
Հրատարակված է Փետրվար 26, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- ՄԵԿ ՇՏՐԻԽ՝ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 162. ԱՅՈ ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ մեզ պարտադրված պատերազմում... Ոչ թե պարզապես հաղթեցինք, այլ հաղթեցինք արժանապատվորեն։ Սակայն էյֆորիա պետք չէ։ Այլ պետք է, անպայման պետք է հաղթահարել մեր մեջ արմատավորված մարդկային սովորույթները եւ կարողանալ օբյեկտիվ ու ճշմարտացի կերպով նայել երեւույթների էությանը... Չնայած ընթերցողի տհաճ արձագանքին, սակայն համընդհանուր շահի, ապագայում ճիշտ կողմնորոշվելու համար ես պետք է կատարեմ որոշակի պարզաբանում՝ ելնելով այն բանից, որ ավելի հեշտ է առաջ շարժվել, երբ լավ ես պատկերացնում իրերի իսկական վիճակը։ Գործոնները, որոնք դարձան մեր Հաղթանակի հիմքը, բազմաթիվ են։ Ես կխոսեմ միայն մեկի մասին։ Այսպես, ուրեմն՝ մենք հաղթեցինք ոչ միայն այն պատճառով, որ հայ ժողովուրդը զանգվածաբար հերոսական է (ինչպես հաճախ մեկնաբանում են ինքնասիրահարված լրագրողները, գրողները... գրեթե բոլորը, եւ դա ոչ թե հայկական, այլ համընդհանուր հիվանդություն է)։ Բայց ճշմարտությունն այն է, որ բոլոր ժողովուրդներն իրենց բնածին հոգեբանական որակներով կամ հակումներով գրեթե նույնն են։ Չկան առանձնակի հակումներով ժողովուրդներ՝ արիության կամ վախկոտության, բարության կամ չարության, ինտելեկտուալության կամ ապաշնորհության...եւ այլնի հանդեպ։ Իհարկե, նրանց միջեւ գոյություն ունի որոշակի, գենետիկորեն ծրագրված տարբերություն, ավելի ճիշտ՝ որակների, կարողությունների բազմազանություն, սակայն այդ տարբերությունը բացարձակ չէ, ես կասեի՝չնչին է, որը հաշվարկվում է տոկոսային հարաբերությամբ։ Այսպես՝ երաժշտության հանդեպ հակում ունեն բոլոր ժողովուրդները, բայց իտալացիների կամ հնդիկների մոտ այն ավելի շատ է։ Կամ՝ չկա մի ժողովուրդ (քաղաքակրթությունից հեռու ապրող ցեղերից բացի), որ մարդկային մշակույթի մեջ որեւէ լուրջ ներդրում ունեցած չլինի, սակայն տոկոսային հարաբերությամբ հրեաներն, օրինակ, ավելի շատ են տվել... Կամ գրեթե բոլոր ժողովուրդները, որոնք ապրել են Խորհրդային պետությունում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին արժանի կերպով ներկայացվել են (շնորհիվ իրենց անձնական որակների) Կարմիր բանակի բարձրագույն հրամկազմում, այս կամ այն ռազմական պաշտոնում։ Բայց քիչ ժողովուրդների ներկայացուցիչներ են արժանացել «մարշալ» կոչմանը, կամ քչերն են կառավարել ռազմաճակատը... Հասկանալի է՝ նման հաշվարկներն արվում են տեսակարար կշռի սկզբունքով։ 163. ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ։ Քաջարի կամ ծանր զրկանքներ կրած մարդիկ եղել են բոլոր ժողովուրդների մեջ, բայց նրանք հաշվվում են միավորներով... Պարզապես մի ժողովրդի մոտ այդպիսի մարդկանց քանակը տոկոսային հարաբերությամբ կարող է քիչ լինել, մյուսի մոտ՝ ավելի շատ։ Զինված ջոկատի (դասակի, վաշտի կամ գումարտակի) մարտական ոգին կանգուն է մնում մարդկանց փոքր քանակի վրա, որոնք մարտական լիցք են հաղորդում մյուսներին, իրենց հետեւից տանում նրանց... Նույնն է իրավիճակը եւ մարդկանց ընդհանուր խմբի՝ ժողովրդի մեջ։ Պարզապես ոմանց մոտ գեներալ Իվանյաններն ու Յուրի Պողոսյանները... ավելի շատ են, ոմանց մոտ՝ ավելի քիչ, եւ այդ շնորհքը մշտապես գենետիկորեն ծրագրավորված է։ Վարանողների համար..., իսկ այդպիսիք պետք է լինեն, քանզի նույնիսկ համաշխարհային գիտության կողմից այս տեսությունն ընդունված չէ, ավելի ճիշտ՝ նրա համար անհայտ է։ Կոնֆուցիուսը մյուսների համեմատ ավելի է մոտեցել բնության այս հերթական «յոթը փակի տակ» պահված գաղտնիքին, բայց, չգիտես ինչու, չի խորացել «էության մեջ», ըստ իս, նա հետագա փնտրտուքներից խուսափել է այն պատճառով, որ դրանք կհանգեցնեին իր իսկ ստեղծած համակարգի քայքայմանը... Բայց դա առանձին թեմա է։ Եվ այսպես, կասկածողների համար կօգտվենք տրամաբանության եւ հավանականությունների տեսության առումով անվիճելի փաստարկից, ամենաիսկական գործնական զարմանահրաշ փաստից։ Դիմենք 20-րդ դարի պատմությանը (100 տարվա կտրվածքով)։ Նոբելյան ամենամյա մրցանակ շնորհվում է (1901 թվականից առայսօր) վեց ոլորտում մարդկության ավելի ականավոր գործիչներին։ Ընդհանուր առմամբ մոտ 700 մարդ (որոնցից 30-ը՝ կանայք, բայց կանանց մասին՝ հետո...) արժանացել է այդ մրցանակին։ Հրեաների քանակը մրցանակակիրների շարքում ցնցում է ցանկացած երեւակայություն. 37-ը՝ ֆիզիկայի, 27-ը՝ քիմիայի, 39-ը՝ ֆիզիոլոգիայի եւ բժշկության, 10-ը՝ գրականության, 13-ը՝ տնտեսության (40 %) եւ 7-ը՝ խաղաղության բնագավառում. դա մրցանակակիրների ընդհանուր թվի մոտ 1/5-րդն է՝ այն դեպքում, երբ հրեաների թիվը կազմում է աշխարհի բնակչության ընդամենը 0,25 %-ը։ 164. ՈՐՔԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆՔ մայիսյան զինադադարից, այնքան ավելանում են անհանգստության նշանները... այն առումով, որ կնքված հաշտությանը ես վերաբերվել եմ որպես ժամանակավոր երեւույթի, որպես մեծ թայմ-աուտի, որն ուր որ է՝ մեկ կամ երեք տարի հետո պետք է ավարտվի։ Իսկ այս աքսիոմից հանգել եմ մեկ եզրակացություն. լավատեսությունը վերջնական եւ կայուն խաղաղության հաստատման նկատմամբ ուղղակի կախման մեջ է այն բանից, թե որքան արդյունավետորեն կօգտագործվի մեր կողմից հաշտության՝ այդ սահմանափակ ժամանակահատվածը... Հակառակորդի հասարակական գիտակցության կամ միջազգային հանրության դիրքորոշման վրա ազդելու մեկ այլ գործուն միջոց, քան մեր հասարակության, մեր հանրապետության արդյունավետ ինքնակազմակերպման գործում պոտենցիալ ստեղծագործական կարողությունների ցուցադրումն է, չկա։ Ուր է, թե... Հաղթական էյֆորիայի «մեղրամիսը» լկտիաբար ցանկություն հայտնեց հասարակական գիտակցության մեջ «գրանցվել» երկար ժամանակով եւ հետեւյալ ձեւակերպմամբ. «Մեր այս փառապանծ եւ համոզիչ հաղթանակից հետո, այս ամոթալի պարտությունից հետո ազերիները, ճաշակելով սեփական ռազմական ագրեսիայի պտուղների դառնությունը, այլեւս չեն համարձակվի ոտնձգություն կատարել մեր ազատության, մեր հողերի հանդեպ»... Դրանից բխող բացասական, հանգստացնող հետեւանքներով։ Հասկանալի է, որ այս ամենը հասարակական կարծիքի մեջ հաստատվեց ոչ առանց իշխանությունների օգնության... Ինքնափառաբանման , ինքնասիրահարվածության սովորական մարդկային ձգտման պատճառով, բայց հիմնականում իրավիճակի միամիտ քաղաքական հաշվարկի եւ վերլուծության պատճառով, իրավիճակ, որն ստեղծվել է ոչ վերջին հերթին նաեւ Երեւանից ստացվող տեղեկատվության եւ ՀՀ ղեկավարների դիրքորոշման ազդեցությամբ։ Մի խոսքով՝ Արցախի ղեկավարության՝ միջազգային ռազմավարական իրողությունների ժամանակակից եւ ապագա պատկերը համարժեքորեն տեսնելու եւ գնահատելու անկարողության պատճառով... ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ 165. ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐՑԱԽԻ անդրանիկ խորհրդարանը, որն ընտրվել է գնդակների, հրթիռների եւ ռումբերի տարափի տակ, առաջին անգամ կհավաքվի ոչ հապշտապ, խաղաղ իրադրությունում, որպեսզի քննարկի, հանրագումարի եւ նախանշի մեր գործերն ու խնդիրները՝ մեծ ու փոքր,- մտածում էի ես, ինչպես եւ նորմալ մտածող շատերը, եւ անհամբերությամբ սպասում... Բայց, ավա՜ղ։ Անցնում է մեկ ամիս, երկրորդը, երրորդը... Անվրդով լռություն է։ Ասես մեռած է Արցախի քաղաքական դաշտը։ Մի քանի «հետ ու առաջ վազվզող խաղացողներ», որոնք բավարար չեն նույնիսկ մեկ թիմ կազմելու համար... Չքացել, անհետ կորել էին ոչ վաղեմի՝ 80-ականների վերջի հասարակական ավյունն ու կրակը։ Ասես թե մենք խորհրդարան չունենք։ Ասես թե մենք չենք աշխարհին հայտարարել անկախ ժողովրդավարական Հանրապետություն ստեղծելու մասին. մենք չենք գտնվում Համաշխարհային ընկերակցության «մանրադիտակային ուշադրության» նշանացույցի տակ՝ որպես մի օբյեկտ, որը պետք է հասարակական-քաղաքական հասունության, ժողովրդավարական նորմերին համապատասխան, որոնք ծայրահեղ անհրաժեշտ են մեզ, ինքնուրույն կյանքի ընդունակության քննություն բռնի... Եվ դա մեկ էլ այն դեպքում, որ այդ ժամանակ Արցախի գրեթե բոլոր հայտնի գործիչները, այդ թվում եւ՝ ամբողջ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ սկսած Ռ. Քոչարյանից մինչեւ գնդերի հրամանատարները, Գերագույն խորհրդի պատգամավորներ էին հանդիսանում։ ...Իմ բոլոր թախանձագին փաստարկները ԳԽ նախագահի պաշտոնակատարը մերժում էր՝ պատրվակելով «զինվորական պատգամավորների զբաղվածությամբ», որոնց թիվն անցնում էր ԳԽ անդամների մեկ երրորդից։ Խաղաղ կյանքի վեցերորդ ամիսն էր գնում, իսկ հասարակական-քաղաքական կյանքը ցույց չէր տալիս իր գոյության նշանները։ Նրան արհեստականորեն մեռցրել էին։ Այս մեղադրական բառերը ես ասում եմ այն հաշվառումով, որ երբեւէ դրանք որպես վկայություն կծառայեն Պատմության դատի առաջ... Ինչպես եւ հիմա՝ 9 տարի անց, գործադիր իշխանությամբ օժտված անձինք ձգտում էին երկիրն ազատավայր դարձնել իրենց համար։ Նրանք մերժում էին որեւէ մարմնի ենթարկվելու մասին ամեն տեսակ միտք։ «Միահեծան իշխանություն՝ դաժան ուղղահայաց ենթակայություն, եւ վերջ։ Էլ խորհուրդս ո՞րն է, այն էլ Գերագույն, ում հետ պետք է՝ կարծիքներ ենք փոխանակելու։ Ի՞նչ կարիք կա իզուր ժամանակ կորցնել «կոլտնտեսային ժողովների» վրա։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ցուցում տալ։ Վերեւ Աստված, ներքեւ՝ մենք։ Իսկ այն, ինչ գրված է սահմանադրական օրենքում՝ դա իրավաբանական ձեւականություն է, դեկորատիվ տուրք ընդունված քաղաքակիրթ նորմին, որը պետք է արտաքին աչքին»։ Մոտավորապես այսպես էր դատում եւ իր առաքելությունը որոշում արցախյան քաղղեկավարությունը։ Առավել եւս՝ նրանք նախակարապետներ չեն եղել եւ միայնակ չեն։ Պետության կառավարման այդ միջնադարյան բանաձեւը, որով զինված են բոլոր մեծ ու փոքր նախագահները եւ ուդելային իշխանները, ԱՊՀ-ի ամբողջ տարածությունում, լիովին հաջողությամբ փորձարկում անցավ։ «Լիովին հաջողությամբ»՝ մի խումբ մարդկանց համար... 166. ԱՅԴՊԵՍ ԷԼ ԴՐԱԿԱՆ պատասխանի չհասնելով ԳԽ նախագահի պաշտոնակատարից, որն, իհարկե, չէր կարողանում, ինչքան էլ որ ցանկանար, Ռ. Քոչարյանի կամ Ս. Բաբայանի դիրքորոշմանը հակառակ ինքնուրույն որոշումներ ընդունել, ես վճռեցի բարձրագույն ղեկավարության ինքնավստահ ծանրամտության վրա ազդելու այլ մեթոդի դիմել։ Այն է՝ սույն աղաղակող թյուրիմացությունը դնել հրապարակային՝ եթե ոչ քննարկման, ապա՝ համենայնդեպս, ի ցույց։ Հոկտեմբերին մի հոդված գրեցի՝ «Եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ...»։ Այստեղ անպայման պետք է կանգ առնել եւ ընդգծել, որ այն (հոդվածը) հրապարակվեց այն հանգամանքի շնորհիվ, որ գլխավոր հանրապետական թերթի խմբագիրն էր Գեղամ Բաղդասարյանը։ Մյուս խմբագիրները, որ եղել են նրանից առաջ ու հետո (բացառությամբ՝ ներկայիս խմբագրի), կամ կամայականորեն կմերժեին այն՝ որպես «խռովարարականներ»՝ «փութաջանություն» ցուցաբերելով «պետական ծառայությունում», կամ էլ մերժում կստանային՝ թույլտվության համար դիմելով վերադաս ղեկավարությանը։ Թեպետեւ իշխանությունների հասցեին «խռովարարական», այսինքն՝ շիտակ ու բացահայտ, խիստ քննադատություն այնտեղ չկար. ես պարզ ու հասկանալի բացատրում էի. ինչի՞ համար գոյություն ունի ժողովրդական ներկայացուցիչների խորհուրդը (ԳԽ-ն), եթե նա ասելիք չունի մեր պատմության այսչափ բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում... Ենթադրենք՝ գործադիր իշխանությունում են հայտնվել միայն հանճարեղ քաղաքական գործիչներ, որոնց լավ կլիներ չխանգարել աշխատելու. այդ դեպքում առավել եւս նրանք պետք է գիտակցեն, որ մեր ներքին կյանքը շահագրգիռ տերությունների՝ ոնց որ ափի մեջ։ Ջայլամային կեցվածք ընդունելը հիմարություն է... Ախր, ո՞ր դարում ենք ապրում. հիմա չէ՞ որ խոտի վրա իջած թիթեռը լուսանկարում են արբանյակից։ Մի՞թե կարող ես նրանցից թաքցնել Դեմոկրատիզմի գլխավոր ինստիտուտի նկատմամբ այսչափ ակնհայտ քամահրական վերաբերմունքի փաստը։ Դեմոկրատիզմ, որին հետեւելն ավելի շուտ մեզ կհասցնի առաջադրված նպատակին, քան որեւէ այլ բան... Իհարկե, ներգործեց։ Մամուլը, իր ամենաճգնաժամային ժամանակներում էլ, այնուամենայնիվ, մնում է որպես ինչ-որ որոշակի ուժ կրող։ Եթե նույնիսկ ընդամենը 100 ընթերցող նա ունի։ Գերագույն խորհրդի նիստը նշանակվեց նոյեմբերին։ ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԼԻՆԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐԸ 167. ԻՄ ԵԼՈՒՅԹԻ բովանդակությունը բոլորի համար նորություն հանդիսացավ. բայց ոմանց համար՝ տհաճ-շշմեցուցիչ, ուրիշների եւ մեծամասնության համար՝ հաճելի սիրտ թեթեւացնող, ոնց որ պատահական զով զեփյուռ՝ տոթ եղանակին։ Ես մոտավորապես հետեւյալն ասացի. «... Այսօր արցախցիների գործերը, կարելի է ասել, լավ են գնում։ Լավ՝ պատերազմի մեջ ներքաշված մյուս ժողովուրդների համեմատությամբ։ Բայց ինքնին, առանց ուրիշների հետ համեմատելու, ասել՝ մեր գործերը լավ են, սուտ կլիներ։ Քաղաքականությունից (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին) գլուխ հանող մարդկանց համար պարզ երեւում է, որ գալիք վաղը ոչ մի լավ բան չի խոստանում։ Ոչ մի լավ բան՝ կենսական իրողությունների հանդեպ այսպիսի մոտեցմամբ։ Դուք բոլորդ լավ գիտեք, որ մեր հիմնական դժբախտությունը հնարավորությունների սահմանափակությունն է. տնտեսական, աշխարհագրական, մարդկանց թվաքանակով։ Դա, ենթադրենք, պատմության մեղքն է, ճակատագրի կամ էլի ինչ-որ հանգամանքների, բայց կան դժբախտություններ, որոնք մենք ի զորու ենք եւ պարտավոր ենք շտկել։ Մենք պետք է առավելագույն օգուտը քաղենք ունեցածից, ստեղծված իրադրությունից, սակայն կատարվում է հակառակը... Որպեսզի ավելի հստակ իմանալ՝ ինչ անել եւ ինչպես անել, պետք է ավելի հստակ տեսնել իրերը, պետք է ասել ճշմարտությունը։ Թե չէ՝ ինչպե՞ս կարող է բժիշկը բուժել հիվանդին՝ չիմանալով ճշմարտությունը նրա օրգանիզմի վիճակի մասին։ Ցավոք, այսօրվա վրա մեզ մոտ ստեղծվել է այն անառողջ, բարոյազուրկ իրադրությունը, որը տիրում է Մոսկվայում, Երեւանում եւ ԱՊՀ-ով մեկ ամենուրեք։ Իսկ բարոյազրկությունն ու ճշմարտությունը երկու փոխադարձաբար բացասող վիճակներ են։ Բայց մենք թույլ չենք... ղարաբաղցուն միշտ, բոլոր ժամանակներում ուրիշներից տարբերել են (այն ժամանակ ես դրան հավատում էի, իսկ ներկայումս՝ ոչ այնքան.- Ծան.) նրա շիտակությունը, անկեղծությունը եւ պարզասրտությունը։ Դրանք էլ մենք ժառանգություն ենք ստացել։ Դրանք մեր արյան մեջ են, նստած են մեր գեներում։ Ուրեմն՝ մի՞թե ... (Այստեղ արցունքներս սեղմեցին կոկորդս, այդպիսի րոպեներին իմ արցունքներից չեմ ամաչում, թեպետ, ըստ իս, ավելի լավ կլիներ՝ դրանք չլինեին։ Հավանաբար, նման ձեւով մեր սիրտը բեռնաթափվում է ավելորդ ու վտանգավոր լարվածությունից։ Ես ստիպված էի ընդհատել, եւ նախագահողը տասը րոպեով ընդմիջում հայտարարեց։ Ի դեպ, ինձ ասել են, որ հեռուստատեսության արխիվում պահպանվել է իմ այդ ելույթի տեսագրությունը... Կարծում եմ՝ երբեւէ, երբ կանհետանա ավտորիտարիզմի ռեժիմը, եւ վրա կհասնեն շատ թե քիչ արդարացի ժամանակներ, ինձ համար հոբելյանական մի օր ցույց կտան այդ կադրերը... Անձամբ ինձ դրանք պետք չեն, հասարակությանը՝ նույնպես,- իշխանությունների կողմից չափից դուրս շատ բացթողումներ են թույլ տրվել,- հազիվ թե որեւէ կերպ կարելի է շտկել իրավիճակը... Այդ դեպքում ինչի՞ համար եմ գրում։ Ամեն ոք (ազատ ընտրության պայմանով) անում է այն, ինչում նրա հոգին (նրա սիրտը, ներքին կերտվածքը) անդորր կամ բավարարվածություն է գտնում։ Իմ մեջ հանուն ընդհանուր շահի, հանուն արդարության պայքարի ջիղ է դրված։ Դրված է հակում դեպի քաղաքականություն, դեպի փիլիսոփայություն, դեպի, երկուսն էլ միաձույլ կերպով, քաղաքական փիլիսոփայություն։ Մեկ էլ՝ գրում եմ Պատմության համար։ Փորձի համար։ Դատի համար...)։ Որոշ ժամանակից հետո շարունակեցի իմ ճառը։ Մի՞թե ֆիզիկական, նյութական գոյության կարիքն այնքան մեծ է, որ տեղ չի թողնում հոգեւորի համար։ Չէ՞ որ, ախր, եղել են ավելի մեծ սովի, ցրտի ժամանակներ, սակայն բարոյական սկզբունքներն այսչափ չեն կոխկրտվել։ Շատ դժբախտություններ կարելի է թշնամու վրա գցել... բայց այստեղ մեր՝ ձեզ հետ միասին, ուղղակի մեղքն է առկա։ Թեեւ ինձ համար տհաճ է, բայց ստիպված եմ ընդգծել, որ առանձնակի մեղք ունեն նրանք, ովքեր տիրում են իշխանության իրական լծակներին։ Խուփը գլորվեց, ինչպես ասում են, պուտուկը գտավ։ ...Մենք ձեզ հետ միասին, ճակատագրի, թե պատահականության կամոք, որ իրավունք ենք ստացել լուծել մեր երկրամասի կենսական հարցերը, պարտավոր ենք ճշմարտությունն ասել, ասել համարյա այն, ինչ մտածում ենք։ Ես, որպես պատգամավոր եւ Արցախի ազատագրության համար պայքարին նրա սկզբնավորման առաջին իսկ օրից ակտիվորեն մասնակցող քաղաքացի, իմ ելույթում հետեւյալ նպատակն եմ հետապնդում. Ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ Գերագույն խորհրդին անհրաժեշտ է ԼՂՀ իշխանության կառույցներում փոփոխություններ կատարել այն փոփոխությունների հիման վրա եւ դրանց համապատասխան, որոնք տեղի են ունեցել մեր հասարակության ռազմաքաղաքական, տնտեսական եւ բարոյահոգեբանական կյանքում։ Այս հարցի վերաբերյալ որոշման քննարկումն ու ընդունումը չպետք է լինեն հապճեպ, բայց եւ չպետք է երկար ժամանակով հետաձգվեն։ Հիմա, այս նիստում, ես առաջարկում եմ քննարկել իմ կողմից առաջարկված հարցը, իսկ դեկտեմբերին կրկին հավաքվել եւ ընդունել վերջնական որոշումը։ Նախագահողին խնդրում եմ իմ ելույթից հետո քվեարկության դնել հերթական նիստի հրավիրման կոնկրետ օրվա մասին հարցը, որովհետեւ շատերը ոչ մի փոփոխություն չեն ցանկանում՝ հարմար են տեղավորվել... Չեն հասկանում, որ եթե նավը սուզվում է, ապա՝ ինչ տարբերություն, թե որտեղ եւ ինչպես ես դու տեղավորված՝ հարմար նավասենյակո՞ւմ, թե՞ ցուրտ ու կոպիտ տախտակամածին... Ես համարձակվում եմ այսպես պնդել, քանզի այսօրվա նիստի նախաձեռնողն եմ եղել եւ գիտեմ, թե ինչ դժվարությամբ է այն հաջողվել...»։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 26, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՄԵԿ ՇՏՐԻԽ՝ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 162. ԱՅՈ ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ մեզ պարտադրված պատերազմում... Ոչ թե պարզապես հաղթեցինք, այլ հաղթեցինք արժանապատվորեն։ Սակայն էյֆորիա պետք չէ։ Այլ պետք է, ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին 1
Բազմաթիվ փորձագետներ հակված են գտնել, որ եթե հանրապետության իշխանություններին չհաջողվի մոտակա ժամանակներում ճնշել ընդդիմադիր ալիքը, ապա, հնարավոր է, նրանք կորցնեն վերահսկողությունը ...ԼԱԶՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Անցյալ դարի 60-ական թվականներին մեր երկրի պատմության մեջ նրա ազատության եւ անկախության պայքարի առումով բավական վառ էջեր են եղել։ 1965թ. մարզի մտավորականության ...ԳՅՈՒՂԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ
.
Վերջերս կառավարության նիստում հաստատվեց գյուղատնտեսության ոլորտում ԼՂՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ծավալներն ու արժեքներն ամբողջացնող ցանկը։ Այս ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 225 պրիմ 1 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ): Ինչպես տեղեկացանք ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ.
.
Նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում Սահմանադրական դատարանում բողոքարկել փետրվարի 19֊ին կայացած ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ.
.
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ, Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը իր համակիրների հետ: Բազմահազարանոց հանրահավաքին ...Գ. ՍԱՀԱԿՅԱՆ.
Պանորամա
Գալուստ Սահակյանի կարծիքով չարտոնված — օրինազանց միտինգները կվերացվեն պետության լիազոր մարմինների կողմից: Պատգամավորն այսօրվա ասուլիսում հույս հայտնեց, որ Լ—ոն Տեր-Պետրոսյանի — ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ«ԿԱՆԱՉ ԵՎ ՍԵՎ». ԱՐՑԱԽՅԱՆ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է...
.ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.NetՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

