
Հրատարակված է Փետրվար 23, 2008
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ...
- Փետրվարի 17-ը կարելի է իրավացիորեն անվանել այն օրը, երբ Կոսովոյի խնդիրը հանգեց իր տրամաբանական ավարտին։ Հենց այդ օրը Կոսովոն հռչակեց իր անկախությունը, գործողություն, որը վաղուց էր սպասվում եւ որը ոչ միանշանակ արձագանք առաջ բերեց միջազգային հանրության մոտ։ Որոշ երկրներ բացասաբար արձագանքեցին դեպքերի նման ընթացքին։ Այսօր Կոսովոյի անկախության հանդեպ ակնհայտորեն դրսեւորվում է երեք հիմնական դիրքորոշում՝ բացասական, դրական, չեզոք։ Պրիշտինայի այդ գործողության հանդեպ առավել ընդգծված բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի Դաշնությունը։ Մոսկվան հայտարարել է, որ չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը։ Ավելին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը պահանջում է, որպեսզի անկախության մասին որոշումը չեղյալ հայտարարվի։ Կոսովոյի անկախության հռչակմանը բացասաբար են վերաբերվում եւ Չինաստանում։ «Կոսովոյի միակողմանի անկախությունը կհանգեցնի այնպիսի արդյունքների, որոնք բացասական լուրջ ազդեցություն կունենան Բալկաններում խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ Կոսովոյում բազմազգ հասարակության կառուցման վրա։ Դրա հետ կապված՝ Չինաստանը խոր մտահոգություն է արտահայտում»,- հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարարությունը։ Կոսովոյի ինքնիշխանությանը դեմ է հանդես գալիս եւ Սլովակիան։ Այդ պետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ընդգծել է, որ ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որին կարող են հետեւել եւ մյուս տարածաշրջանների անջատողականները։ Կոսովոյի անկախության հանդեպ բացասական վերաբերմունք ունեն նաեւ Իսպանիան եւ Ռումինիան։ Միջազգային այդ իրադարձությանը, բնականաբար, դեմ է հանդես գալիս Սերբիան։ Կոսովոյի անկախության ճանաչման նկատմամբ բացասական վերաբերմունք ունի նաեւ Վրաստանը։ Կոսովոյի անկախությունը ողջունում են մի շարք պետություններ։ Կոսովյան անկախ պետականության ճանաչման ակտիվ կողմնակիցներ են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան։ Այդ երկրներն առաջիններից մեկը ճանաչեցին Կոսովոյի անկախությունը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները Կոսովոյի անկախությունը համարում է միջազգային հանրության եւ Եվրամիության հաջողությունը։ Նրա խոսքերով՝ այդ քայլը վերջ կտա խնդրի լուծման լճացած վիճակին։ Կոսովոյի անկախության ամենաակտիվ կողմնակիցներից մեկը միշտ եղել է ԱՄՆ-ն։ Անկախության հռչակումից անմիջապես հետո Վաշինգտոնը ճանաչել է երկրամասի անկախությունը։ Ընդ որում, ԱՄՆ-ում Կոսովոյի անկախության օգտին հանդես են գալիս ոչ միայն գործող վարչակարգը, այլեւ նախագահի հիմնական թեկնածուները։ Այսպես, սենատոր - դեմոկրատ Բարակ Օբաման հայտարարել է, որ Կոսովոյի անկախությունը եզրափակում է այն իրադարձությունների շղթան, որն սկսվել է նախկին Հարավսլավիայի արյունալի փլուզումից։ Իսկ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը Կոսովոյի միակողմանի անկախության ճանաչումը Սերբիայի կողմից անվանել է «պատմական քայլ» եւ կոչ արել Ամերիկայի դաշնակիցներին՝ միանալ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին՝ շտապ ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Բնական է, որ Կոսովոյի անկախությանը կողմ է հանդես գալիս եւ Ալբանիան։ Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան շնորհավորել է կոսովցիներին, շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին, միջազգային այն կազմակերպություններին, ովքեր հանդես են եկել Պրիշտինայի ազատության օգտին։ Կոսովոյի հարցի շուրջ բուռն քննարկումներ են տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Քննարկումների արդյունքում երկրամասի անկախ կարգավիճակը ողջունել են Անվտանգության խորհրդի 5 անդամներ (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Իտալիա), դեմ են հանդես եկել մնացած 11 անդամները։ Ակնհայտ է, որ նման իրավիճակում ՄԱԿ-ի գլխավոր մարմինը չի կարողացել գալ կոնսենսուսի, մանավանդ որ, խորհրդի 5 մշտական անդամներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) երկուսը դեմ էին դրան։ Մնացած պետությունները քիչ թե շատ չեզոք, կարելի է ասել՝ անտարբեր վերաբերմունք ունեն Կոսովոյի անկախության հանդեպ։ Վատիկանն, օրինակ, կոչ է անում Սերբիայի եւ Կոսովոյի քաղաքագետներին՝ զգույշ եւ չափավոր լինել, միջոցներ ձեռնարկել ծայրահեղական արձագանքները եւ բռնությունը կանխելու համար։ Ինչո՞ւ է Կոսովոյի անկախության հռչակումը բեւեռացրել ուժային հիմնական կենտրոններին։ Ինչո՞ւ, օրինակ, անկախության հռչակումը Արեւելյան Թիմորում նման քննարկումների տեղիք չի տվել։ Բանն ան է, որ Կոսովոյի անկախությունը նշանավորել է միջազգային հարաբերություններում եւ ազգամիջյան խնդիրների կարգավորման հանդեպ մոտեցումներում նոր փուլի սկիզբը։ Համաշխարհային պատմության մեջ տեղ են գտել ժողովուրդների ինքնորոշման բազմաթիվ դեպքեր։ 1960-ական թվականներին անկախություն են ստացել Աֆրիկայի նախկին գաղութները, միջազգային ճանաչում են ստացել ԽՍՀՄ նախկին հանրապետությունները եւ Հարավսլավիան։ Այդ դեպքերը, սակայն, պատկանում են տարբեր կատեգորիաների։ Գաղութներն, օրինակ, պատկանում էին ինքնորոշման առաջին կատեգորիային։ Չնայած այն բանին, որ գաղութների մեծ մասի սահմանները ձեւավորվել են ոչ թե պատմական կամ էթնիկական պարամետրերի հիման վրա, այլ ելնելով գերտերությունների աշխարհաքաղաքական եւ տնտեսական առաջնահերթություններից, դրանց փաստորեն հավասարեցրել են գաղութակալների կողմից գաղութացված պետություններին։ Այդ կատեգորիայի անկախության հռչակումը եւ նրա հետագա ճանաչումն այդ երկրների մեծ մասի համար տեղ են գտել համեմատաբար կարճ ժամկետում։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունները եւ Հարավսլավիան պատկանում են այլ կատեգորիայի։ Չնայած այդ երկրների անկախության ճանաչումն ունեցել է իր աշխարհաքաղաքական ենթատեքստը, այդուհանդերձ, առանձնահատուկ էր .նրանով, որ վերոհիշյալ փլուզված պետությունները եղել են դաշնային, եւ միութենական ընդհանուր հանրապետության տեղում մնացել են նրա հավասարասուբյեկտ հանրապետությունները։ Դրանք չճանաչելն ուղղակի անհնար էր։ Ինքնորոշված երկրների երրրորդ խմբի հանդեպ միջազգային հանրությունը մշակել է հատուկ դիրքորոշում՝ չճանաչում։ Հենց դրա համար էլ այդ կարգի պետությունները հաճախ անվանում են չճանաչված։ Իրավական տեսանկյունից այդ պետությունները ձեռք են բերել իրենց անկախությունը՝ տեղական եւ միջազգային իրավունքին համապատասխան։ Բացառություն է կազմում թերեւս Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիայի արդյունք էր։ Այդ կարգի պետությունների չճանաչումը կապված է մի շարք գործոնների հետ։ Այստեղ կային ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ իրավական պատճառներ։ Բանն այն է, որ մինչ այդ միջազգային հանրության համար իրավական առումով ավելի հեշտ էր ճանաչել գաղութային պետությունների կամ նախկին տերության հավասարասուբյեկտ հատվածների, քան կայացած, բայց չճանաչված պետությունների անկախությունը, որոնք մինչեւ ինքնորոշումն այս կամ այն պատճառով ունեցել են ինքնավար կազմավորման կարգավիճակ։ Սակայն այդ երկրներին չճանաչելով՝ միջազգային հանրությունն ինքն իրեն դրել է միանգամայն դժվար կացության մեջ։ Ստացվել է այնպես, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ստացել է ընտրողական բնույթ եւ փաստորեն առաջին երկու խմբի երկրների անկախության ձեռք բերումից հետո դարձել է յուրահատուկ «սառեցված» սկզբունք, որը կարծես թե հանդիսանում է հիմնականներից մեկը, բայց մյուս կողմից դրա կիրառումը սահմանափակվում է քաղաքական - իրավական ինչ - ինչ պատճառներով։ Կոսովոյի անկախության ճանաչումը դարձել է նոր կետ՝ միջազգային հարաբերություններում։ Բանն այն է, որ Կոսովոն, ինչպես եւ մյուս չճանաչված պետությունները, մինչեւ ազգային - ազատագրական շարժումն ունեցել են ինքնավարության կարգավիճակ եւ երեբեք չեն եղել իրավահավասար սուբյեկտ՝ դաշնային պետության մեջ։ Կոսովոն միջազգային հարաբերությունների նորագույն պատմության մեջ անկախության ձեռքբերման միակ նախադեպը չէ։ Նման նախադեպ են հանդիսանում Եթովպիայի կազմում նախկին ինքնավար կազմավորումը՝ Էրիթրեան, որը 1993թ. դարձել է միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն։ Սակայն անկախությանը նախորդել է 30-ամյա արյունահեղ պատերազմը, որն ավարտվել է եթովպիական զորքերի լիակատար եւ կործանարար պարտությամբ։ Արդյունքում Եթովպիան ճանաչել է Էրիթրեայի անկախությունը։ Բայց Կոսովոն միջազգային ճանաչում է ստացել առանց նախկին մայր պետության՝ Սերբիայի համաձայնության։ Իսկ դա արդեն միջազգային հարաբերություններում նոր փուլի սկիզբ է նշանակում։ Այսպիսով՝ ճանաչելով Կոսովոն, միջազգային հանրությունը հաստատեց անկախության ճանաչման հնարավորությունը նաեւ ինքնորոշված երրորդ կատեգորիայի պետությունների համար, եւ դա այն դեպքում, երբ դրան դեմ է հանդես գալիս մայր պետությունը։ Հենց դրա մեջ է Կոսովոյի նախադեպի առանձնահատկությունը։ Կոսովոյի ճանաչումը խիստ դրականորեն կանդրադառնա նաեւ ժողովրդավարության զարգացմանն ու արմատավորմանը աշխարհում։ Գաղտնիք չէ, որ ամբողջատիրական եւ ոչ ժողովրդավարական պետությունները, ճնշելով իրենց կազմի մեջ մտնող ժողովուրդներին, շատ բանով իրենք են ազգային -ազատադրական շարժումների պատճառ դառնում։ Օգտվելով այն բանից, որ միջազգային հանրությունը գաղութատիրական համակարգի եւ սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո որոշակի բարդություններ է զգում ինքնորոշված սուբյեկտների (որոնք չեն մտնում առաջին երկու կատեգորիայի մեջ) ճանաչման հարցում, ոչ ժողովրդավարական եւ ամբողջատիրական պետություններն ավելի են խստացրել իրենց քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ՝ վստահ լինելով, որ այդ դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքն առաջնահերթ կլինի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից։ Կոսովոյի ճանաչումից հետո դրան դիմելն ավելի դժվար կլինի։ Կոսովոյի անկախության ձեռքբերման հնարավորությունը ոչ միանշանակ արձագանք է ունեցել աշխարհում։ Շատերը վախեցել եւ վախենում են, որ Կոսովոյից հետո անկախության ձեռքբերման ուղի դուրս կգան եւ մյուս կազմավորումները։ Դա, իհարկե, բացառել չի կարելի, սակայն ոչ բոլոր ժողովուրդները կամ կազմավորումներն են ի վիճակի ունենալ բավականաչափ բարոյական եւ նյութական պաշարներ՝ իրենց անկախ պետականության կառուցման համար։ Բացի այդ, միջազգային հանրությունն ունի նոր ամբողջատիրական եւ ոչ դեմոկրատական դրսեւորումների կանխման միանգամայն արդյունավետ մեխանիզմներ։ Դրա համար անհրաժեշտ է անշեղորեն պահպանել երկու կարեւոր պայման։ Նախ՝ դեռ չճանաչված պետությունը պետք է ավելի ժողովրդավարական լինի, քան՝ նախկին մայր պետությունը։ Միայն այդ դեպքում տվյալ սուբյեկտի անկախության ճանաչումը կհանգեցնի երկու անկախ եւ ժողովրդավարական պետությունների ստեղծմանը՝ մեկ նախկին ամբողջատիրական մայր պետության փոխարեն։ Իսկ եթե անկախության ուղին բռնած պետությունն ինքը ամբողջատիրական է եւ նրա ճանաչումն ունի զուտ աշխարհաքաղաքական համատեքստ, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ ժողովրդավարության եւ նախկին մայր պետության վրա։ Արդյունքում երեւան կգան երկու ամբողջատիրական պետություններ՝ նախկին մեկ մայր պետության փոխարեն։ Կարծում ենք՝ կարիք չկա բացատրել, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Երկրորդ պայմանը չճանաչված պետության ճանաչման կիրառման ունիվերսալությունն է, եթե այն ավելի ժողովրդավարական է, քան՝ նախկին մայր պետությունը։ Եթե անկախության ուղին բռնած, թեկուզ եւ չճանաչված, պետությունը համապատասխանում է նշված չափանիշներին, ապա այդ պետությունը, բնականաբար, պետք է ճանաչվի։ Անկասկած՝ նման պետությունների շարքին է դասվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը բոլոր առումներով արժանի է միջազգային ճանաչման։ Կարելի է միանգամայն վստահորեն ասել, որ մեր հանրապետության անկախության ճանաչումը սոսկ ժամանակի խնդիր է։ Քաղաքագետ

- ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 23, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՎԵԼՈՐԴ Է ՀԱՄԱՐԵԼ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
.
Այսօր` փետրվարի 22-ին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հարցերին: Բակո ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ...
ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Փետրվարի 17-ը կարելի է իրավացիորեն անվանել այն օրը, երբ Կոսովոյի խնդիրը հանգեց իր տրամաբանական ավարտին։ Հենց այդ օրը Կոսովոն հռչակեց իր անկախությունը, գործողություն, որը վաղուց ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
153. ՔԱՂԲԱԺՆՈՒՄ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ոչ վատ ԹԻՄ ստեղծեցի. Սերժ Առուշանյան, Էդիկ Պետրոսյան, Սենոր Հասրաթյան, Վարդգես Ուլուբաբյան, Վարդգես Օվյան... Այդ ժամանակվանից սկսեց թողարկվել «Գոյամարտ» ...ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մարդ կա շքանշանով, կոչմամբ ու պաշտոնով միայն կարող է գեղեցիկ երեւալ, իսկ մարդ էլ կա, որ ինքն է իր էությամբ, նվիրումով ու վաստակով գեղեցկացնում, իմաստավորում այդ պարգեւները: Ու ...ՆՊԱՏԱԿԸ ՄԱՐԴՈՒ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է
.
Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի (ԱՖ) նիստը, որը վարում էր նրա նախագահ Արա Ղահրամանյանը։ Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 2007թ. կատարած ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է...
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
.ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՌՈՒ ՉԷ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

