
Հրատարակված է Փետրվար 28, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- 168. «ՀԻՄԱ ՇՈՇԱՓՎԱԾ թեմայի մանրամասնությունների մասին։ ՊՊԿ-ն, իր կազմավորման պահին, անհրաժեշտ է եղել որպես մի մարմին, որը կոչված է միավորել գործադիր իշխանության բոլոր կառույցների գործունեությունը՝ միաժամանակ ԳԽ նախագահության գործառույթների մեծամասնությունը նրան փոխանցելով։ Դա եղել է այնպիսի ժամանակ, երբ մենք չէինք կարողանում դուրս գալ պատային իրավիճակից եւ ԳԽ նախագահ ընտրել։ Այդ փակուղուց միակ իրական եւ խելամիտ ելքը հանդիսացավ ՊՊԿ-ի ստեղծումը։ Ինչը հաստատեց ժամանակը։ Տնտեսությունը շարժման մեջ է դրված եւ համեմատաբար կարգուկանոն է։ Բանակի հրամանատարությունը դեն է նետել իր ինքնավար լինելը, բոլոր ռազմաքաղաքական հարցերը քննարկվում են ՊՊԿ-ում... ծայրահեղ դեպքում՝ նրա նախագահի հետ։ Ընդհանրապես, եւ հիմնականում, ՊՊԿ-ն իր առաքելությունը, իր վրա դրված խնդիրները կատարել է։ Տվյալ փուլում այդ մարմնի գործունեությունը, թեպետ եւ մարմինը որպես այդպիսին՝ արդեն չկա էլ, արգելակ է լինելու ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ իշխանության մեխանիզմների կատարելագործման մեջ։ Այդ պատճառով էլ իմ առաջին առաջարկությունն է. ՊՊԿ-ի գործունեությունը ճանաչել բավարար եւ, ԳԽ նախագահ ընտրելուց հետո նրա լիազորությունները համարել ավարտված։ Իմ հաջորդ առաջարկությունը վերաբերում է բուն ԳԽ-ին, նա պետք է գործի դրվի իր կոչմանը եւ անվան համապատասխան։ Դրա համար անհրաժեշտ է. Անպայման ընտրել ԳԽ նախագահ։ Ի խուսափումն նախկին պատային իրավիճակների՝ առաջարկում եմ ուղղում մցնել «ԳԽ նախագահի ընտրության մասին» հոդվածում. «Եթե քվեարկության երրորդ փուլից հետո էլ թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել, ապա ընտրված է համարվում առավել մեծ թվով ձայներ հավաքած թեկնածուն»։ Նշված ուղղումն ընդունելուց, գտնում եմ, որ ընդհանուր ջանքերով կհանգնեք այն փաստի ըմբռնմանը, որ բարձրագույն պետական պաշտոնում պետք է ընտրվի քաղաքական երկնակամարում ամենաաչքի ընկնող գործիչը։ Նրա հռչակն ու փորձը ԳԽ-ին ու նրա նախագահությանը գործունեություն եւ կշիռ կհաղորդեն, ինչը ներկայումս համարյա զրոյի վրա է։ Երկրորդ, պետականությունը ժողովրդավարական հիման վրա կառուցելու եւ ինքնորոշման իրավունքի համար արցախցիների պայքարը հաջողությամբ ավարտելու գործում հիմնական դերը ես հատկացնում եմ բարձրագույն իշխանությունում կոլեգիալ կառավարման մեթոդին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք ներքաշված ենք մեծ քաղաքականության ուղեծիր, իսկ մեծ քաղաքականության մեջ կան շատ զիգզագներ, խաբեություններ, խայծեր, անարդարություններ փոքր ժողովուրդների հանդեպ, առավել եւս՝ եթե նրանց բնական պաշարներ են շնորհված... Այդ ժողովուրդները նրանց համար՝ ինչպես փոքր երեխաներ, որոնք, տարաժամ ու անպատեհ, «քեռիների» ոտքերին են շուլալվում։ Դե, ուրեմն, որպեսզի հիմար բաներ չանենք (քանզի, միեւնույն է, խաբելը՝ խաբելու են մեզ), որպեսզի սխալները նվազագույնի հասցնենք, ես ձեզ կոչ եմ անում ժամանակին վերհիշել հետեւյալ բանաձեւ-ասացվածքը. «Մի գլուխը լավ է, բայց երկուսն՝ ավելի լավ» եւ հետեւել դրան։ Արտաքին գործերում սխալներից խուսափելուց բացի, մեզ մոտ լիքն են թերությունները ներքին քաղաքականության մեջ... Մեզ մոտ այդպիսի կոլեգիալ մարմին կարող է լինել ԳԽ նախագահությունը՝ պայմանով, որ այնտեղ պետք է փոփոխություններ կատարվեն։ Այն է՝ նրա կազմում ընտրել նրանց, ում հատուկ են հետեյալ որակները. ներքին օրինավորություն, խելք եւ, ամենագլխավորը, ամբողջ ճշմարտությունն ասելու համարձակություն, եթե նույնիսկ այն չհամընկնի ոչ միայն ղեկավարության, այլ նաեւ ժողովրդի կարծիքին։ «Կադրերի ճիշտ տեղաբաշխման սկզբունքին մենք պետք է միշտ ձգտենք, բայց ցանկանում եմ ընդգծել նրա բացառիկ անհրաժեշտությունը պետականության կայացման կազմակերպական փուլում։... Այլապես օրենքները ծնվելու են մեռելածին։ Իմ երրորդ առաջարկությունը. վերականգնել նախարարների կաբինետը։ Եվ վերջինը՝ այս բոլոր հարցերի կոնկրետ մշակման համար, կարծում եմ՝ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային հանձնաժողով, որն էլ դրանք դեկտեմբերին ներկայացնի ԳԽ-ի քննարկման»։ 169. ...ԱՅԴՊԻՍԻ ԴԵՊՔ առաջին անգամ էր լինում, երբ պետկառավարման համակարգում շրջադարձային փոփոխություններ ենթադրող այդչափ լուրջ հարցեր խորհրդարանի (ընդհանուր ժողովի) քննարկմանը ներկայացվեն «ցածից»՝ առանց «վերեւների» իմացության ու այնտեղ համապատասխան մշակման։ Թեեւ իմ մտքերը, ընդհանուր գծերով, պարզ էին շարադրված, «խռովարարական» տարրեր չէին պարունակում, լիդերները փոխելու չէին կոչում, սակայն իրենց՝ լիդերներին ժամանակ էր պետք, որպեսզի դրանք մանրամասն մարսեն։ Այդ պատճառով ոչ մի քննարկում չեղավ։ Պատգամավորները պատշաճ համարեցին հաջորդ նիստի օրվա եւ այս մեկի ավարտի մասին հայտարարություն անելը։ Միաժամանակ նախագահողը մի անհեթեթ խնդիր դրեց մեն-մենակ ինձ վրա՝ կազմակերպել եւ գլխավորել վերը հիշատակված աշխատանքային հանձնաժողովը։ Սովորաբար այդպիսի հանձնաժողով ստեղծվում է խորհրդարանի նիստում՝ պատգամավորական բոլոր խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ։ Պարզ է, որ գործընթացը մեկնարկեց, բայց ես չպետք է խաղի կենտրոնում լինեմ, ինձ ձեւական դեր են հատկացրել։ Որոշումներն ընդունվելու են ոչ համատեղ, քաղաքական ուժերի լիդերների ընդգրկմամբ, ինչպես սովորաբար, այլ իրենց միջեւ (մեկ, բայց ուժ ունեցող խմբի ներսում)՝ երկու-երեք անձանց կողմից... 170. ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՑՐԱԾ, Քոչարյանը դեմ չէր իմ առաջարկություններին, քանզի, որպես ԳԽ նախագահ, նա, միեւնույն է, կմնա Արցախի լիդեր։ Սակայն, մեկ-երկու օր մտածելով, նա եկավ այն հետեւության, որ նախագահի իշխանությունն ավելի քիչ է սահմանափակ, քան ԳԽ նախագահինը, առավել եւս, որ իմ տարբերակով նախատեսվում էր ԳԽ նախագահության դերի ուժեղացում։ Գումարած նաեւ՝ ինչո՞ւ որպես նմուշօրինակ չվերցնել մայր Հայաստանում գոյություն ունեցող մոդելը... Առավել եւս, որ մենք Սահմանադրություն չունենք, ուրեմն՝ այդ նորամուծության համար բավարար են ԳԽ որոշումները՝ ընդունված պատգամավորների որակյալ մեծամասնության կողմից (այսինքն՝ ձայների երկու երրորդով)... ա. ԳԽ դեկտեմբերյան նիստի բացումից մի քանի օր առաջ Ս. Բաբայանն իր մոտ հավաքեց բոլոր պատգամավոր զինծառայողներին, որոնց թվում էի եւ ես։ Նրա հետ իմ հարաբերություններն այն ժամանակ լարված էին։ 94-ի հուլիսին ես հեռացա ՊԲ հրամանատարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնից՝ ի նշան կոնֆորմիզմի հետ անհամաձայնության, որն ավելի ու ավելի էր ընդգրկում հասարակության եւ բանակի վերին շերտերը։ Ստեղծվել էր ուշ խորհրդային ժամանակաշրջանի երկդիմի իրադրությունը... Երբ քաղաքական քարոզչությունն ու պետպրոպագանդան բոլոր ամբիոններից (բարձրագույն կոմունիստական հեղինակությունների եւ գոյություն ունեցող իշխանության անունով) տարփողում էին բարոյահոգեբանական նորմերի, կոլեկտիվիստական արժեքների առաջնայնության պահպանման անհրաժեշտության եւ օգտակարության մասին, բայց հենց իրենք էլ առաջինն էին խախտում հռչակվող լոզունգները... Թե վերջին հաշվով ինչի է հանգեցնում նման երկակի բարոյականությունը՝ մենք բախտ (թե դժբախտություն) ունեցանք վկա լինել։ բ. Իմ հեռանալուն առիթ ծառայեց ամենամեծ զորապետներից մեկի ծննդյան չափից դուրս (իմ կարծիքով) պերճաշուք կազմակերպված հոբելյանը... Բայց չէ՞ որ այդ նույն Խորհրդային Միությունը (բայց ոչ ուշ ժամանակաշրջանի) սկսել է պերճաշուք տոնակատարություններ կազմակերպել կամ, օրինակ, ոչ էժան գերեզմանաքարեր դնել, «եղբայրական գերեզմաններ» կառուցել եւ այլն, պատերազմի ավարտից սոսկ 20 տարի անց։ Ավերվածը վերականգնելուց հետո։ Տնտեսությունը կրիտիկական վիճակից դուրս բերելուց հետո... Ես հեռացա բարձր պաշտոնից, բայց մնացի (իմ իսկ խնդրանքով) ՊԲ քաղաքական բաժնում. որեւէ տեղ աշխատել էր պետք։ 171. ԱՅՍՊԵՍ ՈՒՐԵՄՆ, ԳԽ դեկտեմբերյան նիստի բացումից մեկ թե երկու օր առաջ Ս. Բաբայանն իր մոտ է հավաքում բոլոր պատգամավոր զինվորականներին եւ ասում. «Աշխարհում գոյություն ունեն երկու տեսակի ժողովրդավարական հանրապետություններ՝ խորհրդարանական եւ նախագահական։ Ես Երեւանից բերել եմ դրանց օրենսդրական նկարագրության երկու տարբերակն էլ, դուք կարող եք դրանց ծանոթանալ եւ ձեր կարծիքն արտահայտել, որպեսզի որոշենք, թե դրանցից որին նախապատվություն տանք։ Հիմնականում պատգամավոր-սպաները ցանկացան հենց հրամանատարի կարծիքն իմանալ։ Նա հմուտ-անհոգ ձեւով պատասխանեց, որ, իսկն ասած, իր համար միեւնույն է, սակայն կառավարման նախագահական ձեւն առավել ընդունելի է Արցախի համար... Իսկ ես վեր կացա եւ սկսեցի ապացուցել ամբողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու վնասակարությունը։ Ս. Բաբայանն ինձ ընդհատեց եւ, դեմքը հազիվ նկատելի ծամածռելով, ինչը նրա հետ կատարվում է ուժգին զայրույթի պոռթկման մեջ, զայրալից կերպով սրտինը թափեց. «Քեզ նմանների գլխով պտույտ չեմ գալու, ձեզ Ղարաբաղից կարտաքսեմ, 24 ժամ կտամ պատրաստվելու, մի բեռնատար կբերեմ, կբեռնեմ եւ կուղարկեմ մինչեւ ՀՀ առաջին բնակավայրը, մինչեւ Տեղ գյուղը...»։ Հրաբխի պես ժայթքած այդ զայրույթը լրիվ անսպասելի էր ինձ համար. ախր, դրան համապատասխան ոչ առիթ կար, ոչ էլ պատճառ։ Ես միայն ներըմբռնմամբ կռահեցի, որ այս խաղափուլում Ս. Բաբայանի կողմից խոշոր գումար է խաղարկվում, եւ նա պետք է որ այն շահի ամեն գնով։ 172. ...ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ, վերլուծելով տեղի ունեցածը (այն ժամանակ եւ հետո. չէ որ սոսկ սպառնալիքներով մենք չպրծանք), եկա հետեւյալ եզրակացության. Ռ. Քոչարյանը, որոշելով ԼՂՀ-ում նախագահի պաշտոն մտցնել ապա եւ զբաղեցնել այն, չէր կարող խորհրդի եւ աջակցության համար չդիմել Լ. Տեր-Պետրոսյանին։ Սակայն որպեսզի խորհրդարանի համառությունը կոտրի եւ ստանա նրա 2/3 մասի ձայները, անհրաժեշտ էր էլի մեկ աջակցություն, ըստ որում, ոչ թե չափավոր-ձեւական, այլ՝ արխի-ակտիվ (Վլադիմիր Լենինի լեքսիկոնով ասած)։ Այն ժամանակվա ամենաազդեցիկ մարդու՝ Սամվել Բաբայանի աջակցությունը։ Մի ազդեցիկություն, որն ունեցել է բնական ծագում (մարդկային դիրքերից). նա իրականացնում էր Զինված ուժերի ուղղակի, անմիջական ղեկավարումը (հրամանատարությունը, ուժեր, որոնք ֆենոմենալ հաղթանակ տարան Ղարաբաղյան պատերազմում)։ Դա արդեն բավական էր, որպեսզի... Բացի այդ, նա կարողացել էր իր անձի շուրջ կենտրոնացնել բոլոր ականավոր եւ ազդեցիկ զինվորական հրամանատարներին... եւ դառնալ նրանց ճանաչված լիդերը։ Ես ընդգծում եմ՝ «մարդկային դիրքերից», քանզի դեռեւս մարդկային աշխարհում անխախտորեն տիրապետում է հետեւյալ բանաձեւը. «Հաջողությունը միակ իմաստնությունն է։ Ուժը՝ միակ օրենքը»։ ա. Ինչ վերաբերում է Արցախի երկու լիդերների փոխհարաբերություններին, ապա ես դրանք կբնութագրեի «զով»՝ ոչ ջերմ, ոչ սառն։ Այդ պատճառով էլ այն եռանդը, որով ՊԲ հրամանատարը Ռ. Քոչարյանի համար իշխանության էր ձգտում, ինձ համար անհեթեթ էր թվում, բացատրությունը կարող էր լինել մեկը։ Ռ. Քոչարյանը Լ. Տեր-Պետրոսյանին տեղեկացրել է, որ Ս.Բաբայանի դիրքից ու կամեցողությունից կախված է... ոչ քիչ բան։ Եվ ահա այն ժամանակ, երբ ՀՀ նախագահին հարկ է եղել ԼՂՀ ՊԲ հրամանատարին բացատրել Ռ. Քոչարյանի նախագահ լինելու նպատակահարմարությունը եւ միաժամանակ էլ նրան առաջարկել է հնարավորինս աջակցություն ցույց տալ այդ խնդրահարույց գործի դրական լուծմանը։ Ս. Բաբայանը, հավատարիմ լինելով իր բնավորությանը եւ ելնելով հեռուն գնացող հաշվարկներից (բայց, իմ կարծիքով, ոչ ամենահեռուն գնացող), Լ. Տեր-Պետրոսյանին հավաստիացրել է մոտավորապես այսպես. «Այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե պետք է, ուրեմն՝ պետք է, այլ կերպ լինել չի էլ կարող»։ Այս բառերն ասվել են լրիվ, կասկածի տեղիք չտվող վստահությամբ։ բ. Ս.Բաբայանը հաշվել է, որ ամենահարմար դիպվածն է՝ Երեւանի ղեկավարությանը ցույց տալ, թե ով ով է։ Այսինքն՝ ով է գործնականում ղեկավարում Արցախում։ Ում է պատկանում իսկական իշխանությունը եւ ում հետ պետք է նա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաշվի նստի առաջին հերթին։ Հետեւաբար, այն բանից, թե ինչքանով առանց գլխացավանքի ու համոզիչ կերպով Ռ. Քոչարյանը նախագահական բազկաթոռ կելնի Ստեփանակերտում, այնքանով ազդու կերպով վեր կցատկի Սամվել Բաբայանի քաղաքական կշռի ցուցիչը Երեւանում։ 173. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԱՆՑՆԵԼՈՎ. ասեմ, այո, այդ նպատակին հասան, նույնիսկ մեծահաղթ կերպով։ Բայց, այստեղ մի մեծ «բայց» կա... Ոչ ամեն դատողություն եւ ձեւական-տրամաբանական հետեւություններն են ժամանակի ընթացքում արդարացնում իրենց, ավելի ճշգրիտ ասած՝ իրենց համար տեղ գտնում Իրականության հստակորեն ներդաշնակված շարքերում։ Քանզի ամեն մի դատողություն, որպեսզի կյանքի իրողություններին համապատասխանի, պետք է կատարվի օբյեկտի հոգեբանական էության հաշվառումով։ Իսկ իրերով, մարդկանցով մեխանիկորեն գործառնություններ կատարելը, այսինքն՝ նրանց, «ոչ-ԵՍ»-ի նկատմամբ միատեսակ-հավասարեցված (մեխանիկական) մոտեցումը՝ առանց նրանց բնական դրսեւորումները, նրանց հոգեբանական յուրահատկությունները հաշվի առնելու, ի սկզբանե դատապարտված է։ ...Ինձ մոտ դեռեւս հույս էր առկայծում (եւ ոչ փոքր), թե խորհրդարանում ոչ մի կերպ չի հաջողվի ձայների 2/3-ը հավաքել այն օրինագծի օգտին, որը մեկ մարդուն ամբողջ իշխանությամբ է օժտում հանրապետությունում։ Այն ժամանակ չգիտեի Երեւանում կատարված զգալի խորագաղտնի աշխատանքի մասին... Ճիշտ է, իմ ուղեղում ինչ-որ կռահումներ էին առկայծում, բայց ոչ այդ որակի ու չափերի։ 174. ՆԻՍՏԸ ԲԱՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՎ, ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ինձ խոսք տրամադրեց։ ա. «Հարգելի պատգամավորներ։ Հարգելի ներկաներ։ (Այն ժամանակ ԳԽ նիստին հավաքվում էր ամբողջ «կուսակցական-տնտեսական ակտիվը» -Ծան.)։ Այսօր առանձնահատուկ օր է։ Մենք պետք է վճռենք այն հարցը, թե իշխանության ինչ ձեւ է նպատակահարմար Արցախի համար։ Ես, որպես այն հանձնաժողովի նախագահ, որը պետք է առաջարկություն ներկայացնի ԳԽ-ի հայեցողությանը, զրույցներ եմ ունեցել շատ պատգամավորների հետ եւ եկել հետեւյալ եզրակացությանը։ Հանուն ճշմարտության, պետք է խոստովանել. հանձնաժողովը, որպես այդպիսին՝ չի աշխատել, հավանաբար, սովորել են հայրիկից առաջ չվազել, այսինքն՝ հանրապետության առաջին դեմքերից։ Դա այնքան էլ զարմանալի չէ ԳԽ մի կեսի կողմից։ Զարմանք է հարուցում մյուս կեսի՝ Դաշնակցություն խմբակցության դիրքորոշումը։ Նրանք իրենց նման չեն. չկա սովորական ակտիվությունը։ Հավանական է՝ Երեւանում գտնվող նրանց ղեկավարությունը մշակման կամ ճնշման է ենթարկվել։ Ինչպես էլ որ լինի՝ ես կասեմ իմ խոսքը։ բ. կառավարման խորհրդարանային ձեւն առավելս է համապատասխանում մեր դրությանն ու մեր իրականությանը, քան նախագահականը, որը մեր իրավիճակում ենթադրում է իշխանության բոլոր լծակների կենտրոնացում մեկի ձեռքում։ Դա անթույլատրելի է, քանզի բազմապատկում է սխալների հավանականությունը բոլոր ոլորտներում։ Բացառում է փոխադարձ վերահսկողության հնարավորությունը իշխանության ճյուղերի միջեւ՝ այստեղից բխող հետեւանքներով հանդերձ, որոնք մեզ գերազանց ծանոթ են խորհրդային ժամանակներից։ Եվ, ընդհանրապես, ոչ միայն պետական իշխանության ոլորտում, այլեւ բոլոր գործերում չի կարելի մեկ մարդուն օժտել ամբողջ իշխանությամբ, բացառությամբ արտակարգ իրավիճակների, այսինքն՝ երբ ժամանակավոր հանգամանքները պահանջում են պարբերաբար ընդունել օպերատիվ որոշումներ։ գ. Իմ առաջարկությունների էությունը, որոնց հավանություն էին տվել բոլորը, ում հետ էլ որ խորհրդակցել էի, հետեւյալի մեջ էր։ ՊՊԿ-Ի գործունեությունը ճանաչել բավարար — որոշում ընդունել նրա լուծարման մասին 1. Ընտրել Գերագույն խորհրդի նախագահ։ 2. Ընտրել նոր, ընդլայնված նախագահություն՝ նրա նախկին բոլոր լիազորությունների եւ ՊՊԿ-ի ստեղծման կապակցությամբ։ 3. Ընտրել վարչապետ, որը մեկամսյա ժամկետում Գերագույն խորհրդի հաստատմանը կներկայացնի կառավարության կազմը։ «Հաստատումը» առաջարկում եմ հասկանալ եւ օրենքում գրանցել այն տեսքով, որով այն գրանցված է ԱՄՆ Սահմանադրության մեջ. 4. «...Նա (գործադիր իշխանության ղեկավարը) Սենատի խորհրդով ու համաձայնությամբ նշանակում է Միացյալ Նահանգների դեսպաններին, մյուս պաշտոնական ներկայացուցիչներին եւ հյուպատոսներին, Գերագույն դատարանի դատավորներին եւ մյուս բոլոր պաշտոնատար անձնանց, որոնց նշանակումը Սահմանադրությամբ այլ կարգով չի նախատեսված...»։ Այս օրենքը ժամանակի քննությունն է բռնել, ինչո՞ւ մենք չփոխառնենք այն... 5. Հաշվի առնելով ներկա ժամանակաշրջանի անորոշությունը, նպատակահարմար կլիներ ԳԽ նախագահին օժտել ուժային կառույցների՝ ՊՆ-ի, ՆԳՆ-ի, ԱԱՎ-Ի, ինչպես նաեւ ԱԳ-ի աշխատանքի ներդաշնակեցումն իրականացնելու իրավունքով։ 6. Նոր գումարման խորհրդարանի թվակազմը նրա արդյունավետ ու բեղմնավոր գրծունեության նպատակով պետք է կրճատվի մինչեւ քսան, առավելագույնը՝ երեսուն հոգու։ Եվ նրանք պետք է աշխատեն մշտական հիման վրա։ Այլապես, մնացած ամեն ինչից բացի, ԳԽ նախագահի ձեռքը կանցնեն այն բոլոր լիազորությունները, որոնցով նախագահին օժտել են ՀՀ-ում։ դ. Հարգելի պատգամավորներ, իմանալով Արցախի եւ ՀՀ լիդերների դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ, դժվար չէ կանխատեսել մեր քվեարկության արդյունքները։ Սակայն, չնայած դրան, ես կփորձեմ մեկ անգամ եւս փաստարկներով ու փաստերով ներգործել «Ազատ ուղեղների» վրա, իսկ այդպիսիք քիչ չեն մեր պատգամավորական կորպուսում։ Կան բաներ, որոնք սրտով ես կանխազգում, մինչեւ որ բանականությունը, սաստիկ երերալով, քշում-փարատում է իր աչքերը վարագուրող մշուշը։ Հիմա այդ նույնն է կատարվում։ Ես ուղեղով այնչափ պարզ չեմ տեսնում, որչափ որ ներըմբռնումով, թե իր մեջ ինչպիսի վտանգ է թաքցնում գերագույն իշխանությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելը։ (Ներըմբռնումն, ըստ իս, ենթագիտակցական մի զգացում է, որը վճիռ է կայացնում այն տվյալների համակարգման հիման վրա, որոնք անկանոն կերպով մտցվել եւ ցրված են մեր հիշողության զանազան անկյուններում ու մութ գաղտնարաններում)։ ե. Հարցն այն անձի մեջ չէ, ով համարյա միանձնյա իշխանությամբ է օժտվում՝ լավն է նա կամ վատը, խելոք է կամ տխմար։ Հիմնախնդրի էությունը նրանում է, որ մարդը ոչ կատարյալ էակ է։ Ոչ կատարյալ՝ ոչ թե խոտի կամ փղի վերաբերմամբ, այլ կյանքի, իրականության։ Չորսբոլոր համատարած բարդություններ են, շեշտակի փոփոխություններ, շրջադարձեր՝ հաճախ մարդկային բանականության հաշվարկների ու կանխատեսումների համար անհասանելի... Եղել է, օրինակի համար, հզոր խորհրդային տերությունը՝ եւ հանկարծ... անէության գիրկն է սուզվել, չքացել է։ 1914 թվականին ռուսները հաղթել են թուրքերին՝ հայերը ցնծում էին. վերջապես... եւ վերջապես ի՞նչ... 1,5 միլիոն զոհեր... զ. Հարցն այսպես է դրված. արդյոք, նպատակահարմա՞ր է հասարակությանը, ժողովրդին՝ իրեն առաջնորդելը վստահել մեկ այլ անձի այն ժամանակ, երբ կյանքը մեզ ներկայանում է կոդավորված օրենքների տեսքով, դժվարանցանելի ճանապարհների ամբողջության տեսքով։ Նախքան պատասխանելը, հարգելի պատգամավորներ, մեկ անգամ եւս ընդգծեմ. անձնական ընդունակություններն ու հմտությունները հարցի էության հետ ոչ մի կապ չունեն։ Եթե կուզեք՝ կասեմ ավելին. ինչքան ավելի տաղանդավոր է անձը, այնքան ավելի խոշոր են վրիպումները։ Պետությունների պատմության մեջ ամենաճակատագրական սխալները կատարել են մեծ տիրակալները։ Ստալինն, անշուշտ, հանճարեղ անձնավորություն էր, չլիներ այդպիսին՝ չէր կարող փլատակների վրա կայսրություն վերածնել, սակայն վերհիշեք, թե ինչպիսի բութ վստահությամբ էր մերժում հաղորդումները գերմանական զորքերի՝ նախապատրաստվող հարձակման մասին, թեպետ բազմաթիվ փաստեր այդ մասին էին աղաղակում։ Ինչպիսի մեծ աղետներ բերեցին հանճարի ինքնավստահությունն ու ինքնատիրականությունը։ Հետո ձեռք բերված հաղթանակը տրվեց չտեսնված զոհերի գնով... Կամ Հիտլերը։ Անկասկած՝ նույնպես հանճար էր։ Ինչի՞ հասցրեց Գերմանիային նրա հանճարեղությունը... Կամ, Հռոմի հզորության հիմքերը դրվեցին թագավորի տապալումից հետո եւ ոչ ավտորիտար կառավարման համակարգին, իշխանության ճյուղերի փոխադարձ զսպումների համակարգին անցումով։ Եվ, ընդհակառակը, Հռոմի անկման հիմքերը դրվեցին կառավարման կոլեգիալ ձեւից հեռացումով ու միահեծանության վերականգնումով... Հիշեցնեմ, որ իմ կողմից առաջարկվող տարբերակում Ռ. Քոչարյանը, ում ես առաջարկում եմ ընտրել ԳԽ նախագահ, օժտվում է 4 հիմնական նախարարությունների աշխատանքը ներդաշնակեցենլու իրավունքով, ինչը հավասարազոր է դրանք ղեկավարելուն։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Ինձնից հետո խոսք վերցրեց Ռ. Քոչարյանը։ Դեռեւս ամբիոնին չհասած՝ նա մի ռեպլիկ նետեց դեպի դահլիճ, ավելի ճիշտ՝ իմ հասցեին. «Ինձ պետք չէ անգլիական թագուհու պաշտոնը...»։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 28, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
168. «ՀԻՄԱ ՇՈՇԱՓՎԱԾ թեմայի մանրամասնությունների մասին։ ՊՊԿ-ն, իր կազմավորման պահին, անհրաժեշտ է եղել որպես մի մարմին, որը կոչված է միավորել գործադիր իշխանության բոլոր կառույցների ...ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս անհրաժեշտություն եղավ «Մեսրոպ Մաշտոց» հանրապետական գրադարանի ընթերցասրահից օգտվել, եւ մտնելուն պես հաճելիորեն զարմացա՝ ստանալով գեղագիտական բավարարություն։ ...ՈՒ՞Մ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԱՐԻՔԸ...
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը վերջին ժամանակներս դարձել է վիճահարույց հարց։ ...ՄԵԿ ՀԱՂԹՈՂԻ ԿԱՐԳԸ ԴԵՌ ՎԱՂ Է ՆԵՐԴՆԵԼ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Փետրվարի 14-ին լրացավ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ստեղծման չորրորդ տարին: Ժամանակի պահանջով ծնված կառույցը, Խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի համոզմամբ, այդ տարիների ընթացքում ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նախորդ տարվա դեկտեմբերին, համաձայն տարեկան ծրագրի, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվել է ընտրանքային հետազոտություն՝ ընդհանուր օգտագործման ...ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.
Զորի ԲԱԼԱՅԱՆ Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
.
Փետրվարի 27-ին ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց ԱրՊՀ տնտեսագիտական բաժնի մի խումբ ուսանողների հետ։ Հանդիպումը կայացել է ապագա տնտեսագետների խնդրանքով, որոնք ցանկություն են ...ՍՈՒՄԳԱՅԻԹԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.NetԹՈՂՆԵԼ ԲԱՐԻ ՀԵՏՔ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

