Posted 01 December 2007 - 02:29 PM
Թեմայից չշեղվելով
Իրերի դատն ու դատաստանը
Պարույր Սևակ
1.
Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ։
Եվ մենք դատում ենք ու դատավարում
Յուրաքանչյուր օր,նույնիսկ ամեն ժամ։
Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ։
Ես էլ եմ մտնում այդ ամենքի մեջ
ՈՒ դատավոր եմ նաև ես մի քիչ։
Եվ այսօր պիտի ես դատեմ ... մարդկա՞նց։
Ոչ, այսօր պիտի ես դատեմ իրեր
ՈՒ դատապարտեմ առարկաների։
Ահա ԱԹՈՌԸ։
Ունի բազմաթիվ այլ մականուններ։
(Դարեր շարունակ շատ է գործածվել,օրինակ գահը)։
Սա,ինչպես գիտեք, չորքոտանի է
Եվ չորքոտանի կոչվածների մեջ
ՈՒժեղագույնն է բոլորից՝
Վագրից ու փղից անգամ։
Մենք բարի եղանք
Կատվի և շան հետ
Սրան էլ մենք մեր տուն ընդունեցինք,
Որ մեզ ծառայի,
Ինչպես դարեդար (շնորհակալ ենք ) ծառայել են մեզ
Չորքոտանիներ եզը, ձին, ջորին
ՈՒ վերջիններիս ազգական էշը։
Բայց թշվառական այս չորքոտանին ՝
Աթոռ ասվածը,
Սա այնտեղ հասավ,
Որ մեզ, ներեցեք, էշի տեղ դրեց։
Աթոռ կոչվածը,ինչպես գիտեք դուք,
Նրա համար է,որ վրան նստեն։
Սակայն պարզվում է,
Որ սրա վրա նստողի վրա ինքն է նստում..
Սա, որ ծառա է
Եվ պարտավոր է ծառայել մեզ միշտ,
Մեզ է դարձրել իր անարգ ծառան,
Սա ,որ ծառա է ու դարձել է տեր,
Կդատվի իբրև ... չար ապստամբի՝
Այսինչ Օրենքի Այնինչ Հոդվածով։
Եվ այսուհետև պիտի ՝
Առաջին.
Աթոռ ասելիս հասկանանք վարակ
Եվ զգուշանանք ՝ ինչպես վարակից։
Ուստի և
Երկրորդ.
Աթոռից միշտ էլ զերծ պահել նրանց ,
Ում ինքը կյանքը դեռ չի սրսկել
Այն ախտականխիչ համապատասխան շիճուկով,
Որի մի ասեղն արժե ... մի բանտարկություն
Կամ մի այնպիսի…առաքինություն,
Որ ենթակա չէ առք ու վաճառքի։
Եվ այսուհանդերձ ՝
Երրորդ.
Ով նստեց Աթոռի վրա
(Կամ այլ կերպ գրավեց Աթոռ,
Կամ արժանացավ բարձր Աթոռի ),
Օրենքի ուժով պարտավոր է նա
Հիշել ,որ ինքը երկոտանի է,
Այն էլ ՝ բարձրագույն,
Եվ ոչ մի դեպքում իրավունք չունի
Վերստին դառնալ նոր չորքոտանի,
Առավել ևս ՝ չորքոտանու ճորտ։
Հակառակ դեպքում
Այս նույն ամբիոնից,
Այս նույն բերանով կհնչի արդեն
Այնինչ Օրենքի Այսինչ Հոդվածը։
2.
Հաջորդին բերեք։
Ինչպես տեսնում եք՝ սա մի գլխարկ է,
Եթե ավելի ճիշտ պիտի ասենք՝
Գլխարկի տեսակ։
Իսկ ահա սա էլ ,տեսեք,զգեստ է,
Իսկ առավել ճիշտ ՝ համազգեստ։
Տեսա՞ք։
Ուրեմն այսպես.
Այս զգեստի հետ
Ով որ դնում է գլխարկ այս տեսակ,
Նա դադարում է… և մտածելուց։
(Այստեղ կա փոքրիկ մի անճշտություն,
Որ կամենում եմ ինքս շտկել՝
Դատապաշտպանի խոսքը կանխելով։
Դատավարական իմ այս խոսքի մեջ,
Որտեղ որ պետք է,ինքներդ դրեք
Այնպիսի բառեր,որոնք մեր լեզվով
«Մեղմացուցիչ դեպք հանցանաց» կասվի,
Իսկ դասագրքում ՝ «միջանկյալ բառեր»։
Դրանք են ՝«ոմանք…շատերը…հաճախ…
Երբեմն…ցավոք…իհարկե…ոչ միշտ…»
Եվ բոլոր սրանց ազգականները)։
Դառնանք մեր գործին։
Ուրեմն այսպես.
Այս զգեստի հետ ով որ դնում է այստեսակ գլխարկ,
Նա դադարում է և մտածելուց։
Սակայն մի՞թե մեզ,ինչպես ասում են,
Պատիվ է բերում չմտածելը։
Եվ ճի՞շտ ենք անում ,
Երբ մեզ վարժում ենք չմտածելուն,
Ինչ է թե հանկարծ… սխալ չգործենք։
Նախ ՝
Այսպես վարվելն անարգանք է մեծ
Մեր Դատարանի և Իրավունքի հասցեին։Այո՛։
Ի՞նչ է ստացվում.
Եթե ոչ մեկը սխալ չգործի ,
Էլ ում մենք դատենք։
Եթե այդպես է ՝
ՈՒրեմն մենք դեմ ենք մեր… Դատարանին,
Մեր Արդարադա՛տ,
Նաև Անկաշա՛ռ,
Նաև Հարազա՛տ,
Ժողովրդական մեր Դատարանին,
Որովհետև մենք
Առանց սխալի չենք կարող ապրել։
Ինչպես չի կարող
Ավտոտեսուչը ՝ առանց վթարի,
Ծաղկավաճառը ՝ առանց մեռելի,
Եվ առևտրի ամե՛ն աշխատող ՝
Առանց ապրանքի անչափ պակասի։
Ու շատ շատերն էլ ՝
Առանց հենց ահա այս համազգեստի
Եվ այս գլխարկի,
Որ կախարդական գլխարկ է կարծես.
Դրեցի՛ր թե չէ ՝ էլ չես մտածում։
Իսկ ի՞նչ ստացվեց.
Որ կարելի է աշխարհում ապրել
Եվ առանց գլխի՞,
Միայն գլխարկո՞վ։
Չեղավ,ընկերներ,իսկապես չեղավ։
Ինչ ասել կուզե, որ մենք ՝
Օրենքի և Իրավունքի
Սպասավոր ու ծառաներս,
Ունենք Օրենքի պաշտամունք, Այո՛,
Բայց…պաշտոնապես ձեզ պիտի ասեմ,
Որ կույս Օրենքը բռնաբարում է
Ոչ թե հատուկենտ անձ-անհատների,
Այլ ՝ նաև ամբողջ ժողովուրդների։
Իսկ եթե այլ կերպ սա ձևակերպենք,
Բացառությունն է կուսություն խախտում,
Եվ դրանից է ծնվում
Մեր մանուկ Արդարությունը։
Եթե ոչ ՝ գիտե՞ք,թե ինչ կստացվի.
Երբ մենք արթուն ենք ՝ մեր խիղճն է քնած,
Երբ խիղճն է զարթնում ՝ մենք քուն ենք մտել…
Բայց վերադառնանք մեր կիսատ դատին։
Այսպես ուրեմն .
Անգլխարկ լավ է,
Սակայն անգլուխ… անկարելի է։
Ուստի մենք ,
Որ միշտ գլուխ ենք դատում,
Այսօր կդատենք նաև մի գլխարկ ՝
Այսինչ (առայժմ նույնիսկ Չգրված ) Օրինագծի
Այնինչ Հոդվածի Այդինչ Հատվածով։
Ա.. Այսուհետև համազգեստ հագնող ամեն ոք պիտի
Իր / այսպես ասենք / համագլխարկը դնելուց առաջ
Ասի հետևյալ մի քանի բառը ՝
Շուտասելուկի, ո՛չ աղոթքի պես.
«Գլխարկս գցեմ-գլուխս պահեմ,
Գլխարկս գցեմ-գլուխս պահեմ»։
Իսկ եթե հանկարծ սխալմամբ ասի ՝
«Գլուխս գցեմ - գլխարկս պահեմ»,
Կարող է այդօր նա տանը մնալ
Ու մինչև անգամ գործի չգնալ,
Եվ պիտի հաշվեն
Դա շատ հարգելի բացակայություն։
Բ. Դպրոցական համազգեստները խստիվ արգելել…
Այսօրվա համար ո՞վ մնաց։
3.
Ահա տեսնու՞մ եք,
Սա քառանկյունի մի թուղթ է,
Որին մենք թերթ ենք ասում
Եվ կամ լրագիր։
Սա հաղորդում է վատ ու լավ լուրեր,
Ճառեր ՝ բազմաթիվ,
Դիպվածներ ՝ սակավ,
Հայտարարություն ու դամբանական
Եվ եղանակի տեսություն ՝ վերջում,
Հենց խմբագրի ճակատից վերև…
Այս դեռ սկիզբն է մեղադրանքի։
Սրա հանցանքի և արդեն գործած
Մեղքերի երկար շարադրանքին
Անցնելուց առաջ հայտարարում եմ ընդմիջում՝ մինչև…
Ներեցեք մի պահ։
Մինչև ընդմիջում հայտարարելը
Իմ բարոյական պարտքն եմ համարում
Եվս երկու բառ ասել ըստ հարկի ՝
Նախ ձեզ դիմելով,
Իմ մեծապատիվ ատենակալներ։
Մեր ձեռքով սարքված
Իրերն իրավունք ունեն իշխելու,
Բայց ոչ մեզ վրա ։
Այսօր դատում ենք լոկ մի քանիսին։
Այսպես կդատենք բոլորին նաև՝
Մինչև հասկանան,
Որ մեր իսկ սարքած
Իրերն իրավունք չունեն իշխելու
Գոնե մեզ վրա։
Եթե Օրենքը,
Որ նմանապես մենք ենք ստեղծել,
Եթե օրենքն էլ իր լիներ,դիցուք.
Մինչև իսկ նրան մենք կդատեինք։
Զգուշացնում ենք.
Թող վախենա նա
Եվ չվերածվի անկենդան իրի,
Այսինքն՝ թող նա
Չհամարձակվի իր - ականանալ