
Հրատարակված է Փետրվար 14, 2008
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
- -Ձեր պաշտոնավարման անցած չորս ամիսների ընթացքում Դուք այցելել եք հանրապետության շուրջ 170 դպրոցներ։ Ընդհանրական ի՞նչ հիմնախնդիրներ եք արձանագրել։ - Այցի նպատակն էր նախ՝ ծանոթանալ դպրոցների շենքային պայմաններին, ուսումնանյութական բազային, լաբորատորիաներին, ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքին, հանդիպել կոլեկտիվներին եւ շոշափել կադրային հարցեր։ Ընդհանրացված կերպով կարող եմ ասել հետեւյալը. դպրոցաշինության ոլորտում որոշակի աշխատանքներ տարվում են, սակայն այսօրվա դրությամբ դրանք մեզ չեն բավարարում։ Ճշտվել է այն դպրոցների թիվը, որտեղ պետք է իրականացվեն շինարարական աշխատանքներ, եւ դրանց ցանկը ներկայացվել է կառավարություն։ Հուրախություն մեզ՝ շեշտեմ, որ ե՛ւ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում է այս բնագավառն արտացոլված, ե՛ւ մեր կառավարությունն է այսօր ընդգծված քաղաքականություն վարում։ Ըստ մեր պլանի՝ երեք տարվա ընթացքում պետք է իրականացվեն այդ աշխատանքները, որով դպրոցաշինության խնդիրն օրակարգից կհանվի։ - Քանի որ խոսք եղավ շինարարության մասին, ասենք, որ նախկինում դպրոցական շենքերը շահագործման էին հանձնվում որոշ թերություններով, շատ հաճախ դրանք լինում էին ոչ տիպային։ Ինչպե՞ս կլինի այսուհետ։ - Իմ պաշտոնավարման հենց տասներորդ օրը շինարարության նախարարի հետ պայմանավորվել եմ, որ այսուհետ, մինչեւ դպրոցական շենքերի շինարարությունն սկսելը, պետք է ծանոթանանք դրանց նախագծերին. անպայման լինի նաեւ մեր թույլտվությունը։ Նախկինում դա չէր արվում։ Շենքը կառուցում էին՝ առանց օժանդակ հարմարությունների, առանց մարզադահլիճի, զենքի պահպանման սենյակի, տարածքի, առանց ցանկապատի, եւ դա անվանում դպրոց։ Սա ընդունելի տարբերակ չէ։ Անգամ բարեգործական խողովակներով ընթացող դպրոցաշինության ժամանակ, եթե բարեգործի նյութական միջոցները չբավարարեն համալիր շենքի կառուցմանը, նման դեպքում կառավարությունն է հոգալու մնացած ծախսերը։ Այս պայմանավորվածությունն արդեն ձեռք ենք բերել։ Անգամ շինարարական աշխատանքների որակը պետք է վերահսկվի մեր համակարգի կողմից։ - Իսկ ի՞նչ կասեիք դպրոցների ուսումնանյութական բազայի մասին։ - Միանշանակ ասեմ, որ այն բավականին թույլ է, շատ դպրոցներում նույնիսկ բացակայում է, իսկ որտեղ էլ կա՝ խիստ աղքատիկ է։ Ունեցածը խորհրդային տարիներից մնացած ուսումնանյութական բազան է կամ էլ վերջին տարիներին նախարարության տրամադրած ֆիզիկայի կամ քիմիայի մի քանի լաբորատորիաները։ Եղածը շատ հեռու է բավարար կոչելուց։ Այսօր մենք ունենք 170 միջնակարգ դպրոց, իսկ նախարարությունը կարողացել է վերոնշյալ լաբորատորիաներ ձեւավորել միայն 35-ում։ Եթե չկա ուսումնանյութական բազա, անիմաստ է խոսել ուսման բնականոն գործընթաց ապահովելու մասին։ Պետբյուջեով այս տարի նախատեսվել է շուրջ 200 մլն դրամ՝ դպրոցական գույքի եւ ուսումնանյութական բազայի համար։ Եթե այս տեմպերով գնանք, երեք տարվա ընթացքում լրիվությամբ կլուծենք դպրոցական գույքի, իսկ հինգ տարում՝ լաբորատորիայի հարցը։ Կա նաեւ այն ուրախալի փաստը, որ այսօր մեզ ձեռք են մեկնում բարերարները։ Օրինակ՝ «Հայկական դպրոց» կազմակերպությունը Ստեփանակերտի 1-ին դպրոցին գույք է տրամադրել, եւ այսպիսի մի մեծ դպրոցի գույքի հարցն արդեն օրակարգից հանվել է։ Նման օգնություններ տարվա ընթացքում, հուսով եմ, էլի կլինեն, եւ դպրոցների գույքի հարցը ակնկալում ենք լուծել ոչ թե երեք տարում, այլ՝ ավելի սեղմ ժամկետում։ - Կրթական համակարգը գտնվում է բարեփոխումների ճանապարհին։ Մասնավորապես՝ հանրակրթությունն անցած տարի անցավ 12-ամյա ուսուցման, մասամբ ներդրվեց միասնական քննակարգը։ Հետագա ի՞նչ քայլեր են սպասվում։ - Բարեփոխումներն ընթացքի մեջ են։ 12-ամյա կրթությունը, ինչպես գիտեք, սկսեցինք 6 տարեկաններին ուսուցման մեջ ներգրավելուց։ Դասագրքերի, ծրագրային, մեթոդական նորույթների հետ կապված՝ դասավանդող ուսուցիչների համար մի քանի փուլով վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեցին։ Դրանք շարունակական բնույթ կկրեն. նոր դասագրքեր, ծրագրեր, մեթոդական ձեռնարկներ, վերապատրաստման դասընթացներ։ Այս գործընթացը կշարունակվի մինչեւ 12-րդ դասարան։ Ինչ մնում է միասնական քննություններին, արդեն գիտեք, որ ընթացիկ ուսումնական տարեվերջին շրջանավարտները հայոց լեզու, գրականություն առարկայից բացի քննություն կհանձնեն նաեւ մաթեմատիկայից եւ օտար լեզուներից։ Իսկ մյուս տարի նախատեսվում է միասնական քննություն բոլոր առարկաներից։ Եվ այսպիսով, ընդունելության քննությունը որպես երեւույթ կվերանա։ Ընթացքի մեջ է «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի մշակումը։ Երկրորդ եռամսյակում այն կներկայացնենք լայն քննարկման։ Դրան դեռ կանդրադառնանք հանգամանորեն։ Իսկ այժմ մի քանի խոսքով ուզում եմ ընդգծել երկու պահ. ավագ դպրոցի հայեցակարգը եւ ուսուցիչների ատեստավորումը։ Առաջինը բխում է երեխայի ինքնուրույն աշխարհայացքի ձեւավորման անհրաժեշտությունից։ Պարտադիր ուսումը լինելու է 9-ամյակը, իսկ 10-12-րդը լինելու են բնագիտական, հումանիտար, արհեստագործական հոսքով դասարաններ։ Այս տարի ավագ դպրոցի գաղափարը փորձնական ձեւով կյանքի կկոչենք Ստեփանակերտի, հնարավոր է, նաեւ շրջկենտրոնների դպրոցներում, իսկ գյուղական բնակավայրերում՝ 2009թ.։ Այս հարցին ավելի մանրամասն պատասխան կարող ենք տալ մայիս ամսին, երբ պատրաստ կլինի ավագ դպրոցի հայեցակարգի նախագիծը։ Ինչ մնում է ուսուցիչների ատեստավորմանը՝ դա հրատապ հարց է։ Եվ պատահական չէ, որ այն ամրագրելու ենք «Հանրակրթության մասին» օրենքում։ Այն, հավանաբար, կսկսենք 2009 թվականից, եւ ամեն տարի ուսուցիչների 20 տոկոսը կատեստավորվի։ - Կրթական համակարգի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ է, որ նրա բոլոր աստիճանները բնականոն գործունեություն ունենան։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այս ոլորտներում, մասնավորապես՝ նախադպրոցական օղակում։ - Նախադպրոցական կրթության ներկա վիճակը հանրապետությունում գնահատում եմ ոչ բավարար։ Խորհրդային տարիներին Արցախում գործում էր շուրջ 100 մանկապարտեզ։ Մինչեւ վերջերս դրանց թիվը 21-ն էր, որից 5-ն էր պետական։ Այս խնդիրը լուրջ քննարկման հարց դարձրինք, եւ պետբյուջեում այդ նպատակով 2,7 անգամ ավելի գումար նախատեսվեց։ Արդեն այս տարի մենք բացել ենք 8 պետական մանկապարտեզներ։ Կառավարությունը պատրաստ է գյուղական բնակավայրում թե քաղաքում շենքային պայմանների առկայության դեպքում մանկապարտեզ բացել։ Այս ուղղությամբ լուրջ քաղաքականություն է տարվում։ 12-ամյա ուսուցման պարտադիր պայմաններից մեկը նախադպրոցական կրթությունն է։ Դրա համար այս օղակին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում։ Ունենք ժամանակացույց, թե երբ եւ որտեղ բացենք մանկապարտեզ։ Առանձնապես լուրջ ուշադրություն պետք է դարձվի Ստեփանակերտին, որտեղ կենտրոնացված է մեր բնակչության զգալի մասը։ Երկու տարում այստեղ 300 տեղանոց երկու մանկապարտեզ կբացվի՝ 6-րդ եւ 11-րդ դպրոցների շենքերում՝ վերջիններիս նոր շենք տեղափոխվելուց հետո։ Մայրաքաղաքում այս տարի 140 տեղանոց մանկապարտեզ կբացի նաեւ Հայ Ավետարանչական ընկերակցությունը։ Կան նաեւ ուրիշ պլաններ։ - Կցանկանայինք անդրադառնալ նաեւ արհեստագործական դպրոցին։ - 12-ամյա ուսուցմանն անցնելը հրատապ պահանջ է դարձրել նաեւ արհեստագործական ուսումնարանի լիարժեք գործունեության խնդիրը։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այսօր հանրապետությունը արհեստագործ վարպետների խիստ կարիք ունի։ Ունենք երկու արհեստագործական դպրոց՝ Ստեփանակերտում եւ Մարտունում։ Քաջ հասկանալով, որ առանց նյութատեխնիկական բազայի հնարավոր չէ պատրաստել մասնագետներ, կարողացել ենք պետբյուջեի հաշվին որոշ չափով բավարարել այս պահանջը. արդեն ձեռք ենք բերել ավտոմեքենա, մի շարք հաստոցներ։ Նախատեսվում է բացել նոր արհեստանոցներ։ Մասնագիտությունների ցանկը պիտի ավելացնենք։ Այս հարցի շուրջ շահագրգիռ քննարկում է եղել հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ։ Նախատեսվում է ստեղծել հանրակացարանային պայմաններ, որպեսզի շրջաններից եկածների համար եւս մատչելի լինի արհեստագործական կրթությունը։ Իսկ երբ անցնենք ավագ դպրոցի գաղափարի իրականացմանը, հավանաբար, արհեստագործական խմբեր կբացենք նաեւ շրջանների դպրոցներում։ Վերոնշյալ երկու արհեստագործական դպրոցները կլինեն հանրապետական նշանակության ու՝ թեքումով. Մարտունունը՝ զուտ գյուղատնտեսական, իսկ Ստեփանակերտինը՝ ընդհանուր ուղղվածության։ Ակնկալում ենք, որ արհեստագործական ուսումնարանը պետք է հզորանա եւ բավականաչափ սովորողներ ունենա։ Նախատեսված 14 մասնագիտության համար ուսումնանյութական բազան պետբյուջեի շրջանակներում պատրաստ կլինի սեպտեմբերի 1-ի վրա։ Վստահ եմ, որ այս հարցում մեզ օգնության ձեռք կմեկնեն նաեւ բարերարները։ - Իսկ ի՞նչ նորություններ են սպասվում բարձրագույն կրթահամակարգում։ - Այստեղ նույնպես բարեփոխումներ են ընթանում։ Այս տարվանից արդեն կանցնենք Բոլոնիայի հռչակագրի սկզբունքներին։ Առաջին եռամսյակում կիրականացվեն կրեդիտային համակարգի ներդրման աշխատանքներ։ Հավանաբար, արդեն սեպտեմբերից կանցնենք այդ համակարգին։ Հակիրճ ասեմ, որ կրեդիտային համակարգի ներդրումը նույնպես հնարավորություն կտա իրականացնել կրթական պահանջները՝ ուսման որակի ապահովման առումով։ - Ձեր պաշտոնավարման հենց սկզբում Դուք կարեւորել եք կադրային հարցը։ Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ։ - Ուսման որակի, արդյունավետ դասապրոցեսի ապահովման գլխավոր դեմքը ուսուցիչն է։ Այդ իսկ պատճառով փորձում ենք վերապատրաստման միջոցով բարձրացնել նրանց գիտելիքները։ Այս հարցին, սակայն, լիարժեք կկարողանանք անդրադառնալ ատեստավորման գործընթացն սկսելուց հետո։ Բացի այդ՝ նախարարության կառուցվածքում ստեղծել ենք կրթության տեսչություն՝ համալրված առարկայագետ մասնագետներով։ Ըստ պլանի՝ նրանք դպրոցներում իրականացնում են ստուգումներ։ Նախատեսված է հինգ տարին մեկ յուրաքանչյուր դպրոց ենթարկել տեսչական ստուգման։ Արդեն 20-ից ավելի կրթօջախներում համալիր ստուգումներ են անցկացվել։ Եվ այնտեղ, որտեղ ուսման մակարդակը գնահատվել է անբավարար, կադրային-կազմակերպական հարց ենք լուծել (տնօրենի փոփոխություն)։ Ի վերջո՝ դպրոցի ողջ գործունեության համար ամենամեծ պատասխանատուն տնօրենն է՝ պետության ներկայացուցիչն այնտեղ։ Այս ուղեգիծը կշարունակենք։ - Դպրոց-բանակ կապը վերջին տարիներին ավելի է ամրապնդվել։ Դրանում, ինչ խոսք, կա նաեւ Ձեր ներդրումը՝ որպես ԼՂՀ ՊԲ հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ։ Հիմա, երբ արդեն Դուք եք ղեկավարում կրթական գերատեսչությունը, արդյո՞ք նոր հայացքով եք նայում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ - Իմ պաշտոնավարման օրոք ԿԳ նախարարության կառուցվածքում ստեղծվել է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժին, որը սերտ համագործակցելով ՊԲ համանուն բաժնի հետ, իրականացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության գծով դպրոցի բոլոր միջոցառումները։ Մեծ խստապահանջությամբ վերահսկում ենք նախնական զինվորական պատրաստության դրվածքը, ՆԶՊ կաբինետի ձեւավորումը, համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունը՝ սկսած ուսուցողական զենքերի տեսակներից մինչեւ շարահրապարակ, մարզական փոքր համալիր, ինչու չէ, նաեւ մարտավարական փոքր դաշտ ունենալը։ Բացի այդ, ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքի բարձրացման ուղղությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Այս տարի նախարարության պլանի մեջ մտցրել ենք մեր նահատակ հերոսների ծննդյան հուշ-ցերեկույթի կազմակերպումը բոլոր կրթօջախներում։ Մարտի 1-ից դպրոցներում պետք է ուսումնական շաբաթն սկսել ԼՂՀ օրհներգը երգելով։ Պետական կարեւոր միջոցառումների, ինչպես նաեւ Առաջին եւ Վերջին զանգի կապակցությամբ դպրոցներում միջոցառումները պետք է իրականացվեն պետական դրոշի ներսբերումով եւ օրհներգի կատարումով։ Այս տարի պետբյուջեով նախատեսվել են նաեւ ռազմահայրենասիրական ճամբարներ զորամասերին կից, որտեղ կընդգրկվեն 11-րդ դասարան փոխադրված բոլոր տղաները։ ԼՂՀ ԿԳ նախարարությունը 2008 թվականը հայտարարել է ուսման որակի տարի։ Ամեն ինչ պետք է արվի այս ուղղությամբ։ Ուսման որակի բարձրացումը այսօր ես տեսնում եմ որպես հրամայական պահանջ։ Որակն ուսման անկյունաքարն է, որին զուգադիր՝ Պետք է կարեւորել նաեւ մատաղ սերնդի՝ ազգային ոգով դաստիարկությունը։ Մենք պետք է դաստիարակենք բազմակողմանի զարգացած, համազգային խնդիրներով մտահոգ ու հայրենասեր սերունդ, որն ունակ լինի դիմագրավելու վաղվա մարտահրավերներին։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 14, 2008
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ 130. ԼԱՉԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԻՑ եւ որոշ անդորրությունից հետո ազերները որոշեցին ռեւանշ վերցնել Արցախի արեւմտյան մասում, բայց՝ ապարդյուն։ Ս. Բաբայանը հարկ համարեց ...ԿՈՄԻՍԱՐ
.
1988թ. փետրվարն իրոք որ դարձավ մեր պատմության հիշարժան էջերից մեկը: Սկսվեց Ղարաբաղյան շարժման նորագույն փուլը: Այն սկսվեց հենց մեր քաղաքից՝ Մարտունուց: Փետրվարի 12-ը մնաց մեր հիշողության մեջ, մի օր, որով ...«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Հետպատերազմյան երկրում պետական յուրաքանչյուր կառույց ունի իր առանձնահատուկ հիմնախնդիրները։ Բացառություն չէ եւ շտապ բուժօգնության կայանը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում տարածքը, ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Ձեր պաշտոնավարման անցած չորս ամիսների ընթացքում Դուք այցելել եք հանրապետության շուրջ 170 դպրոցներ։ Ընդհանրական ի՞նչ հիմնախնդիրներ եք արձանագրել։ - Այցի ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 13-ին կայացավ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան նիստի բուն աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին իրազեկեց Ազգային ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության ...ՊԵՏՔ Է ՀՈՂԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ազոխ գյուղերի համայնքային տարեկան ժողովներին։ Նա ծավալված անմիջական երկխոսության ընթացքում ...ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստը Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ ործադիրի ընդունած որոշումների մեծ մասը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.NetԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

