
Հրատարակված է Փետրվար 07, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...
- 101. ԱՅՍ ԴԻՊՎԱԾԸ խոր հետք թողեց իմ հիշողության մեջ։ Սակայն ես մեկ դեպքով կամ փաստով հետեւություններ չեմ անում, պարզապես նկատի եմ առնում հետագա դիտարկման համար, քանզի այդ արարքը կամ երեւույթն էլ կարող են իրենց դրդիչ առիթներն ունենալ։ Պարզ էր մի բան. Քոչարյանի պահվածքը շատերին դրդեց խորհել, սասանեց նրա հեղինակությունը։ Եվ որպես հետեւանք՝ այդ ամենը վերածվեց գործնական արդյունքի։ Ավելի քան սենսացիոն արդյունքի... Չնայած Արցախի եւ խորհրդարանի բոլոր խմբավորումների ղեկավարության բռնած դիրքին, չնայած դաշնակների կուսակցական խիստ կարգապահությանը, չնայած Լ. Տեր- Պետրոսյանին սիրաշահելու քաղաքական անհրաժեշտության ըմբռնմանը՝ հակառակ այս ամենին, Գերագույն խորհրդի անդամների մեծ մասը դեմ քվարկեց Ռ. Քոչարյանին՝ ԼՂՀ առաջին խորհրդարանի նախագահի 1-ին տեղակալ ընտրելուն։ Դա քաղաքական շոկ էր... Որպեսզի ճիշտ ըմբռնել այն, ես ստիպված եմ ընթերցողի ուշադրությունը վերստին հրավիրել այն տարիների բարոյաքաղաքական մթնոլորտի վրա։ 102. ՍԿՍԱԾ 88 ԹՎԱԿԱՆԻՑ՝ հասարակությունը դեռեւս գտնվում էր բարոյական վերելքում, բարոյական տարրն ավելի հաճախ էր մեծ դեր խաղում, քան՝ քաղաքական գրագիտությունը կամ քաղաքական ողջամտությունը։ Եվ այդ իրադրությունում հենց բարոյական գործոնն է վճռական ներգործություն ունենում ժողովրդական խորքերից ելած եւ դեռեւս իշխելու պրակտիկայով ու ախորժանքով շփանալ չհասցրած շարքային պատգամավորների դիրքորոշման վրա։ Նրանք չէին կարող ներել Ռ. Քոչարյանին. « Ես... Արթուր Մկրտչյանի տեղակալ... այդ ինչե՞ր եք բարբաջում, դա լինելու բան չէ»։ Ախր, նման դիրքորոշումն ամենեւին սազական չէր, չէր զուգակցում ազգային-ազատագրական պայքարի գործչի (այն էլ՝ առաջնորդող գործչի) կերպարին, քանզի նշանակում էր անձնական շահերն ընդհանուրից վեր դասել... Այն էլ պատմության ինչպիսի՜ պահի։ ...Այդպես էլ թափուր մնաց (ԼՂՀ առաջին խորհրդարանի գոյության ամբողջ ժամկետի ընթացքում) նրա նախագահի 1-ին տեղակալի պաշտոնը։ Քոչարյանի ձախողումը գցեցին արմատականորեն տրամադրված դաշնակների վրա, եւ պարզ դարձավ. մենք քաղաքական դիմակայությունից չենք խուսափի։ ԲԱՆԱԿԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ 103. ԻՆՁ ՏԱԳՆԱՊԵՑՆՈՒՄ ԷՐ հետեւյալ հարցը. ինչպե՞ս անել, որ քաղաքական դիմակայությունը ռազմականի չվերաճի, չփոխանցվի բանակային զորամասերին։ Չէ որ, չնայած միասնական հրամանատարությանը, կամավորության հիման վրա կազմավորված վաշտերը գտնվում էին իրենց անմիջական հրամանատարների ուժեղ ազդեցության տակ։ Ես եկա այն հետեւության, որ ի խուսափումն բանակային վաշտերի, շրջանային եւ այլ ռազմականացված ջոկատների ու խմբերի քաղաքականացումից, որոնց հրամանատարներն ընտրված են Հանրապետության խորհրդարանում, այսինքն՝ ներգրավված են քաղաքական գործունեության մեջ, պետք է ցած դնեն իրենց զինվորական գործառույթները։ Բայց դա պետք է կամավոր ակցիա լիներ. արդյո՞ք, դրան կգնան զինվորական պատգամավորները։ Ահա թե ինչումն էր հարցը։ Իմ կարծիքը հատկապես ամրապնդվեց Սերժ Սարգսյանի հետ մի թռուցիկ զրույցից հետո, ով 4-րդ վաշտի նկատմամբ իր անտարբեր չլինելու մասին իմ հարցին այսպես պատասխանեց. «Իսկ ի՞նչ անեմ. 1-ին վաշտը դաշնակներինն է, 2-րդը՝ Ս. Բաբայանինը, 3-րդը՝ քոնը, 4-րդն էլ թող իմը լինի...». ցավոք, նա իրավացի էր։ 104. ՀԻՆ ՏՈՄԱՐՈՎ նոր տարվա առավոտյան մտնում եմ շտաբ, որը տեղակայված էր «Ամարաս» բ/ը նախկին (այսպես ասած) օֆիսում, որպեսզի հայտարարեմ իմ որոշման մասին. թողնել 3-րդ վաշտը եւ լրիվ կերպով անցնել քաղաքական գործունեության, եւ իմ օրինակով մյուսներին կոչ անել՝ նույն ձեւով վարվել։ Ս. Սարգսյանը նոր էր վեր կացել (ծանր ժամանակներ էին, նա եւ թիկունքի գծով տեղակալ Ա. Աբգարյանը այնտեղ էին գիշերում), նրանց նախաճաշ էին մատուցում։ Տեսնեմ՝ պովիդլո եւ կարագ յուղ էին տանում... Կատաղությունս բռնեց։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ նույն շենքում էր տեղակայված թիկունքային ապահովման ծառայությունը, եւ այնտեղ ամեն առավոտ փախստականներ էին գալիս մի կտոր հացի։ Ամեն օր, ամեն առավոտ։ Լսիր,- ասում եմ սպասավորին,- այդ ամենը տար վարագույրի հետեւ, Սերժն այնտեղ կնախաճաշի, ախր հիմա կսկսեն սոված մարդիկ գալ մի կտոր չոր հացի... Սերժը կեցցե՛, նա չվիրավորվեց, թե՞ ցույց չտվեց. ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո։ Նա միայն մատուցողի վրա բարկացավ. «Ախր, ես քեզ ասացի՝ միայն թեյ ու շաքար բեր...»։ Իրոք, կեցցե՛ (իր մյուս գործընկերների համեմատությամբ). նրանք իսկույն կփքվեին։ 105. ԵՍ ՍԵՐԺԻՆ արտահայտեցի իմ ամբողջ մտահոգությունը՝ խորհրդարանում ստեղծվող իրավիճակի կապակցությամբ եւ հայտնեցի ընդունած որոշումս։ Նա քմծիծաղեց ու ասաց. «Ուզում ես ասել, որ թողնում ես 3-րդ վաշտը, նրա գործերին չե՞ս խառնվելու։ Ես երբեք դրան չեմ հավատա...» Երեկոյան շտաբ եկա թեթեւակի խմած եւ ասացի նրան. «Հիմա հո հավատացի՞ր, տարիուկես է՝ չեմ խմում, իսկ այսօր խմեցի, նշանակում է՝ ինձ համար վերջացել է զինվորական կյանքը»։ Նրանք (նա եւ Ս. Բաբայանը) զգացին, որ ես չեմ կատակում, կարող է, հոգու ինչ-որ անկյունում ուրախ էին, հատկապես Ս. Բաբայանը։ Ես որպես ավելորդ գլխացավանք էի ընկալվում, եւ այդ պատճառով՝ ինչքան որ պակաս լիներ ինձ նմանների ազդեցությունը, գլուխներն այնքան հանգիստ կլիներ։ Օրինակ, մի անգամ Ս. Բաբայանը լավ տրամադրության մեջ ինձ պատմում է հաջողությամբ գլուխ բերած մի գործի մասին. «10 տոննա ջուր տարա տուն...» , իսկ իմ աչքերը չռվեցին. « Եվ դու այդ մասին այդպես հպարտ-հպարտ պատմու՞մ ես,- ասում եմ,- մարդիկ չեն կարողանում դույլով ջուր ձեռք բերել, իսկ դու մի ամբողջ մեքենա ջուր ես ձեր տուն տարել։ Մարդիկ, հարեւաններն ի՞նչ կասեն...»։ - Ախր մեր տանը մի ընտանիք չէ, այլ երեքը... - Միեւնույն է, այդպես չի կարելի։ Նման արարքներով մեզնից վանում ենք ժողովրդին, իսկ մենք նրա համար նոր ղեկավարություն ենք, կասեն նորերն էլ ինչո՞վ են հներից տարբերվում։ Նա մռայլվեց, զվարթ տրամադրությունը հօդս ցնդեց։ Կարծում եմ, մտքում որոշեց՝ էս «քաչալ Մուրադին» այսպիսի բաների մասին էլ չեմ պատմի։ Նա ուրախ էր իմ ազդեցության նվազումով։ Իսկ երբեմն էլ ինքն էր դրան նպաստում։ Փոխարենը՝ 3-րդ վաշտում իմ որոշումը մեծ դժգոհությամբ ընդունեցին։ Առժամանակ անց, ոմանք ինձ էին մեղադրում այդ ուժեղ մարտական ստորաբաժանման քայքայման մեջ։ Բավական է ասել, որ նրա կազմի մեջ էին մտնում Վ. Իշխանյանի խումբը՝ շուրջ 40 հոգի, կամ էլ Աշոտ Խաչատրյանի խումբը։ 106. ԻՆՉ ՄՆՈՒՄ Է իմ մեղքին ընդհանրապես, այն կայանում է նրանում, որ ես չէի սպասում, թե այդպիսի կիրթ ու օրինավոր մարդիկ, որոնք ղեկավարում էին Շարժումը եւ իշխանության էին եկել ՀՀ-ում, երկրի կառավարման գործում մաֆիոզային- կոռուպցիոն մեթոդոլոգիայի գիրկը կգլորվեն։ Ես չէի սպասում, որ հեղափոխական, ազգային-ազատագրական խոյանքով համակված Արցախում, որի ճակատագիրն առայսօր դրամատիկ-անորոշ է, նույնպես գերակշռություն ձեռք կբերի կառավարման մաֆիոզային-կոռուպցիոն ոճը... Ամենաթունդ երեւակայությամբ հանդերձ, այդպիսի ենթադրություն իմ մտքով անցնել չէր կարող։ Իհարկե, այսօրվա բարձունքներից նայելով՝ իմ սխալները տեսնում եմ, ես այլ ուղիով կգնայի։ Ի՞նչ ուղիո՞վ։ Որպեսզի պայքարել հասարակության մեջ անարդարությունների դեմ, անհրաժեշտ է ունենալ որոշակի հասարակական կշիռ, հասարակության ուժ, իսկ առանց նյութական -ֆինանսական միջոցների՝ սոցիալ-տնտեսական խառնափնթորություններ ունեցող հասարակությունում այդպիսի ուժ ձեռք չես բերի։ Գիտեի, որ արտաքին թշնամու դեպ պատերազմից հետո պետք կլինի պատրաստվել ներքին թշնամու դեմ պատերազմի, որին հաղթելը շատ ավելի դժվար է, քան առաջինին, ինձ կամրապնդեի (եւ կամրապնդեի մշտապես) նյութապես ու ֆիզիկապես, այդ նպատակով խախտելով, իհարկե, օրենքը, բայց (ոչ մի դեպքում)՝ ոչ արդարությունը. քանզի առանց արդարության մեծ կամ ազնիվ նպատակն անհասանելի է։ Այդպես դյուրությամբ հրաժեշտ չէի տա իշխանությանը, այլ՝ ընդհակառակը, ավելի կմեծացնեի այն։ Առաջին դեմքերի հետ հարաբերություններս չէի փչացնի ոչ սաստիկ-սկզբունքային հարցերի պատճառով։ Իմ շուրջ եւ որոշակի նպատակի շուրջ կմիավորեի հարկավոր եւ արժանավոր մարդկանց... Փողը խելքի հետ դաշինք կազմած՝ մեծ ուժ է։ Իսկ երկուսը միասին արդարության հետ դաշինք կազմած՝ հզորավո՛ր են։ ԲԱՎԱԿԱՆ Է ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՏԱՆԱՆՔ 107. 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ։ Այլեւս չկա խորհրդային պետությունը։ Ապրիր՝ ով ինչպես կարողանում է։ Լեռնային Ղարաբաղը շնչահեղձ է լինում շրջափակման մեջ։ Նրա մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, էլ ավելի վատթար վիճակում է։ Նա Շուշիի եւ իր չորս կողմում շրջանաձեւ տեղակայված մի քանի գյուղերի պատանդի դերում է հայտնվել։ Եվ անընդմեջ հրետակոծության է ենթարկվում։ Թշնամու բարբարոսական ագրեսիվությունը հարաճուն կերպով ահագնանում է. օրեցօր քաղաքն ավերակների է վերածվում, մահացողներն ավելի ու ավելի են շատանում. ջուրը, հացն ու ջերմությունը՝ ավելի ու ավելի քչանում... 108. ՄԱՐԴԿԱՆՑ ՃՆՇՈՂ մեծամասնությունը (հենց մյուս էակներն էլ), որոնց գիտակցությունն արմատական գաղափարների կողմից չի ստրկացված, այլ գտնվում է նորմալ, բնական վիճակում, ընդունակ չեն, ծրագրավորված չեն իրենց նմանների ոչնչացման։ Բայց եթե նրանց գոյությանը մահացու վտանգ է սպառնում, ապա 1000-ից 999-ը պատրաստ են, հանուն իրենց փրկության, սպանել իրենց նմաններին։ Սպանել թշնամուն։ 109. ՄԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ հակագործողություններն սկսվեցին Ղարադաղլու եւ Մալիբեկլու գյուղերից ու լիովին հաջող անցան։ Հերթը Խոջալուինն էր։ Թեեւ ռազմական գործողությունների մշակմանը ես չեմ մասնակցել (քանզի, վերը շարադրված պատճառից բացի, ես հեռու էի ռազմական գործից, նույնիսկ չի վիճակվել Խորհրդային բանակում ծառայել, բայց գլխավորը՝ ինձ մոտ ռազմական ընդունակություններ ի հայտ չեն եկել), սակայն անհնար էր ուրիշ որեւէ գործով զբաղվել, երբ շուրջը պատերազմն էր ծավալվում։ 110. ԽՈՋԱԼՈՒԻ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ նախորդած գիշերը ես Ս. Սարգսյանին ու Ս. Բաբայանին առաջարկեցի ինձ նշանակել Խոջալուի պարետ, որպեսզի պահպանվի ռազմավար վերցվող ունեցվածքը, այն հավաքվի եւ օգտագործվի կենտրոնացված ձեւով, թույլ չտրվի նրա փոշիացում, ինչպես դա կատարվել է Մալիբեկլուում։ Չնայած իմ փաստարկների համոզչությանը, Ս. Սարգսյանը, առանց երկար մտածելու, մերժեց այդ առաջարկությունը, պատճառ բռնելով անհամոզիչ փաստարկը։ Ս. Բաբայանը տակտով լուռ մնաց. ինչքան չլինի՝ միշտ չէ, որ կարելի է եւ պետք է առարկել պաշտոնով ավագի կարծիքը։ Բայց Սերժ Սարգսյանը գնալուց հետո նա ասաց. - Դու իրավացի ես, պետք չէ թույլ տալ, որ թալանվի ռազմավար վերցված ունեցվածքը, կկենտրոնացնենք եւ կօգտագործենք նպատակամետ ընդհանուր նպատակներով։ - Այդ ամենն ինչո՞ւ իր ներկայությամբ չասացիր... - Քեզ համար ի՞նչ տարբերություն, թե երբ կասեմ, ահա հիմա ասում եմ, վաղը գործի անցիր, ավելորդ վեճը մեր ինչի՞ն է պետք։ Փաստերը մեր օգտին են լինելու, եւ մեզ համար ավելի հեշտ է լինելու հետը բացատրվել։ Իսկ այն ժամանակ արդեն Սամվել Բաբայանն իր ձեռքում ավելի շատ իշխանություն էր կենտրոնացրել, քան ուրիշ որեւէ մեկը։ Բայց պաշտոնապես նա երրորդ կամ չորրորդ դեմքն էր հաշվվում Արցախի զինված ուժերում։ 111. ԱՌԱՎՈՏՅԱՆ ԴԵՄ, ամբողջությամբ, կարելի է ասել, Խոջալուն գրավված էր։ Սակայն երկու-երեք տեղ փոքրիկ, մի քանի հոգուց բաղկացած խմբերի կատաղի դիմադրություն էր գնում։ Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ կան կտրիճներ ու հերոսներ, ազերիներն այդ կանոնից բացառություն չեն... Ս. Բաբայանի կողմից իմ կարգադրության տակ ուղարկված մի քանի մարտիկների հետ ես փակեցի Ստեփանակերտ տանող մայրուղին։ Բայց, ինչպես ասում են, առաջին փորձն անհաջող էր։ Իմանալով, որ գլխավոր ճանապարհը փակված է, ռազմավարը սկսեցին դուրս հանել ուրիշ ճանապարհներով։ Ինձ հիմնականում հետաքրքրում էին տեխնիկան, հացահատիկի եւ ալյուրի պաշարները։ Մենք վերցրինք մի ավտոկռունկ, բեռնատար ու մարդատար ավտոբուսներ, «Ուրալ», ՈւԱԶ եւ մեկ «Ժիգուլի»։ Իսկ հացահատիկի պահեստի հսկողությունը Ս. Բաբայանը հանձնարարեց, եթե չեմ սխալվում, 4-րդ վաշտին։ Հազվադեպ է գործը հաջող ստացվում՝ առանց վաղօրոք նախապատրաստական աշխատանքների կատարման։ Այն էլ, որ մեր դրությունն այնքան էր ծանր, որ համարյա բոլորը լոկ մի նպատակով էինք կլանված՝ ոչնչացնել Ստեփանակերտին խփող թշնամական հենակետերը։ 112. ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ հույզերով համակվել, տարվել, բայց ո՛չ ղեկավարությունը։ Ղեկավարությունը պետք է կարողանա առաջ նայել, մտածել սթափ եւ հաշվարկել ապագա գործերը, գոնե՝ ամենամերձական։ Եվ այդ գործերից առաջինն էր հանդիսանում՝ ինչպե՞ս բավարարել, ինչպե՞ս կերակրել բազմահազարանոց բանակը... եւ նրանց ընտանիքներին։ Մի՞թե շատ խելք է պետք, որպեսզի դա հասկանալ։ Ահա թե ինչու եմ այդպես առանձնահատուկ կերպով կանգ առնում եւ սրում այդ հարցը՝ անփույթ վերաբերմունքի հարցը. ինչպես ռազմավարային, այնպես էլ սեփական արժեքների նկատմամբ վերաբերմունքի։ 113. ԼԱՉԻՆԻ ՀԱՄԱՐ մղված մարտերի ժամանակ ինձ կանչում է Ս. Բաբայանը եւ ասում. «Լաչինն արդեն մեր ձեռքին է, այնտեղի նավթաբազայում մեծ քանակությամբ վառելիք է գտնվել. բենզին եւ սոլյարկա, 200 տոննայի չափ, շտապ մեկնիր այնտեղ եւ 3-րդ վաշտի մի մասի հետ կազմակերպիր հսկողությունը՝ մինչեւ սկսեմ մեքենաներ ուղարկել վառելիքը թիկունքային պահեստներ տեղափոխելու համար։ Միայն վաշտերին՝ երկուական տոննա բենզին եւ մեկական տոննա սոլյարկա, ուրիշ ոչ մեկին՝ ոչ մի գրամ»։ ա. Մինչ այդ մեզ համար Երեւանից էին բենզին բերում ուղղաթիռներով՝ տակառներով, ուղեւորների հետ միասին։Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչպիսի հաջողություն էր՝ 200 տոննա։ Համարյա այդ ամբողջը հասցվեց Ստեփանակերտ։ Մեծ ու անհրաժեշտ գործ կատարվեց, բայց՝ անշնորհակալ. շատ-շատերը դժգոհ են մնում... բ. Հիշում եմ 1-ին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանի դժգոհությունը։ Լաչինի նավթաբազա հասնելուց մենք բոլորին դուրս հանեցինք նրա տարածքից՝ բացի վաշտերի ավտոմեքենաներից ու նրանց ներկայացուցիչներից, որոնց ես բացատրեցի իրավիճակը եւ հայտնեցի Ս. Բաբայանի կարգադրության մասին։ Մի երկու ժամից հետո բենզատար մեքենայով գալիս են առաջին վաշտի ներկայացուցիչները՝ գրությամբ. «1-ին վաշտին բաց թողնել երեք տոննա բենզին»,- Ա. Տեր-Թադեւոսյանի ստորագրությամբ։ Նրանց բացատրում եմ, որ իրենք տարել են իրենց բաժինը եւ ավել չի հասնում, թուղթն այստեղ դեր չի խաղում։ Կոմանդոսն, ըստ երեւույթին, այդ մասին չի իմացել, կամ էլ թուղթը մինչ այդ է տվել։ Որոշ ժամանակ անց՝ Ա.Ղուլյանն է մեքենայով գալիս վրդովված վիճակում. «Այդ ո՞նց թե, ինքը՝ Կոմանդոսն է ստորագրել, դու ի՞նչ իրավունք ունես...»։ Ճիշտ այդպես էլ նրան բացատրեցի, մի քիչ հանդարտվեց... բայց մեկնեց անթաքույց վիրավորվածությամբ։ գ. Այնպիսի մարտական հրամանատարների, ինչպիսիք են Աշոտը, Ս. Կարապետյանը, Կ. Բաբայանը կամ Վ. Իշխանյանը, մերժել կարողանալու համար պետք է կարողանալ բոլորին մերժել. այդպիսի գործում, այդպիսի իրադրությունում բացառություններն անթույլատրելի են։ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ։ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ 114. ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ բաց էր։ Կյանքի ճանապարհը։ Փրկության ճանապարհը։ Սակայն միաժամանակ այն դարձավ նաեւ հափշտակումների, «թալանի» ճանապարհ։ Ընդհանուր ունեցվածքի հափշտակման վիրուսի մանրէների թափանցման ճանապարհ, մանրէ, որը մոլեգնում էր նոր փլուզված խորհրդային պետության ամբողջ տարածքում։ Բայց ամեն ինչ՝ հերթով։ Իմ բոլոր փորձերը՝ ղեկավարությանը հասկացնել՝ ստեղծել Պարետություն, որը վերահսկողություն կիրականացներ Հանրապետությունում կարգուկանոնի նկատմամբ, հանդիպում էին նրանց կողմից խուլ հակահարվածի կամ այսպիսի վայելուչ մերժման. «Զինվորական պարետությունը պետք է կայազորային լինի եւ տեղական զինվորական հրամանատարին ենթարկվի»։ Ես նրանց բացատրում էի, որ պատերազմ է գնում, բնակչության կեսը փողոցներում ավտոմատներով է ման գալիս, իրավապահ մարմինները հարգի չեն, թույլ են, առավել եւս՝ հաղթանակով հուզված ու արբեցած մարտիկների առաջ, որոնք վերադառնում են հերթական հաջող ռազմագործողությունից. ախր, պետական գույքն է թալանվում... Բայց, ավա՜ղ, այդ ամենն իզուր եւ անիմաստ էր։ 115. ՆՄԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ նկատմամբ առավել ընկալունակն այն ժամանակաշրջանում Ս. Բաբայանն էր։ Ես նրան առաջարկեցի վերահսկիչ պահակակետ դնել Շուշիից այն կողմ՝ Լիսագորում. այդ գաղափարի հետ նա համաձայնեց, բայց այդ նպատակի համար իմ առաջարկած կոնկրետ անձանց դեմ էր։ Բայց ես նրան վերահամոզեցի այն բանի շնորհիվ, որ իմ առաջարկած խմբում ավագը կլինի Յուրի Ավանեսյանը՝ շատ կիրթ եւ ներքուստ օրինավոր մի անձնավորություն, Ստեփանակերտի քաղխորհրդի ֆինանսական բաժնի նախկին վարիչը։ (Ստիպված եմ խոստովանել, որ Ս. Բաբայանի երկյուղները որոշ, ոչ նվազ չափով արդարացան. չէ՞ որ ամեն ինչ չէ ավագի ձեռքին, բացի այդ, համատարած կարիքի պայմաններում դժվար է... ազնվությամբ աշխատել, այն էլ՝ տեսնելով, թե ինչպես են պաշտոնատար անձինք կամ պարզապես «անձինք», զանազան պատրվակներով, կեղծ փաստաթղթերով տանում, գողանում։ Այդպիսի իրադրությունում տասից մեկը միայն կարող է գայթակղությանը դիմանալ։ Բայց, այնուամենայնիվ, սկիզբը դրվեց, եւ այդ պահակակետը, որը վերահսկում էր ապրանքների դուրսբերումը ԼՂՀ-ից, նաեւ ոչ փոքր դրական դեր խաղաց։ ա) Այդ նույն ժամանակ Ս. Բաբայանը Կարեն Բաբայանին պարետ է նշանակում. նա հասկանում է, որ առանց պաշտոնապես լիազորված պատժիչ ծառայության կարգուկանոնը վերահսկել չի լինի։ Որոշ ժամանակ անց ես նշանակվում եմ Կ. Բաբայանի տեղակալ։ բ) Ի տարբերություն Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի՝ նա համաձայնում է իմ դրած պայմաններին (բայց առանց փաստաթղթավորման), որ պարետատան լիազորությունների ոլորտի մեջ է մտնում վերահսկողությունը ամեն տեսակ անկարգության նկատմամբ, այդ թվում՝ տնտեսական։ Այն ժամանակ խոսակցություններ էին գնում մեր սեփական՝ ղարաբաղյան գույքի խոշոր դուրսկրումների մասին, այլ ոչ միայն ռազմավար վերցվածի։ Բայց այդ մասին ես հավաստի կերպով իմացա միայն 1992 թ. հունիսին, այսինքն՝ դեպի ՀՀ ճանապարհի բացումից մեկ ամիս անց։ գ) Յուրան Լիսագորի պահակակետից ինձ հաղորդում է ոմն Արմենի կողմից ինչ-որ պայմանագրի հիման վրա Ասկերանի գինու գործարանից մի քանի տասնյակ տոննա սպիրտի դուրսբերման մասին։ Ես ցուցում եմ տալիս Ղարաբաղ վերադառնալուց նրան ձերբակալել։ Պարզվեց, որ դա այն մարդն է, որը մի ժամանակ փորձանքից ազատել է ինձ, որի բնակարանում ես ավելի քան մեկ ամիս թաքնվել եմ սաֆոնովյան հետապնդումներից ... Է՜, թեկուզեւ իմ եղբայրը լինի։ դ) Կան արարքներ, որոնք անպայման պետք է կանխարգելվեն առանց բացառության։ Անձամբ ինձ համար չկա առավել վատթար հանցագործություն՝ քան ընդհանուր խմբային գույքի հափշտակումը այդ խմբի ծայրահեղ կարիքի պահին։ Դա միեւնույն է թե մաքրազարդել վիրավոր, փողոցում ընկած եւ արյունաքամ լինող մարդու գրպանները, երբ նա անհետաձգելի բժշկական օգնության ծայրահեղ կարիք ունի։ Հենց այդպիսին է իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ, այդ թվում նաեւ նրանց, ովքեր առայսօր էլ հարստանում են ընդհանուր գանձարանի հաշվին. դա այն կարգի հանցագործություններից է, որոնք ներման ենթակա չեն եւ վաղեմության ժամկետ չունեն... Դա հայկական ֆենոմեն չէ, դա, մի առժամանակ, հետխորհրդային ֆենոմեն է։ Հրեն՝ Ելցինն ու Կուչման մեղքերի մեջ են, իսկ չէ՞ որ Ռուսաստանն ու Ուկրաինան տառացիորեն բռնաբարել են նրանց տիրապետության ժամանակ (առնվազն), նրանք չպետք է փողոց ելնեն եւ գլուխները բարձր ման գան... ե) Ամեն ինչ կախված է ոչ թե մեզ շրջապատող իրերից ու հանգամանքներից, այլ նրանից, թե ինչ տեսակետից ենք դրանց նայում՝ ինչ տեսքով ենք դրանք մեր գիտակցության մեջ մտցնում։ Եվ այստեղից էլ՝ մարդկանց տարբեր մոտեցումները միեւնույն առարկային, երեւույթին կամ գործընթացին... Կարծում եմ, հեռու չէ այն ժամանակը, երբ բոլորովին այլ կերպարանքով կներկայանան այն արարքներն ու վարքի կանոնները, որոնք ներկայումս կիրարկվում են որպես նորմալ։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 07, 2008
ԹԵՎԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ
.Հատված Շ. Մկրտչյանի «Արցախյան գրառումներ» գրքից 1941թ. աշնանն էր։ Իրանում տեղակայված սովետական հետախուզական ջոկատներից մեկի հրամանատարն էի։ Հոկտեմբերի վերջերին ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...
.
101. ԱՅՍ ԴԻՊՎԱԾԸ խոր հետք թողեց իմ հիշողության մեջ։ Սակայն ես մեկ դեպքով կամ փաստով հետեւություններ չեմ անում, պարզապես նկատի եմ առնում հետագա դիտարկման համար, քանզի այդ արարքը ...ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.
«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ 2012Թ. ՄՈՏԵՐՔԸ» Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նոր պատերազմ վերսկսելու գործոն է համարում ռազմական ծախսերի համար նախատեսված՝ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԱՇԽԱՐՀ
.
Արցախի վաստակաշատ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր Սամվել Գաբրիելյանի 600-ից ավելի գործեր գտնվում են աշխարհի չորս ծագերի 20-ից ավելի պետություններում։ Դրանք ...ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Իրագործվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկը եւս։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2008թ. հունվարի 1-ից, կառավարության նոր որոշման համաձայն, հղիության եւ ...ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
.
Արտակ Գուլյան ԱրՊՀ պրոֆեսոր ԼՂ նորաստեղծ հանրապետությունն իր անկախությունը ձեռք է բերել իր զավակների արյան գնով: Ուստի իր անկախության, ազատ ապրելու իրավունքի ...ԱԶԳԸ ԵՎ ՆՐԱ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
.
1. ՉՆԱՅԱԾ սույն հոդվածը շոշափում է հայ հասարակությանը վերաբերող ռազմավարական հարցեր, այն շատ քիչ է նախատեսված այդ հասարակության մեջ իշխող աստիճանավորների ունկի համար։ Քանզի այդ մարդկանց տիպը, որոնք ...«ՍԵՒԾՈՎՅԱՆ ՕՂԱԿ»
PanARMENIAN.Net
Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Փետրվարի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է NABUCCO-ՈՒՄ «ԳԱԶ ԴԸ ՖՐԱՆՍ»-Ի ԸՆԴԳՐԿՄԱՆԸ
ԱզատությունԹուրքիան ընդդիմանում է Nabucco գազամուղի նախագծում «Գազ դը Ֆրանս» ընկերության ընդգրկմանը` Հայոց ցեղասպանության եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերում Ֆրանսիայի դիրքորոշման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Խմբագրի սյունակ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ...
.
ԱԿՆԱՐԿՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
.
ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵԼ, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...
.
ԻՆՏԵՐՆԵՏ-ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ
.ԱՅԴՊԻՍԻՆ ԷԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
.ՈԳԻՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է
.Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 1։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
.ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԽՈՐԻԶՆԵՐԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

