12:20 Yerevan | 8:20 GMT | Saturday 30 August 2008
www.zhamanak.com
Մարինե Խառատյան
[indent] Մեր զրույցը ԵՊՀ դասախոս, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ է:[/indent] -Պարոն Ասատրյան, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե դպրոցներում ու բուհերում քարոզչությամբ են զբաղվում եւ հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանով զբաղվողների դեմ: Սա ո՞ւմ էր ուղղած, ըստ ձեզ, եւ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: - Նախ, օգտվելով առիթից, կցանկանայի շնորհավորել բոլոր երիտասարդներին ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ եւ հիշեցնել, որ գիտելիքը հարատեւ արժեք է, չարժի դատել այս պահի վիճակով, երբ կիսագրագետներն են ամենակարող, պետք է փորձել տեսնել վաղը, ապագան:
Ինչ վերաբերում է Ձեր հարցադրմանը` չեմ կարծում, որ վարչապետի հորդորները ուղղված լինեին, օրինակ, բուհերի ղեկավարության դեմ, որոնք, համարյա առանց բացառության, նախագահական ընտրություններից առաջ իրականացնում էին բաց քարոզչություն թեկնածուներից մեկի համար եւ կամ ԵՊՀ ղեկավարության դեմ, որն ինքնամոռաց բաժանում էր հայ համալսարանականների մտքի քստմնելի մի պտուղ` իբր Մոսկվայում տպագրված Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հերյուրանքներ պարունակող գրքույկ: Ավելին` գիտակցաբար թե անգիտակից նա մի նոր զենք է տալիս բուհերի ղեկավարներին` հաշվեհարդար տեսնելու համար անհնազանդների հետ, եւ պատկերացրեք, օրինակ, ԵՊՀ ռեկտորի քայլերը, որը իր բուն բանուգործը թողած` մասնակցում էր Սերժ Սարգսյանի եղբոր ընտրարշավին` հավանաբար Գորիսի խեղճ գյուղացիներին նկարագրում, թե հայ քաղաքական միտքը ինչ զարգացում կապրի իր հովանավորյալի հաղթանակի պարագայում:
Հիմա չգիտեմ, Տիգրան Սարգսյանն այս երեւույթների դե՞մ է խոսում, թե՞ սկսում է վհուկաորսի մի արշավ, նույն այդ եւ մյուս ռեկտորների ձեռքը գործիք է տալիս, որ բուհերում հանկարծ այլախոհություն չլինի: Իսկ այլախոհությունը համալսարաններում ոչ թե քաղաքական, կուսակցական, այլ սկզբունքների շուրջ է. այլախոհ չեն հլու-հնազանդները, չափավոր կաշառք վերցնողները, բայց ղեկավարների տեղը չմոռացածները:
- Որքանով Դուք եք շփվում, տեղեկանում հիմա, այս փուլում ԵՊՀ-ում ո՞վ եւ ի՞նչ է քարոզում, որ այդքան զայրացել է Տիգրան Սարգսյանը:
- Նախընտրական փուլում ակնհայտորեն եղել են նման փաստեր, դեռ ավելին` ամբողջ կրթական համակարգը ներքաշված էր ընտրական գործընթացների մեջ. սա որեւէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն դրան հաջորդած փուլում բացի ավանդական կուսակցություններից մեկի ինչ-ինչ ձեռնարկներից չեմ նկատել: Այսինքն` կրթական համակարգը, բուհն էլ, ինչպես ամբողջ հասարակությունը, իշխանությունների համար դարձել են գործիք, միջոց, որին կարելի է թելադրել, որին կարելի է կարգադրել եւ որին կարելի է պարտադրել, օրինակ, միտինգներին գլխաքանակ ապահովել:
- Ձեր կոլեգաների շրջանում կա՞ն այնպիսիք, որ արդեն իսկ հալածվել են քաղաքական հայացքների համար:
- Ես դրա մասին կոնկրետ կներկայացնեմ մեկ շաբաթ անց, երբ սկսի նոր ուսումնական տարին: Համենայնդեպս գիտեմ կոնկրետ դեպքեր, երբ ամբիոնի վարիչը միայն իր հայացքների համար կորցրել է այդ պաշտոնը:
- Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի այդ կոչը առավել հնարավոր է ուղղվի այլախոհների՞ դեմ:
- Կարծում եմ՝ միակ արձագանքը հենց դա է լինելու: Սա ուղղակի իբրեւ կարգադրություն է հնչում մեր ներկա քաղաքական իրավիճակում: Հակառակ պարագայում թող կոնկրետ օրինակ բերեր կամ օրինակ ասեր՝ այ ԵՊՀ կամ այլ ռեկտորներ, դուք ի՞նչ իրավունք ունեք այդպես վարվելու: Օգտվելով առիթից` նաեւ կատարեմ խոստումս, որ տվել եմ ԵՊՀ պրոռեկտոր Ա.Գրիգորյանին եւ հրապարակեմ այն, ինչ կատարվեց որդուս, ԵՊՀ նախկին ուսանող Զարեհ Ասատրյանի հետ: Կիսամյակի սկզբին փայլուն հանձնելով հատուկ քննություն GRE (graduate record excamination) հրավեր է ստանում Բեռլինի համալսարանից մագիստրոսական կրթություն այնտեղ շարունակելու վերաբերյալ, որի պարագայում, բնականաբար, պետք է ընդհատվեր ուսումը ԵՊՀ-ում: Կարծում եմ` որեւէ ուսումնական հաստատություն, որի սանը GRE քննությանը 800 հնարավորից վաստակի 800 միավոր, պետք է հպարտանա իր սանի նման հաջողության համար: Բայց արի ու տես, որ ԵՊՀ ղեկավարությունը որոշում է ընդունում Զարեհ Ասատրյանին հեռացնել համալսարանից երկրորդ կիսամյակի ուսման վարձը չվճարելու համար, մինչդեռ օտարները վճիռ են կայացնում հոգալ Բեռլինի համալսարանում Զարեհ Ասատրյանի ուսանելու եւ այնտեղ բնակվելու ամբողջ ծախսը` շուրջ 70.0 հազար եվրո: Այս զավեշտի պատասխանը եւս թող տա վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը պայքարում է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեություն ծավալելու դեմ, թող հրավիրի ԵՊՀ խորհրդի նախագահին ու ռեկտորին, դնի կողք կողքի այս երկու վճիռները` ԵՊՀ հարազատ ղեկավարության եւ օտարների ու մի լուրջ մտածի հայ ճղճիմ իրականության, վերափոխումներ իրականացնող իր թիմակիցների եւ պայծառ ապագայի մասին: Էլ չեմ խոսում բարոյական տարրական նորմերի մասին. այ համալսարանի ղեկավարներ, գոնե զանգեիք-տեղյակ պահեիք, չէ՞ որ գործընկեր ենք, ձեր զավակներին եմ դասավանդել, իրենք ինչ են մտածելու այս անբարոյական, գյադայական կեցվածքի մասին:












