
Հրատարակված է Փետրվար 19, 2008
ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
- Մի տեսակ սովորություն է դարձել. խոսելով Արցախյան շարժման մասին, վերհիշել նրա ամենանշանավոր, ամենահայտնի գործիչներին։ Խոսք չկա, առանց նրանց դժվար է պատկերացնել ղարաբաղցիների ազատագրական պայքարի ծագումն ու ամբողջ ընթացքը։ Բայց եւ դժվար է պատկերացնել այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակն առանց 12-14 տարեկան տղեկների, որոնք մեծացան՝ ճակատագրի կամոք դաստիարակվելով եւ թրծվելով հենց Շարժման դարբնոցում ու մեկնեցին կռվի, քանի որ, ինչպես իրենք են ասում, իրենց համար պատիվ էր պայքարել հանուն հայրենիքի անկախության։ 14-ամյա Լեւոն Սիմոնյանի, ինչպես եւ նրա շատ հասակակիցների համար հետաքրքիր էր, թե 1987-ի վերջին եւ 88-ի սկզբին ինչով էին զբաղված այդքան մտազբաղ ու խստադեմ մեծերը։ Փորձեցին միանալ, բայց... արգելեցին ու այն էլ՝ խստիվ։ Ստիպված էին դիտել կողքից։ Սակայն լավ էին հասկանում, վերհիշում է Լեւոնը, թե ինչն ինչոց է, չնայած ոչ ոք ոչինչ չէր բացատրում իրենց։ Լավ էին հասկանում, որ դա ճիշտ տարբերակն է։ Չնայած չէին պատկերացնում, որ այդ ամենը կավարտվի պատերազմով։ Տող գյուղը, որտեղ ծնվել ու մեծացել է Լեւոնը, ամբողջ Հադրութի շրջանում եւ ողջ Ղարաբաղում իր տեսակի մեջ միակն է։ Պատմական գյուղը՝ Դիզակի մելիքների նախկին նստավայրը, որը փառաբանված է իր մարտական ոգով, հզոր հարեւանների, զորքերի դեմ տարած հաղթանակներով, տարբեր դարերում կառուցված եկեղեցիներով, 20-րդ դարի կեսին ու վերջին, երբ այն բռնի կերպով բնակեցնում էին ազերիների քոչվոր ցեղերով, ապրում էր իր համար ոչ լավագույն ժամանակները։ Ազգամիջյան խուլ թշնամանքից (որը, չնայած, «ջրում» էին ինտերնացիոնալ բարեկամության օշարակով) գյուղը եռում էր՝ ինչպես հրաբուխ։ Զարմանալի չէ, որ Շարժման հենց սկզբից թշնամանքը վերաճեց բացահայտ դիմակայության։ Եվ նման իրավիճակում ապրեց ու աճեց տղեկ-պատանիների սերունդը, որը մի կողմից հասկացավ, ինչպես իրենք են արտահայտվում, ինչն ինչոց է, մյուս կողմից էլ՝ մինչեւ հասակ առնելը ավագների կողմից դատապարտված էին դիտորդի դերում մնալ։ Իսկ ինչպե՜ս էին ուզում ապացուցել, որ իրե՛նց վրա էլ արդեն կարելի է հենվել... 1988թ. ամառն էր, դեռ հանրահավաքներ էին ընթանում։ Բայց զուգահեռաբար հասունանում էր մեկ այլ բան։ Տղաների համար դա մի այնպիսի ժամանակաշրջան էր, երբ փողոցային ծեծկռտուքը, կռիվները հակառակ ճամբարի հասակակիցների հետ արդեն վերաճել էին քարերով պատերազմի։ Սակայն ուզում էին անել ավելին։ Ընկերոջ՝ Աշոտի հետ, որը թեկուզ մեկ տարով փոքր էր, բայց ավելի ճարպիկ էր ու նախաձեռնող, որոշեցին գյուղխորհրդի շենքի տանիքից հանել այնտեղ ծածանվող ադրբեջանական դրոշը։ Դեպքը երկար սպասել չտվեց։ Ազերիները հավաքվեցին դպրոցի բակում (այն ժամանակ գյուղում նրանք այնքան շատ էին, որ գյուղխորհրդի փոքր բակում բոլորը չէին տեղավորվում - Ս.Բ.) ինչ-որ ժողովի։ Կեսօրին մոտ էր, գյուղում անցուդարձ չկար։ Աշոտի հետ մեկտեղ հանգիստ մոտեցան գյուղխորհրդի շենքին, բարձրացան տանիքը եւ հանեցին դրոշը։ Նույնքան հանգիստ հեռացան՝ այն թաքցնելով կողքին կառուցվող շենքի աղբանոցում։ Ինչ-որ մեկը հեռվից տեսել էր տղաներին, ուրեմն, պետք էր պատասխան տալ արածի համար։ Բայց ծնողներին հաջողվեց մի կերպ պաշտպանել նրանց։ «Աշոտի հետ շատ «օյինբազություններ» էինք արել։ Հիշում եմ, դրա պատճառով մեր ծնողները վիճում էին իրար հետ, միմյանց մեղադրում, թե այդ ամենի մեջ մեղավորը մյուսի որդին է։ Դե, մենք էլ մերն էինք անում»։ Փողոցային կանոնները գնալով խստանում էին, ադրբեջանցի հասակակիցների հետ հաշվեհարդարն ընթանում էր միայն քարերի լեզվով։ Տղաները հասկացան, որ միացումն այդքան հեշտ չի ստացվի։ Նրանք չէի՞ն վախենում այդ իրավիճակում. չէ՞ որ Տողի փողոցներով անգամ քայլելն այն ժամանակ վտանգավոր էր։ Լեւոնի պատասխանը չափազանց պարզ էր. «Այն ժամանակ վախենալը պատիվ չէր բերում։ Այսօր շատ տղաներ ձգտում են խուսափել ծառայությունից։ Բայց այն ժամանակ պատերազմ գնալը պատիվ էր։ Իսկ վախեցողներին մենք չէինք հարգում»։ «91-ի ամռանը իրավիճակն սկսեց շիկանալ,- իր հիշողություններն է կիսում Լեւոնը։ - Ադրբեջանական օմոն-ը խորհրդային բանակի ստորաբաժանումների հետ միասին արդեն լրիվ «հաշվել էր տեղացիների ատամները»։ Աշնան սկզբներին մինչեւ ուղնուծուծը լկտիացած ազերիները գիշերն այրեցին մեր տունը՝ համոզված լինելով, որ ընտանիքի անդամները տանն են, որ մենք ծխից ու շմոլ գազից ուր-որ է՝ դուրս կվազենք, եւ նրանք կգնդակահարեն մեզ, ինչպես հետագայում արեցին Դանիելյանների ընտանիքի հետ։ Բոլորս, բացի մայրիկից, տանն էինք։ Եվ դա Աստծո կամոք էր, քանի որ նրա հետ ավելի դժվար կլիներ՝ մի կերպ դիմանալով ածխաթթու գազին (սպասելով, որ ազերիները սպասելուց հոգնելով, կհեռանան), ահագնացող ծխից խեղդվելով, գաղտնի դուրս գալ վառվող տնից։ Ազերիները հեռացան՝ համոզված իրենց անպատժելիության մեջ եւ ուղղվեցին դեպի Դանիելյանների տունը։ Անկոչ հյուրերին դիմավորելու դուրս եկան տան տղամարդիկ, որոնց տեղնուտեղը բակում գնդակահարեցին, իսկ տուն մտնելուց սպանեցին մյուսներին։ Միայն տատն էր հասկանում, որ նման գազաններից փրկություն չկա, եւ երկու փոքրիկներին հրել էր մահճակալի տակ, սաստելով, որ անգամ ծպտուն չհանեն, իսկ ինքը պառկել մահճակալի առաջ։ Նա իրենով ծածկել էր երեխաներին։ Մի կերպ փրկված Արմեն եւ Արթուր Դանիելյաններին որդեգրեց հորաքույրը»։ Դանիելյանների ընտանիքի սպանությունը կանխորոշեց դիմակայության ելքը։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 30-ին, եղավ Արցախում առաջին կազմակերպված մարտը լեգենդար Կոմանդոսի հրամանատարությամբ։ Հին հայկական ազնվականական Տող բնակավայրը վերջնականապես ազատագրվեց օտար շնչից։ Ռազմագործողությունը, որին երկար եւ մանրակրկիտ էին պատրաստվել, անցավ բարեհաջող՝ առանց հայկական կողմից զոհի։ Գործողության ընթացքում ադրբեջանական կողմից ոչ մի խաղաղ բնակիչ չէր սպանվել, բայց լուսադեմին գյուղում ադրբեջանցու հետք անգամ չէր մնացել. նրանց միջանցք էր տրամադրվել Ֆիզուլի հասնելու համար։ Գյուղի լիիրավ եւ միահեծան տերը դարձան հայկական ինքնապաշտպանական ջոկատները։ Դրվեց գյուղի նոր, նախնիներին արժանի կյանքի սկիզբը։ Իհարկե, երեկվա դեռահասներին, որ արդեն պատանիներ էին, դարձյալ չթույլատրեցին խառնվել մեծերի գործերին։ Սակայն նրանք տեսնում էին, որ իրական (ոչ կինոնկարային կամ գրքային) հերոսներն իրենց կողքին են։ Եվ նրանց հետ կարելի էր մարտի գնալ։ Գիտեին՝ իրենց հերթն էլ կհասնի, եթե ոչ այսօր, ապա՝ վաղը։ Ավագներն էլ համոզվեցին, որ նրանց վրա կարելի է հույս դնել։ «Մենք 17, 18 տարեկան էինք,- պատմում է Լեւոնը,- եւ աստիճանաբար սկսեցինք ներքաշվել ռազմագործողությունների մեջ։ Հիշում եմ Խծաբերդի մոտակայքի բարձունքի գրավման գործողությունը, որն առաջինն էր իմ կյանքում։ Առաջին խումբը, որը գլխավորում էր Արմենչոն, եւ որի խմբում էինք ես եւ իմ հասակակիցները՝ Անդրեյը (Ստեփանյան - Ս.Բ.), Սամվելը (Սավադյան), Արարատը (Սարգսյան), Միշոն (Ստեփանյան), խրամատավորվեցինք՝ սպասելով մյուս խմբերին։ Մարտը հաջող անցավ, սակայն բարձունքը դժվար էր պահել։ Մենք հեռացանք, որպեսզի ավելի լավ պատրաստվենք հերթական մարտին։ Սակայն «Ուրալը» պայթեց ականի վրա, ծանր վիրավորվեց վարորդը՝ Խորեն Հայրապետյանը, ավելի թեթեւ՝ հրամանատարը։ Առանց Արմենչոյի տղաներից շատերը չէին ուզում մարտի գնալ, բայց ես եւ մյուս տղաները մեկ այլ հրամանատարի՝ Վաչիկ Հայրիյանի հետ մասնակցեցինք ուրիշ ռազմագործողությունների։ Հիշում եմ, մարտեր էին ընթանում «Կարվին»-ի համար (Տողից 6-7 կմ հեռավորության վրա). մենք այն գրավեցինք։ Կար մեկ այլ խնդիր. Հայաստանից կռվողները կամ մարտական դիրքում կանգնածները տուն էին գնում, իսկ նրանց, ըստ էության, փոխարինող չկար։ Դիրքերը մնում էին անպաշտպան։ Նրանց կամավոր մենք էինք հերթափոխում։ Այսպես խրամատներում, մարտերում մենք սովորեցինք ռազմական գործի այբուբենը»։ Ապրիլի սկզբից գրավեցինք Տողի տարածքին սահմանակից Գյումուշատտուն, նույնիսկ՝ Կավաք բարձունքը, որտեղից էլ ազերիները հրետակոծում էին մեր ենթաշրջանի գյուղերը։ Սակայն չկարողացանք բարձունքը պահել։ Հաջորդ օրը զոհվեց Վիգեն Գրիգորյանը, ինչը ծանր հարված էր։ Ամռանը մերոնք նորից գրավեցին այդ բարձունքը, այժմ արդեն՝ երկար ժամանակով։ Բարձունքը պահում էր Տողի վաշտը՝ իր երեք դասակներով, որոնց մեջ էր նաեւ մեր երիտասարդական դասակը։ Ցավոք, հուլիսի սկզբներին Հադրութի մերձակայքի մարտերում զոհվեց Արմենչոն, ծանր վիրավորվեց Վիգեն Ավետիսյանը։ Վաշտը զրկվեց այնպիսի քաջարի հրամանատարից, ինչպիսին Արմենչոն էր։ Մարդ, որն, ըստ էության, մեզ օրինակ էր ծառայում ամեն ինչում։ Նրա մահը ծանր տարանք»։ Տղաների համար հոգեցունց էին հուլիսի վերջին օրերը։ Ազերիները հասկանում էին, որ ով տնօրինում է Կավաքի բարձունքը, նա էլ Տողից մինչեւ Ֆիզուլի ողջ տարածքի տերն է։ Կատաղի հարձակումեր էին գործում։ Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերն ազերիները ձեռնարկեցին թերեւս ամենակատաղի գրոհը՝ ոչ մի կերպ չսպասելով էլ ավելի կատաղի դիմադրության։ Այդ գիշեր բարձունքը պաշտպանում էր երիտասարդական դասակը։ Զոհվեցին հինգ հոգի. Լեւոնի ընկեր Աշոտ Հայրապետյանը (որի հետ դեռ փոքր ժամանակից շատ էին չարաճճիություններ արել - Ս.Բ.), համադասարանցի Անդրեյ Ստեփանյանը (ուզում էր մարտադաշտից հանել վիրավոր ընկերոջը, ինքն ընկավ թշնամու գնդակից), Կամո Հասանյանը (իրենից մեկ տարով փոքր), Կարոն, Սամվել-Աֆգանը (նրանք տարիքով մեծ էին)։ Ծանր վերքերով Հադրութ հասցվեցին Գենադի Սավադյանը, Արամայիս Ավետիսյանը, ինքը՝ Լեւոնը, Ռոման Շահնազարյանը, Սարգիսը (զոհված Կարոյի եղբայրը)։ Կային եւ ավելի թեթեւ վիրավորներ։ Այդ օրերի մասին դժվար է դատել, նկատում է Լեւոնը, բայց գուցե եթե ժամանակին օգնության գային, զոհերն այդքան շատ չէին լինի։ Լեւոնը բավականին երկար բուժվում էր Երեւանում։ Վերադարձավ գյուղ։ Երբ ընկերոջ տանը անհետաձգելի գործեր էին լինում, նրա փոխարեն դիրք էր գնում։ Այդ ընթացքում ազերիներից ազատագրել էին Ֆիզուլին, եւ շտաբն արդեն գտնվում էր այնտեղ, որտեղ էլ Լեւոնին թեթեւ աշխատանք առաջարկեցին։ Պատերազմից հետո՝ 1995-96թթ., ծառայել է Հադրութի գնդի հետախուզությունում։ «Բայց շուտով պաշտպանության բանակի շարքերը սկսեցին համալրվել ժամկետային զինծառայողներով,- պատմում է Լեւոնը,- եւ ես հանգիստ խղճով (ինձ նմանները քիչ չէին) կարող էի անցնել պահեստազոր։»։ Հետագայում պահեստի շարքային, երրորդ կարգի հաշմանդամ Լեւոն Սիմոնյանն արժանացավ «Արիության համար» մեդալի։ Երկու տարի առաջ Լեւոնը, հուրախություն ծնողների, վերջապես ամուսնացավ։ Այսօր կնոջ՝ Ռուզանի հետ մեծացնում են Գարեգին որդուն։ - Ի՞նչ մտքեր են հուզում քեզ այսօր, 20 տարվա հեռավորությունից։ - Մենք (նկատի ունեմ իմ սերունդը) այն ժամանակ էլ գիտակցում էինք, որ Շարժումը, պատերազմը Ղարաբաղը չկորցնելու մեր վերջին հնարավորությունն էր։ Ես գիտեմ՝ իմ հասակակիցներից շատերի ծնողներն արդեն պատրաստվում էին հիմնավորվել Կրասնոդարում։ Եթե խաղաղ ճանապարհով չի ստացվել՝ ուրեմն պետք է լուծվեր մեզ պարտադրված պատերազմում հաղթելու ճանապարհով։ Իսկ այսօր, եթե խաղաղությունը երկար շարունակվի, ամեն ինչ, թեկուզ եւ դանդաղ, դեպի լավը կգնա։ Բայց ինձ թվում է, որ վաղ թե ուշ ազերիները կփորձեն նորից պատերազմ հրահրել, որովհետեւ նրանք երկար ժամանակ ու վերջնականապես լռողը չեն։ Կուզենայի Ռուզանը երկրորդ որդին պարգեւեր ինձ։ Այդ դեպքում առանց վախի կարելի կլիներ երկուսին էլ բանակ ուղարկել։ Երբ միակ որդուն ես ուղարկում բանակ, գիշեր-ցերեկ աչքիդ քուն չի գալիս։ Դա նույնն է՝ թե կենդանի մարդուց սիրտը հանեն։ Իսկ եթե երկուսին ես ուղարկում, էլի հույս կա, որ գոնե մեկը կվերադառնա։ Եթե նորից պատերազմ լինի, եւ տեսնեմ, որ իմ կարիքը կա, նորից կգնամ կռվելու։ Իսկ, ընդհանրապես... ես իմ կռիվն արդեն արել եմ, եւ կուզենայի ապրել իմ ընտանիքի համար։ Մենք արել ենք մեր գործը, որպեսզի այն հանձնենք նրանց, ովքեր կգան մեզ փոխարինելու։

- ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 19, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
. 1
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ ՊԱՀՊԱՆԻՐ, ԲԱՅՑ ԵՌԱՆԴԴ ՉԱՓԱՎՈՐԻՐ - Դու ցանկացել ես ամենքին եւ ինձ ցույց տալ, որ քեզ հետ կատակ անելը վտանգավոր է, թեեւ քո հասցեին այդպիսի բան չեմ ասել։ Այո, վատ բնավորություն ...ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ, ԱՅԼ` ՀԻՇԵՑՈՒՄ
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Կոսովոյում եւ նրա շուրջ, հերթական վկայությունն է համաշխարհային պատմության ազատական զարգացումների վերաբերյալ. համախումբ էթնիկ միավորումները, որ փաստացի տնօրինում են որոշակի ...ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Մի տեսակ սովորություն է դարձել. խոսելով Արցախյան շարժման մասին, վերհիշել նրա ամենանշանավոր, ամենահայտնի գործիչներին։ Խոսք չկա, առանց նրանց դժվար է պատկերացնել ղարաբաղցիների ազատագրական պայքարի ծագումն ...ԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն 1
Հայաստանի նախագահական ընտրություններում ժամը 14:00֊-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մեկ երրորդից ավելին՝ 36,5 տոկոսը: Ընտրողների ամենաբարձր ակտիվությունը՝ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
.ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՐՁԻԿ ԿԵՏ
Դե ֆակտոՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԺԱՄԸ 14:00-֊Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՔՎԵԱՐԿԵԼ Է...
Ազատություն
ԱՅՍՕՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
.
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
«ԲԺՇԿԻ ԳՈՎԱԶԴԸ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է»
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ԿՈՍՈՎՈՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ
.ՄԵՆՔ ԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՁՆԵՆՔ ՆՐԱՆՑ...
ՍՈՒՍԱՆՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան, հայագետ Հովսեփ Գաթրճյանը: (Վախճ. 1882թ.-ին):
- 1861 Ալեքսանդր II-ի մանիֆեստը ճորտատիրական իրավունքի վերացման մասին:
- 1869 Լոռում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1889 Էջմիածնում մահացավ հայագետ Ստեփանոս Պալասանյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1922 Թիֆլիսում բացվում է Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

