Jump to content


- - - - -

Քաղցր Հիվանդություն


  • You cannot reply to this topic
No replies to this topic

#1 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 04 March 2008 - 05:17 PM

ՔԱՂՑՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Շաքարախտն անակնկալներ է մատուցում

Posted Image

Տարիներ շարունակ աշխարհի բոլոր բժիշկները համոզված էին, թե շաքարախտի բուժման գործում ամենագլխավորը արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն իջեցնելն է նորմալ մակարդակի կամ գոնե դրան մոտ թվանիշերի։ Եւ դա կպաշտպանի հիվանդության հնարավոր բարդություններից, որոնցից առավել վտանգավորն ինֆարկտներն ու ինսուլտներն են։ Սակայն օրերս ԱՄՆ-ում հրապարակված տվյալները ստիպում են այլ կերպ նայել խնդրին։

Մի քանի տարի շարունակ բժիշկները լայնածավալ հետազոտություն էին անցկացնում. հետեւում էին 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդ (հենց դրանով է տառապում շաքարախտով հիվանդների 95 տոկոսը) միջին եւ տարեց հասակի միանգամից 10 հազար ամերիկացիների առողջական վիճակին։ Նրանք բոլորն էլ հիվանդ էին ավելի քան 10 տարի, տառապում էին բարձր ճնշումով, ունեին ավելորդ քաշ եւ խոլեստերինի բարձր մակարդակ։

Հետազոտության մասնակիցներին պատահական ընտրությամբ բաժանեցին երեք խմբի։ Առաջին խմբի հիվանդներին խորհուրդ տվեցին արյան մեջ շաքարի պարունակությունն ակտիվորեն իջեցնել նորմալ մակարդակի։ Դրա համար նրանք օրական 7-8 անգամ չափում էին դրա մակարդակը, կատարում ինսուլինի 4-5-ական ներարկում, ընդունում շաքարը նվազեցնող հաբեր, ինչպես նաեւ արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցներ։

Երկրորդ խմբի հիվանդները նույնպես պետք է հետեւեին շաքարի մակարդակին, բայց այնպես, ինչպես դա սովորաբար անում են բոլոր հիվանդները եւ խստորոշ վերահսկեին արյան մեջ խոլեստերինի պարունակությունը։ Երրորդ խմբի հիվանդները շաքարն ու խոլեստերինը վերահսկում էին սովորականի պես՝ հիմնական ուշադրությունը հատկացնելով անոթային նորմալ ճնշման պահպանմանը։ Այս երկու խմբերում հիվանդներն ընդհանուր առմամբ ընդունում էին ավելի քիչ դեղորայք եւ փոքր դոզաներով։

Արդյունքներն ապշեցուցիչ էին. չորս տարվա ընթացքում առաջին խմբում սրտային նոպաներից մահացավ 27 տոկոսով (54 հոգի) ավելի շատ մարդ, քան երկրորդ եւ երրորդ խմբերում։ Հասկանալով դա, գիտնականները դադարեցրին առաջին խմբի հետ գիտափորձը՝ որպես մասնակիցների կյանքի համար վտանգավոր։

Ստացվում է, որ շաքարի պարունակությունը նորմալ մակարդակի իջեցնելը շաքարախտով հիվանդների համար առաջնային նշանակություն չունի՞։ Ճիշտ է, արդյունքները բնավ չեն նշանակում, թե շաքարի մակարդակն իջեցնել պետք չէ։ Դա ամեն դեպքում պաշտպանում է հիվանդին երիկամների, տեսողության, ոտքերի անոթների հետ կապված բարդություններից։ Բացի դրանից, բնավ բացառված չէ, որ առաջին խմբում բարձր մահացությունը բացատրվում է շաքարի մակարդակի չափազանց արագ իջեցմամբ։

Դե, իսկ մինչ գիտնականները շարունակում են իրենց գիտափորձերը, անդրադառնանք այն հարցին, թե ինչ պետք է իմանան մարդիկ շաքարախտի մասին, որպեսզի չդառնան դրա զոհը։

1) Ճի՞շտ է արդյոք, որ շաքարախտով հիվանդանում են քաղցրավենիքի սիրահարները։

-Շաքարախտով կարող են հիվանդանալ նաեւ նրանք, ովքեր քաղցրեղեն քիչ են ուտում։ Իսկ քաղցրի սիրահարները, եթե ակտիվ կենսակերպ են վարում ու չեն գերսնվում, շաքարախտով չեն հիվանդանում։

Երեխաների համար շաքարի օգտագործման նորման չպետք է անցնի օրական 100 գրամից (ներառյալ կերակրատեսակների, թխվածքի, հրուշակեղենի պարունակած շաքարը)։ Մեծահասակների պարագայում միանգամայն բավական է օրական 50 գրամ շաքարը։ Համեմատության համար. կոլայի մեկ բաժակը պարունակում է մինչեւ 25 գրամ շաքար։

2) Որո՞նք են շաքարախտի առաջացման վտանգի գործոնները։

-Ժառանգական հակվածությունը, ավելորդ քաշը, չափազանց կալորիական սնունդը, նստակյաց կենսակերպը։

3) Ի՞նչ նշաններից կարելի է կասկածել շաքարախտով հիվանդ լինելու մասին։

-Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման դեպքում մարդը կարող է արագորեն գիրանալ կամ հակառակը՝ նիհարել։ Նա շուտ է հոգնում, զգում իրեն ջարդված, թույլ, տրամադրությունը վատ է։ Մշտապես ուտելու ցանկություն ունի, տանջվում է ծարավից, բերանը չորանում է։

4) Ինչո՞վ է 1-ին տեսակի շաքարախտը տարբերվում 2-րդ տեսակից։

-1-ին տեսակի կամ պատանեկան շաքարախտով հիվանդանում են տարբեր տարիքի երեխաներն ու երիտասարդները։ Դրա պատճառը ենթաստամոքսային գեղձի հատուկ բջիջների կողմից ինսուլին հորմոնի արտադրության անբավարարությունն է։ Ինսուլինը պատասխանատու է բջիջների մեջ շաքարի «մուտքի» համար, որտեղ նա պետք է քայքայվի՝ էներգիա տալով մարդուն։

2-րդ տեսակի կամ տարիքային շաքարախտով սովորաբար հիվանդանում են մեծահասակները, թեեւ վերջին տարիներին այն սկսել է սրընթաց երիտասարդանալ։ Հիվանդության այդ տարբերակի պատճառն այն է, որ բջիջները դադարում են արձագանքել ինսուլինին։

5) Ճի՞շտ է արդյոք, որ շաքարախտն անբուժելի է։

-Հիվանդության վաղ փուլերում երկրորդ տեսակի շաքարախտը բուժել հնարավոր է։ Արյան մեջ շաքարի մակարդակը կարելի է կարգավորել, եթե փոխվի կենսակերպը. կտրուկ նվազեցնել սննդի կալորիականությունն ու ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնումները։ Նման պայմաններում արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը կարելի է պահել տարիներ շարունակ։

6) Ճի՞շտ է արդյոք, որ շաքարախտով հիվանդները շուտ են մահանում։

-Եթե շաքարախտով հիվանդը հաջողությամբ վերահսկում է իր հիվանդությունը (նախնական փուլերում՝ սննդակարգի, ֆիզիկական վարժությունների օգնությամբ, եւ եթե անգամ դեղորայքի անհրաժեշտություն է առաջանում, ճիշտ է ընդունում դրանք), ապա ապրում է ոչ պակաս, քան առողջ մարդիկ։

7) Ինչպե՞ս պարզել շաքարի մակարդակը սեփական օրգանիզմում։

-Արյան մեջ շաքարի մակարդակը տվյալ պահին կարելի է ստուգել պոլիկլինիկայում. անալիզն անցկացվում է քաղցած ժամանակ, պահանջում ընդամենը մեկ րոպե։

Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ


Quote


Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի