Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
#1
Posted 05 July 2008 - 03:49 PM
(Բնօրինակ)
Ներածություն
Պատմությունը, որ պետք է ներկայացնեմ իմ սիրելի ընթերցողին, արտասովոր է` մի քանի պատճառներով: Կարծում եմ` շատ քչերն էին սպասում, որ հետախուզման մեջ գտնվելու այս ընթացքում ես կհաջողացնեմ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել: Այո, այո, ես պատրաստվում եմ ձեզ պատմել իմ կատարած անհավանական շուրջերկրյա ճանապարհորդության մասին, որ սկսվեց մարտի 3-ին: Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, ես հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, որ կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս` առաջինն եմ, որ հայտարարում է այդ մասին: Սա իմ պատմության արտասովոր լինելու պատճառներից մեկն է: Հաջորդ պատճառը այն է, որ իմ ճանապարհորդության մասին գրելիս ստիպված եմ զգուշորեն նկարագրել փաստերը, դեպքերը, դրանց տեղի ունենալու կոնկրետ վայրերը. դա պարտադրում է հետախուզվողի իմ կարգավիճակը. հասկանում եք, որ չեմ կարող նկարագրել սահմանների հատման կոնկրետ վայրերը, չեմ կարող նշել այն նավերի անունները, որոնցով հատել եմ ծովեր եւ օվկիանոսներ` ոչ այնքան սեփական, որքան ինձ օգնած եւ ուղեկցած անձանց անվտանգության նկատառումներով: Ազգությամբ հայ իմ ուղեկիցների ո՛չ անունը կհիշատակեմ, ո՛չ ազգանունը: Ինչ վերաբերում է օտարերկրացի իմ բարեկամներին, նրանցից ոմանց կներկայացնեմ միայն անունով, որովհետեւ ինձ օգնելիս եւ ուղեկցելիս նրանք ստիպված են եղել խախտել իրենց երկրների որոշ օրենքներ: Չեմ ուզում, որ այդ մարդիկ պրոբլեմներ ունենան իրավապահ մարմինների հետ:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
ՄԱՍ 1. Մեկնարկ հանպատրաստից։
Չնայած որպես իմ ճամփորդության պաշտոնական մեկնարկի օր նշեցի մարտի 3-ը, իրականում այն սկսվել է հենց մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը: Ես ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքը լքող վերջին խմբի մեջ էի: Մարտի 1-ի դեպքերի թատերաբեմը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանական, ԱԱԾ, բանակային եւ անհայտ ծագման այլ ուժերի կողմից, եւ ինչպես հասկանում եք, այդ տարածքը լքելը առանձնապես հեշտ չէր, մանավանդ որ ԱԱԾ մի քանի օպերատիվ խմբեր հենց սկզբից հետապնդում էին ինձ: Իսկ հետապնդումը կրնկակոխ էր, բառիս բուն իմաստով. պատկերացրեք, մի պահ ինձ եւ ԱԱԾ աշխատակցին իրարից բաժանում էր մետրուկեսից էլ պակաս մի տարածք: Հենց այդ պահին էլ ինձ համակեց զգացողությունը, թե իմ կյանքի առաջիկա ամիսները լի են լինելու հրաշքներով, որովհետեւ ԱԱԾ աշխատակիցը, որ, ինչպես նշեցի, ինձնից մետրուկես հեռավորության վրա էր, նայում էր ինձ ու չէր տեսնում: Քիչ էր մնում` ձեռքս տանեի գլխիս` ստուգելու համար, թե արդյո՞ք «անտեսանելի գլխարկ» չեմ կրում, բայց որեւէ շարժում անելը այս վիճակում անպատեհ կլիներ, եւ ես շարունակեցի կանգնած մնալ` որպես հուշարձան: Բայց ի՞նչ թաքցնեմ, սիրտս բաբախում էր ոչ թե արձանի, այլ հենց նոր համաշխարհային ռեկորդ սահմանած արագավազորդի սրտի նման: ԱԱԾ-ական բարեկամս, սակայն, որ փնտրող հայացքով ուղիղ ինձ էր նայում մի սերժաբոյ հեռավորությունից, կարծես ոչ միայն տեսողությունն էր կորցրել ու լսողությունը (սրտիս չրխկթրխկոցը չէր լսում), այլեւ հոտառությունը. չէ՞ որ ինը օր ու գիշեր ազատության խարույկների շուրջ լուսացնելով` ես անտանելի ծխահոտ էի բուրում: Չնայած սրան` հրաշքը տեղի ունեցավ. իմ որսորդը նայեց, նայեց ու, թերեւս բաց թողնելով արտահերթ կոչում ստանալու հնարավորությունը, հեռացավ:
Հետապնդումը սրանով, իհարկե, չավարտվեց եւ դեռ շարունակվելու էր, բայց ԱԱԾ-ական հայրենակիցներս նորից ինձ այդքան մոտ գտնվելու էին միայն մեկ անգամ. ի տարբերություն նախորդի, այս դեպքում մեր միջեւ անթափանցիկ պատնեշ կար, եւ ինձ կարող էին հայտնաբերել, եթե բացեին դուռը, ինչը տեղի չունեցավ, իսկ դա նշանակում էր, որ իմ անհավանական ճանապարհորդությունը դեռ շարունակվելու էր: Առաջին դեպքի համեմատությամբ, այս երկրորդը ամենեւին էլ հրաշք չէր, չնայած` առաջինի չպատահելու դեպքում կարող էր նման հավակնություն ունենալ: Բայց առաջին դեպքը տեղի էր ունեցել եւ բավական բարձր նշաձող սահմանել, այնպես որ` նրա հետ համեմատվելը հեշտ չէր: Այսպես, ուրեմն որսորդը հեռացավ` ինձ թողնելով անորոշության մեջ, ու մտածում էի` կհայտնվե՞մ արդյոք Երեւանի ուղղիչ տանը, թե՞ ոչ, անակնկալ կերպով հանդիպեցի նրան, ով ինձ պետք է հասցներ Թիֆլիս: Այս մարդուն, որին պայմանականորեն կանվանեմ Իմաստուն Ծերուկ, ես վաղուցվանից գիտեի, բայց մոտիկից ծանոթացել եմ 2007 թվականի մայիսին Ազատության հրապարակում նստացույց անելիս, ակցիա, որ հանրությանը հայտնի է «1+» անունով: Այդ մարդը ամենեւին էլ ծերուկ չէ, բայց ինչպես բազմիցս համոզվեցի, իմաստուն է: Եւ եթե պիտի գրեմ, որ նա իմաստուն է, ստիպված եմ նրան նաեւ Ծերուկ անվանել ժանրի կանոններով: Ի վերջո, «երիտասարդ իմաստուն» ասել չի լինի. եթե իմաստուն է, ուրեմն պետք է նաեւ ծերուկ լինի: Ահա, ուրեմն, Իմաստուն Ծերուկի հետ իմ հանդիպումը շատ պատեհ էր, որովհետեւ նա իմ սակավաթիվ ծանոթներից էր, ով չէր գտնվում ձերբակալության ենթակա անձանց ցուցակում: Նա ոչ մի կերպ չի կարող զանգվածային անկարգություններ կազմակերպողի դերին հավակնել, նաեւ չէր կարող մեզ հետ յուրացնել իշխանությունը, որովհետեւ մարտի 1-ից առաջ էլ ուներ այդ իշխանությունը, հիմա էլ ունի: Կարճ ասած` Իմաստուն Ծերուկը այն մարդկանցից է, որոնց պաշտպանելու համար, ըստ իշխանությունների, իմ ընկերներին ու ինձ հարկավոր էր ձերբակալել:
Իմաստուն Ծերուկին, սակայն, մեր հանդիպումը չվախեցրեց. ընդհակառակը, որոշեց լրջորեն զբաղվել իմ անվտանգության հարցով: Նա գիտեր, որ ԱԱԾ-ն ինձ փնտրում է, գիտեր, որ փնտրտուքի ծավալները գնալով մեծանում են, եւ ես Երեւանում, ապա եւ Հայաստանում չձերբակալվելու շանս չունեմ: Ինչպես արդեն ասացի, նա ինձ ի վերջո տարավ Թիֆլիս, ըստ էության` առանց իմ կարծիքը հաշվի առնելու: Ես ակամա հայտնվեցի այնտեղ: Սա էլ հրաշք էր եւ կարող էր տեղի չունենալ, քանի որ ԱԱԾ-ն շարունակում էր ինձ, հիմա արդեն մեզ կրնկակոխ հետապնդել: Բայց նրանք իմ հետքը Դիլիջանում կորցրեցին. ԱԱԾ-ն այստեղից շարժվեց դեպի Հաղարծին գյուղ, որտեղ ապրում են մայրական կողմի իմ հարազատները, ապա եւ Իջեւան, ուր ապրում են ծնողներս, եղբայրս, ընկերներս: ԱԱԾ-ն հույս ուներ ինձ գտնել այդ կողմերում, բայց մենք այդ մասին իմանալով` Դիլիջանից թեքվեցինք դեպի Լոռվա մարզ. միանգամից ասեմ` Իմաստուն Ծերուկը Լոռվա մարզում լուրջ կապեր եւ մոտակա անտառների, ձորերի մասին լավ պատկերացում ունեցող մեկը դուրս եկավ: Ուստի նրա համար առանձնապես դժվար չէր մեզ համար զարտուղի, այսինքն` անվտանգ ճանապարհների երթուղի նախագծել եւ տեղացիների օգնությամբ իրականացնել նախագիծը` դուրս գալ հայ-վրացական սահմանի մի ամայի հատված եւ անարգել հատել այդ սահմանը: Ի վերջո, մենք հայտնվեցինք Ջավախքում, եւ այս ճամփորդությունը ինձ ստիպեց մտածել, թե արդյոք Իմաստուն Ծերուկը իր իշխանական դիրքը օգտագործելով` մաքսանենգությամբ չի զբաղվում: Համենայնդեպս, եթե նա կարող է այդպես անարգել հետախուզվողին երկրից դուրս բերել, նույն հաջողությամբ կարող է ապրանքներ ներկրել եւ արտահանել: Այս կասկածներս ավելի խորացան Թիֆլիսում նրա տուն ունենալու հանգամանքով, բայց այս պահին այդ մարդը իմ բարերարն էր, եւ իրավապահ մարմինները փնտրում էին ինձ եւ ոչ թե իրեն:
Իսկ Փարվանա լիճը ես այդպես էլ չտեսա. երբ նրա ափին լինելու ցանկության մասին ասացի ուղեկցիս, նա հեգնեց. «Դու տուրի՞ստ ես, թե՞ հանցագործ»: Իմ այն փաստարկը, թե կարելի է հաճելին համատեղել օգտակարի հետ, ըմբռնում չգտավ, եւ մենք շուտով հայտնվեցինք Թիֆլիսում, եւ Ծերուկը, ինձ հանձնելով նոր ուղեկցիս, հեռացավ: Ես այդ ժամանակ չգիտեի, որ Ծերուկի հետ էլի եմ հանդիպելու իմ երկարատեւ ճամփորդության ընթացքում, ճամփորդություն, որ ինչպես սկսվել էր ակամա, այնպես էլ պետք է շուրջերկրյա դառնար ակամա:
#2
Posted 05 July 2008 - 03:52 PM
Թիֆլիսում իմ ուղեկիցը լինելու էր Զուրաբ անունով մի տղա: Ճիշտն ասած` հայաստանյան կենցաղային նախապաշարման համաձայն այս վրացի երիտասարդի հետ ծանոթությունից շատ բան չէի սպասում, բայց առաջ անցնելով ասեմ, որ նա մի հարազատ ընկեր դարձավ ինձ համար, անուշ ախպեր: Զուրաբի հետ իմ ընկերության եզրակացությունը մեկն է. ափսոս, որ մենք այսքան մոտ լինելով, այդքան վատ գիտենք վրացիներին, նրանց մշակույթը, նրանց զգացմունքներն ու ոգին: Նույնն էլ, ի դեպ, իրենք: Ու չնայած` «մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է» ասացվածքը մենք մերն են համարում, վրացիք` իրենցը, ոչ մենք ենք բավարար չափով կիրառում, ոչ վրացիք. ընդհակառակը շատ դեպքերում ուղիղ հակառակ կերպով ենք վարվում:
Զուրաբի եւ իմ մտերմանալը, թերեւս նրանով էր պայմանավորված, որ մենք շատ բանով ենք իրար նման: Նա էլ ինձ նման դպրոցն ավարտել էր մայրաքաղաքից հեռու, հետո ուսանող դառնալու համար եկել էր մայրաքաղաք եւ ապաստանել հորաքրոջ տանը, ուսանող դառնալու ճանապարհին բարդությունների հանդիպել ու դրանք հաղթահարել, նրա կյանքում էլ էր տատիկը մեծ դեր խաղացել:
Գործնական առումով- ինձ Վրաստան բերած հանգամանքները «սպասարկելու» համար նա լուրջ կապեր ուներ` մասնավորապես սահմանապահների շրջանում: Մենք չգիտեինք, թե արդյոք իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը միջազգային է դարձել, բայց չէինք կասկածում, որ այն Վրաստան հասել է: Ուստի համոզված էինք, որ եթե վրաց իրավապահների ձեռքն ընկնեմ, նրանք ինձ անպայման կհանձնեն ՀՀ իշխանություններին` առանց այն էլ փխրուն հայ-վրացական հարաբերությունները չփչացնելու կամ լարվածություն չստեղծելու նկատառումով: Այս է պատճառը, որ Զուրաբը ձեռնամուխ եղավ ինձ Վրաստանից հանելու գործին, որը հազար ու մի պատմության հետ էր կապված: Ու մինչ Զուրաբի ընկեր սահմանապահները մեր գործերի կարգավորմամբ էին զբաղված, մենք համենայն դեպս հեռացանք Թիֆլիսից, մանավանդ որ` այսպես թե այնպես Բաթում պիտի հասնեինք: Մեզ տեղ հասցնելու գործը ստանձնեց Զուրաբի մանկության ընկեր, ազգությամբ քուրդ Ավոն, որը տաքսի էր քշում Թիֆլիսում: Նա համաձայնեց մեկ-երկու օր իր մեքենայով մեզ ծառայել, մանավանդ որ շատ էր ուզում, որ իր ընկերը պատշաճ մակարդակով ընդունի եւ ճանապարհի հյուրին:
Բայց մենք որոշ ժամանակ ունեինք, եւ Զուրաբը ինձ համար հետաքրքիր ժամանց կազմակերպեց. մենք եղանք վրացիների հպարտությունը հանդիսացող Ձվարիում, որը 6-րդ դարի ճարտարապետական համալիր է, մտանք Զուրաբի հայրենի գյուղ, որը մի չնաշխարհիկ լեռնային վայրում է. այստեղ տեսա շարքային վրացիների, կերա նրանց հացը` ճադին, լսեցի նրանց զարմանալի զարմանալի պատմությունները, որոնք լացելու չափ ծիծաղելի էին եւ լացելու չափ տխուր: Ես սիրեցի վրացիներին, որովհետեւ նրանք շատ նման են մեզ` հայերիս, թե իրենց թերությունների, թե առավելությունների մեջ: Վրաստանում ոչ մի արտառոց բան չպատահեց, եթե արտառոց չհամարենք այն, որ ես ուժեղ տպավորություններ ստացա, ինչի մասին մանրամասն խոսելու առիթ հուսով եմ կունենամ:
Ի վերջո մենք հասանք Բաթում, որտեղ պարզվեց` Զուրաբի ընկեր սահմանապահները հարմար տարբերակ են գտել. եւ պատրաստվում են ինձ ճանապարհել Հունաստան: Ճիշտն ասած ես շատ ուրախացա, որ իմ հաջորդ կանգառը Հունաստանն էր դառնալու, որովհետեւ չէի ուզում Թուրքիա անցնել:
Հունաստան պետք է մեկնեի նավով, ուր ինձ պիտի տեղավորեր անձնակազմի մի անդամ` Անճոռնի Բիձուկը, որի պարտականությունը ըստ էության նավի վրա հավաքարարություն անելն էր: Սա մի աներեւակայելի անճոռնի արտաքինով երիտասարդ էր, որը աչքի էր ընկնում ոչ միայն արտաքին այլանդակությամբ, այլեւ զարմանալի խելքով եւ սրամտությամբ: Բայց սա արդեն մեր պատմության հունական հատվածին է վերաբերում. իսկ վրացական մասը ավարտելով ասեմ, որ այն ավարտվեց դժբախտությամբ: Հենց առաջին օրը մեզ հետ նավ նստած մի դպրոցահասակ տղա խեղդվեց ծովում: Նա բաց ծովում վայր էր ընկել նավից, ոմանք ասում էին դիտավորյալ է թռել: Վրաստանում ծնված մեծացած, բայց ազգությամբ հույն այդ տղայի ընտանիքը մեկնում էր Հունաստան` մշտական բնակության, եւ ահա այսպիսի դժբախտության հանդիպեց:
Իսկ Զուրաբի հետ մենք բաժանվեցինք նորից հանդիպելու հաստատ վճռականությամբ. նա ինձ դեռ կպատմի իր կյանքի բազմաթիվ պատմություններից. մինչ հանդիպում բատոնո:
#3
Posted 05 July 2008 - 03:53 PM
Ծովը մռայլ էր, բայց խաղաղ: Ինձ թվում էր, որ դա արտաքուստ եւ մի տեսակ արհեստական խաղաղություն է: Ինչ է կատարվում ընդերքում, ինչ է մտածում Ծովը եւ ինչ է ուզում, ինչի մասին է երազում: Բայց միթե ես չեմ ճանաչում Ծովի երազանքը, միթե չգիտեմ նրա մասին ամեն ինչ, համարյա ամեն ինչ: Միթե ես այդ երազանքի իրագործմանը չեմ ծառայում:
Իսկ եթե այդ երազանքը անիրագործելի է, իսկ եթե սին է այդ երազանքը: Միեւնույնն է, ես պիտի ծառայեմ այդ երազանքին, պիտի անմնացորդ ծառայեմ, որովհետեւ խոստացել եմ որդուս…
Ես հիշում եմ այդ օրը: Տուն վերադարձա սովորականի նման ուշ: Նոփ -նոր ծառայողական մեքենաս ինձ հասցրեց մինչեւ մուտքի դուռը, նա ինձ վերցրել էր նոր նորոգված ու հարմարավետ աշխատավայրի մուտքի մոտից: Ես արդեն նաեւ տուն ունեմ եւ այդ նոր նորոգված տանը ապրում են իմ սիրելիները, իմ ընտանիքը: Ես, որ գավառական իմ ծննդավայրը լքել եմ, որպես չարքաշ ընտանիքիս համար ծանրացող մի բեռ, հիմա արդեն կարող եմ ուսերիս կրել ոչ միայն սեփական ընտանիքի բեռը: Իմ բախտը բերեց, ես ունեցա այդ շանսը, բայց միթե դա ինչ-որ բան նշանակում է: Միթե ես` իբր ազնիվ, իբր անկաշառ, իբր համարձակ, իբր հայտնի սուբյեկտս ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, ում բախտը չի բերելու, շանս չեն ունենալու, որովհետեւ մենք, բոլորս նրանց զրկել ենք շանսից, հանուն սեփական շանսի: Միթե մենք չպիտի պայքարենք, որ նրանք նույնպես ունենան այդ շանսը: Չէ, որ կյանքը կարճ է, այնքան կարճ, որ կարելի է նաեւ չապրել, ու չեն ապրելու: Միթե մենք պիտի թույլ տանք, որ նրանք ապրեն առանց կյանքի…
Ես շեմքից ներս մտա: Որդիս անվրդով քնած էր: Ես ուրախացա, բայց ոչ թե իմ հարկի տակ տիրող խաղաղության համար, այլ, որ որդիս քնած էր: Ես չէի ուզում, որ մեր հայացքները հանդիպեն, չէի ուզում, որ որդիս նայի աչքերիս մեջ, որովհետեւ ինձ թվում էր, որ նա ամեն ինչ կհասկանա ու չի վարանի ինձ հարցնել.«Հայրիկ, դու վախկո՞տ ես»:
-Բայց որդիս, ես վախենում եմ քեզ կորցնել…
-Սուտ է. դու վախենում ես կորցնել քո ծառայողական ավտոմեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը: Միթե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ: Միթե դու ոչինչ չես հասկացել քո մահճակալի մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից. Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին, եւ այդպիսով, միայն այդպիսով փրկեց նրան:
-Քեզ դնել զոհասեղանի±ն: Բայց միթե ես դա չեմ անի հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության:
-Հայրիկ, դու ստահա՞կ ես:
-Ես խոստանում եմ, խոստանում եմ ստահակ չլինել, որդիս: Ես խոստանում եմ վախկոտ չլինել, որդիս, ես խոստանում եմ քեզ դնել զոհասեղանին: Ներիր ինձ, որդիս:
Ծովը մռայլ էր, բայց խաղաղ: Այստեղ, այնտեղ հանդիպող ռազմանավերը կարծես հսկում էին ծովի հանդարտությունը: Նրանց կարծես թվում էր, թե այդ իրենք Ծովին թույլ չեն տալիս ալեկոծվել: Նրանք չէին հասկանում, որ եթե Ծովը ցանկանա, իրենց բոլորին կուլ կտա մի ակնթարթում: Բայց Ծովը տխուր էր, նա տխուր էր այն տղայի համար, որ նետվել կամ ընկել էր նավից: Ծովը սիրում էր իր զավակներին, Ծովը չէր ուզում խժռել իր զավակներին, Ծովը համբերատար էր:
Իսկ ես. արդյոք ճիշտ եմ վարվում, արդյոք իմ տեղը իմ ընկերների կողքին չէ, ովքեր մաքառում են զնդաններում, արդյոք ես նրանց մենակ չեմ թողնում փորձության պահին: Բայց ինքնակամ այնտեղ գնալ, կնշանակի հանձնվել, իսկ հանձնվել չի կարելի: Հարկավոր է պայքարել, հարկավոր է հաղթել: Ես կպտտվեմ աշխարհի շուրջը, եւ դա կդառնա մի նոր հաղթանակ: Ես չեմ թաքնվի, ես կհայտարարեմ իմ երթուղին, բռնեք ինձ եթե կարող եք:
#4
Posted 05 July 2008 - 03:53 PM
Նավը ինձ հեռացնում էր Հայաստանից, բայց դա փախուստ չէր: Ես հեռանում էի Հայաստանից, բայց գնում էի Հայաստան: Չէ՞ որ Երկիրը կլոր է, եւ եթե աննահանջ շարունակես ճանապարհդ, կհասնես նույն քեզ սիրելի ու հարազատ տեղը: Ինչքան էլ գոռաս` առաջ, դեպի Հայաստան, միեւնույն է, դա հանգեցնելու է վերադարձի: Երկար ճանապարհ կտրելով` դու վերադառնալու ես այն կետին, որտեղ ընդհատվել է քո երազանքը:
Եւ ես ուրախ եմ, որ անցնում եմ այս ճանապարհը, չնայած` շատ տեղերում այնքան քիչ եմ մնում, որ ի վիճակի չեմ ընթերցողին ներկայացնել այս կամ այն երկրի բնապատկերներ: Երբեմն գիշերվա ընթացքում մենք հատում անցնում ենք մի ամբողջ երկիր, եւ ես ընդամենը տեսնում եմ հեռվում կամ ավելի մոտիկ վառվող լույսեր: Առայժմ իմ ճամփորդությունը լավ է ընթանում, բայց արդյո՞ք ինձ կհաջողվի հասնել նպատակակետին` վերադառնալ Հայաստան, վերադառնալ երկրի հակառակ կողմից: Չէ՞ որ ես այստեղ էլ հայրենի ոստիկանության տեսադաշտից հեռու` ամեն պահի կարող եմ ձերբակալվել: Ես չունեմ պատշաճ ձեւակերպված փաստաթղթեր, ինձ ուղեկցում են մարդիկ, որոնց ես չեմ ճանաչել: Բայց պարզվեց` այս ճամփորդությունը ավելի դժվար չէ, քան սովորական տուրիստական ուղեւորությունը: Ուղղակի դու պետք է ցանկանաս, շատ ցանկանաս վերադառնալ Երեւան, Աստաֆյան փողոց, պիտի շատ ցանկանաս վերադառնալ` երկրի հակառակ կողմից:
Մեր նավը պետք է խարիսխ գցեր Սալոնիկում: Իմ հետագա երթուղին անորոշ էր, անելիքը` նույնպես: Բայց ահա, անսպասելի լուր ստացա, որ իմ Իմաստուն Ծերուկը ինձ սպասելու է Սալոնիկում: Սա ինձ շատ ոգեւորեց, որովհետեւ ես գաղափար չունեի, թե ինչպես եմ դուրս պրծնելու Հունաստանից: Ինչ վերաբերում է իմ այժմյան ուղեկցին` Անճոռնի Բիձուկին, նա, ինչպես ասացի, նավի անձնակազմի ամենացածր խավից էր: Նրա տեսքին նայելիս կարելի էր ասել, որ նա իր ողջ կյանքը կանցկացնի ետնախորշերում, բայց պարզվեց` սրիկան չափազանց խելացի է եւ հասցրել է աչքի ընկնել ղեկավարության առաջ: Մի անգամ նավապետը հարբած վիճակում գրազ էր եկել, թե ինքը կարող է խմել ծովի ջուրը` այնպես, որ ծովը դատարկվի: Որպես խաղադրույք նա դրել էր Սալոնիկի իր ճոխ առանձնատունը եւ նշանակել «ծովը դատարկելու» կոնկրետ օր եւ ժամ: Հաջորդ օրը սթափվել էր եւ ընկել հուսահատության գիրկը:
Լուրը շատ արագ տարածվել էր նավի վրա, իսկ գրազի մյուս սուբյեկտը` մի հարուստ գործարանատեր, հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարվել գրազից եւ զիջել մեծախոս նավապետին: Ու մինչ բոլորը համոզված էին, որ նավապետը խայտառակ կերպով տանուլ է տալու, Անճոռնի Բիձուկը նրան լուր է ուղարկել, թե գիտի ինչ անել` պարտությունից խուսափելու համար: Նավապետը ինքն էր եկել նրա կեղտոտ նավախուցը, ուշադիր լսել նրա խորհուրդները եւ իրոք կարողացել էր խուսափել պարտությունից: Իսկ դա տեղի էր ունեցել ահա թե ինչպես:
Գրազով նախանշված օրը եւ ժամին նավապետը դուրս էր եկել տախտակամած: Այստեղ արդեն նրան սպասում էին ոչ միայն հարուստ գործարարները, այլեւ գրեթե ողջ անձնակազմը եւ նավի ուղեւորները: Գործնականում ոչ ոք չէր էլ կասկածում, որ գործարանատերը կհաղթի, պարզապես մարդիկ ուզում էին տեսնել, թե դա ինչպես տեղի կունենա: Ու երբ դեպքի վայր հասած նավապետը անվրդով ձեռքի պայուսակի միջից հանել էր իր սիրած գավաթը, որով սովորաբար գարեջուր էր խմում, տախտակամածի վրա անզուսպ քրքիջ էր բարձրացել: Բայց նավապետը չէր էլ շփոթվել. հրահանգել էր իր համար բերել առաջին դույլ ծովի ջուրը: Նրա հրահանգը կատարվել էր, եւ նա ապշած ականատեսների հայացքի ներքո իր գավաթը մտցրել էր դույլի մեջ ու այն լցրել ծովի ջրով: Հետո գավաթը մոտեցրել էր շուրթերին` պատրաստվելով այն խմել, մեկ էլ հանկարծ ետ էր տարել ու դիմել գրազի տիրոջը` հարուստ գործարանատիրոջը.
- Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ ճշտել գրազի պայմանները. ես պետք է խմեմ ծովի ամբողջ ջուրը. ճի՞շտ է:
- Միանգամայն ճիշտ է,- ասել էր գործարանատերը:
- Այսինքն` միայն ծովի ջուրը եւ ընդամենը:
Այստեղ նորից անասելի քրքիջ էր բարձրացել, ինչի ներքո գործարանատերը պատասխանել էր.
- Միայն ու միայն ծովի ջուրը, ընդամենը ծովի ջուրը:
- Այդ դեպքում,- հաղթական ասել էր նավապետը,- խնդրում եմ փակեք գետերը, որպեսզի դրանք ծովը չլցվեն, թե չէ` ես մի կողմից կդատարկեմ ծովը, մյուս կողմից այն կլցվի գետերի ջրերով, իսկ գետերի ջուրը խմելը մեր գրազի պայմանների մեջ չի մտնում:
Այստեղ հնչել էին բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, հիացական բացականչություններ: Գործարանատերը համաձայնել էր ոչ-ոքիի:
Այս պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած վիճակից ելք կա: Իսկ երբ Անճոռնի Բիձուկը այս պատմությունը ինձ պատմեց, ես հասկացա, որ, եթե, իհարկե, չի խաբում, նա շատ չի մնա իր այսօրվա կարգավիճակում: Նրա խոսք ու զրույցից զգացվում էր, որ իսկապես խելացի է, բայց նրա խելքը ինձ դուր չեկավ, որովհետեւ նկատելի էր, որ նա անուղղելի շահամոլ է: Նա օձի, այսինքն` սողունի հոգեբանություն ուներ. համենայնդեպս, ինձ այդպես թվաց, եւ այս էր պատճառը, որ ես անհամբեր սպասում էի մեր` Սալոնիկ հասնելուն, ոչ այնքան Իմաստուն Ծերուկին հանդիպելու, որքան Անճոռնի Բիձուկից բաժանվելու համար: Վերջինս չնայած Հունաստանից էր, բայց կարծես թե հույն չէր. «Հիմա քարտեզի վրա շատ դժվար է գտնել այն վայրը, որտեղ ծնվել են իմ նախնիները»,- ասում էր նա:
Ինչքան եմ հոգնել այս խելոքի շաղակրատանքից, նրա տխմար խորհուրդներից, նրա այլանդակ դեմքից ու մեծամտությունից: Ահա, հորիզոնում երեւում է Սալոնիկը, ու չնայած Բիձուկը ինձ խնդրում է եւս մեկ օր մնալ, որպեսզի նա իր ողջ ասելիքն ինձ ասի, ես ուզում եմ փախչել նրանից, այդ կեղտոտ խոզի մռութից: Այո, նա ինձ մեծ ծառայություն մատուցեց, բայց ես չսիրեցի նրան, չնայած` հարգանքով կհիշեմ նրա մասին:
Ահա, մեր նավը հասավ նավահանգիստ: Բիձուկը ինչպես գաղտնի դռնով ինձ նավ էր բարձրացրել, այնպես էլ գաղտնի դռնով իջեցրեց` ստիպված լինելով կիսատ թողնել իր պատմությունները: Նա արդեն գիտեր, թե Ծերուկը մեզ որտեղ է սպասելու: Զուրաբի սահմանապահ ընկերները նրան հաղորդել էին հյուրանոցի անունն ու հասցեն: Իմաստուն Ծերուկի հետ հանդիպումը սրտառուչ ստացվեց: Նա վեհապանծ կեցվածքով նստած էր հյուրանոցի ֆոյեում: Ծերուկին տեսնելուն պես հիշեցի նրա` մաքսանենգ լինելու վարկածս: Ճիշտ է, նրա դեմքին նայելիս չէիր մտածի, թե մաքսանենգ է, բայց Բիձուկի դեմքն էլ ամենեւին չէր դավաճանում նրա` «փիլիսոփա» լինելը:
Ես Ծերուկին այդպես էլ չհարցրի, թե արդյո՞ք գործերով է Սալոնիկ եկել, թե՞ հատուկ ինձ համար: Բայց դա ինձ մինչեւ հիմա էլ հետաքրքրում է:
Մենք հրաժեշտ տվեցինք Անճոռնի Բիձուկին: Իմաստունն ինձ ասաց, որ ես կարող եմ իր համարում լոգանք ընդունել, ապա մենք կճաշենք ռեստորանում, ապա, եթե ուզում եմ, կարող եմ քնել ու երբ արթնանամ, պետք է շարժվենք: Իմաստուն Ծերուկը, սակայն, ինձ արթնացրեց ավելի վաղ, քան ինքս կարթնանայի: Նա ասաց, որ մենք պետք է նախ գնացք նստենք, ապա ավտոմեքենա եւ Մակեդոնիայով հասնենք Սերբիա: Ես ըստ էության գլխի էլ չընկա, թե մենք որտեղ հատեցինք հույն-մակեդոնական, ապա` Մակեդոնիա-Սերբիա սահմանը: Սահմանի հատման մասին կարելի էր կռահել միայն այն բանից, որ մենք դուրս էինք գալիս գլխավոր մայրուղուց եւ մտնում ինչ-որ անբարեկարգ, երբեմն` գոյություն չունեցող ճանապարհներ:
Սալոնիկից մենք գնացքով հասանք հույն-մակեդոնական սահմանի մոտ գտնվող մի կիսակայարան, որտեղ մեզ իր «Ռենջ-Ռովեր» ջիփով դիմավորեց ազգությամբ սերբ մի աժդահա` Մարկոն, որին, ինչպես պարզվեց հետո, փնտրում էր Հաագայի միջազգային դատարանը` Կոսովոյի գործով: Նա իր թիկնապահ վարորդի հետ էր:
#5
Posted 05 July 2008 - 03:54 PM
Մակեդոնիան ինձ համար մնաց որպես անհայտ երկիր: Մենք նախընտրում էինք գիշերը ճամփորդել, իսկ ցերեկները քնել ճանապարհամերձ մոթելներում: Ցերեկային ճամփորդությունը մի ավտոմեքենայով, որի ուղեւորներից երկուսը հետախուզվում են, չափազանց մեծ ռիսկ է: Եւ ահա, Մակեդոնիան մեզ համար դարձավ երեկոյան նախաճաշերի եւ առավոտյան ընթրիքների երկիր: Երբեմն, երբ լուսինը կամ այգը լուսավորում էր մեր ճանապարհը, ինձ թվում էր , թե մենք սլանում ենք Հայաստանի ճանապարհներով, ահա` կարծես Դիլիջանի ոլորաններում լինենք կամ էլ Արփայի հովտում: Բայց սա նմանություն է, ընդամենը նմանություն: Սա Հայաստանը չէ, այլ Մակեդոնիան, եւ որքան հասկացա, այս երկիրն առայժմ հպարտանալու շատ բան չունի: Առայժմ միայն անուն, բայց այն էլ ուզում են խլել նրանից: Դա ինձ չի զարմացնում, ինձ զարմացնում է Իմաստուն Ծերուկը, որը այսքան լայն գործունեություն է ծավալում: Նա հաստատ իր դիրքը օգտագործելով` զենքի ապօրինի առեւտուր է անում, եւ Մարկոյի հետ նրա հանդիպումը այդ գործերի հետ է կապված, ինձ էլ ձեռքի հետ են տանում, միեւնույն է, ինձնից վնաս չկա, համ էլ լավություն են անում:
Մարկոն, ժամանակակից լեզվով ասած, կարգին տղա է. լուսավոր, համարձակ, պատրաստ է հաղթահարել ուզածդ խոչընդոտ: Նա սիրում է իր ազգը, իր ժողովրդին, պատրաստ է կյանքը տալ նրա համար եւ ոչնչացնել ցանկացած մեկին, ով կվիրավորի իր ժողովրդին, իր հայրենիքը: Մարկոն առանձնապես խելացի չէ, բայց ազնիվ է եւ ուղղամիտ: Նա իր ազգի հերոսն է, չնայած սրան` հայհոյախոսի մեկն է եւ անընդհատ հիշոցներ է տեղում աջ ու ձախ: «Ես դրանց մերը...»,- ասում է նա ամերիկացիների մասին, «Ես դրանց կերածը...»,- ասում է նա եվրակառույցների մասին, «Ես դրանց ծնողը...»,- ասում է նա Հաագայի դատարանի մասին, որ փնտրում է իրեն եւ իր բազմաթիվ ընկերների:
- Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին (1): Գիրք է գրել, ես քո բերանը... Բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը:
- Ի՞նչը նկատի ունես,- հարցնում եմ:
- Ասեմ, ախպերս, պարզ ասեմ: Դու գիտես, թե նա մեզ ինչու չի կարողանում տանել, որովհետեւ մենք իրեն չենք շինել: Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրեն մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը ի վերջո առաջին անգամ կպրծնի իր շինված կյանքում: Նա հույսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից եւ գիտի, որ միայն սերբական առնականությունը կարող է նրան ստիպել դոշակը ճանկռել: Բայց դու տեսել ես նրա դեմքը, դու կշինեի՞ր նրան,- անսպասելի հարցրեց նա ինձ:
Ես շփոթված նայեցի իմ կողքին նստած Իմաստուն Ծերուկին, իսկ նա մի այնպիսի հանդիմանանքով ինձ նայեց, կարծես այդ ես եմ մեղավոր, որ խոսակցությունը այսպիսի ընթացք ստացավ: Բայց Մարկոն, բարեբախտաբար, չպնդեց, որ ես պատասխանեմ, եւ շարունակեց զարգացնել իր դարակազմիկ միտքը, որով փորձում էր բացատրել իր հայրենիքի շուրջ տեղի ունեցող գլոբալ գործընթացները:
- Չէ, ախպերս. մենք` սերբ տղերքս, չենք կարող մեր մարմինը պղծել այդպիսի աղբով: Մեր աղջիկները, ես նրանց բոլորին սիրում եմ, մի քանիսին որպես կին, մյուսներին որպես քույր, հարազատ, արյունակից, ես նրանց բոլորի մաքուր հոգուն մեռնեմ, նրանք կթքեին մեր վրա, եթե մենք դա անեինք: Էդ դատախազ քածը հուսախաբ եղավ, բայց չհուսահատվեց եւ հիմա մեզ ուզում է քարշ տալ Հաագայի հարմարավետ խցերը, որ մեզ սրտի ուզածի չափ քշի, կերել ես, քո ծնողը:
Ես փորձեցի խոսակցությունը տեղափոխել ավելի քաղաքակիրթ բառապաշարի հուն.
- Բայց ճիշտը խոսենք. դուք լավ էլ կոտորել եք Կոսովոյի ալբանացիներին:
Մարկոն զարմացած հայացքով նայում է ինձ.
- Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է թողնեինք, որ իրենք մեզ կոտորե՞ն...
- Բայց դուք կոտորում էիք ոչ միայն ձեզ կոտորողներին, այլեւ խաղաղ բնակիչներին,- ասում եմ ես:
- Իսկ դու գնա ու տարբերիր. առավոտյան նա խաղաղ բնակիչ է, իսկ ճաշից հետո` շահիդ:
- Իսկ կանա՞յք, երեխանե՞րը...
-Լսիր, ախպերս, նրանց կանայք կին են, երեխաները` երեխա, իսկ մեր կանայք քո՞ւրջ են, երեխաները` առնե՞տ: Դու այնպես ես խոսում, կարծես ֆրանսիացի լինես: Հային ես ի՞նչ ունեմ բացատրելու: Քանի՞ թուրք է դատել քո քնձռոտ միջազգային դատարանը 15 թվի կոտորածի համար: Իսկ դու քեզ հարց չե՞ս տվել, թե ինչ գործ ունի թուրքը Բալկանյան թերակղզում, Կոսովոյում, ամենուր: Ի՞նչ է, հյուր ենք կանչել նրանց եւ հետո խնդրեցինք մնա՞լ` մեր առաջին հարսանեկան գիշերը վայելելու: Ճիշտ ես ասում` մենք ենք մեղավոր, մենք, որ մեր էսօրվա ճղճիմ կյանքը ավելի ենք սիրել, քան մեր ապագան, մեր արժանապատվությունը: Չենք ցանկացել մեզ զոհել, ու մեզ մորթել են ոչխարի նման, հա, ոչխարի նման:
Մարկոն լռեց: Ես էլ ոչինչ չասացի: Իմաստուն Ծերուկը մեր խոսակցությանը խառնվելու ոչ մի ցանկություն չէր ցուցաբերում: Երեւում է` այս թեմաների մասին նա տվել-առել էր Մարկոյի հետ: Ծերուկը փորձում էր ննջել, ինչքանով որ թույլ էր տալիս Մարկոյի բորբոքված ձայնը: Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանը ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եւ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի: Ի վերջո ես ընդհատում եմ լռությունը.
- Գիտե՞ս ինչ, Մարկո, ես քեզ հասկանում եմ, լավ եմ հասկանում, շատ լավ հասկանում եմ նաեւ իմ այն հայրենակիցներին, որոնց կարգախոսը համընկնում է սերբականի հետ. մահ կամ ազատություն: Հավատա, որ ես հարգում եմ այդ կարգախոսը, սիրում եմ այն: Բայց շատ հաճախ մենք մոռանում ենք ժամանակի եւ տարածության մասին, մոռանում ենք, որ աշխարհը փոխվում է: Եթե 18 թվականին մենք Երեւանի մոտ` Սարդարապատում, եւ Բաշ Ապարանում չկռվեինք թուրքի դեմ, պետություն չէինք ունենա: Իսկ եթե 88 թվին մենք փորձեինք մեր պապերի վրեժը լուծել Մասիսի, Սիսիանի, Վարդենիսի թուրքերից, մենք էլի չէինք ունենա պետություն, որովհետեւ մենք չէինք կարող թուրքերի դեմ կռվել ե՛ւ Մասիսում, ե՛ւ Սիսիանում, ե՛ւ Վարդենիսում, ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Նախիջեւանում, ե՛ւ Հայաստանում սահմանի ողջ երկայնքով: Իսկ եթե 15 թվին կռվեինք թե՛ Ստամբուլում, թե՛ մնացած բոլոր տեղերում, գուցե թե փրկվեինք: Հասկանո՞ւմ ես, կռվելը ինքը նպատակ չէ, խաղաղությունը նույնպես: Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից եւ կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ` հաշտվում:
Մարկոն ոչինչ չասաց, ես շարունակեցի.
- Արի արդյունքներով նայենք. Կոսովոն դուք կորցրիք, Բոսնիան կորցրիք, Չեռնոգորիան կորցրիք: Սա հատուցումն է այն բանի, որ դուք կռվեցիք այն ժամանակ, երբ պետք էր սիրաշահել: Բայց սխալ չհասկանաս. դու զինվոր ես, դու անմնացորդ նվիրվել ես քո գործին, եւ դու հերոս ես, քո ազգի հերոսը: Քո գործը հրամաններ կատարելն է, եւ դու այդ անելու համար ոչինչ չես խնայել: Բայց քեզ հրաման տվողները պետք է մտածեին քեզ հրաման տալուց առաջ, որովհետեւ նրանց գործը հրաման տալուց առաջ մտածելն է: Նրանք չեն արել իրենց գործը, նրանք դավաճանել են իրենց ժողովրդին:
- Միեւնույն է, ամերիկացիք գանդոն են: Եվրոպացիք էլ,- դառնացած ասաց Մարկոն:
- Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես:
Իմաստուն Ծերուկը այդպես էլ ոչինչ չասաց:
(շարունակելի)
Ծանոթագրություն
1. Մարկոն նկատի ունի Հաագայի դատարանի նախկին դատախազ Կառլա դել Պոնտեին:
#6
Posted 05 July 2008 - 03:55 PM
Այն վարպետությունը, որով Մարկոն կտրում էր իր համար օտար եւ ոչ բարեկամական երկրների սահմանները, ոչ մի կասկած չէր թողնում. դա կապված է նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ: Այս վարկածը ավելի էր հիմնավորվում զարտուղի ճանապարհների եւ հիմնական մայրուղիների նրա գերազանց իմացությամբ: Նա ոչ միայն գիտեր այդ ճանապարհները, այլեւ գիտեր, թե ինչ է կատարվում դրանցում, թե որտեղ է վտանգ սպասում մեզ, գիտեր, թե երբ կվերանա այդ վտանգը:
Մեր մեքենայի ընթացքը, որ հիմնականում վարում էր Մարկոյի վարորդ-թիկնապահը, երբեմն անտանելի կերպով դանդաղում էր, երբեմն մենք ուղղակի կանգնում էինք` սպասելով ինչ-որ բանի կամ ինչ-որ զանգի: Մարկոն թե՛ Հունաստանում, թե՛ Մակեդոնիայում օգնականներ ուներ, չնայած ես նրանցից ոչ ոքի չտեսա: Մոթելներում, սակայն, նրան ճանաչում էին, եւ նրա հայտնվելը ընկալվում էր որպես մի սովորական իրադարձություն: Մարկոն, իհարկե, կասկածելի տիպ է, բայց տարօրինակ էր, որ մեր համատեղ ճամփորդության ընթացքում իմ մտքով ոչ մի անգամ չանցավ, որ նա կարող է ինձ վատություն անել: Սա, ինչ խոսք, պայմանավորված էր նաեւ Իմաստուն Ծերուկի գործոնով, բայց Մարկոն հենց առաջին հայացքից ինձ վստահություն ներշնչեց. եթե դու թշնամի չես, կարող ես հանգիստ լինել:
Եւ այնուամենայնիվ, ինչո՞վ է զբաղվում այս մարդը: Տարբեր վարկածներ քննելով` կանգ առա զենքի առեւտրի վրա, ինչը ճիշտ դուրս եկավ: Մեր հետագա զրույցների ընթացքում Մարկոն դրանից մեծ գաղտնիք չսարքեց էլ: Նա չէր ուզում, որ ես մտածեմ, թե ինքը թմրանյութերի կամ մարդկանց առեւտրով է զբաղված: Ինչ վերաբերում է զենքի առեւտրին, դա բացատրում էր այսպես. «Պատերազմը իմ մասնագիտությունն է, եւ ես ձանձրանում եմ առանց վտանգի»:
Մարկոն ամուսնացած էր, 13 տարեկան դուստր ուներ, բայց մենք նրանց տանը չեղանք. այն գտնվում էր Սերբիայի հյուսիսում, իսկ մեր նպատակակետը մայրաքաղաք Բելգրադն էր, որտեղից պետք է ճանապարհեինք Իմաստուն Ծերուկին եւ որոշում կայացնեինք իր հետագա երթուղու մասին:
Այն միջավայրը, որի ներկայացուցիչն էր Մարկոն, ֆորմալ առումով Սերբիայում վաղուց էր զրկվել իշխանությունից, բայց չնայած սրան` իմ ուղեկիցը իրեն շատ վստահ էր զգում հայրենիքում: Սրա պերճախոս ապացույցը դարձավ այն, որ նա ինձ համար սերբական անձնագիր ձեռք բերեց` նոր անուն ազգանունով: Այս ընթացքում ինձնից պահանջվեց միայն լուսանկարվել, եւ շատ չանցած` ես արդեն Սերբիայի քաղաքացի էի` Բոյան անունով եւ եվրոպական գրեթե բոլոր երկրներ մուտքի հնարավորություն տվող վիզաներով: Մարկոն կատակեց, թե կարող եմ անգամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել եւ ձայն տալ իր ղեկավար-ընկերներին: Նա հույսեր էր կապում ընտրությունների հետ եւ փափագում էր, որ իսկական ազգային ուժերը նորից իրենց ձեռքը վերցնեն Սերբիայի ղեկը եւ իշխանությունից հեռացնեն Ամերիկայի «խամաճիկներին»:
Ես ուզում էի, որ Մարկոյի ցանկությունները իրականություն դառնան, եւ սա ինձ զարմացնում էր: Չէ՞ որ եթե Սերբիայում ապրեի, ես ու Մարկոն, մեծ հավանականությամբ, հակառակ քաղաքական ճամբարներում կլինեինք: Նա, իհարկե, կուսակցական բոս չէր, ոչ էլ օլիգարխ, բայց այդպիսի միջավայրի մարդ էր, երկրորդ պլանի, բայց ոչ երկրորդական դերակատար: Չնայած սրան, մեր հարաբերությունները շատ կարճ ժամանակում դարձան ընկերական, եւ ես, այդ հարաբերությունները չարաշահելով, մի անգամ նեղացրի Մարկոյին:
Մենք ճաշում էինք Դանուբի ափին գտնվող մեր հյուրանոցի ռեստորանում.
- Մարկո,- սկսեցի ես,- ուզում եմ քեզ մի բան հարցնել: Ուղղակի հետո ինձ չեմ ների, եթե չհարցնեմ:
- Հարցրու` տեսնենք:
- Տես` դու սիրում ես քո հայրենիքը, ասում ես, որ սիրում ես սերբերին, հանուն նրանց սպանել ես բազմաթիվ ալբանացիների եւ էլի ուրիշ ազգերի ներկայացուցիչների: Սա հասկանալի է. բայց ասա ինձ` եղե՞լ է այնպես, որ դու ինչ-որ նկատառումներով սպանես, դե, մի պատի տակ թրխկացնես կամ առեւանգես կամ խոշտանգես սերբերի...
Հարցը տալիս զգում էի, թե ինչպես է Մարկոյի դեմքի գույնն ու արտահայտությունը փոխվում: Նա վեր կացավ` ձեռքից գցելով պատառաքաղը եւ դանակը.
- Տղա, դու սադի՞ստ ես, թե՞ դատախազ,- ասաց նա ու դուրս եկավ ռեստորանից:
Ես անվրդով ավարտեցի ճաշս: Մարկոն ֆոյեում թերթ էր կարդում, ավելի ճիշտ` ձեւ էր անում, թե թերթ էր կարդում: Իմ հարցը տակնուվրա էր արել նրա հոգին, եւ այդ վիճակում հնարավոր չէր կարդալ:
- Ներիր ինձ, Մարկո,- նրան մոտենալով` ասացի ես,- ուղղակի ուզում եմ հասկանալ, ուզում եմ ինքս ինձ հասկանալ:
#7
Posted 05 July 2008 - 03:57 PM
Մարկոն ինձ մի ծառայություն էլ պետք է մատուցեր. պետք է այնպես աներ, որ Վիեննա թռչող օդանավի ճանապարհին Բելգրադի օդանավակայանի աշխատակիցները, մաքսավորները ինձ ոչ մի հարց չտային: Համաձայնեք, տարօրինակ կլիներ, եթե պարզվեր, որ Սերբիայի քաղաքացի Բոյանը չի տիրապետում մայրենի լեզվին: Բայց սա խնդիր չէր Մարկոյի համար. նա օդանավակայանի աշխատակիցներից ինձ համար ուղեկցորդ գտավ, եւ ես, իհարկե, բոլոր ստուգումները պատշաճ անցնելով, հասա «Ավստրիական ավիաուղիների» օդանավին:
Հրաժեշտից առաջ մենք ճաշել էինք, եւ երբ նա իմացավ, որ ուզում եմ Հայաստան վերադառնալ, բայց երկրի հակառակ կողմից, շշմեց.
- Չէ, քո ծալը հաստատ պակաս է,- ասաց նա:
Նման արտահայտություն Մարկոն մի անգամ էլ էր արել: Ես հետաքրքրվեցի, թե արդյոք Իմաստուն Ծերուկը խառն է զենքի առեւտրի գործերին.
- Չլինի՞ ուզում ես հոդված գրել:
- Կռահեցիր,- ասացի ես:
- Քո ծալը հաստատ պակաս է,- հառաչեց Մարկոն:
Դե, Մարկո, դե, ախպերս, ես քեզ շնորհակալության խոսքեր չեմ ասում, որովհետեւ դա չափից դուրս տափակ կհնչեր այս իրավիճակում: Ուղղակի ասում եմ` հաջողություն, ուղղակի ասում եմ` ի՛մ ախպեր: Մինչ այդ Մարկոն ինձ 10 հազար եվրո էր տվել, որ ես ընդունել էի առանց սեթեւեթանքի: Ասել էր նաեւ, որ Վիեննայում ինձ կդիմավորի Յոզեֆ անունով մի տղա: Ես ասում էի, որ դրա կարիքը չկա, որ ես կարող եմ առանց կողմնակի օգնության շարունակել ճանապարհորդությունս, չէ՞ որ փող ունեմ, Սերբիայի քաղաքացիություն, մաքուր կենսագրություն. «Շատ մի ոգեւորվիր, քո անձնագրի անուն ազգանունով մարդ իսկապես գոյություն ունի, եւ նրան շատ են ուզում տեսնել Հաագայի դատարանում»,- ծամածռվելով` ասաց Մարկոն: Մենք ծիծաղեցինք:
Ահա եւ օդանավը պոկվեց Սերբիայի հողից: Դիմացս բացված մոնիտորը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հեռանում Բելգրադից եւ մոտենում Վիեննային:
Այո, սա տարօրինակ եւ զարմանալի ճանապարհորդություն է եւ շատ ավելի հեշտ է դասավորվում, քան այն, ինչ մենք սովոր ենք ճանապարհորդություն համարել: Չէ՞ որ այդ սովորական ճանապարհորդությունները հազար ու մի բարդության հետ են կապված, հազար ու մի քաշքշուկի: Հարկավոր է դասավորել գործերը, դրամ հավաքել, դեսպանատների սառը պաշտոնյաներին ապացուցել, որ հաստատ վերադառնալու ես, հավաքել, դասավորել ճամպրուկները` որեւէ բան մոռանալու երկյուղը սրտիդ մեջ: Իսկ այս դեպքում անգամ հարազատներիդ հրաժեշտ չես տալիս, ուղղակի մեկնում ես` խանութ գնալու նման: Բայց մի՞թե սա կարելի է ճանապարհորդություն համարել: Գուցե սա իսկապե՞ս փախուստ է: Բայց ի՞նչ փախուստ, մի՞թե կարելի է Հայաստանից փախչել` Հայաստան գնալով: Չէ՞ որ ես գնում եմ Հայաստան` երկրի հակառակ կողմից: Բայց մի՞թե կարելի է ճանապարհորդություն համարել Երեւանի մի կետից մյուս կետը հասնելը: Չէ՞ որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ: Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել:
#8
Posted 05 July 2008 - 03:58 PM
Յոզեֆը բանկիր էր եւ թերեւս վարում է նաեւ Մարկոյի բանկային գործերը. այստեղից էլ նրանց ծանոթությունը: Քիչ մնաց Վիեննայի օդանավակայանում մենք իրար չգտնենք: Դիմավորողների բռնած ցուցանակների վրա իմ անունը չգտա: Ու երբ արդեն մտածում էի, որ Յոզեֆը ուղղակի չի եկել, հիշեցի հանկարծ, որ ես, ախր, նոր անուն ունեմ: Բոյան անունով եւ անձնագրիս մեջ գրված ազգանունով ցուցանակը ձեռքին կանգնած էր մի երիտասարդ. Յոզեֆն էր: Ես ներողություն խնդրեցի նրանից` ասելով, որ ուշադիր չեմ եղել ցուցանակները կարդալիս եւ սարսափով հիշեցի այն ճանապարհը, որ անցել էի օդանավից սպասասրահ գալիս: Փառք Աստծո, որ անցակետում ոչ ոք անունս չի հարցրել, թե չէ` իսկական անունս կտայի:
Յոզեֆին խնդրեցի ինձ տանել Վիեննայի կենտրոնական մասերում գտնվող մի հյուրանոց: Ճանապարհին մտքումս անընդհատ կրկնում էի նոր անուն ազգանունս, որպեսզի տպավորվի: Տեղավորվեցի մի շատ լավ հյուրանոցում, հետո ֆոյեում Յոզեֆի հետ էսպրեսո խմեցինք, մի քիչ խոսեցինք դեսից-դենից, հետո նա, թողնելով իր հեռախոսների համարները, գնաց իր գործերով: Ասաց, որ հաջորդ օրը կեսօրին կգա: Բարձրացա սենյակ: Դեռ առավոտյան 11.30 էր: Որոշեցի մի քիչ քնել: Արթնացա ժամը 15-ի կողմերը, միացրի «Եվրանյուզը». Հայաստանի մասին ոչինչ չկար: Իջա ինտերնետ ակումբ, կրկնակի էսպրեսո պատվիրեցի եւ սկսեցի կարդալ հայաստանյան թերթերը, որ արտակարգ դրության ավարտից հետո սկսել էին լույս տեսնել: Հոդվածս, որ ուղարկել էի ընդհատակյա ինտերնետային թերթին, տպագրվել էր նաեւ «ՀԺ»-ում, ուրեմն կարելի էր նորերը գրել:
Գրպանիցս հանեցի «ֆլեշս», որի մեջ ինձ պետքական այլ բաների շարքում նաեւ «KDWin» ծրագիր կար եւ հայերեն տառատեսակ: Մի հոդված գրեցի, ուղարկեցի ընդհատակյա թերթին ու զգացի, որ կարոտել եմ Հայաստանը: Թե ինչ էր պետք անել, պարզից էլ պարզ էր. մոտակայքում մի սուպերմարկետ գտա: Ցուցափեղկերում փնտրում եմ, փնտրում ու չեմ գտնում ռուսական օղի: Ստիպված եմ հարցնել. սուպերմարկետի աշխատակցուհին ինձ ուղեկցում է մի բարձր ցուցափեղկի մոտ, որի ամենավերեւի փեղկի վրա ցույց է տալիս տարբեր շշերի արանքում կուչ եկած մի շիշ «Ստոլիչնայա» օղի: Ձեռքի շարժումով պատվիրում եմ իջեցնել: Սուպերմարկետի բանվորը մի երկար աստիճան է բերում եւ իջեցնում կես լիտրանոց շիշը:
Արարողության մասնակիցները ինձ նայում են շնորհավորող հայացքներով. պատճառը խիստ օրիգինալ գնումն է: Այստեղի սուպերմարկետներից գրեթե ոչ ոք ռուսական օղի չի գնում: Վիեննա այցելած ռուսներն էլ իրենց անհրաժեշտ օղին խմում են բարերում կամ ռեստորաններում կամ էլ ուղղակի բերում են իրենց հետ:
Օղի հայտնաբերելուց հետո գնեցի նաեւ չորս հատ կարտոֆիլ, մի գլուխ սոխ, մի հատ ինչ-որ ապխտած ձուկ, երկու հատ վարունգ, երկու հատ լոլիկ, երկու շիշ գարեջուր, հաց: Այստեղ նորմալ պանիր փնտրելը անիմաստ է անգամ, փոխարենը գնեցի խոստումնալից տեսքով պղպեղ, որը պետք է որ իմ ուզածի չափ կծու լիներ: Վերադարձա սենյակ, մինի-բարից մի երկու բան հանեցի, դրա փոխարեն դրեցի իմ բերած օղին ու գարեջուրը: Զանգեցի ռեստորան, խնդրեցի մատուցարանի վրա սպասք բերել. մի քանի ափսե, դանակ, պատառաքաղ, բաժակ: Լվացի վարունգը, լոլիկը, կարտոֆիլը, պղպեղը: Մատուցարանը բերեց 20-22 տարեկան մի պատանի` Գյունտերը: Աչքերի արտահայտությունից զգացի, որ ֆաշիստ է: Ես նրան տվեցի լվացած կարտոֆիլը, խնդրեցի 15 րոպե ջրով եռացնել միկրոալիքային վառարանի մեջ կամ ուղղակի սալիկի վրա ու բերել: Հատուկ զգուշացրի` չկլպել: Մինչ նա կվերադառնար, ամեն ինչ կտրտեցի, սոխը բաժանեցի չորս մասի, մինի-բարից հանեցի օղին, որ արդեն ահագին սառել էր, գարեջուրը խանութում էլ արդեն սառն էր: Վիսկիի բաժակը կիսով չափ օղի լցրի, բաժակը բարձրացրի` մեր հող ու ջրի կենացը, ասացի, խմեցի, մի կտոր ձուկ վերցրի, հետո` սոխ, հետո` հաց, կերա, գարեջրի շիշը քաշեցի գլխիս: Քեֆս լավ է: Դուռը ծեծում են: Գյունտերն է: Կարտոֆիլն է բերել: Էս ո՞վ է գալիս. արի, ընկեր ջան, արի, ախպեր ջան, մենք պետք է իրար հետ խմենք մի բաժակ:
- We must drink together: You and me. That is Russian vodka,- ասում եմ ես ու վերցնում շիշը:
- Ոչ, ոչ, ես ծառայության մեջ եմ, ինձ չի կարելի:
- Դու կհրաժարվես ռուսական օղո՞ւց. մի՞թե Ավստրիան մոռացել է դարավոր թշնամիներին, մի՞թե Ավստրիան ներել է նրանց, մի՞թե Ավստրիան այլեւս չկա: Դուք օղի չխմեցիք եւ դրա համար չկարողացաք հաղթել ռուսներին: Մի՞թե կարելի է ռոմով ու շնապսով հաղթել նրանց, ովքեր սպիրտ են խմում:
Որքան էլ զարմանալի է, իմ ճառը ազդեց պատանու վրա: Ես դարձյալ կիսով չափ լցրի վիսկիի մյուս բաժակը, իմը նույնպես, իր բաժակը տվեցի իրեն, զգուշացրի, որ մինչեւ վերջ խմի, բաժակս խփեցի բաժակին ու ասացի. «Բարձր ռասայի կենացը»: Գյունտերը մինչեւ վերջ խմում է, ես նույնպես: Նրան սոխ ուտեցնելու իմ բոլոր փորձերը ապարդյուն են անցնում: Նա ուզում է գնալ. ես նրան 10 եվրո եմ տալիս եւ պատվիրում 15 րոպեից գալ` մատուցարանը տանելու:
15 րոպեից Գյունտերը գալիս է, մենք մի-մի բաժակ էլ ենք քցում: Նա հավաքում է մատուցարանը, ես նրան եւս 10 եվրո եմ տալիս եւ հայերեն ասում. «Կամաց կքշես»: Գյունտերը գնում է, ես փռվում եմ մահճակալին:
Լուսաբացին արթնացա գլխիս տրոփյունից, որը ուր որ է կբացվի իմ ձեռքով քառատված գլուխ սոխի նման: Մի կերպ թեքվեցի, վերցրի հեռախոսի ընկալուչը, սեղմեցի 0 կոճակը.
- Գլխացավի դեղ խնդրում եմ: Կրկնակի դոզա: Դուք ինքներդ բացեք դուռը, ես չեմ կարող վեր կենալ:
Մի քանի րոպեից ինչ-որ մեկը ափի մեջ փռած անձեռոցիկի վրա ինձ է մատուցում երկու դեղահաբ` մյուս ձեռքին մի բաժակ ջուր բռնած: Ես կուլ տվեցի հաբերը եւ նորից վայր ընկա մահճակալի վրա: Ինչ-որ ժամանակ անց նորից արթնացա. գլխացավը նահանջել էր, բայց չէր հանձնվել, այն կարծես երկխոսություն էր սկսել տրոփյունից թմրած գլխիս հետ` նրա մեջ մնալու համակեցության
հնարավորություններ գտնելու ձգտումով:
Ցավը հիմա տանելի էր, բայց նրան տանելի էր դարձնում միայն իմ նախընթաց տառապանքի հուշը: Շուտով այն կմարեր, եւ ցավը կդառնար նույնքան անտանելի:
Վեր կացա, տրամվայի սպասողի դիրքով կանգնեցի տաք ցնցուղի տակ: Եւ ցավը քանդվեց, հոսեց, կոյուղին լցվեց` քթիցս ծորացող արյան հետ: Հագնվեցի, իջա ֆոյե...
- Էսպրեսո, խնդրում եմ: Կրկնակի, խնդրում եմ: Ռոմով, խնդրում եմ:
Մի՞թե ես պետք է նկարագրեմ այս հյուրանոցի ֆոյեն: Բազմաթիվ հեղինակներ հենց այդպես էլ կվարվեին. կնկարագրեին ոսկեգույն բազրիքներն ու բռնակները, վերելակի մեծ հայելիները եւ ոսկեգույն պատերը, կողք կողքի շարված հուշանվերային խանութները` հիմար գներով: Բայց արդյո՞ք այդ նկարագրությունը մեր պատմությանը որեւէ նոր իմաստ է տալիս: Մի՞թե մեր պատմությանը անհրաժեշտ է Վիեննայի` զզվելիության չափ «կազմակերպված» այդ քաղաքի նկարագրությունը, որտեղ անգամ թուփը աճում է հաստատված նախագծի եւ ժամանակացույցի համաձայն: Չեմ պատրաստվում ընթերցողին ձանձրացնել այսպիսի նկարագրություններով, մանավանդ որ ամեն թփի ճշգրիտ նկարագրությունը ինձ հետապնդողներին դուրս կբերի ճշգրիտ հետքի վրա. այսպիսին են Վիեննայի թփերը:
#9
Posted 05 July 2008 - 03:59 PM
Երբ արդեն երկրորդ կրկնակի էսպրեսոն էի խմում, եկավ Յոզեֆը: Նա այլայլված տեսք ուներ.
-Ես պրոբլեմներ ունեմ, ինձ հետապնդում են, իմ դեմ քրեական գործ է հարուցված,-շտապելով ասաց նա:
Ապա պատմեց, որ երբ առավոտյան աչքերը բացել է, տեսել է իր նընջասենյակի բազկաթոռին նստած, անվրդով թերթ կարդացող (դա «Վիներ Ցայտունգ» էր եղել) մի մարդու, որի սեւ վերարկուն եւ ցիլինդրը նետված են եղել իր մահճակալի վրա: Երբ այցելուն զգացել է, որ Յոզեֆը արթնացել է, ծալել է թերթը եւ նրան դիմել մի շատ տարօրինակ հարցով.
-Ի՞նչ եք կարծում, ճիշտ կանեն, եթե Ուկրաինային եւ Վրաստանին ՆԱՏՕ ընդունեն:
Յոզեֆը, բնականաբար, պարզաբանում է պահանջել լկտի կերպով իր բնակարան ներխուժելու կապակցությամբ, եւ սպառնացել է բողոքել: Այցելուն սակայն չի շփոթվել եւ բացատրել է, որ ինքը այդտեղ գտնվելու իշխանություն եւ լիազորություն ունի.
-Եթե չունենայի այստեղ չէի գտնվի,- ասել է նա:
Անծանոթը նաեւ Յոզեֆին տեղեկացրել է, որ ինքը ձերբակալված է եւ որ հավելյալ պարզաբանումներ նա կստանա Հիմնարկում, ուր եւ իրենք անհապաղ պիտի մեկնեն: Խորհրդավոր այցելուն զգուշացրել էր նաեւ, որ դիմադրությունն ավելորդ է, քանի որ ինքը մենակ չէ: Եւ իրոք ննջասենյակից դուրս գալով Յոզեֆը նախասրահում տեսել էր թղթախաղով զբաղված երեք հոգու, որոնք հագնված էին եղել առաջին անծանոթի նման:
Անծանոթը հրաժարվել էր Յոզեֆին ննջարանում մենակ թողնել` հագնվելու համար: Ավելին, նրան ուղեկցել էր անգամ զուգարան: Ու մինչ Յոզեֆը նստած էր եղել զուգարանակոնքին, անծանոթը հենց նրա մոտ պատին հենված շարունակել էր «Վիներ Ցայտունգի» ընթերցումը: Միայն մեկ անգամ թերթից կտրվելով Յոզեֆին ասել էր.
-Երեւում է, երեկ «McDonalds»-ում եք սնվել:
Ի վերջո սպիտակ լիմուզինով Յոզեֆին տարել էին Վիեննայից դուրս գտնվող մի բարձրահարկ շենք, որի մուտքի ցուցանակի վրա գրված էր եղել ընդամենը մեկ բառ` Հիմնարկ:
Յոզեֆին հրահանգել են սպասել մի երկար ու նեղ միջանցքում, որտեղ ոչ ոք չի եղել, բացի հատակը շարունակ մաքրող մի ալեխառն ծերունուց: Հետո նրան տարել են մի դահլիճ, որը լեփ լեցուն է եղել, իսկ բեմի վրա նստած են եղել 9 հոգի` դատավորի պատմուճաններով: Յոզեֆին նստեցրել են մեղադրյալի աթոռին, իսկ բեմի կենտրոնում նստած մարդը ոտքի է կանգնել եւ հայտարարել.
-Քաղաքացի Յոզեֆ, ձեր դեմ քրեական գործ է հարուցված քանի որ դուք հանցագործ եք: Դուք ձերբակալված եք: Որեւէ բան ունեք ասելու Հիմնարկին:
Յոզեֆը մի կերպ հաղթահարել էր շփոթվածությունը, ոտքի կանգնել եւ ասել.
-Ես ոչ մի հանցանք չեմ գործել…
Այս հայտարարությունից հետո մի անասելի քրքիջ էր պայթել դահլիճում: Առաջին շարքերում նստածները ծիծաղից փորները բռնած սկսել էին գետնին թավալվել: Նույնը տեղի էր ունեցել նաեւ բեմի վրա ձախից առաջինը նստած մարդու հետ, որը ի տարբերություն մյուսների 10 րոպեից էլ չէր հանգստացել եւ երբ նրան պատգարակի վրա դուրս էին տարել, նա շարունակել էր ցնցվել, ապա կծկվել եւ ամուր բռնել փորը: Ի վերջո ներկաները ընդունել էին նախկին լուրջ տեսքը եւ Յոզեֆը շարունակել էր.
-Ես ուզում եմ իմանալ, թե ինձ ինչում են մեղադրում:
Բեմի կենտրոնում նստածը մի պահ խոժոռվել էր, բայց պատասխանել էր հանգիստ.
-Ձեր մեղադրանքը դեռ ձեւակերպված չէ, այն գտնվում է ձեւակերպման փուլում, եւ մենք չենք կարող ձեզ նախաքննության գաղտնիքներ հայտնել: Ձեր հանցանքը նախաքննության գաղտնիք է հանդիսանում:
-Ես գոնե կարո«ղ եմ իմանալ, թե ինչ օրենք եմ խախտել,-համառել էր Յոզեֆը:
-Դա ձեր սրբազան իրավունքն է, եւ ես պաշտոնապես ձեզ հայտնում եմ, որ դուք խախտել եք Ավստրիայի հանրապետության թիվ 865 գաղտնի օրենքի 306, 212, 224 հոդվածները, բայց ես ձեզ չեմ կարող ասել, թե դրանք ինչի մասին են, որովհետեւ, ինչպես նշեցի, դրանք գաղտնի օրենքի գաղտնի հոդվածներ են,- ասել էր կենտրոնում նստածը:
Յոզեֆը հուսահատ փռվել էր մեղեդրյալ աթոռին:
-Դատավարությունը, միայն դատավարությունը կորոշի, թե դուք ինչպիսի որոշման եք արժանի,-ասել էր կոնտրոնում նստածը, ինչին հետեւել էին դահլիճում ներկաների բուռն, հոտնկայս ծափահարությունները, որոնք ուղեկցվել էին «Բռավո» եւ այս կարգի այլ գոչյուններով:
Ի վերջո, բեմում նստածները ետեւի դռնով դուրս էին եկել դահլիճից, հանդիսականներն էլ հեռացել էին կողքի դռնից: Յոզեֆը դահլիճում մնացել էր մեն մենակ: Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո նա դուրս էր եկել միջանցք, որտեղ էլի ոչ ոք չէր եղել` բացի հատակը շարունակ մաքրող ալեխառն ծերունուց: Վերջինս հասնելով Յոզեֆին ասել էր «Քեզ պատրաստվում են գնդակահարել, այնպես որ ավարտիր կիսատ գործերդ»:
Ծերունին ոչ մի հարցի չէր պատասխանել, Յոզեֆն էլ մի կերպ գտել էր ելքը ու դուսր եկել շենքից եւ նկատել էր, որ մուտքի մոտ այլեւս չկա «Հիմնարկ» գրությամբ ցուցանակը:
Այս պատմությունը ինձ շատ զարմացրեց, չնայած ահագին ծանոթ թվաց: Մի փոքր մտածելուց հետո ես Յոզեֆին ասացի, որ նա պետք է փաստաբան վարձի:
-Ես արդեն դա արել եմ. քեռուս հին ծանոթը փաստաբան է, նա խոստացավ իմ մեղադրանքի մասին մի բան պարզելու փորձ անել, չնայած ասաց, որ այնքան էլ հեշտ չէ բան իմանալ Հիմնարկից:
-Իսկ ի՞նչ է այդ Հիմնարկը, ի՞նչ է իրենից ներկայացնում,-հարցրի ես:
-Չգիտեմ, փաստաբանս էլ ոչինչ չասաց:
-Իսկ միգուցե ոստիկանություն դիմես, իրավապաշտպաններին, մամուլին, ի վերջո:
-Փաստաբանս խորհուրդ չտվեց: Ասում է, որ դա գործին չի օգնի, միայն կզայրացնի Հիմնարկին: Փաստաբանս ասում է, որ լավագույն ելքը մեղքը ընդունելն է ու ներում հայցելը:
-Բայց դու իսկապե՞ս ինչ որ հանցանք գործել ես:
-Ոչ, բայց գուցե իրո՞ք չարժե զայրացնել հիմնարկին:
-Դա շատ պատասխանատու հարց է, ես չեմ կարող քեզ նման խորհոիրդ տալ: Իսկ գուցե դա կապված է Մարկոյի հետ:
-Ես չգիտեմ ինձ ինչի մեջ են մեղադրում, ես գիետմ, որ հանցանք չեմ գործել,-հուսահատ ասաց Յոզեֆը եւ ինձ մեկնեց մի ծրար,- խնդրում եմ քեզ, եթե ինձ որեւէ բան պատահի, եթե ես կենդանի չլինեմ, այս ծրարը հասցրու Լոզան Համաեվրոպական Հիմնարկ, հասցեն գրված է ծրարի վրա:
Ես վերցրի ծրարը. դրա վրա խոշոր տառերով գրված էր` Բողոք:
-Եթե քեզ պետք է, ես ծրարը իհարկե, Լոզան կհասցնեմ: Բայց ի՞նչ իմաստ ունի բողոքելը, եթե, ինչպես դու ես ասում, դա պետք է անել միայն այն դեպքում, երբ դու կենդանի չլինես,-զարմացա ես:
-Ընթացակարգն է այդպիսին,-հառաչեց Յոզեֆը,-իմ փաստաբանը հիվանդ է, անկողնուն գամված, եւ չի կարո ինքը անհրաժեշտության դեպքում Բողոքը Լոզան հասցնլ: Իսկ Հիմնարկի հետ ունեցած գործերով պատրաստի բողոք ունենալը եւ վստահ լինելը, որ մահապատժի իրագործման դեպքում այն արագ Լոզան կհասնի, ըստ իմ փաստաբանի, ամենակարեւորն է: Ես մտածեցի, որ դու միեւնույն է պետք է դեպի Արեւմուտք շարժվես. եւ քեզ դժվար չի լինի բողոքը տանել:
-Ինչ խոսք ինձ համար դժվար չէ: Բայց ի՞նչու ես դու անընդհատ մահապատժի մասին խոսում, մի՞թե մի ցնդած հավաքարարի ասածը հիմք է քեզ համար,-սչտնեղեցի ես:
Յոզեֆը սարսափած նայեց ուղիղ աչքերիս մեջ:
-Փաստաբանս էլ հաստատեց, որ Հիմնարկի գործերը երկու ելք կարող են ունենալ. ներում կամ մահապատիժ: Որոշումները ուժի մեջ են մտնում եւ իրագործվում են անհապաղ:
Ես չգիտեի ինչ ասել: Յոզեֆի պատմածը ինձ ցնորք էր թվում, հրեշավոր թյուրիմացություն:Նա նույնպես հույս ուներ, որ այդ ամենը թյուրիմացություն է եւ այս է պատճառը, որ մերժեց միասին Ավստրիայից հեռանալու առաջարկս.
-Ես պետք է մնամ եւ պարզեմ, թե ինչ է կատարվում, դու միայն խնդրում եմ չմոռանաս իմ բողոքի մասին:
-Բայց ես ինչպե՞ս կիմանամ, եթե քեզ Աստված չանի, որեւէ բան պատահի:
-Եթե ես վաղը չգամ կամ չզանգեմ, կամ հաղորդագրություն չթողնեմ, մեկնիր Լոզան,- ասաց Յոզեֆը եւ ոտքի կանգնեց,-ես պետք է գնամ:
-Յոզեֆ, ես համոզված եմ, որ թյուրիմացությունը կհարթվի,-փորձեցի նրան սրտապնդել:
-Հուսանք, հուսանք,-դառնացած ասաց նա, ու հեռացավ:
Բարձրացա սենյակ, Յոզեֆի բողոքը դրեցի պահախցի մեջ: Անսպասելի մի միտք անցավ գլխովս.«Ուզում եմ Դանուբը տեսնել»:
-Ուզում եմ Դանուբը տեսնել,- իմ միտքը կրկնեցի ես:
Իսկապես ուզում էի տեսնել Դանուբը, եւ դա Յոզեֆի հետ ունեցած խոսակցության ծանր տպավորության հաղթահարման միակ հնարը թվաց ինձ:
-Ինչպես կարող եմ Դանուբի ափին հայտնվել,- հարցրի հյուրանոցի աշխատակցին:
-Դուք պետք է հյուրանոցի դիմացի փողոցով գնաք դեպի ձախ:
-Իսկ հեռո՞ւ է, կարո՞ղ եմ քայլելով գնալ:
-Այո, բայց պետք է մոտ 20 րոպե քայլեք:
Դա իսկական փրկություն կլինի. 20 րոպե քայլքի արդյունքը կլինի այն, որ ակնհայտ կդառնա Յոզեֆի պատմածների ցնորք լինելը: Նման բան չի կարող լինել, այն էլ Եվրոպայի կենտրոնում:
20 րոպե քայլեցի, Դանուբը չկա: Եւս 10 րոպե` էլի չկա:
-Ներեցեք հեռո՞ւ է այստեղից Դանուբը, կարո՞ղ եմ ոտքով հասնել,-հարցնում եմ մի պատահական անցորդի:
-Այնքան էլ հեռու չէ, եթե ուզում եք ոտքով գնալ, պետք է մոտ 20 րոպե քայլեք: Այս փողոցով ուղիղ շարունակեք ճանապարհը:
Լավ, քայլելը չի խանգարի: Քայլում եմ եւս 20+10 րոպե, իսկ Դանուբը չկա: Էլի դիմում եմ մի պատահական անցորդի: Ընթերցողը սա գեղարվեստական տրյուկ կհամարի, բայց սա ճշմարտություն է, եւ այդ հերթական պատահական անցորդը տվեց բառացիորեն նույն պատասխանը իմ` բառացիորեն նույն հարցին: Քայլեցի եւս 20+10 րոպե եւ արդեն ժամուկես չեմ կարողանում անցնել այդ 20 րոպեանոց անիծյալ ճանապարհը:
Հերթական պատահական անցորդը ավելի բարի գտնվեց. նա հորդորեց տաքսի նստել: Այդպես էլ արեցի, որովհետեւ այլեւս ի վիճակի չէի քայլել: Բայց այդ անիծյալ տաքսին ընդամենը րոպեուկես հետո կանգ առավ Դանուբի ափին.
-Ահա Դանուբը,- հպարտությամբ ասաց վարորդը:
Իսկ Դանուբը իսկապես գեղանի էր: Ճիշտ է Բելգրադում այն շատ ավելի մեծ էր եւ շատ ավելի հզոր, բայց այստեղ էր նա ձեռք բերում իր հանդարտությունը, հանգստությունը, խաղաղությունը: Խռովքի եւ հանդարտության ինչպիսի զուգադրում…
Մոտ կես ժամ կանգնեցի Դանուբի ափին, հիացա նրանով, մի անցորդի խնդրեցի ինձ լուսանկարել Դանուբի հետ, հիշեցի Մարկոյին, որը գուցե հիմա նույնպես կանգնած էր Դանուբի ափին: Արդեն սկսում էր մթնել եւ որոշեցի վերադառնալ հյուրանոց, բնականաբար տաքսիով: Ոտքերս նվվում էին, փռվել էի սենյակիս բազկաթոռին, ու հեռուստացույցիս ալիքներն էի փոխում:Յոզեֆն է, այո Յոզեֆն է. նրա լուսանկարը ցույց են տալիս հեռուստացույցով, ապա ինչ որ կադրեր` կրակոցներից ծակծկված ավտոմեքենա` Յոզեֆի ավտոմեքենան է, եւ նրա մեջ անշարժ ընկած մի մարմին` Յոզեֆն է:
Հաղորդումը գերմաներեն է, եւ ոչինչ չեմ հասկանում, չնայած` առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է` մահապատիժն ի կատար է ածվել: Ես շոկի մեջ եմ. միթե այս ամենը իրականություն է, միթե այս ամենը իսկապես տեղի է ունեցել: Բողոքը: Ես խոստացել եմ այն Լոզան հասցնել: Զանգում եմ հյուրանոցի ընդունարան.
-Խնդրում եմ ճշտել` ինչպես կարող եմ շուտափույթ մեկնել Լոզան:
Մոտ տասը րոպեից հնչում է հեռախոսի զանգը:
-Լոզան կարող եք մեկնել երկու ժամից գնացքով…
-Խնդրում եմ մի տեղանոց կուպե պատվիրեք, պատրաստեք իմ հաշիվը, տաքսի կանչեք. ես մեկնում եմ:
Երբ իջա ֆոյե, հենց նոր բերել էին երեկոյան անգլերեն թերթերը: Այնտեղ փոքր լուր կար Յոզեֆի նկարով: Գրված էր, որ նրան գնդակահարել են ոստիկանները, իրենց հրահանգներին չենթարկվելու եւ զինված դիմադրության փորձի համար:
Հաջորդ օրը երեկոյան մոտ Լոզանում էի: Գնացքից իջնելով միանգամից տաքսի նստեցի եւ ցույց տվեցի ծրարի վրայի հասցեն: Դա հենց փողոցի վրա բացվող մի դուռ էր, սեղմեցի զանգի կոճակը: Դուռը բացեց տարիքավոր մի մարդ: Ասացի, որ բողոք եմ բերել. մարդը ինձ ներս հրավիրեց, ուղեկցեց մինչեւ նախասրահ, որտեղ սարսափազդու պատկերներով նկարներ էին կախված` մեծ նկարներ: Ես նստեցի բազմաթիվ բազկաթոռներից մեկի վրա: Հինգ րոպեից ներս մտավ մոտ հիսուն տարեկան, բայց շատ գրավիչ տեսք ունեցող մի կին: Նա հագնված էր ճաշակով, բայց պաշտոնական, չնայած հոգ էր տարել, որ վերնաշապիկի վերին կոճակները չկոճկված լինեն, այնպես որ կրծքի կեսը երեւա. դա ամենեւին էլ հիսուն տարեկանի կուրծք չէր եւ կոնտրաստը ավելի նկատելի էր դառնում մուգ շագանակագույն նրա կոստյումի ֆոնին:
Ես նրան հանձնեցի ծրարը` առանց որեւէ բան ասելու: Նա բացեց ծրարը, հանեց այնտեղ գտնվող թուղթը մի հայացք գցեց նրա վրա, ապա դիմեց ինձ.
-Շատ օպերատիվ եք աշխատում. եթե չեմ սխալվում, նրան միայն երեկ են գնդակահարել: Դուք լավ փաստաբան եք երեւում:
-Ես նրա փաստաբանը չեմ, ընդամենը սուրհանդակ:
-Միեւնույն էգովելի է: Որեւէ բան կխմեք:
-Ոչ շնորհակալություն, ինձ դրսում մեքենա է սպասում: Բայց եթե թույլ կտաք, ես ուզում եմ մի հարց տալ:
-Խնդրեմ:
-Յոզեֆը ինչ որ գաղտնի օրենքի գաղտնի հոդվածներ խախտելու համար է մահապատժի ենթարկվել:
-Այո, միանգաման ճիշտ եք:
-Բայց նա ինչպես կարող էր իմանալ մի օրենքի մասին, եթե այն գաղտնի է:
Կինը մի տեսակ ձգվեց.
-Օրենքի չիմացությունը, երիտասարդ, որեւէ մեկին չի ազատում նրա առաջ ունեցած պատասխանատվությունից,-ասաց նա:
Նրա հայացքում անհողդողդություն հայտնվեց, ես նույնպես նման արտահայտություն տվեցի իմ դեմքին: Առանց հրաժեշտ տալու շրջվեցի, դուրս եկա այդ անիծյալ հիմնարկից, նստեցի ինձ սպասող տաքսին.
-Տարեք ինձ որեւէ հյուրանոց,- ասացի ես:
#10
Posted 05 July 2008 - 04:00 PM
Ես իզուր հրաժարվեցի որեւէ բան խմելու` այդ խստաբարո տիկնոջ առաջարկից: Մի բաժակ վիսկի կխնդրեի. եվրոպացիք սիրում են հաստ պատերով բաժակով վիսկի խմել: Կասկած չկա, որ հենց այդպիսի բաժակով վիսկի կբերեին ինձ: Հաստատ «Ջեկ Դենիելս» կլիներ, որից զզվում եմ: Բայց եթե անգամ «Գրին լեյբլ» լիներ, մի կում կանեի, բթացնող ժպիտով կնայեի տիկնոջը, ու նրա պատասխան ժպիտը կկասեցնեի` բաժակը քներակին զարկելով:
Ահա նա ընկած է անակնկալ հարվածից: Մահվան դատավճիռը կայացված է: Այդ վճիռը ես եմ կայացրել: Տիկինը, ի՞նչ տիկին, այդ պոռնկուհին խախտել է օրենքըս, մի գաղտնի օրենք, որի գոյության մասին ոչ ինքը գիտեր եւ ոչ էլ, առավելեւս` ես: Իսկ ո՞վ կարող է պնդել, որ դատավճիռն օրինական չէ: Բազմաթիվ գաղտնի օրենսգրքերից որեւէ մեկի գաղտնի էջերից որեւէ մեկի գաղտնի տեքստում կլինի մի գաղտնի նախադասություն, որ ինձ իրավունք է տալիս մահապատժի ենթարկել այս պոռնկուհուն: Նա չգիտեր այդ մասին, բայց մի՞թե օրենքի չիմացությունը որեւէ մեկին ազատում է նրա առաջ ունեցած պատասխանատվությունից: Մահապատիժ` գլուխը հատակին սվաղելու եղանակով: Ահա, վերցնում եմ սեղանի վրա դրված բրոնզե տակդիրով ալպյան գրանիտի ծանր կտորը, եւ ի կատար ածում դատավճիռը: Ձեռքերս արյունի մեջ են, դեմքս կռկվում է պոռնկուհու մակարդվող արյան ճնշումից, նրա ուղեղը լավայի հանդարտությամբ հոսում է մանրահատակի վրայով: Ես բղավում եմ ամենասրտագին հայհոյանքներ.
-Հայրիկ, այդ ի՞նչ է պատահել:
Այդ ձայնը ինձ մեխում է տեղում: Չեմ կարող շրջվել, ձեռքերս ու դեմքս արյան մեջ են: Չեմ կարող շարժվել, մարմնովս փակում եմ այդ խստաբարո տիկնոջ ջնջխված գլուխը.
-Ոչինչ չի պատահել, աղջիկս: Այս տիկինը վատ է զգում ուղղակի: Միջանցքի վերջում մի մարդ կա նստած: Գնա, ասա նրան թող բժիշկ կանչի:
Լսում եմ նրա հեռացող ոտնաձայները:
-Տիկին, վեր կացեք, տիկին: Խնդրում եմ, տիկին, արթնացեք տիկին, խղճացեք ինձ տիկին, մի սպանեք ինձ տիկին...
Ես ցնցում եմ նրան, փորձում եմ արթնացնել, հավաքում եմ մանրահատակի վրա հոսող նա ուղեղը եւ փորձում ետ լցնել նրա գանգի մեջ: Ես հեկեկում եմ անզորությունից, հեկեկում եմ հուսահատ: Բղավում եմ` շփոթված: Թիկունքիցս մի տղամարդու ձայն եմ լսում:
-Այո, սպանությունը նման է արտաամուսնական սեքսի: Դրա ընթացքը անասելի հաճույք է պատճառում, իսկ երբ ամեն ինչ ավարտված է, սկսում է տանջել մեղքի ու զղջումի զգացողությունը:
Պատից կախված սարսափազդու նկարներից մեկն էր ինձ հետ խոսում.
-Բայց դու մի նահանջիր, չէ՞ որ դու արդարադատություն իրականացրիր, չէ՞ որ դու Յոզեֆի վրեժը լուծեցիր: Բացատրիր դստերդ եւ նա ամեն ինչ կհասկանա, նա կարդարացնի...
-Ձայնդ կտրիր,-ասացի ես առանց շրջվելու,-չեմ ուզում, որ նա այս ամենը հասկանա, չեմ ուզում, որ նա արդարացնի որեւէ սպանություն...
-Դու թույլիկ ես...
Ես շրջվեցի` նկարից ինձ էր նայում Ամենայն հայոց կաթողիկոսը, «Մերսեդեսի» բանալիները մատին պտտեցնելով...
Արթնացա քափ քրտինքի մեջ. Լոզանում եմ, հյուրանոցի իմ համարի մահճակալին փռված:
Վեր կացա, լվացվեցի, սուրճ պատվիրեցի: Հարկավոր է զանգել Մարկոյին: Գրպաններումս փնտրում-գտնում եմ նրա համարը:
-Մարկո բարեւ, ես եմ: Յոզեֆին սպանել են:
-Գիտեմ, արդեն լսել եմ...
-Իսկ դա քեզ հետ որեւէ կապ ունի՞, դե, քո գործերի հետ:
-Չէ, ոչ մի կապ: Ես էլ մտածում էի քեզ հետ է կապված:
-Ինձ հետ էլ կապված չէ, գիտեի, որ քեզ հետ էլ կապ չունի, ուղղակի համոզվելու համար հարցրի: Դա մի անհավատալի պատմություն է: Յոզեֆին սպանածներից մեկի տեղն էլ գիտեմ, այստեղ` Լոզանում:
-Եթե այդ պատմությունը քեզ հետ իրոք կապ չունի, մի խորացիր, գնա քո ճամփով,-խորհուրդ տվեց Մարկոն:
Հրաժեշտ տալով Մարկոյին, ես կախեցի լսափողը: Մոտեցա պատուհանին, բացեցի այն. անձրեւախառը օդը սառեցրեց ճակատս: Հարկավոր է մի բան խմել: Եթե ես սովորական ճամփորդ լինեի, ճամպրուկիս մեջ անպայման հայկական կոնյակ կլիներ, գուցե նաեւ ծիրանի չիր: Իսկ հիմա գնա ու հայկական կոնյակ գտիր էս լպստած քամբախտում: Հյուրանոցի հենց պատին կից մի բար էի տեսել, որոշեցի գնալ այնտեղ (հյուրանոցային բարերը տաղտուկ են): Հյուրանոցից վազեվազ հասա, այնտեղ, այնպես որ համարյա չթրջվեցի, մոտեցա բար-կանգնակին.
-Հայկական կոնյակ ունե՞ք. պարտադիր չէ «Նաիրի», կարելի է նաեւ «Ախթամար», «Անի», «Արարատ» հինգ կամ երեք աստղանի:
-Ցավում եմ, պարոն, չունենք,-ժպտալով ասում է բարմենը:
-Իսկ հայկական գինի՞, պարտադիր չէ «Արենի», կարելի է նաեւ պաչիկ կամ պասեք, կամ զոքանչ, կամ բաջանաղ,- դառը հեգնական շարունակում եմ ես:
-Ոչ, պարոն:
-Ուրեմն հայկական օղի էլ չունեք: Այդ դեպքում գերապպա լցրեք:
Գերապպան իտալական խաղողի օղի է, մոտավորապես այն, ինչ վրացիք չաչա կամ ճաճա են կոչում, այսինքն` խաղողի ճաճի օղի, իսկ մենք` յաթրջի: Եւ ինչպես են եվրոպացիք այս յաթրջին առանց պանրի կամ առանց թթվի խմում: Թթու. ո՞վ հայ ժողովուրդ, գիտե՞ս արդյոք, որ ազգային արժեքը ոչ միայն քո դզած-փչած պատմությունն է, այլեւ քո թթուն: Հայկական մոռացված եւ մոռացվող խոհանոցի ամենամեծ տեսականին կարելի է միայն «Թթու» ենթավերնագրի տակ գտնել: Հիմքերի հիմքը, իհարկե, խառը թթուն է: Բայց ի՞նչ շենք է կանգնած այս հիմքի վրա. ծաղահաս կաղամբի ամառային թթու, կարմիր ճակնդեղի «տակի» եւ ճախի, այսինքն թեւերի թթու, վարունգի թթու, կանաչ ու կիսակարմիր լոլիկի թթու, գազար, կանաչ լոբի, ծաղկակաղամբ, քյարավուզ, սխտոր, սոխ, ձմերուկ, սմբուկ, բիբար, ծիծակ (ոչ թե մալականի, այլ հայկական տեխնոլոգիաներով), մանդակի թթու, ջոնջոլի թթու: Բայց մշակաբույսերի թթուների գլուխգործոցը պղպեղի, այսինքն բիբարի թեւերի բիբարի ճախի թթուն է: Մի տեսակ, որ մոռացվում է ցավալիորեն: Այս թթուն դնում են աշնանը, երբ բերքահավաքը ավարտված է: Այդ ժամանակ բիբարի թփերի վրա լինում են փոքր պտուղներ, որ չեն հասցրել մեծանալ: Կան նաեւ տերեւներ, բազմաթիվ տերեւներ: Ահա այս տերեւներից եւ թերահաս պտուղներից է դրվում բիբարի ճախի թթուն եւ եթե թթու դնողը գիտե իր գործը ` օղորմած տատիկիս նման, ուրեմն դա թթու չէ այլ գլուխգործոց, արվեստի ստեղծագործություն:
Բայց այս կիսատ ցանկով հայաստանյան թթուների տեսականին չի սպառվում: դեռ չենք խոսել վայրի բույսերի թթուների մասին. շուշան, բոխի, իծկոթ, սինդրիկ...
Հիմա Իջեւանի լեռնային բացատներում երեւի դուրս է եկել սինդրիկը: Հիմա Իջեւանի անտառները պճնվել են կանաչով: Ամեն տարի այս օրերին գնում եմ Իջեւան` գառի սեզոնի բացումն անելու: Դա տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ կերպ. Իջեւան եմ հասնում ուրբաթ օրվա երկրորդ կեսին: Շատ արագ զանգեր ենք փոխանակում ընկերներիս հետ.«էկել ե՞ս», «էկել եմ»:
Որոշ ժամանակ անց կամ ես եմ զանգում Բիձիկին, կամ ինքը ինձ.
-Մի հատ կյառը չուտե՞նք:
-Հա, բա ինչ անենք:
Բուն արարողությունը տեղի է ունենալու հաջորդ օրը: Մինչ այդ, սակայն, հարկավոր է գառ ճարել: Իջեւանի շուկայում կենդանի գառ վաճառում են միայն տարվա մի քանի օր` Վարդավառի կապակցությամբ: Վարդավառը Իջեւանում նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը, եւ նախընթաց հինգշաբթի օրվանից քաղաքի փողոցներում սկսվում է գառների եւ ուլերի գրոհը: Բայց տարվա մնացած օրերին Իջեւանի շուկաներում հնարավոր չէ կենդանի գառ գտնել: Գառան միս իհարկե, կա, բայց մեզ կենդանի գառ է հարկավոր, իսկ այն ձեռքբերելու համար հարկավոր է շրջել մոտակա գյուղերում եւ գտնել: Մինչ այդ «տեղաքում» ենք, այսինքն, փորձում ենք կոնկրետ հասցե գտնել, որտեղ գառ են վաճառում: Որպես կանոն «տեղաքումը» արդյունք չի տալիս: Պետք է մեկնել: Բայց ո՞ւմ մեքենայով: Հարցը սկզբունքային է, որովհետեւ գառը ոչ միայն լողացած չէ, այլեւ ճանապարհին չի խնդրի կանգնել` բնական կարիքները հոգալու համար եւ այդ ամենը անում է բեռնախցիկում: Բիձիկը եւ ես համամիտ ենք. մեր մեքենաները բացառվում են, մնում է Չաղի մեքենայի տարբերակը, մանավանդ որ` այն կարծես «մեյկայում» էր այսինքն նոր ` լվացել. թխի գա:
Համոզելը հեշտ չէ, բայց համոզում ենք: Չաղը Ժպիտի հետ է, Բոբոն պարապմունքի է, նրա հետ առայժմ գործ չունենք: Գնում ենք, ասենք, Ակնաղբյուր: Հասնում ենք գյուղամեջ.«Տղերք բարեւ ձեզ. գյուղում ո՞վ ծախու կյառն ունի»: Գյուղացիների միջեւ տեղի է ունենում մի փոքր քննարկում. ի վերջո որեւէ մեկի անունը տալիս են, գյուղամիջի երեխաներից մեկին էլ նստեցնում ենք մեքենան, որ տվյալ մարդու տան տեղը ցույց տա: Որպես կանոն երեխան էլ դարպասի մոտից ձայն է տալիս պոտենցիալ գառնատիրոջը:
-Էդ ո՞վ ա,-որպես կանոն կանչին ի պատասխան դուրս է գալիս մի ծեր տատիկ, ով իմանալով մեր այցի նպատակը ասում է,-մինն ունենք, երեկ տարան. մնացածը պյուճուր են, ծախու չեն:
Որպես կանոն առաջին փորձից հնարավոր չէ գառ գտնել: Փնտրտուքը պետք է շարունակել.
-Բա ո՞վ կյառը կունենա տատի,-հուսահատ հարցնում ենք մենք:
-Գիդամ ոչ, հլա էնինչենց հարցրեք:
Կոնկրետ հասցե ունենալը միշտ լավ է, ուղեկից երեխան էլ տան տեղը գիտի.
-Իրեք հատ ունեմ, բայց ծախու չի. պահում եմ րեխի բանակի քեֆի համար:
-Փաստորեն լավ էլ մեծ բանակի քեֆ ես անելու:
Եթե աստղերը բարեհաջող են դասավորված, երրորդ տեղում գառը կա: Մտնում ենք գոմ: Բիձիկը պարտադիր բարձրացնում է գառներից մեկը, կամ եթե մի հատ է, այդ միակը. քաշը ստուգված է:
Ու սկսվոմ է իմ ամենասիրած մասը` սակարկությունը: Անցյալ տարի գառը 20-25 հազար դրամ էր, բայց եթե թանկացումներ են սկսել, այս տարի գառն էլ թանկացած կլինի:
-Ի՞նչ ես ասում էս գառը, հորողբեր:
-35 մանեթ,-ասում է հորողբերը, մանեթ ասելով նկատի ունենալով 1000 դրամը: Այսինքն 35 հազար դրամ է ասում:
-Էդ ի՞նչ գին ես ասում, այ տնաշեն,-նեղսրտում ենք մենք,- 25 մանեթ ենք տալիս տանենք:
-25 մանեթով հենա ես կուտեմ էլի:
-Հերու 20-ով մի կյառն առանք, 14 կիլո միս տվեց. սրա վրա 10 կիլո միս չկա:
-Հերու ալիրն էլ էր էժան, ծեթն էլ էր էժան, պեսոկն էլ էր էժան. նաղդ 12 կիլո միս ունի:
-Վարյանտ չկա, նիհար զատ ա. 30 տալիս ենք տանենք:
Հորողբորը այս տեղում, որպես կանոն, գոմի լույսը անջատում է.«Ես ծախու ապրանք չունեմ», սրտնեղած ասում է նա: Որպես կանոն այս տեղում Չաղը, որ մեքենայի մեջ է մնացել, մեքենայի շչակն է հնչեցնում, իբր շուտ արեք:
-Դե լավ, լավ, ոտքերը կապի, պարկի մեջ գցի,-ասում ենք մենք հորողբորը, փողը տալիս ենք, գառը վերցնում ու ետ` Իջեւան:
Գառը որպես կանոն մորթում է եղբայրս` Արտակը: Եթե եղանակը վատ է, արարողությունը տեղի է ունենում տանը: Բայց որպես կանոն եղանակը հնարավորություն տալիս է անտառ գնալ:
<h5 class="subtitle"> Անտառ ասելով, սակայն, Իջեւանում նկատի չունեն ուղղակի անտառ: Աղբյուր ասելով` նկատի չունեն սոսկ աղբյուր: Տվյալ դեպքում գործ ունենք որոշակի ինֆրաստրուկտուրայի հետ, որ նախատեսված է անտառային խնջույքի համար: Անտառներում կան բազմաթիվ զրուցարաններ` բիսեդկաներ, երկար նստարաններով, սեղաններով: Սրանց կից` խորովածանոց, գառ մորթելու տեղ, միսը կտրատելու փոքր սեղան, երբեմն նաեւ առանձին սեղան` բլոտ, նարդի, շախմատ խաղալու համար:</h5> Կիրանցի անտառում նույնիսկ այնպիսի աղբյուր (այսպես են տեղացիները կոչում այս վայրերը) կա, որտեղ երեխաների ժամանցի համար փոքր, մեխանիկական, բակային կարուսելներ կան կամ նույնիսկ` հնաոճ իրերի թանգարան: Իսկ ահա ջուրը այս տեղերում ոչ թե ուղղակի քարից է դուրս գալիս կամ գետի տակից, այլ հոսում է հուշաղբյուրից, որ կառուցված է լինում մի վաղամեռիկ հարազատի կամ ընկերոջ պատվին: Երբեմն աղբյուրները կոչվում են հենց տվյալ նահատակի ազգանունով կամ անունով` Ղազումյանների աղբյուր, Հովակիմյանների աղբյուր, Ասլանյանների աղբյուր:
Ու չնայած այս պատկառելի ենթակառուցվածքի գոյությանը, նրանք չեն գտնվում հսկողության տակ, եւ այնտեղ ժամանակ անցկացնելու համար պետք չէ ոչ ոքի վճարել: Ուղղակի պետք է ուրիշներից առաջ զբաղեցնել: Որպես կանոն, սա դժվար չէ. եթե մի աղբյուրը զբաղված է, մյուսը հաստատ ազատ կլինի: Բայց ահա Վարդավառին իսկական ճգնաժամ է սկսվում, եւ հուլիսի վերջին կիրակի օրը Իջեւանի անտառներում աղբյուր զբաղեցնելու համար` շատերը ստիպված են այնտեղ գնալ նախորդ օրը եւ գիշերը մնալ: Բայց կա մի ոսկե կանոն` եթե աղբյուրը կառուցած անձը, ընտանիքը որոշում է Վարդավառը անցկացնել իր կառուցած աղբյուրում (ինչպես հասկացաք, նույն մարդը կառուցել է ոչ միայն բուն աղբյուրը, այլեւ այդտեղ եղած մնացած բաները), նրա իրավունքները հարգվում են աներկբա. այսինքն` նրանք կարիք չունեն գիշերը մնալու: Ուղղակի պետք է առավոտ շուտ ներկայանան, որ ուրիշները չհասցնեն խնջույքը սկսել. անհարմար բան կստացվի:
Բայց հիմա Վարդավառ չէ, եւ ազատ աղբյուր կարելի է գտնել առանց դժվարության: Ու եթե այստեղ եղած նախորդ խումբը իր ետեւից հավաքել է, ինչը, ի դեպ, միշտ չէ, որ այդպես է լինում, կարելի է սկսել արարողությունը: Եթե տեղանքը մաքուր չէ, դա կարելի է անել միայն մաքրություն անելուց հետո:
Ինչեւէ, շշերը դրված են ջրի տակ, գառը կախված է սպանդարանի խողովակից, ասել է թե` արարողությունը սկսված է: Հա, չմոռանանք արարողության ամենակարեւոր ատրիբուտի` կրակի մասին: Կրակը վառելը աղբյուրը զբաղեցնողի առաջին գործն է. անհրաժեշտ է արագ կրակ վառել, որ «ծուխը ծուլ լինի», եւ ազատ աղբյուր փնտրող մյուս խմբերը, ծուխը հեռվից տեսնելով, հասկանան, որ այս աղբյուրը զբաղված է եւ իզուր չգան հասնեն այստեղ ու ետ դառնան: Ինչպես տեսնում եք, սա իրոք արարողություն է` իր բազմաթիվ կանոններով: Այդ կանոններից մեկի համաձայն, անտառային աղբյուրներում խնջույք անցկացրած խումբը իր հետ բերած աղը պետք է թողնի տեղում:
Այս կանոնը թերեւս ձեւավորվել է կենսափորձի արդյունքում. եթե մարդիկ մոռանան իրենց հետ աղ բերել, իսկ աղի մասին մոռանալը դժվար չէ, ստիպված կլինեն ետ գնալ քաղաք: Եւ թերեւս աղը տեղում թողնելը ապահովագրական նշանակություն ունի: Բայց տեղացի տատիկները այս կանոնին միստիկ նշանակություն են տվել. եթե անտառից աղը հետդ տուն տանես, դժբախտություն կպատահի... Եւ Իջեւանում դուք չեք գտնի մի մարդ, որ անտառից աղ է տարել իր տուն:
Ահա, երբ ընթերցողը ծանոթ է իջեւանյան անտառային խնջույքի պայմաններին եւ ընդհանուր կանոններին, արժե նրան պատմել նաեւ գառ մորթելու տեղական առանձնահատկությունների մասին: Բանն այն է, որ Իջեւանում մորթված գառան կոկորդից հոսող արյունը հավաքում են թասի մեջ. այսինքն` գառան կոկորդի բացվածքի տակ թաս են պահում, եւ արյունը հոսում է նրա մեջ: Գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ են պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի: Հավաքած արյունով պատրաստում են իջեւանյան ամենահայտնի դելիկատեսը` գառան արյունով տժվժիկը: Արյունը թասի մեջ շուտով մակարդվում է, եւ այն խաշում են ջրի մեջ. դառնում է լյարդանման զանգված: Արյունը պատրաստելու համար նախ դմակը հալեցնում են թավայի մեջ, ապա դմակի մեջ տապակում են մանր կտրատված լյարդը, թոքը: Արյունը, ինչպես հիշում եք, խաշված է, եւ երբ այն տրորում ես, հեշտությամբ փշրվում է. ահա, այս փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի եւ թոքի վրա: Ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը, եւ շատ չանցած` կերակուրը պատրաստ է: Հավատացեք, շատ համով է. առիթի դեպքում անպայման փորձեք, բայց շատ մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ արյուն եք ուտում. դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն: Գառը մաշկելու, ցախ հավաքելու, արյունը պատրաստելու պրոցեսը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է մի անհասցե հարցով.
- Մի բաժակ բան չխմե՞նք...
Ամեն մեկն իր բաժակը ձեռքին մոտենում է կրակին. լցնում ենք, մի կենաց ասում-խմում, եւ էլի ամեն մեկը գնում է իր գործին, մինչեւ չհնչի նույն հարցը.
- Մի բաժակ բան չխմե՞նք...
Ու, ճիշտն ասած, երբ արյունը եփված է, խորովածը` պատրաստ, խաշլամայի հոտն էլ աշխարհ է առել, որեւէ բան ուտելու ցանկություն չկա: Այս արարողության նպատակը ո՛չ ուտելն է, ո՛չ էլ խմելը: Այս արարողության նպատակը բնական, սկզբնական, վայրենի ազատությունը զգալն է, այն վայելելը: Ու մանավանդ այն ժամանակ, երբ մեր կանայք ու երեխաները, ծնողները, հյուրերը արդեն հոգնել ու տուն են վերադարձել կամ հոգնած ծառերի տակ քնած են, արարողությունը հասնում է կուլմինացիայի:
Սեղանի շուրջ նստած են Չաղը, Բոբոն, Բիձիկը, Ժպիտը, ես: Բոլոր կենացները խմված են, շուրջը ուրիշ ոչ ոք չկա: Միայն մենք ենք եւ ուրախ ենք, որ կյանքը չի խաթարել մեր մանկական ընկերությունը: Ամեն ինչի մասին զրուցել ենք, խոսելու բան չկա:
- Մի բաժակ բան չխմե՞նք...
Բաժակները լցվում են, բայց այլեւս կենաց չի մնացել.
- Չաղ, մի կենաց ասա:
Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվելու, բայց բոլորը զսպում են ծիծաղը, բացի Ժպիտից, որը միշտ ժպտում է:
- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը...
Ծիծաղում ենք, չխկացնում եւ խմում: Մի շտապիր, սիրելի ընթերցող, այս կենացը անվայել կամ ցինիկ կամ զզվելի համարել: Այս կենացը արտահայտում է պահի երջանկությունը, պահի անհոգությունը, պահի ազատությունը...
Ա~խ, ինչքան եմ զզվում էս Լոզանից ու էս Շվեյցարիայից, էս Վիեննայից ու Ավստրիայից, էս քաղաքակիրթ կոչվող աշխարհից: Ճիշտ է, ես հիմա նստած եմ էդ քաղաքակիրթ աշխարհի քաղաքակիրթ բարերից մեկում, բայց ես գնում եմ Հայաստան: Ու ցույց մի տվեք ինձ Հայաստանի ճանապարհը: Ես գնում եմ ի՛մ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից:
#11
Posted 05 July 2008 - 04:03 PM
Գրապպայի երկրորդ բաժակից հետո հիշեցի, որ ֆուտբոլի 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը, ախր, այստեղ է տեղի ունենալու` Շվեյցարիայում եւ Ավստրիայում: Մի երկու տեղ, կարծեմ, ինչ-որ պաստառներ ընկան աչքովս: Բայց մի տեսակ չֆիքսեցի, չնկատեցի, երեւի շատ էի լարված: Սատանան գայթակղում է ինձ. չմնա՞մ էստեղ ու մի կարգին ֆուտբոլ նայեմ: Բայց ի՞նչ կմտածեն բանտում գտնվող իմ ընկերները: Մտածելը` չգիտեմ, բայց Արարատը` Զուրաբյան, ողջ կյանքում հոգիս կուտի. «Մենք բանտում նստած էինք, իսկ դու քեզ համար «Եվրո-2008» էիր լացացնում»,- ամեն անգամ կասի նա: Ու չեմ ազատվի ես նրա ձեռքից: Է~յ, Արարատ ջան, անգամ չես պատկերացնի, թե ինչքան եմ քեզ կարոտել, ինչքան եմ կարոտել Դավիթին` Մաթեւոսյան, Պետրոս Մակեյանին, որին չնայած «պարոն Մակեյան» եմ ասում, բայց մեկ է, մենք ընկերներ ենք, հարազատ ընկերներ: Նույնը վերաբերում է նաեւ Ալեքսանդր Արզումանյանին, զնդաններում գտնվող մեր մյուս ընկերներին: Չի եղել մի օր, որ մտովի չայցելեմ ձեր «կամերները», չզգամ դրանց հերոսական շունչը: Բանտում նստելը դժվար է, շատ դժվար, բայց հեշտ չէ ազատության մեջ լինելը, երբ քո ընկերները բանտում են: Ընկերովի մահը հարսանիք է, իսկ մենակ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման վայրում հայտնվելու մեջ ինչ-որ նվաստացուցիչ բան կա, շատ որոշակի նվաստացում:
Չի եղել մի օր, որ ես չցանկանամ ձեր կողքին հայտնվել, չմտածեմ այդ մասին: Բայց այդտեղ գալ կարող էի միայն արժանապատիվ ճանապարհով: Ամեն ինչ արեցի, անգամ հասա նրան, որ ինձ գտնելը պատվի խնդիր դառնա սերժական ԱԱԾ-ի համար: Անգամ փորձեցի օգնել, հուշել ԱԱԾ-ին, նրան մատուցեցի 50/50, զանգ ընկերոջը, դահլիճի օգնություն:
Արդյունքում` նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում եւ գերապպա եմ կոնծում... Ինչպիսի~ նվաստացում...
Վերջին 10 տարում ես հայաստանյան որեւէ բար չեմ մտել, տանել չեմ կարողացել ռեստորանները, զզվել եմ սրճարաններից: Գլխավոր խմբագրի իմ հարմարավետ աշխատասենյակը բանտախուց է եղել ինձ համար. առնվազն շատ հաճախ այդպես է թվացել: Տասնյակ անգամներ փորձել եմ փախչել այդ խցից ու փախել եմ, բայց այդ փախուստը ամենաշատը մի ժամ է տեւել, ինչ-որ Անտեսանելի ձեռք վզիցս բռնել է եւ ետ բերել իմ բանտախուց: Ինչ-որ Անտեսանելի ձեռք ինձ գամել է պաշտոնս խորհրդանշող բազկաթոռին:
Ամեն բացթողման, ամեն սխալի, ամեն վրիպման, ամեն անճշտության, ամեն անուշադրության համար ամաչել եմ, գետինն եմ մտել: Ամեն անգամ այդպիսի դեպքերում ինձ թվացել է, թե օրը ցերեկով, լրիվ մերկ կանգնած եմ Հանրապետության հրապարակում, ու մարդիկ 100 դրամ են վճարում` իմ մերկությունը դիտելու, իմ անճոռնիությունը ծաղրելու համար: Սրան դիմանալ հնարավոր չէ, ցանկացել եմ փախչել ու փախել եմ:
Բայց այդ անիծված Անտեսանելի ձեռքը ԱԱԾ չէ, նրանից հնարավոր չէ փախչել. ամեն անգամ նա ինձ ետ է բերել իմ բանտախուցը եւ մի Անտեսանելի բանտապահ կարգել իմ դռան առաջ: Ի՞նչ է այդ Անտեսանելի բանտապահի անունը. գուցե Փառամոլությո՞ւն, գուցե Մեծամտությո՞ւն, գուցե Կարիերի՞զմ, գուցե Տգիտությո՞ւն, գուցե Շահամոլությո՞ւն: Իսկ գուցե Պատվախնդրությո՞ւն, գուցե Պատասխանատվությո՞ւն, գուցե Սե՞ր, գուցե Հայրենի՞ք, գուցե Քաղաքացիությո՞ւն, գուցե Ծառայությո՞ւն: Իսկ գուցե իմ դռան առաջ ոչ թե մեկ, այլ տասնյակ Անտեսանելի բանտապահներ են կանգնած, եւ իմ դռան առաջ հաշտ ու խաղաղ իրար կողքի ապրում են Փառամոլությունն ու Ծառայությո՞ւնը: Գուցե ոչ թե հաշտ ու խաղաղ են ապրում, այլ ամեն օր իրար մռութ են ջարդում, պայքարում են իրար իմ դռան մոտից ընդմիշտ քշելու եւ իմ բանտապահը լինելու իրավունքի համար:
Ինչ էլ լինի իմ Անտեսանելի բանտապահ(ներ)ի անունը, ես նրանց չբացակայելու մասին ստորագրություն եմ տվել: Ուշ երեկոյան նա ինձ թույլ է տվել մեկնել երեխաներիս հետ տեսակցության: Բայց հաճախ այդ տեսակցությունը չի կայացել. կա՛մ զավակներս քնած են եղել, կա՛մ էլ ես կտտանքներից բզկտված:
Երբեմն գիշերը վեր եմ թռել` քնիս մեջ հասկանալով, որ էլի մի սխալ, էլի մի վրիպակ, էլի մի անգրագիտություն եմ թույլ տվել: Վեր եմ կացել, վազել, բայց աչքս ընկել է ժամացույցին. արդեն ուշ է, տոմսերը հանված են վաճառքի, եւ լուսաբացի հետ ես իմ սեփական մերկությունը ի ցույց կդնեմ Հանրապետության հրապարակում, ընդամենը 100 դրամով:
Առավոտյան` սահմանված ժամին, ներկայացել եմ իմ բանտապահ(ներ)ին: Անցել եմ իմ խուցը, ամաչել, գետինը մտել, անզորությունից խելագարվել ու խելագար հարձակվել իմ կալանավորների վրա: Հետո ավելի եմ ամաչել, ավելի եմ գետինը մտել, անզորությունից հեկեկացել եմ, փախել եմ անզորությունից... Բայց Անտեսանելի ձեռքը հասել է ինձ, Անտեսանելի բանտապահը քացու տակ է տվել ինձ, ու ես հնազանդվել եմ, հնազանդվել եմ...
Արտակարգ դրությունը փրկություն էր ինձ համար, իմ դեմ հարուցված հերթական քրգործը` հույս, իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը նման էր ազատագրման: Բայց սին դուրս եկան իմ սպասումները, եւ ինչպես տեսնում եք` հիմա ստիպված եմ ոչ միայն ինքս ինձ քարշ տալ աշխարհով մեկ, այլեւ իմ բանտախուցը, իմ ամոթը:
Ու չնայած Շվեյցարիայում եմ, հիմա էլ ժամանակ առ ժամանակ իմ մերկությունը ի ցույց է դրվում Հանրապետության հրապարակում: 100 դրամով, ընդամենը 100 դրամով:
Նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում եւ զգում եմ, որ իմ Անտեսանելի բանտապահ(ներ)ը հսկում է սրճարանի դուռը, բոլոր այն դռները, ուր ես մտնում եմ` իմ բանտախուցը հետս քարշ տալով:
Մի՞թե ազատում չկա այս բանտախցից, այս բանտապահ(ներ)ից... Կա, եւ այդ ազատումը ԱԱԾ մեկուսարանն է: Միայն ԱԱԾ բանտապահները ինձ կկարողանան դուրս կորզել իմ բանտապահ(ներ)ի ձեռքերից, միայն նրանց սապոգների տակ կջարդվի այդ Անտեսանելի ձեռքը, միայն նրանց հարվածների տակ իմ բանտապահ(ներ)ը կփախչեն ինձնից, ինչ էլ լինի նրա (նրանց) անունը` Փառամոլություն թե Մեծամտություն, Կարիերիզմ թե Տգիտություն, Քաղաքացիություն թե... Բայց, չէ, եթե նրա (նրանց) անունը Քաղաքացիություն է կամ Սեր կամ Հայրենիք կամ Ծառայություն կամ Ազատություն, ես չեմ ազատվի նրանցից, նրանք ինձ չեն թողնի ոչ մի կտտանքի, ոչ մի խոշտանգման, անգամ մահապատժի սպառնալիքի տակ:
- Ո՞վ ես դու, իմ բանտապահ: Ես ուզում եմ ճանաչել քեզ, ես ուզում եմ իմանալ քո անունը:
- Իմ անունը գրված է ԱԱԾ բանտապահի սապոգի տակ: Իմ անունը կտեսնես այն ժամանակ, երբ ԱԱԾ սապոգի տակը կտեսնես:
#12
Posted 05 July 2008 - 04:04 PM
Տեղատարափ անձրեւը ծեփվում էր գարնանային Լոզանի պատերին: Ես հիշեցի այն օրը, երբ Դու թաքուն լացում էիր մեր խղճուկ խրճիթի պատի տակ` անձրեւից պատսպարված: Ես համարյա չեմ տեսել Քո արցունքները, բայց միշտ զգացել եմ, թե ինչպես են նրանք ահարկու դղրդյունով զարկվում հատակին: Հիմա էլ Դու լացում ես, բայց ոչ ոք չի տեսնի Քո արցունքները, նրանք կզգամ միայն ես, ի հեճուկս մեզ բաժանող հազարավոր մղոնների:
Ահա Դու նստած ես մեր ճաղապատ պատշգամբի ծղոտե բազկաթոռին: Մութ է, անձրեւից դղրդում են Երեւանի տանիքները, Դու թաքուն հեկեկում ես` բազկաթոռի մեջ կուչ գալով: Ես չեմ վախենում քեզ հետ լաց լինել` պատերին զարկվող լոզանյան տեղատարափին զուգահեռ: Բայց ոչ ոք չի տեսնի մեր արցունքները. օգնության տագնապ չէ սա, այլ երջանկության գիտակցում:
Իսկ անձրեւը, արդյո՞ք անձրեւը հայրենիք ունի: Մի՞թե ինձ վրա քո ամպացած արցունքները չեն թափվում: Դուրս եկ պատշգամբից, կանգնիր անձրեւի տակ եւ ցողվիր իմ` անձրեւացած արցունքներով:
***
Քայլերս ինձ տարան դեպի երեկվա նույն բարը: Ահավոր թրջվել եմ, եւ մի բաժակ խմելը չի խանգարի: Հայկական կոնյակ երեկվա պես չկա, բայց բարմենը գիտի, որ գրապպան պետք է ձիթապտղով մատուցի: Ահա խմում եմ մի բաժակ, մի հատ ձիթապտուղ եմ գցում բերանս. հիմա հարկավոր է չորանալ: Բարմենը վերցնում է թրջված բաճկոնս, իսկ մատուցողը ֆեն է բերում ինձ համար: Նա առաջարկում է իր օգնությունը, բայց ես, շնորհակալություն հայտնելով, հրաժարվում եմ. լվացարանում ինքս եմ չորացնում մազերս եւ վերադառնում բար-կանգնակի մոտ:
- Երկու ժամից համերգ է լինելու, անպայման մնացեք,- ասում է բարմենը:
- Ի՞նչ համերգ,- անտարբեր հարցնում եմ ես:
- Ֆլամենկո, Բարսելոնայից եկած խումբ է:
- Այդ դեպքում ինձ համար ընթրիք պիտի պատրաստեք` ծովամթերքի ասորտի,- ասում եմ ես:
- Հոգ չէ, պարոն, կպատվիրենք մոտակա ռեստորանից:
Պայմանավորվեցինք: Բարում շատ քիչ մարդ կար. սովորաբար այդպես է այդ ժամին, այդ ժամին շատ քիչ այցելուներ են լինում:
Հերթական այցելուի մուտքը ազդարարող զանգից հետո բարմենի դեմքին զարմանքի արտահայտություն նշմարվեց: Ես թեքվեցի դեպի մուտքը. այնտեղ կանգնած էր մորուքով մի երիտասարդ` միչեւ վերջին թելը թրջված. ջուրը ուղղակի չռռում էր նրա վրայից: Բարմենի զարմանքը հասկանալի էր. այսօր ի՞նչ է, թրջվածների օ՞ր է: Իսկ այցելուն դեռ կանգնած էր մուտքի մոտ, կարծես ուզում էր հասկանալ, թե արդյո՞ք ճիշտ հասցեով է եկել: Շատ շուտով, սակայն, անվստահ քայլերով նա մոտեցավ բար-կանգնակին եւ գրապպա խնդրեց: Մենք արագ գլխի ընկանք, որ մեր առջեւ կանգնած է ոչ միայն բառիս բուն, այլեւ փոխաբերական իմաստով թրջված մի մարդ. դա հնարավոր չէր չնկատել: Նրա աչքերը սառն էին, կոպերը` ծանրացած, ոտքերն ու ձեռքերը կարծես անուժ կախված էին մարմնից: Նրա վրայից ջուրը շարունակում էր չռռալ. մատուցողը մոտեցավ եւ խնդրեց հանել անձրեւանոցը: Նա անտարբեր կատարեց նրա խնդրանքը, բայց հրաժարվեց մազերը չորացնելու առաջարկից: Ապա նստեց ինձնից հեռու` բար-կանգնակի դիմաց շարված կլոր գլխով երկարաոտ աթոռներից մեկին:
- Ամեն ինչ կարգի՞ն է,- արեւմտյան ավտոմատիզմով հարցրեց բարմենը` ինքն էլ կասկածելով իր տված հարցին:
- Ամեն ինչ անիմաստ է,- ասաց այցելուն` երկրորդ բաժակ գրապպան խմելով: Նրա խմելու մեջ ինչ-որ սպառնալիք կար, ինչ-որ սարսափելի հուսահատություն: Ձայնը լի էր ատելությամբ.
- Քիչ առաջ ես հիվանդանոցում երկու դիակ թողեցի. հիմա ես որդեկորույս եմ, չնայած չհասցրի հայր դառնալ, հիմա ես այրի եմ, չնայած չհասցրի ամուսնանալ,- նրա դեմքը այլայլվում էր:
Այցելուն, պարզվեց, ամերիկացի է` Ֆրեդ անունով: Ընկերուհու` Կետրինի (նրան Ֆրեդը Կետ էր ասում) հետ ծանոթացել էր Իտալիայում` Հռոմում: Ազգությամբ շոտլանդացի Կետրինը Իտալիա էր ժամանել որպես բարեգործական մի կազմակերպության աշխատակցուհի: Ֆրեդը սկզբում նրան վերաբերվել էր որպես ծիտիկի: Բայց շատ շուտով նրանց միջեւ բուռն սիրավեպ էր ծագել, եւ Կետրինը տիրել էր Ֆրեդի սրտին եւ հոգուն: Նրանք հասկացել էին, որ ստեղծված են միմյանց համար: Ապա եւ Կետրինը հղիացել էր, ինչը նրանց մեծ ուրախություն էր պատճառել: Հղիության 8-րդ ամսում, սակայն, Ֆրեդը խնդիրներ էր ունեցել իտալացի իրավապահների հետ, եւ նրանք հանգել էին այն եզրակացության, որ անհրաժեշտ է հեռանալ Իտալիայից: Բայց Կետրինի վիճակում վտանգավոր կլիներ ԱՄՆ կամ Շոտլանդիա մեկնելը, եւ նրանք ընտրել էին հարեւան Շվեյցարիան:
Եւ ահա, Ֆրեդի հետ մեր հանդիպման օրը, ավելի ճիշտ` հանդիպումից մի ժամ առաջ, Կետրինը ծննդաբերելիս մահացել էր հիվանդանոցում. երեխան էլ խեղդվել էր պորտալարի` վզին փաթաթվելուց.
- Ես սպանեցի նրան: Իմ կիրքը նրան հղիացրեց, իմ կիրքը սպանեց նրան,- լացակումած ասում էր Ֆրեդը:
- Եթե նա չցանկանար քեզնից երեխա ունենալ, չէր ունենա,- փորձում էի հանգստացնել նրան:
- Եթե ես չհամաձայնեի, նա չէր պահպանի երեխային:
- Չես կարող պնդել: Կանայք, սիրող կանայք հեշտ կանխատեսելի չեն: Եւ հետո, ինչպե՞ս դու կարող էիր սպանել ձեր սիրո պտուղը: Դա ընդամենը կնշանակեր, որ դու նրան չես սիրում: Եւ եթե այդպես լիներ, Կետրինի մահը քեզ համար ցավալի կլիներ, եւ ընդամենը: Իսկ հիմա դու կյանքի անիմաստության մասին ես խոսում:
- Ես կսպանեի երեխային եւ կփրկեի Կետին: ես սպանեցի Կետին, Աստված սպանեց մեր առաջնեկին:
- Դու մեղադրում ես Աստծո՞ւն,- այլայլված հարցրի ես:
- Ընդամենը մի քանի ժամ առաջ ես ծնկաչոք աղոթում էին նրան, խնդրում էի փրկել Կետին, խնդրում էի ինձ ապրելու իրավունք շնորհել: Հիմա, երբ ամեն ինչ վերջացած է, ես չեմ ուզում խոսել նրա հետ, ես անգամ չգիտեմ` գոյություն ունի՞ նա, թե՞ ոչ:
- Գիտե՞ս, Ֆրեդ, ինձ երբեմն թվում է, թե մենք շարունակում ենք չարչարել նրան, ծաղրուծանակի ենթարկել: Ինձ թվում է, թե մենք ամեն օր խաչի ենք գամում նրան, փշե պսակ դնում նրա գլխին եւ զվարճանում նրա արնածոր մարմնով...
Ֆրեդը կտրուկ ինձ նայեց, նրա աչքերում հետաքրքրություն կար: Ես շարունակեցի.
- Երբ մենք դժվարությունների մեջ ենք, հիշում ենք նրան, ծնկի իջնում նրա առաջ: Շատ նեղն ընկնելիս նույնիսկ տեսնում ենք նրան, այնպես, ինչպես ես եմ քեզ տեսնում: Բայց երբ գործարքը մերժվում է, առեւտուրը չի կայանում, անգամ երբ կայանում է, եւ ամեն ինչ լավ է, մենք սկսում ենք վայելել աշխարհը, եւ Նա մեզ ցնորք է թվում, անիրական, մտացածին: Եւ մենք ուրախությամբ մոռանում ենք նրան, որովհետեւ նա մեզ խանգարում է ապրել, երբեմն նույնիսկ խանգարում է մեռնել: Քեզ, օրինակ, Նա խանգարում է մեռնել, եւ դու ուզում ես Նրա գոյությունը հերքել, որպեսզի շարունակես ապրել քո կյանքով. մի կամրջից ցած նետվել կամ էլ բարերում լակելով թրեւ գալ...
Ֆրեդը կարկամած ինձ էր նայում: Նրա աչքերում կյանք էր հայտնվել: Մեղադրանքը կարծես կենդանացրեց նրան, մինչդեռ կարեկցանքը սպանում էր.
- Գիտե՞ս ինչ, ախպերս. մի այրիր քո կամուրջները, ինքդ քեզ շանս տուր հասկանալ մահվան իմաստը,- շարունակեցի ես:
- Իմա՞ստը, դու ուզում ես ասել, որ իմ սիրած կնոջ եւ իմ առաջնեկի մահը իմա՞ստ ունի: Դու, ի՞նչ է, ապո՞ւշ ես,- սպառնալից հարցրեց Ֆրեդը:
Բարմենը ակնհայտորեն լարվեց, մենք արդեն մի քանի բաժակ խմել էինք: Բայց ես սթափ էի, նույնքան սթափ էր Ֆրեդը: Ես լուռ նայում էի իմ բաժակին եւ ոչ մի շարժումով չարձագանքեցի Ֆրեդի սպառնալից տոնին.
- Քեզ թվաց, թե վիրավորո՞ւմ եմ քո զգացմունքները: Ես քեզ կպատմեմ իմ պատմությունը: Մինչ այդ ասեմ, որ ոչ թե վստահ եմ, այլ կասկածում եմ, կասկածում եմ, որ ամեն մահ ունի իր բացառիկ իմաստը, մատնահետքի նման բացառիկ եւ չկրկնվող իմաստը:
Ֆրեդը շարունակ ինձ էր նայում, բայց նրա հայացքում այլեւս սպառնալիք չկար: նա ուզում էր լսել.
- Փոքր հասակում ես երազում էի աշխարհագրության դասատու դառնալ: Չես պատկերացնի, Ֆրեդ, թե ինչպես էի ես երազում: Ես ապրում էի այդ մտքով, հաշվում էի օրերը, թե երբ պիտի ավարտեմ դպրոցը, որ իրագործեմ իմ երազանքը: Որոշումը կայացված էր, եւ ոչ մի ուժ չէր կարող ինձ ստիպել փոխել այն: Անգամ մայրս, որ կարծում էր, թե ես լրագրող պետք է դառնամ: Ես ծիծաղում էի նրա վրա, նրա ձեռքից բռնած` քաշում էի հեռուստացույցի առաջ եւ, սովետական եթերի «աստղերից» մեկին ցույց տալով, ասում. «Մայրիկ, դու ուզում ես, որ ես այսպիսի տխմարի մե՞կը դառնամ»:
Մայրս անդրդվելի էր, տարիքիս հետ նա այս թեման ավելի էր լրջացնում: Իսկ ես այդ խոսակցության մեջ մտնում էի միայն նրա հոգու հետ խաղալու համար: Հասկանո՞ւմ ես, որոշումը կայացված էր, որոշումը անբեկանելի էր. ես կդառնամ աշխարհագրության դասատու...
Ես այստեղ դադար առա` գրապպայի հերթական բաժակը խմելու համար.
- Հետո, Ֆրեդ, տեղի ունեցավ անկանխատեսելին, տեղի ունեցավ ողբերգականը, տեղի ունեցավ այն, ինչ անիմաստ է դարձնում ամեն ինչ. մայրս մահացավ, Ֆրեդ, գլխուղեղի քաղցկեղից: Վերջին անգամ ես նրան տեսա մահվանից երկու օր առաջ. նա ինձ միայն երկու բառ ասաց, որ ես չեմ կարող քեզ համար թարգմանել: Դա չի թարգմանվում, դա միայն իմ հայրենիքում են մարդիկ իրար ասում: Վերջին վեց ամիսներին մայրս ու ես իմ մասնագիտության հարցը չէինք քննարկել, բնականաբար` վերջին հանդիպմանն էլ այդ մասին խոսք չեղավ: Ավելորդ է ասել, թե նրա մահը ինչպիսի հարված էր ինձ համար, երկար ժամանակ ես ուշքի չէի գալիս եւ հարուցում էի հարազատներիս մտահոգությունը: Իսկ հիմա կռահիր, Ֆրեդ, թե ի՞նչ մասնագիտության տեր եմ ես:
Ֆրեդը ջերմությամբ ինձ էր նայում.
- Այո, ախպերս, ես լրագրող եմ: Բայց զարմանալին այն է, որ ես սիրում եմ իմ այդ տխմար մասնագիտությունը, ես ինձ չեմ պատկերացնում առանց նրա: Ավելին, Ֆրեդ, եթե ես լրագրող չդառնայի, չէի հանդիպի նրան, ում սիրում եմ: Ես չէի էլ կարող երազել անգամ, որ ինձ կվիճակվի այդպես սիրել: Եւ իմ կյանքը բոլորովին այլ կերպ կդասավորվեր, եթե ես լրագրող չդառնայի: Գիտե՞ս, ես բազմիցս քննել եմ այն մյուս սցենարը, գծագրել եմ այն, վերլուծել եւ հասկացել, որ դա սխալ ճանապարհ կլիներ, ոչինչ չխոստացող ճանապարհ: Իսկ հիմա դու պատրա՞ստ ես լսել այն, ինչ ես քեզ կասեմ:
- Պատրաստ եմ երեւի,- ահաբեկված ասաց Ֆրեդը:
- Ես քեզ սովորական բան չեմ ասելու, Ֆրեդ: Ես քեզ սարսափելի բան եմ ասելու եւ եթե 20 տարի առաջ մտածեի, որ կարող եմ նման բան ասել մի անծանոթ ամերիկացու, երեւի թե կախվեի:
- Դե, ի՞նչ ես ասելու, դու տարօրինակ ես խոսում:
- Երբեմն ինձ թվում է, Ֆրեդ, որ ես ուրախ եմ, որ մայրս մահացել է:
Ֆրեդը սարսափած հայացքով ինձ էր նայում, բայց նա այլեւս այն կոտրված եւ հուսահատ մարդը չէր:
Նրա աչքերում հուսահատության հետք անգամ չէր մնացել: Նրա ներսում ինչ-որ բան էր սկսել շարժվել, ինչ-որ խմորում էր ծայր առել:
- Իմ այդ միտքը ինձ էլ է սարսափեցնում, բայց կյանքը եւ մահը շատ սերտորեն են իրար հետ կապված: Մայրս ինձ լույս աշխարհ բերեց ոչ թե իմ ծննդյան, այլ իր մահվան օրը: Նա մահացավ, որ ես ապրեմ, ու ես ապրում եմ հանուն նրա հիշատակի...
Ֆրեդը ակնհայտորեն հուզված էր, նա ուզում էր հասկանալ իր հետ տեղի ունեցածի իմաստը: Բայց գուցե դրա համար երկար ժամանակ է պետք, գուցե, իրոք, ոչ մի իմաստ էլ չկա, գուցե, իրոք, ամեն ինչ անիմաստ է: Ես Ֆրեդին առաջարկեցի խմել Կետրինի, իմ մայրիկի, բոլոր հանգուցելոց, իր զավակի հոգու հանգստության կենացը:
- Ի՞նչ էիք դնելու ձեր առաջնեկի անունը,- հարցրի ես:
- Մտածում էինք աղջիկ կլինի, Կետրին կանվանենք, բայց տղա էր. մենք պատրաստ չէինք այդ տարբերակին...
- Հանգուցյալների կենացը, Կետիդ, որդուդ կենացը,- ասացի ես` ոտքի կանգնելով: Ֆրեդը նույնպես ոտքի կանգնեց: Ես իմ բաժակը բռնած ձեռքով հպվեցի նրա` բաժակով ձեռքին, այնպես, ինչպես Հայաստանում` օղորմաթաս խմելուց առաջ:
- Ֆրեդ, թույլ տուր ես էլ մասնակցեմ Կետրինի թաղմանը:
- Դրա համար դու պետք է Շոտլանդիա հասնես, եւ հետո, ես չգիտեմ, թե դա երբ տեղի կունենա: Ես ոչ մի փաստաթղթով կապված չեմ նրա հետ, երեւի նրա ընտանիքի անդամներից մեկը պիտի գա` դիակը ստանալու համար: Նրանք չգիտեն էլ, թե ինչ է կատարվել:
- Ոչինչ, Ֆրեդ, ես կգամ Շոտլանդիա, միայն քեզ կզանգեմ` թաղման օրը իմանալու:
- Շնորհակալ եմ, գոնե իմ կողմից էլ թաղմանը մարդ կմասնակցի:
- Դու, ի՞նչ է, հարազատներիդ չե՞ս ասելու:
- Ինչպե՞ս ասեմ, երբ նրանք ոչինչ չգիտեն մեր մասին:
Մեր թիկունքում կիթառի ծնգծնգոցներ լսվեցին.
- Մոռացեք ընթրիքի մասին, եթե կարիք լինի, ես սենդվիչներ կուտեմ,- դիմեցի ես բարմենին:
***
Բար-սրճարանը մեզ համար աննկատ` լցվել էր մարդկանցով: Մեր ետեւում գտնվող բեմի վրա տեղավորվում էին երեք թե չորս կիթառահարներ, նրանցից քիչ ետ մի երիտասարդ էր` ինչ-որ հարվածային գործիք ոտքերի արանքում պահած: Բեմի հենց կողքի սեղանի մոտ նստած էր բեմական կարմիր զգեստով, կարմիր մեխակ-վարսակալով, կարմիր կոշիկներով մի իսպանուհի: Նրա հետ սեղանի շուրջ նստած էր մի երկար դեմքով, երկար, բայց ծոծրակին կպած մազերով, անճոռնի հայկական քթով, կախ ուսերով եւ տխուր աչքերով մի երիտասարդ, որը եւ ֆլամենկո էր երգելու այդ երեկո: Նա ջուր էր խմում` սպասելով, որ կիթառահարները տեղավորվեն, լարեն իրենց գործիքները: Ես նկատեցի, որ բեմի վրա ոչ մի բարձրախոս, էլեկտրոնային ոչ մի ատրիբուտ չկա: Երգիչ երիտասարդի դեմքը նման էր բեմական դիմակի. այդ դեմքը ստեղծվել էր ցանկացած հույզ, հույզերի ցանկացած համադրում արտահայտելու համար:
Նա Արտիստ էր, նրանք բոլորը արտիստներ էին: Ես համոզված էի, որ նրանց գրպաններում միայն օրվա ապրուստի համար անհրաժեշտ դրամ կա: Նրանք չունեն բանկային հաշիվներ, նրանք փող չունեն ետ գցած: Նրանք ապրում են հանուն ֆլամենկոյի, նրանք երգում են օրվա ապրուստը վաստակելու հույսով: Նրանք չեն ձգտում ավելիի: Այդ ավելին պետք չէ նրանց, այդ ավելին կպղծի նրանց զգացմունքները, այդ ավելին կբթացնի նրանց տառապանքները: Համերգի վերջում ես ցանկացա նրանց ավել դրամ տալ` բացի համերգի տոմսի արժեքից, բայց վախեցա նրանց վիրավորել. չհամարձակվեցի այդ անել...
Երբ Արտիստը սկսեց ֆլամենկո երգել, ես ու Ֆրեդը իրար նայեցինք: Մինչ այդ մեզ անծանոթ երաժշտությունը զարմանալի կերպով ամփոփում էր մեր խոսակցությունը: Այն կարծես կանգ էր առնում մեր արտասանած ամեն նախադասության վրա, փորձում էր վերլուծել, հասկանալ մեր մտքերը, նոր իմաստ հաղորդել դրանց, դուրս կորզել այդ մտքերի տակ թաքնված սերն ու տառապանքը, հուսահատությունն ու հավատը, արժանապատվությունն ու անարգանքը, հոգեւորն ու սեռականը, շնությունն ու ապաշխարանքը:
Ինչ է ֆլամենկո՞ն. իսկ դուք ինչպե՞ս կողբայիք ձեր միակ, ձեր միակ սիրած էակի մերժումը, որին սիրում եք տիեզերական սիրով, ամբողջ մարմնով, ամբողջ հոգով, ողջ գիտակցությամբ, սրտի սպանող թրթիռով: Իսկ դուք ինչպե՞ս կցնծայիք, եթե նա ձեզ ոչ թե մերժեր, այլ պատասխաներ նույնպիսի սիրով, կրքոտ եւ շնչահեղձ սիրով: Իսկ դուք ինչպե՞ս կողբայիք ձեզ համար ամենաթանկ մարդու կորուստը, մահը: Իսկ դուք ինչպե՞ս կցնծայիք, եթե հարություն առներ նա: Դուք ի՞նչ կզգայիք, եթե ձեզ դավաճաներ ձեր ամուսինը, ձեր կինը, եղբայրը, ծնողը, զավակը, ընկերը, եւ ի՞նչ կզգայիք, եթե պարզվեր, որ ոչ մի դավաճանություն իրականում չի եղել: Իսկ դուք ինչպիսի՞ ցավ կզգայիք, եթե ձեր սիրտը խոցեին դանակով, եւ ինչպիսի՞ թեթեւություն կզգայիք` իմանալով, որ դա ընդամենը երազ է: Ինչպե՞ս կզգայիք դուք ձեզ բանտում, եթե ձեզ խոշտանգեին, կտտանքների ենթարկեին, ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե հայտնվեիք կատարյալ ազատության մեջ եւ շրջապատված լինեիք հարգանքով ու քաղաքավարությամբ: Ինչպե՞ս կբղավեիք դուք հուսահատության մեջ եւ ինչպե՞ս կբղավեիք հաղթանակից հետո. ի՞նչ կլիներ այս ողջ ընթացքում ձեր սրտի մեջ. ահա դա է ֆլամենկոն:
***
Դու ուզում ես իմանալ, թե որքան եմ քեզ սիրո՞ւմ: Կա՞ արդյոք Երեւանի կրպակներում ֆլամենկոյի սկավառակ: Եթե դա իսկական ֆլամենկո է, գնիր այն, լսիր մենության մեջ եւ կհասկանաս, թե որքան եմ քեզ սիրում:
#13
Posted 05 July 2008 - 04:05 PM
Նկարագրելով ֆլամենկոն` ես այդպես էլ ոչինչ չասացի կարմիր զգեստով, կարմիր մեխակ-վարսակալով, կարմիր կոշիկներով իսպանուհու դերի մասին: Չէի մոռացել, քավ լիցի. եթե այդ կարմրազգեստ Արտիստուհին եւ նրա երկնագույն, շերտավոր շրջազգեստներով, սեւ կոշիկներով, երկնագույն մեխակ-վարսակալներով հերարձակ երկու ընկերուհիները (Արտիստուհու մազերը խստորեն հավաքված էին) չլինեին, բեմադրությունը, անշուշտ, կտուժեր:
Նրանք իրենց պարերով, փեշերը պտտելով, կոշիկները գետնին զարկելով մի առանձնակի ուժ եւ հմայք էին տալիս ֆլամենկոյին, բայց նրանք ֆլամենկոյի էությունը չէին: Նույնը կարելի է ասել նաեւ կիթառահարների եւ հարվածային գործիքի վարպետի մասին, որոնք երբեմն մի կողմ էին դնում իրենց գործիքները եւ անցնում ռիթմիկ ծափերի: Այո, նրանք ներդաշնակվում էին ֆլամենկոյի հետ, նրա անբաժանելի մասն էին, նրա թեւերը, բայց ոչ էությունը:
Ֆլամենկոյի էությունը Արտիստն էր, նրա տառապանքը, նրա ցնծությունը, նրա հուսահատությունը, աշխարհի ամենաբարձր կամրջից ցած նետվելու նրա մղումը եւ նրա սփոփանքը` անկման ընթացքում:
Ես մի պահ փորձեցի չնկատելու տալ պարուհիներին, չլսել կիթառների եւ տատամի ձայնը, մոռացության տալ ռիթմիկ ծափերը եւ լսել ֆլամենկոն բացարձակ մերկ վիճակում: Այս դեպքում արդեն ֆլամենկոյի ելեւէջները ինձ այնքան էլ անծանոթ չթվացին: Բայց որտե՞ղ եմ լսել համանման ինչ-որ բան: Ավելի ճիշտ` ոչ թե համանման բան, այլ այս նույն ելեւէջները հիշեցնող. որտե՞ղ եմ լսել:
Հիշեցի, ու դա ինձ ցնցեց. այսպես Տավուշի ետամնաց գյուղերում տարիքով կանայք են ողբում իրենց ջահել բալեքի դիակների վրա, իրենց սիրասուն ամուսինների դիակների վրա: Ինչ խոսք, գեղագիտական համեմատության եզր անգամ գոյություն չունի: Բայց այդ` երբեմն գռեհիկ ողբի եւ ֆլամենկոյի ելեւէջների մեջ ինչ-որ գռեհիկ կապ կա, հաստատ կա: Բայց ի՞նչ կապ կարող է լինել Տավուշի գյուղերի եւ Իսպանիայի միջեւ, ի՞նչը կարող էր կապել նրանց: Եւ ես հիշեցի Իրանը: Սպահան քաղաքը, որտեղ մի մոլլա աղեկտուր կանչում էր մինարեթի գագաթից:
Աստված իմ, որքա~ն ընդհանուր բան կար մոլլայի կանչի եւ Արտիստի ֆլամենկոյի ելեւէջների միջեւ: Իսպանիա եւ մահմեդականություն, ահա որտեղ է հանելուկի լուծումը: Չէ՞ որ իսլամի զավակները` արաբները, Աֆրիկայի հյուսիսով հասել են Իսպանիա եւ ասպատակել այն: Չէ՞ որ այդ նույն արաբները ասպատակել են նաեւ Հայաստանը: Ահա թե ինչ կապ կա Տավուշի գյուղերի եւ Իսպանիայի միջեւ:
Ու եթե Հայաստանում մոլլաների կանչից մնացել է կանանց` լսողության համար ոչ այնքան հաճելի, երբեմն նույնիսկ գռեհիկ ողբը, Իսպանիայում ստեղծվել է մշակույթ, ընդ որում` ոչ թե արաբական, այլ իսպանական մշակույթ: Եւ այս իմաստով շատ ծիծաղելի են դառնում նրանք, ովքեր Հայաստանում փրփրած բերաններով «պայքարում» են «մշակութային օտար ազդեցությունների դեմ»: Ինչքան շատ ենք մենք դրա դեմ պայքարում, այնքան ավելի շատ ենք կորցնում մեր մշակույթը, մեր ինքնությունը:
Պատճառը շատ պարզ է. մշակութային ինտերվենցիայի դեմ պայքարում են ոչ թե հանգ բռնող տխմարների, կոմպոզիտոր կոչվող գրագողերի, պալատական գրողների ու նկարիչների ասուլիսներով, այլ համաշխարհային պրոցեսների իմացությամբ սեփական մշակույթ ստեղծելով: Իսկ մշակույթ կարող են ստեղծել ազատ մարդիկ եւ ոչ թե պալատական կապիկները եւ իշխանական քեֆերը սպասարկող պուտանկաները: Հենց սրանց են հիմա Հայաստանում կոչում մտավորական, արտիստ, մշակութային գործիչ...
Բայց այս ի՞նչ շեղվեցի մեր թեմայից, մեր ժանրից, մեր շուրջերկրյա ճանապարհորդությունից, Լոզանից, բար-սրճարանից, գրապպայից, ֆլամենկոյից, ֆլամենկոյի էությունից ու ծագումից: Իհարկե, ոմանք գուցե թե կառարկեն` ասելով, որ ոչ թե իսպանացիներն են արաբներից ազդվել, այլ արաբները իսպանացիներից: Սա տվյալ դեպքում էական չէ: Չնայած, արաբական վարկածը շատ ավելի ծանրակշիռ է. իսպանական մշակույթը շատ է տարբերվում ընդհանուր եվրոպական մշակույթից, իսկ Իսպանիայի պատմությունը «միջին եվրոպականից» տարբերվում է երկարատեւ արաբական օկուպացիայով, տիրապետությամբ:
Բայց մեր խնդիրը հարցի ոչ թե գիտական, այլ հումանիտար կողմն է, հումանիտար եզրակացությունը: Իսկ այդ եզրակացությունը մեկն է. երկրագնդի վրա ապրող մարդիկ, ազգերը, ժողովուրդները երբեմն շատ ավելի մոտ են իրար, շատ ավելի կապված են իրար հետ, քան անգամ իրենք են պատկերացնում: Չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն համաշխարհային մշակույթի մաս չէ, չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն չի պահպանում եւ պաշտպանում իր ինքնությունը: Բայց պաշտպանվել չի նշանակում նկուղում փակվել, ուրիշից գողանալ եւ այն համարել իրենը: Պաշտպանվել նշանակում է ստեղծել, պաշտպանվել նշանակում է արարել, պաշտպանվել նշանակում է զարմանալ եւ զարմացնել, պաշտպանվել նշանակում է պայքարի մեջ մտնել եւ հղկվել, մշակվել, ամրանալ պայքարում:
Ֆլամենկոն, անշուշտ, իսպանացի իշխանները չեն ստեղծել, այլ իսպանացի ժողովուրդը, թափառական երաժիշտներն ու արտիստները, ազատ էսթետները: Եւ ֆլամենկոն արաբական նվաճումը չի խորհրդանշում, այլ Իսպանիայի ազատագրումը, հակառակ դեպքում այս Արտիստը ոչ թե Արտիստ կլիներ, այլ առավոտ-իրիկուն կկանչեր Մադրիդի բարձր մինարեթներից:
***
Հաջորդ օրը բար-սրճարանում արդեն ֆլամենկոյի երեք ներկայացում կար: Դրանք բոլորը անցնում էին լեփ-լեցուն սրահներում: Ֆրեդը ու ես ներկա էինք բոլոր ներկայացումներին: Մենք երբեմն արտասվում էինք, երբեմն` ցնծում, երբեմն` դառնացած խմում:
Ֆրեդը ասաց, որ Կետրինին Շոտլանդիա տեղափոխելը դեռ երկար կտեւի, գուցե անգամ անհրաժեշտ լինի Կետրինի մի ազդեցիկ բարեկամի միջամտություն` գործը արագացնելու համար: Բայց ես չէի ուզում երկար մնալ Լոզանում. ինձ թվում էր, թե որեւէ տեղ երկար մնալով` ես դադարեցնում եմ Հայաստան գնալը, հարմարվում եմ արտերկրյա նստակեցությանը:
Ի՞նչ եմ ես կորցրել Լոզանում, ի՞նչ եմ կորցրել Վիեննայում, Բելգրադում, Սալոնիկում. ոչինչ, ոչինչ չեմ կորցրել: Ես այդ քաղաքներում գտնվել եմ միայն ու միայն Հայաստան գնալու բերումով, երկրի հակառակ կողմից Հայաստան գնալու բերումով: Եւ այդ քաղաքները, երկրները, այնտեղ ապրող մարդիկ ինձ դուր չեն գալիս...
Ինչո՞ւ նրանք ինձ դուր չեն գալիս` այդ մարդիկ, այդ քաղաքները, այդ երկրները: Իրականում ինքս ինձ դուր չեմ գալիս` այդ քաղաքներում, այդ երկրներում, այդ բարեկիրթ եւ ժպտադեմ մարդկանց միջավայրում: Ես վախենում եմ այդ երկրները, քաղաքները, այդ մարդիկ դուր գան ինձ: Ես վախենում եմ, որ դրանք ինձ դուր գան այնպես, ինչպես դուր են եկել, ինչպես դուր են գալիս մեր տասնյակ, հարյուրհազարավոր, միլիոնավոր հայրենակիցների: Ես վախենում եմ ինձ դուր գա այս երկրներում ապրելը, ես վախենում եմ իմ մեջ արթնանա փախստականի, պանդուխտի, գաղթականի, սփյուռքահայի գենը: Ես ինձ արգելում եմ հիանալ այդ բարեկարգ, բարեկեցիկ երկրներով...
Ես սիրում եմ իմ Հայրենիքը: Ոչ միայն այն Հայրենիքը, որի մասին երազում եմ, այլեւ այն Հայրենիքը, որ կա, գոյություն ունի այս պահին: Ես սիրում եմ այդ Հայրենիքը, այնտեղ ապրող մարդկանց` նրանց բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը այնպես, ինչպես կա:
Մի տարի առաջ զանգ հնչեց իմ աշխատասենյակում. լսափողը վերցրի. զանգը ԱՄՆ-ից էր, խոսողը`
Այդ մարդը, ուրեմն, մեր թերթում մի հրապարակում էր կարդացել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի մասին, որը պատմում էր նրա կյանքի եւ գործունեության ոչ այնքան դրական կողմերի մասին: Այդ մարդը ոգեւորվել էր, եւ նա զանգել էր ԱՄՆ-ից` ինձ, մեզ բացատրելու, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ նախագահը: Նա, չնայած, ԱՄՆ-ից էր զանգում, մի երկար դիսերտացիա կարդաց, ապա սկսեց ծաղրել եւ ձեռ առնել Տիգրան Թորոսյանին: Այդ մարդը` ԱՄՆ քաղաքացին, կարծես ճիշտ համարով էր զանգել, որովհետեւ ինձնից շատ ո՞վ է արգահատանքով վերաբերվում Տիգրան Թորոսյանին:
Բայց դուք չեք հավատա, ինձ հետ մի անհասկանալի բան կատարվեց, ինձ կարծես խայթեցին, վիրավորեցին, նվաստացրին.
- Լսիր, դու, Ամերիկայի քաղաքացի, մյուս անգամ չհամարձակվես այդպիսի տոնով խոսել ՀՀ քաղաքացու հետ: Դու ո՞վ ես, որ զանգես ու բացատրես, թե ինչպիսին պետք է լինի այն երկրի ԱԺ նախագահը, որից դու հրաժարվել ես: Տիգրան Թորոսյանը մե՛ր Տիգրան Թորոսյանն է, ու մենք ինքներս կորոշենք, թե ինչպես վերաբերվել նրան, եւ քեզ նմանների օգնության կարիքը չունենք: Մյուս անգամ չհամարձակվես մեզ հետ քննարկել մեր Տիգրան Թորոսյանին,- վրա պրծա ես:
Մոլեգնել էի, շրխկոցով տեղը դրեցի լսափողը, բայց ցնցվում էի ամբողջ մարմնով: Ես վիրավորվել էի, Աստված իմ, ես վիրավորվել էի...
Ես զզվում եմ այդ բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհից, որովհետեւ այն պոռնկուհու նման գայթակղում է մեզ եւ մեզ խլում մեր թշվառ, մեր անտեր հայրենիքից, մեզ դարձնում վեհապարծ:
Ես չեմ տրվի այդ գայթակղությանը, ես կտրվեմ հայրենիքի զնդաններին, բայց երբեք լոզանյան հանգստության սեփականությունը չեմ դառնա...
- Ես ուրիշի կոկոն վարդը չեմ ուզում, ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ...
Ես կտրվեմ իմ երազած, մեր երազած Հայաստանի կերտմանը: Հանուն այդ Հայաստանի, կպայքարեմ մինչեւ վերջ:
Եւ ուրեմն`
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:
#14
Posted 05 July 2008 - 04:06 PM
Երեկոյան ես հրաժեշտ տվեցի այդ տարօրինակ անունով բար-սրճարանի տարօրինակ անունով բարմենին: Ուզում էի Ֆրեդին էլ հրաժեշտ տալ, բայց նա ասաց, որ ուզում է կայարան գալ` ինձ ճանապարհելու: Ֆրեդի հետ պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ առավոտյան իմ հյուրանոցում, ապա ճաշել Ժնեւի լճի ափամերձ որեւէ ռեստորանում, որից հետո կմեկնենք կայարան: Իմ գնացքը մեկնելու էր երեկոյան ժամը հինգին:
Նախաճաշից հետո հյուրանոցի ֆոյեում նստած թերթ էի նայում, երբ Ֆրեդը եկավ: Մենք մի-մի կապուչինո խմեցինք, քննարկեցինք վերջին միջազգային լուրերը: ես արդեն փակել էի հյուրանոցային հաշիվները, ձեռքիս մի թեթեւ ճամպրուկ ունեի, բայց այն էլ հյուրանոցում ի պահ թողեցի` կայարան գնալուց առաջ վերցնելու համար:
Մենք մի քիչ քայլեցինք փողոցներում, հետո լճի ափին: Ֆրեդը իր ու Կետի պատմություններից էր պատմում, թե ինչպես իրենց երկրորդ կամ երրորդ հանդիպման, ըստ էության` պատահական հանդիպման ժամանակ Կետը փարվել էր իրեն ու ասել. «Ախ, սիրելիս»: Այս դեպքից հետո Ֆրեդը Կետին գժի տեղ է դրել, բայց դա երկար չի տեւել: Ֆրեդը պատմեց, որ երեկոները գնում է դիահերձարան եւ Կետին բարի գիշեր ասելուց հետո միայն գնում քնելու:
- Տառապի՛ր, Ֆրե՛դ, տառապի՛ր, դա վեհացնում է մարդուն, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ անիմաստության զգացումը համակի քեզ,- ասում էի ես նրան ու իմ սեփական պատմությունները պատմում:
Մենք ճաշեցինք ափամերձ մի ռեստորանում, Ժնեւի լճում աճող մի իշխանանման ձուկ կերանք` տեղական սոուսով եւ ֆրանսիական սպիտակ գինիով: Վերադարձանք հյուրանոց, ես վերցրի ճամպրուկս, ու գնացինք երկաթուղային կայարան:
Մենք գրկախառնվեցինք, հրաժեշտ տվեցինք իրար, պայմանավորվեցինք, որ հանդիպելու ենք Շոտլանդիայում` Կետի թաղմանը: Ֆրեդը ասաց, որ թաղումը երեւի մի տասը օրից կլինի: Կետի հայրը երկու օրից պետք է լիներ Լոզանում` անհրաժեշտ փաստաթղթերով: Ֆրեդը ասում էր, թե չգիտի` ինչպես է Կետրինի հոր, ապա նաեւ մոր աչքերին նայելու:
Մի պահ ինձ թվաց, թե ես պետք է մնամ Ֆրեդի հետ, բայց մենք եկանք այն եզրակացության, որ իրեն էլ, ինձ էլ մենակ մնալ է անհրաժեշտ:
***
Ըստ էության, ես գնում էի Շոտլանդիա` Կետրինի թաղմանը: Բայց ինձ անհրաժեշտ էր 7-10 օր սպանել ճանապարհներին: Մի երթուղի էի գծել ինձ համար, ըստ որի` պետք է հասնեի Գերմանիայի հյուսիսում գտնվող Էմդեն նավահանգիստ, այնտեղից էլ` նավով Էդինբուրգ, Շոտլանդիա: Լոզանից ես գնացքի տոմս գնեցի մինչեւ Դյուսելդորֆ` այն հաշվարկով, որ գուցե մի երկու օր մնամ այնտեղ, հետո էլ մի երկու քաղաք մտնելով հասնեմ Էմդեն` այս ընթացքում մշտական կապի մեջ լինելով Ֆրեդի հետ:
Այսպիսի ճամփորդության համար գնացքը խիստ հարմար տրանսպորտային միջոց է: Նախ երկաթուղու ուղեւորները լուրջ ստուգումների չեն ենթարկվում: Հետո` գնացքում կարելի է ապրել ինչպես հյուրանոցում. իմ կուպեում լոգարան կար, հեռուստացույց. գնացքից կարելի է զանգել: Կարճ ասած, եթե չես շտապում, գնացքը իդեալական տրանսպորտ է:
Եւ բացի այդ, գնացքը իմ երազած Հայաստանի սիմվոլներից մեկն է, այն խորհրդանշում է տեղաշարժի ազատությունը: Ես երազում եմ այն օրերի մասին, երբ հնարավոր կլինի Երեւանում գնացք նստել եւ իջնել, ասենք, Լոզանում, Բեռլինում, Մոսկվայում, Պեկինում... Նման երկաթգծեր կան, մնում է դրանք աշխատեն: Եւ այս պարագայում Հայաստանում օդային տրանսպորտի գները այդքան թանկ չեն լինի եւ կունենան շատ ավելի էժան եւ հարմարավետ այլընտրանք:
Գնացքի պատուհանից նայելը եւ մտորումների գիրկն ընկնելը չափազանց հաճելի զբաղմունք դուրս եկավ: Իմ կուպեի պատուհանից, սակայն, ես չէի ուզում տեսնել Շվեյցարիան կամ Գերմանիան ու չէի տեսնում: Գնացքի պատուհանից նայելով` ես փնտրում էի ապագայի Հայաստանը, ես ուրվագծում էի ապագայի Հայաստանը, ես տեսնում էի ապագայի Հայաստանը. կղմինդրե տանիքներ, բարեկարգ տներ, ծաղկի մեջ կորած բակեր, ժպտադեմ գյուղեր, հպարտությամբ ճառագող մարդիկ, մահվան վրա մատ թափ տվող տատիկներ եւ պապիկներ, ազատ երիտասարդություն, ինքն իր եւ ոչ թե հարեւանի համար ապրող ընտանիքներ, ընտանեկան ռեստորաններ, հարգված իշխանություններ, վստահություն ապագայի նկատմամբ, անտառների մեջ չտեղավորվող կենդանիներ, լիաթոք, լիաթոք շնչառություն, Հայրենիքի լիաթոք զգացողություն, օրենքի անասելիություն, ազատություն, ազատություն, որ զգում ես կրծքիդ տակ:
Ծանրաբեռնված ճանապարհներ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ: Ճանապարհամերձ մոթելներ, ռեստորաններ` լցված օտարերկրացիներով` վրացիներով, պարսիկներով, թուրքերով, ադրբեջանցիներով, ռուսներով, եվրոպացիներով, ամերիկացիներով, լատինոներով, սեւերով, մոնղոլոիդներով. նրանք գործով են եկել կամ ուղղակի ճամփորդում են ընտանիքների, մանր երեխաների հետ: Կամ էլ ուղղակի ծեր ամուսիններ, որոնք որոշել են աշխարհը տեսնել կյանքի մայրամուտին:
Հարյուրհազարավոր տպաքանակներով գրքեր` գեղարվեստական, գիտահանրամատչելի, փաստավավերագրական, թարգմանական եւ հայաստանցի հեղինակների, դասական եւ ժամանակակից: Քննարկումներ` գրականության, պատմության, արվեստի, ապագայի մասին:
Քրիստոնյա երկիր, քրիստոնյա մարդիկ, սեր մերձավորի նկատմամբ: Անհանդուրժողականություն ստի, կեղծիքի, լկտիության, ապօրինությունների նկատմամբ: Պաշտպանված իրավունքներ, պաշտպանված ինքնասիրություն, պաշտպանված արժանապատվություն...
Այս ամենը ես տեսնում էի գնացքի պատուհանից, այդ ամենի գոյության մասին էր վկայում ամեն տուն, ամեն հայացք, ամեն ծառ, ամեն մայրուղի, ամեն կամուրջ, ամեն կայարան:
Նայում էի գնացքի պատուհանից, ես տեսնում էի այդ ամենի հայաստանյան տարբերակը, այն ինձ համար իրական էր, շոշափելի, մոտակա... Բայց մոտակա չի նշանակում սկուտեղի վրա մատուցված: Ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցի այն երկիրը, որում մենք երազում ենք ապրել: Մենք պետք է կերտենք մեր ազատ Հայրենիքը, մենք պետք է կերտենք մեր Հայրենիքի ապագան:
Բայց սպասեք, ովքե՞ր են այդ «Մենք»-ը, ովքե՞ր են մտնում նրա կազմի մեջ: Գուցե «Իմպիչմենտ» դաշինքում ներգրավված ուժե՞րը, գուցե ՀՀՇ՞-ն, գուցե ՀԺԿ՞-ն, գուցե «Հանրապետությո՞ւնը», գուցե «Նոր ժամանակնե՞րը», գուցե «Հայ ազգային կոնգրեսում» ներգրավված ուժե՞րը:
Ինչպիսի~ անհեթեթություն, մտքերի ինչպիսի~ զազրելի ընթացք, ինչպիսի գայթակղությո~ւն, որին անհուսալիորեն տրվել են այսօր Հայաստանում իշխողները: Նրանք` կոալիցիայի մեջ մտած ուժերը եւ նրանց ուղղակի եւ անուղղակի սատարողները, ուրիշ բան չեն անում. նրանք կառուցում են իրենց երազած երկիրը. «Մենք կառուցում ենք մեր երազած երկիրը»,- ասում են նրանք: Ո՞րն է, ուրեմն, խնդիրը. խնդիրն այն է, որ նրանց ասած «Մենք»-ի մեջ մտնում են մի քանի կուսակցությունների վերնախավի ներկայացուցիչներ, օլիգարխներ, պալատական մտավորականներ: Նրանց «Մենք»-ի մեջ 10 հազար, լավ, 20 հազար, լավ, 100 հազար մարդ է մտնում, այն դեպքում, երբ երկիրն ունի 3 միլիոն քաղաքացի` Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս: Նրանց կառուցած երկիրը համապատասխանում է այդ 100 հազարի ցանկություններին, դա 100 հազարի երազած երկիրն է:
Ես գիտեմ, որ խիստ չափազանցնում եմ այդ թիվը, շատ եմ չափազանցնում: Որովհետեւ երազել եւ 5 հազար դրամով քվեարկել` տարբեր բաներ են: Այո, կան մարդիկ, ովքեր դրամ վերցնելով` քվեարկել են Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օգտին: Այո, նրանք ձայն են տվել Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, բայց արդյո՞ք նրանք ձայն են տվել իրենց երազած Հայաստանին:
Այո, կան ոստիկաններ, որոնք կատարում են իշխանության ապօրինի հրահանգը, բայց արդյո՞ք նրանք այդպիսով կատարում են իրենց երազած Հայաստանի հրահանգը, արդյո՞ք նրանք ուզում են, որ իրենց զավակները ապրեն մի երկրում, որտեղ իրենց նման ոստիկաններ կան:
Նույնը ասենք քննիչին, դատախազին, դատավորին, հարկային տեսուչին: Նրանց կարող է սփոփել այն միտքը, թե իրենք իրենց տիտղոսները, պաշտոնները փոխանցելու են ժառանգաբար: Բայց սա արդեն 14-րդ դարի ֆեոդալիզմ է եւ անկախ սրանից 30 հազար մարդու երազած Հայաստան:
Իսկ ովքե՞ր պետք է մտնեն «Մենք»-ի կազմի մեջ. հայաստանցի յուրաքանչյուր քաղաքացի: Նրանք չեն տեղավորվի ոչ մի դահլիճում, ոչ մի սրահում` ֆուրշետի: Նրանք կտեղավորվեն միայն Ազատության հրապարակում` Հայաստանի սրտում: Մեր երազած երկիրը 3 միլիոն մարդու երազած երկիրն է, եւ այդ երեք միլիոնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր երազանքի մասին բարձրաձայնելու, իր երազանքը ուրիշների երազանքին խառնելու, ընդհանուր երազանքի ձեւավորմանը մասնակցելու ազատություն եւ հնարավորություն:
Այդ երեք միլիոն մարդը պիտի որոշի, ինքը պիտի որոշի, թե ում է վստահում իր երազանքի իրագործման ղեկավարումը, այդ երեք միլիոն մարդը պետք է կարողանա փոխել ղեկավարին:
Իսկ ովքե՞ր են ՀՀ քաղաքացիները, ովքե՞ր են այդ երեք միլիոն թիմի անդամները: Դու ես, ես եմ, նա է: Իսկ ինչո՞ւ պետք է դու քեզ պատասխանատու զգաս ապագայի առաջ:
Որովհետեւ հետո, շատ հետո, հեռավոր մի օր քո որդին, քո դուստրը, անարդարությունից, բռնությունից, ամենաթողությունից կոտրված, հուսահատ ի վերջո հարցնելու է քեզ.
- Հայրի՛կ (մայրի՛կ), իսկ դու քո կյանքում ի՞նչ ես արել, որ ես ավելի լավ երկրում ապրեմ, որ իմ իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանված լինեն, որ ես` ես լինելու հնարավորություն ունենամ:
Միայն մի պատասխան կա, որ քեզ կփրկի քո զավակների արհամարհանքից.
-Ես, զավա՛կս, հանուն քո ապագայի արել եմ ինձնից կախված ամեն ինչ:
Բայց եթե դու իրոք արել ես քեզնից կախված ամեն ինչ, քո զավակները նման հարց չեն տա քեզ, որովհետեւ նրանք կապրեն իմ ու քո` երեք միլիոն մարդու երազած Հայաստանում:
#15
Posted 05 July 2008 - 04:07 PM
- Հայրի՛կ, իսկ դու ի՞նչ ես արել, որ ես ապրեմ ավելի լավ երկրում:
- Մենք արդեն ապրում ենք ավելի լավ երկրում, մենք արդեն Գերմանիայի քաղաքացի ենք...
***
Հռենոսի հովիտը ոչնչով չի հիշեցնում Հայաստանը, սա արդեն Գերմանիա է, մաքուր Գերմանիա: Հայաստանյան մտորումներս այս հարթավայրում իրական հենք ստացան մեկ էլ այն ժամանակ, երբ գնացքի պատուհանից երեւաց Բադեն-Բադենը: Բայց սա արդեն ոչ թե ապագայի, այլ ներկայի, ավելի ճիշտ` անցյալի Հայաստանի մասին է:
Ծանր է, ծանր է զգալը, որ Հայաստանում չես: Ոչ թե գիտակցելը, այլ զգալը. զգալը այն տարածության, որ այս պահին դարձել է անհաղթահարելի: Ծանր է զգալը, որ հորիզոնում չկա քեզ սպասող ոչ մի ուրվագիծ, քեզ կանչող ոչ մի ձայն: Նման պայմաններում քեզ համակում են վախերը. իսկ եթե քեզ արդեն մոռացել են, իսկ եթե դու օտար ես արդեն բոլոր նրանց համար, ում համարել ես հարազատ...
Թակ, թակ, թակ: Լսվում են մոտեցող ոտնաձայներ.
- Ո՞վ է...
- Ես եմ...
- Դու ո՞վ ես...
- Դե, ես եմ, ես...
- Բայց ո՞վ` դու...
Ամեն ինչ սկսվում է այս հարցից: Ամեն ինչ սկսվեց այս հարցին պատասխանելու անհրաժեշտությունից` ո՞վ եմ ես: Թվում է` ամեն ինչ պարզ է. բարձրաձայնում ես անունդ, եւ հարցը լուծվում է: Բայց ո՞ր անունը պետք է բարձրաձայնեմ. այն, որ ունեի՞, թե՞ այն, որ ունեմ: Եւ ի՞նչ է իմ անունը հիմա, եւ ի՞նչ էր իմ անունը երեկ, ի՞նչ է լինելու վաղը իմ անունը: Ինչպիսի~ պայմանականություն, ավելի ճիշտ` խորամանկություն: Ի՞նչ է անունը, եթե ոչ ամենակարեւոր հարցի պատասխանից խուսափելու միջոց, հարցի էությունը սպանող դավադրություն:
- Ի՞նչ է ձեր անունը: What is you name?
- Բոյան. Մարկո. Յոզեֆ. Նիկոլ...
- Վերջինը շատ զվարճալի է:
Ո՞վ եմ ես: Այս հարցը իմ մանկության մղձավանջն է: Նա միշտ հայտնվում էր դավադրաբար, այն պահերին, երբ ինձ երջանիկ էի զգում, երբ քնած էի լինում իմ ծնողների, եղբայրների, տատիկի տաքուկ գրկում, երբ վայելում էի տան կրտսերի իմ արտոնությունը:
- Ո՞վ եմ ես... ես... ես...,- հարցը դղրդում էր իմ մեջ:
Չէի հասկանում` ե՞ս եմ հարցնում, թե՞ մեկ ուրիշն էր պատասխան պահանջում ինձնից: Բայց նա իր ձեռքն էր վերցնում սիրտս, նա պահանջում էր պատասխանել: Վեր էի թռչում, լացս սառում էր սարսափից: Հիշում էի իմ անունը, ազգանունը, ծնողներիս, հորաքույրներիս, մորաքույրներիս, եղբայրներիս, պապերիս, տատերիս, հիշում էի անգամ մեր «օղորմածիկ բաբոյին»:
Բայց նա ավելի էր սեղմում սիրտս, հարցը ավելի սարսափազդու էր հնչում: Վեր էի կենում անկողնուց` վազում, վազում դեպի դուռը... Հարցը անհետանում էր նույնքան անակնկալ, որքան հայտնվել էր, եւ ես նորից քնում էի նույնքան անհոգ, որքան նրա հայտնվելուց առաջ:
Ծանր է զգալը, որ Հայաստանում չես, սփոփանք էլ կա. գնում ես Հայաստան: Կասկած էլ կա` պե՞տք ես դու Հայաստանում որեւէ մեկին: Բայց Գերմանիայում` առավել եւս, առավել եւս...
***
Ճաշի ժամը մոտենում է. պետք է լոգանք ընդունել, սափրվել եւ գնալ վագոն-ռեստորան` չմոռանալով, անշուշտ, հագնվելու մասին: Վագոն-ռեստորանը այս ժամին միշտ լիքն է մարդկանցով: Բոլոր սեղանները զբաղված են, բայց որոշների շուրջ նստելու տեղ կա: Մոտենում եմ մի երկտեղանոց սեղանի, որի մոտ մի տիպիկ գերմանացի` մոտ 50 տարեկան, խիստ դիմագծերով, ծաղկավոր թիթեռնիկ-փողկապով, մենյուն է ուսումնասիրում:
- Կարո՞ղ եմ այստեղ նստել,- անգլերեն հարցնում եմ ես:
- Bitte, bitte,- գերմաներեն պատասխանում է նա եւ սկսում ինձ ուշադիր զննել:
Քիչ հետո հարցնում է հետաքրքրված հայացքով.
- Where are you from? Are you Armenian?
Շփոթմունքս երկար չի տեւում.
- Ոչ, ոչ, ես սերբ եմ, Սերբիայից եմ:
- Ահ, կներեք, կներեք,- քթի տակ ծիծաղում է,- իսկապես կներեք...
- Ամեն ինչ կարգին է, ի՞նչ տարբերություն` հա՞յ ես, թե՞ սերբ:
- Դուք, երեւում է, չեք ճանաչում հայերին: Լսե՞լ եք նրանց մասին:
- Կենտրոնական Ասիայում են ապրում, այնպես չէ՞:
- Հարավային Կովկասում. վայելուչ, եվրոպական արտաքինով, բայց էությամբ խղճուկ մի ժողովուրդ:
Զգում եմ, որ ոտքերս ուզում են ինձ բարձրացնել, ձեռքս բռունցքվում է ու ձգտում դեպի այդ խոզի
մռութը: Բայց սպասիր, սպասիր, սպասիր: Սպասիր, քեզ ասում եմ: Ժպտա, ժպտա, ժպտա, դեմքիդ տուր հետաքրքրվածի արտահայտություն, մի կարմրիր, մի կապտիր, մի սեւացիր: Ժպտա, այդպես, ավելի հանգիստ ժպտա, դեմքդ լարված է, մեղմ ժպտա.
- Իսկապե՞ս...
- Նախորդ տարի ես եղա Հայաստանում, մի անմոռանալի ճանապարհորդություն, ուղղակի անմոռանալի...
Մատուցողը եկավ. սեղանակիցս սաղմոն ձուկ պատվիրեց եւ սպիտակ գինի, ես` սթեյք եւ կարմիր գինի: Այս ընդմիջումը օգնեց վերականգնել ինքնատիրապետումս: Բայց խոսակցությունը պետք էր շարունակել:
Զրուցակիցս, պարզվեց, գերմանացի երկրաբան է, Էրվին անունով: Նա մի ընկերության պատվերով այցելել էր Հայաստան եւ երկու ամիս անցկացրել այնտեղ: Էրվինը աչք ծակելու չափ կոկիկ էր հագնված: Կրում էր ոսկե, կլոր շրջակալով ակնոցներ: Ճաղատությունը էլ ավելի էր ընդգծում դեմքին մշտապես առկա լարվածությունը:
- Եւ ինչո՞վ է ձեզ համար հիշարժան դարձել այդ երկիրը,- իբր իմիջիայլոց հարցրի ես:
- Շատ բանով,- ասաց Էրվինը` նենգ ժպիտը դեմքին, ու շարունակեց,- նրանք հենց սկզբից հարձակվում են իրենց երկիր մտած ամեն մի օտարերկրացու վրա եւ սկսում են տարբեր բաներ ապացուցել: Սկսում են, իհարկե, նրանից, որ իրենք ամենահին ժողովուրդն են: Եւ գիտե՞ք նրանք ինչ հեշտությամբ են խաղում հազարամյակի հետ: Նստած ենք, ասենք, սեղանի շուրջ շատ լուրջ պարոնների հետ: Եւ ահա, նրանցից մեկը կասի, որ իրենց ժողովուրդը երեք հազար տարվա պատմություն ունի: Սեղանի շուրջ անպայման կգտնվի մեկը, որ նրան կուղղի` հինգ հազար տարվա: Կարճ բանավեճից հետո նրանք կհամաձայնեն այն տարբերակի շուրջ, որ Նոյը առաջին հայն է: Բայց սա ամենը չէ, նրանք առաջին քրիստոնյաներն են: Ու չնայած սրանով նրանք հպարտանում են, բայց եւ չեն կարողանում ներել Հիսուսին, որ նա եկավ ու իրենց մի քանի հազարամյա նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացրեց. որպես ապացույց նրանք ունեն մի հռոմեական հավաբուն: Չէ, կներեք, նաեւ պարսատիկի քարերի մի կույտ, որ նրանց կարծիքով` Սթոուն-հենջի եղբայրն է,- Էրվինը սկսեց անզուսպ ծիծաղել:
Ես չգիտեի` ինչ ասել. սագի նման` անզգա կուլ էի տալիս մսի կտորները, անջատված լակում գինին:
- Բայց նրանք նաեւ ամոնատառապածն են. նրանց հետապնդել է ոչ միայն Հիսուսը (չնայած նրանք քրիստոնյա են), այլեւ Մուհամմեդը` Հիսուսի պատճառով: Եւ այս ամենը ապացույցն է ընդամենը մեկ բանի. նրանք ամենախելոքն են:
- Այո, ծանր օրեր եք անցկացրել այնտեղ,- կեղծ կարեկցանքով ասացի ես:
- Ոչ, ի՞նչ եք ասում, դա շատ զվարճալի էր: Հետո նրանք սկսում են բացատրել: Բացատրում են, թե ինչ բան է ճարտարապետությունը. նրանք ոչինչ չեն լսել Քյոլնի տաճարի, Սան Ստեֆանի, Սագրադա-Ֆամիլյայի, Նոտր Դամի մասին: Հետո նրանք սկսում են բացատրել, թե ինչ է գրականությունը, իրենց գրականությունը. ոչինչ չեն լսել Գյոթեի, Բայրոնի, Դոստոեւսկու, Մարկեսի մասին: Նրանք սկսում են բացատրել ամեն ինչ, խոսում են իրենց աշխարհակալ թագավորների, պետությունների մասին. ոչինչ չեն լսել Մակեդոնացու, Նապոլեոնի, Կեսարի մասին:
Ինձ թվաց, թե ես ուր որ է կհեկեկամ: Էրվինը շարունակեց.
- Բայց ամենազվարճալին այն է, երբ նրանք սկսում են ստուգել, թե արդյոք սերտել ես իրենց բացատրածը: Ի դեպ, այն վանքում, որտեղ ապրել է իրենց սուրբը, եւ որը դիտակետ է սուրբ սար Արարատի համար, այնքան աղբ կա, որ դա կարծես ոչ թե սրբատեղի է, այլ աղբանոց...
Ես ուզում էի թեման փոխել: Բայց, չէ, ի՞նչ էր խոսելու այս խոզի մռութը, եթե ես սկզբում նրան ասեի, որ հայ եմ: Գիտեմ, թե ինչ էր խոսելու...
- Կներեք, իսկ ինչի՞ մասին էիք զրուցելու, եթե պարզվեր, որ ես հայ եմ: Դե, եթե մեր ծանոթության սկզբում պարզվեր, որ հայ եմ:
Էրվինը բռնված հանցագործի նման ինձ էր նայում:
- Ի՞նչ իմանամ, կխոսեինք մի բանի մասին,- շփոթված ասաց նա:
- Իսկ ինձ թվում է, թե դուք պիտի գովեիք նրանց պատմությունը, նրանց ճարտարապետությունը...
Նա կարմրեց.
- Դա, ախր, նրանց դուր է գալիս...
Ես սպանված էի.
- Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- այլայլվածությունս նկատելով` հարցրեց նա:
- Ստամոքսս կարծես խանգարվել է,- ասացի ես ու վեր կացա:- Հաշիվս կբերեք կուպե,- դիմեցի ես մատուցողին:
Կուպեում շատ նեղվածք էր: Չէի կարողանում շնչել: Մատուցողը բերեց հաշիվը, վճարեցի, բայց շունչս կտրվում է. բացեցի պատուհանը: Օդ կա, բայց կուպեում նեղվածք է: Գնացքը դանդաղեցրեց ընթացքը. երեւի կանգառ է լինելու: Արագ հավաքեցի փոքրաթիվ իրերս: Գնացքը կանգնեց ինչ-որ կայարանում: Իջա. կայարանում մեծ ցուցանակ էր կախված` քաղաք Վիսբադեն:
#16
Posted 05 July 2008 - 04:08 PM
Երկար ժամանակ մտածում էի այս գրվածքիս նախորդ գլուխը վերնագրել «Գնացքից թռչելու ժամանակը»: Ի վերջո, սակայն, այդպես չվարվեցի, որովհետեւ հասկացա, որ վերնագիրը ինչքան էլ բարեհունչ` կորցրել է արդիականությունը եւ գոյություն ունի միայն որպես թանգարանային նմուշ:
Իսկ գնացքը իսկապես մեկնել էր` ինձ թողնելով Վիսբադենում: Ավելի ճիշտ` ե՛ս չէի ցանկացել մնալ մի գնացքում, որտեղ «մի շուն տաճիկ հայհոյեց իմ ազգը»: Իսկ ինչո՞ւ ես նրա մռութին չհագցրի. մի քանի պատճառներով: Առաջինը քաղաքական էր. եթե ես այդպես վարվեի, ինձ կտանեին ոստիկանատուն, որտեղ մեծ հավանականությամբ իմ ինքնությունը կպարզվեր: Լուրը կայծակնային արագությամբ կհասներ Հայաստան: Երեկոյան «Հայլուրը» մի հոյակապ ռեպորտաժ կպատրաստեր` մոտավորապես հետեւյալ տեքստով. «ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու, իշխանության յուրացման գործի մասնակիցներից մեկը սպառնում է նաեւ Եվրոպայի սահմանադրական կարգին եւ ողջ Արեւմտյան քաղաքակրթությանը: Նա զանգվածային անկարգություններ է հրահրել Հռենոսի աջ ափին: Լյուֆտվաֆեի եւ Վերմախտի վճռական գործողությունների արդյունքում, սակայն, Արեւմտյան քաղաքակրթությանը սպառնացող վտանգը չեզոքացվել է: Ցավոք, զոհեր չկան: Ի դեպ, ոստիկանների կողմից առգրավված ճամպրուկում գտնվել է ՀՀ իշխանությունը, որը նշված անձը յուրացրել էր դեռեւս երկու ամիս առաջ»: Հետո եթերում իրավիճակը կմեկնաբանի Դհոլը. «Ես ուզում եմ հիշեցնել Հաագայի դատարանի` իմ կողմից շատ հարգված դատախազ Կառլա Վլադիմիրովնա դել Պոնտեին, որ նա նրան «սուկա» է անվանել եւ վիրավորել է նրա կուսական հոգին: Ավելին, նա իմ կողմից շատ հարգված ամերիկացիներին, իմ կողմից շատ հարգված եվրոպացիներին, իմ կողմից երիցս հարգված ռուսներին «գանդոն» է ասել: Ա՛յ մարդ, մեզ ասում ես` հասկացանք, էդ խեղճերից ի՞նչ ես ուզում: Ես ներողություն եմ խնդրում նրա ասած զազրելի բառերը կրկնելու համար, բայց, ավա~ղ, դա հարկավոր է այդ անձի վտանգավորության աստիճանը հասկանալու համար...»:
- Այդ դեպքում դրանք կրկնեք մի 15 անգամ, բայց եթե կարելի է, վերջին հինգ անգամը ավելի արագ,- կխնդրի «Հայլուրի» հաղորդավարը...
Զգացի, որ մարդիկ ինձ են նայում, եւ սթափվեցի իմ հռհռոցի զրնգուն ձայնից: Ես Վիսբադենի երկաթուղային կայարանի սպասասրահի ամենակենտրոնում էի: Ոմանք ինձ նայում էին զարմացած, ոմանք` կարեկցող, իսկ ոմանք էլ` ժպտացող հայացքով:
- Ներողություն եմ խնդրում,- հնարավորինս բարձր ասացի ես եւ ուղղվեցի դեպի ելքը: Փորձում էի դեմքիս լուրջ արտահայտություն տալ, բայց զգում էի, որ տիտանական ջանքերիս արդյունքը ընդամենը ծամածռությունն է:
Իսկ Վիսբադենը հրաշալի տեղ էր: Սա այն քաղաքներից է, որտեղ ո՛չ շոգ է լինում, ո՛չ էլ ցուրտ. այսպիսի կլիմա ունեցող քաղաքը, բնականաբար, պետք է առողջարանային լինի: Այստեղ բազմաթիվ առողջարաններ կան, հանքային ջրեր, մարդիկ այստեղ գալիս են ցեխի վաննաներ ընդունելու:
Կայարանից դուրս գալով եւ աջ ու ձախ մի քանի հայացք ձգելով` շատ արագ հասկացա, որ այս քաղաքում կարելի է մի քանի օր մնալ: Կանաչի մեջ կորած, գարունով անուշահոտ Վիսբադենը ժպտում էր ինձ, եւ ետ դառնալը, առանց զրույցի ու հրաժեշտի հեռանալը անքաղաքավարություն կլիներ իմ կողմից, անդաստիարակություն:
Ախորժակս էլ չէր կարող չբացվել, մանավանդ որ գնացքի չարաբաստիկ ճաշը կիսատ էի թողել, իսկ կերածից ու խմածից որեւէ բան չէի էլ հասկացել:
Վիսբադենի գարնանային օդը մի քիչ շնչելուց հետո մտա մի գարեջրատուն, որը, ինչպես պարզվեց, սպորտային է: Այսինքն` մարդիկ այստեղ ոչ միայն ուտում են, խմում եւ զրուցում, այլեւ առաստաղից կախված բազմաթիվ հեռուստացույցների միջոցով հետեւում են սպորտային իրադարձություններին:
Ուտելիք պատվիրելու հարկ չկար, որովհետեւ այստեղ ինքնասպասարկում էր: Մոտեցա բուֆետին. վերցրի մի քանի ալաֆրանկի բաներ ու երկու հյութեղ կտոր խոզապուխտ: Բարմենը մի մեծ գավաթ գարեջուր լցրեց, ու ես տեղավորվեցի հեռուստացույցներից մեկի առաջ: Հետո փոշմանեցի ու տեղափոխվեցի պատուհանի մոտ, որտեղից երեւում էր երեկոյին պատրաստվող Վիսբադենի անցուդարձը:
Խոզապուխտը շատ լավն էր, շատ հյութեղ. «Մենք` հայերս, խոզի բուդը կա՛մ շատ չորացնում ենք, կա՛մ էլ հում ենք թողնում, այսպես երբեք չի ստացվում»,- հակառակի պես մտածեցի ես: Հակառակի պես, որովհետեւ գարնանային Վիսբադենը օգնել էր մոռանալ Էրվինին ու նրա ասածները, բայց հյութեղ խոզապուխտը կարծես կյանք տվեց սովից սատկած թեմային:
Բարեբախտաբար, ախորժակս չփակվեց, բայց թեման պարպել կարծես ստիպված էի: Թեման իմ մեջ նորից ծառացավ առանց էմոցիաների. մի հարցի ձեւով` արդյո՞ք Էրվինը ճիշտ է տեսել Հայաստանը, արդյո՞ք նա ճիշտ էր նկարագրում Հայաստանը: Էրվինի մռութին հագցնելու ցանկությունս դեռ լրիվ չէր մարել, բայց ես ստիպված էի խոստովանել, որ նրա ասածի մեջ ճշմարտության մեծ, շատ մեծ չափաբաժին կար: Մենք իսկապես անընդհատ ուզում ենք ուրիշներին ինչ-որ բան ապացուցել, բայց ոչ մի անգամ չի եղել, որ նստենք ինքներս մեր դիմաց, նայենք ինքներս մեր աչքերին ու խոսենք ինքներս մեզ հետ. ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ ինքներս մեզ հասկանալու համար: Այդ խոսակցության անհրաժեշտությունը կարծես շատերն են ընդունում, բայց երբ որեւէ մեկը դա անելու փորձ է անում, սկսվում են անհեթեթ փնթփնթոցները թուրքի ջրաղացին ջուր լցնելու, կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանելու եւ այլնի մասին:
Բայց ես լսել եմ, ավելի ճիշտ` մասնակցել եմ մի սերբի ու մի գերմանացու խոսակցության, որտեղ գերմանացին պատմում էր իր տեսած Հայաստանի մասին: Այդ Հայաստանը մենք էլ ենք տեսնում, բայց նախընտրում ենք չխոսել այդ մասին, եւ այդ մասին խոսում են ուրիշները, խոսում են մեզնից թաքուն, իսկ մեզ ասում են այն, ինչ մենք ուզում ենք լսել, ավելին` պահանջում ենք, որ նրանք ասեն ոչ թե ճշմարտությունը, այլ այն, ինչ մենք ենք ճշմարտություն համարում: Սա ինքնանվաստացման եւ ինքնաոչնչացման ճանապարհ է:
Արդյո՞ք մենք բարձրացնում ենք Նորավանքի արժեքը, երբ նրան ավելի բարձր ենք գնահատում, քան ինքը կա: Նորավանքը, ինչ խոսք, գլուխգործոց է, բայց մեր փոքր, անպաշտպան, շփոթված ժողովրդի գլուխգործոցն է: Գերմանացու համար նա գլուխգործոց չէ: Եթե անգամ ինքը ասի, թե Նորավանքը գլուխգործոց է, չհավատաք, որովհետեւ ինքը գիտի` եթե այդպես չասի, մենք վիրավորվելու ենք, կռիվ ենք տալու իր հետ:
Եւ մի՞թե մենք ամեն օր կռիվ չենք տալիս մեր երեխային «3» նշանակած ուսուցչի հետ: Մենք գիտենք, որ ուսուցիչը մի բան էլ բարձր է գնահատել: Բայց ի՞նչ կապ ունի` ձեռքը կկոտրվե՞ր, եթե «5» նշանակեր: Բայց մեր ձեռքն էլ հո կոտրված չէ` մի բան կկոխենք ուսուցչի ջեբը, «երեքը» «հինգ» կդառնա: Ուսուցիչն էլ կսովորի, որ առանց «ջեբը բան դնելու» պետք չէ ոչ ոքի «հինգ» դնել:
Մեր երեխան այսպես կավարտի դպրոցը, այսպես կընդունվի համալսարան, այսպես կդառնա քննիչ, դատախազ, հարկային տեսուչ, պետական պաշտոնյա ու այսպես կիրականացնի արդարադատություն, վերահսկողություն, բարեշրջություն, օրինականություն, դիվանագիտություն: Ու հերթական արտերկրյա պատվիրակին կտանի կկանգնեցնի Սիսիանի դիք-դիք քարերի գլխին, ֆրեզերնի ստանոկով ծակած քարերը ցույց կտա ու կասի` սա 8 չէ, 10 հազար տարվա հնության աստղադիտարան է: Ապա կասի, որ Սթոուն-հենջը, սրա հետ համեմատած, սիգարետի կրպակ է:Ա՛յ ախպեր ջան, ախր Սթոուն-հենջի ամենափոքր քարը այստեղի ամենամեծ քարից երեք անգամ մեծ է: Կապ չունի, համ էլ հյուրը իրեն համեստ կպահի:
Ես տեսել եմ ճարտարապետական գլուխգործոցներ. Այա Սոֆիայի տաճարը, Սագրադա-Ֆամիլյան, Փարիզի Աստվածամոր տաճարը, բայց ինձ համար ամենասիրելի շինությունը Իջեւանի Խաչն է. 3X4 չափի մի մատուռ, ամենասովորական մի շինություն: Դրանից թանկ շինություն ինձ համար չկա երկրագնդի վրա: Բայց երբեք չեմ ասի, թե Իջեւանի Խաչը ճարտարապետական կոթող է, գլուխգործոց: Դա նույնն է, թե իմ սիրելի, շատ սիրելի տատիկի նկարը թերթի առաջին էջում տպեմ (ներիր ինձ, տատ) եւ տակը գրեմ. «Իմ տատիկը Ջինա Լոլոբրիջիտայից գեղեցիկ է»: Ես կարող եմ հույս ունենալ, որ իմ Մարիամը, որ կրում է տատիկիս անունը, կլինի աշխարհի ամենաչքնաղ աղջիկը: Եւ կունենա տատիկիս հոգին, տատիկիս սիրտը, նրա առաքինությունը, բայց ոչ երբեք ճակատագիրը:
Ես չեմ ապրում այն մտքով, թե Նորավանքը ճարտարապետական գլուխգործոց է, ես ապրում եմ այն մտքով, որ Հայաստանի ժողովուրդը դեռ կստեղծի ճարտարապետական գլուխգործոցներ:
#17
Posted 05 July 2008 - 04:09 PM
Խոզապուխտը կերա մինչեւ վերջին կտորը: Գարեջուրը, որի գոյության մասին գերմանացիները մեզնից` հայերիցս են իմացել, խմեցի մինչեւ վերջին կաթիլը:
Ես ըմբոշխնում էի Վիսբադենի գարունը: Երեւանում գարունը կարճ է, չափազանց կարճ. իսկ այս տարի գարունը ընդհանրապես չեկավ Երեւան: Ձմեռը, իհարկե, ավարտվեց, բայց չհեռացավ: Գարունը մոտեցավ, բայց չեկավ... Գարնանամուտի մեջ է իմ Երեւանը, գարուն է բերելու իմ Երեւանը, այս տարի ուշ է գալու գարունը, բայց էլ չի գնալու, էլ չի գնալու...:
Վիսբադենում տարվա կեսը գարուն է, մյուս կեսը` գարնանամուտ: Այստեղ հյուրանոցները միշտ ծանրաբեռնված են, բայց ինձ նման մեկի համար հյուրանոցի համար գտնելը դժվար չէ, որովհետեւ իմ ուզածը ընդամենը «single room» է, այսինքն` մի տեղանոց սենյակ. Վիսբադենը մենակների քաղաք չէ, եւ այստեղ չզբաղված «single room»-երի առատություն է:
Այս հյուրանոցը ոչ թե ես գտա, այլ ինքը ինձ գտավ. եվրոպական իմաստով սա փոքր հյուրանոց էր` 30-35 սենյակով, ընդամենը երկու հարկանի: Շենքը կազմված էր հին եւ նոր մասերից. մուտքը, նախասրահը, ադմինիստրատիվ հատվածը եւ վեց սենյակներ երկրորդ հարկում. սա շենքի հին հատվածն էր: Իսկ նրա ետեւում թաքնվել էր նորակառույց հատվածը, որտեղ գտնվում էին ռեստորանը, բիլիարդի սրահը, փակ լողավազանը, շոգեբաղնիքը եւ բազմաթիվ սենյակներ երկրորդ հարկում: Նորակառույցը իսկապես թաքնվել էր հին շենքի ետեւում, որովհետեւ երբ նայում էիր հյուրանոցի ֆասադին, երեւում էր միայն ինքը ֆասադը, եւ եթե անգամ նրա ետեւում թաքնված նորակառույցը կիլոմետրերով երկար լիներ, ֆասադի ինքնությանը, հնությանը, հմայքին ոչինչ չէր սպառնա: Ֆասադը բաց էր նաեւ փողոցի կողմից. նրանց միջեւ միայն բծախնդրորեն մշակված սիզամարգ կար: Իսկ ահա մյուս երեք կողմերից շենքը օղակված էր թավ ծառաշարով, որ ընդհատվում էր միայն շենքի ետեւում գտնվող ամառային լողավազանին եւ թենիսի գրունտե կորտին տեղ տալու համար:
Ուշադիր հայացքը միանգամից կնկատեր, որ այս շենքում ինչ-որ ռոմանտիկ բան կա. անկեղծ ասած, ես սկզբում դա չնկատեցի, չնայած հյուրանոցի ոճը շատ գրավիչ էր ինձ համար:
Ինձ սենյակ հատկացրին հին հատվածում. անունն էր հին, ամեն ինչ համապատասխան էր նոր ժամանակներին:
Ֆրաու Էլիզաբեթին առաջին անգամ տեսա դիմացի սենյակից դուրս գալիս. մեր հայացքները հանդիպեցին, եւ նա, մեղմ ժպտալով, բարեւեց ինձ: Նրա մազերը խնամքով հարդարված էին, բնականին հնարավորինս մոտ գույնով ներկված: Հագնված էր համեստ, բայց վայելուչ: Հագին պիջականման ինչ-որ բան կար, որի վրա փայլում էր կրծքազարդ մի վարդ: Առինքնող հայացք ուներ այդ կինը...
Ֆրաու Էլիզաբեթը 85-90 տարեկան տատիկ էր:
Հաջորդ առավոտյան նրան տեսա նախաճաշի ժամանակ ռեստորանում: Նա նախաճաշում էր մոտ 50 տարեկան մի սիրունատես տիկնոջ եւ խնամված բեղերով մի թիկնեղ, մոտ 60-ամյա մի տղամարդու հետ:
Ես ավարտեցի նախաճաշս ու վեր կացա: Ֆրաու Էլիզաբեթի հետ նստած պարոնը ինձ հետ զուգահեռ վեր կացավ, մետաքսե անձեռոցիկով նրբորեն մաքրեց բերանը եւ մոտեցավ ինձ.
- Դուք մեր նոր այցելուն եք, այնպես չէ՞. հուսով եմ` լավ եք տեղավորվել,- ժպտալով ինձ դիմեց նա:
- Այո, շնորհակալ եմ, ամեն ինչ շատ լավ է:
- Առաջին անգա՞մ եք մեր հյուրանոցում:
- Նաեւ Վիսբադենում, նաեւ Գերմանիայում:
- Welcome, իսկ ինչպե՞ս գտաք մեզ:
- Գարեջրատանը բուկլետներ կային. ձեր հյուրանոցի տեսքը շատ գրավիչ է: Դուք տնօրե՞նն եք...
- Տնօրենը եւ սեփականատերը մեկ անձի մեջ. Էռնստ,- ձեռքը ինձ մեկնելով` ասաց նա:
Մենք ծանոթացանք, կարճ զրույցից իմացա, որ պարոն Էռնստի հետ նախաճաշող կանանցից մեկը նրա կինն է, մյուսը` մայրը` ֆրաու Էլիզաբեթը:
- Դեռ կհանդիպենք,- հրաժեշտ տալով` ասաց պարոն Էռնստը:
Ռեստորանից դուրս եկա դեպի բակ. ինչ-որ մարդիկ ծառուղու երկայնքով սեղաններ էին շարում. գարնանային սեզոնը լիարժեք բացվում էր: Ճաշեցի հենց այդտեղ` բացօթյա: Ապա մի քիչ շրջեցի քաղաքում, մի քիչ լող տվեցի ներսի լողավազանում, մի քիչ ինտերնետում քչփորեցի, հեռուստացույցի առաջ աչքս կպավ: Երբ արթնացա, արդեն երեկոյանում էր: Պատուհանից տեսա, որ մարդիկ քայլում են հյուրանոցը օղակող պուրակում: Որոշ ժամանակ անց ես էլ իջա:
Պարոն Էռնստը նույնպես ճեմում էր պուրակում. նա հերթով մոտենում էր իր հյուրանոցի զբոսնող բնակիչներին, հարցնում նրանց որպիսությունը, ջերմ ժպտում նրանց:
Վերջապես իմ հերթն էլ հասավ.
- Շատ լավ հյուրանոց ունեք, պարոն Էռնստ. հանգիստ քաղաք, ընդարձակ, ճաշակով հարդարված տարածք, հոյակապ շենք. հաճելի բիզնես է, կարճ ասած:
- Իրավացի եք: Սա ինձ համար ոչ այնքան բիզնես է, որքան արձակուրդ, հանգիստ: Սա իմ բնօրրանն է, իմ ծագումը,- ասաց պարոն Էռնստը:
Նրա խոսքերի իմաստը ես սկզբից լավ չհասկացա, բայց հետագա զրույցի ընթացքում շատ բան պարզ դարձավ:
Պարզվեց` պարոն Էռնստը Մայնի Ֆրանկֆուրտում մեծ հրատարակչություն ունի, որը հիմա կառավարում է Կուրտը` նրա որդին: Երբ զգացել է, որ որդին կարող է իր ուսերին վերցնել այդ բեռը, ինքը որոշել է անցնել վաստակավոր հանգստի` ստանձնելով հյուրանոցի կառավարիչի դերը: Հյուրանոցը, ավելի ճիշտ` նրա հին հատվածը, նա գնել էր 70-ականների կեսերին: Ապա ներդրումներ էր արել, մինչեւ որ այն հասցրել էր այսօրվա վիճակին: Երկու տարի առաջ տեղափոխվել էր այստեղ: Հյուրանոցի աշխատակազմի աշխատանքը հասցված էր մեխանիզմի ճշգրտության, եւ պարոն Էռնստին այլ բան չէր մնում, քան այցելուների հետ ջերմ զրույցներ ունենալը եւ իր մարդկային հմայքով նորանոր այցելուներ գրավելը: Զգացվում էր, որ շատ այցելուներ առաջին անգամ չէին այստեղ:
Սովորաբար պարոն Էռնստը երկար չէր զրուցում այցելուների հետ: Բայց քանի որ ես մենակ էի եւ հետաքրքրված իր հյուրանոցով, ինձ համար բացառություն արեց.
- Սուրճ ուզո՞ւմ եք, ես հյուրասիրում եմ,- առաջարկեց նա:
- Շնորհակալ եմ, հաճույքով:
Մենք նստեցինք բացօթյա սեղաններից մեկի շուրջ: Պարոն Էռնստը սուրճի հետ նաեւ սիգար խնդրեց (ես սիգարից հրաժարվեցի) ու հընթացս պատմեց իր զարմանալի պատմությունը:
Նրա հայրը զոհվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում, որին մասնակցել էր որպես հիտլերյան բանակի շարքային:
Ֆրաու Էլիզաբեթի հետ նա ամուսնացել էր 1944 թվականին` ռազմաճակատում ստացած կարճ արձակուրդի բերումով Վիսբադեն վերադարձած ժամանակ: Էռնստը (պարոն Էռնստը հոր անունն էր կրում) ռմբակոծությունից հետո ավերված էր գտել իրենց տունը, ծնողներին էլ էվակուացրած էին եղել անհայտ ուղղությամբ:
Շուտով նա հանդիպել էր Էլիզաբեթին, որին ծանոթ էր եղել դպրոցական տարիներին. աղջիկն էլ մենակ էր եղել. մայրը մահացել էր, իսկ հայրը գտնվելիս էր եղել համակենտրոնացման ճամբարում:
Նրանք սիրել էին իրար, որոշել էին ամուսնանալ եւ ամուսնացել էին: Բայց շուտով ռմբակոծությունից փլվել էր նաեւ Էլիզաբեթենց տունը, որտեղ տեղավորված են եղել նորապսակները, եւ որոշ դեգերումներից հետո նրանք ապաստանել են մի պանսիոնում. մեր հյուրանոցի հին շենքն էր այդ պանսիոնը:
Էռնստն ու Էլիզաբեթը իրար հետ ապրել են երկու շաբաթ, որի մեծ մասը` այդ պանսիոնում: Երկու շաբաթից Էռնստը մեկնել է ռազմաճակատ եւ չի վերադարձել:
Ինն ամիս անց ծնվել է պարոն Էռնստը: Էլիզաբեթը գտել էր իր ամուսնու ծնողներին եւ իր որդու հետ դարձել խեղճ մարդկանց միակ մխիթարանքը: Ավելի ուշ պարզվել էր, որ Էլիզաբեթի հայրն էլ է մահացել համակենտրոնացման ճամբարում:
Սկեսրայրի եւ սկեսրոջ մահվանից հետո Էլիզաբեթը իրեն ամբողջովին նվիրել է միակ որդուն` պարոն Էռնստին: Վերջինս բարեհաջող կրթություն է ստացել, ամուսնացել ֆրաու Լուիզայի հետ: Նրանք երկու զավակ են ունեցել` Կուրտը, որի մասին արդեն ասել եմ, եւ Էլիզաբեթը, որը նույնպես ապրում էր Ֆրանկֆուրտում եւ տատի նման անգլերեն եւ ռուսերեն էր դասավանդում տեղի համալսարանում:
Թե՛ Կուրտը, թե՛ Էլիզաբեթը ամուսնացած էին, եւ պարոն Էռնստը արդեն երեք թոռնիկ ուներ: Պարոն Էռնստը բնակարան ուներ նաեւ Վիսբադենում` հյուրանոցից ոչ հեռու: Բայց ինքն ու ֆրաու Լուիզան հաճախ գիշերում էին այստեղ: Նրանց զավակներն իրենց ընտանիքների հետ հաճախ էին լինում հյուրանոցում: Այն իսկապես նրանց ընտանեկան օրրանն էր: Պարոն Էռնստը այն գնել էր հանուն հոր հիշատակի:
Ֆրաու Էլիզաբեթը գրեթե միշտ հյուրանոցում էր ապրում. այն նույն սենյակում, որտեղ անցկացրել էր իր ամուսնու հետ ապրած 2 շաբաթվա մեծ մասը եւ հենց այստեղից էր նրան ճանապարհել ռազմաճակատ:
#18
Posted 05 July 2008 - 04:10 PM
Այն պահից ի վեր, երբ պարոն Էռնստը պատմեց իրենց ընտանիքի պատմությունը, Ֆրաու Էլիզաբեթը տիրեց իմ մտքին: Ես անընդհատ մտածում էի նրա մասին, ուզում էի հասկանալ, ուզում էի թափանցել նրա պատմության, նրա կյանքի ու կենսագրության խորքերը: Պարոն Էռնստը ինձ պատմեց մի պատմություն, որը կանգնած է մի փխրուն կնոջ ուսերին: Կինը այդ պատմության մեջ մեզ ներկայանում է գրեթե որպես սուրբ: Բայց նա պատմությունը անողի մայրն է. ինչքանո՞վ կարող է օբյեկտիվ համարվել նրա պատումը: Ֆրաու Էլիզաբեթը իր զոհված ամուսնու հետ ապրել է ընդամենը երկու շաբաթ: Այդ երկու շաբաթվա կյանքը նրան տվել է երեխա, որը ծնվել է պարտված երկրի ավերված քաղաքում: Այդ երեխային նա իր արգանդում պահել է հաղթահարելով սովի, ռմբակոծությունների, մենակության, հուսալքության մղձավանջը: Այս ամենին ավելացել է հոր մահվան մասին ուշացած լուրը. հայրը մահացել է համակենտրոնացման ճամբարում: Ամուսնու զոհվելու մասին լուրը պետք է, որ քանդեր, ավերեր ամեն ինչ:
Բայց ի՞նչ ենք մենք իմանում. այս դեռատի մայրը սպասելով իր ամուսնու էվակուցված ծնողների վերադարձին` գտնում է նրանց ու ձեւավորում ետպատերազմյան մի դժբախտ ընտանիք:
Էռնստի ծնողներին հեշտ չպիտի լիներ համոզել , որ այս հյուծված աղջիկը ու նրա երեխան իրենց որդու ընտանիքն են: Բայց ֆաշիստական կարգապահությունը այստեղ անում է իր սակավաթիվ բարի գործերից մեկը. փաստաթղթերը վկայում են, որ ամեն ինչ ճիշտ է, որ աղջիկը ամուսնացել է զինվոր Էռնստի հետ, եւ որ նպաստ է ստանում որպես ճակատայինի կին, ապա եւ այրի: Ահա եւ փոքրիկի ծննդյան վկայականը` նա կրում է այս հյուծված, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած ամուսինների զոհված որդու անունը եւ ազգանունը:
Սա ցնցում է, ամպրոպ, կայծակ, էլէկտրաշոկ, որ մահամերձին ետ է բերում կյանքի… Իրենց Էռնստը կենդանի է, իրենց Էռնստը չի զոհվել, եւ իրենց առաջ կանգնած է ինքը` Աստվածամայրը, որ հարություն է տվել իրենց միակին: Էլիզաբեթը կենդանացնում է նրանց, կենդանացնում է, որ նրանք դառնան իր եւ իր որդու նեցուկը, հող դառնան իրենց ոտքերի տակ: Եւ նրանք դառնում են այդ հողը, նրանք պաշտում են էլիզաբեթին` իրենց ծանոթ բժշկի աղջկան, որի գոյությունը երկրագնդի վրա նախկինում երբեք իրենց համար կարեւոր չի եղել:
Այս իրավիճակում էլիզաբեթը ընդհատված ուսումնառությունը շարունակելու շանս է ստանում եւ նա օգտագործում է այդ շանսը: Նա դառնում է Մայնի Ֆրանկֆուրտի (որը Վիսբադենից 40-45 կիլոմետր է հեռու) հսմալսարանի դասախոս. նա դասավանդում է անգլերեն, ռուսերեն, ռուս գրականություն:
Բայց նա վաղուց արդեն հյուծված եւ անօգնական աղջիկ չէ. նա պետք է որ շատ գեղեցիկ եղած լինի: Պետք է որ փարթամ մարմին ունեցած լինի… Մենք արդեն գիտենք, որ նա չի ամուսնացել:
Մի՞թե դու սուրբ ես ֆրաու Էլիզաբեթ: Մի՞թե դու չես վայելել թաքուն սիրո հաճույքները, մի՞թե երկշաբաթյա ամուսնությունը պարպել է քո գեղեցիկ մարմնի կրքերը, մի՞թե դու չես տրվել գայթակղությունների: Կամ` ինչո՞ւ գայթակղությունների. մի՞թե դու այլեւս երբեք չես սիրել, մի՞թե քո կյանքում չի եղել մեկը, որ արժանի լիներ դառնալ քո առինքնող հայացքի տիրակալը, մի՞թե, գրողը տանի, դու չես ունեցել այդպիսի մեկի կարիքը:
Ֆրաու Էլիզաբեթը իմ մտքում բազմաթիվ հարցեր էր հարուցում, ինձ բազմաթիվ հանելուկներ առաջադրում: Ես չէի կարողանում ազատվել այդ մտքերից, լուծել այդ հանելուկները:
Այդ օրը ես նրան նորից տեսա իր N1 սենյակը մտնելիս: Նա նույն ժպիտով ինձ բարի գիշեր մաղթեց: Ես փորձեցի բռնել նրա կարճ հայացքը, դրա խորքերում գտնել ինձ տանջող հարցերի պատասխանը… բայց նրա հայացքում միայն անդորր կար, հանդարտություն, անսասան հանդարտություն…
Առավոտյան նա նորից նախաճաշում էր որդու եւ հարսի հետ: Ես նստել էի այնպես, որ անընդհատ տեսնեմ նրան: Մենք մեկ-երկու հայացք եւ ժպիտ փոխանցեցինք. ա~խ որքան սիրելի է նրա հանդարտությունը եւ որքան առեղծվածային…
Բայց ի՞նչ է հետաքրքրում ինձ` եւ ինչու. մի՞թե որեւէ բան կփոխվի եթե նա կյանքում մեկ-երկու անցողիկ հրապուրանք ունեցած լինի, մեկ-երկու վաղանցիկ կապ…
մարդկային առումով ոչինչ չի փոխի, բայց հոգեւոր առումով շատ բան. Ես ուզում էի հասկանալ` սո՞ւրբ է այս կինը, թե ոչ: Մի պարագայում նա կլինի սուրբ, մյուս պարագայում` ոչ…
Բայց մի՞թե սուրբ չեն այն մայրերը, որոնք ստիպված են իրենց երեխաների ապրելու իրավունքը վաստակել մի կեղտոտ փողոցի կեղտոտ անկյունում իրենց մարմինը վաճառելով…
Մի՞թե սուրբ չէ Մարիամ Մագդաղենացին, որի անունով Փարիզի կենտրոնում մի հոյակերտ տաճար է կոչվում եւ որին խոնարհվում են միլիոնավոր մարդիկ…
Մի՞թե սուրբ չէ Մարթան` այն բրազիլացի աղջիկը, որը ստիպված էր թոքախտավոր հորն ու սովյալ ընտանիքին փրկելու համար վաճառել իր կուսությունը…
Մի՞թե Էլիզաբեթը չէր կարող ստիպված լինել հանուն իր երեխայի փրկության զվարճացնել կոալիցիոն զինվորներին: Եւ ի՞նչ տարբերություն կլիներ այդ երկու Էլիզաբեթների միջեւ: Կլինե՞ր արդյոք տարբերություն: Արդյոք փողոցի անկյունում կանգնած Էլիզաբեթը կյանքի մայրամուտին կունենար այսպիսի հանդարտ հայացք. իսկ ինչու ոչ: Մի՞թե Մարիամ Մագդաղենացու հայացքը խաղաղ չի եղել մահվանից առաջ. գուցե սա ապաշխարանքի՞ բերած անդորր է, ապաշխարանքի՞ բերած հանդարտություն:
Գուցե դա այս հպարտ երկրի` Գերմանիայի՞ տված հանգստությունն է, այս չքնաղ հյուրանոցի ՞, հզոր հրատարակչատա՞ն, ապահով ու հարուստ ծերությա՞ն…
Գուցե դա ոչ թե հանգստություն է այլ դիմա՞կ, լկտի եւ խաբեբա դիմա՞կ. բայց միթե դիմակը կարող է այդքան բնական, այդքան առինքնող լինել…
Գուցե Էլիզաբեթը ուղղակի խելացի՞ է, հաջողա՞կ: Բայց մի՞թե հաջողակ կարելի է համարել այն աղջնակին, որը իրեն թույլ է տվել ամուսնանալ ավերված ու ռմբակոծվող քաղաքում, իրեն թույլ է տվել հղիանալ եւ հղիությունը, ապա եւ նորածին մանկիկին քարշ տալ ավերակների մեջ:
Ես փակուղու մեջ եմ: Կպարզե՞մ արդյոք այս առեղծվածը, երբեւէ կգտնե՞մ արդյոք ինձ տանջող հանելուկների պատասխանը: Արդյոք այդ պատասխանները հասու են մարդկային մտքին ու բանականությանը…
Ինչո՞ւ այս կնոջ մեջ այսքան կյանք կա եւ այսքան հպարտություն: Մի՞թե այս կինը երբեք չի ցանկացել, որ մի ինչ-որ ուժեղ ձեռք գրկի իրեն եւ ինքը լացի, շարունակ լացի, անընդհատ լացի այդ գրկում եւ մխիթարանք գտնի այդ գրկում, հեշտանք գտնի այդ գրկում: Ինչո՞ւ եք ինձ այդպես տանջում ֆրաու Էլիզաբեթ, իմ թանկագին ֆրաու Էլիզաբեթ…
Ես հիշեցի մի բանաստեղծություն, որ չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել, ո՞վ է այն գրել, եւ ինչու եմ, գրողը տանի, անգիր հիշում այդ բանաստեղծությունը, եւ ինչու այն հիշեցի հիմա.
Ես ձեզ հպվում եմ. դուք այդ ըզգո՞ւմ եք:
ես ձեզ ըզգում եմ, դուք ինձ հպվում եք,
Ու կարեւոր չէ` ես ձեզ, թե դուք ինձ:
Կարեւորն այն է, որ երկու անհատ,
Մեկը մյուսին լինելով անհայտ
Իրար հպվում են ու դա չեն հերքում
Կարծես ըզգալով մի հաճույք թաքուն,
Կարծես ըզգալով պահանջը մոլի
Ինչ-որ կողակցի, ինչ-որ հպվողի:
Մենակ են նրանք ու չունեն հաստատ
Տանն ինչ-որ մեկի, որ հպվեն հաստատ,
Ու հետո գրկեն լուռ ու համարձակ
Ու հետո սիրեն սիրով սանձարձակ…
Ու ես զգում եմ , որ փնտրել եմ ձեզ.
Ոչ թե գրկելու համար սիրակեզ,
Այլ զուտ հպվելոը համար, զգալու,
Ինքս ինձ դարձյալ ապացուցելու,
Որ ընդունակ եմ դեռեւս զգալ…
Ու կարեւոր չէ` ո՞ւմ եմ փնտրել ես
Ինչ-որ ուրիշի՞, թե ձեզ հատկապես:
Կարեւորն այն է, որ երկու անհատ
Իրար հպվում են ու դա չեն հերքում
Կարծես զգալով մի հաճույք թաքուն…
#19
Posted 05 July 2008 - 04:11 PM
Զանգեցի Ֆրեդին: Նա ասաց, որ Կետի հայրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով արդեն Լոզանում է: Նրանց հանդիպումը երկուստեք պետք է որ ծանր փորձություն եղած լինի. Ֆրեդը ասաց, որ ինքն իրեն պահում է մեղավորի պես, իսկ Կետի հայրն էլ զուսպ եւ սառը պահվածքի տեր մարդ է: Սա երեւի այն առավելագույնն է, ինչ կարելի է ակնկալել այս իրավիճակում:
Ֆրեդը թաղման կոնկրետ օր չէր կարող ասել, բայց խնդրեց վեց օրից լինել Էդինբուրգում: Եթե վաղը արագընթաց գնացքով մեկնեմ Էմդեն, այնտեղից էլ` նավով Էդինբուրգ, կհասցնեմ ճիշտ ժամանակին, գուցե մի փոքր շուտ: Հյուրանոցի գործավարին խնդրեցի պատվիրել ինձ անհրաժեշտ բոլոր տոմսերը, հետո միտքս դարձյալ կենտրոնացավ ֆրաու Էլիզաբեթի վրա. «Ես պետք է զրուցեմ նրա հետ»,- ասում էի ինքս ինձ, եւ, չգիտեմ ինչու, նման զրույցը ինձ կենսական անհրաժեշտություն էր թվում:
Իջա նախասրահ, շրջեցի պուրակում` նրան ոչ մի տեղ չտեսա: Որոշեցի գնալ որեւէ գարեջրատուն` ճաշելու: Վերադարձա հյուրանոց, բայց էլի ֆրաու Էլիզաբեթին որեւէ տեղ չտեսա: Բարձրացա սենյակ, ետճաշյա քուն մտա: Արթնացա երեւի մեկ ժամից եւ պատուհանից տեսա, որ ֆրաու Էլիզաբեթը քայլում է հարսի հետ: Նրա հագին մանուշակագույն ժակետ կար, սեւ տաբատ եւ գրեթե սպորտային կոշիկներ:
Լվացվեցի, հնարավորինս կոկիկ հագնվեցի, իջա. նրանք հուշիկ ճեմում էին: Այնպես արեցի, որ նրանց դեմ-դիմաց հանդիպեմ. բարեւեցի, երկու մեղմ ժպիտ պատասխանեցին ինձ: Անցա մոտակա նստարաններից մեկին` նրանց տեսադաշտում պահելու համար: Նույնիսկ ծիծաղելի է. այսպես պատանիներն են հետապնդում իրենց սիրած աղջիկներին` սպասելով, թե նրանք երբ են մենակ մնալու...
Ահա նրանք նստեցին նստարաններից մեկին. այնպես ուշադիր էի հետեւում իրադրության անգամ ամենաաննշան փոփոխությանը, կարծես պատրաստվում էի փախցնել ֆրաու Էլիզաբեթին: Բայց իրավիճակը շարունակում էր աննպաստ մնալ իմ ծրագրի համար.
- Ա՛յ ախչի, դու լվացք, կեղտոտ ափսե, ուբորկա չունե՞ս,- քթի տակ կշտամբում էի ֆրաու Լուիզային, որը չէր պոկվում իր սկեսուրից:
Շուտով սկսեցի նյարդայնանալ, անգամ մտածում էի չսպասել, որ ֆրաու Էլիզաբեթը մենակ մնա: Բայց եւ գիտեի` երրորդ անձի ներկայությամբ խոսակցություն չէր ստացվի:
Ես պետք է նրա հետ խոսեի, ես չէի կարող Վիսբադենից հեռանալ` առանց նրա հետ զրուցելու...
Ի վերջո սպասումներս արդյունք տվեցին. մատուցողներից մեկը մոտեցավ նրանց, ինչ-որ բան ասաց, եւ ֆրաու Լուիզան հեռացավ` ֆրաու Էլիզաբեթին մենակ թողնելով: Նստարանները շարված էին արահետի հենց պռնկի երկայնքով, եւ եթե ես ուղղակի քայլելիս լինեի, պիտի անցնի ֆրաու Էլիզաբեթից մեկ մետր հեռավորությամբ:
Հասա նրան. տեսնելով, որ ժպտում եմ իրեն, ինքը սկսեց խոսել.
- Ինչպե՞ս եք ձեզ զգում այստեղ,- հարցրեց նա:
Ես արդեն բաց չէի թողնի նրան.
- Շատ լավ, շնորհակալ եմ, շատ լավ... Պարոն Էռնստը ինձ պատմեց այս հյուրանոցի պատմությունը, ձեր պատմությունը. շատ հուզիչ է, շատ գեղեցիկ...
Ֆրաու Էլիզաբեթը զարմացավ.
- Տարօրինակ է, որ նա ձեզ պատմել է. մեր մտերիմներից շատերը այդ պատմությունը չգիտեն,- ասաց նա:
- Նման բաները պատմվելու կարիք են զգում, բայց մարդը միշտ կասկածում է` արժե՞ արդյոք գաղտնիքը բացել նրանց համար, ովքեր մշտական շփման մեջ են: Ավելի հեշտ է հոգու գաղտնիքը վստահել օտարականին. դա նույնն է, թե երազդ պատմես հոսող ջրին:
Ես ամեն կերպ փորձում էի տպավորություն գործել ֆրաու Էլիզաբեթի վրա, եւ իմ վերջին միտքը հասավ նշանակետին.
- Դուք խելացի երիտասարդ եք երեւում,- ասաց նա, եւ ես, հաջողությունից ոգեւորված, նրա հետ մի քիչ նստելու թույլտվություն խնդրեցի:
Իմ այդ ցանկության մեջ ֆրաու Էլիզաբեթը ոչ մի տարօրինակ բան չտեսավ, եւ ես տեղավորվեցի նրա կողքին: Այնքան թեթեւ էր Վիսբադենի օդը, այնքան մատչելի, որ կարելի էր խեղդվել նրա առատությունից:
- Գիտե՞ք, ֆրաու Էլիզաբեթ, դուք ինձ շատ եք հիշեցնում իմ տատիկին,- ասացի ես:
- Նա արդեն երկնքո՞ւմ է,- հարցրեց ֆրաու Էլիզաբեթը. այս տարիքի մարդիկ թերեւս խուսափում են «մահ» բառը օգտագործել:
- Ես չէի հավատում, որ նա կմահանա. համենայնդեպս` ո՛չ այդ ժամանակ:
Ֆրաու Էլիզաբեթը հարցական հայացքով նայեց ինձ.
- Ես պայմանավորվել էի Աստծո հետ...
- Ահա թե ի~նչ,- ժպիտը հազիվ զսպելով` ասաց նա:
- Այո, այո. տատիկս շատ վաղուց ծանր հիվանդ էր, եւ ես մոմ վառեցի ու Աստծուն խնդրեցի, որ երկարացնի նրա կյանքը, առողջացնի նրան եւ ապրեցնի գոնե մինչեւ 2005 թվականը: Չգիտեմ էլ` ինչու հենց 2005 թվականը. այն ժամանակ ես փոքր տղա էի, եւ դա ինձ համար մի հեռավոր տարեթիվ էր թվում: Այդ պահին ինձ թվաց, թե մենք պայմանավորվեցինք Աստծո հետ: Դա 89 կամ 90 թվականն էր: Ամեն ինչ վկայում էր, որ պայմանը կնքված է. տատիկս հրաշքով ոտքի ելավ: Տարիքը, իհարկե, իրենն ասում էր, բայց նա կենսունակ էր, հոգում էր մեր հոգսերը, պատրաստում աննկարագրելի համով ճաշեր, աննկարագրելի համով թթու դնում. կարճ ասած` չէր թերանում իր ենթադրյալ պարտականություններից որեւէ մեկում: Նա, իհարկե, երբեմն հիվանդանում էր, բայց դա երկար չէր տեւում, եւ ամեն ինչ շատ լավ էր:
Եւ որքա~ն էր նա սիրում իր զավակներին, իր թոռներին եւ ինձ` թոռներից ամենակրտսերին: Նա միշտ անհանգստանում էր բոլորիս համար. հանկարծ չհիվանդանան, հանկարծ չմրսեն, հանկարծ սոված չմնան, հանկարծ մի փորձանքի չգան:
Կյանքն էր նրան ստիպել անհանգստանալ. պապիկս պատերազմում զոհվել էր` տատիկիս խնամքին թողնելով երեք մանկահասակ երեխաների: Ընդ որում` պապիկս կամավոր էր մեկնել ռազմաճակատ. նա պաշտոնյա էր եղել եւ զորակոչի ոչ ենթակա, բայց հրաժարվել էր այդ արտոնությունից:
Տատիկս անմռունչ տարել էր իր ճակատագիրը, չարքաշ աշխատանքով մեծացրել իր զավակներին եւ արժանացել շրջապատի աներկբա հարգանքին եւ ակնածանքին:
Նա դժվար կյանք էր ապրել, բայց չէր դժգոհում ճակատագրից. միայն մի պարգեւ էր ակնկալում անբասիր ապրած լինելու դիմաց` մահանալ նույնքան արժանապատիվ, որքան ապրել է: Ձեռքից ու ոտքից չընկնել, զառամախտի երես չտեսնել, չմնալ ուրիշների` թեկուզ հարազատ ուրիշների խնամքի հույսին: Կարճ ասած` մինչեւ կյանքի վերջին վայրկյանը ունենալ հստակ միտք:
Տարիներն անցնում էին, եւ Աստծո հետ ունեցած իմ պայմանավորվածությունը գործում էր: Ես արդեն հեռացել էի իմ ծննդավայրից եւ ապրում էի մայրաքաղաքում, բայց հայրենի տուն այցելելու ոչ մի առիթ, ոչ մի հնարավորություն բաց չէի թողնում: Իմ այցերը նրան անասելի ուրախություն էին պատճառում: Հետագայում արդեն նրան անասելի ուրախություն էր պատճառում շփումը կնոջս եւ երեխաներիս հետ...
Ֆրաու Էլիզաբեթը կլանված լսում էր պատմությունս, զգում էի, որ դա նրա համար ձանձրալի չէ:
- Եւ ահա,- շարունակեցի ես,- երբ «պայմանագրի» ավարտին մնացել էր երեք տարի, նա հիվանդացավ: Կնոջս ու երեխաներիս հետ շտապեցի տեսության: Մեր ներկայությունը նրան աշխուժացրեց, կազդուրեց: Նա, ճիշտ է, հիվանդ էր, բայց դա նման էր այն սովորական անցողիկ հիվանդություններին: Մենք աշխատանքի էինք եւ վերադարձանք մայրաքաղաք: Մտածում էի առաջիկա հանգստյան օրերին նորից այցելել նրան: Ամեն օր, իհարկե, զանգում էի եւ իմանում, որ նա վատ չէ: Պարզվեց` առաջիկա ոչ աշխատանքային օրվա համար նախապես պլանավորված խնջույք կա: Չգիտեմ ինչու, այդ խնջույքին մասնակցելը ինձ կարեւոր թվաց: Իհարկե, ոչ այնքան կարեւոր, որքան տատիկի առողջությունը, բայց հիմա, ի վերջո, 2005 թվականը չէ: Սա շատ զորեղ փաստարկ դարձավ ինձ համար, եւ խնջույքն էլ շատ լավ ստացվեց: Ապա տեղի ունեցավ անսպասելին. գիշերային զանգը գուժեց նրա մահը...
Ես չկարողացա զսպել արցունքներս: Ֆրաու Էլիզաբեթը բռնեց ձեռքս, նա փորձում էր ինձ մխիթարել.
- Կարծում եմ` նա ներել է քեզ,- ասաց նա:
- Բայց ես ինքս չեմ կարողանում ինձ ներել. ես նրան լքեցի ամենադժվար պահին: Ես գիտեմ, որ նա մինչեւ վերջին վայրկյանը սպասել է ինձ:
Տարիներով կուտակված արցունքներս հորդում էին գետի նման: Ֆրաու Էլիզաբեթը իմ գլուխը դրեց իր ծնկներին: Զգացվում էր, որ նա ուզում է ինչ-որ բան ասել, բայց ոչինչ չէր գտնում ասելու: Ես հեկեկում էի, աղիողորմ հեկեկում: Ֆրաու Էլիզաբեթը նրբորեն շոյում էր մազերս.
- Աստված ինձ պատժեց, ֆրաու Էլիզաբեթ, արդարացիորեն պատժեց: Ես մոռացել էի մի շատ կարեւոր հանգամանք. եթե մենք սիրում ենք որեւէ մեկին, եթե այդ մեկի ներկայությունը կարեւոր է մեզ համար, մենք պետք է այդ մասին անընդհատ վկայենք եթե ոչ մարդկանց, ապա Աստծո առաջ. սա մեր «պայմանագրի» կարեւոր կետերից մեկն էր, եւ ես խախտեցի այդ կետը:
Ես մի քիչ հանգստացա. բարձրացրի գլուխս, նայեցի ֆրաու Էլիզաբեթին. նրա աչքերում արտասուք չկար, նրա աչքերում այն նույն հանդարտությունն էր, նույն անդորրը...
#20
Posted 05 July 2008 - 04:12 PM
Ռեստորանի մուտքի մոտից զարմացած մեզ էր նայում պարոն Էռնստը: Շուտով նա կասկածող քայլերով մոտեցավ.
- Ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց նա:
- Այո, իհարկե, ուղղակի մի քիչ հուզվեցի, կներեք,- ասացի ես:
- Դու տակնուվրա ես արել տղայի հոգին,- կեղծ կշտամբանքով որդուն դիմեց ֆրաու Էլիզաբեթը: Պարոն Էռնստը կես բառից հասկացավ, թե ինչումն է բանը.
- Այդ դեպքում, ինձ այլ բան չի մնում, քան սեփական մեղքերը քավելու համար ձեզ թեյի հրավիրելը,- ասաց նա: Մենք հաճույքով համաձայնեցինք:
Ռեստորանի մուտքի մոտից զարմացած մեզ էր նայում պարոն Էռնստը: Շուտով նա կասկածող քայլերով մոտեցավ.
- Ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց նա:
- Այո, իհարկե, ուղղակի մի քիչ հուզվեցի, կներեք,- ասացի ես:
- Դու տակնուվրա ես արել տղայի հոգին,- կեղծ կշտամբանքով որդուն դիմեց ֆրաու Էլիզաբեթը:
Պարոն Էռնստը կես բառից հասկացավ, թե ինչումն է բանը.
- Այդ դեպքում, ինձ այլ բան չի մնում, քան սեփական մեղքերը քավելու համար ձեզ թեյի հրավիրելը,- ասաց նա: Մենք հաճույքով համաձայնեցինք:
Թեյի սեղանի շուրջ ի վերջո նաեւ ֆրաու Լուիզայի հետ զրուցելու առիթ ունեցա: Այդ փոքր-ինչ կոպիտ, բայց հմայիչ արտաքինով կինը մասնագիտությամբ բժիշկ էր եւ բողոքում էր, որ իրենց զավակներից ոչ մեկը իր հետքերով չգնաց.
- Հույսս թոռնիկներս են,- ասում էր նա:
- Բայց այն մեկը, որ պետք է բժիշկ դառնա, դեռ չի ծնվել,- կատակում էր պարոն Էռնստը:
Մի պահ ես ինձ ավելորդ զգացի այս ջերմ, ընտանեկան ներդաշնակության մեջ եւ, վեր կենալով, փորձեցի հրաժեշտ տալ նրանց.
- Դուք չե՞ք ուզում ինձ հետ զբոսնել, երիտասարդ,- ինձ համար անսպասելի հարցրեց ֆրաու Էլիզաբեթը:
- Ես չէի համարձակվում ձեզ նման առաջարկ անել, ֆրաու Էլիզաբեթ,- անկեղծորեն ասացի ես:
Նրանք ծիծաղեցին, ես` նույնպես:
Ես իմ ձեռքը առաջարկեցի ֆրաու Էլիզաբեթին, նա թեւանցուկ արեց, եւ մենք սկսեցինք քայլել այդ հրաշագեղ պուրակում, որը արդեն մարդաշատ էր:
- Դու ոչինչ չասացիր, տղաս, Աստված կատարե՞լ էր քո տատիկի ցանկությունը,- հարցրեց նա:
Ես պետք է կռահեի, որ իմ պատմության այդ հատվածը նրան ամենաշատն էր հետաքրքրում.
- Օ~, այո: Մահվանից երկու ժամ առաջ (դա կեսգիշերից անց էր եղել) նա վեր էր կացել անկողնուց, լոգանք ընդունել, հագել իր` մահվան զգեստները, այդպես պառկել անկողնու վրա ու այդպես մեկ ժամ անց մահացել` առանց ցավի ու տրտունջի:
- Փառահեղ ավարտ: Այդ իրավունքը պետք է վաստակել, հանուն դրա արժե շատ զրկանքներ կրել,- հառաչեց ֆրաու Էլիզաբեթը: Այս հառաչանքին հետեւեց լռություն: Ի վերջո ես խախտեցի այն.
- Գիտե՞ք, ֆրաու Էլիզաբեթ, ձեր կյանքը, նրա մանրամասները ինձ շատ են հետաքրքրում:
- Տատիկի պատճառո՞վ:
- Ոչ այնքան, ավելի ճիշտ` ոչ միայն: Կա նաեւ մեկ ուրիշը:
- Մեկ ուրի՞շը. ո՞վ է նա:
- Ես նրան չեմ ճանաչում ու անունն էլ չգիտեմ:
Ֆրաու Էլիզաբեթը ակնհայտորեն հետաքրքրվեց: Ես սկսեցի պատմել.
- Այդ ժամանակ ես նոր էի սկսել զբաղվել լրագրությամբ: Խմբագիրս ինձ հանձնարարեց լուսաբանել կառավարության շենքի մոտ տեղի ունեցող մի բողոքի ակցիա: Պարզվեց` բողոքում էին (ուզում էի ասել Ղարաբաղի, բայց վերջին պահին հասցրեցի շտկել) Կոսովոյի պատերազմում զոհված մեր զինվորների հարազատները: Չեմ էլ հիշում` ի՞նչ բնույթ էր կրում նրանց բողոքը, այսինքն` ի՞նչ էին պահանջում նրանք: Մի քանի սեւազգեստ կանանց մեջ առանձնանում էր 18-19 տարեկան` դարձյալ սեւազգեստ մի աղջիկ: Որոշեցի հենց նրանից ինչ-որ տեղեկություններ ստանալ, որ անհրաժեշտ էին` ռեպորտաժ պատրաստելու համար: Ինչ-որ հարց տվեցի, նա սկսեց պատասխանել: Բայց ես չէի լսում նրան. ես մտածում էի` ի՞նչ կապ կարող է ունենալ այս աղջիկը զոհված զինվորի հետ: Ի վերջո, երբ նա ավարտեց խոսելը, ես նրան վերջին հարցը տվեցի.
- Կներեք, դուք զոհվածի քո՞ւյր եք:
- Ոչ, ես զոհվածի այրի եմ,- ասաց նա:
Ես չէի հասկանում` ինչ է կատարվում: Այս ի՞նչ ցնորք է, այս ի՞նչ անհեթեթություն: Մի՞թե սա մղձավանջ չէ, մի՞թե սա իրականություն է:
Նույնիսկ չհարցրի նրա անուն ազգանունը: Փախա այդտեղից, խմբագրություն էլ չգնացի. ես ամաչում էի, որ ապրում եմ: Ողջ օրը ամայի տեղ էի փնտրում, կարծես ինքս ինձ ուզում էի թաքցնել աշխարհից, կարծես ուզում էի թաքցնել իմ ապրելու փաստը` որպես ամոթ, որպես խարան, որպես խայտառակություն...
Այդ դեռատի կնոջ դեմքը ես հիմա էլ եմ հիշում: Ժամանակ առ ժամանակ նա երազում հայտնվում է ինձ` այն նույն տեղում: Ես նրան հարցնում եմ` կներեք, դուք զոհվածի քո՞ւյր եք: Նա պատասխանում է` ոչ, ես զոհվածի այրի եմ: Ընդ որում` մի անգամ նա այս բառերն արտասանում էր խելագար ծիծաղելով, մյուս անգամ` ասես մեղադրանք է ներկայացնում:
Նա ինձ հանգիստ չէր տալիս, ի վերջո ես որոշեցի պատմվածք կամ վեպ գրել նրա մասին: Արդեն երկու կերպար, նախատիպ ունեի. մեկը այդ այրիացած աղջիկն էր, մյուսը` տատիկս: Բայց այդ ուղղությամբ մտածումներս ավելի շատ հարցեր էին հարուցում, քան պատասխաններ տալիս:Ի՞նչ է սպասում կյանքում այդ դեռատի կնոջը, ինչպիսի՞ն կլինի նա, երբ հասնի իմ տատիկի տարիքին, եւ կհասնի՞ արդյոք: Ի՞նչ իրադարձությունների, ապրումների միջով նա ստիպված կլինի անցնել, ինչպե՞ս կազդեն նրա վարքի եւ կյանքի վրա հոգեւորն ու մարմնականը, ինչպե՞ս նրան կվերաբերվեր միջավայրը, ինչպիսի՞ զգացմունքներ եւ ցանկություններ նա կունենար: Ես ինձ հաշիվ էի տալիս, որ հնարավոր են տասնյակ սցենարներ, բայց այդ սցենարներից որեւէ մեկը որքանո՞վ կլիներ անձի ընտրություն, որքանո՞վ միջավայրի պարտադրանք կամ հանգամանքների եւ իրավիճակի թելադրանք: Ես կարողանո՞ւմ եմ իմ մտքերը հասկանալի դարձնել, ֆրաու Էլիզաբեթ:
- Ես ձեզ հասկանում եմ, բայց լավ կլիներ` մի քիչ պարզեցնեիք:
- Տեսեք` այն այրիացած աղջիկը, իմ տատիկը, դուք ապրում էիք որեւէ կյանքով: Որքանո՞վ է ձեզանից յուրաքանչյուրի ապրելու կերպը ձեր անհատական ընտրության արդյունք եւ որքանո՞վ ավանդույթների, ճակատագրի, միջավայրի եւ հանգամանքների, այսպես ասած` հասարակական կարծիքի ազդեցության հետեւանք: Նկատի ունեմ` այդ դո՞ւք եք ընտրել, որ այդպես պետք է ապրել (անկախ նրանից, թե ինչպես եք ապրել), թե՞ ձեր փոխարեն որոշել է ճակատագիրը կամ ձեր միջավայրը կամ ձեր դաստիարակությունը կամ ձեզ իր մեջ ներառող հասարակության վերաբերմունքը...
Ֆրաու Էլիզաբեթը ծիծաղեց.
- Դուք որոշել եք գտնել այն հարցերի պատասխանը, որ մարդկությանը հետապնդել է գոյության օրից: Եւ հետո, այդ հարցը վերաբերում է յուրաքանչյուր անհատի, ինչո՞ւ եք դուք այդ օրինակը դիտարկում դեռատի այրիների օրինակով:
- Դեռատի այրին փիլիսոփայական հարցը հասկանալու ամենաուժեղ սիմվոլն է. նախ նորապսակ կողակցին, ամուսնուն կորցնելը ամենաավերիչ փլուզումն է, որ կարող է տեղի ունենալ հասուն մարդու կյանքում. դա նորից մարդու առաջ դնում է բազմաթիվ դիլեմաներ, որոնք լուծված էին թվում: Երկրորդ` չկա ավելի քնքուշ, փխրուն, երազող, ռոմանտիկ էակ, քան նորապսակ աղջիկը, եւ այդ փլուզման արդյունքում նա դառնում է լրիվ անպաշտպան: Իսկ այն, որ այդ ամենը նրա հետ տեղի է ունենում պատերազմի հետեւանքով, ընդգծում է այդ վիճակի գլոբալ, այսինքն` համամարդկային բնույթը: Իսկ փիլիսոփայական հարցը, խնդիրը հետեւյալն է. եթե այս ջախջախված, անպաշտպան, մոռացված էակը ի վիճակի է չտրվել հորձանքին, եթե նա ի վիճակի է ընտրություն կատարել, նշանակում է` Ազատությունը իրական եւ ոչ թե կեղծ արժեք է, նշանակում է` այն իսկապես Աստվածատուր արժեք է եւ ուրեմն նաեւ պաշտպանված է Աստծո կողմից... Նշանակում է` Ազատության զինվորը նաեւ Աստծո զինվորն է...
Ֆրաու Էլիզաբեթը ձեռքս իր ափի մեջ առավ, ապա խոսեց որոշ դադարից հետո.
- Երբ Էռնստի զոհվելու լուրն իմացա, դա ինձ համար իսկապես փլուզում էր: Ես դեռեւս ապրում էի վրանային մի հոսպիտալում, ուր եւ ծնվել էր իմ մանկիկը: Իմ քաղաքը ավերված էր, այնտեղ տիրապետություն էին հաստատել օտարերկրացիները: Այդ ժամանակ ես ճանաչեցի հուսահատությունը. բավական էր միայն նայել հայելիի մեջ:
Ես ինձ հարցնում էի. ինչո՞ւ նրա հետ ամուսնացա, չէ՞ որ գիտեի, որ ընդամենը երկու շաբաթից մեկնելու է ռազմաճակատ, գիտեի, որ պատերազմը վերափոխվել է գերմանացի զինվորների կոտորածի: Բայց այդ հարցը չէի տալիս` ինքս ինձ դատափետելու համար. ես ուզում էի համոզվել իմ իմացած պատասխանի ճշմարտացիության մեջ: Ես սիրեցի նրան, ամբողջ հոգով սիրեցի, եւ ինձ համար ակնհայտ դարձավ, որ այդ տղան երջանիկ լինելու երջանկության զգացմանը ծանոթ լինելու իմ միակ հնարավորությունն է, եւ ես կառչեցի այդ հնարավորությունից: Ես գիտեի, որ նույնը վերաբերում է նաեւ նրան, նույնը զգում էր նաեւ նա: Մեզ չէր հետաքրքրում ապագան, մենք ապրում էինք այսօրով: Մենք չգիտեինք` արդյո՞ք ապագա լինելու է:
Նա մեկնելու էր ռազմաճակատ, ես մնալու էի մի քաղաքում, որը շուտով պիտի դառնար ռազմաճակատ, եւ ռմբակոծվող այս քաղաքում իմ կենդանի մնալու շանսերը նույնպես մեծ չէին: Բայց ես կենդանի մնացի եւ լույս աշխարհ բերեցի նրա որդուն:
Այո, նրա զոհվելու մասին իմանալով` ես կա՛մ պետք է որոշումներ կայացնեի, կա՛մ էլ հանձնվեի ուրիշների, հանգամանքների քմահաճույքին: Եւ ես որոշեցի դժբախտ չլինել: Ինչ է նշանակում դժբախտ չլինե՞լ. ինձ համար դա նշանակում է ապրել այնպես, ինչպես ինքդ ճիշտ ես համարում, այնպես, որ ինքդ հաշտ լինես քո հետ, ապրել այնպես, որ ապրածդ ոչ թե ծանրանա ուսերիդ, այլ հեռացնի քեզ զղջումի բեռից:
Ես գիտեմ, ձեզ հետաքրքրում է` ինչու չեմ ամուսնացել. շատ պարզ պատճառով` Էռնստից հետո չեմ սիրել որեւէ մեկին: Ես նրան սիրեցի մի քանի հանդիպումից հետո, մեկ շաբաթում, բայց իմ կյանքի հետագա երկար ու ձիգ տարիները բավարար չեղան` որեւէ մեկին սիրելու համար: Եթե սիրեի, վստահ եղեք, կամուսնանայի, չեմ բացառում, որ համաձայնեի անգամ սիրուհու կարգավիճակին, եթե սիրեի: Բայց դա ինձ հետ տեղի չունեցավ, եւ ես, փաստորեն, ողջ կյանքում հավատարիմ մնացի իմ Էռնստին:
Ֆրաու Էլիզաբեթի ձայնը դողում էր, ինձ թվաց, թե արտասվում էր, բայց ես չցանկացա նայել նրա աչքերին: Նա շարունակեց.
- Չեմ ուզում ասել, թե հպարտ եմ դրա համար, չեմ էլ կարող ասել, թե ափսոսում եմ: Չեմ էլ բացառում, որ եթե Էռնստը եղած չլիներ, կամ ունեցած չլինեի փոքրիկին, ես սիրեի իմ շուրջ պտտվող տղամարդկանցից որեւէ մեկին: Բայց սա ենթադրություն է, միայն ենթադրություն: Հստակը այն է, որ ես հավատարիմ մնացի նաեւ իմ որոշմանը, ես դժբախտ չեղա Էռնստից հետո: Ավելին, ես ճանաչեցի այլ երջանկություն եւս: Ի վերջո, երջանիկ լինել չի նշանակում ամուսին կամ սիրեկան ունենալ. բազմաթիվ մարդիկ իրենց դժբախտ են զգում իրենց ամուսինների կողքին, շատ-շատերը շտապում են ազատվել նրանցից, ոմանք չեն կարողանում որոշում կայացնել: Շատ-շատերն էլ երջանիկ են իրենց կանանց կամ ամուսինների հետ: Բայց երջանկությունը ոչ թե ինքնին ինչ-որ բան ունենալն է կամ ինչ-որ բան չունենալը, այլ հասկանալը, թե ինչ ես անում եւ ինչու, ինչ չես անում եւ ինչու: Երջանկությունը մտքի, ոգու ցանկությունների եւ գործողությունների հաշտեցումն է: Դա անելու հնարավորություն ունենալը:
Ֆրաու Էլիզաբեթը լռեց, ես էլ ոչինչ չգտա ասելու: Շուտով ես նրան ուղեկցեցի իր N1 սենյակը` իր եւ Էռնստի սենյակը: Ես համբուրեցի նրա ձեռքը եւ բարի գիշեր մաղթեցի: Նա ինձ ժպտաց նույն հանդարտ ժպիտով:












