
Հրատարակված է Փետրվար 28, 2008
ՈՒ՞Մ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԱՐԻՔԸ...
- Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը վերջին ժամանակներս դարձել է վիճահարույց հարց։ Չգիտես ինչու՝ ոմանք հակված են բուհի կենսագրությունը «կրճատել»՝ դարձնելով այն 15-ամյա։ Այնինչ՝ ԱրՊՀ կոլեկտիվը պատրաստվում է 2009-ին մեծ շուքով նշել համալսարանի ստեղծման 40-ամյակը, որի կապակցությամբ մշակվում է ծրագիր եւ որը կներկայացվի ԼՂՀ կառավարության քննարկմանը։ Հարկ է նշել, որ 1999թ. կառավարության որոշմամբ հաստատությունը դարձյալ մեծ շուքով նշել է իր հիմնադրման 30-ամյակը, որի առիթով էլ բուհի վաստակաշատ մի շարք աշխատողներ եւ բարձրաստիճան հյուրեր պարգեւատրվել են համալսարանի հոբելյանական հուշամեդալով։ Ի՞նչ է փոխվել այդ օրվանից, ինչո՞ւ ոմանք՝ նույնիսկ հուշամեդալով պարգեւատրվածներ, հանկարծ «հայտնաբերել» են, որ բուհը ոչ թե 40, այլ 15 տարեկան է։ Խնդրո առարկային էր նվիրված փետրվարի 22-ին տեղի ունեցած ԱրՊՀ գիտխորհրդի նիստը, որին հրավիրվել էին ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը եւ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ Ցավոք, նշված անձինք չեն ներկայացել՝ ինչ-ինչ պատճառներով... Նիստին ներկա էր ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ Իր ելույթի սկզբում ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց բուհի ստեղծման պատմությունը. 1969թ.Ստեփանակերտում բացվեց Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը, որը 1973թ. անվանվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ։ 1988թ. հայտնի պատճառներով ու ժամանակի հրամայականով բուհը դարձավ (ժամանակավոր) Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք՝ պահպանելով իր բուհական կառուցվածքը (ռեկտորատ, 4 ֆակուլտետ, 12 ամբիոն, սեփական կնիք, հաշվապահություն)։ 1992թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ կառավարության թիվ 509 որոշմամբ Ստեփանակերտի բաժանմունքը՝ իր ավելի քան 1600 ուսանողներով, 6 ֆակուլտետով, 14 ամբիոնով, 29 մասնագիտությամբ, վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան՝ իր մեջ ներառելով ՀՊՃՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ 440 ուսանողի ընդգրկմամբ (վերջիններս հիմնականում Երեւանի բուհերում սովորող արցախցի այն ուսանողներն էին, ովքեր եկել էին Արցախյան գոյամարտին մասնակցելու), որի դասախոսական կազմը բաղկացած էր 5 հաստիքից։ Գերակշիռ մասը մանկավարժական ինստիտուտի մասնագետներն էին։ 1996թ. Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը վերանվանվեց եւ կոչվեց Արցախի պետական համալսարան (ԱրՊՀ)։ Նշված ժամանակաշրջանում Երեւանում գործող պետական ինստիտուտները նույնպես վերանվանվեցին համալսարաններ։ Ի դեպ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, որը հիմնադրվել է 1922թ. եւ ներկայումս անվանվում է մանկավարժական համալսարան, 2007թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշեց իր հիմնադրման 85-ամյակը։ Նույնը նաեւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որը հիմնադրվել է 1933թ., 1991թ. վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ ՀՊՃՀ։ Վերջինս 2003թ. պետական մակարդակով տոնեց իր 70-ամյակը։ Ասվածը վերաբերում է նաեւ Հայաստանի մյուս պետական բուհերին։ Եվ ոչ միայն։ Ուսումնասիրելով Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմությունը՝ կարելի է մի շարք զուգահեռներ անցկացնել ԱրՊՀ-ի եւ նրա միջեւ։ Բերենք մի քանի փաստեր։ 1755թ. հունվարի 12-ին՝ Ելիզավետա Պետրովնայի կարգադրությամբ հիմնադրվում է Մոսկվայի պետական համալսարանը, որն այնուհետեւ տարբեր փուլերում՝ իր 250-ամյա պատմության մեջ ենթարկվում է մակընթացությունների ու տեղատվությունների։ Հատկանշական է, որ 1804թ. ընդունվել է համալսարանի կանոնադրությունը, ըստ որի՝ ֆակուլտետների դեկաններն ու համալսարանի ռեկտորն ընտրվում են պրոֆեսորներից։ Առաջին ռեկտորը, որն ընտրվել է բուհի կանոնակարգի համաձայն, Խ. Չեբոտարյովն էր։ Համալսարանական կյանքի բոլոր հարցերը լուծում էր պրոֆեսորների խորհուրդը։ Մեր՝ ԱրՊՀ մասով, նշենք, որ մեզ մոտ 2003թ. տեղի ունեցան ռեկտորի ընտրություններ։ Բացի այդ, ստեղծվեց մեծ խորհուրդ (100 հոգուց բաղկացած), որը մասնակցում էր համալսարանի ղեկավարմանը։ Բերված փաստերի տրամաբանական շարունակությունը. 1941թ. հունիսի 25-ին ռազմաճակատ է մեկնում Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների եւ աշխատողների առաջին խումբը։ Բուհի կամավորականներից ձեւավորվում է 8 դիվիզիա։ Համալսարանն էվակուացվում է Աշխաբադ, իսկ 1942թ.՝ տեղափոխվում Սվերդլովսկ։ Գրեթե նույն պատմությունն է, ինչը տեղի է ունեցել մեր բուհի հետ. մեր հաստատությունը Արցախյան շարժման տարիներին տեղափոխվեց Կիրովական (Վանաձոր)՝ հետագայում դարձյալ վերադառնալու նպատակով (Կիրովականում մնացին ընդամենը երկու շաբաթ)։ 1992թ. Ռուսաստանի նախագահի հրամանով Մոսկվայի համալսարանը ստանում է նոր՝ ռուսական ինքնավար բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ։ Իսկ 1998թ. ընդունվեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի նոր կանոնադրությունը։ Բերված փաստերն ու անցկացված զուգահեռները թույլ են տալիս միանշանակ ասելու, որ Արցախի պետական համալսարանը իրավահաջորդն է 1969թ. հիմնադրված մանկավարժական բուհի եւ վստահ կարող է նշել իր 40-ամյա հոբելյանը։ Ուստի նրանք, ովքեր փորձում են նեղ-անձնական նպատակներից ելնելով, խանգարել գործընթացին կամ սեպ խրել մի ամբողջ հզոր կոլեկտիվի եւ իշխանությունների միջեւ՝ հավատացնում ենք, չի հաջողվի։ ԱրՊՀ-ն լավատեսորեն, հույսով ու հավատով լեցուն գնում է դեպի իր 40-ամյա հոբելյանը, այնպես, ինչպես վերը նշված մյուս բուհերն են դա արել, ասաց Համլետ Գրիգորյանը։ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ Կան իրավաբանական հասկացություններ, ինչպես՝ փակել, տեղափոխել կամ ժամանակավոր տեղափոխել եւ լուծարել։ Սկսենք վերջինից։ Ի՞նչ է նշանակում լուծարել որեւէ հիմնարկ։ Հ. Գրիգորյանի խոսքերով՝ խորհրդային տարիներին եղել է բուհերի լուծարման երկու դեպք. մեկը Ադրբեջանի ժողտնտեսության ինստիտուտն էր, մյուսը՝ ՀՀ Գորիսի մանկավարժական ինստիտուտը։ Լուծարումից հետո կրկին բացվող հիմնարկը իրավահաջորդ չի համարվում։ Ցանկացած համալսարան բաղկացած է երկու սուբյեկտից. ուսանողական կազմ եւ պրոֆեսորադասախոսական կազմ։ Եվ ունի օբյեկտ՝ իր շենքով, հասցեով, գույքով... Սկսած 1969-ից՝ սրանցից ոչ մեկը չի փոխվել, չի օտարվել։ Բացի այդ, օբյեկտի եւ սուբյեկտի անփոփոխ լինելուց զատ՝ բուհը նաեւ յուրաքանչյուր տարի տվել է իր թողարկումը։ Եվ ոմանց այն հայտարարությունները, որ համալսարանը չորս տարի թողարկում չի տվել՝ միանգամայն չի համապատասխանում իրականությանը։ Այսպես՝ 1987-1988 ուսումնական տարում բուհն ունեցել է 266 շրջանավարտ, 1988-1989թթ.՝ 229, 1989-1990թթ.՝ 260, 1990-1991թթ.՝ 239, 1991-1992թթ.՝ 146։ Ինչ վերաբերում է ժամանակավոր փակմանը՝ դա լուծարում չէ։ Տվյալ դեպքում իրավահաջորդությունը շարունակվում է, քանզի պահպանվել են նույն պրոֆեսորադասախոսական կազմը, շենքը, գույքը եւ այլն։ «Քաղաքական տեսանկյունից նույնպես խնդիրը մտահոգիչ է. մոռանալ 1969-1988թթ. Ստեփանակերտում գոյություն ունեցած բարձրագույն ուսումնական հաստատության մասին՝ նշանակում է ժխտել, չխոսել այդ թվականներին մեր հանրապետությունում եղած ազերիների մասին,- ասում է Համլետ Գրիգորյանը։- Ինչպե՞ս կարելի է չասել, որ Ս. Սարգսյանից հետո բուհի ռեկտորը պետք է ազգությամբ թուրք լիներ, ինչը մեծ ջանքերով կանխվել է։ Եվ ինչպե՞ս կարելի է մոռանալ մեր ամենօրյա պայքարը՝ մեզ հետ կողք կողքի աշխատող ու մշտապես շատացող ազերիների հետ...»։ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ Համլետ Գրիգորյանի ելույթից հետո գիտխորհրդի անդամները նույնպես ելույթներ ունեցան եւ իրենց վրդովմունքն արտահայտեցին նրանց հանդեպ, ովքեր փորձում են համալսարանի կենսագրությունից ջնջել երկու տասնյակ եւ ավելի տարիներ։ Ստեփան ՊԵՏՐՈՍՅԱՆ, մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ. - Այն երեւույթը, որ բուհը երբեւէ ինչ-որ ժամկետով տեղափոխվել է մի այլ տեղ՝ մեր ժողովրդի դժբախտության հետեւանք էր։ Եվ այսօր պետք է ցավով խոսել դրա մասին, այլ ոչ թե ջնջել մի ամբողջ կոլեկտիվի վաստակը՝ դարձնելով այն ընդամենը 15-ամյա։ 1969-ից առայսօր մեր համալսարանն իր գործունեությունը ծավալել է նույն դասախոսներով, նույն ուսանողներով, եւ անհեթեթություն են ոմանց կողմից արվող նման հայտարարությունները։ Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ, ԱրՊՀ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ. - Անշուշտ, ցավալի է, երբ փորձում են Արցախի պետական համալսարանի կենսագրությունն աղավաղել: Սակայն ինձ թվում է, թե մենք ավելի շատ պետք է մտահոգվեինք այն դեպքում, եթե ԼՂՀ ներկայիս կառավարությունը չեղյալ համարեր 1999թ. կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին այն որոշումը, որով նշվել է համալսարանի 30-ամյակը: Մենք՝ գիտխորհրդի անդամներս, համամիտ ենք ռեկտորի ներկայացրած փաստերի հետ, չնայած նույնիսկ դրա կարիքը չկար: ԱրՊՀ-ն իրավահաջորդն է Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտի — այդ մասին երկու կարծիք լինել չի կարող: Շահեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, բուհի առաջին ռեկտոր. - Սկսած 1969 թվականից՝ բուհը ոչ մի օր չի դադարեցրել իր գործունեությունը։ Որպես մասնաճյուղի բացման օրից այս համալսարանի դասախոս՝ առայսօր ոչ մի օր չեմ բացակայել աշխատանքից։ Կասկած չի կարող լինել, որ բացելով այս մասնաճյուղը՝ ադրբեջանական կողմը դրա մեջ փնտրել է իր տարրն այստեղ աստիճանաբար ուժեղացնելու միտումը։ Բայց գործընթացը ցույց է տվել նաեւ մասնաճյուղի անհրաժեշտությունը՝ մեզ համար։ Բացի այդ, դա Ադրբեջանի կողմից վարած քաղաքականություն էր, եւ գիծ քաշել դրա վրա ու միանշանակ ասել, որ դա արվել է հայաթափման նպատակով՝ ճիշտ չէր լինի։ Մի՞թե մենք դասախոսներ ենք դարձել 1992 թվականին։ Մեր թողարկած շրջանավարտներն աշխատել են մշակույթի օջախներում, հասարակական կազմակերպություններում, դպրոցներում, ունեցել ենք նույնիսկ ընդհանուր տեխնիկական մասնագիտության բաժին, որը կադրեր է պատրաստել շինարարության բնագավառի համար, եւ այլն։ Մենք պատվով ու պատասխանատվությամբ կատարել ենք մեր պարտականությունը եւ այսքանից հետո ասել, թե՝ մինչեւ որ չլինեին 1992-ի թուղթը եւ ՀՊՃՀ մասնաճյուղը՝ ինստիտուտը համալսարան դառնալ չէր կարող՝ աբսուրդ է։ Ես ցավով եմ նշում, որ մեր հարգարժան ակադեմիկոսները քաղաքական կուլտուրա չեն ունեցել նամակը հղել ԼՂՀ ԿԳ նախարարին կամ ԱրՊՀ ռեկտորին, այլ հղել են հանրապետության նախագահին։ Հենց այստեղ էլ ծագում է խնդրի մյուս կողմը. մենք պետություն ենք եւ մի՞թե իրավունք չունենք մեր հարցերը ինքներս լուծելու։ Թե՞ սովոր ենք, որ մեկը դրսից միշտ մեզ կարգադրի։ Աշոտ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ֆիզմաթ գիտություների թեկնածու, դոցենտ. - Ես կբերեմ մի քանի փաստեր, որոնք կհիմնավորեն այն կարծիքը, թե երբ է ձեւավորվել այս բուհը։ Մինչեւ 1988-ը այստեղ է ձեւավորվել այն գիտական ներուժը, որ կա նաեւ այսօր։ Բացի այդ, ո՞վ կարող է ժխտել, որ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը ստեղծվեց մասնաճյուղի բազայի վրա։ Իսկ Կիրովականի բաժանմունքի բացումը պարզապես քայլ էր՝ այս կրթօջախը պահպանելու համար։ Ես դեկանի կարգավիճակով գնացել եմ Կիրովական եւ նույն կարգավիճակով էլ հետ եմ եկել։ Եթե մենք չենք հավատում, որ ԱրՊՀ-ն իրավահաջորդն է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի՝ ո՞ւր է գնացել, հապա, իրավահաջորդը։ Լուծարվե՞լ է, ոչնչացվե՞լ է... Շենքը կա, կոլեկտիվը, կա... Եվ մենք այսօր հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր գործընկերներից շատերը մեր շրջանավարտներն են։ Շահարկվող «15»-ը եւ «40»-ը, ըստ իս, փորձ է մեկ անգամ եւս ստեղծել մի աքսիոմատիկ համակարգ, որտեղ «ես»-ը լինի առաջնային։ Կարծում եմ, նստածներից շատերը գիտեն այդ մասին։ Եվ գտնում եմ, որ մեր հարգարժան կոլեգաների նամակի տակ նույնպես ենթատեքստ կա։ Ես չեմ կարող լռել ու չասել, որ սա խաղ է, որը գուցե «կազմակերպվել է» ինչ-որ սրճարանում եւ ամենեւին էլ առողջ դատողության ու առողջ մտածելակերպի արդյունք չէ։ Ստեփան ԴԱԴԱՅԱՆ, ԱրՊՀ պրոռեկտոր. - 1973-ին, երբ տոնվեց մարզի 50-ամյակը, Ստեփանակերտի մասնաճյուղը դարձավ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ՝ մատուցվելով որպես նվեր Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Բնականաբար, 1973-ին բացված ինստիտուտը իրավահաջորդն է մասնաճյուղի, ինչի մասին խոսք լինել չի կարող։Դա (մասնաճյուղ բացելը) հենց այնպես չի ստացվել, այլ եղել է մեր ազգի ներկայացուցիչներից ոմանց պայքարի արդյունքը։ Գուցե դա ելք էր փրկության, երբ 250-հազարանոց (հայերի մասին է խոսքը) Բաքվում փակվեց մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը եւ բացվեց Ստեփանակերտում, որպեսզի կարողանանք այստեղ պահպանել հայությունը։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ 70-ական եւ 80-ական թվականներին աշխատած մեր ընկերներին... Ինչպիսի՜ ազգանվեր, հայրենասեր մարդիկ են աշխատել մեզ մոտ, ինչպես, օրինակ, Ժան Անդրյանը, Սերգեյ Սայիյանը... Կամ ինչպե՞ս կարելի է մոռանալ այն տարիներին մեր թուրք գործընկերների հետ մեր ամենօրյա «ճակատամարտերը»... Հիշում եմ՝ մի անգամ ժողովի ժամանակ Շահեն Աբրահամյանն ասաց. «Հերիք է, եկեք մեր լեզվով խոսենք», եւ այդ ժամանակ Նաջաֆ Կուլիեւը շպրտեց. «Ես արգելում եմ խոսել դաշնակների լեզվով»... Եվ կուսակցական այդ ժողովը վերածվեց մեծ աղմուկի։ Իսկ դա դեռ 1983-ին էր։ Մի դրվագ եւս. 1985-ին երջանկահիշատակ Համլետ Մովսիսյանն ասաց. «Ես կուսակցության շարքերն եմ ուզում մտնել միայն նրա համար, որպեսզի այդ ամբիոնն օգտագործեմ Նաջաֆ մուալիմին քննադատելու համար»։ Հիշելու եւ ասելու շատ բան կա... Եկեք չմոռանանք նաեւ, որ կարեւորը կարգավիճակը չէ, այլ հայապահպանության խնդիրը։ Եվ ի՞նչ է բունիաթովշչինան, եթե ոչ այս երեւույթը, երբ ոմանք փորձում են բունիաթովների նման ոչնչացնել մեր պատմությունը։ Եվ գիտե՞ք ինչն է զարմանալի. Եր—անի պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվել է ճարտարագիտական համալսարանի — տոնել է իր 70-ամյակը: Ինչո՞ւ նրանց պարագայում դա թույլատրելի է, իսկ մեր պարագայում՝ ոչ։ Ես գտնում եմ, որ ԱրՊՀ-ն իրավահաջորդն է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղի, եւ դա ապացուցվում է նաեւ փաստաթղթային առումով։ Եկեք մի քիչ էլ արժանապատվություն ունենանք եւ սթափ նայենք իրերին։ Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ, հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ. - Իմ բուհական գործունեությունը 39 տարեկան է, ասել է թե՝ բուհի 40-ամյակի հետ պետք է լրանա նաեւ իմ գործունեության 40 տարին։ Ես ուզում եմ անդրադառնալ բուհը «փակելու» փաստին, որը շահարկվում է։ Ասեմ, որ դա մեր վերքը փորփրելու գործընթաց է հիշեցնում։ Այսպես ասած, փակելը կատարվել է այնպիսի քաղաքական նկատառումներով, որն այսօր մեզ համար պետք է որպես հպարտություն հնչի, քանզի ամբողջ Լեռնային Ղարաբաղում այդ ժամանակ չի փակվել ոչ մի կոլեկտիվի գործունեություն, բացի մերից։ Նրա համար, որ այստեղ հավաքված էր Շարժման ակտիվը։ Եվ փակելով մեր բուհը՝ միաժամանակ երկու խնդիր էր լուծվում. նախ՝ Ադրբեջանի ճնշմանն էին հագուրդ տալիս կենտրոնից, եւ երկրորդ՝ մտածում էին, որ ցրելով այս օջախը՝ կթուլացնեն Ղարաբաղյան շարժումը, բայց միաժամանակ մեր ականջին շշնջում էին, որ սա ժամանակավոր է եւ հետագայում կվերաբացվի։ Փակման որոշումը սրերով ընդունվեց դասախոսների եւ ուսանողների կողմից, ինչն էլ արտահայտվեց մեր համալսարանի առաջին հարկում կազմակերպված հացադուլով եւ ընդհանրապես՝ դասադուլներով։ Մեր բուհի ուսանողների Կիրովական մեկնելուց մի քանի օր հետո հայտնի է դառնում, որ նրանք այնտեղ եւս դասադուլ են կազմակերպել։ Դասախոսներից ոմանք՝ այդ թվում եւ ես ու Սոկրատ Խանյանը, շտապում ենք այնտեղ, այսպես ասած, նրանց օգնելու, «ուշքի բերելու»։ Դա դեկտեմբերյան աղետից ընդամենը 2-3 օր առաջ էր։ Գնացինք եւ տեսանք, որ ոչ մի դասապրոցես էլ չկա, արցախցի ուսանողներն իրենց «պարապմունքներն» անց են կացնում հրապարակում, նրանց հետ միասին նաեւ՝ կիրովականցի ուսանողները։ Ինքը՝ ռեկտոր Ղարիբջանյանը, չգիտեր ինչ աներ։ Ելույթներ ենք ունենում, փորձում հնազանդության կոչել նրանց։ Մեր ճանապարհվելուց երկու օր անց տեղի է ունենում երկրաշարժը... Մեր վերադարձը տեղի ունեցավ շատ արագ եւ դիտվեց այնպես, ասես ոչ մի տեղաշարժ չի էլ եղել. նույն մեր շենքը, մեր կոլեկտիվը... Այստեղ ոչ մի կասկածելի հարց չկա, մեզնից ոչ մեկի աշխատանքային գրքույկում ոչ մի այլ բուհի գրառում չկա եւ ես ուղղակի կուզենայի մի հարցադրում անել այն անձանց, ովքեր փորձում են մեր կենսագրությունը 40-ից դարձնել 15. ի՞նչ են շահում դրանից։ Ինչո՞ւ այդ համալսարան «հիմնադրողները» այն չհիմնադրեցին 60, 70 կամ՝ 1985 թվականին, այլ Շարժումն սկսվելուց հետո... Նրա համար, որ առանձին անհատների դերը շատ փոքր էր այդ խնդրում։ Մեր բուհի համալսարան դառնալը օրինաչափ էր, քանզի Երեւանի բոլոր բուհերն էլ վերանվանվեցին՝ համալսարաններ։ Իսկ մեր բուհի հիմնադիրը, եթե նույնիսկ այդպես անվանենք՝ մեր Շարժումն էր, մենք ենք, եւ ուրիշ ոչ մի սուբյեկտ չի կարող հեղինակը լինել մայր բուհի։ Սա նույնն է, եթե մենք այսօր իրավաբանական փաստաթուղթ պահանջենք 1915-ի ցեղասպանության համար։ Ժամանակներն այնպիսին էին, որ նույնիսկ հեռախոսազանգով էր լուծվում այս կամ այն հարցը։ Եվ եթե փորփրենք, հնարավոր է՝ ոչ մի փաստաթուղթ չգտնենք ոչ բացման եւ ոչ էլ փակման մասին... Իսկ եթե լինի էլ՝ ամեն ինչ ժամանակի հրամայականով էր... Ես առաջարկում եմ գիտխորհրդին՝ ընդունել որոշում՝ հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին եւ 2009-ին նշել համալսարանի 40-ամյակը։ Սոկրատ ԽԱՆՅԱՆ, ԱրՊՀ գրականության եւ լրագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ. - Մեր համալսարանի հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունքը վիրավորում է մեզ։ Ես այսօր խոսում եմ ոչ թե որպես դասախոս կամ գիտնական, այլ որպես վկա, ով շուտով նշելու է իր 80-ամյակը, որից 40 տարիները նվիրված են այս կրթօջախին։ Երբ Բաքվում փակվեց հայկական բաժինը, այն ժամանակ 3 հազար հայ երիտասարդ էր սովորում։ Բերելով Ստեփանակերտ՝ դրան գումարվեց ռուսական բաժինը, որտեղ հիմնականում հայեր էին սովորում։ Իհարկե, կար նաեւ ադրբեջանական բաժին, որոնց ճնշման տակ էինք գտնվում մշտապես, բայց սփոփվում էինք նրանով, որ մեր մարզի եւ Շահումյանի շրջանի համար մանկավարժական կադրեր ենք պատրաստում։ 1988-ին մենք փորձում էինք քաղաքական խաղի մեջ մտնել ադրբեջանցիների հետ եւ մտածում ելք գտնել՝ նրանցից ազատվելու համար։ Այդ իսկ պատճառով նույնիսկ որոշել էինք այդ տարի ընդունելության քննություններ չկազմակերպել։ Մեր ժողովին ներկա է եղել նաեւ Ղարիբջանյանը՝ Կիրովականի ինստիտուտի ռեկտորը։ Չեմ ուզում կրկնել մեր ընկերներին, բայց ես էլ կասեմ, որ ընդամենը երկու շաբաթ տեւեց Կիրովականում մնալը։ Ինչ վերաբերում է նրա՝ բաժանմունք կոչվելուն՝ դա հուշեց արցախցիներիս լավագույն բարեկամ Ա. Վոլսկին՝ ասելով. «Բաժանմունք կոչեք, որպեսզի ազատվեք նրանցից»։ Եվ ո՞վ է ասում, թե չորս տարի փակ է եղել կրթօջախը։ Սուտ է։ Մեր կադրերի մեծ մասն այդ տարիներին պաշտպանեցին իրենց թեկնածուականները, դոկտորականները, դարձան դոցենտներ, պրոֆեսորներ, եւ այսօր հպարտությամբ ուզում ենք նշել մեր 40-ամյա հոբելյանը։ Արցախի պետական համալսարանի ողջ կոլեկտիվը երբեք ու երբեք չի հրաժարվի իր ազգանվեր, իր հայանվեր, ժողորդանվեր ժառանգությունից։ Կարեն ԱՐԱՄՅԱՆ, ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ. - Այսօրվա այս քննարկումներն ինձ մոտ տխրություն եւ տհաճություն են առաջացնում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ բոլորին են հայտնի, թե դրանք ումից եւ ի՞նչ նպատակով են գալիս։ Եթե որոշ մարդիկ օժտված են հիվանդագին եսամոլությամբ, դա չի նշանակում, որ այսքան դասախոսներն ու գիտնականները պետք է ժամանակ կորցնեն՝ ճշմարտությունը «հիմնավորելու» համար։ Ծիծաղելի է անգամ, որ այդ հարցն այսօր քննարկվում է պետական մակարդակով։ Եթե ոմանք ուզում են խանգարել մեզ՝ նշելու մեր բուհի 40-ամյակը, ապա մենք կոլեկտիվով երբեք 15-ամյակ չենք նշելու։ Գրիշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. - Ես 38 տարի շարունակ զբաղվում եմ հայ դպրոցի, այդ թվում եւ՝ Արցախի դպրոցի պատմությամբ։ Հայոց հանրային բնույթի բոլոր կրթական հիմնարկները եղել են մեկը մյուսի իրավահաջորդը։ Փոխվել են անունները, բայց պատմական բովանդակությունը չի փոխվել։ Ինչպե՞ս կարելի այս հաստատության գործունեությունը համարել 15-ամյա, ո՞ւր են մնացել բուհի կենսագրության մյուս էջերը, որոնք իրենց գիտական ներուժով թողել են անջնջելի հետք։ Կարեն ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԱրՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու. - 1996թ. մեր համալսարանը համարվում էր բյուջետային հիմնարկ, պետական ոչ առեւտրային կազմակերպություն ենք դարձել 2003-ին։ Այս երկու իրավական փաստաթղթերով պետք է գրված լիներ, թե մենք ինչի իրավահաջորդն ենք։ Համալսարանի ոչ մի կանոնադրության մեջ նշված չէ իրավահաջորդության մի փաստ։ Այսինքն, բաժանմունքի՝ 15-ամյա իրավահաջորդությունն ավելի թույլ փաստարկ է, քան 1969թ.։ Այսինքն՝ բուհական բարձրագույն՝ անընդհատ կրթություն մատուցող պետական ինչ-որ մարմնի գործունեությունը, որ տվյալ դեպքում Արցախի պետական համալսարանն է։ Ես պատրաստ եմ այդ իրավական մոտեցումները պնդել մինչեւ բարձր ատյաններ։ Փաստորեն մենք հանդիսանում ենք անընդհատ բուհական կրթություն մատուցող մարմին։ Արտակ ԳՈՒԼՅԱՆ, ԱրՊՀ կենսանբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. - Ես ամոթալի եմ համարում նման հարցի քննարկումը, քանզի սրանով մենք ինքներս կասկածի տակ ենք դնում մեր բուհի 40-ամյա գործունեությունը։ Երբ նշվեց Երեւան քաղաքի 2750-ամյակը՝ ոչ ոք չքննարկեց նրա տարիքը։ Հիշո՞ւմ եք՝ Երեւան դարձած իմ Էրեբունի... Երբ Երեւանի գյուղատնտեսական ակադեմիան նշեց իր 70-ամյակը, ոչ ոք չասաց, թե որտեղից է այդ թիվը, քանզի այն ստեղծվել է գյուղատնտեսական ինստիտուտի եւ անասնաբուժական ինստիտուտի բազայի վրա։ Համալսարանների կարգավիճակի փոխվելու ընթացքում եղել են ընդունված ուսանողներ մի կարգավիճակով եւ ավարտել, դիպլոմ են ստացել այլ կարգավիճակով։ Ես գտնում եմ, որ անհեթեթություն է հարցի քննարկումը։ ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ Եվ այսպես՝ ԱրՊՀ կայացումը չի կարելի վերագրել մի անհատի եւ պետական կարեւոր նշանակություն ունեցող նման երեւույթն անձնավորել։ Ելնելով ուսումնական գործընթացի անընդհատությունից, պատմականության սկզբունքից, ընդունելով վերոնշյալ փաստերը՝ Արցախի պետական համալսարանը համարվում է 1969թ. գործող Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի իրավահաջորդը, որի 30-ամյակը հանդիսավոր կերպով նշվեց 1999թ.։ Բուռն քննարկումներից հետո ԱրՊՀ գիտխորհրդի նիստը որոշեց ստեղծել հոբելյանական հանձնաժողով՝ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Շուտով կմշակվի միջոցառումների ծրագիրը, որն էլ կներկայացվի առաջիկա գիտխորհրդի նիստերից մեկի հաստատմանը։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 28, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
168. «ՀԻՄԱ ՇՈՇԱՓՎԱԾ թեմայի մանրամասնությունների մասին։ ՊՊԿ-ն, իր կազմավորման պահին, անհրաժեշտ է եղել որպես մի մարմին, որը կոչված է միավորել գործադիր իշխանության բոլոր կառույցների ...ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս անհրաժեշտություն եղավ «Մեսրոպ Մաշտոց» հանրապետական գրադարանի ընթերցասրահից օգտվել, եւ մտնելուն պես հաճելիորեն զարմացա՝ ստանալով գեղագիտական բավարարություն։ ...ՈՒ՞Մ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԱՐԻՔԸ...
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը վերջին ժամանակներս դարձել է վիճահարույց հարց։ ...ՄԵԿ ՀԱՂԹՈՂԻ ԿԱՐԳԸ ԴԵՌ ՎԱՂ Է ՆԵՐԴՆԵԼ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Փետրվարի 14-ին լրացավ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ստեղծման չորրորդ տարին: Ժամանակի պահանջով ծնված կառույցը, Խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի համոզմամբ, այդ տարիների ընթացքում ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նախորդ տարվա դեկտեմբերին, համաձայն տարեկան ծրագրի, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվել է ընտրանքային հետազոտություն՝ ընդհանուր օգտագործման ...ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.
Զորի ԲԱԼԱՅԱՆ Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
.
Փետրվարի 27-ին ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց ԱրՊՀ տնտեսագիտական բաժնի մի խումբ ուսանողների հետ։ Հանդիպումը կայացել է ապագա տնտեսագետների խնդրանքով, որոնք ցանկություն են ...ՍՈՒՄԳԱՅԻԹԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարինե Մայիլյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

