
Հրատարակված է Մայիս 06, 2008
ԱՅԴՊԵՍ ՉԵՆ ԳՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
- «Ազատ Արցախ» թերթի 2008թ. մարտի 18-ի համարում (թիվ 32) տպագրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արտակ Գուլյանի «Թերթելով մեր պատմության էջերը» անդրադարձը։ Համամիտ լինելով հրապարակման առաջին երեք պարբերությունների հետ, միաժամանակ մեր տարակուսանքն ենք հայտնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանի «Մարտնչող Արցախը» մենագրության վերաբերյալ ակնհայտ սուբյեկտիվ, իրականությունից հեռու ու չափազանցված գնահատականների առթիվ։ Իհարկե, ամեն մի քաղաքացի ազատ արտահայտվելու իրավունք ունի, սակայն մեր բարի ցանկությունն է, որ դա լիներ գոնե յուրաքանչյուրի իրավասությունների շրջանակներում։ Այլապես, առաջ ընկնելով մասնագետների կարծիքից ու գնահատականներից, ոչ մասնագետները կամա թե ակամա թյուրիմացության մեջ են գցում ընթերցողներին։ Սրա ամենավառ օրինակը Հրանտ Աբրահամյանի «Մարտնչող Արցախը» մենագրության երրորդ գրքի անհարկի գովերգումն է։ Թե ինչի կարող է հասցնել նման հարցերին դիլետանտական մոտեցումը, ցույց տանք ստորեւ։ Նախ, պետք է վրիպակ համարել Ա. Գուլյանի հետեւյալ տողերը.«…Հրանտ Աբրահամյանի «Մարտնչող Արցախը» եռահատոր մենագրությունը, ծավալուն մի աշխատանք, որը 2007թ. լույս ընծայեց «Դիզակ պլյուս» հրատարակչությունը», քանի որ խնդրո առարկա աշխատենքի Ա գիրքը(1917-1923) տպագրվել է 2003 թ., իսկ Բ գիրքը(1923-1985)՝ 2005 թվականին՝ երկուսն էլ Երեւանում, «Զանգակ-97» հրատարակչության կողմից։ Թյուրիմացության արդյունք է նաեւ հետեւյալ միտքը. «… 1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխության արդյունքում Լեռնային Ղարաբաղում իշխող է դառնում հարստահարող խավը եւ որի հակաժողովրդական քաղաքականության դեմ փորձում են հանդես գալ բանվորագյուղացիական խորհուրդները՝ հիմնական խնդիր համարելով ազգապահպանությունը…»։ Չենք կարծում, թե այս միտքը քաղված է Հ. Աբրահամյանի գրքից, բայց տպավորությունն այն է, որ հարգարժան Ա. Գուլյանը պարզապես վերհիշել է ստալինյան դպրոցում սերտած դասերից մեկը։ Այնինչ, վերջին տասնամյակում հայ պատմագրությունն ասել է իր ծանրակշիռ խոսքը այն մասին, որ 1917 թվականից հետո Արցախում հաստատվել են իշխանության տեղական ժողովրդավարական մարմիններ, հանձինս Ազգային խորհրդի(գործադիր) ու արցախահայության համագումարների(օրենսդիր)։ Իրականությանը չեն համապատասխանում նաեւ մեջբերման վերջին՝ դասակարգային պայքարի պատրանք ստեղծող տողերը, որովհետեւ հայտնի փաստ է, որ ազգապահպանության խնդրի լուծմանը լծված էին բոլոր խավերը, մանավանդ՝ ժողովրդի կողմից ընտրված ու լիազորված տեղական իշխանությունները։ Ա. Գուլյանի երեւակայության վրա ազդել է Հ. Աբրահամյանի գրքում «նկարված» հղումների պատկառելի քանակը։ Մինչդեռ դրանց որակական ու բովանդակային բնութագրիչների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ հղումների զգալի մասն արդարացված չէ։ Միայն մի փաստ. պատերազմական գործողությունները նկարագրելիս Հ. Աբրահամյանը անտեսել է ԼՂՀ եւ ՀՀ ռազմական գերատեսչությունների «Մարտիկ» եւ «Հայ զինվոր» պաշտոնաթերթերը, որոնք այսօր կարեւոր ու անփոխարինելի սկզբնաղբյուրներ են պատերազմի ու բանակաշինության պատմության համար։ Կամ՝ ինչպես կարելի է լրջորեն եւ իրական պատկերացում կազմել պատերազմական գործողությունների մասին առանց ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների արխիվների ուսումնասիրության։ Համենայն դեպս, Հրանտ Աբրահամյանը բավարարվել է զանազան քաղաքացիական թերթերի ու տարբեր հեղինակների գրքերի հիմնականում փոխադրված տեղեկություններով, երբեմն «մոռանալով» նշել սկզբնաղբյուրը։ Ասվածին հավելենք մեկ այլ «վիճակագրություն»։ Հ. Աբրահամյանի գրքի ավելի քան 700 էջերից յուրաքանչյուրում կան միջինը 8-10 տառասխալ, վրիպակ, փաստական, հայեցակարգային, ոճական, շարահյուսական եւ այլ կարգի սխալներ։ Առաջին երկու գրքերի գնահատականները թողնելով նեղ-մասնագիտական շրջանակներին, անդրադառնանք երրորդ գրքի ակնհայտ թերություններից մի քանիսին։ Պրոֆեսոր Ա. Գուլյանը բնական է համարում, որ երրորդ հատորը «իր ծավալով գերազանցում է առաջին երկու հատորներին՝ միասին վերցրած»։ Դրա պատճառաբանությունը եւս անհամոզիչ է։ Իրականում Հ. Աբրահամյանն արհեստականորեն ուռճացրել է երրորդ գիրքը՝ նրա մեջ խցկելով երկարաշունչ մեջբերումներ կուսակցական հերթապահ արձանագրություններից, կոմունիստական կարգախոսներից ու խորհրդային ղեկավարների տրաֆարետային ելույթներից, որոնք, մեղմ ասած՝ ոչ միայն չեն բարձրացնում գրքի արժեքը, այլ, ընդհակառակը, դրա ընթերցանությունը դարձնում են ծանր ու տաղտկալի։ Դրանում համոզվելու համար բավական է թերթել երրորդ գրքի 58-59, 62-63, 104-105, 107-110, 129-130 էջերը։ Իրականությանը չի համապատասխանում նաեւ Ա. Գուլյանի տպավրությունը, թե «հեղինակը, թվում է, ուշադրությունից դուրս չի թողել այդ պայքարի ոչ մի պահը, ոչ մի հերոսի, ոչ մի գործչի, ոչ մի նահատակի»։ Սա, նախ, գործնականում անհնար է, քանզի վեր է մեկ հեղինակի ուժերից, իսկ Հ. Աբրահամյանի պարագայում անիրական։ Ակներեւ է, որ Հ. Աբրահամյանը կախված է եղել ձեռքի տակ եղած նյութերի բովանդակությունից եւ դրանք քննադատաբար ու ըստ նպատակի օգտագործելու փոխարեն, պարզապես կցմցել է իրար, հաճախ հակասելով իր նախորդ ծավալուն մեջբերումներին։ Ներկայացնում ենք նման բազում օրինակներից մեկը. խնդրո առարկա գրքի 26-27-րդ էջերում նա գրում է. «Այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ հենց Մոսկվան է արցախցիներին առաջինը հուշել հրավիրել ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջան եւ որոշում ընդունել մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ», իսկ 32-րդ էջում, հակասելով ինքն իրեն, ընդհանրացնում է. «Այսպիսով՝ Ղարաբաղյան շարժման մասնակիցները Ստեփանակերտի ակտիվի նիստում առաջին անգամ բացահայտ մերկացնում են Մոսկվա-Բաքու հակահայկական, հակաարցախյան դիրքորոշումը…»։ Դրանով, սակայն, զավեշտը չի ավարտվում։ 43-րդ էջում Հ. Աբրահամյանը գրում է. «Նա(Վ. Հակոբյանը- համահեղ.) հիշում է, որ մտավորականների նամակը Մոսկվա ուղարկվելուց առաջ երբ այն ստորագրում էր ԼՂ կրթության բաժնի վարիչ, մարզխորհրդի պատգամավոր Վիգեն Հարությունյանը(պետք է լինի՝ Հայրապետյան- համահեղ.), ասել է. «Դե էլ ինչու՞ եք հեռու գնում, էնա մի սեսիա անենք, պրծավ, գնաց, էլի»։ Պարզվում է՝ նստաշրջան հրավիրելու գաղափար տվողներ էլի են եղել։ «Պատվիրակությանը Մոսկվայից ճանապարհելուց առաջ նա (պատմաբան, գարդմանցի Հրանտ Եպիսկոպոսյանը- համահեղ.) ասել է. « Տղե՛րք, հենց հասնեք Ստեփանակերտ, սեսիա արեք։ ճիշտը դա է»(էջ 44)։ Ըստ Հ. Աբրահամյանի՝ մտավորականների վերոհիշյալ նամակը Մոսկվա է հասցվել 1988 թ. փետրվարի 8-ին, իսկ Վ. Միխայլովը այն ԼՂԻՄ պատվիրակությունից ստացել է փետրվարի 10-ին եւ, ինչպես երեւում է հետագա շարադրանքից, դրանից հետո է «հուշել» նստաշրջան հրավիրելու գաղափարը(էջ 26)։ Մինչդեռ 43-րդ էջի վկայությունից ստացվում է, որ իրականում հենց Վ. Հայրապետյանն է առաջինը հուշել նստաշրջանի գաղափարը։ Ավելացնենք, որ Հ. Աբրահամյանը համառորեն խուսափել է որեւէ հիմնահարցի, որեւէ անհատի կերպարի բացահայտումից, ասել է թե՝ նրա գիրքն ընթերցողին հարցերի պատասխաններ տալու փոխարեն, ընդհակառակը՝ ավելացնում է հարցականների քանակը, խճճում անտեղյակ ընթերցողի մտքերը, որովհետեւ խճճված է նաեւ գրքի բուն շարադրանքը։ Օրինակ, գրելով «Ղարաբաղ» կոմիտեի 1988 թ. մարտի 19-ի ընդլայնված նիստի մասին, գերի մնալով արձանագրության սուղ տեղեկություններին, մասնակիցների թվում հիշատակում է «Ղարաբաղի ներկայացուցչին»(էջ 65)։ Ապա՝ 25-րդ ծանոթագրությունում, որպես արդարացում, որ նեղություն չի քաշել պարզելու այդ խորհրդավոր ներկայացուցչի ինքնությունը, գրում է. «Անվտանգության նպատակով փաստաթղթերում չեն նշվել ոչ «Ղարաբաղ» կոմիտեի արցախցի անդամների անունները եւ ոչ էլ ելույթ ունեցողի անունը»։ Ու վերջ։ Պատմաբանն իր գործը համարում է ավարտված։ Մի՞թե երկու տասնամյակում այդպես էլ նրան չի հաջողվել բացահայտել մի անուն։ Այս օրինակը բերեցինք, որովհետեւ այն բնորոշ է Հ. Աբրահամյանի ամբողջ աշխատությանը։ Նման «թերի» մտքերի ու «չբացահայտված» դեպքերի կարելի է հանդիպել նաեւ գրքի 19-րդ, 25 (ծանոթ. 30), 72, 80, 112, 231, 258-րդ եւ այլ էջերում։ Հեղինակը շատ է հրապուրվել հարցեր տալով, որոնց պատասխանները, որպես կանոն, թողել է ընթերցողին կամ «հանձնել է նրա դատին»(օրինակ՝ էջ 72 եւ այն), ինչն այն տպավորությունն է թողնում, որ մեր ձեռքն է ընկել ոչ ավել, ոչ պակաս՝ մի հաստափոր հարցարան… Իսկ երբ Հ. Աբրահամյանը փորձում է, այնուամենայնիվ, մի ինքնուրույն խոսք ասել կամ դատողություն անել, իսկույն հայտնվում է անելանելի վիճակում։ Այսպես, 490-491 էջերում Հ. Աբրահամյանը գրում է. «Նա(Սամվել Բաբայանը- համահեղ.) համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը Աղդամում տվել է առնվազն 40 հազար զոհ…» եւ հղում կատարում Ս. Մարգարյանի կազմած «Մարտակերտ. չհայտարարված պատերազմի կիզակետ» գրքին(որի վերնագիրը եւս աղճատվել է Հ. Աբրահամյանի գրչի տակ- համահեղ.) եւ նույն՝ 22-րդ ծանոթագրությունում(էջ 491) ինքնաբավ, որ հակադրվում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին, նշում. «Չենք կարող համաձայնվել, որ Աղդամը տվել է այդքան զոհ։ Դա անհավատալի է»։ Այնինչ, Ս. Մարգարյանի նշված գրքում խոսքը պարզորոշ գնում է պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանցիների կորուստների մասին… Ցավոք, նման օրինակները շատ են, որոնք հաճախ վերածվում են զավեշտի։ Շատ վերամբարձ են նաեւ «անկողմնակալ ձեւով, գնահատողի աչքով ու մտոք» վերագրումները «մեր անցած ճանապարհը» իբր «ցույց տալուն», որովհետեւ, ակնհայտորեն Հ. Աբրահամյանը հանդես է եկել զուտ արձանագրողի, նյութերը եւ ընդարձակ մեջբերումներն իրար հետեւից անփութորեն դասավորողի, բայց ոչ երբեք քննախույզ պատմաբանի դերում։ Ավելի քան 700 էջերն ընթերցելուց հետո էլ ընթերցողը կարոտ է մնում պատմաբանի բացահայտումներին, ընդհանրացնող խոսքին, համոզիչ ու ինքնուրույն կարծիքին, վերլուծական մտքին, գոնե՝ գնահատականներին։ Այս ամենին տեղյակ լինելու դեպքում, հուսով ենք, Ա. Գուլյանը գոնե չէր առաջարկի «մենագրությունը որոշ խմբագրությամբ վերափոխել եւ դարձնել դասագիրք՝ դպրոցական բարձր դասարանցիների, բուհական ուսանողների համար»։ Չբռնանալով առաջարկության հեղինակի սեփական ցանկությունն արտահայտելու իրավունքի վրա, ուզում ենք փաստել, որ դա, մեր կարծիքով, վտանգավոր է նկարագրված դեպքերից հետո ծնված երիտասարդության հոգեաշխարհում գրքի գործելիք ավերածությունների հետեւանքների առումով։ Ընդհակառակը, այդ գիրքը պետք է մատնացույց անել, թե ինչպես չպիտի գրվի Արցախյան ազատագրական պայքարի մերօրյա փուլի մասին։ Այդ համատեքստում էլ թող դիտարկվի սույն անդրադարձը՝ որպես դրա առաջին գործնական քայլ։ Ընդհանացնելով, ասենք, որ Արցախյան շարժման 20-ամյա հոբելյանին նման թերարժեք գրքի տպագրումը բնավ չի նպաստում մեր ոչ հեռու անցյալի արժանավայել վերաիմաստավորմանը եւ Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության տեղեկատվական ճակատում մեր դիրքերի ամրապնդմանը։ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ ԼՂՀ հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱրՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս, ազգագրագետ

- .
Վերջին լուրերը, Մայիս 06, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության ոլորտում առկա իրավիճակին: Երկրի ղեկավարը ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
.
Մայիսի 5-ին Նախագահի մոտ տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ եւ ՀՀ գրողների միության անդամների, ինչպես նաեւ մի խումբ երիտասարդ գրողների հետ: Ջերմ եւ անկեղծ մթնոլորտում ...ՄՀԵՐ ԱՌՍՏԱՄՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է...
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԳՅՈՒՂ ԱՊԱՀՈՎՎԵՑ ՋՐՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Քեբաբչյան ամոլը Մարտակերտում Արդեն 10 տարի «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամը Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարեգործությունների հիմնական հասցեն Մարտակերտի շրջանն է, որն արցախյան ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 01.12.98 324. ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է, Ադրբեջանը կրկին հրաժարվեց մասնակցել Եվրախորհրդում ունկնդրումներին։ Այդ ունկնդրումները նպատակ ունեին որոշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իրական ...ԱՅԴՊԵՍ ՉԵՆ ԳՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
.
«Ազատ Արցախ» թերթի 2008թ. մարտի 18-ի համարում (թիվ 32) տպագրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արտակ Գուլյանի «Թերթելով մեր պատմության էջերը» անդրադարձը։ Համամիտ լինելով հրապարակման ...ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
ՋԱՄԻԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դժվար է գրել մի մարդու մասին, որը դեռ պատանի, գայթակղվել էր նժդեհյան գաղափարներով, որն ազգի շահը միանգամից սահմանազատել էր անձնական բոլոր կարգի ձգտումներից եւ կյանքի նպատակը տեսնում էր միայն Հայրենիքին, ...ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Շուշիի շրջանի վարչակազմի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը: Նա ներկաներին իրազեկեց քամու հետեւանքով տուժած շինությունների վերականգնման ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԵՐԻՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ինչպես գիտենք , «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանն ամեն տարի տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում ԼՂՀ-ում, այս տարի այդ ծրագրերը կընդգրկեն առողջապահության ոլորտը: Այս եւ «Ղարաբաղ ...1915-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1992
.
Ես ուզում եմ այս հոդվածը սկսել՝ պատմելով վանեցի մի մարդու մասին, որի անունն է Մկրտիչ։ Այս Մկրտիչը 1915-ին Վանի երեւելի անձնավորություններից էր։ Մի օր Վանի ...ՆՄԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ոստիկանության մի խումբ նախկին աշխատակիցների հետ, ովքեր թոշակի անցնելու պատճառով այլեւս չեն աշխատում համակարգում: Երկրի ղեկավարը շնորհակալություն ...ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԻ ՎՐԱ ԲԱՐԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
.
Մայիսի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: ...ՈՒՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՆ ՆՈՐԱՎԱՐՏ ԿԱԴՐԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է Շուշի քաղաքի երեք կիսավեր ...ԳՈՐԾՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԾՐԱԳԻՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի նիստը, որ վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանը։ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

