ՄԵԿ ՈՒՂԵՎՈՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Տիրան Լոքմագյոզյան
Երևան-Ստամբուլ-Երևան
Հայաստանից Թուրքիա երկու ճանապարհ կա: Մեկը օդային, իսկ մյուսը ցամաքային, Վրաստանի տարածքով: Հիշենք Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը՝ «քեզ շատ փորձանք կսպասե»-դա երկրորդ ճանապարհի մասին է: Սակայն Երկու ճանապարհներն էլ իրենց առանձնահատկությունները ունեն փորձությունների առումով:
Օդային երթեւեկության մասին անպայման հարկավոր է առանձին խոսել, իսկ այժմ պատմենք ավտոբուսով Թուրքիա գնալ-գալու ոդիսականի մասին: Կան թուրքական ավտոբուսներ, որոնք աշխատում են Երեւան-Ստամբուլ գծի վրա: Այդ մեքենաները Հայաստանի տարածքում գործող միջքաղաքային ավտոբուսներից անհամեմատ լավն են, սակայն Թուրքիայում համարվում են այնքան հնացած, որ դուրս են եկել օգտագործումից:
Կայսեր իրավունքը կայսրին տալու համար պետք է նշենք նաեւ, որ այդ մեքենաներից օգտվողներն էլ այն դիտում են ավելի շատ որպես բեռնատար տրանսպորտ, քան մարդատար: Թուրքիա տանող ճանապարհը անցնում է Վրաստանով, քանի որ մեր սահմանը Թուրքիայի հետ դեռեւս մնում է փակ:
Այսպիսով` 24 ժամվա ճանապարհը տեւում է կրկնակի, ինչը նշանակում է երկու օր ավտոբուսի մեջ քնել: Անցած 15 տարվա ընթացքում ճամփորդները հատկապես Վրաստանի հատվածում այնպիսի բաներ տեսան ու ապրեցին, որ կարելի էր այդ մասին հատորներ գրել, սակայն մենք կխոսենք այսօրվա դժվարությունների մասին, որոնք Վրաստանից «տեղափոխվեցին» Հայաստան:
Հայ-վրացական-թուրքական սահմանային շփումներ
Չնայած այն հանգամանքին, որ Սահակաշվիլյան Վրաստանում այժմ շատ բան է փոխվել, այնուամենայնիվ Վրաստանը մնում է Վրաստան: Սկսենք տոմսի արժեքից: Երեւանից Ստամբուլ տոմսակն արժե 45 ԱՄՆ-ի դոլար, որին գումարվում է 25 դոլար պարտադիր «տուրք», քանզի Վրաստանի մաքսային պաշտոնյաների մերսեդեսների աղբյուրը նույնն է, ինչ` Հայաստանինը:
Թուրքիայում հավելյալ «տուրք» կամ որեւէ մի ուրիշ կաշառք չի պահանջվում, սակայն վերաբերմունքն է փոքր-ինչ այլ:
Ուղեվորները մեծավ մասամբ կանայք են, ամեն մեկն իր նպատակներն է հետապնդում նախկին բյուզանդական մայրաքաղաքում: Նրանց մի մեծ զանգվածն առեւտրականներ են:
Այսպիսով, ամառվա շոգին կարգին չհովացվող, ձմեռվա ցրտին կարգին չտաքացվող, թե քնելու, թե նստելու համար ոչ պիտանի ավտոբուսները մի կերպ հասնում են «անկախ Հայաստանի քաղաքացիների ավետյաց քաղաք»:
Վերադարձին ուղեւորները դարձյալ նստում են նույն ավտոբուսները, նորից նույն պայմաններով, նույն գեղատեսիլ սեւծովյա ափերով է անցնում ճանապարհը, որը սակայն այս անգամ արդեն հաճույք չի պատճառում: Մեքենան մինչեւ վերջին սանտիմ բեռնավորված է, եւ ոչ միայն մեքենան՝ հետեւի «պրիցեպը» նույնպես:
Թուրքիայի ելքին ոչ մի պաշտոնյա չի հարցնում, թե ինչ են տանում: Նրանք գոհ են, որ հայերը սեփական երկիրը կարգավորելու փոխարեն իրենց երկիրն են հարստացնում: Վրաստա՞նը... վրացին դարձել է անճանաչելի: Սահակաշվիլիից հետո պաշտոնյան հազվադեպ է փող պահանջում: Երբեմն լկստվում է, հասկացնում, բայց եթե «չհասկանաս»` էլ չի զոռում:
Ահա հասնում են Հայաստան ... այստեղ էլ է շատ բան փոխվել, միայն հակառակ առումով: Կարծես Վրաստանի եւ Հայաստանի պաշտոնյաները փոխվել են տեղերով: Փաստաթղթերի ստուգմանը պետք է գնալ մեկ առ մեկ: Իրենց հերթին սպասողները բանտարկված են ավտոբուսի մեջ, որը կանգնած է կիզիչ արեւի տակ:
Պաշտոնյաները, որոնք զինվորներ են, ուղեւորների նկատմամբ կիրառում են զինվորական կարգ ու կանոն: Այդ միջոցին մոտենում է մի մեքենա՝ վրացական համարանիշով, Հայաստանի մուտքի ձեւակերպումը կատարելուց հետո հենց տեղում պտտվում եւ կանգնում է նորակառույց սահմանային շենքի եւ վիզաների տնակի արանքում:
Այստեղ հայկական մեքենայից դուրս են գալիս երկու հոգի եւ վերցնելով այն, ինչ տալիս է վրացական մեքենայի վարորդը, խցկում են իրենց մեքենայի մեջ: Զարմանում ես, թե այդ քանակության տուփեր ինչպես են տեղավորվում այդ մեքենայի մեջ:
Մաքսատունը բոլորովին ուրիշ տեղում է գտնվում: Ահա մեր ավտոբուսը մտնում է մաքսատան տարածք: Նախորդ ավտոբուսն արդեն 3 օր կանգնած սպասում է այնտեղ: Ավտոբուսում կան փոքր երեխաներ: Մեր ավտոբուսով եկած երկու երիտասարդներ, որոնք լյուքս մեքենաների կազմածներ են բերում կես ժամվա մեջ արդեն Երեւանի ճանապարհում են: Պետական ոլորտում են աշխատում՝ նրանց համար «զանգել են»:
Ճանապարհորդներին կարելի է բաժանել երեք խմբի՝ առեւտրականներ, ոչ առեւտրականներ եւ բեռնափոխադրողներ: Ավտոբուսի ուղեկցողուհին՝ հոստեսը (միջնորդ պաշտոնյաների եւ ուղեւորների միջեւ) իսկույն հրահանգում է ամբողջ ուղեբեռը իջեցնել ու մի գծի վրա շարել, ընթացքում փորձում է ուղեվորներին համոզել՝ վճարել բանվորներին օգնության համար: Հետագայում պարզվում է իր փութաջանության պատճառը: Ուղեբեռի երեք քառորդն իրեն է պատկանում, սակայն իր սեփականությունը չէ: Նրան վճարել են, որպեսզի բեռն «արտոնյալ պայմաններով» տեղ հասցնի:
Հոստեսը շտապելու տեղ չուներ: Միակ մտահոգությունը մաքսային ձեւակերպումն էր: Այդ մտահոգությունը կիսում էին առեւտրականները: Վարորդները նույնպես չէին շտապում: Մնացած ուղեւորները պարտավորված էին սպասել օրերով, մինչեւ լուծվեին մյուսների մաքսային խնդիրները:
Անհամբերները կարող են տաքսի վարձել: Սակայն պարզվում է, որ դա էլ հեշտ չէ: Առաջին մաքսային պաշտոնյան ի հայտ է գալիս 7 ժամվա մեջ: Հետո նրանք, ովքեր առեւտրի հետ կապ չունեն եւ հետեւաբար քաշի եւ ապրանքի հարցեր էլ չունեն, 24 ժամ համոզում են նրան, որպեսզի իրենց անձնական օգտագործման իրերը ստուգի եւ բաց թողնի Երեւան սեփական միջոցներով, չնայած ավտոբուսին վճարված է մինչեւ Երեւան, այլ ոչ թե՝ մինչեւ Սադախլու:
Մաքսատան պաշտոնյայի համար ավտոբուսը մի միավոր է, նա չի տարանջատում մարդկանց եւ նրա վրա չի ազդում նույնիսկ փոքր երեխաների առկայությունը: Վերջապես նա վախենում է պետին մոտենալ առանձին ուղեւորների ճակատագրի հարցով, եւ հետո պետը «զբաղված է» կամ էլ պարզապես տեղում չի, իսկ տաքսիները սպասում են իրենց պատառը, նրանք պատրաստ են փոխարինել անհայտ ժամկետով «կալանքի» մեջ գտնվող ավտոբուսները:
Այսպիսով Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղին արժի 45+45=90 դոլար: Այժմ տեսնենք, թե իրականում որքան է այդ 90 դոլարը: Երկու անգամ Վրաստանով անցնելիս ավելանում է 25-ական դոլար, իսկ Հայաստանի մաքսային կետը հասնելով՝ փաստորեն չեղյալ է համարվում վճարված տոմսը, որովհետեւ տաքսին պահանջում է եւս 30 դոլար: Այսպիսով ուղեւորի վրա երթեւեկությունը նստում է 170 դոլար:
Սահակաշվիլիից հետո Վրաստանը կարգավորվեց: Հեղափոխությունը պայման չէ, որ այսպիսի պարզագույն խնդիրներ իրենց լուծումը ստանան, մինչդեռ այսպիսի խնդիրները ոչ միայն Թուրքիա գնալու ցանկությունն են փախցնում,
այլ արտագաղթի իսկական պատճառ են հանդիսանում: Մանրունքներ, որոնց պատճառով մարդ հոգնում է ապրելուց ու փնտրում տեղեր, որտեղ արհասարակ գոյություն չունեն նման խնդիրները: Հեծանիվ հորինել պետք չէ, բավական է միայն ընդօրինակել:
Ավելացնենք, որ Ստամբուլ - Մոսկվա - Ստամբուլ թռիչքը ավելի էժան է, քան Երեւան - Ստամբուլ - Երեւան ավտոբուսային երթեւեկությունը, չնայած տարածությունն ավելի մեծ է:
http://www.newneighbors.am/am/news.php?con...2&year=2005