ու մի օր էլ կանչում են ՊԱԿ-ից, հորդորում. «Դա քո գործը չէ, հեռու մնա հանրահավաքներից, դա մեծերի գործն է»,- ասացին։ Իգորն անդրդվելի էր։ Նա ավելի է ընդլայնում գործունեության շրջանակները։ Հարց են դնում դպրոցից վտարելու մասին։ Գերազանցիկ աշակերտի՞ն։ Ըմբոստանում է ուսուցչական կոլեկտիվը, ոտքի է կանգնում աշակերտությունը։ Հարցը մարվում է։ Իսկ Իգորն ուշքն ու միտքը շարժման գաղափարին, Մոսկվան ու Երեւանն անտեսում ու դիմում է ԱրՊՀ։ «Ես այստեղ պիտի լինեմ»,- ասում ու 1990թ. հուլիսի 16-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության բաժնում հանձնում է առաջին քննությունը եւ զարմացնում քննական հանձնախմբին։ Տաղանդաշատ ուսանողը ուսման զուգահեռ շարունակում էր նժդեհյան ազգապաշտպան գաղափարների մեջ խորանալ։ Ուսումնասիրում է նժդեհյան ցեղակրոնի ուսմունքն ու կանոնադրությունը, դառնում ցեղակրոնի գաղափարախոս։ «Ազգերն ապրում են, քանի դեռ նրանց մեջ ապրում է երկու բան՝ պայքարի իմաստուն բնազդը եւ զոհաբերվելու ներքին հոժարությունը...»։ Մինչ այդ՝ Նժդեհի, Անդրանիկի, Դրոյի մասին Իգորին շատ անգամ էին պատմել պապիկն ու տատիկը, իսկ մոր՝ Լարիսայի Լեւոն պապը Անդրանիկ զորավարի քաջասիրտ զինվորներից է եղել։ Իգորը խոստանում էր, որ ազգային անկախության գաղափարում խորանալու գործում իրեն շատ օգնել է դասախոս Վլադիկ Հակոբյանը։ Աննպատակ ապրելն անիմաստ է ու ավելորդ։ Իգոր Հասրաթյանը միայն ուսանող չէր կամ գաղափարախոս։ Նա իսկական ֆիդայի - ազատամարտիկ էր, ակտիվորեն մասնակցում էր հայդուկային անհանգիստ ու վտանգավոր գործողություններին,տղաների հետ մեկնում Վաղուհաս, մոտակա գյուղերը, օգնում բնակիչներին՝ թուրքերից պաշտպանելու հանրային ունեցվածքը, գյուղերը։ Դժվար էր Իգորին մի տեղ հանդիպել. նա մեկ Խոջալլվում էր, մեկ շենացող Հովսեփավանում, ելույթներով ոգեւորում տեղաբնակներին։ Մի անգամ, երբ Իգորը հանդես էր գալիս Հովսեփավանի մի խումբ շինարարների առաջ, բնակավայրի հիմնադիր Յուրի Ջհանգիրյանը, ընդհատելով նրան, կատակով ասաց. - Ա՛յ տղա, գիտնականը ես եմ, դո՞ւ ես գիտնականի պես ճառում։ Ազերիները հաճախ էին նեղում ղազանչեցիներին։ Ինքնապաշտպանության ջոկատի մարտիկներին պետք է զենք հասցնել. այդ դժվարին գործը ստանձնեց Իգորը։ Պայմանավորվեց Ստեփանակերտ-Մարտակերտ երթուղային ավտոբուսի վարորդ, համագյուղացի Ալբերտ Ափյանի հետ։ Բեռը տեղավորեց մեքենայում։ Ուղեւորները, կռահելով անծանոթ երիտասարդի մտադրությունը, աղմկեցին, թե Խաչենի կամրջի վրա ստուգում են կատարում։ Եթե հայտնաբերվի «վտանգավոր» բեռը, բոլորին կձերբակալեն։ Որոշեցին վաղօրոք ազատվել այդ բեռից։ - Ալբերտ քեռի,- վարորդին դիմեց Իգորը,- գիտե՞ս, որ 20-ական թվականներին քո հորեղբայր Մակին Աղդարայի ձորը մահակով է պահել թուրքերից։ Ալբերտը զարմացավ. պատանին որտեղի՞ց գիտեր այդ մասին։ Բայց եւ իրեն շոյված զգաց։ Հանկարծ պայծառացավ դեմքը, թափ տվեց ձեռքը եւ ասաց. ռիսկի դիմենք՝ ինչ ուզում է լինի։ Ահա կամուրջը։ Պահակակետում կանգնեցնում են։ Իգորը դուրս է թռչում մեքենայից, բարեւում զինվորներին, հայկական ծխախոտ առաջարկում, բացում դիպլոմատը եւ կոնյակի շիշը մեկնում զինվորներին։ - Հայկական է, մի-մի բաժակ ըմպեք եւ մեզ բարի ճանապարհ մաղթեք... - Բարի ճանապարհ, ողջ եղեք,- գոչում են պահակակետի զինվորականները եւ ճանապարհը բացում։ - Տեսա՞ք...,- շշնջում են ուղեւորներն իրար,- ա՜յ քեզ ճարպիկ, խելացի, համարձակ քայլ... Կիչանում Իգորը կանգնեցնում է մեքենան, իջնում եւ ավելացնում.«Ղազանչի պիտի գնամ, տղաները սպասում են»։Իգորը խնդրեց վարորդին, որ ծնողներին այդ մասին ոչինչ չասի։ Ուշ երեկոյան Սեմյոն Հայրապետյանի ուղեկցությամբ զինամթերքը հասավ Ղազանչի։ Մի անգամ կեսգիշերին տուն եկավ։ Ծնողներն անհանգիստ էին. ինչո՞ւ այդքան ուշ։ Իբր՝ տրանսպորտի պատճառով։ Վաղն էլ Շահումյան պիտի գնար՝ կարտոֆիլ գնելու։ Մինչդեռ նպատակն ուրիշ էր։ Հորեղբոր որդու՝ Հովսեփի հետ համագյուղացի Ռադիկ Ավթանդիլյանի «Երազը» լիցքավորեցին վառելիքով, ուղեւորվեցին Շահումյան. կարեւոր բեռը ժամանակին պիտի հասցնեին Կարաչինարի պաշտպաններին։ «Գործուղումից» վերադարձավ ուրախ եւ հպարտ։ Հանձնարարությունը կատարված է։ Հարեւան Սեյսուլանի պաշտպանները եւս օգնության կարիք էին զգում։ Երեք կողմից շրջափակված էին թուրք ելուզակներով։ Միակ ելքը խաղողի այգիներով էր։ Հովսեփի հետ համոզում են համագյուղացի Սպարտակ Բաղրյանին՝ իր ձիով անհրաժեշտ բեռը (զինամթերք էր) հասցնել Սեյսուլան։ Երբ գործը Իգորի հույսին է, կասկածից դուրս է, որ կկատարվի՝ ինչ գնով էլ լինի։ Վերջինս եւս կատարվեց։ Արցախյան ազատագրական շարժման խաղաղ ցույցերը վերածվեցին մարտական գործողությունների։ Իգորը հանգիստ չուներ։ Նա անսպասելի հայտնվում էր տարբեր վայրերում։ Մասնակցել է Կարմիրավանի, Սեյսուլանի, Շահույանի շրջանի գյուղերի մարտերին, եղել է Կրկժանում, Խոջալլվում, Ջանհասանում, Շուշիի մարտական գործողություններին է մասնակցել։ Նա կանգնել է Խրամորթի, Քարագլխի, Նախիջեւանիկի, Փրջամալի, Դահրազի, Աղբուլաղի եւ այլ գյուղերի պաշտպանների առաջին շարքերում։ Խրամորթ գյուղի վաշտի հրամանատար Ռադիկ Հայրապետյանի վկայությամբ՝ Իգոր-ուսանող-ազատամարտիկի գլխավորած յոթ հոգանոց խումբը գիշերվա ժամը 3-ին պայթեցնում է Խրամորթ գյուղում տեղակայված թշնամու շտաբը, ոչնչացնում պահեստավորված զինամթերքը եւ տասնյակ զինյալ թուրքերի։ Շուշիի ազատագրումը նոր լիցք հաղորդեց մեր մարտիկներին։ Այդ փայլուն հաղթանակից հետո թշնամին ավելի գազազեց։ Նա վրեժ առնելու նպատակ ունենալով՝ Աղդամից մեծ զորախմբով, զինտեխնիկայով ծավալուն հարձակում սկսեց Ասկերանի շրջանի Աղբուլաղ գյուղի ուղղությամբ։ Իգորի ջոկատն Աղբուլաղի պաշտպան ազատամարտիկների շարքում էր։ Կարծես թե կանխազգում էր սպասվող ահավոր մարտը։ Մտածում էր, գուցե՜... Ու ճակատամարտի նախօրյակին որոշեց հանդիպել համակուրսեցիներին, դասախոսներին։ Այդպես էլ եղավ։ Նա վերջին խոսքն ասաց նաեւ ծնողներին. «Ես ցեղակրոն եմ եւ ունեմ երդում, որին հավատարիմ կմնամ, իսկ դա հնարավորություն չի տա լիարժեք ծառայելու ձեզ, ուրեմն, կներեք, որ չեմ կարող կատարել որդիական պարտականությունս ձեր հանդեպ, քանզի խոստացել եմ կյանքս նվիրել Հայրենիքիս»։ Շատերը գիտեին նրա երդումը. - երբեք չբաժանվել զենքից, - գերի չհանձնվել, առավել եւս՝ զենքով, - զինակիցներին երբեք չդավաճանել, - ռազմի դաշտում երբեք չլինել թալանչի, - նշված սկզբունքները խախտելու դեպքում պատրաստ լինել կանգնելու ռազմական դատարանի առջեւ։ Իգորն իր երդումը կրկնեց արդեն համալրված ջոկատի (17 ազատամարտիկների) առջեւ՝ հավատարիմ մնալ երդմանը։ Մայիսի 9-ին Իգորը հավաքել է ջոկի անդամներին։ Նա ոգեւորված էր Շուշիի ազատագրմամբ։ Լուսադեմին մարտական գործողությունները վերսկսվեցին, տեւեցին 13 ժամ։ Անհավասար մարտ էր։ Թշնամին կենտրոնացրել էր 33 միավոր տարբեր տրամաչափի զինտեխնիկա։ Հրաման կար նահանջել։ Իգորն առաջին անգամ չկատարեց հրամանը։ Բայց եւ զգում էր, որ այդ ուժի դեմ կանգնել՝ կնշանակի կորստի մատնել ջոկատը։ Իգորը ինքնաձիգի պահոցից մի գնդակ հանեց եւ խոթեց գրպանը։ Ընկերները նկատեցին, բայց ուշ կռահեցին, որ դա վերջին գնդակը պիտի լինի ու մի տաղանդի, լեգենդի կյանք կտանի։ Այդպես էլ եղավ։ Իգորը դիմեց ջոկատի տղաներին՝ նահանջել ապահով տեղ, իսկ ինքը դիրքավորվեց։ Ջոկատի վերջին զինվորը բլրի հակառակ կողմն անցավ, իսկ հակառակորդը սեղմում էր օղակը։ Իգորը գրպանից հանեց իր համար պահած վերջին գնդակը... Հերոսաբար զոհված ազատամարտիկի դին հարազատներին հասցվեց երկու օր հետո։ Արյունարբու թուրքերը գազանաբար հոշոտել էին նրա դին։ Հերոսի աճյունն անփոփվեց Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Այսօր Իգոր Ալեքսանդրի Հասրաթյանի մասին լեգենդներ են հորինում, բայց, իրոք, նա լեգենդ էր դեռ կենդանության օրերին։ Այս անօրինակ սխրագործությունը ոգեշունչ կերպար է, մերօրյա Հունան Ավետիսյան։ Իգորը հետմահու արժանացավ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների եւ «Մայրական երախտագիտություն» մեդալի։ Նրա մասին բազմաթիվ հուշեր, ջերմ խոսքեր ունեն պահած մարտական ընկերները, դասախոսները, անգամ արտասահմանից կան արձագանքներ։ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վ. Բալասանյանն ազատամարտիկ Իգոր Հասրաթյանի մահը համարել է հերոսական։ «Նա զոհվել է հերոսի մահով՝ 10.05.1992թ., Աղբուլաղ գյուղի համար մղվող մարտերում. ինքնասպան է եղել վերջին գնդակով, որպեսզի թշնամուն գերի չհանձնվի»։ Լիբանանից հղած հեռագրում Հովսեփ Սեպյանը ցավակցում է հայ ժողովրդին, որ ազգը կորցրեց տաղանդավոր զավակներից մեկին եւս։ ԱրՊՀ դասախոս, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը գրում է. - Իգոր Հասրաթյանն իմ մեջ արթնացնում է թանկագին հուշեր։ Կանգնած եմ համալսարանի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող փառքի վահանակի առաջ։ Ինձ նայում է Իգորը՝ ազնիվ, լուսավոր դեմքով։ - Եթե ոխերիմ թշնամին արյունոտ թաթը չդներ արցախյան սուրբ հողի վրա, Իգոր Հասրաթյանն, անկասկած, անվանի գիտնական կդառնար,- ԱրՊՀ պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան Շահեն Աբրահամյանն է։ «Իգորը գնաց բոլորից՝ Հայրենիքից, Ազգից։ Բայց ես հավատում եմ, որ կգա Արցախի փրկությունը, եւ իմ սիրելի Իգորի կենդանի ոգին կհուրհրա արծաթափայլ Մռովի եւ Քիրսի ծիածանված կամարների վրա՝ Արաբոյի, Չաուշի, Բեկորի, Լեոնիդի հետ ողջագուրված։ Հավատում եմ...»։ Սրանք էլ Իգորի կողմից սիրված դասախոսի՝ պ.գ.թ. Վլադիկ Հակոբյանի խոսքերն են։ Իր կսկիծն է հայտնել Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Վահե Օշականը. «Սգահար Հասրաթյան ընտանիք. սրտի խոր ցավով կմասնակցիմ Ձեր կսկիծին, որին համար չկա մարդկային սփոփանք։ Թող հավերժ ողջ մնա սերունդներուն մոտ անոր կյանքին օրինակը եւ հերոսային մահվան հիշատակը»։ Այսպես՝ անթիվ, անհամար... Ամենահուզիչ պահը 1995թ. հունիսի 11-ն էր, երբ Իգորի համակուրսեցիները պետական ավարտական քննությունն էին հանձնում։ Քննական հանձնաժողովը որոշում է Իգորի փոխարեն քննության հրավիրել որդեկորույս ծնողներին։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Հանձնաժողովի նախագահ Արտավազդ Դարբինյանն առաջինը հրավիրում է հորը եւ հնչում է՝ Իգոր Ալեքսանդրի Հարությունյան։ Քար լռության է վերածվել դահլիճը։ Երկու ծնողներն էլ հուզմունքի ծայրահեղ աստիճանին էին։ Մի կերպ հաղթահարվեց հուզմունքը... Տոմս N 15։ Հուզմունքը կարծրացած սրտում՜ հայրը պատմեց Իգորի մասին, նրա երազանքների, հայրենասիրական գաղափարների մասին, թեկուզ ներկաներից յուրաքանչյուրին վաղուց հայտնի էին Իգորի հերոսական կյանքի բոլոր դրվագները։ Արժե բերել բանաստեղծ, լրագրող Դավիթ Միքայելյանի խոսքից մի հատված. «Լեգենդներ շատ ենք լսել վաղամեռիկ պատանու հերոսական կերպարի մասին, անդառնալի կորստի ցավից այսօր էլ մխում են հարազատների, նրան ճանաչողների սրտերը։ Հասրաթյաններ Ալեքսանդր եւ Լարիսա. հպարտ եղեք, քանզի Ձեր միակ արու զավակը պատվով հեռացավ երկրային կյանքից, հավատարիմ մնաց իր երդմանը»։ Թվում է՝ ամեն ինչ ասված է։ Բայց ոչ. կյանքը շարունակվում է, եւ Իգորի քույրը՝ Ծովինարը եւս ոսկե մեդալով ավարտեց Մարտակերտի N 1 միջնակարգ դպրոցը, հետո՝ ԱրՊՀ-ն, ասպիրանտուրան, աշխատում է Արցախի պետհամալսարանում՝ որպես հայոց լեզվի դասախոս, շարունակում է աշխատել թեկնածուականի վրա։ Մյուս քույրերը՝ Վարդուհին եւ Մարգարիտան, ավարտել են Ստեփանակերտի N 2 միջնակարգ դպրոցը՝ գերազանցությամբ։ Հետո Վարդուհին փայլուն գիտելիքներով ավարտել է ԱրՊՀ պատմության բաժինը, այժմ սիրված դասախոս է հարազատ բուհում։ Մարգարիտան ավարտեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ու իրեն նվիրեց Արցախի երեխաների առողջության պահպանման գործին, աշխատում է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում։ Արժե նշել, որ Իգորի անբաժանելի մարտական ընկեր, հորեղբորորդի Հովսեփը հերոսի մահով կյանքը նվիրեց Հայրենիքին. 1992թ. նոյեմբերի 7-ին Կիչանում (Մարտակերտի շրջան) Հովսեփ Հասրաթյանը ծուղակի մեջ ընկավ հետախուզության պահին։ Հայրենանվեր ազատամարտիկը, մինչեւ ազերիների արյունոտ ձեռքերը կհասնեին իրեն, պայթեցրեց նռնակը՝ իր հետեւից տանելով գազազած թշնամուն։ Հովսեփը գնաց Իգորին հայտնելու, որ ինքը եւս հավատարիմ է մնացել երդմանը...

- ՋԱՄԻԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 06, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության ոլորտում առկա իրավիճակին: Երկրի ղեկավարը ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
.
Մայիսի 5-ին Նախագահի մոտ տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ եւ ՀՀ գրողների միության անդամների, ինչպես նաեւ մի խումբ երիտասարդ գրողների հետ: Ջերմ եւ անկեղծ մթնոլորտում ...ՄՀԵՐ ԱՌՍՏԱՄՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է...
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԳՅՈՒՂ ԱՊԱՀՈՎՎԵՑ ՋՐՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Քեբաբչյան ամոլը Մարտակերտում Արդեն 10 տարի «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամը Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարեգործությունների հիմնական հասցեն Մարտակերտի շրջանն է, որն արցախյան ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 01.12.98 324. ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է, Ադրբեջանը կրկին հրաժարվեց մասնակցել Եվրախորհրդում ունկնդրումներին։ Այդ ունկնդրումները նպատակ ունեին որոշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իրական ...ԱՅԴՊԵՍ ՉԵՆ ԳՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
.
«Ազատ Արցախ» թերթի 2008թ. մարտի 18-ի համարում (թիվ 32) տպագրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արտակ Գուլյանի «Թերթելով մեր պատմության էջերը» անդրադարձը։ Համամիտ լինելով հրապարակման ...ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
ՋԱՄԻԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դժվար է գրել մի մարդու մասին, որը դեռ պատանի, գայթակղվել էր նժդեհյան գաղափարներով, որն ազգի շահը միանգամից սահմանազատել էր անձնական բոլոր կարգի ձգտումներից եւ կյանքի նպատակը տեսնում էր միայն Հայրենիքին, ...ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Շուշիի շրջանի վարչակազմի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը: Նա ներկաներին իրազեկեց քամու հետեւանքով տուժած շինությունների վերականգնման ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԵՐԻՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ինչպես գիտենք , «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանն ամեն տարի տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում ԼՂՀ-ում, այս տարի այդ ծրագրերը կընդգրկեն առողջապահության ոլորտը: Այս եւ «Ղարաբաղ ...1915-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1992
.
Ես ուզում եմ այս հոդվածը սկսել՝ պատմելով վանեցի մի մարդու մասին, որի անունն է Մկրտիչ։ Այս Մկրտիչը 1915-ին Վանի երեւելի անձնավորություններից էր։ Մի օր Վանի ...ՆՄԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ոստիկանության մի խումբ նախկին աշխատակիցների հետ, ովքեր թոշակի անցնելու պատճառով այլեւս չեն աշխատում համակարգում: Երկրի ղեկավարը շնորհակալություն ...ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԻ ՎՐԱ ԲԱՐԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
.
Մայիսի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: ...ՈՒՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՆ ՆՈՐԱՎԱՐՏ ԿԱԴՐԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է Շուշի քաղաքի երեք կիսավեր ...ԳՈՐԾՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԾՐԱԳԻՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի նիստը, որ վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանը։ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

