
Հրատարակված է Փետրվար 14, 2008
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
- ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ 130. ԼԱՉԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԻՑ եւ որոշ անդորրությունից հետո ազերները որոշեցին ռեւանշ վերցնել Արցախի արեւմտյան մասում, բայց՝ ապարդյուն։ Ս. Բաբայանը հարկ համարեց Կ. Բաբայանին վերադարձնել նախկին տեղը՝ 4-րդ առանձին գումարտակի հրամանատար։ Իսկ ես, նրա որոշմամբ, դարձա պարետ։ ա. Դեռեւս մինչեւ Գերագույն խորհրդի ընտրությունները ես առաջ էի քաշել բարձրագույն քաղաքական մարմին ստեղծելու գաղափարը, մի մարմին, որը պատերազմի ժամանակաշրջանում իր մեջ կենտրոնացներ Արցախում բոլոր իշխանական գործառույթները, եւ որի մեջ կմտնեին հանրապետության բոլոր հիմնական ոլորտների ղեկավարները։ Հիշում եմ, մի անգամ, երբ իմ փաստարկներն ավելի համոզիչ թվացին, ինչ-որ մեկը հարցրեց՝ ասենք թե, իսկ ինչպե՞ս անվանենք այդ մարմինը։ - ՊՊԿ, ինչպես որ Մեծ Հայրենականի ժամանակ, բայց ընդհանրապես, կարող ենք անվանել՝ ինչպես կամենանք. չէ՞ որ հարցն անվան մեջ չէ, այլ՝ էության,- պատասխանեցի ես։ Բայց այդ գաղափարը «մահուդի տակ ընկած մնաց» այնքան ժամանակ, մինչեւ որ իրականությունը մեր «ռազմավարներին» չստիպեց ուշքի գալ։ բ. Ռոբերտ Քոչարյանը միշտ, ըստ իր բնավորության, հետեւում էր «յոթը չափիր...» կանոնին։ Բայց մինչ նա չափում էր՝ գնացքը շարժվեց»։ Ժամանակի եւ մտքի թարմության պակաս է զգացվել աշխարհի ցանկացած մասում եւ ցանկացած դարաշրջանում, սակայն ներկա ժամանակաշրջանում, որը հագեցած է արմատական փոփոխություններով, ոչնչացմամբ ու խորտակումով, այդ պակասն զգացվում է առանձնապես։ Եվ այդ պատճառով գին պետք է ունենա ոչ թե «կամաց կերթաս՝ շատ կերթաս»-ը, այլ հնարագիտությունն ու օպերատիվ կերպով վճիռ կայացնելու հակումը, ինչին պարտադիր պետք է նախորդի ինքնավստահությունը սեփական մտավոր զորեղության մեջ, որպեսզի սխալի դեպքում իսկույն ուղղես այն։ գ. Ինչ վերաբերում է դաշնակներին՝ մյուս ազդեցիկ ուժին, որի համաձայնությունն անհրաժեշտ է այն տարիներին որոշումներ ընդունելու գործում, ապա նրանք, իշխանության գլուխ անցնելով հանրապետության Գերագույն խորհրդում, իհարկե, չէին ուզում լսել ԳԽ նախագահությունից վեր կանգնած որեւէ մարմնի մասին, առավել եւս՝ եթե այդ մարմինը ղեկավարելու է իրենց։ Բայց իրականությունը նրանց հարկադրում էր գնալ այդպիսի զոհողության։ դ. Իսկ Ռոբերտ Քոչարյանը, մինչեւ այդ ժամանակը չափել-չափչփել էր (այն էլ ոչ մեկ անգամ), եւ բացի այն, որ ընտրությունները տանուլ տված էր եւ ոչ մի օրինավոր իշխանություն չուներ, միայն ուրախ էր մի ժամանակ աղբակույտ նետված այդ գաղափարով՝ բարձրագույն իշխանության նոր մարմնի ստեղծմամբ։ Դե, իհարկե, իր ղեկավարությամբ։ 131. ԴԱ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ էր, երբ տնտեսության մեջ քաոս եւ կաթվածահարություն էր տիրում, երբ Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը որոշ (կարելի է ասել՝ փաստացի) ինքնավարություն էր պահպանում, երբ ԳԽ նախագահության լիազորությունները սկսվում եւ վերջանում էին այն թղթի վրա, որտեղ գրված է Սահմանադրական օրենքը, երբ ԳԽ-ն չէր կարողանում հաղթահարել պատային իրավիճակը եւ իր համար նախագահ ընտրել։ Բայց ամենագլխավորը՝ դա այն ժամանակն էր, երբ թշնամին հասավ Կիչան, եւ ուղղակի սպառնալիքը կախվեց Ստեփանակերտի վրա։ ա. Այդ փակուղուց դուրս գալու միակ իրական եւ խելամիտ ելքը հանդիսանում էր ՊՊԿ-ի ստեղծումը։ Սակայն դաշնակների մեջ ընդդիմացում էր դիտվում Ռ. Քոչարյանի թեկնածությանը եւ, ընդհանրապես, ԳԽ նախագահության լիազորությունների կրճատմանը։ Առանձնապես սկզբունքային հակաՊՊԿ-ական դիրք էր բռնել Գեորգի Պետրոսյանը՝ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատարը։ Բայց դաշնակցական կուսակցության այնպիսի ազդեցիկ գործիչներ, ինչպիսիք էին Ժաննա Գալստյանը եւ Վալերի Բալայանը, գիտակցում էին եւ ակտիվ կերպով աջակցում էին ՊՊԿ-ի կազմավորմանը։ Հանուն ճշմարտության հարկ է ասել, որ եթե չլիներ նրանց հաստատուն դիրքորոշումը այդ տհաճ (մեկ այլ ժամանակի համար) քայլի անհրաժեշտության հարցում, հազիվ թե ՊՊԿ-ն կայանար... բ. Այն ժամանակաշրջանի իրադրության լրիվ պարզության համար հարկ է ընդգծել, որ Ս. Սարգսյանը (ԼՂՀ պաշտպանության նախարարը) եւ Ս. Բաբայանը (ԼՂՀ ՊԲ հրամանատարը ) կտրականապես հայտարարեցին, որ բանակը ղեկավարելու ուղղությամբ իրենց գործունեության մեջ նպատակահարմար չեն գտնում ենթարկվել եւ չեն ենթարկվելու ոչ ոքի՝ բացի Ռ. Քոչարյանից, եթե նա դառնա ՊՊԿ նախագահ։ 132. Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հանդեպ իմ հարգալից վերաբերմունքով հանդերձ, ում անձի մեջ, իմ կարծիքով, համատեղված են ինտելիգենտությունը, ինտելեկտուալությունը, գաղափարայնությունն ու ներքին օրինավորությունը, նա աննախանձելի համառությամբ չէր ցանկանում տեսնել ընտրության բացակայության փաստը։ Իրավիճակին այլընտրանք չլինելու փաստը։ ա. Որոշումը փաստորեն ընդունելու օրը պետք էր կոտրել Գ. Պետրոսյանին, իսկ նա հիվանդացել եւ պառկած էր տանը. առանց երկար մտածելու, մենք ՝ Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, Ս. Բաբայանը, Ժ. Գալստյանը, Վ. Բալայանը եւ ես, գնացինք նրա տուն։ ...Գեորգին տեղի չէր տալիս, զինվորականների համբերությունը հատնում էր, եւ նրանք չէին էլ կարող երկար նստած մնալ այդտեղ։ Դուրս եկան՝ վերջնական կերպով ասելով. «Դուք որոշեցիք, բայց հաշվի առեք մեր կարծիքը, եթե ՊՊԿ-ի գլուխ Ռ. Քոչարյանը կանգնած չլինի, մենք այդ մարմինը չենք ճանաչի»։ բ. Բանակային պետերի հեռանալուց հետո փոփոխություններ տեղի չունեցան։ Ինձ համար պարզ դարձավ, որ այդ հարցի լուծումը պետք է կատարվի առանց Գ. Պետրոսյանի։ Նախապես Ժաննային աչքով անելով, ես առաջարկեցի ճաշելու գնալ ՆԳՆ ճաշարանում (չէ՞ որ այն ժամանակ հասարակական ճաշարաններն ու տաղավարները չէին աշխատում), իսկ Գեորգին, հեգնանքը չզգալով՝ ասում է. «Մեզ մոտ պատրաստված վերմիշել կա...» «Չէ, Ժորիկ, ներիր, այնտեղ համով էլ կերակրում են, չլինի-չլինի՝ կոտլետներով կկշտանանք,- կեսկատակ-կեսլուրջ՝ ասացի ես,- իսկ դու առողջացիր»։ գ. Իրոք, մենք գնացինք ՆԳՆ, բայց ոչ թե ճաշելու, այլ կոնկրետ եւ վերջնականապես պայմանավորվելու։ Երկար խորհրդակցելու հարկ չեղավ, քանզի իրավիճակը բոլորն էին գիտակցում։ Երկու ժամը բավական եղավ, որպեսզի պայմանավորվենք այդ նոր մարմնի իրավունքների եւ լիազորությունների շուրջ։ Նմանապես հեշտությամբ համաձայնության եկանք նրա կազմի մասին, որն ընդունվեց իմ առաջարկությամբ։ 133. ՊՊԿ-Ի ՄԵՋ ՄՏԱՆ Ռ. Քոչարյանը՝ նախագահ, Բ. Առուշանյանը՝ տնտեսական հարցերի համար պատասխանատու, Ս. Սարգսյանը՝ որպես պաշտպանության նախարար, Վ. Բալայանը՝ ԳԽ նախագահության կողմից, Կ. Բաբուրյանը ՝ ԳԽ նախագահության կողմից, Ա. Իսագուլովը՝ որպես ՆԳ նախարար։ Ռ. Քոչարյանը յոթերորդ անդամ գրանցեց Աշոտ Խաչատրյանին՝ ԱԱՎ պետին։ Ըստ իմ տպավորությունների՝ նա վատ տղա չէր։ Սակայն հարցն այլ կերպ էր։ Ես Քոչարյանին բացատրեցի, որ «ԱԱՎ-ն, որպես ուժային կազմակերպություն, դեռեւս գոյություն չունի, եւ այդ պատճառով պարտադիր չէ մեն-միայն նրա անվան համար նրա նախագահին մտցնել Հանրապետության բարձրագույն մարմնի կազմը։ Մյուս կողմից, որպեսզի ՊՊԿ-ի լիազորություններն ամենուրեք տարածվեն ոչ միայն թղթի վրա (ինչպես որ ԳԽ նախագահությանն է), այլեւ իրականում, Ս. Բաբայանը, ով իր ձեռքում ավելի շատ փաստացի իշխանություն է կենտրոնացրել, քան ուրիշ որեւէ մեկը, անպայման պետք է մտցվի ՊՊԿ կազմը։ Ասվածից ելնելով, ես առաջարկում եմ Ա. Խաչատրյանին փոխարինել Ս. Բաբայանով»։ ա. Ռ. Քոչարյանը, որ ձեւին ոչ պակաս նշանակություն էր տալիս, քան բովանդակությանը, իսկ հաճախ էլ՝ ավելի մեծ, առարկեց. «Ախր ինչպե՞ս թե. ստացվում է՝ բանակը ներկայացված է լինելու երկու հոգով...»։ Իմ ընկալմամբ, ՊՊԿ-ն իշխանության այն մարմինն է, որը կոլեգիալ քննարկումից հետո որոշումներ է ընդունում բոլոր լուրջ հարցերի վերաբերյալ։ Իսկ Քոչարյանը, ինչպես պարզվեց ավելի ուշ, այլ կերպ էր մտածում, մոտավորապես այսպես. «Թող ամեն մեկն իր կոնկրետ գործով զբաղվի, իսկ որոշումները ես եմ ընդունելու, ում հետ եւ ինչպես խորհրդակցել՝ նույնպես ես եմ որոշելու»։ Նրա թերհասկացումն զգալով, ես բերեցի վերջին փաստարկը։ Իմ կարծիքով, ինչքան որ ինձ հայտնի է նրա բնավորությունը,- ասացի ես,- Սամվելը վիրավորվելու է, եթե չմտցվի Արցախում ղեկավար մարմնի կազմը։ Այս փաստարկը Քոչարյանի վրա ազդեց. նա սկսեց խորհել։ Եվ ես ավելացրի,- Լավ կլինի՝ այս հարցը հետաձգենք վաղվան, իսկ ես մինչ այդ նրա մոտ կճշտեմ. գուցե իրոք նրա համար միեւնույն է՝ լինե՞լ ՊՊԿ-ում, թե՞ չլինել։ Այդպես էլ որոշեցինք... բ. Հաջորդ օրն առավոտյան հանդիպելով Սամվելի հետ, առանց երկար-բարակ մտածելու՝ ուղղակի հարցրի. - Դու կնեղանայի՞ր, եթե քեզ չմտցնեին ՊՊԿ կազմը։ - Իհարկե, կնեղանայի,- կտրուկ պատասխանեց նա։ Ինձ մնում էր Ռոբերտին հաղորդել Սամվելի պատասխանը։ Այդպես էլ արեցի։ 134. ՊՊԿ-Ի ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, որի մեջ մտան Գերագույն խորհրդի, կառավարության եւ բանակի ղեկավարության ներկայացուցիչները (այդ թվում եւ՝ Ս. Բաբայանը), անկասկած, դրական դեր խաղաց, սակայն չարժե գերագնահատել նրա գործնական արդյունավետությունը՝ ինչպես դա ցանկալի է կամ թվում է ոմանց (այս կամ այն պատճառով)։ Բայց եւ չարժե նսեմացնել նրա նշանակությունը այդ տարիներին ձեռք բերված ընդհանուր հաջողության մեջ։ Օրինակ, ես կընդգծեի հետեւյալ փաստերը. ա. Երեւան եկավ մի մարմին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ մի պաշտոնատար անձ, որին հաջողությամբ կարող էին դիմել քաղաքացիական իշխանությունները, հիմնարկությունների, շրջանների, կոլտնտեսությունների (այդ ժամանակաշրջանում ) ղեկավարները, որոնց հաճախ էին նեղում հրամանատարները կամ պարզապես զինվորական համազգեստով մարտիկները, ովքեր պահանջում էին հատուկ ուշադրություն իրենց նկատմամբ եւ ավելի շատ ազատություններ (արտոնություններ), քան թե դա թույլ էին տալիս օբյեկտիվ պայմանները։ Մինչ ՊՊԿ-ն նման կոնֆլիկտային իրավիճակները մնում էին օդում կախված, քանզի ոչ կառավարությունը, ոչ ԳԽ նախագահությունը փաստացի իշխանություն չունեին Զինված ուժերի վրա։ Իսկ ՊՊԿ-ի կազմավորումից հետո այդ հարցերը, մեծ մասամբ, դրականորեն էին լուծվում... Սկսեցին սահմանվել քաղաքացիական եւ զինվորական կառույցների փոխհարաբերությունների որոշակի շրջանակներ, հրամանատարներն ինչ-որ չափով զգացին, որ Ինքնապաշտպանության ուժերի շտաբից բացի երեւան է եկել իրական իշխանության եւս մեկ մարմին։ Բայց ոչ այն պատճառով, որ ՊՊԿ-ն կամ նրա նախագահն անառարկելի հեղինակություն էին վայելում տարբեր մակարդակի հրամանատարների մոտ, այլ այն պատճառով, որ Ս. Բաբայանը, ով մինչ այդ ժամանակ առաջատար դիրքի էր հասել զինվորական միջավայրում եւ շարունակում էր հաջողությամբ իր ձեռքը հավաքել բանակային ամբողջ իշխանությունը, պետք է (ուզես՝ չուզես) ինչ-որ մեկին ենթարկվեր (քաղաքական առումով), եւ նա գերադասեց Ռ. Քոչարյանին, որը կարողանում էր պատշաճ ձեւով ներկայացնել իրեն եւ, միաժանակ էլ, օժտված էր օրինական (ստանդարտային, միջին վիճակագրական), խելամիտ ու բացասական հակումներից զերծ ղեկավարի բնածին հատկանիշներով։ Դե, իհարկե, նաեւ ոչ առանց ՀՀ ղեկավարության ցանկություններն ու համակրությունները հաշվի առնելու։ բ. Ի շարս ՊՊԿ-ի ծառայությունների՝ հարկ է նշել տնտեսական ոլորտում աշխատանքների որակական ու քանակական աշխուժացումը եւ կանոնավորվածությունը... Ինչ վերաբերում է «...չպետք է եւ չափազանցել ՊՊԿ-ի դերը» հասկացությանը, դա պարզ կդառնա հետագա պատմածից։ ԼՂՀ ՊԱՐԵՏ 135. ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀԻ (բայց դարձյալ առանց գրավոր կերպով հաստատված որոշակի լիազորությունների) հրամանագրով ես նշանակվեցի ԼՂՀ պարետ։ Մինչ այդ էլ ես կատարում էի պարետի գործառույթները, իսկ հիմա ավելացել էր «ԼՂՀ» բառ-հապավումը, ինչը նշանակում էր, որ ես պաշտոնապես ենթարկվում եմ ոչ թե զինվորական ղեկավարությանը, այլ ուղղակիորեն ՊՊԿ նախագահին։ Բայց դա՝ պաշտոնապես, իսկ իրականում առանց Ս. Բաբայանի աջակցության կարգուկանոն արմատավորելու աշխատանքը, առավել եւս, պատերազմի շրջանում, անհնար կլիներ։ Չէ՞ որ հիմնական կարգազանցները ոչ թե հողագործները կամ կենսաթոշակառուներն էին, այլ զինվորականները... քանզի Արցախն այն ժամանակ նմանվում էր ռազմական մեծ ճամբարի։ ա. Բացի այդ, իմ լիազորություններն ընդլայնող հրամանագիրը ստորագրվել էր Ս. Բաբայանի համառ միջնորդության շնորհիվ... Այնպես որ, ես իմ աշխատանքը համաձայնեցնում էի երկու պետի հետ։ Եվ ընդհանրապես, այդ ժամանակից ի վեր եւ մինչեւ 1999թ. ամառը Ղարաբաղում երկիշխանություն էր գործում։ Բայց նրանք ավելի շատ միաբան էին աշխատում, քան հակասության մեջ գտնվում՝ նայած իրադրության ռազմականացվածության աստիճանին։ Բայց սա առանձին թեմա է, մենք դրան կանդրադառնանք։ բ. Մենք Քոչարյանի հետ համագործակցության հասանք։ Նրա բնածին հատկանիշներից ու կենսադիրքից շատ բաներ ոչ միայն առինքնում էին ինձ, այլեւ հարմար էին իմ աշխատանքի էությանը։ Մի պահ ինձ թվում էր, որ նրա հետ միասին կհաջողվի էական արդյունքների հասնել ամենագլխավոր հարցում՝ հասարակությունը վերադարձնել այն բարոյահոգեբանական վիճակին, որի մեջ նա գտնվում էր Ղարաբաղյան շարժման սկզբին։ Վերադարձնել՝ Արդարության վրա հիմնված կարգուկանոնի հաստատման ուղիով։ Բայց, ավաղ... ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 136. ՄԱՐՏԱԿԵՐՏՆ ԸՆԿԱՎ։ Ստեփանակերտը լիքն է փախստականներով։ Բարդ ժամանակ է։ Եկվորների վիճակը խուճապահար է անում ստեփանակերտցիների որոշ մասին։ Ընտանիքներն ու տնային իրերը ՀՀ տեղափոխել ցանկացողները քիչ չեն։ Սակայն եթե նույնիսկ մեկ ընտանիք իր կահ-կարասին տնից դուրս է բերում եւ հարեւանների աչքի առաջ մեքենան բարձում, խուճապը փոխանցվում է նաեւ մնացածներին, առավել եւս, եթե ուղարկողները, ովքեր հնարավորություններ ունեն (ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ), հասարակ մարդկանցից չեն։ «Նշանակում է՝ նրանք մի բան գիտեն, որ տեղափոխում են»,- ու գնա՜ց խուճապային ասեկոսեն կամ ալիքը։ ՊՊՀ-ն չօկուպացված բնակավայրերից տնային ունեցվածքը ԼՂՀ սահմաններից դուրս բերելն արգելող որոշում է ընդունում. ՊՊԿ-ի մեկ այլ որոշմամբ սահմանափակվում է (մինչեւ հինգ կիլոգրամ) սննդամթերքների դուրսբերումը։ ա. Մի անգամ պարետատան բակը բերեցին բնակարանային կահույքով եւ այլ իրերով բեռնված մի ավտոմեքենա։ Զանգահարում է ՆԳ նախարարը. այդ մեքենան պետք է բաց թողնել, Քոչարյանի ցուցումն է... - Չի կարող պատահել, որ Քոչարյանն ինքն իրեն հակասի,- ասում եմ ի պատասխան։ Նա իր մերժումը հաղորդում է Քոչարյանին, իբր՝ «Մուրադը չի հավատում, որ դա Ձեր ցուցումն է»։ Նույն տեղից վերստին հեռախոսազանգ. «Ռոբերտն ասում է՝ թող այդ մեքենան բաց թողնեն որպես բացառություն»։ Այս ամենն անհասկանալի է ինձ. ի՞նչ բացառություն կարող է լինել։ Եվ ես ի պատասխան՝ իմն եմ պնդում. այսպիսի գործում բացառություն լինել չի կարող, առավել եւս, երբ այն կատարվում է ոչ թե դժբախտություն պատահածի, ոչ թե կարիքավորի, այլ ղեկավարության նկատմամբ։ Այն էլ՝ արդարության խախտումը հրահանգվում է ոչ թե որեւէ թղթի վրա գրանցումով, ոչ թե թաքուն դռներով, այլ որպես ափաշկարա գործողություն... բ. Ինտրիգները, կաշառքները, խնամիությունը ավելի ու ավելի են արմատավորվում մեր կյանքում։ Եվ նույնիսկ նրանք, ում բնությանը խորթ են այդ հատկությունները, հարկադրված են համընթաց քայլել կյանքի, իրական հասարակական կարգի հետ, ախր, նրանք այլ կերպ ո՛չ իրենց կարող են պահել, ո՛չ էլ իրենց ընտանիքները...

- .
Վերջին լուրերը, Փետրվար 14, 2008
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ 130. ԼԱՉԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԻՑ եւ որոշ անդորրությունից հետո ազերները որոշեցին ռեւանշ վերցնել Արցախի արեւմտյան մասում, բայց՝ ապարդյուն։ Ս. Բաբայանը հարկ համարեց ...ԿՈՄԻՍԱՐ
.
1988թ. փետրվարն իրոք որ դարձավ մեր պատմության հիշարժան էջերից մեկը: Սկսվեց Ղարաբաղյան շարժման նորագույն փուլը: Այն սկսվեց հենց մեր քաղաքից՝ Մարտունուց: Փետրվարի 12-ը մնաց մեր հիշողության մեջ, մի օր, որով ...«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ» ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Հետպատերազմյան երկրում պետական յուրաքանչյուր կառույց ունի իր առանձնահատուկ հիմնախնդիրները։ Բացառություն չէ եւ շտապ բուժօգնության կայանը։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում տարածքը, ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Ձեր պաշտոնավարման անցած չորս ամիսների ընթացքում Դուք այցելել եք հանրապետության շուրջ 170 դպրոցներ։ Ընդհանրական ի՞նչ հիմնախնդիրներ եք արձանագրել։ - Այցի ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Փետրվարի 13-ին կայացավ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Նախքան նիստի բուն աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաներին իրազեկեց Ազգային ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության ...ՊԵՏՔ Է ՀՈՂԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ԴԱՇԻՆՔ ԿՆՔԵԼ
.
Փետրվարի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Ազոխ գյուղերի համայնքային տարեկան ժողովներին։ Նա ծավալված անմիջական երկխոսության ընթացքում ...ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստը Այսօր կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ ործադիրի ընդունած որոշումների մեծ մասը ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇԱՐԺՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍԸ
.
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ազատություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԺԱՄԱՆԱԿՆ Է ԾՆՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
.
ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ
.ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂԻ, ԱՊԱ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՆԱԽԱԳԻԾԸ...
PanARMENIAN.NetԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Տյառնընդառաջ: Ժողովրդի մեջ այն կոչվում է Տըրընտես, Տերընդեզ կամ Տըրընդեզ:
- 1882 Ծնվեց բանասեր Հայկանուշ Մառքը: (Վախճ. 1966 թ.):
- 1911 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Արշարունին Թուրքիայի արդարադատության նախարարին ուղղված ուղերձում տեղեկացնում է հայաբնակ գավառներում տեղի ունեցող թուրք պաշտոնատար անձանց անօրինական արարքների, հայերի սպանության և ունեցվածքի հափշտակման մասին:
- 1921 Ղարաքիլիսայում (Վանաձոր) սկսեց գործել գյուղ-շրջիկ թատրոնը՝ Ամո Խարազյանի ղեկավարությամբ:
- 1995 ԱՊՀ երկրների միջխորհրդարանային ասամբլեայի խորհրդի նիստում ստեղծվեց նշված երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհուրդ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

