Ara ջան, իսկապես հետաքրքիր հոդված էր: Հոդվածին ծանոթանալ ցանկացողների համար այն տեղադրում եմ:
Հետաքրքիր համեմատություն էր արել նախարարը բանկերի վերաբերյալ, որ ընդունում են այն ծրագիրը, որն ունի պատմություն: Ինչպես ժողովուրդն է ասում՝ փորձված թանը անփորձ մածունից լավ է:

Ծրագիրն իրոք իրատեսական է թվում, որն իմ կարծիքով ամենակարեւոր բնութագրիչներից մեկն է: Իրատեսական, քանի որ շեշտը դրված է մեր պետության ուժեղ կողմերի վրա, ու թե, կոպիտ ասած, ինչից կարող ենք օգուտ քաղել: Օրինակ.
Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ մենք աճելու տեղ ունենք, եւ կարեւորը՝ ի վիճակի ենք շատ ու շատ աճելու այս ոլորտում:
Զբոսաշրջություն՝ իսկ ինչո՞ւ լրջորեն զարկ չտալ տուրիզմի ոլորտի բարգավաճմանը: Մենք ահագին բան ունենք ցուցադրելու աշխարհին, որի բոլոր ծայրերում էլ գտնվում են մարդիկ, որոնք ծարավ են հնություններ տեսնելու ցանկությամբ: Մենք դրանցից շատ ունենք, սակայն շատ հաճախ դրանք անտեսվում են: Հիշենք օրինակ Գորիսի շրջանի որոշ գյուղերում գտնվող, մինչեւ հիմա պահպանված քարանձավները: Հրաշք են ուղղակի հետաքրքրասեր կամ հնէաբան մարդկանց համար: Եվ միգուցե զարկ տալով զբոսաշրջությանն այս մասերում, ձեռք բերելով համապատասխան միջոցներ՝ որոնք կստացվեն արդյունքում, կենդանանա նաեւ հենց քաղաքը, որի վիճակը, մեր շատ քաղաքների նման, այնքան էլ հիացնող չէ:
Հանքարդյունաբերությունը եւս մեր ուժեղ կողմերից է: Սակայն, բնական է, որ բոլոր հնարավորությունները չեն գործում: Շատ անգամ հումքը մեզ մոտ մշակելու փոխարեն արտահանում են: Իսկ եթե մեզ մոտ մշակվի, զգալի եկամուտներ կունենանք: Մեր երկրում մշակվելու համար համապատասխան տեխնոլոգիաներ ու ռեսուրսներ են պետք, որոնք էլ առանց լուրջ ներդրումների չեն լինի: Որպես հիմնական թերություն ուզում եմ նշել մթնոլորտ նետված գազային արտանետումները, որոնք բնորոշ են մետալուրգիական արտադրություններին: Օրինակ մեր Ալավերդու պղնձաձուլական գործարանը Քաջարանի պղնձային խտանյութից ստանում է սեւ պղինձ: Այս տեխնոլոգիական ցիկլի արտացոլիչ հալման պրոցեսում ծծմբի մոտավորապես 25 տոկոսն այրվում է, եւ վառարանից դուրս է գալիս SO2-ի տեսքով, որն էլ արտանետվում է մթնոլորտ: Եթե համապատասխան ներդրումներ անեն գործարանում, պետք եղած սարքավորումներով զինեն, որպեսզի գործարանում կատարվի պղնձային խտանյութի թրծման պրոցես, որում կարելի է օգտագործել ծծումբը, ապա դա զգալի շահույթ կապահովի գործարանին, ինչն էլ կրկնակի օգուտ կլինի պետության համար, քանի որ այն կառողջացնի եւ երկրի տնտեսությունը, եւ շրջակա միջավայրը:
Ծրագրում ինձ գրավեց նաեւ անորակ ապրանքներ ներմուծելու արգելքը: Եթե ոչ բոլորովին, ապա գոնե որոշ չափով կարծում եմ, որ կարելի է կրճատել՝ փոխարենը որակյալ արտադրանք ներմուծելով: Սակայն այստեղ նաեւ գնային խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ, մեծ մասամբ որակյալ արտադրանքը նաեւ թանկ է լինում, եւ մարդկանց որոշակի հատվածի ձեռք բերել չկարողանալու խնդրի առաջ է կանգնեցնում: Բայց քանի որ մի օրում չեն սրբելու խանութներն էժան ու անորակ ապրանքից, ու հաջորդ օրը եվրոպական արտադրանք միայն հրամցնեն, այսինքն ամեն ինչ լինելու է աստիճանաբար՝ կյանքի բարելավման ռիթմի հետ հավասար, կարծում եմ, որ ամեն ինչ հարթ կլինի: Չնայած ոչ միշտ է ապրանքի գինը ուղիղ համեմատական որակին:
Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա կուզեի, որ վերացնեին, կամ էլ զգալի կերպով պակասեցնեին միկրոավտոբուսները, դրանց փոխարեն ՀՀ ներմուծեին ավտոբուսներ: Հիմա էլ կան, բայց համեմատած երթուղայինների շատ քիչ են: Հասկանում եմ, որ երթուղայիններն անհամեմատ ավելի էժան մեքենաներ են, ավելի մեծ արագությամբ են շարժվում, եւ կարճ ժամանակում իրենց «գինը հանում են», բայց մի քիչ էլ արժե խցանումներից ազատվելու ու մարդկանց մարդավարի երթեւեկելու հնարավորություն տալու մասին մտածել: