
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՉԷԻՆ ԼԻՆԻ»
Եթե դաշնակցական ԿԳ նախարարը նախապես իմանար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացած ակցիայի մասին,
խորագիրն անպայման կփոխեր:
Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ամփոփեց տարին: Նրա ձեւակերպմամբ. «Արդեն ունենք մի համակարգ, որտեղ շենքը կարող ենք կառուցել՝ ամեն տարի ավելացնելով քարերը, եւ այլեւս խոսք չի կարող լինել ինչ-որ բան քանդելու մասին»: Նախարարը հույս ունի, որ մինչեւ 2015-2020թթ. Հայաստանը կհամարվի գիտակրթական լուրջ տարածք: Պրն Մկրտչյանը խոսելով ձեռքբերումներից ու բացթողումներից, փաստեց, որ նախադպրոցական կրթությունը մեր ամենացավոտ տեղն է, անկախության տարիներին առավել քիչ ուշադրության արժանացած ոլորտը: Նրա գնահատմամբ՝ բարեհաջող են ընթացել հանրակրթության ոլորտի բարեփոխումները: Մայիս-օգոստոս ամիսներին ավելի քան 11000 ուսուցիչ է վերապատրաստվել, շուտով տարբերակվելու են նոր ավարտած ուսուցիչը եւ բազմավաստակը, մագիստրատուրա ավարտածն ու բակալավրը՝ աշխատավարձի առումով եւ այլն:
Նախարարը տեղեկացրեց, որ 2008-ին կայանալիք միասնական քննությունների ժամանակ տեսախցիկներով ապահովված կլինեն բոլոր դահլիճները եւ հատուկ սարքերի միջոցով կխլացվեն հեռախոսասարքերով խոսակցությունները, ու դիմորդները հնարավորություն չեն ունենա դրսի հետ կապ ունենալ՝ առաջադրանքների պատասխանները ճշտելու համար: Խոսվեց նաեւ Բոլոնյան գործընթացից, եվրոպական կրթական դաշտի հետ համընթեռնելի լինելուց, նորաստեղծ գիտության կոմիտեի ապագա նախաձեռնություններից, ԵՄ-ի՝ գիտության զարգացմանը հատկացրած 50 մլրդ եվրոյից ու անպայման դրանից անմասն չմնալուց:
«Առավոտը» դաշնակցական նախարարից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս ինքը տեղյակ չէր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող «Ադրբեջանի օրերից», եւ իրո՞ք թույլ չէր տա այդ խորագրով ակցիա անցկացնել, ինչպես նշված էր «Միտք» վերլուծական կենտրոնի եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ հայտարարության մեջ:
«Եթե պետական հաստատություններում նմանատիպ միջոցառումներ են անցկացվում, ապա լիազոր մարմինը, այսինքն՝ մենք, գոնե առնվազն մեկ շաբաթ առաջ պիտի տեղյակ լինենք: Եթե դա լիներ, շատ ավելի կազմակերպված եւ ավելի հստակ խնդիրներ կլուծեինք... Որովհետեւ երկրի օրեր անում են բարեկամ ժողովրդի համար, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի, Ռուսաստանի օրերը: Դրանք բարեկամ ժողովուրդների մշակույթին, հարաբերություններին հարգանքի տուրք են, մինչդեռ մենք Ադրբեջանի հետ դեռ կարիք ունենք ընդամենը տեղեկացված լինելու մեկս մյուսի մասին: Այնպես որ՝ խոսել դրանից առաջ քայլերի մասին, նշանակում է՝ «Ադրբեջանի օրեր» վերնագիրը չի համապատասխանում միջոցառումների բովանդակությանը: Ըստ կոնֆերանսի նյութերի ու երեխաների շարադրությունների, դրանք ոչ թե Ադրբեջանի օրեր էին, այլ հաշտության գործընթացում հասարակության արտահայտած խոսքի օրեր»,- պատասխանեց Լ. Մկրտչյանը:
Երբ նախարարը հայտնեց, որ այս տարի եւս միասնական քննությունների թեստերը տպագրվելու են Անգլիայում՝ գաղտնիությունը ապահովելու նպատակով, նրան հիշեցրինք ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի՝ մամուլում տպագրված այն հայտարարությունը, որ թեստերը արտերկրում տպագրելը ազգային ամոթ է: Այս մասին էլ Լ. Մկրտչյանն ասաց. «Շարունակել ենք դրսում թեստերը պատվիրելու պրակտիկան, թեեւ գինը շատ բարձր է... Եթե մեզ մոտ անգամ որեւէ բանվոր մի օրինակ դուրս հանի տպարանից, բնականաբար՝ պրոբլեմներ կունենանք: Ինչ վերաբերում է Մանուկ Մկրտչյանին, ես իր հետ էլ եմ խոսել այդ թեմայով, ինքը էմոցիոնալ մարդ է...»:
«Առավոտի» այն դիտարկմանն էլ, որ ՀՀԿ-ական հիմնադիր նախագահ ունեցող «Սյունյաց արծիվներ» երիտասարդական կազմակերպությունը օրերս հայտարարեց, որ պատրաստվում է մասնաճյուղ բացել ՀՀԿ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ում, ընդ որում՝ «Սյունյաց արծիվները» 2008-ի նախագահական ընտրություններին պատրաստվում է աջակցել Սերժ Սարգսյանին, իր կարծիքով՝ նրա արիական ծագման համար, արդյո՞ք նախարարը չի մտահոգվում, որ համալսարանականները այլեւս կսկսեն հետաքրքրվել գործիչների «ծագումնաբանությամբ», պրն Մկրտչյանը նախ ասաց, որ օրենքով բուհերում քաղաքական գործունեությունն արգելվում է, իսկ եթե քաղաքականացված կազմակերպությունները գործեն համալսարանի «բազայի» վրա, նրա ձեւակերպմամբ՝ դժվար կլինի հետեւանքները պատկերացնել:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քննարկում
ABG գրել է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի վեր Հայաստանի ղեկավարությունն սկզբունքորեն անտեսում է Հայկական հարցի գոյությունը, չի գիտակցում այդ հարցի բուն էությունը, հավատում է այն շրջանցելու հնարավորությանը, մինչդեռ Հայկական հարցը չեն մոռանում Հայաստանի ռազմավարական ախոյանները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։
Մանրամասնենք՝ նախ պատասխանելով հետեւյալ հարցին։
Կա՞ արդյոք այսօրվա դրությամբ Հայկական հարց եւ ո՞րն է այն։
Հայկական հարցի էությունն անցյալում էլ, այժմ էլ նույնն է. իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծում: Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը` հայոց լիարժեք պետականության վերականգնում պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հայոց քաղաքակրթության երկարատեւ անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի։
Այլ կերպ ասած՝ Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժեք եւ ամուր պետականության ստեղծում, երկրորդ` այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող հողային երաշխիքներ: Ընդ որում` մի նախադրյալի ապահովումն առանց մյուսի անիրագործելի է. ո՛չ հայկական պետությունն է ի վիճակի գոյատեւել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29.800 կմ2 խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրավիրող» սահմաններում, ո՛չ էլ հայկական պետության բացակայությամբ հնարավոր կլինի հայ ժողովրդի գոյությունն առհասարակ։
Այսպիսով, Հայկական հարցի լուծումն ամենեւին էլ հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը, եւ ինչպես տարածում են հայերի կեղծ բարեկամները։ Հայկական հարցը, ամենից առաջ, հողային հարց է։
Ինչպիսի՞ն է, սակայն, Հայկական հարցի վիճակը ներկայումս:
Հայ ազգի եւ հայկական քաղաքակրթության գոյությունը վտանգված էին նախկինում, վտանգված են եւ այսօր, որովհետեւ չլուծված է մնում տարածքային` հողային խնդիրը: Հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դարձյալ հայտնվել է «լինե՞լ, թե՞ չլինել»-ի դրության մեջ: Խորհրդային կայսրության փլուզման գործընթացին զուգընթաց, հայության դեմ Թուրքիայի եւ նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանի ծավալապաշտական բացահայտ նկրտումներն ու վայրագ գործողությունները եւս մեկ անգամ վտանգում են արդի Հայաստանի ֆիզիկական գոյությունը: Վերջին մեկուկես տասնամյակի անկախ գոյության փորձը փաստել է, որ Հայաստանը կարողացել է գոյատեւել` 42.000 քառ. կիլոմետրանոց բնական որոշակի սահմաններ ունեցող տարածքի վրա վերահսկողություն հաստատելու շնորհիվ միայն՝ ներառելով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը` ազատագրված տարածքներով հանդերձ: Սա՛ է Հայաստանի անվտանգությունն ապահովող այն նվազագույն հողակտորը, որից պակաս տարածքում հայոց պետականության գոյությունն այլեւս կարող է անհնարին լինել:
Սա է այն նվազագույն հողակտորը, որն ապահովում է Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ու միջազգային ուժերի քաղաքական, ռազմական, հոգեբանական ու աշխարհաքաղաքական շահերի բախումներում եւ փոխազդեցություններում։ Միեւնույն ժամանակ, ամենեւին չի բացառվում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի անհաշտ քաղաքականությունը եւ վերջինիս կողմից պատերազմի հավանական սանձազերծումը Հայաստանին այլ ելք չթողնեն, քան է՛լ ավելի ընդլայնելու հայոց ռազմաքաղաքական իշխանությունը հայրենիքի բռնազավթված տարածքների վրա, ընդհուպ մինչեւ այն կետը, երբ թշնամին այլեւս կդադարեցնի սպառնալն ու կհաշտվի հայերի՝ իրենց հայրենի հողի վրա պետություն ունենալու իրողության հետ։
Գալով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը՝ պետք է նկատել, որ այդ քաղաքականության հիմնադրույթները ձեւավորվել են դեռեւս 1990-ականների սկզբին եւ, հակառակ ընդունված տեսակետի, հետագայում լուրջ վերանայման ու փոփոխության, ըստ էության, չեն ենթարկվել։ Այս իմ հայտարարությանն անմիջապես կառարկեն ե՛ւ նախկին ՀՀՇ-ական, ե՛ւ ներկա իշխանությունների ներկայացուցիչները, երկուսն էլ մեջբերելով, նախ եւ առաջ, այն հայտնի փաստը, որ 1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունն իր օրակարգում է ներառել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը (այդ ուղղությամբ տարված աշխատանքի արդյունավետությունն այլ խնդիր է)։ Այնուհետեւ ներկա իշխանությունների ներկայացուցիչներն ուշադրություն կհրավիրեն նաեւ մեկ այլ փաստի վրա, որ իրենք, ի տարբերություն նախկինների, սկզբունքորեն դեմ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի անգամ ձեւական ենթակայության տակ դնելուն։
Ճշմարտացի լինելով հանդերձ, այս տարբերությունները ի վիճակի չեն փոխելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղվածությունն ու բովանդակությունը, որովհետեւ մանրուք են՝ ի դեմս շատ ավելի ծանրակշիռ այն նմանությունների, որոնք Հայաստանի առաջին նախագահի որդեգրած ուղուց թափանցել են երկրորդ նախագահի վարած քաղաքականության մեջ։
Արդարեւ, ՀՀ արտաքին քաղաքականության հիմքերը դրվել են 1990-ական թվականների սկզբին խորապես սխալ, եթե չասենք՝ երեւութային հիմքերի վրա։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանի ղեկավարությունը, մի կողմից, տրվելով Արեւմուտքից ներշնչված հեքիաթային երազանքներին, մյուս կողմից, միջազգային հարաբերությունների եւ ազգային անվտանգության հարցերում պատրաստվածության ահռելի պակաս ունենալով.
u աչք էր փակում տեսանելի հեռանկարում հայ-թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի անհամատեղելիության վրա,
u պատմության դերակատարումը քաղաքականության մեջ համարում էր անախրոնիզմ` անարժեք մի մնացուկ,
u արեւմտյան զարգացած պետություններին միամտորեն ընդունում էր որպես անաչառ միջնորդ եւ անվտանգության ամենակարող երաշխավոր,
u միջազգային քաղաքական համակարգի զարգացումն ընկալում էր դեպի «համընդհանուր բարօրություն եւ ազատություն» տանող միագիծ ու վերընթաց մի շարժում,
u իբրեւ արդյունք, Արցախի եւ ազատագրված տարածքի հիմնախնդիրը դիտում էր Հայկական հարցից կտրված ու մեկուսացված:
Այս թերությունները մինչեւ այսօր էլ, ցավոք, լիովին չեն հաղթահարվել։
Թվենք նախորդ վարչակարգից Հայաստանի Հանրապետության ներկայիս արտաքին քաղաքականության մեջ ժառանգաբար փոխանցված վճռորոշ ուղղությունները.
1. 1990-ականներից ի վեր ՀՀ արտաքին քաղաքականությունն անտեսում է Հայկական հարցի գոյությունն ու էությունը՝ նրա հողային բնույթը, համարելով, որ անկախ Հայաստանը կարող է գոյատեւել նախկին ՀԽՍՀ 29800 քառ. կմ-անոց տարածքում կամ, առավելաբար, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի հետ միասին։ Հայաստանի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահներն ու նրանց վարչակարգերը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս ընկած Հայաստանի ազատագրված տարածքը, բացառությամբ Լաչինի միջանցքի, հրապարակավ հայտարարել են զիջման ենթակա։
2. Հայաստանի ցեղասպանված արեւմտյան մասը լիակատար մոռացության է մատնվել՝ այն աստիճան, որ անկախ Հայաստանի դեսպանները կարող են մեր հայրենիքի այդ կորուսյալ տարածքն արդեն կոչել թուրքական տերմինաբանությամբ՝ Անատոլիա։
3. ՀՀ-ն այն ժամանակ էլ, այսօր էլ պատրաստակամություն է հայտնում առանց նախապայմանների Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։
4. ՀՀ նախկին եւ նոր իշխանությունները հայ-թուրքական սահմանի բացման բուռն ցանկություն են դրսեւորում՝ առանց տնտեսական եւ ազգային անվտանգության բնագավառում պաշտպանական մեխանիզմներ մշակելու եւ ունենալու։
5. Ներկա եւ նախկին իշխանությունները բացարձակ անտարբերությամբ են վերաբերվել Հայաստանից ժողովրդի զանգվածային արտագաղթին, նրանք երբեք հայրենադարձությունը չեն դիտել իբրեւ Հայաստանի ամրապնդման ճանապարհ, այդ ուղղությամբ քարոզչական ու կազմակերպչական որեւէ աշխատանք չի տարվել, ծրագրեր չեն մշակվել։
6. Ներկա եւ նախկին իշխանությունները շարունակաբար տոգորված են անհիմն լավատեսությամբ առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ շուտով, «ուր որ է» մտնելու են բնականոն զարգացման հուն։
7. Հայաստանի դեմ միջազգային ասպարեզում տարվող թուրքական քարոզչության հանդեպ ընդունվել է կրավորական, ոչ արժանավայել կեցվածք։
7.1. Հայաստանի ղեկավարությունը, չգիտես ինչու միջազգային ասպարեզում ելույթ ունենալիս անընդհատ շեշտում է իր՝ Թուրքիայի համեմատ փոքր երկիր լինելը, փոխանակ շեշտելու Հայաստանի եւ Թուրքիայի պետությունների՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտների իրավահավասարությունը։
7.2. Ներքին ասպարեզում իրավիճակը շատ ավելի անմխիթար է. թրքասիրության բուռն դրսեւորումները հանդիպում են ամեն օր։ Բավական է հիշել հե՛նց այս օրերին Հայաստանի պետական (!) դպրոցներից մեկում «Հայաստանում Ադրբեջանի օրեր» խայտառակ ծրագիրը, որին աջակցություն է հայտնում Հայաստանի արտգործնախարար Վ.Օսկանյանը եւ որը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ առանց հանրապետության գերագույն ղեկավարության աջակցության։ Սա նույնն է, եթե Սիրիայում անցկացվեին Իսրայելի օրեր կամ Իսրայելում Սիրիայի։ Միեւնույն ժամանակ Բաքվից հնչում են ամենօրյա սպառնալիքներ։ Հիշեցնեմ, որ այդ պետական խոշորագույն դպրոցի տնօրենն է հրապարակայնորեն Հայկական բանակի դեմ քարոզող եւ Արցախը Հայաստան հայրենիքի մաս չհամարող պրն Ա.Բլեյանը։ Այսպիսի արտառոց իրավիճակում Հայ Դատն իր քաղաքականություն հռչակած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, նրա խորհրդարանական ֆրակցիան, ինչպես նաեւ այդ կուսակցության ներկայացուցիչ՝ կրթության նախարար պրն Լ.Մկրտչյանը որեւէ խնդիր չեն տեսնում։
Հիշենք նաեւ, որ հանգիստը թուրքական Անթալիայում Հանրային (պետական) եւ մասնավոր հեռուստատեսություններով գովազդվում է ամբողջ տարին շարունակ։ Երեկ այս ամբիոնից բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ հայտարարում էին թուրք հասարակության հետ աշխատելու անհրաժեշտության մասին, ինչը, կարծում եմ, գիտական ֆանտաստիկայի ոլորտից է։ Նախքան այդ, պարոնայք, բարի եղեք եւ կարողացեք աշխատել հայ հասարակության հետ, այլ ոչ թե թույլ տալ, որ հայ երեխաների ուղեղները լվանան Ադրբեջանից ժամանած նախկին բանակայինները եւ տնաբույս թուրքասերները։
Այս առումով նկատենք նաեւ, որ տեղի է ունենում կարեւոր հասկացությունների վտանգավոր նենգափոխում. թշնամի պետություն Թուրքիան անընդհատ հիշատակվում է իբրեւ «հարեւան երկիր», կարծես չկա ո՛չ թուրքական շրջափակումը, ո՛չ էլ թշնամական քաղաքականության մյուս դրսեւորումները։ Մեր պատգամավորները ափսոսանքով խոսում են «թուրք գործընկերների» Հայաստան չժամանելու մասին։ Այդ երբվանի՞ց Թալեաթին ու Էնվերին պաշտող թուրք պատգամավորները դարձան «գործընկեր»։
7.3. Վերջապես, ոչ արժանապատիվ կեցվածքի փայլուն մի օրինակ է նաեւ այս քննարկումներին թուրք պատգամավորներ հրավիրելը։ Երբեւիցէ ձեզ, տիկնայք եւ պարոնայք հայ պատգամավորներ, հրավիրե՞լ են Թուրքիայի խորհրդարան՝ որեւէ նմանատիպ լսումների մասնակցելու։ Արդյոք ի՞նչ իմաստ ունի հրավիրել թուրք պատգամավորներին Հայաստանի խորհրդարան, այն էլ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումների, եթե նրանք չեն ճանաչում հայ ժողովրդի դեմ գործադրված մեծագույն ոճիրը՝ Ցեղասպանությունը, այսինքն՝ պատրաստ են կրկնելու նույնը եւս մեկ անգամ։
Ի՞նչ իմաստ ունի հրավիրել նրանց, եթե նրանք չեն ճանաչում արցախահայության ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը, չեն դատապարտում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալած հակահայկական քաղաքականությունն ու ռասիստական քարոզարշավը, չեն դատապարտում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այդ պետությունների տարածքում, չեն ընդունում ցեղասպանության դիմաց փոխհատուցման որեւէ գաղափար։
Առհասարակ, ի՞նչ իմաստ ունի հրավիրել թշնամի պետության պատգամավորներին Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված հարցերի քննարկումներին։ Խորաթափանց դիվանագիտության անվան տակ անցկացվող նմանատիպ սիրախաղերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լոկ գրգռում են նրանց ախորժակը, առաջացնում արհամարհանք եւ, ի վերջո, վատ ավարտվում հայերի համար։
Այսպիսով, 1990-ականներից ի վեր ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ մնացել է հիմնականում անփոփոխ։
u Այն չի վերանայվել 1993թ. սկսված թուրքական շրջափակման կիրառումից անմիջապես հետո, ոչ էլ այդ շրջափակման 15-ամյա ընթացքում։
u Այդ քաղաքականության վրա ազդեցություն չի թողել Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ ու սադրիչ աջակցությունը՝ Հայաստանի դեմ պատերազմական նախապատրաստությունների գործում ու հենց պատերազմի ընթացքում։
u Այդ քաղաքականությունը չի վերանայվել Թուրքիայի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 16-ամյա հրաժարման պատճառով, հրաժարում, որը բացի բացահայտ թշնամանքի դրսեւորումից, նաեւ վկայում է հայոց պետականության գաղափարն իսկ ընդունելու Թուրքիայի դժկամությունը։
u Բնականոն հարաբերություններ հաստատելու Թուրքիայի առաջադրած կանխահայտորեն անընդունելի նախապայմանները եւս ի զորու չեն եղել փոփոխելու Հայաստանի՝ Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Նկատենք, որ տարբեր պահերի դրվել են տարբեր նախապայմաններ, այդ թվում՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, հրաժարվել սեփական պատմությունից, մասնավորապես ցեղասպանության թեման միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ բուն Հայաստանում արծարծելուց, պաշտոնապես վերահաստատել Կարսի պայմանագիրը, Մեղրիի միջանցքը դնել ադրբեջանական վերահսկողության տակ, հանձնել Հայաստան երբեք ոտք չդրած Աբդուլլահ Օջալանին (1999թ.), հրաժարվել Հայաստանի երբեք չունեցած միջուկային զենքից։ Վաղը կարող են առաջ քաշվել բոլորովին նոր հնարովի նախապայմաններ։
u ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ չի վերանայվել նաեւ Հայաստանի եւ Քուրդիստանի բանվորական կուսակցության միջեւ գոյություն չունեցող կապերի մասին թուրք պաշտոնյաների սուտ եւ վտանգավոր քարոզչություն ծավալելուց հետո։ Մինչդեռ թուրք-ադրբեջանական ստահոդ պնդումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում Քուրդիստանի բանվորական կուսակցության բազաներ ունենալու մասին հող են նախապատրաստում ծրագրվող ռազմական ներխուժման համար։
u ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ չի վերանայվել Ստամբուլում հայ լրագրողի սպանությունից հետո, սպանություն, որ, ըստ աստիճանաբար ամրապնդվող կարծիքների, կազմակերպել էին Թուրքիայի պետական մարմինները, որոնք այժմ էլ իրականացնում են սպանության հետքերը սքողելու փորձեր՝ ընդհուպ մինչեւ փաստաթղթերի ոչնչացում։
Ե՞րբ է Հայաստանի ղեկավարությունը գիտակցելու, որ Թուրքիան Հայաստանի դեմ անսքող թշնամական քաղաքականություն է վարում, ունենալով պարզ ու հստակ մի նպատակ՝ Հայաստանի ոչնչացումը։ Մի՞թե այս ճշմարտությունը հասկանալու համար անհրաժեշտ է թուրքական ռազմական ներխուժում, հայերի նոր կոտորած։ Ի դեպ, սա այն միակ հակահայկական քայլն է, որ վերջին 17 տարիներին Թուրքիան, իրենից անկախ պատճառներով, չի հաջողեցրել, բայց նպատակադրված է իրականացնելու իր կրտսեր դաշնակցի՝ Ադրբեջանի ձեռքերով։
Սովորաբար, Հայաստանի ղեկավարությունը բացատրում է իր՝ Թուրքիայի եւ առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ տարվող անբացատրելի զիջողական եւ կրավորական քաղաքականությունը իբր իրապաշտությամբ ու գործնապաշտ (պրագմատիկ) մոտեցումներով, որոնք, ինչպես տեսանք, առաջացրել են միայն թուրքերի քամահրանքը եւ նպաստել թուրքական ճնշումների շարունակությանը։
Այդ, այսպես կոչված, իրապաշտությունն ու գործնապաշտությունը արտահայտվում են մի շարք պարզունակ ու զավեշտական հարցադրումներով.
u Եթե Հայաստանը հողային եւ այլ հատուցումների պահանջ ներկայացնի, Թուրքիան Հայաստանին պատերազմ կհայտարարի.- իրականում, Թուրքիան Հայաստանին պատերազմ արդեն հայտարարել է եւ այն մղում է տեղեկատվական, հոգեբանական, գաղափարական ու տնտեսական ոլորտներում։ Թուրքիան ընդամենը զորքով չի հարձակվել Հայաստանի վրա, բայց այդ մի քայլից նրան հետ են պահում բոլորովին այլ պատճառներ, որոնցից նշենք հիմնականները՝ սեփական խնդիրների առկայությունը, այդ թվում՝ քրդական ապստամբությունը, Հայաստանի անկախ պետություն լինելը եւ բանակ ունենալը, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը, ռուսական զորքի ներկայությունը, Եվրոպական Միություն մտնելու ցանկությունը, հայկական Սփյուռքի առկայությունը։
Սակայն սա չի նշանակում, թե թուրքական վտանգը մեկընդմիշտ վերացել է, միջազգային կամ տարածաշրջանային վայրիվերումների դեպքում թուրքական վերնախավը կարող է ապագայում որոշել հարվածել Հայաստանին՝ նախընտրելով իր երկարաժամկետ ռազմավարական նպատակներին հասնելը միջազգային կարճաժամկետ դատապարտումից։ Ամեն դեպքում, Թուրքիան այդպիսի քայլ կարող է անել անկախ Հայաստանի հողային պահանջ ներկայացնել-չներկայացնելուց։ Հիշեցնենք նաեւ, որ 1993թ. Թուրքիան ծրագրել էր ներխուժել Հայաստան, թեեւ այդ պահի ղեկավարությունը հստակ հայտարարել էր Թուրքիայից որեւէ տարածքային պահանջ չունենալու մասին։
u Եթե Թուրքիան բավարարի Հայաստանի հողային հատուցման պահանջը, ապա ի՞նչ է անելու Հայաստանը. չէ՞ որ այդ հողերի վրա ապրում են 15-20 միլիոն քրդեր եւ թուրքեր. - իրականում, մոտ ապագայում Թուրքիան Հայաստանին որեւէ հողային զիջում չի անելու, որովհետեւ նա դեռեւս ամուր պետություն է։ Բայց ավելի մեծ ճնշում Հայաստանի նկատմամբ նույնպես չի կարող իրականացնել՝ բոլոր հնարավոր ճնշումներն արդեն փորձված են ու կիրառված։ Մինչդեռ հողային հատուցման հիմնավորված պահանջը ժամանակի ընթացքում կարող է ստիպել Թուրքիային կատարելու ինչ-ինչ զիջումներ, թեկուզ Արցախի հարցում։
u Եթե Հայաստանը հողային եւ այլ հատուցումների պահանջ ներկայացնի, Թուրքիան դուրս կշպրտի իր տարածքից այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիներին. - իրականում, Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիները, ինչպես եւս մեկ անգամ ցույց տվեցին Հրանտ Դինքի սպանության հետ կապված իրադարձությունները, առանց լավ գիտակցելու հայտնվել են պատանդի կարգավիճակում։ Հայաստանի կառավարությունը պետք է պաշտոնապես կոչ անի նրանց՝ հնարավորինս արագ դուրս գալ թշնամի պետության՝ Թուրքիայի տարածքից։
Իրապաշտությունն ու գործնապաշտությունը պահանջում են Հայաստանի ղեկավարությունից Թուրքիայի ուղղությամբ մշակել եւ որդեգրել նոր քաղաքականություն, որի հիմքում ընկած պետք է լինի Հայկական հարցի ճանաչումն ու ընդունումը։
Հայկական հարցի հետագա զարգացումն անխուսափելիորեն բերելու է նոր պայմանագրերի ստորագրման, ըստ ամենայնի, ոչ միայն Արցախի ու ազատագրված տարածքների կտրվածքով, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների, Նախիջեւանի եւ Հայաստանի բռնազավթված այլ տարածքների մասերով: Հողային հարցում այդ նոր պայմանագրերը կա՛մ պահպանելու են այսօրվա ստատուս-քվոն, կա՛մ լինելու են ավելի նպաստավոր Հայաստանի համար: Պակաս նպաստավոր լինելու պարագայում` Հայկական հարցի բնությունն ինքն է վիժեցնելու դրանց կենսագործումը՝ վաղ թե ուշ տարածաշրջանում առաջացնելով նոր սրացումներ, բախումներ ու պատերազմներ: Քանի դեռ հայ ժողովուրդն իր անկախ գոյությունն ապահովելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չի ստացել, տարածաշրջանում տարածքային հարցեր շոշափող որեւէ պայմանագիր չի կարող իրավական հարատեւություն ունենալ:
Այսպիսով, հայ ժողովրդի հրաժարումը իր բնիկ հայրենիքից անհնար է ինչպես ռազմավարական անհրաժեշտության տեսանկյունից, որի մասին արդեն խոսեցինք, այնպես էլ բարոյական ու հոգեբանական առումներով այդպիսի անիմաստ՝ որեւէ երկարատեւ ապահովություն չպարգեւող հրաժարումը կկործանի հայերի հոգեւոր ու պատմամշակութային աշխարհընկալման ողջ համակարգը՝ դարձնելով նրանց կամազուրկ եւ աննպատակ զանգված, որից հետո Հայկական հարցի թուրքական սցենարով վերջնական լուծումը այլեւս առանձին ճիգեր չի պահանջի։
Իրականում, Թուրքիան այնքան ժամանակ չի հաշտվի իր սահմաններին հայկական պետականություն ունենալու հետ, որքան ժամանակ հույս կտածի, որ այդ պետականությունը կարելի է վերջնականապես ու մեկընդմիշտ խորտակել։
Բայց ճիշտ է եւ հակառակը. Թուրքիան այն ժամանակ կհաշտվի՝ ստիպված կլինի հաշտվելու, Հայաստանի պետականության գոյության հետ, երբ Հայաստանը ամենայն պատասխանատվությամբ տեր կկանգնի իր ճակատագրին, իր ժողովրդին, հայկական բանակի վերահսկած 42000 քառ. կմ տարածքին, վարելով արդար ներքին եւ արժանապատիվ արտաքին քաղաքականություն, երբ իր դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական տեղեկատվական-հոգեբանական պատերազմում Հայաստանը կդրսեւորի պաշտպանվելու, ինչպես նաեւ հարձակվելու կամք ու պատրաստվածություն, երբ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները կհասկացնեն ամբողջ աշխարհին, որ արյունով ազատագրված հայկական հողի որեւէ թիզ այլեւս երբեք չեն զիջելու՝ ո՛չ դարավոր թշնամուն, ո՛չ բարեկամի սքեմ հագած «խաղաղապահ զինուժին»։
Եզրափակենք։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, մերժելով ճանաչել Հայկական հարցը եւ նրա հողային բնույթը, շարունակում է արմատապես սխալ գնահատել իրական վտանգները եւ նրանց զսպման միջոցները։ Տարածաշրջանում տիրող ռազմավարական իրականությունից այս կտրվածությունը հղի է ամենածանր հետեւանքներով Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Թուրք-ադրբեջանական դաշինքը զսպելու միակ հնարավոր ինքնապաշտպանության քաղաքականությունը որդեգրելու փոխարեն ընտրված է Հայաստանը ոչնչացնել ցանկացողների ապարդյուն խաղաղեցումն ու սիրաշահումը, հայ հասարակությանը միակողմանի զիջումների պատրաստելը, միջազգային խոշոր դերակատարների վրա անառողջ հույսեր դնելը։
Հայաստանի արտաքին քաղաքականության գործնապաշտությունը ոչ թե Թուրքիայի ակնհայտ թշնամությունն անտեսելն է, այլ Հայկական հարցը համակողմանիորեն վերարծարծելը, ներառյալ տարածքային փոխհատուցման վերաբերյալ քաղաքականապես իրապաշտ առաջարկներով։ Սա, իր հերթին, նախատեսում է արտաքին եւ ներքին քաղաքականության ամբողջական վերանայում, համազգային ինքնապաշտպանական ողջ ներուժի կենտրոնացում եւ կազմակերպում։
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ քաղաքագիտության դոկտոր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
<< | Սկիզբ | >>
Ուղարկել հոդվածը | Քննարկել հոդվածը նոր
Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*: Վերնագիր:
Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։
Վիրտուալ ՍտեղնաշարԱնջատելՀայերենՌուսերենՁեր ՏվյալներըԱնուն: Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։
Քննարկում
3 օր առաջ | ջնջել (5) | պատասխանել Դավիթ գրել է:
Փա՛ռք ու պատիվ Ձեզ,Արմեն Այվազյան :
2 օր առաջ | ջնջել (5) | պատասխանել ara գրել է:
Դավիթ
Փա՛ռք ու պատիվ Ձեզ,Արմեն Այվազյան :
Ոչ թե մեկ այլ Հազար փառք ու պատիվ Ձեզ Արմեն Այվազեան:
2 օր
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ «ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ-ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՈՐԱԿՄԱՆԸ
Դեկտեմբերի 20-ին «Առավոտն» իր «Հայելանման սիմետրիա» վերտառությամբ խմբագրականում անդրադարձել էր դեկտեմբերի 15-ին «ՀԺ»-ում հրապարակված այն ձեռագրին, որը վերագրվել էր ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է «ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔԸ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հետեւություններն ԱԺ-ում իրենց 6 ամսվա գործունեությունից: - Սահմանադրական փոփոխություններով մեծացվեց խորհրդարանի դերակատարությունը, ...«ՄԱՐԴ-ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՍԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԱ՞Ծ ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻնչպես բաժանել 74 կուսակցությունները 9 թեկնածուների մեջ Պաշտոնապես գրանցված 74 կուսակցությունների անունները նախագահական ընտրությունների առիթով դեռ շատ են շահարկելու, եւ նախագահի թեկնածու առաջադրված թեկնածուները ...ԵՂԵՎՆԻՆԵՐՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԱյդ պատճառով էլ շատ ընտանիքներ ստիպված են Ամանորը դիմավորել առանց տոնածառի Նախատոնական այս օրերին մայրաքաղաքում ամենուրեք բնական եւ արհեստական եղեւնիների մինի շուկաներ են բացվել: Ի տարբերություն նախորդ ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՉԷԻՆ ԼԻՆԻ»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 1Եթե դաշնակցական ԿԳ նախարարը նախապես իմանար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացած ակցիայի մասին, խորագիրն անպայման կփոխեր: Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ամփոփեց տարին: Նրա ձեւակերպմամբ. ...«ՆՈՐ ԴԵՄՔԵ՞Ր»
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԱռաջին նախագահի նոր թիմի համառոտ տեսություն Ընդհանրապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչության կազմակերպիչները ճիշտ են անում, որ իրենց ղեկավարի ելույթները բաժանում են DVD-ներով՝ քաղաքականությամբ հետաքրքրվող ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԵտընտրական զարգացումներ՝ Իջեւանում Դեկտեմբերի 16-ին Իջեւանում կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքում չորրորդ անգամ վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ նրա մրցակիցներն ...ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի 2«Առավոտի» ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ շաբաթ օրը կայացած սատարող ուժերի կոնգրեսում ելույթի առավել ուշագրավ հատվածները: - «ՀայՌուսգազարդ» ընկերության ...ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ԳԻՐԱՆՈՒՄ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԳաղտնիքը բնապահպանության նախարար լինելն է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ամանորը նշելու է քաղաքից դուրս՝ Ծաղկաձորում, ընտանիքի եւ մոր հետ: Այս մասին նա ասաց «Առավոտի» հետ զրույցում ...«ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԵՐ ԿՈՆՖԼԻԿՏԸ»
Զրուցեց ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՀարցազրույց ադրբեջանցի գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանի հետ Դեկտեմբերի 17-20-ը Խաղաղասեր նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «Ադրբեջանի օրեր» խորագրով «Մխիթար Սեբաստացի» ...96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 3«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համաձայն չէ այն գնահատականին, թե 1996թ.-ին իր գլխավորությամբ տեղի ունեցած հայտնի դեպքերը «բոլշեւիկյան-հեղափոխականության» ...
«ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԼԱՎ ԶԳՈՒՄ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
96-Ի ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԷԻՆ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵ՞Ր ԵՍ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼՈԻՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեջբերվում է ըստ www.levonforpresident.com կայքի
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ
Ն. Գ.
«ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

